ՄԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

20.10.2015

(armtimes.com/hy/read/9756)

 

Երբ յայտնի դարձաւ, որ Հայաստանի կառավարութիւնը որոշել է Հայոց լեզուն ոչնչացնելու գործընթաց սկսել, ինձ մի պահ թուաց, թէ հայ ոստիկանների արիւնարբու ոհմակը հերթական անգամ յարձակուել է յօշոտելու մի հայ անմեղ-մեղաւոր երիտասարդի  եւ նրա բզկտուած ու խոշտանգուած դիակն՝ ի տես հազարաւոր այլ մսացուների, դուրս շպրտելով ոստիկանատան լուսամուտից՝ նստած գրում է իր հերթական զեկոյցը հերթական ինքնասպանութեան մասին։

 

- Իմ ժպտերես որդուն ծեծելով սպանե՜լ են ոստիկանները…- ցաւից խելագարուած՝ անզօր ճչում է մի հայ մայր՝ Հայոց լեզուով։

 

Իշխանութեան ականջն անընդհատ սղոցում են հայ մօր հայերէն ճիչը, հայ որբացած մանուկների հայերէն լացը, Հոկտեմբերի 27-ին եւ Մարտի 1-ին գնդակահարուած տասնեակ հայ մարդկանց՝ արդարութիւն պահանջող հայերէն աղաղակները։ Փակելով իր հսկայական առանձնասենեակի լուսամուտները՝ իշխանութիւնը խորհում է, թէ ինչպէ՞ս մէկընդմիշտ ազատուի այդ անտանելի աղմուկից։ Ի վերջոյ, նա կայացնում է իմաստուն որոշում. «թափառաշրջիկների, լրտեսների, դաւաճանների այդ ամբոխին» հարկաւոր է նաեւ զրկել Մայրենի լեզուից։ Չէ՞ որ, ի վերջոյ, եթէ չլինէր «Հայոց» կոչուած այդ բարբարոս լեզուն, բնականաբար, անվերջ ինչ-որ բաներ պահանջող այդ նողկայարոյց խաժամուժը չէր կարող իրեն այնքա՛ն զզուեցնել, որ նոյնիսկ առանձնատան, կամ շոգեբաղնիքի, կամ գիշերային զուարճավայրերի տարասեռ եւ համասեռ խօսակցութիւնների ժամանակ իր անբասիր ռուսերէնի կամ անգլերէնի մէջ այդ վայրագ լեզուից սպրդէին ինչ-որ անկոչ բառեր ու բացականչութիւններ՝ ստիպելով իրեն անհարկի կարմրել։

 

Հասկանալի է, որ յանձին այդ ճաղատափայլ երիտասարդի՝ յանկարծակի իշխանութեան տիրացած ստրուկը վրէժ է լուծում իրեն ծնող Ազգից։ Եւ այդ «գործընթացում» ստրուկի միակ զէնքը տգիտութիւնն է։ Իսկ միակը, որ կարող է իշխանաւոր ստրուկին անընդհատ յիշեցնել իր տգիտութեան մասին, Մայր լեզուն է։ Ահա թէ ինչու, պէտք է ընդմիշտ ազատուել նաեւ այդ «անցանկալի վկայից»:

 

Եւ Հայաստան երկրի իշխանութիւնը որոշում է ոչնչացնել Հայոց Մօրը՝ այն Միակին, որին հնարաւոր չէ կաշառել 5000 դրամով, ահաբեկել ոստիկանական մահակով՝ «յանուն հանրային կարգուկանոնի», ունեզրկել՝ «պետականկան գերակայ շահի թելադրանքով», արտաքսել՝ «պետական անվտանգութեան նկատառումներով», զնդանել՝ «պետական յեղաշրջման մեղադրանքով», մեքենայի անիւների տակ ճզմել՝ «փողոցը սխալ տեղից անցնելու պատճառով», դիմահար կրակահերթով գնդակահարել՝ «ինքնապաշտպանութեան նպատակով» եւ, վերջապէս, ամենացաւալին ու ամենազարհուրելին՝ հնարաւոր չէ «էդ կնկան» ստիպել կամաւոր ինքնասպանութիւն գործել եւ ապա պատմութեան բաց լուսամուտից նետուել ցած՝ «նախաքննութեան շահերից ելնելով»:

 

Ստրուկը գիտի, որ Մայր լեզուն այն եզակին է, որ «ձայների 100 տոկոսանոց արդիւնքով» անվերապահ ընտրեալ է, միակ արդար՝ բնական ընտրութեամբ։ Եւ քանի դեռ ապրում է Ճշմարիտ Ընտրեալը՝ Հայոց Աշխարհի Ոսկեմայր Տիրուհին, ստրուկը չի կարող իրեն զգալ «ընտրեալ» եւ իրեն «երկրի տէր» սէպել։

 

Սա՛ է, որ ստրուկին հասցնում է խելագարութեան։

 

Քանզի Հայոց Լեզու նշանակում է Հայ Ազգ, Հայ Երկիր, Հայ Պետութիւն, Հայ Կրօն, Հայ Աստուած։ Մի խօսքով՝ Հայ Մարդ։

 

Կարելի էր, իհարկէ, այստեղ դադար տալով՝ միաժամանակ եւրոպական մի քանի զարգացած լեզուներով հայհոյել ստրուկ իշխանութեանը կամ իշխանութեան ստրուկին, սակայն դա չէր լինի հայերէն։ Աւելի լաւ է նրան ցոյց տալ իր ձեռնարկումի անհեթեթութիւնը հետեւեալ պարզ իրողութեամբ. այն բոլոր լեզուները, որ քո սրտի խորքում դու այդպէս նուաղելով փայփայում ես, ո՜վ ստրուկ, նոյնպէս Մայրենի են, բայց իրե՛նց որդիների համար։ Իսկ նա, ով դաւում է իր մօրը, աշխարհի չորս ծագերում համարւում է մայրադաւ՝ անկախ նրանից, թէ այդ լքուած մայրը շքե՞ղ, թէ՞ աղքատիկ է հագնուած։ Մայրադաւի պարգեւը լաւագոյն դէպքում քամահրանքն է, որն արտայայտելու համար որեւէ լեզուի իմացութիւն չի պահանջւում՝ ո՛չ «զարգացած», ո՛չ «բարբարոս»:

 

Այնպէս որ, Մայրենի լեզուից պրծում չկայ. ո՛ր օտար լեզուի մէջ էլ դուք փորձէք թաքցնել ձեր «ցածրակարգ» ծագումը, միեւնոյն է, ձեզ ամենուրեք միշտ ու շարունակ հետապնդելու է Հայոց լեզուի մայրական լուռ-հանդիմանալից հայեացքը։

 

Ձեր այդ ընկեցիկ «օրէնքով» դուք խախտում էք Բնութեան մեծ Օրէնքը, որն ասում է, թէ մարդկային իւրաքանչիւր լեզու գոյութիւն ունի ո՛չ այլ կերպ, քան միայն իբրեւ որեւէ Ազգի Մայրենի լեզու։ Ահա թէ ո՛րն է ձեր յանցանքը, որից «սպասուող օգուտն» առաւել մեծ պատիժ է ենթադրում, քան աշխարհի բոլոր «թերհաս» կամ «զարգացած» լեզուներով գրուած քրէական օրէնսգրքերի յօդուածները՝ միասին վերցրած. լիարժէք Մարդ լինելու անվերադարձ կորուստ, հոգեւոր կուզ, որ նոյնիսկ գերեզմանը չի շտկի։

 

Եւ հիմա դուք, ձեր խայտաճամուկ մականուններն առած՝ ուզում էք Բնութեան այդ սրբազան Օրէնքը «սրբագրել»: Ահա թէ ինչպիսի՛ ախտաբանական խելացնորութեան կարող է հասցնել Մայրենի լեզուի պարզ չիմացութիւնը։   

 

Սակայն Բնութեան այդ մեծ Օրէնքը նաեւ հաւաստում է, որ ստրուկն ստրուկ է՝ անկախ ազգութիւնից, ժամանակներից, հանգամանքներից, եւ, ո՜վ սարսափ, նոյնիսկ զբաղեցրած պաշտօնից։

 

Ստրուկը մարդու տեսակ է։

 

Եւ ճիշտ այնպէս, ինչպէս ճորտատիրական իրաւունքի վերացումից յետոյ ռուս ճորտերը՝ չդիմանալով ազատութեան փորձութիւններին, լեղապատառ վազում էին իրենց նախկին ճորտատիրոջ մօտ եւ կողկողագին պաղատում, որ տէրն իրենց կրկին առնի իր «հայրական թեւի տակ», ճիշտ այդպէս էլ հայ իշխանաւորն, ահա, սոսկ Հայ լինելու ու մնալու սարսափից փախչում պատսպարւում է օտար լեզուների փէշի տակ։

 

Հայոց լեզուն տգիտութեան մահն է։ Նա համակ ազատութիւն է եւ ո՛չ իշխանութիւն։ Որպէս իսկական Մայր՝ նա սահմանում է բարոյական անշրջանցելի պատասխանատւութիւն եւ պահանջում «ներցեղային արդարութիւն»: Այսինքն՝ այն, ինչ ինքնին մահ է իւրաքանչիւր ստրուկ իշխանութեան համար։

 

… Իսկ մինչ պատմութեան սուրհանդակ քամին տեղ կհասցնէր ստրուկի ակամայ ինքնասպանութիւնն աւետող լուրը, գիշերային դատարկ փողոցների ամայութեան մէջ, հեղեղի պէս թափուող անձրեւի տակ միայնակ կանգնած՝ մի հայ մայր խելագար ճչում էր Հայոց լեզուով.

 

- Իմ ժպտերես որդուն ծեծելով սպանե՜լ են ոստիկանները… Իմ ժպտերես որդուն ծեծելով սպանե՜լ են ոստիկանները… Իմ ժպտերե՜ս որդուն…

 

21.05.2010թ.

© Սեւակ Արամազդ