Սեւակ Արամազդ. Պետութի՞ւն, թէ՞ իշխանութիւն
Նախագահ Տէր-Պետրոսեանի վերջին հրապարակումներն ու ելոյթները, ինչպէս միշտ, փոթորկեցին Հայաստանի հանրային կարծիքը՝ բացայայտելով արդի հայ քաղաքական գիտակցութեան գարշահոտ ընդերքը՝ լցուած իշխանատենչ բնազդների պղտոր պոռթկումներով։ Կեղծիքի, ստի եւ անբարոյականութեան այդ ցեխարձակ պատկերը վկայութիւնն է մեր հաւաքական բանականութեան համատարած քայքայման եւ, միաժամանակ, հաստատումն ա՛յն ճշմարտութեան, թէ որքա՜ն հիմնաւոր է Առաջին Նախագահի հնչեցրած ահազանգը հայ պետականութեան ապագայի վերաբերեալ։
Յաղթանակը եւ պարտութիւնը «կեանքի խաղի» մաս են կազմում միայն կայացած պետական համակարգերում, երբ այսօր յաղթում ես, իսկ վաղը՝ պարտւում, երբ ձեռքբերումներն ու կորուստները հերթագայում են բնական փոխադարձութեամբ՝ առանց սպառնալիքի տակ դնելու պետականութեան գոյութիւնը։ Նոյնիսկ կարելի է ասել, որ շատ դէպքերում այդ մակընթացութիւններն ու տեղատւութիւնները աւելի են ամրապնդում ազգերի պետական գիտակցութիւնը եւ նպաստում քաղաքական աւանդոյթների բիւրեղացմանը։
Ցաւօք, հայ ժողովրդի պարագային ինչպէս յաղթանակը, այնպէս էլ պարտութիւնը ունեն ճակատագրական նշանակութիւն։ Որքան Արցախեան առաջին պատերազմում շահած յաղթանակն ունէր պետականակերտ իմաստ, նոյնքան էլ Արցախեան երկրորդ պատերազմում կրած պարտութիւնն ունի պետականակործան բնոյթ։ Եւ դա ոչ թէ այն պատճառով, որ հայ պետականութիւնը «ջահէլ է ու անփորձ», այլ շատ աւելի խոր՝ գոյաբանական առումով։
Սակաւ բացառութեամբ, հայ ժողովրդի առնուազն վերջին հազարամեակի պետականազուրկ պատմութիւնը ներկայացնում է անընդհատ անկման մի հաստատուն կորագիծ՝ նման ընկնող աստղի հետագծի, որի լոյսը գնալով աղօտանում է ու մարում։ Հայոց Համազգային Շարժման, Հայաստանի անկախ պետականութեան հիմնադրման եւ Արցախեան յաղթանակի ճակատագրական նշանակութիւնն այն է, որ այն բեկեց այդ հազարամեայ անկման կորագիծը՝ հայ ժողովրդի մէջ ստեղծելով ներքին մի անխախտ համոզում, որ ինքը դարձել է պետական ազգ եւ այլեւս բռնել վերելքի ճանապարհը՝ խուսափելով մեռնող աստղի ճակատագրից։
Արցախեան երկրորդ զոհառատ պատերազմում կրած ջախջախիչ պարտութիւնը, որ կորստեան մատնեց Արցախը եւ ցնցեց Հայաստանը, մոխրացրեց այդ լուսաւոր համոզումը։ Այդ իրողութիւնը սպառնում է հայ ժողովրդին վերադարձնելու կրօնական հօտի իր նախորդ պետականազուրկ վիճակին՝ ստիպելով նրան քրիստոնէական խոնարհութեամբ կրկին համակերպուելու այն մտայնութեանը, թէ դարերի այդ անկասելի անկումն «ի վերուստ» տրուած իր միակ ճակատագիրն է։ Եթէ դա տեղի ունենայ, ապա քաղաքական եւ ռազմական յաղթանակների կարճ շրջանն էլ կամայ-ակամայ կընկալուի իբրեւ պատմութեան մի «երջանիկ բացառութիւն», մի «վերջին շնորհ»՝ նման մահամերձի գիտակցութեան վայրկենական պայծառացմանը, որ անխաբ նշանն է սկսուող հոգեվարքի։
Հայաստանի ներկայ իշխանութեան եւ իր անփառունակ ղեկավարի գործած անչափելի հանցանքը եւ անքաւելի, տիեզերակա՛ն մեղքը հայ մարդու մէջ Հայաստանի անկախութեան ահա այդ ներքին համոզումի ոչնչացումն է, որը ճակատագրական տագնապ ու թերահաւատութիւն ծնում գալիքի հանդէպ։ Այդ ընթացքն անխուսափելիօրէն յանգեցնելու է հայ պետականութեան ներքին արժէզրկմանը, որին եւ յաջորդելու է Հայաստան պետութեան անվերադարձ փլուզումը։
Նման իրավիճակի գլխաւոր պատճառը մէկն է՝ մարդկային անձնիշխանութեան կոյր մոլուցքը, որ հնուց ի վեր ուղեկցում է մարդկութեանը։
Մարդկութեան պատմութեան մէջ գործում են երկու հակադիր սկզբունքներ՝ անձնիշխանութեան սկզբունքը եւ պետականութեան սկզբունքը։ Առաջինի կենտրոնում մարդկային եսն է, երկրորդի կենտրոնում՝ համակարգը։ Առաջինը միշտ ձգտում է տիրել համակարգին, իսկ երկրորդը՝ ծառայել։ Ահա թէ ինչու, առաջինն իր բնոյթով կործանարար է, իսկ երկրորդը՝ ստեղծարար։ Առաջինն անխուսափելիօրէն յանգեցնում է բռնապետութեան, իսկ երկրորդը՝ հաւասարակշիռ համակեցութեան։ Պատահական չէ, որ հայ պետականութիւնն ամենաուղիղ իմաստով վտանգուեց այն ժամանակ, երբ 1998թ․ հակապետական յեղաշրջման հետեւանքով առաջին սկզբունքը սկսեց գերակշռութիւն ձեռք բերել երկրորդի նկատմամբ։ Այդ ընթացքն իր բարձրակէտին հասաւ ներկայ իշխանութեան գործունէութեան մէջ, որը պետականութեան սկզբունքն ամբողջովին նենգափոխեց անձնիշխանութեամբ՝ հայ ժողովրդին տանելով կործանարար պատերազմի եւ սպառնալիքի տակ դնելով հայ անկախ պետականութեան գոյութիւնը։ Դա է պատճառը, որ Հայաստանի ներկայ իշխող ուժի եւ իր թատերական առաջնորդի ազդեցութեան գլխաւոր գործիքը եղել եւ մնում է կեղծիքը՝ իր բոլոր աճպարարական հնարներով։
Ի տես տագնապների ու փլուզումների, անորոշութեան ու յուսալքութեան ներկայ անմխիթար իրավիճակի՝ անհրաժեշտաբար յառնում է մի բախտորոշ հարց.
եթէ հայոց անկախ պետականութիւնը համաշխարհային գործընթացների պատահական արդիւնք չէր, այլ պատմական օրինաչափութիւն՝ հիմնուած հայ ժողովրդի անկախութեան կամքի վրայ, ապա մինչեւ այժմ դեռեւս գործո՞ւն է այդ կամքը։
Անկախութեան կամք ասուածը մի վերացական-վերամբարձ հասկացութիւն չէ, այլ կենդանի-իրական ուժ, որը որեւէ ազգային-պետական համակարգի առաջացման ու գոյատեւման գլխաւոր պայմանն է։ Այդ խորքային ուժը միշտ ի յայտ է գալիս ներկայ ժամանակում՝ տուեալ պատմաքաղաքական իրադրութեան մէջ, եւ չունի ո՛չ անցեալի «յիշողութիւն», ո՛չ ապագայի «տեսլական»։ Այն գործում է՝ անկախ տուեալ ժողովրդի «ժառանգական փառքից» ու «գալիքի երազանքներից»՝ տեւելով միայն այնքան ժամանակ, որքան ժամանակ գիտակցւում է իր կրող հանրոյթի կողմից։ Երբ մարում է այդ ուժի գիտակցութիւնը, անհետանում է նաեւ դրա կրողը։
Ազգերի ու պետութիւնների կործանումը բացառապէս տեղի է ունենում ահա այդ ուժի՝ անկախութեան կամքի, քայքայման հետեւանքով։ Այդպէս են կործանուել կամ անհետացել բոլոր յայտնի ու անյայտ պետութիւններն ու ազգերը՝ եգիպտացիները, ասորիները, հռոմէացիները, փիւնիկեցիները եւ այլն՝ անկախ այն բանից, թէ նրանք ժամանակին եղել են հզօր ու աշխարհակա՞լ, թէ՞ փոքր ու համեստ։ Որեւէ երկրի կամ ժողովրդի կործանումն ու անհետացումը, նրանց մնացորդների համար լինելով դաժանագոյն ողբերգութիւն, չեն ազդել, սակայն, մարդկութեան պատմութեան «ընդհանուր հաշուէկշռի» վրայ։ Դա հաւասարապէս վերաբերում է նաեւ հայ ժողովրդին, որի կործանման պարագային, ինչպէս ասում են, աշխարհը նոյնիսկ աչքը չի թարթի, քանզի հայի ու Հայաստանի չգոյութիւնից դոյզն իսկ «չի նուազի թիւը սրբազան»։
Այսպիսով, որեւէ ժողովրդի անկախութեան կամքը բնական մի ինքնաբուխ ուժ է, որն ունի համակարգաստեղծ յատկութիւն։ Այն անհրաժեշտաբար առաջ է բերում իր կրող քաղաքական կազմակերպութիւնը, որը մարդկային զանգուածը փոխակերպում է պետականութեան համակարգի։ Հայոց պարագային այդ պետականակերտ ուժը Հայոց Համազգային Շարժումն է՝ Հայ Ազգային Կոնգրեսը՝ Առաջին Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ։
88-ի Հայոց համազգային շարժումը մի ժողովրդի անկախութեան կամքի իրականացման դասական օրինակ է։ Այն սկզբում իր ընդերքից ձեւաւորեց իր ղեկավարութիւնը՝ «Ղարաբաղ» կոմիտէն, ապա, ի դէմս Հայոց Համազգային Շարժում նոյնանուն կուսակցութեան, ձեւակերպեց իր քաղաքական գիտակցութիւնը, վերջինս էլ հիմնադրեց Հայոց անկախ պետականութիւնը։ Դա բացարձակապէս բնական ծնունդ էր՝ անձեւ սաղմից մինչեւ մարդ եւ անուն։ Այդ ինքնաբուխ ընթացքն էր, որ հայ ժողովրդին մղեց անօրինակ ինքնայաղթահարման՝ տալով հերոսական պտուղներ։
Այն սոսկական փաստը, որ հայոց անկախութեան այդ ճարտարապետ ուժը՝ Հայոց Համազգային Շարժումը, որ նոյնն է՝ Հայ Ազգային Կոնգրեսը, հէնց սկզբից եղել է, կայ եւ գործում է, անխոցելի ճշգրտութեամբ ապացուցում է, որ, այո՛, հակառակ բոլոր նահանջներին ու պարտութիւններին, հայ ժողովուրդն օժտուած է անկախութեան կամքով, եւ Անկախ Հայաստանի գոյութիւնը պատմական օրինաչափութիւն է։
Սա է հայոց անկախութեան շրջանի մեծագոյն ճշմարտութիւնը։
Դա նշանակում է, որ հայ պետականութեան գլխին կախուած վտանգը հնարաւոր է փարատել միայն Հայաստանի անկախութիւնը կերտած այդ ուժի վճռական ներգործութեամբ։
Թէեւ «չափերով փոքր»՝ Հայ Ազգային Կոնգրեսը, սակայն, տեսակարար կշիռ է հաղորդում հայ քաղաքական զանգուածին՝ լինելով միակ կուսակցութիւնը, որը մշտապէս արծարծ է պահում հայոց անկախութեան կամքի «սրբազան կրակը»։
Դա է պատճառը, որ մնացած բոլոր քաղաքական ուժերն այդպէս ցաւագին են արձագանգում Առաջին Նախագահի իւրաքանչիւր, նոյնիսկ չասուած խօսքին՝ անկախ այն բանից, թէ նա ինչ է ասում կամ ինչի մասին է լռում։ Դրանով այդ ուժերն աներկբայ մատնում են, որ իրենք կեղծաւոր են ու երկդիմի եւ ոչ թէ պետականութեան, այլ անձնիշխանութեան սկզբունքի կրողն են։
Կատաղի մոլեգնութեամբ յարձակուելով Առաջին Նախագահի վրայ, հայհոյելով ու մեղադրելով նրան մտացածին ու ցնորական մեղքերի համար՝ այդ ուժերը կուրօրէն անտեսում են, որ նա առաջին հերթին ոչ թէ անձ է, պետական գործիչ կամ քաղաքական առաջնորդ, այլ հայոց անկախութեան կամքի խորհրդանիշը։
Նա պետականութեան սկզբունքի լաւագոյն մարմնաւորումն է մի մարդու կերպարի մէջ, որի անունն է Լեւոն Տէր-Պետրոսեան։
Եւ նա հայ իրականութեան մէջ միակն է, որ ամբողջովին յաղթահարել է իշխանութեան ձգողութիւնը։
29․05․2021թ․
©Սեւակ Արամազդ