ՍԵՒԱԿ ԱՐԱՄԱԶԴ․ ՃՇՏԵԼՈՎ ՀԱՍԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

30.03.2021

Մի անգամ, երբ չինացի մեծ մտածող Քունգ-Ցէին (Կոնֆուցիուս) աշակերտներից մէկը հարցնում է, թէ ինչի՞ց պէտք է սկսել պետութեան կառավարումը, նա պատասխանում է․ «Հասկացութիւնների ճշտումից»։

 

Սա, յիրաւի, մի յաւիտենական ճշմարտութիւն է, որը կազմում է իւրաքանչիւր պետականութեան գոյութեան  հիմքը, սահմանում նրա կենսական կշիռը եւ երաշխաւորում յարատեւման հեռանկարը։

 

Այն բոլոր ժողովուրդները, որոնք իրենց պետութիւնը կառուցում են «հասկացութիւնների ճշտման» սկզբունքով, երկարակեաց են եւ կենսունակ։ Հակառակ պարագային պետութիւնները գոյանում են՝ իբրեւ բարենպաստ հանգամանքների պատահական զուգադիպման արգասիք՝ սովորաբար ունենալով ակնթարթային կեանք․ մի պահ յայտնւում են պատմութեան հորիզոնում եւ տեսիլքի պէս չքանում։ Մարդկութեան պատմութիւնը լի է այդպիսի տեսիլք-պետութիւնների մոռացուած ու փոշեկուր աճիւններով։

 

Հնուց ի վեր պետականութիւն ունեցող ազգերն իրենց կենսագործունէութեան մէջ իրականում զբաղուած են գլխաւորապէս մէկ բանով՝ «հասկացութիւնների ճշտումով», որի շնորհիւ նրանք ապահովում են իրենց տեղն ու դերը ազգերի համաշխարհային մրցապայքարում։

 

Ուստի, «պետական գիտակցութիւն» ասուածը ոչ այլ ինչ է, քան հասկացութինների անընդհատ ճշտում՝ տուեալ պատմաքաղաքական պայմաններին համապատասխան։ 

 

Մեր ժողովրդի հազարամեայ պետականազրկութեան պատճառն այն է, որ նա պատմութեան մի որոշակի շրջանում բոլորովին դադարեց «ճշտել հասկացութիւնները», ինչի հետեւանքով մատնուեց քաղաքական չգոյութեան։ Նա դէմքը խռոված շրջեց աշխարհից եւ իր կրած իրարայաջորդ անվերջանալի պարտութիւնները արտաքսելով դէպի երկինք՝ կառուցեց այնտեղ մի բարձրագմբէթ «յաղթական» տաճար, որն իրենով փակում էր ամբողջ հորիզոնը, սակայն երկրի վրայ գոյութիւն չունէր։

 

Չնչին բացառութիւններով, խեղճութեան ոգուց ծնուած այդ ինքնամխիթարանքով սնուելով՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրեց ինքն իր մէջ պարփակուած՝ ասես մի «սեւ խոռոչում», որտեղ դադարում են գործել աշխարհի ու բնութեան օրէնքները, եւ հետզհետէ կծկուեց՝ տարրալուծուելով ասես մի չար ու անզարթ մղձաւանջում։ 

 

Նա լքեց այդ «սեւ խոռոչը» միայն մէկ անգամ՝ շնորհիւ իր լաւագոյն որդիների, որոնք վճռեցին վերջ դնել այդ ստրկական ու մահաբեր ինքնախաբէութեանը եւ, «ճշտելով հասկացութիւնները», ազդարարեցին, որ՝

- հայ ժողովուրդը սովորական ժողովուրդ է, ինչպէս աշխարհի միւս բոլոր ժողովուրդները․

- նա պէտք է ապաւինի միայն ու միայն իր սեփական ուժերին եւ ոչ թէ յոյսը դնի որեւէ երրորդ ուժի վրայ․

- նա պէտք է ճշգրիտ հաշուարկի իր ուժերը եւ գործի միմիայն՝ ըստ իր կարողութեան․

- նրա միակ փրկութիւնն իր անկախ պետականութիւնն է․

- նրա միակ պաշտպանն իր պետական բանակն է․

- նա ինքնիշխան է՝ ինքն է իր միակ տէրը․

- նրա միակ «ազգային գաղափարախօսութիւնը» իր սահմանադրական ազատութիւնն է․

- կրօնն անհատական խղճի հարց է․

- Հայաստանը չունի նախասահմանուած բարեկամներ կամ թշնամիներ, ունի միայն ազգային շահեր․

- Հայաստանը պէտք է ձգտի խաղաղ գոյակցութեան՝ աշխարհի բոլոր երկրների, առաջին հերթին իր հարեւանների հետ

եւ այլն։

 

Շնորհիւ «հասկացութիւնների ճշտման» այդ քաղաքական անօրինակ  սխրանքի, մեր ժողովուրդը վերյառնեց՝  իբրեւ արդիական ինքնիշխան ներկայութիւն՝ ազատ ու յաղթական։ Կարճ միջոցում նա գործեց իրական հրաշքներ, սակայն պատերազմի բնական դժուարութիւնների թանձր ստուերը մթագնեց նրա պատմաքաղաքական գիտակցութեան այդ լուսաւոր բռնկումը։ Նա  ակամայ խոր թերահաւատութեամբ լցուեց իր այն որդիների հանդէպ, որոնք արթնացրել էին իրեն ինքնամոռաց ստրկութեան քաղցր քնից եւ առերեսել աշխարհի ցաւոտ ու անզիջում իրականութեանը։

 

Օգտուելով դրանից՝ իշխանութիւն տենչացող հայ ռազմաքաղաքական ընդդիմութիւնն արհամարհանքով գետին նետեց «հասկացութիւնների ճշտման» սկզբունքը եւ տրորեց ոտքերի տակ՝ որպէս հայ ժողովրդի դէմ նիւթուած «համաշխարհային դաւադրութիւն», որի նպատակն է խլել յաղթանակը հայոց ձեռքից, եւ սկսեց հալածել այդ նոյն յաղթանակը կերտածներին՝ իբրեւ «դաւաճանների»։

 

Մնալով մերկ ու մեկուսի՝ հայ ժողովուրդը դարձեալ սուզուեց հազարամեայ մենութեան իր տաք ու խուլ «սեւ խոռոչում», եւ անցեալի բոլոր «յաղթական» մոլորութիւնները՝ զարդարուած պահանջատիրական «լուսապսակով», մի նոր ուժով յետ եկան ու պարուրեցին նրան «հողահաւաք Հայրենիքի» ցնորական խոստումով։ 

 

Հետզհետէ պարպուելով իր միակ իրական՝ քաղաքական իմաստից, յաղթանակը հեռացաւ-հեռացաւ ու այդպէս էլ չդառնալով գիտակցութիւն՝ վերածուեց թշնամի երկրում «թեյ խմելու» համազգային սեւեռուն երազանքի, մինչեւ կործանիչ պարտութիւնը հերթական անգամ վրայ հասաւ ու ճզմեց երազողին՝ անողոք ու անդառնալի։

 

Եւ աշխարհը դարձեալ լցուեց հայոց ողբով ու ողբերգութեամբ։ Ի տես ահասարսուռ կորուստների՝ հայ ժողովրդի մթագնած յիշողութեան մէջ ցոլաց իր հալածեալ որդիների անլռելի ահազանգը, որ հնչում էր տարիներ, եւ մի պահ արթնացաւ յոյսը, որ եթէ յաղթանակն այդպէս էլ գիտակցութիւն չդարձաւ, ապա այս անգամ գոնէ պարտութի՛ւնը կդառնայ գիտակցութիւն։

 

Ցաւօք, այդ յոյսը միայն մի պահ առկայծեց եւ անմիջապէս էլ մարեց դաւադրապաշտական ընկալումների  խռովայոյզ խառնաշփոթում։ Հայ քաղաքական գիտակցութիւնը սկսեց տենդագին փնտրել պարտութեան պատճառներն ամենուր՝ ներսում ու դրսում, հեռու ու մօտիկ, երկնքում ու երկրի վրայ, եւ մտքի «արծուային թռիչքով» գտաւ դրանք դաւաճանութեան, անկազմակերպուածութեան, թերազինման, թերասնման եւ մինչեւ անգամ հագուստ-կօշիկի բացակայութեան մէջ․․․

 

Նա չտեսաւ միայն այն, ինչ այդ պարտութեան բերումով դաժան մերկութեամբ ցցուել էր իր առջեւ, այն է՝ իրականութեան նենգափոխումն իր դարաւոր ցանկամտութեամբ եւ ճշմարտութեան խեղաթիւրումը ազգային բացառիկութեան յոխորտալից կեղծիքով։

 

Թւում է՝ այդ իռացիոնալ կենսընկալումը ոչ միայն դարձել է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցութիւնը, այլեւ նոյնիսկ խոր արմատակալել նրա ենթագիտակցութեան մէջ եւ պայմանաւորուած չէ ո՛չ կրթութեամբ, ո՛չ դաստիարակութեամբ, ո՛չ հանրային միջավայրով։ Ասուածը պերճախօս կերպով ապացուցում է արդի քաղաքակրթութեան կենտրոններում սերնդէսերունդ ապրող սփիւռքահայութեան օրինակը, որի համար աշխարհին ներկայանալու միակ «այցէքարտն» իր քրիստոնէական ինքնութեան եւ Ցեղասպանութեան զոհ լինելու «բացառիկ» հանգամանքն է, իսկ մնացած ամեն ինչ՝ լեզու, երկիր, պետութիւն, քաղաքականութիւն, դիւանագիտութիւն եւ այլն, ուղեկից եւ ստորադաս իրողութիւններ են։ Պատահական չէ, որ Սփիւռքում, ի տարբերութիւն մշակոյթի ու առեւտրի ոլորտների, քաղաքական, պետական կամ գիտութեան ասպարէզներում հայերն աւելի քան համեստ ներկայութիւն են, սակայն նրանց մեծագոյն մասը «հայոց պահանջատիրութեան» ապաքաղաքական եւ ապապետական մտայնութեան անդրդուելի «կռփամարտիկ» է։        

 

Դա է պատճառը, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում, ըստ էութեան, մենք չգիտակցեցինք մեր անկախ պետականութեան ստեղծումը, չարժեւորեցինք մեր քաղաքական-տնտեսական ազատութիւնն ու չըմբռնեցինք Արցախեան անհնարին յաղթանակը եւ քսանամեայ «տքնանքից» յետոյ, մօտ երեք տարի առաջ, համազգային ցնծագին համերաշխութեամբ իշխանութեան բերեցինք մի կիսագրագէտ ու արկածախնդիր մարդու, որը թէեւ բացարձակապէս զուրկ է քաղաքական-պետական գիտակցութիւնից ու մարդկային-բարոյական տարրական սկզբունքներից, սակայն ամպագոռգոռ ամբոխավար է ու հաճելի ստախօս եւ, իբրեւ «իսկական հայ», իր անձի ու ազգի «ընտրեալութեան» ու «հայի համաշխարհային առաքելութեան» լեգենդի «աննախադէպ» սիրահարը։

 

Հետեւանքը չուշացաւ․ այդ անձի հրձիգ առաջնորդութեամբ Արցախեան երկրորդ պատերազմում մեր երկիրը կրեց ջախջախիչ պարտութիւն, որը հողմացրիւ արեց հայոց անկախ պետականութեան բոլոր նուաճումները եւ մոխրացրեց հայ ժողովրդի ապագայի յոյսը։

 

Որքան ցնորական էր երազանքը, այնքան դաժան էր իրականութեան վրէժը․․․

 

Այդ պատերազմը ցաւագնօրէն վկայեց, որ հայոց «ընտրեալները»՝ հոգեւոր-քաղաքական դասն ու մտաւորականութիւնը, ակնբախ վտանգին դէմյանդիման, ամբողջ քսաներկու տարի ի վիճակի չեղան հանդէս բերելու գոնէ տարրական կենդանական ունակութիւն՝ տեսնելու ոտքի տակ բացուող անդնդի մահացու խորութիւնը, մինչդեռ նոյնիսկ չնչինագոյն միջատը որեւէ գործողութեան դիմելուց առաջ հոտոտում-տնտղում է շրջապատը, բնազդով կշռում հնարաւոր սպառնալիքները եւ նոր միայն անում իր քայլը։

 

Ուստի, քանի դեռ հայ քաղաքական գիտակցութիւնը չի յաղթահարել «պահանջատիրական» ցնորամտութիւնը եւ չի ազատագրուել այդ կեղծ մտայնութիւնը դաւանող ուժերի մահառիթ ներկայութիւնից (դաշնակներ, հանրապետականներ, «իմքայլականներ», զանազան «ռազմահայրենասէրներ» եւ այլն), հայոց պետականութեան գոյութիւնը սկզբունքօրէն միշտ լինելու  է հիմնիխոր վտանգուած, իսկ հայ ժողովուրդն էլ՝ ենթակայ նորանոր աղէտների եւ, ի վերջոյ, անփառունակ կործանման։     

 

Դրա ակնառու  ապացոյցն է այն իրավիճակը, որ այժմ տիրում է Հայաստանում։ Այդ մտայնութիւնը կրող երկու «քաղաքական» հակամարտ ուժերը՝ իշխող ուժը եւ «ընդդիմութիւնը», իշխանութեան պայքարում փորձում են «յաղթանակ» կորզել իրենց իսկ հեղինակած համազգային ողբերգութիւնից՝ անվարան պղծելով մարտի դաշտում ընկած հայ զինուորի յիշատակը եւ անխնայ կոխկրտելով հայ ժողովրդի արժանապատւութիւնը։ Յիրաւի, մարդկային անբարոյականութիւնն անհուն է ու անսահման․․․

 

Իրականում այդ ուժերը «մի մարմին են ու հոգի»․ իշխող ուժն «ընդդիմութեան» անժխտելի անցեալն է, իսկ «ընդդիմութիւնը»՝ իշխող ուժի անխուսափելի ապագան։ Բախուելով ներկայում՝ նրանք ձուլւում են իրար, պատրաստ՝ միասնական պայթիւնով ոչնչացնելու հայոց ինքնիշխանութիւնը՝ սերունդներին թողնելով ազգային չգոյութեան «մաքուր դատարկութիւն»։        

 

Պարտուած, ջարդուած ու շփոթուած՝ հայ ժողովուրդը մնացել է թեւաթափ կանգնած իր հայրենիքի փլատակների առջեւ եւ քարացած հայեացքը յառած իր հազարաւոր զոհուած որդիների դիակներին՝ չգիտի իր անելիքը։

 

Նրա քաղաքական տէրերը, ինչպէս միշտ, ընկած աշխարհէաշխարհ, եռանդագին հովանաւորներ են փնտրում իրենց պստիկ եսի փրկութեան համար, որպէսզի մնա՛ն կամ գա՛ն իշխանութեան։

 

Նրանք չգիտեն, որ այս աշխարհում ոչ ոք չի ընդունի արիւնաթաթաւ ոտքերով եւ անլուր հանցանքների ու ամօթալի պարտութեան բեռը շալակած անկոչ հիւրերի, եւ լաւագոյն դէպքում իրենց սպասում է օտար շքեղազարդ դռների արհամարհալից շրխկոցը։

 

Միակ ելքն այս մղձաւանջից հայ ազգային ինքնագիտակցութեան բարեփոխումն է՝ «հասկացութիւնների ճշտման» հաւերժական սկզբունքով։

 

Այդ սկզբունքն անվրէպ գործեց երեսուն տարի առաջ, երբ հայ ժողովրդի լաւագոյն որդիները կերտեցին պետութիւն եւ յաղթանակ։

 

Կգործի նաեւ այժմ։

 

Քանզի գիտակցուած յաղթանակը եւ գիտակցուած պարտութիւնը, ըստ էութեան, նոյնն են․ երկուսն էլ տանում են դէպի «հասկացութիւնների ճշտում»՝ դէպի վերջնական յաղթանակ։

 

Գուցէ հէնց այս գիտակցութի՞ւնն է հասունանում մեր ժողովրդի խոր ու անթափանց լռութեան ընդերքում․․․


© Սեւակ Արամազդ