ԴԷՄՔ ԵՒ ԱՆՈՒՆ

15.11.2015

 

Երբ եղերօրէն զոհուեց Վահէ Աւետեանը, եւ ցաւի առաջին ալիքն անցաւ, իմ մէջ առաջացաւ մարդասպանի դէմքը տեսնելու ցանկութիւն:


Մարդկային արդարադատութեան միակ իմաստն այն է, որ հնարաւոր լինի տեսնել հանցագործի դէմքը:


Մնացած բոլոր պատիժները բխում են այդ բացարձակ պատժից, որ անդառնալի է: Ահա թէ ինչու, բոլոր հանցագործների գլխաւոր մտահոգութիւնը բոլոր հնարաւոր ու անհնար ձեւերով սեփական դէմքը թաքցնելն է: Երբ նրանք ճանաչւում են, նոյն ակնթարթին դադարում են գոյութիւն ունենալուց:

 

Կենդանի լինել նշանակում է ունենալ սեփական դէմք:

 

Երբ բոլոր հրապարակներում յայտնուեց այն մէկի պատկերը, որ մահացու հարուածներ էր հասցրել բոլորովին անմեղ մարդուն, տեսայ, որ դա մարդասպանը չէ, այլ ընդամենը մի պարզունակ մարդակերպ գիշատիչ, որ դէմք չունի:

 

Երբ իմացայ, որ զոհուածին գերեզման իջեցնելու պահին երկրի առկայ իշխանատէրը, «հովուական գամփռ»  ցեղատեսակի իր ընտանեկան շան ուղեկցութեամբ թէ առանց նրա, զուարճանում է ինչ-որ երկրում մոլեգնող համաշխարհային ինչ-որ մարզական խրախճանքում, անմիջապէս հասկացայ, որ նա է մարդասպանը: Ճգնեցի տեսնել նրա դէմքը, սակայն դէմքը չէր երեւում: Յիշեցի, որ այդ մարդը վաղուց կորցրել է իր դէմքը՝ բազմաթիւ այլ անմեղ զոհերի պատճառով:

 

Նա ընդամենը մի անդէմ դիմակ է:

 

Համոզուեցի մէկընդմիշտ, որ Հայոց պատմութեան անեզր-անսահման մատեանում հնարաւոր չէ գտնել մի փոքրիկ տեղ, ուր կարելի լինէր յիշատակել ինչպէս այդ մարդու, այնպէս էլ իր նախորդի անունները՝ անգամ մի լուսանցքային մակագրութեան կամ տողատակի ծանօթագրութեան ձեւով:


Քանզի այդ երկուսն անուն չունեն:


Անուն ունեն միայն նրանք, ովքեր ունեն սեփական դէմք, այսինքն՝ կենդանի են:


Եւ այդ երկուսի «ժամանակը» նոյնպէս մեռեալ է, որովհետեւ իւրաքանչիւր գոյակ ի՛նքն է առաջ բերում իր ժամանակը:


Նրանց ժամանակը մի անանուն-անդէմ սեւ խոռոչ է՝ լցուած տգիտութեան, որ նոյնն է՝ կեղծիքի, որ նոյնն է՝ բռնութեան կոյր, անդնդային խաւարով:   

 

«Գուցէ, գլխա՞րկս էլ պէտք է հանեմ»,- ժպտաց զոհը:

 

«Գլխարկդ՝ չէ, գլո՛ւխդ»,- ասաց մարդասպանը:

 

Սակայն մի չնչին կէտում, որ իրականում ամենաճակատագրականն է, մարդասպանն անհրաժեշտաբար վրիպել է:

 

Զոհն ունի դէմք եւ անուն:

 

Այսինքն՝ այն, ինչ չունի մարդասպանը եւ չի կարող ունենալ ո՛չ մի ժամանակ:

 

04.07.2012թ.

 

© Սեւակ Արամազդ