ՁԵՌՔԻ ԴՈՂԸ․ ՄԻ ՄՈԼՈՐՈՒԹԵԱՆ ԱԽՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ

14.02.2016

(www.ilur.am/news/view/43172.html)

 

 

Կան մարդիկ, որոնք գրեթէ զուրկ են ժամանակի զգացողութիւնից։ Նրանցից մէկն էլ ես եմ։ Եթէ չլինէին տարեթուերը, ես չէի իմանայ, որ գոյութիւն ունի ժամանակ։ Նոյնիսկ տարիների յաջորդափոխութիւնն ինձ համար որեւէ նշանակութիւն չունի, որովհետեւ այդ հերթագայութիւնը ոչինչ չի ասում կեանքի մասին, որն, ըստ էութեան, հոսում է ժամանակից դուրս՝ իբրեւ անվերջ ձգուող մի ակնթարթ...

 

Երբ այս տարեմուտին հերթական անգամ ես ինքնաբերաբար բարձրացրի գաւաթը, յանկարծ ուղեղս խայթեց այդ թիւը՝ 2015, եւ ձեռքս դողաց։ Այնպէ՛ս ցանկացայ, որ կորչի այդ թիւը՝ ցնդի՛, անհետանա՛յ, ոչնչանա՛յ... Եւ իմ այդ զգացումը բացարձակապէս կապ չունէր որեւէ բանի հետ՝ ո՛չ ինձ հետ, ո՛չ իմ ընտանիքի, ո՛չ հայի ու Հայաստանի եւ ո՛չ էլ մարդկութեան ու աշխարհի։ Սակայն դա իմ մէջ թողեց ինչ-որ անառիթ տագնապի մի անորոշ ստուեր, որից ոչ մի կերպ չէի կարողանում ազատուել...

 

Երբ տեղի ունեցաւ Գիւմրիի սպանդը, ինձ յատկապէս խոցեց այն հանգամանքը, որ մի հարուածով բնաջնջուեց մի հայ ընտանիքի երեք սերունդ, եւ ճակատագրի դառը հեգնանքով այդ ընտանիքի ազգանունը Աւետիսեան էր… Ես սարսափով զգացի, թէ ինչպէս այդ չարաբաստ թիւը՝ 2015, յանկարծ ստացաւ դժնի կերպարանք՝ գուժելով մերկ ու չոր, անյողդողդ ու անհաղորդ մի ճշմարտութիւն․ անկախ այն բանից, թէ այդ ոճրի հեղինակը Հիւսի՞սն է, Հարա՞ւը, Արեւե՞լքը, Արեւմո՞ւտքը, թէ՞ մի անհատ մոլագար, դա ամբողջական ցեղասպանութիւն է՝ ցեղասպանութեան նշան, որ այրելով՝ խարանեց հայութեան խամրած ճակատը․ «100 տարի, մի ամբողջ դար, դու ոչինչ չարեցիր՝ ճանաչելու ինձ, բացարձակապէս ոչի՛նչ։ Եւ այս անմեղ ընտանիքի արիւնը քեզ վրայ է…»։

 

Դրա հաստատումը եւս չուշացաւ։ Աշխարհի չորս ծագերից հայերը գլուխ գլխի տուեցին եւ երկնեցին իրենց հարիւրամեայ պարտութեան Հռչակագիրը։ Իբրեւ յաղթութեան առհաւատչեայ՝ նրանք այդ գրութիւնը հպարտօրէն յղեցին աշխարհին՝ թշնամիներին ու բարեկամներին, կարեկիցներին ու անտարբերներին՝ հաւաստելով ու պահանջելով…

 

Առաջին տպաւորութիւնը, որ ստանում է անկողմնակալ միտքը  համահայկական այդ աշխարհացունց Հռչակագրից, այն է, որ դա ընդամենը մի պատուհասուած կրօնամշակութային համայնքի աղերսագիր է՝ համեմուած անհող յոխորտանքով, որը կարող է թշնամիների մէջ յարուցել միայն վաստակած արհամարհանք, բարեկամների մէջ՝ ներողամիտ ժպիտ, կարեկիցների մէջ՝ յուսախաբ ափսոսանք, անտարբերների մէջ՝ է՛լ աւելի մեծ անտարբերութիւն… 

 

Դժուար չէ մտովի տեսնել,  թէ ինչպէս են մեր թշնամիները, կարդալով այդ Հռչակագիրը, հրճուալից շփում ձեռքերը․ առանց չնչին իսկ ճիգ գործադրելու, ստանալ մի այդպիսի անգին նուէր, եւ փոյթ չէ բոլորովին, որ այդ ընծան փաթեթաւորուած է փշատերեւ պսակով…

 

Դրանում նրանք  գտնում են իրենց կասկածների հերքումը եւ ակնկալիքների ապացոյցը․ այն է՝ այդ վերամբարձ հաւաստիացումների եւ մանուածապատ պահանջների յետեւում չկայ պետական ազգ ու պետութեան գիտակցութիւն, ուստի իրենք չունեն զգուշանալու, առաւել եւս՝ վախենալու որեւէ պատճառ։

 

Ի տարբերութիւն ոգեշունչ նուիրատուի, թշնամիները հրաշալի գիտեն, որ Հայոց ցեղասպանութեան խնդիրն առաջին հերթին քաղաքական խնդիր է, որը կարող է լուծման հեռանկար ունենալ միմիայն քաղաքական յարաբերութեան տիրոյթում։

 

Յաջորդ վայրկեանին արդէն թշնամիների հրճուանքը վերածւում է անափ ցնծութեան, երբ տեղեկանում են հայ եկեղեցու՝ Ցեղասպանութեան զոհերին սրբադասելու որոշման մասին, որը գրեթէ ամբողջովին եւ անվերադարձ թաղում է Հայոց հարցը՝ իբրեւ երկնային օրհնութեան ցօղ՝ իջնելով ինքնամատոյց ընծայի պսակի փշերին… 

 

Նրանք հասկանում են, որ դրանով Հայոց ցեղասպանութեան խնդիրը դեռեւս քաղաքական կերպ իսկ չառած՝ նենգափոխւում է միջկրօնական հակամարտութեան առարկայի․ հայերը ենթարկուել են ցեղասպանութեան ոչ թէ այն պատճառով, որ ժամանակին թուրք պետութիւնը քաղաքական որոշում է կայացրել ոչնչացնել իր ճանապարհին կանգնած մի ամբողջ մարդկային հանրոյթ, որի անունն է հայ ժողովուրդ, այլ այն պատճառով, որ մուսուլմանների մոլեռանդ ամբոխներն անխնայ կոտորել են անհաւատ քրիստոնեաների մի ամբողջ հօտ, որը «պատահմամբ» հայ է եղել։ Իսկ նման կոտորածներ պատմութեան մէջ՝ որքան ուզէք… 

 

Հասկանալի է, որ սրբադասութեան իր այդ խտրական ու հեռագնայ քայլով եկեղեցին ոչ միայն պառակտում է զոհերի յիշատակի բնական միասնութիւնը՝ փաստացի բաժանելով նրանց «վաւերների» ու «անվաւերների», այլեւ փորձում է յետ շպրտել ամբողջ հայութեանը դէպի կղերական Միջնադար, երբ նաեւ իր նախանձայոյզ ջանքերի հետեւանքով հայութիւնը զրկուեց պետութիւնից՝ «վասն հաւատոյ» եւ «յանուն երկնային արքայութեան»։ Դա եկեղեցուն հնարաւորութիւն տուեց իրագործելու իր մշտնջենական նպատակը․ անքնին ու միահեծան իշխել հայ ժողովրդին՝ «յերկինս եւ յերկրի», գլխավերեւում ունենալով զանազան խուժդուժ ու քաղաքակիրթ, հաւատացեալ ու անհաւատ տէրերի «բարձր հովանին»։

 

Հասկանալի է նաեւ, որ Հայաստանի իշխող վարչախումբը, յանձնաժողով ստեղծելով, փորձում է ընդամենը խոյս տալ Ցեղասպանութեան խնդրի վերաբերեալ պետական-քաղաքական դիրքորոշում արտայայտելու պատասխանատւութիւնից եւ ճռճռան ձեւակերպումներով ու անիրական պահանջներով անլրջացնելով՝ փոշիացնում է խնդիրը՝ վտարելով Հայոց դատը նոյնիսկ մարդկային առողջ բանականութեան սահմաններից։

 

Սակայն որքան էլ ազգամէտ թէ շահադէտ, սառնասիրտ թէ ցանկամիտ լինի այդ գրութիւնը կազմողների հաւաքական երեւակայութիւնը՝ այնուամենայնիւ,  ո՞րն է այն անտեսանելի ու ընդհանրական շարժառիթը, որ մղում է հայութեանը նման անտրամաբան քայլերի։

 

Գաղտնիք չէ, որ նրան ոգեշնչում է Հոլոքոստի օրինակը։ «Եթէ աշխարհը ճանաչել է Հրեաների ցեղասպանութիւնը եւ հատուցել նրանց, ապա ինչո՞ւ չպէտք է այդ նոյն աշխարհը ճանաչի նաեւ Հայոց ցեղասպանութիւնը եւ հատուցի մեզ»,- մտածում են հայերը։ Եւ անկեղծօրէն զայրանում են ու պահանջում․․․

 

Այդ մտայնութիւնը, որ մի խոր թիւրիմացութիւն է, յիրաւի, վերաճել է համազգային սեւեռուն մոլորութեան՝ չնչին բացառութիւններով։ Բանն այն է, որ աշխարհը չի՛ ճանաչել Հրէական ցեղասպանութիւնը։ Իրականում հակառակն է․ հրեաներն իրենք՝ ունենալով բաւարար ուժ եւ զօրութիւն եւ լինելով քաղաքական, տնտեսական, հանրային, ֆինանսական, մշակութային, գիտական միջազգային ազդեցիկ գործօն՝ լռելեայն  ստիպեցին աշխարհին ճանաչել իրենց ցեղասպանութիւնը եւ հատուցել իրենց կրած տառապանքների  համար։ Այլապէս՝ կասկած անգամ լինել չի կարող, որ նրանք, ճիշտ հայերի նման, մինչեւ այսօր ամեն տեսակ աղերսագրեր էին յղում աշխարհին՝ խնդրելով, յորդորելով, պահանջելով ճանաչել իրենց Հոլոքոստը (ի դէպ, մինչեւ Երկրորդ Աշխարհամարտը Արեւմուտքը հէնց այդ՝ Հոլոքոստ եզրոյթով էր բնորոշում Հայոց ցեղասպանութիւնը՝ սկսած Սասունի կոտորածներից, Ադանայի ջարդերից, վերջացրած Մեծ Եղեռնով․․․)։

 

Հայութեան այդ «պահանջատիրական» համոզման հիմքում ընկած է այն պարզամիտ հաւատը, որ բոլոր «անկիւն քշուած» կամ պարտուած ժողովուրդները տածում են «պատմական արդարութիւն» կոչուածի հանդէպ։


Այդ հաւատն էլ իր հերթին բխում է մէկ այլ՝ շատ աւելի մեծ ու արմատական՝ համամարդկային մոլորութիւնից, ըստ որի՝ մարդկութեան պատմութիւնը ենթակայ է ինչ-որ արժէհամակարգային օրէնքների ու օրինաչափութիւնների, որոնցով բնորոշւում է քաղաքակրթութեան զարգացումը։

 

Իրականում, բնութեան  օրէնքները միատեսակ եւ անփոփոխ գործում են բոլոր ուղղութիւններով՝ բոլոր կենսահամակարգերի համար, հակառակ դէպքում այդ համակարգերը, այդ թւում եւ մարդկութիւնը,  գոյութիւն չէին ունենայ։   

 

Որեւէ ազգ չի կարող բացառութիւն կազմել այդ օրէնքներից։ Ուստի, Հայոց  ցեղասպանութեան ճանաչման խնդիրը եւս ենթակայ է դրանց։

 

Օրինակ, այդ օրէնքներից մէկն ասում է, որ զանգուածի կշիռը եւ իր ազդեցութիւնը նոյնական են։ Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդիրն ուղիղ կախման մէջ է Հայաստան պետութեան քաղաքական կշռից․ որքան մեծ է այդ կշիռը, այնքան հաւանական է Հայոց ցեղասպանութեան ճանաչումը։

 

Քանի որ ներկայ ապիկար իշխանութեան գործունէութեան հետեւանքով Հայաստանի քաղաքական կշիռն աշխարհում ձգտում է զրոյի, ապա ամենայն վստահութեամբ կարելի է պնդել, որ Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած հայութեան բոլոր ջանքերը սկզբունքօրէն չէն կարող ընդունել զրոյից բարձր արժէք․ արդիւնքը լինելու է չնչին ու պարագայական եւ որեւէ նշանակութիւն չի ունենալու խնդրի լուծման տեսանկիւնից։ Աշխարհը դարձեալ շարունակելու է իր ձեռքերը տաքացնել մեր Ողջակէզի (Հոլոքոստի) խարոյկի վրայ՝ հաճոյքով շահագործելով այդ խնդիրը սեփական նպատակների համար, մեզ էլ արդարօրէն եւ առատօրէն բաժին հանելով բանաւոր ու գրաւոր խոստումներ, դատապարտումներ, կարեկցանք, բարեկամութեան անշահախնդիր հաւաստիացումներ եւ այլն, եւ այլն։  

 

Դա է ցոյց տալիս նաեւ օտարների վերաբերմունքը մեր հանդէպ․ անկախ այն բանից, թէ տուեալ երկիրը ճանաչե՞լ է արդեօք Հայոց ցեղասպանութիւնը, թէ ոչ՝ նա վարւում է մեզ հետ՝ ըստ մեր ա՛յն իրական պատկերի, որ ունենք՝ որպէս երկիր ու ժողովուրդ։ Մի՞թէ որեւէ մէկը մոլորութիւն ունի կարծելու, թէ, ասենք, Ամերիկան մեզ հետ ա՛յլ կերպ կվարուէր, եթէ ճանաչած լինէր Հայոց ցեղասպանութիւնը, իսկ Ռուսաստանը՝ մէկ ա՛յլ կերպ, եթէ ճանաչած չլինէր։   

 

Միակ բնական ու բանական եզրակացութիւնը, որ կարելի է անել, հետեւեալն է․

 

Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդիրը բացառապէս կախուած է մեր իսկ ճանաչումից․ եթէ մենք ճիշտ ենք ձեւակերպում խնդիրը ներսում, ապա դա անխուսափելիօրէն իր համարժէք ազդեցութիւնն է առաջ բերում դրսում։

 

Օրինակ՝ եթէ մենք մեր մէջ բարոյական ուժ եւ քաղաքական կամք գտնէինք դատապարտելու Մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին եւ տասը զոհերի մարդասպաններին, ապա դա հէնց Հայոց ցեղասպանութեան խնդրի լուծման առումով շատ աւելի արդիւնաւէտ կլինէր, քան աշխարհի տասը մեծ տէրութիւնների կողմից նոյն ցեղասպանութեան միաժամանակեայ ճանաչումը։  

 

Ինչո՞ւ։ Որովհետեւ դա կնշանակէր, որ մենք բռնել ենք ներքին առողջացման, այսինքն՝ քաղաքական ազգ դառնալու ճանապարհը, եւ կմեծացնէր մեր բնական կշիռը թէ՛ մեր աչքում, թէ՛ աշխարհի։

 

Եւ կգար մի ժամանակ, երբ մենք վերջապէս կկանգնէինք աշխարհի առջեւ՝ մեր առողջ ու բնատուր կերպարանքով, եւ անհնար կլինէր մեզ անտեսել։  

 

Եւ ա՛յդ դէպքում եւ միայն ա՛յդ դէպքում Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի համար կդառնար կենսական անշրջանցելի անհրաժեշտութիւն, եւ նա, ուզած թէ չուզած, կհատուցէր մեզ՝ մեր ունեցած կշռի չափով։

 

Եւ ա՛յդ դէպքում եւ միայն ա՛յդ դէպքում հայն անդարձօրէն կխզէր  ստրկութեան այն աներեւոյթ շղթան, որ կապում է զոհին իր դահճի հետ։   

 

Եւ այնժամ, անկախ տարեթուից ու տարեմուտից, հայի ձեռքն այլեւս չէր դողայ, քանզի չէր դողայ նրա սիրտը…

 

 © Սեւակ Արամազդ