ԱՌԻՒԾԸ
(ըստ հին հնդկական մի պուրանայի)
Հրապարակում կանգնած՝ մի մարդ խօսում էր Ազատութեան մասին։ Նրան ունկնդրում էին բիւրաւորները։ Քար լռութեան մէջ լսւում էր միայն մարդու ձայնը։ Կարծես նա մենակ էր այդտեղ եւ խօսում էր ինքն իր հետ։
Հրապարակի հակառակ ծայրին, մի մեկուսի նստարանի վրայ, գլուխը հակած կրծքին, միայնակ նստած էր մէկ այլ մարդ, որ իր անձը զոհում էր այլոց Ազատութեան համար։ Նա լուռ էր եւ տխուր։
Թւում էր, թէ Հրապարակում միայն այդ երկուսն են. նա, ով խօսում է Ազատութեան մասին եւ նա, ով լռում է Ազատութեան մասին։
Նա, ով խօսում էր Ազատութեան մասին, ասում էր.
- Ես հիմա կպատմեմ մի հինաւուրց պատմութիւն, որ մեր նախահայրը աւանդել է իր որդիներին, եւ ես էլ ահա փոխանցում եմ ձեզ։
Մի անգամ մի յղի առիւծամայր օրեր շարունակ քաղցած ու յուսահատ թափառում է լեռներում՝ փնտրելով արժանի որս՝ իր եւ իր ապագայ կորիւնի համար, սակայն ամենուր գտնում է միայն խեղդուկ տօթ եւ ամայութիւն։
Երբ շնչահեղձ ու ուժասպառ՝ մի լեռան գագաթին ընկնում է մերձիմահ, յանկարծ ականջին է հասնում մի հեռաւոր մայուն՝ ասես երազի մէջ։ Երերալով մի կերպ ոտքի է կանգնում, եւ, ո՜վ հրաշք, ցածում արածում է վայրի ոչխարների մի ամբողջ հօտ։
Վերստին արծարծւում է աչքերի մարած բոցը, եւ հաւաքելով ուժերի մնացորդը՝ մայր առիւծը կատարում է իր կեանքի վերջին առիւծացատկը։ Սակայն թռիչքի պահին, օդում, վրայ է հասնում մահը, եւ նա անշնչացած տապալւում է գետնին։ Մայրական մարմնի եւ երկրի դղրդաձայն բախումից սկսւում է երկունքը, եւ լոյս աշխարհ է գալիս կորիւնը։
Ոչխարների հօտը, որ սարսափահար փախչում է առիւծամօր ահից, կանգ է առնում ու հեռուից պլշած դիտում է այդ եղերական տեսարանը։ Ապա խղճահարուելով՝ յետ է գալիս եւ անօգնական նորածնին վերցնում իր մօտ։
Կորիւնը սնւում է ոչխարների կաթով, շուտով սովորում նրանց լեզուն, փարւում հօտին, ներքուստ մերւում նրան, դառնում հօտի անդամներից մէկը. խոտ է արածում, մայում ու տրճիկ տալիս, ինչպէս բոլոր ոչխարները։
Անցնում է երկու տարի։ Երբ մի օր, մթնշաղին, մի հրաբաշ առիւծ սովորականի պէս ելնում է որսի, նոյն վայրում յանկարծ դէմ է ընկնում նոյն ոչխարների հօտին։
Տեսնելով առիւծին՝ գլխապատառ փախչում են ոչխարները եւ թաքնուելով լեռների անմատոյց ծերպերում ու կածանների մթամած բաւիղներում՝ անհետանում են տեսադաշտից։
Միայն կորիւնն է մնում իր տեղում կանգնած՝ ապշահար նայելով ահեղաբաշ առիւծին։
«Դու ի՞նչ ես անում այստեղ,- անչափ զարմանում է առիւծը՝ մօտենալով կորիւնին։- Դու ի՞նչ ես կորցրել ոչխարների հօտի մէջ»:
Կորիւնը շփոթմունքից չի պատասխանում. ակամայ պոկելով մի բերան խոտ՝ սկսում է ոչխարի պէս որոճալ։
«Դու առիւծ ես,- կշտամբում է հայր առիւծը,- բայց խոտ ես ճարակում»:
«Ո՛չ,- ասում է կորիւնը,- ես ոչխար եմ»,- եւ խուլ մայուն արձակում։
Զարկելով իր հսկայական թաթը՝ հայր առիւծը բռնում է կորիւնի շլինքից եւ տանելով նրան դէպի մօտակայ լուսնափայլ գետը, ստիպում է ուղիղ նայել ջրի մէջ։
Կորիւնը ջրի հայելում տեսնում է իր պատկերը, ապա՝ հայր առիւծի պատկերը, եւ ապշում այդ պատկերների նմանութեան վրայ։
«Հիմա դու ի՞նչ ես,- հարցնում է հայր առիւծը,- առի՞ւծ, թէ՞ ոչխար»:
«Ոչխար...»,- վախից ակամայ կրկնում է կորիւնը եւ աղեկտուր մայում։
Բռնելով կորիւնին՝ հայր առիւծն այս անգամ տանում է նրան իր առիւծանիստ քարայրը եւ ստիպում ուտել անցեալ որսից մնացած մսակտորները։
Սկզբում կորիւնը կատաղի դիմադրում է, ապա նողկանքով հոտոտում միսը, ապա լեզուով զգուշօրէն համտեսում, մինչեւ, ի վերջոյ, կուլ է տալիս ամբողջ պատառը։
Եւ կորիւնի կոկորդից դուրս է յորդում մի հզօր ու ազատ մռնչիւն, որ ճեղքելով լեռնաշխարհը պատած ծանրանիստ խաւարը՝ ահեղաձայն արձագանգում է հորիզոնից հորիզոն։
«Դու ի՞նչ ես»,- ժպտում է հայր առիւծը։
«Առի՛ւծ»,- մռնչում է կորիւնը։
- Առի՜ւծ…- մռնչում էր Հրապարակը։
- Առի՜ւծ…
- Առի՜ւծ…
- Առի՜ւծ…
Մարդը, որ խօսում էր Ազատութեան մասին, քայլերն ուղղեց Հրապարակից դուրս։
Երբ կտրելով Հրապարակը՝ հաւասարուեց միայնակ մարդուն, որ լռում էր Ազատութեան մասին, տեսաւ, որ նա նոյն դիրքով անշարժ նստած է տրտմագին սպասման մէջ։
Մարդը, որ պատմութիւն էր անում, շարունակեց ճանապարհը՝ առանց կանգ առնելու։
24.03.2011թ.
© Սեւակ Արամազդ