․․․ Ես սահմռկելի յստակութեամբ զգացի, որ հայ ժողովրդի հետ չի կատարուել ոչինչ, որ կարելի լինէր համարել անարդար․․․
Հայոց Պետութեան Հիմնադիր Լեւոն Տէր-Պետրոսեանը պաշտպանուած է Բնաշրջութեան օրէնքներով։ Մարդ, որի ժառանգած խօսքն ու գործը լիուլի բաւարար են մի ամբողջ Պետութիւն վերստեղծելու համար․․․
Վան Սողոմոնեանը հաւերժօրէն սուզուեց Անյայտի մէջ։ Սակայն նրա վերջին գործը կոչւում էր «Տիեզերքը», եւ վերջին խօսքերն էին․ «Յոգնել եմ, ուզում եմ գնալ»։ Ո՞ւր․․․
Այդ հարցի պատասխանը Վան Սողոմոնեանի ապշելիօրէն բազմազան ստեղծագործութիւնն է՝ արուեստի մեծագործութիւն, որ երեւակում է հայ հոգու տիեզերական գեղեցկութիւնը։
Գերմանական «Բավյուլոն» („Bawülon“) գրական-մշակութային հանդեսի 2023թ․ 3-րդ համարում, «Աշխարհը եւ իր բանաստեղծները» („Die Welt und ihre Dichter“) խորագրի ներքո, հրապարակվել է Սեւակ Արամազդի «Քաղաքակրթության մանրեն․ ինքնագիտակցության գոյաբանություն․ էսսե մարդկային ճանաչողության մասին» („Die Mikrobe der Zivilisation: Ontologie des Selbstbewusstseins. Ein Essay zur menschlichen Ertkenntnis“) փիլիսոփայական ծավալուն հոդվածը, որտեղ հեղինակը փորձում է նորովի քննել մարդկության «անիծյալ» հարցերը՝ ի՞նչ է գիտակցությունը, ի՞նչ է ինքնագիտակցությունը, ի՞նչ է իրականը, ի՞նչ՝ անիրականը, ի՞նչ է կրօնը, ի՞նչ՝ քաղաքակրթությունը, ինչպե՞ս են դրանք ծագում ու փոխհարաբերում իրար, ո՞րն է դրանց իմացաբանական հիմքը եւ այլն։
Յարգելի Այցելու
Գուցէ պատահականօրէն, գուցէ ներքին մղումով դու մտել ես այս տունը, որտեղ ապրում է գրականութիւնը: Տունն ունի հասցէ, ունի մուտք եւ ելք, որ նոյն մուտքն է, ունի ընդարձակ միջանցք, որից աջ ու ահեակ գտնւում են սենեակները: Տան պատերը զարդարուած են բանաստեղծութիւններով, իսկ լուսամուտները՝ վարագուրուած արձակ պատմութիւններով: Պահարաններում խստաբարոյ բծախնդրութեամբ ամփոփուած են գրքերը: Տան վերջնամասում, որտեղ աշխատասենեակն է, դէմառդէմ դրուած են երկու շիտակ բազմոցներ՝ խաղաղ ու մտերմիկ զրուցելու համար: Քիչ այն կողմ հազիւ նշմարելի մի նեղ դուռ խորդուբորդ աստիճաններով տանում է դէպի նկուղ, որտեղ սառն ու անփոփոխ կիսախաւարում ապրում են անվերծանելի խորհուրդներն ու գաղտնաթաքոյց իմաստները: Առաջին հայեացքից տան կահկարասին փոքր-ինչ հնաոճ ու միապաղաղ տպաւորութիւն է գործում, սակայն տեղը տեղին ակնահաճոյ դասաւորուած է, օդն էլ ծաղկաբոյր է ու մաքուր: Երբ ձայն է հնչում, նոյն յստակութեամբ լսւում է արձագանգը, եւ մի պահ անհետանում է ժամանակի ու տարածութեան զգացումը: Թւում է, թէ այստեղ բոլոր առարկաները թափանցիկ են ու անիրական, եւ միակ ստոյգ ներկայութիւնը անսահմանութիւնն է...
Այս տանը կարելի է գտնել յայտնի ու անյայտ ամեն ինչ: Բացակայ է միայն տանտէրը, որին մինչեւ հիմա այդպէս էլ ոչ ոք չի տեսել...