ՌԻԼԿԷԻ ՄԱՍԻՆ, 1987թ․

01.09.2015

(«Աստղիկ» թարգմ․ հանդէս, հա․ 2-3, 1990թ․, տրւում է որոշ փոփոխութիւններով)

 

Ռիլկէն, անկասկած, հանճար է։ Բացի նրանից, դժուար է ցոյց տալ ուշ ժամանակների եւրոպական մէկ այլ բանաստեղծի, ում յաջողուել է բանաստեղծութիւնը հասցնել այնպիսի «լուրջ» մակարդակի, որ խօսքը կարողանար վերակերտել կեանքն ու աշխարհն այնպէս, ինչպէս մեծ գրականութիւնը՝ արձակը՝ Տոլստոյը, Դոստոեւսկին, Ֆօլքները։ Նրա համեմատութեամբ այլ մեծերը, կարելի է ասել, լոկ հմուտ փորձարարի տպաւորութիւն են թողնում։ Նա կարողանում է վերստեղծել երեւոյթների, առարկաների, ապրումների, հոգեվիճակների, զգացումների ու զգացմունքների «գոյաբանական» տեսիլքը, եւ դա ապշեցուցիչ է։ Նա անում  այն, ինչ Տոլստոյն անուանում էր «հասնել արմատին»։ Նրա ստեղծագործական մտածելակերպը ծայրայեղ ռէալիստական է, ինքնօտարման ուժը՝ սահմանային այնքան, որ կարողանում է իրերն ու երեւոյթները շարժման մէջ դնել մի տեսակ անկախօրէն։

Սակայն դա «դժուար» բանաստեղծութիւն է։ Ռիլկէին չի յաջողւում յաղթահարել լեզուն այնքան, որ վերջինս «ցնդի» այն գեղարուեստական մթնոլորտում, որ ինքը նուաճել է։ Այլ կերպ՝ նա, այնուամենայնիւ, մնում է խորհրդանիշի սահմաններում, մի հանգամանք, որ թուլացնում է նրա արուեստի կենսական ներգործման ուժը։ Պատճառը ոչ այնքան հեղինակի ստեղծագործական կարողութիւնն է, որքան պատմականօրէն ձեւաւորուած գերմանական գեղարուեստական լեզուամտածողութեան այն ուղեգիծը, որ կենսական ազատ ընկալումներն աւանդոյթի պարտադիր ուժով տարափոխելով՝ վերածում է նպատակադիր գեղագիտական-գաղափարական աշխարհայեցողութեան։

Ռիլկէի արձակը եւս ընթանում է այս հունով։

Մեծ գրականութիւնն, անշուշտ, մեծ արձակն է։ Երբ գրականութիւնը դիտում ենք մարդկային ճանաչողութեան այն համընդհանուր տեսադաշտում, որտեղ գտնւում է բնագիտութիւնը, ապա համոզւում ենք, որ մեծը արձակն է։ Նա լուրջ ու ճշգրիտ է այնքան, որքան բնագիտութիւնը։ Կեանքն ու աշխարհը հետազօտելու իր կարողութեամբ բանաստեղծութիւնը զիջում է արձակին։ Միայն այն դէպքում, երբ բանաստեղծութիւնը դադարում է լինել բանաստեղծութիւն, այսինքն՝ վերազանցում է ինքն իրեն, ահա, միայն այդ հազուագիւտ դէպքում է, որ նա կանգնում է արձակի կողքին՝ իբրեւ համահանճար։ Աշխարհում շատ քիչ են այն բանաստեղծները, որոնց խօսքը կեանք է, կեանքի խօսքն է, այսինքն՝ նրանք, ովքեր իրենց արուեստում հասել են կեանքին։

Դա զուտ նրանց մարդկային-ստեղծագործական մենաշնորհն է, եւ դրա մէջ ոչ մի դեր չունեն ո՛չ «հասարակական գործօնները», ո՛չ «միջավայրը», ո՛չ «դաստիարակութիւնը», ո՛չ «դարաշրջանի առանձնայատկութիւնները», որովհետեւ մեծ գրականութեան միակ նպատակը բուն մարդկային կեանքի կենսական-բարոյական ճանաչողութիւնն է խօսքի մէջ եւ խօսքի միջոցով՝ ընդդէմ հաւերժական ամենակուլ մոռացութեան։ Այդպիսի բանաստեղծներ են՝ Հոմերոսը, Նարեկացին, Դանթէն, Գէօթէն եւ էլի մի քանի անուններ։ Մնացածը կեանքը կոտորակում են անթիւ-անհամար «թեմաների» մէջ  եւ ապա ցրիւ եկած բեկորներն իրար յարմարեցնելով՝ փորձում են կենդանութիւն հաղորդել «մեռեալ մարմնին»։ Ռիլկէին, որոշ վերապահումներով հանդերձ, կարելի է դասել վերոյիշեալ բանաստեղծների շարքում։

Ինչպէս ասուեց, Ռիլկէի արուեստը կենսականօրէն մաքուր-անխառն չէ․ հիւսելով խորհրդանիշերի «խիտ ցանց»՝ նա իր կենսական ընկալումներից ստեղծում է, այսպէս ասած, «բանաստեղծական հասկացութիւնների» մի ամբողջ աշխարհ, որը, սակայն, ներսից կենդանանում է հեղինակի մարդկային շնչով եւ լուսաւորւում կեանքի ճշմարտութեամբ։ Եւ եթէ այս երկւութիւնը, որը խոչընդոտում է նրան բանաստեղծութեան մէջ հասնելու կատարելութեան, ընթերցողական ընկալման մէջ, այնուամենայնիւ, բանաստեղծութեանը հնարաւորութիւն է տալիս «ընդարձակուելու» մինչեւ անսահմանութիւն, ապա արձակի պարագային ի յայտ է բերում Ռիլկէի կենսական աշխարհընկալման միակողմանիութիւնն ու սահմանափակութիւնը, եւ նրանից ակնկալուող մեծ խօսքն առ կեանքը, որ պիտի հեղեղէր մարդկային գոյութեան ափերը, ներքաշւում է գրառումների «ժամանակաւոր գոյացութիւնների» մէջ՝ կեանքի հաւաքական զգացողութիւնը տարայօդելով ապրումների, տրամադրութիւնների, յուշերի, վերյիշումների, պատկերների մէջ, եւ վէպը՝ իբրեւ կեանքին արժանի ու համարժէք խօսք, չի կայանում, այլ, ըստ էութեան, դարձեալ ներկայանում է իբրեւ բանաստեղծութիւն։ Այն, ինչ բաւարար է բանաստեղծութիւնը հասցնելու կեանքին, չի բաւարարում մեծ արձակին, որը ենթադրում է խօսքի մէջ կեանքի առաւել խոր ու մեծ, առարկայական ծաւալում՝ բոլոր ուղղութիւններով միաժամանակ։

Այնուամենայնիւ, Ռիլկէի «Մալթէ Լաուրիդս Բրիգէի գրառումները» վէպը «յետինների» թւում չէ, քանի որ այն հայեացքը, որով բացւում է կեանքը ե՛ւ բանաստեղծութեան մէջ, ե՛ւ արձակում, խորն է, անկրկնելի եւ նման է «վարդի, ծաղկին այդ՝ լի ու անթիւ, որի մարմինը բաղկացած է միայն փայլից եւ անսպառ է՝ իբրեւ առարկայ»։   

 

© Սեւակ Արամազդ