ԶՈՀ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ
(Խօսք՝ ասուած «Արմէն» վէպի ռուսերէն հրատարակութեան շնորհանդէսում, Մոսկուա, 2011թ․)
(www.aravot.am/2011/09/21/336380/)
Ուրախութեամբ ընթերցողին եմ ներկայացնում իմ «Արմէն» վէպը, որի թարգմանիչն է իմ լաւ բարեկամ, բանաստեղծ Ալբերտ Նալբանդեանը: Նա ռուս ընթերցողին յայտնի է իր արձակ եւ չափածոյ բարձրարուեստ թարգմանութիւններով։
Գիրքն օժտուած է Յուննա Մօրիցի հրաշալի ու բազմախորհուրդ գծանկարներով, որոնք կազմում են մի իւրօրինակ պատկերավէպ՝ այնքան խոր, ինքնատիպ ու ներդաշնակ, որ երբեմն թւում է, թէ մենք գործ ունենք երկու հայելային աշխարհների հետ, որոնց զուգահեռ գծերը հատւում են ինչ-որ տեղ՝ ամենախորքում: Այդ հոգեւոր տիեզերքում ժամանակն ու տարածութիւնը ոչ թէ դանդաղում են ու կրճատւում՝ մէկը միւսի հաշուին, այլ իրենց ներսում անվերջ բազմապատկւում են՝ վերածուելով ստեղծագործական միասնական ժամանակատարածութեան: Սակայն, ինչպէս նիւթական տիեզերքի պարագային, այս դէպքում եւս միակ բացարձակ մեծութիւնը եղել եւ մնում է Լոյսը:
Ո՞րն է այս գրքի ասելիքը: Ինձ համար անչափ դժուար է այս հարցին տալ միանշանակ պատասխան, քանի որ վէպի հիմքում ընկած չէ որեւէ որոշակի հարց: Իմ կարծիքով, այս գիրքն ամբողջ ուժով ձգտում է ընթերցողին հաղորդել այդ բացարձակ Լոյսի կենդանի ներկայութեան յաւիտենական զգացումը: Այսինքն՝ այն, ինչ մենք ամեն օր, ամեն վայրկեան, ամեն իրադրութեան մէջ ապրում ենք, բայց մեծ մասամբ չենք գիտակցում: Դա մեր բուն կեանքն է, եւ, ըստ իս, արուեստը միակն է, որ փորձում է ազնուօրէն ու անշահախնդրօրէն կրել մարդկային կեանքի ճակատագրի բեռը:
«Արմէն» վէպն Արմէն անունով մի երիտասարդ մարդու ճակատագրի պատմութիւնն է: Ինչպէս գրուած է գրքի հեղինակային առաջաբանում, դա «ամբողջովին կեանք է եւ մի քիչ էլ՝ գրականութիւն»: Այդտեղ գրեթէ չկան տող, զգացում, միտք ու իրադրութիւն, որ ապրուած չեն: Արմէնի պատմութիւնն սկսւում է ցնցումով, ինչպէս բոլոր ծննդեան պատմութիւնները՝ մարդու, բնութեան, տիեզերքի, որի սկիզբը գիտնականները կապում են ենթադրեալ Մեծ Պայթիւնի հետ: Վէպում այդպիսի դեր է կատարում մանկասպանութեան դէպքը, որն այդպէս էլ մնում է առեղծուած. եղե՞լ է, թէ՞ ոչ: Բայց եւ այնպէս, այդ մութ-անորոշ դէպքը շարժման է մէջ է դնում վիպական ամբողջ իրադրութիւնը, ուր մոլեգնում է մի կատաղի-անզիջում պայքար իշխանութեան համար: Այդ պայքարն աներեւոյթ է, ընթանում է ընդյատակում եւ միայն երբեմն-երբեմն իրեն զգացնել է տալիս իր դէսուդէն թռչող կայծերով, մինչեւ վէպի աւարտին դուրս է լողում ընդերքից ու վերածւում մի հսկայական հրդեհի, որ ճարակում է ամեն ինչ, եւ Արմէնը դառնում է այդ հրդեհի անմեղ զոհը: Այդուհանդերձ, իր կեանքի այդ վերջին երեք օրերի ընթացքում, որոնց նուիրուած է վէպը, նա հասցնում է ամբողջովին երեւակուել. այսինքն՝ ցոյց տալ իր էութիւնը, այն, ինչ որ է: Այդպիսով նա հաստատում է իր ազատութիւնը, որը հնարաւոր չէ մարդու մէջ կործանել: Անխնայ գոյապայքարում յաղթում է ոչ թէ իշխանութիւնը, այլ Արմէնը՝ ինչպէս իր կեանքով, այնպէս էլ իր մահով:
Տիեզերական իմաստով, այդ ամենն աւարտւում է «մնացորդային ճառագայթմամբ»՝ անվերջ ծխացող ցաւի այրող մոխրով. դա զոհի հանգամանքն է, որի շնորհիւ է միայն հնարաւոր դառնում ազատութիւնը: Աշխարհի գրեթէ բոլոր հին ու նոր կրօններն սկսւում են զոհից. դա արարչագործութեան պարտադիր պայմանն է: Թէ ինչո՞ւ է դա այդպէս՝ մենք չգիտենք եւ չենք կարող իմանալ: Ճիշտ այնպէս, ինչպէս մեզ անյայտ են մնում այն բոլոր Արմէնների պատմութիւնները, որ ամենատարբեր ձեւերով կրկնւում են ամենուր եւ ամեն ժամանակ, գուցէ նաեւ հէնց այս պահին: Քանզի մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ, ինչպէս իր խօսքում հիանալի նշել է Յուննա Մօրիցը, «ամենից դժվարն ու ամենից վտանգավորը մարդ լինելն է»: Այդ բնորոշումը պարունակում է նաեւ մի մխիթարիչ ճշմարտութիւն. այն, որ առանց ազատութեան՝ չի կարող գոյութիւն ունենալ նաեւ այդ աշխարհն ինքը:
Երբեմն ինձ կշտամբելու պէս հարցնում են, թէ հնարաւոր չէ՞ր արդեօք այնպէս անել, որ Արմէնը չզոհուէր: Գուցէ նաեւ՝ հնարաւոր էր: Բայց դա կլինէր բոլորովին մէկ այլ գիրք մէկ ուրիշ հերոսի մասին:
Մի անգամ, երբ որդիս դեռ երեխայ էր, հարցրեց. «Հայրիկ, ինչո՞ւ դինօզաւրերը, որ այդքան մեծ են եղել, անհետացել են, իսկ մարդիկ, որ այսքան փոքրիկ են, ոչ»: Ես էլ ասացի. «Որովհետեւ դինօզաւրերը դինօզաւր են, իսկ մարդիկ՝ մարդ»:
© Սեւակ Արամազդ