ԱՃՊԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

24.12.2015

(http://www.ilur.am/news/view/49177.html)

 

«Չկայ աւելի մեծ կեղծիք, քան այն ճշմարտութիւնը,

որ ելնում է կեղծաւորի բերանից»:

                      Հին չինական իմաստութիւն

 

 

Ազատ եւ Անկախ Հայաստանը հայ ժողովրդի ներկայութեան միակ բացարձակ նշանն է աշխարհում:

 

Մօտ մէկ քառորդ դար առաջ հայ ժողովուրդը, յաղթահարելով իր անազատ եւ կախեալ վիճակը, դուրս եկաւ պատմութեան ընդյատակից եւ դարձաւ արդի աշխարհի կենդանի գործօն:


Այդ տարիներին հայն՝ իբրեւ հանրոյթ եւ իբրեւ անհատ, անընդհատօրէն ապրում էր ազատութեան մի անբացատրելի զգացում՝ անկախ հանգամանքների դիւրութիւններից ու դժուարութիւններից։ Դա ծննդեան ուրախութիւն էր, սեփական լինելութեան բացարձակ փաստի անթարգմանելի զգացողութիւն։


Դրանով է պայմանաւորուած այն անանց-լուսաւոր ազդեցութիւնը, որ թողնում է Հայաստանի Անկախութեան Հռչակագիրը, որտեղ ձեւակերպուած է այդ Ազատութիւնը։


Ինչպէս մարդու, այնպէս էլ ազգի պարագային Ազատութիւնը ձեռք է բերւում միայն ինքնայաղթահարման գնով, երբ մարդը կամ ազգն իրենց մէջ ուժ են գտնում յաղթահարելու իրենց թուլութիւններն ու թերութիւնները, որոնք ոչ այլ ինչ են, եթէ ոչ արտաքին հանգամանքների կամ պատմական ընթացքի անվերջ կրկնուող պարտադրանքներ։ Ինքնայաղթահարման շնորհիւ հայ ժողովուրդը կարողացաւ ճեղքել իր ողբերգական անցեալի լեռնակուտակ շրջափակումը, որ սպառնում էր դառնալ նրա յաւիտենական ճակատագիրը, եւ անցնելով անհնարին փորձութիւնների միջով՝ հաստատեց աշխարհում սեփական կամքը՝ որպէս Անկախ գոյութիւն։  Եւ յաղթեց իրեն պարտադրուած պատերազմում, քանզի որքան մեծ է Ազատութիւնը, նոյնքան ամուր է Անկախութիւնը, այնքան էլ հզօր է ազգը։


Թւում էր, թէ այս ընթացքն անշեղ է եւ անդառնալի, սակայն 1998թ. Հայաստանում տեղի ունեցաւ հակապետական յեղաշրջում, որն իր մահառիթ լիցքը պարպեց Հոկտեմբերի 27-ի պայթիւնի մէջ: Այդ դաւադրութեան թունաւոր արտանետումները խոցոտեցին Ազատութեան «պաշտպանիչ զրահը»՝ արիւնածոր վէրքեր պատճառելով Անկախութեան գերզգայուն մարմնին:


Դրան հետեւեց մէկ այլ՝ աւելի դժոխային պայթիւն՝ Մարտի 1-ի սպանդը, որն արդէն կատարեալ ինքնացեղասպանութիւն էր՝ իր ախտաբանական բոլոր յատկանիշներով:


Այդ ինքնացեղասպանական ոճրի գործած աւէրածութիւնները հասան Հայաստան երկրի սրտին՝ սպառնալով հայ ժողովրդի բուն Անկախութեանը:


Հայոց կեանքի համատարած փլատակներից բարձրացած փոշու ամպերից ցեղասպան իշխանութիւնը «կերտեց» հզօրութեան, ուժի եւ ազգային «ինքնութեան» մի խաբէական-գոյնզգոյն իրականութիւն, որը պատրում էր զոհուած Ազատութեան եւ զոհուող Անկախութեան փայլուն, անխաթար եւ «միացեալ» կերպարը՝ բոլոր իրական իմաստները նենգափոխելով ամենահնար աճպարարութեամբ:


Երբ փոշին փարատուեց, աճպարարը տեսաւ իր առջեւ Ազատութիւնը՝ արնաշաղախ-մերձիմահ գետնին ընկած, իսկ Անկախութիւնը՝ ծնկած:  

Աճպարարին թուաց, թէ ինքը յաղթեց. ինքն է այլեւս միակ տէրը հայոց իրականութեան, եւ իր կամքն է սահմանում Հայաստան երկրի ինչպէս Ազատութեան, այնպէս էլ Անկախութեան բացարձակ իմաստը:


Աճպարարը չգիտէր, որ մի աննշան կէտում թոյլ է տուել ճակատագրական վրիպում:


Ինքը խախտել է Բնութեան օրէնքը, որն ասում է, թէ յաղթում է միայն նա, ով յաղթում է ինքն իրեն:

 

Դա են ապացուցում մարդկութեան պատմութեան մէջ եղած նոյնիսկ այնպիսի գերհզօր գոյացումներ, ինչպիսին են անցեալ ու ներկայ բոլոր կայսրութիւնները: Դրանք սկզբունքօրէն չեն եղել եւ չեն կարող լինել Ազատ ու Անկախ, քանզի այնտեղ, որտեղ գոյութիւն ունեն տէր եւ ստրուկ, այնտեղ չեն կարող լինել ո՛չ Ազատութիւն, ո՛չ Անկախութիւն, այլ կարող են լինել միայն փոխադարձ Անազատութիւն եւ Կախեալութիւն: Իրականում, տէրը նոյնպիսի մի ստրուկ է, ինչպիսին իր ստրուկն է:


Այդ հսկայական գիշատիչները գոյանում են հէնց այն պատճառով, որ փորձում են շրջանցել Բնութեան օրէնքը. կայսրութեան միջուկը կազմող որեւէ ազգ ոչ թէ ձգտում է յաղթահարել ինքն իրեն՝ ներկայանալով աշխարհին իբրեւ Ազատ ու Անկախ մի գոյութիւն, այլ փորձում է դա անել ուրիշների հաշուին՝ ստրկացնելով նրանց: Ահա թէ ինչու, բոլոր կայսրութիւնները՝ կրօնական թէ աշխարհիկ, ունեցել են եւ ունեն բռնապետական բնոյթ, վայրիվերոյ կեցութիւն եւ անխուսափելի վախճան:


Բոլորովին պատահական չէ, որ հակապետական յեղաշրջման հետեւանքով Հայաստանում իշխանութիւնը զաւթեցին հէնց այն ուժերը, որ իրենց զգում են իբրեւ կայսրութեան մասնիկ եւ կրողն են այդ համատիրական մոլուցքի։ Նրանք ձգտում են Հայաստանը յետ շպրտել դէպի անցեալ՝ դէպի անազատ ու կախուեալ մի կեցութիւն, երբ Հայաստանը՝ որպէս այդպիսին, գոյութիւն չունէր։ Ազատ եւ Անկախ Հայաստանի գոյութիւնը խոցում է նրանց մենատիրական ինքնասիրութիւնը, քանզի դուրս է նրանց տիրապետութեան ոլորտից։ Եւ դարձեալ պատահական չէ, որ նրանց դաշնակցում են «դարերով սրբագործուած» ա՛յն հոգեւոր ու աշխարհիկ ուժերի «հերոսական ժառանգները», որ հազարաւոր տարիներ հայ ժողովրդին մատնել էին չգոյութեան:


Հասկանալի է, որ այդ բոլոր ուժերը կրողներն են Անազատութեան եւ Կախեալութեան եւ, ըստ այդմ, որպէս մարդ՝ անհրաժեշտաբար ունեն ստրկական վարք եւ բռնի նկարագիր: 


Նրանց բոլորին անխտիր բնորոշ են ոլորապտոյտ տրամաբանութիւնը, կրօնական ու մտաւոր երեսպաշտական համոզմունքները, պատեհապաշտութիւնը, ստուերային գործելակերպը, անդնդախոր տգիտութիւնը, խօսքի կաթուածահար դատարկութիւնը, ամենաթող պահուածքը, քրէական հոգեբանութիւնը, անյագուրդ ընչաքաղցութիւնը, բռնութեան նկատմամբ հակումն ու մոլեռանդ իշխանատենչութիւնը...


Կործանարար մի հետեւողականութեամբ լափելով Հայաստանի մարմինն ու հոգին, լլկելով հայ ժողովրդի Ազատութիւնն ու Անկախութիւնը, ուռած-ուռճացած՝ նրանք այժմ ընդերային խաւարից անկասելի ուժով մղւում են դէպի լոյսաշխարհ՝ փորձելով ստեղծել իրենց սեփական «սահմանադրութիւնը», ասել է թէ՝ ստանալ օրէնքի ուժ:


Դա բացարձակապէս անյոյս ու ճարահատ, գրեթէ ծաղրանկարային մի փորձ է՝ շրջանցելու անշրջանցելին՝ Ինքնայաղթահարման բնական օրէնքը, որի մասին «սահմանադիրը» բացարձակապէս գաղափար չունի:

 

Այդ տգիտութիւնը նրա անխուսանաւելի եւ արդար ճակատագիրն է։


Այն ակնթարթին, երբ բազմափորձ աճպարարին կթուայ, թէ եւս մէկ քայլ՝ եւ ինքը կբազմի բռնապետի իր երազած բացարձակ մենիշխանութեան միահեծան գահին, նա ապշանքից կքարանայ՝ տեսնելով, որ՝


«այն, ինչ մեռած էր թւում, յանկարծ շարժուեց»:


Այնժամ նա ցաւագնօրէն կըմբռնի, որ ինքը զոհն է իր իսկ աճպարարութեան...

 

Բայց, աւաղ, արդէն ուշ կլինի:


Ներկայացումն աւարտուած կլինի, վարագոյրը՝ փակուած:

 

21.09.2015թ.      

© Սեւակ Արամազդ