ՅԱՂԹԱՆԱԿ ԵՒ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ

10.01.2017

Այն հազարաբերան խժալուր աղմուկը (ճիչ, հառաչանք, իրարանցում, ողբ ու կական, անէծք, հայհոյանք, սպառնալիք ու հռնդիւն), որ հետեւեց Լեւոն Տէր-Պետրոսեանի ելոյթին, անկախ դրա զգայական կամ բանական, անձնական թէ հանրային շարժառիթներից, ցոյց տուեց, որ հայ հանրութիւնը ցաւագնօրէն բախուել է մի մերկ ճշմարտութեան, որն անողոքաբար խռովեց նրա յարմարաւէտ հանգիստը: Նա բնազդօրէն որսաց, որ ինքն իրականում շարունակաբար ապրում է մի կեղեքիչ կեղծիքի մէջ՝ դա ինքնախաբէօրէն կոչելով «հայրենասիրութիւն», ուստի սկսեց վրդովուած աղմկել՝ փորձելով խլացնել ճշմարտութեան ձայնը: Եւ քանի որ հեղինակն իր ելոյթում չէր ասել ոչինչ, որ չէր ասել նախկինում, ուստի մնում է միայն հաստատել, որ այն, ինչ ասում է Լեւոն Տէր-Պետրոսեանը, ճշմարտութիւնն ինքն է, որն ընտրել է իր յայտնութեան աներկբայ ժամանակը:  

 

Վերջին հաշուով, դա արթնացման մի բնական ընթացք է՝ ուղեկցուած բացուող օրուայ անխուսափելի աղմուկներով:

 

Այդ յախուռն արձագանգի անօրինակ ուժգնութիւնը պայմանաւորուած է այն բանով, որ արձագանգողները ներկայացուցիչներն են մի ժողովրդի, որը ոչ հեռու անցեալում կորցրել է իր կենսատարածքի եւ մարդկային կենսազանգուածի համարեա 90 տոկոսը, ուստի սարսափահար կառչել է «վերջին կռւում» ձեռք բերած իր մի կտոր հողից՝ որպէս փրկութեան խարսխից: Այդ կառչանքի ամրութեան ուժը համազօր է նրա կրած կորուստների անթուելի մեծութեանը, եւ այս հանգամանքը գրեթէ մթագնել է նրա բանականութիւնը. ջրում խեղդուողի նման նա չգիտի այլեւս, թէ ինչի՛ց է կառչել եւ ինչո՛ւ:  Ուստի, չի գիտակցում կամ չի ուզում գիտակցել, որ ինքը, խարսխով հանդերձ, հետզհետէ սուզւում է ծովի ամենակուլ անդունդը, որտեղից այլեւս վերադարձ չկայ: 

 

Այդ երեւոյթի պատճառը հայ մարդու՝ Յաղթանակի եւ Պարտութեան քարացած ընկալումն է՝ ներշնչուած Բարու բացարձակ յաղթանակի եւ Չարի բացարձակ պարտութեան կրօնական պատկերացումներից:

 

Բնութեան օրէնքներն ու պատմութեան փորձը յուշում են, որ այն, ինչ մարդիկ կոչում են Յաղթանակ եւ այն, ինչ մարդիկ կոչում են Պարտութիւն, ընդամենը երկու պայմանական իրողութիւններ են, որոնք հեշտօրէն փոխանցւում են մէկը միւսին, եւ կեանքում չկայ որեւէ Յաղթանակ, որ ներգործութեան մէկ այլ տիրոյթում չվերածուի Պարտութեան եւ չկայ որեւէ Պարտութիւն, որ մէկ այլ հատոյթում չվերածուի Յաղթանակի:

 

Երկրորդ աշխարհամարտում, օրինակ, Գերմանիան՝ իբրեւ երկիր ու պետութիւն, թէեւ պարտուեց չարաչար, սակայն յաղթեց գերմանացին՝ իբրեւ ազգ՝ կերտելով թերեւս ամենակայուն ու ամենազարգացած հանրութիւններից մէկն աշխարհում: Իսկ այդ նոյն պատերազմում թէեւ յաղթեց Խորհրդային Միութիւնը՝ իբրեւ երկիր ու պետութիւն, սակայն պարտուեց  իբրեւ ազգ ու հանրութիւն՝ յաղթանակից կոփելով մի երկաթէ վարագոյր:  

 

Լինում է եւ հակառակը. Առաջին աշխարհամարտում թէեւ հայերը պարտուեցին՝ իբրեւ ազգ՝ հասնելով գրեթէ իսպառ ոչնչացման եզրին, սակայն յաղթեցին՝ իբրեւ երկիր ու պետութիւն՝ վերականգնելով իրենց անկախութիւնը: Նոյնը եւ հրեաները. Երկրորդ աշխարհամարտում նրանք նոյնպէս պարտուեցին՝ իբրեւ ազգ՝ ենթարկուելով բնաջնջման, սակայն յաղթեցին՝ իբրեւ երկիր ու պետութիւն՝ վերագտնելով իրենց պետականութիւնը:

 

Կամ՝ Արցախեան պատերազմում թէեւ յաղթեցին հայերը՝ իբրեւ ազգ, սակայն պարտուեցին իբրեւ երկիր ու պետութիւն՝ հետզհետէ թուլանալով ու մաս առ մաս կորցնելով իրենց ազատութիւնն ու անկախութիւնը:

 

Պատահական չէ, որ յաղթական պատերազմից յետոյ հայոց երկրի գլուխ անցան երկու այնպիսի մարդիկ, որոնք կարծես լինէին պարտուած կողմի հայելային արտացոլանքը յաղթող կողմում: Եւ նրանք հետեւողականօրէն կատարեցին այն առաջադրանքը, որ կկատարէր պարտուած կողմից «գործուղուած» մէկը, եթէ իրերի բերումով յանկարծ դառնար Հայաստանի ղեկավարը. յանուն սեփական իշխանութեան, նա «ոչ մի թիզ հող» կարգախօսի հայրենախորով ճոռոմաբանութեամբ անզիջում կեցուածք կընդունէր Արցախեան խնդրում՝ փորձելով կտրել Հայաստանի շնչերակը եւ խեղդամահ անել նրան. արիւնալի ահաբեկչութեամբ կձեւախեղէր հայոց նորահաստատ պետութիւնն ու պետականութիւնը. հայոց յաղթական բանակը կհանէր հայ ժողովրդի դէմ եւ կցեղասպանէր սեփական քաղաքացիներին. երկիրը մաս առ մաս կվաճառէր օտարներին. կզրկէր հայ մարդուն արժանապատիւ գոյութեան վերջին հնարաւորութիւնից. կդատարկէր Հայաստանը հայերից. կոչնչացնէր օրէնք ու արդարադատութիւն. անխնայ կճզմէր իր հակառակորդներին եւ կմակաբուծէր հարստահարողների պաշտօնական ու անպաշտօն հրոսակախմբեր. կայլասերէր ամենայն բարոյական ընկալում ու հասկացութիւն. կսերմանէր վախ ու յուսահատութիւն. կգնէր մամուլ ու մտաւորականութիւն. կվաճառէր փառք ու պատիւ. Հայաստանը կվերածէր ամենաթող ամբարտաւանութեան զուարճավայրի ու կամայացնէր տնտեսութիւնը. ամեն անգամ կկեղծէր ընտրութիւնները եւ հետեւողականօրէն ստորացնելով բանակի ոգին ու թուլացնելով նրա հարուածող բազուկը՝ լուր կուղարկէր ռազմադաշտում պարտուած իւրայիններին՝ աւետելով. «Հասել է ժամը. յարձակուէ՛ք...»: 

 

Ցաւօք, սա ոչ թէ ենթադրական պնդում է, այլ փաստախեղդ իրականութիւն:

 

Վերն ասուածից հետեւում է, որ Յաղթանակն ու Պարտութիւնը սկզբունքօրէն չեն կարող լինել «բացարձակ ու յաւիտենական», քանզի կեանքն՝ իբրեւ ինքնակարգաւորուող համակարգ, անվերջ ձգտում է համապարփակ հաւասարակշռութեան, որի միակողմանի խախտումը կյանգեցնէր մարդկութեան վերջնական կործանմանը: Այլ կերպ ասած,  փոխզիջման կամ իրար փոխադարձ համակշռուելու սկզբունքն ընկած է իրերի բուն յարաբերութեան հիմքում, որով կեանքը հաշտեցնում է իր բնական ընթացքին սպառնացող բոլոր հակասութիւնները:      

 

Հայաստան պետութեան նմանօրինակ անկման գլխաւոր պատճառը երկրի վարիչների սահմռկելի, քարանձաւային տգիտութիւնն է՝ գիշատչային ագահութեամբ յղփացած: Իրենց դնելով բարոյական ու հանրային օրէնքներից դուրս՝ նրանք չեն էլ ենթադրում, որ իրենք նոյնպէս ենթակայ են բնութեան օրէնքներին, որոնք գործում են անխափան:

 

Արցախեան խնդրի չլուծուածութեան պատճառով Հայաստանը յայտնուել է շրջափակման մէջ եւ դարձել փակ համակարգ: Բնագիտութեան գլխաւոր օրէնքներից մէկը (ջերմային շարժման երկրորդ օրէնքը) ասում է, որ իւրաքանչիւր փակ համակարգում քայքայումը (էնթրոպիա) տասնապատիկ արագ է ընթանում, քան բաց համակարգում: Պատկերաւոր ասած՝ փակ սենեակում դրուած հասուն պտուղը, որքան էլ լինի խոշոր ու շողշողուն, արագօրէն քայքայւում է ու փչանում՝ բաժին դառնալով զանազան ճեղք ու անկիւններից դուրս սողոսկած տարատեսակ ընդոծին ու օտար միջատների անյագուրդ խրախճանքին:

 

Սա էլ հէնց այն է, ինչ ճշգրտօրէն տեղի է ունենում Արցախեան յաղթանակի եւ Հայաստան պետութեան հետ: Երկու բարալիկ ելքեր ունեցող Հայաստանը կարող է միայն որոշ ժամանակ «գոյութիւն քարշ տալ»՝ առանց ծաղկելու ու բարգաւաճելու որեւէ հնարաւորութեան, մինչեւ բնական քայքայման գործընթացը կհասնի իր գագաթնակէտին, եւ վրայ կհասնի Հայաստան աշխարհի եւ հայ ժողովրդի անխուսափելի կործանումը:

 

Նոյն հաւկուրութեամբ է տառապում նաեւ գրեթէ ամբողջ հայ մտաւորականութիւնը՝ «ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի»: Հայ մտաւորականը՝ գիտնականը, գրողը, նկարիչը, ապրում եւ ստեղծագործում է՝ «հայրենասիրութիւնից մղուած»: «Հայրենասիրութիւնը» դարձել է գիտական-գեղարուեստական մտածողութեան չափ ու չափանիշ: Մարդկային քաղաքակրթութիւնը ծնուել է ոչ թէ «հայրենասիրութիւնից», այլ ճշմարտութեան պահանջից: Ինչպէս նիւթական սննդի հայթայթման պարագային, ճշմարտութեան որոնումը նոյնպէս մարդկային բնական պահանջ է, որը վերջին երկհազարամեակում, որոշ վերապահումներով հանդերձ, սաստիկ խամրել է հայոց մէջ: Ազգերը գոյատեւում են այդ պահանջի շնորհիւ եւ անհետանում դրա բացակայութեամբ: Այն ազգերը, որոնք դադարում են որոնել ճշմարտութիւնը, ուծանում են եւ մեռնում:

 

Հայրենիքը կանգուն է ճշմարտութեամբ:

 

Արդէն չորս հազարամեակ ի վեր Արեւելքը (Հնդկաստան, Չինաստան) ձեւակերպել է գոյութեան ճշմարտութիւնը եւ «ամեն ծնուողի հետ» նորից ու նորից անթիւ-անհամար ձեւերով որոնում-գտնում-վերանորոգում է այդ ճշմարտութիւնը՝ մնալով յարատեւօրէն կենդանի:

 

Նոյն կերպ՝ արդէն կէս հազարամեակ է ինչ երիտասարդ Արեւմուտքը տենդագին փնտրում է նոյն այդ ճշմարտութիւնը՝ նիւթական գիտակցութեան միջոցներով ստեղծելով արդի արեւմտեան քաղաքակրթութիւնը: Նա անդադրում ստեղծում-քանդում-վերստեղծում է իր աշխարհն ամեն անգամ նորովի՝ չխորշելով ու չերկնչելով ոչնչից: Այդպէս նա քայլ առ քայլ ուղղորդում է այդ քաղաքակրթութիւնը դէպի ճշմարտութիւն եւ անընդհատ հզօրանում:

 

Հայերն՝ իբրեւ երբեմնի արարող ազգ, ունակ են յաղթահարելու օր օրի խորացող այն խզուածքը, որ գոյութիւն ունի քաղաքակիրթ աշխարհի եւ մնացեալ ազգերի միջեւ: Միակ պայմանն այն է, որ նրանք թօթափեն պատմութեամբ պարտադրուած իրենց կարծրամտութիւնը եւ հետամուտ լինեն ճշմարտութեանը:

 

Դրան հասնելու համար հարկաւոր են ազատ ձեռք ու ոտք, ազատ միտք ու հոգի: Այսինքն՝ խաղաղութիւն, այնպիսի մի դրութիւն, որը թոյլ կտար հային լիովին դրսեւորելու իր բնատուր էութիւնը: 

 

Քանզի մարդը, որ մշտապէս ենթակայ է սպանելու-սպանուելու սարսափին, չի կարող արարել եւ զգալ ճշմարտութեան կենսանորոգ բերկրանքը:

 

Նա կարող է զգալ միայն իր սարսափը:  

 

Իսկ սարսափը ծնում է հրէշ, որն անընդհատ մեծանալով, վերջիվերջոյ, խժռում է իր ծնողին:

 

Ահա թէ ինչու, ճշմարտութեան անդառնալի հրամայականն այն է, որ հայ ժողովուրդն արժանապատուօրէն իր ձեռքը վերցնի Արցախեան խնդրի լուծումը եւ բուժի իր թռիչքը խափանող այդ արիւնածոր վէրքը:  

 

Քանզի շահում է միայն նա, ով սեփական կամքով որոշում եւ սեփական ձեռքով գծում է իր Յաղթանակի եւ Պարտութեան սահմանը:

 

30.12.2016թ. 

©Սեւակ Արամազդ