ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ԾՆՈՒՆԴԸ, 2003թ.
(«Չփակուող Շրջան» գրքի հեղինակային առաջաբանը, ռուսերէն, Օլմա-Պրես, Մոսկուա, 2003թ.)
Երբ երկու հոգի պատահաբար հանդիպում են, նրանք ողջունում են միմեանց եւ հարցնում վերջին նորութիւններից: Նրանցից մէկը կարող է լինել այս գրքի հեղինակը, որ իր գրքի համար փնտրում է ամփոփիչ սկիզբ: Միւսը, որ նրա գրքի ընթերցողն է, կարող է նրան պատմել հետեւեալը.
«Կար ժամանակ, երբ մարդիկ խօսքի կարիք չունէին: Նրանք ներդաշնակօրէն մաս էին կազմում մի մեծ ու կենդանի ոգեղէն տիեզերքի, որի միակ լեզուն լռութիւնն էր: Մարդիկ չէին խօսում այն պատճառով, որ բոլորն անխտիր գիտէին ճշմարտութիւնը, քանզի իրենք եւս ճշմարտութեան մի մասնիկն էին:
Յետոյ թէ ինչպէ՛ս եղաւ՝ այդ ժամանակը կործանուեց՝ թաղուելով սառոյցի հաստաբեստ շերտի տակ: Մարդիկ կորցրին ճշմարտութիւնը եւ սկսեցին որոնել այն: Ճշմարտութիւնը գտնելու պահանջից էլ ծնուեց խօսքը: Մարդիկ ճշմարտութիւնն սկսեցին անուանել «աստուած» բառով, որից էլ ծնուեցին բոլոր յայտնի ու անյայտ աստուածները:
Խօսքը սկսեց բազմանալ, եւ որքան տարածւում ու ծաւալւում էր խօսքը, այնքան մարդիկ աւելի ու աւելի էին հեռանում ճշմարտութիւնից: Եկաւ մի պահ, երբ մարդիկ, փնտրելով ճշմարտութիւնը, ամենուր հանդիպում էին միայն խօսքին: Մի օր էլ զարմանքով յայտնաբերեցին, որ ամեն ինչ խօսք է եւ որ իրենք էլ խօսքի մի մասնիկն են:
Նրանք մոռացան ճշմարտութիւնը եւ սկսեցին խօսքի մէջ փնտրել աստծուն, քանի որ կարծում էին, թէ աստուած ճշմարտութիւնն ինքն է: Այդպիսով նրանք աստծուն նոյնացրին ճշմարտութեանը եւ կորցրին աստծուն եւս:
Գտնելու համար աստծուն, մարդիկ յօրինեցին գիրը: Նրանք կարծում էին, թէ կկարողանան գրի միջոցով հասնել աստծուն, սակայն զարմանքով նկատեցին, որ կայ միայն գիրը: Նրանք այս անգամ էլ գիրը նոյնացրին աստծուն եւ ասացին, թէ գիրն աստուած է: Եւ կորցրին գիրը նոյնպէս:
Գիրը վերագտնելու համար նրանք սկսեցին քրքրել երկրի բոլոր գաղտնի ու բացայայտ անկիւնները եւ յօրինեցին, այսպէս կոչուած, համաշխարհային կրօնները: Այս անգամ էլ այդ կրօնները նոյնացրին գրին եւ ասացին, թէ այդ կրօնները հէնց գիրն են: Բայց քանի որ գիրը մէկն էր, իսկ կրօնները՝ շատ, ուստի բոլորը դուրս եկան բոլորի դէմ, եւ մարդիկ կորցրին այդ կրօնները եւս:
Երբ այլեւս ոչինչ չմնաց ո՛չ գտնելու, ո՛չ կորցնելու, մարդիկ ներքաշուեցին իրենց պատեանի մէջ եւ լռեցին:
Եւ յանկարծ լռութեան մէջ նրանք լսեցին, տեսան, զգացին, շօշափեցին ու ըմբռնեցին ճշմարտութիւնը:
Ապշեցին:
Եւ ապշանքից ծնուեց երգը:
Այդ երգն էլ հէնց բանաստեղծութիւնն է:
Սեւակ Արամազդ
1.07.2003թ.
© Սեւակ Արամազդ