ՍԵՒ ՈՒԺԻ ԳԱՂՏՆԻՔԸ
(www.ilur.am/news/view/12935.html)
Հայաստանի ներկայ իշխանութիւնը մի վարչախումբ է, որ երկիրը մինչեւ կոկորդ թաղել է ստի, կեղծիքի, բարոյազրկութեան, ստրկամտութեան, բռնութեան, հանցագործութեան, ամօթալի սպառողականութեան, կենդանական ստորագոյն բնազդների թանձրատիղմ ճահճի մէջ: Նա անմիջականօրէն կրողն է այն ուժի, որ սառնասրտօրէն ծրագրեց եւ, առանց աչք թարթելու, իրականացրեց Հոկտեմբերի 27-ի պետականակործան արիւնահեղութիւնը, իսկ այնուհետեւ նոյն դիւական վստահութեամբ նաեւ՝ Մարտի 1-ի նախճիրը: Նա իր գործունէութիւնն սկսեց «սրբազան մեռելներ»՝ Անդրանիկ ու Դրօ, կեղծաւորաբար Հայրենիք ներկրելով եւ արտահանելով մի ամբողջ կենդանի ժողովուրդ՝ միաժամանակ անարգելով թէ՛ մեռածներին, թէ՛ ողջերին: Այդ ուժի յետագայ իշխանավարումը ոչ միայն մեր պետութեան անվտանգութեան, այլեւ մեր ազգի գոյութեան վրայ կախուած միակ իրական սպառնալիքն է:
Որեւէ ազգ դեռեւս չի կործանուել դրսեկ հարուածներից, եթէ նոյնիսկ փորձել են նրան ծրագրուած ձեւով բնաջնջել: Ազգը կործանւում է միայն այն դէպքում, երբ քայքայւում է նրա հոգեւոր-բարոյական միջուկը: Սա մարդկային ենթակայական ընկալում չէ, այլ բնական անխախտ օրինաչափութիւն: Ինչպէս ներքին հաւասարակշռութեան խախտման հետեւանքով տրոհւում է նիւթի միջուկը, եւ նիւթը սկսում է քայքայուել, այնպէս էլ երբ մարդկային համակարգում խաթարւում է այն ներքին կազմակերպիչ սկզբունքը, որ կոչւում է պետականութիւն, ծայր է առնում ազգի կործանումը: Հայ մարդատեսակը չի կարող բացառութիւն կազմել այդ օրէնքից:
Այդ ուժն ինչ-որ նորայայտ գիշատիչ չէ, այլ ուղեկցում է լուսաւորեալ մարդկութեանը արդէն հազարաւոր տարիներ: Եթէ ի մտի առնենք մեր պատմութիւնը, ապա դա այն նոյն ուժն է, որ Պապ թագաւորին չներեց Հայաստանը կարճ միջոցում հզօր տէրութիւն դարձնելու համար եւ նրան դաւադրաբար սպանել տուեց՝ ստորագոյն հնարներով վարկաբեկելով նրան. այդ ուժն է, որ չներեց մեր պատմութեան ամենաողբերգական եւ լուսաւոր կերպարներից մէկին՝ Վասակ Սիւնուն, Հայաստանի պետական անկախութիւնը մի վերջին ճիգով վերականգնելու յուսահատ փորձի համար եւ նրա անուրաց ճակատին խարանեց դաւաճանի պիտակը. այդ նոյն ուժն է, որ չներեց Գարեգին Նժդեհին, հակառակ ամենայն «առողջ» տրամաբանութեան, Հայաստանը փրկելու համար եւ յորջորջեց նրան դաւաճան. այդ նոյն ուժն է վերջապէս, որ չներեց եւ մինչեւ հիմա էլ չի ներում Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ Հայաստանի անկախութեան, Արցախի ազատագրման, Հայոց լեզուի գերակայութեան եւ Հայաստան պետութիւնն իբրեւ ինքնուրոյն՝ ազատ ու անկախ գործօն մարդկութեան քաղաքական քարտէզում հաստատելու համար՝ անուանելով նրան նոյնպէս դաւաճան:
Եթէ գանք մարդկային գործունէութեան այլ բնագաւառներին, ապա այդ նոյն ուժն է, որ հետապնդեց Խորենացուն մինչեւ խոր ծերութիւն, իսկ Անանիա Շիրակացուն դարձրեց վտարանդի ու հալածական. այդ նոյն ուժն է, որ Նարեկացուն ստիպեց Փոքր Մհերի պէս եղերօրէն փակուել քարանձաւում. այդ նոյն ուժն է, որ Թալիաթի հրամանով սպանեց Վարուժանին, Զօհրապին, Եարճանեանին, իսկ Ստալինի ու Ֆրանկօյի ձեռքով՝ Բակունցին, Չարենցին ու Լօրկային. այդ նոյն ուժն է, որ 20-րդ դարի սկզբին եւրոպական ակադեմիաներում ու համալսարաններում ուսանողների շուրթերով ծաղրում էր Զիգմունդ Ֆրօյդի հոգեախտաբանական ուսմունքը եւ կամ Այնշթայնի յարաբերականութեան տեսութիւնը՝ կեանքի լայն ճանապարհ բացելով ծաղրողների առջեւ. եւ դարձեալ նոյն այդ ուժն է, որ գերմանացի հանճարեղ գիտնական Վերներ Հայզէնբերգին՝ քուանտային մեխանիկայի ստեղծողին, ֆաշիստների բերանով անուանում էր «հրեական համաշխարհային դաւադրութեան գործակալ», իսկ յետագայում՝ ժողովրդավարների բերանով՝ մեղադրում նրան «ֆաշիստների հետ համագործակցելու մէջ», այնինչ հէնց Վերներ Հայզէնբերգն էր, որ միտումնաւոր ձգձգելով միջուկային զէնքի ստեղծումը՝ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտը, փրկեց մարդկութիւնը անդառնալի կործանումից:
Ո՞րն է, ուրեմն, այդ «խորհրդաւոր սեւ ուժը», որ այսքան աւէրածութիւններ է գործում մարդկութեան դէմ՝ ընդհանրապէս եւ մեր ազգի դէմ՝ մասնաւորապէս: Իմացական առնչութիւններում ինձ համար խնդիրը վաղուց պարզ է, սակայն ամեն անգամ, երբ կեանքում հանդիպում ես այդ ուժի թողած աւէրիչ ազդեցութեանը, մարդկայնօրէն միշտ անակնկալի ես գալիս: Այդ ուժի անունը Հոգու Տգիտութիւն է, որն օժտուած չէ որեւէ խորհրդով, սակայն ունի անթափանց սեւութիւն, որի թունաւոր ճառագայթները երբեմն ախտահարում են նաեւ լուսաւորեալ ուղեղները՝ մարդկային փոփոխական բնութիւնը վարակելով սնափառութեամբ, անարդարամտութեամբ, չափազանցուած ինքնարժէքաւորմամբ կամ դիւրագրգիռ անձնասիրութեամբ: Դա գիտակցաբար թէ անգիտակցաբար իշխանութեան ձգտող մարդկային ես-ն է, որը երբ օժտւում է իշխանութեամբ, փքւում է մինչեւ անսահմանութիւն՝ նենգափոխելով կենսական բոլոր հիմնարար ընկալումներն ու բարոյական արժէքները. երբ մի աննշան ու անանուն աւազահատիկ յանկարծ դուրս է ցատկում մակերեսից եւ փորձում իր կամքը թելադրել ամբողջ ազգին, մարդկութեանը, կեանքին ու աշխարհին: Նա չի գիտակցում եւ չի էլ կարող գիտակցել, որ ինքը դրանով իսկ առաջ է բերում սեփական բացասումը, ինչպէս բնագիտական սեւ մարմինը, որ որքան էլ կուռ ու կատարեալ՝ այնուամենայնիւ, ստիպուած է ենթարկուելու բնութեան օրէնքներին. գոնէ չնչին չափով ճառագայթել:
Այդպէս էլ մարդկային ես-ի իշխանութիւնից առաջ եւ նրանից վեր գործում է Հոգին՝ իր օրէնքների անխախտ ու ճշգրիտ «տիեզերական հաստատունով», առանց որի «նուազագոյն ներգործութեան քուանտի»՝ այս երկրագնդի վրայ ընդհանրապէս հնարաւոր չէր լինի կեանքի գոյութիւնը, իսկ մարդու մասին խօսելն իսկ աւելորդ է:
«Համբերութիւն եւ ժամանակ»,- ասում էր Տոլստոյը: Համբերութիւն եւ ժամանակ՝ կրկնում եմ ես:
01.05.2013թ.
© Սեւակ Արամազդ