Սեւակ Արամազդ․ ԿԱՆՉԸ

29.09.2022

Գոյութեանը սպառնացող վտանգին դէմհանդիման միաւորուելը, թշնամու դէմ «միասնական բռունցք» դառնալը ոչ թէ քաղաքական կամքի հերոսական արտայայտութիւն է, սեփական յաւակնութիւններն ընդհանուր գործին զոհաբերելու բարձրագոյն առաքինութիւն կամ հայրենասիրութեան ինքնամոռաց «պոռթկում», այլ բնազդ։

 

Այդ բնազդով ի ծնէ օժտուած են ոչ միայն բոլոր կենդանական, այլեւ մարդկային հանրոյթները։ Կեանքի եւ մահի սահմանագծին նոյն վարքն են դրսեւորում նաեւ մենակեաց կամ մենակ մնացած գոյակները՝ մարդ, թէ կենդանի․ ներքին ուժերի գերկենտրոնացում, մահացու ծուղակներից խուսանաւում, ուշադրութեան պրկում շրջապատում կատարուող իւրաքանչիւր շարժման հանդէպ, սպասուելիք յարձակման ու դրա հնարաւոր հետեւանքների անընդհատ գնահատում ու վերարժեւորում եւ համապատասխան արձագանք։

 

Անհատ, թէ ժողովուրդ շարժւում են այդ բնազդի թելադրանքով։

 

Որպէսզի որեւէ բան տեղի ունենայ, անհրաժեշտ է առնուազն երկու կողմ։ Կեանքում ոչինչ չի կարող կատարուել՝ առանց այդ երկու հակադիր կողմերի ամբողջական «համաձայնութեան»՝ անկախ այն բանից, թէ խօսքը վերաբերում է տուեալ հանրոյթի փրկութեա՞նը, թէ՞ կործանմանը։

 

Դրա ամենավառ ապացոյցը հէնց Արցախեան խնդիրն է, որ այժմ դարձել է Հայաստանի խնդիր։ Մասի փրկութեան խնդիրը վերածուել է ամբողջի փրկութեան խնդրի։  

 

Դա կատարուել է հայ ժողովրդի լիակատար «համաձայնութեամբ», այլապէս չէր կատարուի։

 

Որպէս երեւոյթի կրող՝ հայ ժողովուրդն ապահովել է իրադարձութիւնների նման ընթացքի անհրաժեշտ ու բաւարար բոլոր պայմանները եւ հասել այս ճակատագրական հանգրուանին։

 

Կործանման անդունդը բացել է իր երախը եւ իր խորքի խաւարից անթարթ սպասումով նայում է մեզ։

 

Եւ Մեծ Կոչնակահարը հազարապատիկ տագնապ է հնչեցնում իր ժողովրդին՝ արթնութեան կոչելով նրա գոյութեան բնազդը։ 

 

Գետնատարած կերպարներ խլացնում են այդ կանչը, հեգնում, ծաղրում ու ծիծաղում։ Ոմանք անհաղորդ ականջ են դնում, ոմանք մի պահ արթնանում ու, շրջուելով միւս կողքի վրայ, կրկին տրւում երազների երանելի մոռացութեանը, ոմանք էլ ձեռքը թափ տալիս ու հայհոյելով հեռանում․․․ 

 

Յետոյ անյայտ հեռուներից ժամանեցին ինչ-որ մարդիկ եւ սկսեցին փորել հողը։

 

Բացելով ընդերքը՝ նրանք յայտնաբերեցին անթիւ-անհամար աճիւններ, որոնք քարացել էին այն դիրքով, երբ վրայ էր հասել աղէտը։

 

Մէկն ընկած էր բերանքսիվայր՝ գլուխը թաղած ոսկու մէջ, միւսը պինդ բռնել էր գինու մի բեկուած գաւաթ, երրորդը կրծքին սեղմել էր փոշեթաթաւ մի գիրք, չորրորդը՝ մի կին, ձեռքը երկարել էր իր ցրիւ եկած զարդերին, հինգերորդը գրկել էր մի ժանգահար հրացան, վեցերորդը՝ մի զոյգ, անշարժացել էր գիրկընդխառն․․․

 

Պղտոր աչքերը պլշած՝ շրջակայ լեռների մթնադէմ հովիւը դիտում էր այդ տեսարանը՝ մտքում ափսոսալով, որ ինքն աւելի վաղ չէր իմացել այդ թաղուած գանձերի մասին։

 

Նա մի քիչ ոտքը կախ գցեց, յետոյ յոյսը կտրելով՝ ճիպոտը սովոր շարժումով դրեց թեւի տակ  ու, քթի տակ մի անորոշ բայաթի սուլելով, գնաց իր հեռացող հօտի յետեւից։

 

Որոշ ժամանակ անց վարանոտ զարմանքով կանգ առաւ․ թուաց, թէ ականջին հասաւ հեռո՜ւ, հազիւ լսելի մի անծանօթ կանչ․․․

 

Յետ նայեց։

 

Շուրջը միայն քամի էր, արեւ եւ լռութիւն։

 

28․09․2022թ․

© Սեւակ Արամազդ