ՍԵՒԱԿ ԱՐԱՄԱԶԴ․ «ԵՍ ՉԵՄ ՅԻՇՈՒՄ ԻՄ ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ․ ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ»

21.10.2015


- Ի՞նչն է օգնում Ձեզ յաղթահարել դժուարութիւններն ու առաջ շարժուել:

 

-  Ազատութիւնը:

 

 

Կա՞ն բաներ, որ Դուք պատրաստ չէք ներելու:

 

-  Կարելի է ներել անհնարին մեղքեր եւ չներել չնչին վրիպումներ:

 

 

- Ի՞նչն է, որ Ձեզ համար ամենից դժուար է եղել տանել կեանքում:

 

-  Կեանքը:

 

 

- Կեանքի ո՞ր շրջանի, ինչպիսի՞ իրադարձութիւնների հետ են կապուած Ձեր ամենաջերմ յիշողութիւնները:

 

-  Մանկութեան հետ: Օրինակ, ութ թէ ինը տարեկանում առաջին անգամ բանաստեղծութիւն էի ուղարկել մի թերթի եւ մերժում ստացել: Ես նորից  ու նորից կարդում էի այդ նամակը, որովհետեւ այնտեղ «իսկական տպատառերով» գրուած էր իմ անունը: Իմ աչքին մերժումը հաստատում էր իմ բանաստեղծ լինելը: 

 

 

- Ձեր կարծիքով, ի՞նչն է փոխւում ժամանակի հետ եւ ի՞նչն է, որ եղել է ու կլինի միշտ:

 

-  Այն, ինչ փոխւում է ժամանակի հետ, ինքը ժամանակն է: Այն, ինչ եղել ու կլինի միշտ, բանաստեղծութիւնն է: 

 

 

- Հաւատո՞ւմ էք, որ մեծ մասն այն ամենի, ինչ կատարւում է, ճակատագրի ձեռքի գործն է, թէ՞ դա մեր սեփական ընտրութիւնն է, մեր որոշումը:

 

-  Իր օրագրային գրառումներից մէկում Լեւ Տոլստոյն ասում է. «Աստուած իմ ցանկութիւնն է»:  («Бог - это моё желание»).

 

 

- Ինչպիսի՞ մարդկանցով էք աշխատում Ձեզ շրջապատել:

 

-  «Իմ ընկերները իմ վեհ մտքերն են» (Աւ. Իսահակեան):

 

 

- Ձեր բնաւորութեան ո՞ր գծերն էք Դուք գնահատում եւ ո՞ր գծերի դէմ էք փորձում պայքարել:

 

-   Անկախութիւնը՝ ինչպէս յաջողութիւններից, այնպէս էլ անյաջողութիւններից:  Երբեմն ինձ թւում է, թէ ես թոյլ մարդ եմ, որն այդպէս էլ չի կարողանում հասկանալ, թէ ինչ է նշանակում «լինել ուժեղ»:

 

 

- Առաջին հերթին ի՞նչ պէտք է սովորեցնել երեխաներին:

 

-  Մայրենի լեզուն:

 

 

- Յիշո՞ւմ էք Ձեր մանկութեան երազները: Դրանցից որո՞նք են իրականացել:

 

-  Մանկութիւնը միակ ճշմարիտ իրականութիւնն է: Երբ մանուկ ես, աշխարհն ընկալում ես իբրեւ երազ: Ցաւօք, ժամանակի ընթացքում դրանց տեղերը փոխւում են. աշխարհը դառնում է իրականութիւն, իսկ մանկութիւնը՝ երազ, եւ հարցը մնում է անպատասխան:

 

 

- Կա՞ն բաներ, որոնք Ձեզ անմիջապէս յիշեցնում են մանկութեան մասին, կարօտաբաղձութիւն ծնում Ձեր մէջ: Եթէ այո, ապա ինչպիսի՞:

 

-  Ես չեմ յիշում իմ մանկութիւնը. ես ապրում եմ իմ մանկութիւնը:

 

 

- Ասում են, Երեւանն այլեւս այն չէ: Ձեր կարծիքով, ի՞նչն է փոխուել: Մարդի՞կ, մթնոլո՞րտը:

 

-  Երեւանն ազատ չէ: Իսկ այն, ինչ ազատ չէ, չի կարող լինել գեղեցիկ:

 

 

Սովորաբար, ինչո՞վ էք սկսում Ձեր օրը:

 

-  Տարակուսում եմ, որ ամեն անգամ օրն սկսւում է ինձնով:

 

 

- Ճի՞շտ է, որ ստեղծագործող մարդիկ աւելի զգայուն են ու ընկալունակ:

 

-  Չեմ կարծում:

 

 

- Ե՞րբ էք գրել Ձեր առաջին ստեղծագործութիւնը:

 

-  Երբ սովորեցի Հայոց տառերը:

 

 

- Ո՞րն է Ձեր ներշնչանքի առաջին աղբիւրը:

 

-  Զարմանքը:

 

 

- Մեր ժամանակներում որքա՞նով են ճանաչումն ու տաղանդը կապուած իրար հետ:

 

-  Տաղանդը ծառն է, ճանաչումը՝ ծառի խշշոցը:

 

 

- Ձեր կարծիքով, փառքն ու փողը փոխո՞ւմ են մարդուն դէպի վատը:

 

-  Երկուսն էլ խաբկանք են, որ կեանքում վերածւում են խաբէութեան: 

 

 

- Ե՞րբ էք Ձեզ զգում իսկապէս երջանիկ:

 

-  Երբ մոռանում եմ, որ աշխարհում գոյութիւն ունեն երջանկութիւն եւ դժբախտութիւն:

 

 

- Ինչի՞ համար էք կեանքում ափսոսացել. այն բանի համար, ինչ արե՞լ էք կամ էլ այն բանի համար, ինչ այդպէս էլ չէ՞ք հասցրել կատարել, ասել:

 

-  Ափսոսանքը ծնւում է անհնարինութեան զգացումից՝ յետադարձօրէն շտկելու արդէն եղածը:  Լաւ կլինէր, ոչ թէ ափսոսալ, այլ ճանաչել այն, ինչ արժանի է ափսոսանքի: 

 

 

- Ինչի՞ համար էք շնորհակալ ճակատագրին:

 

-  Ճակատագրիս համար: 

Այլ հարցազրոյցներ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին գրություններից մեկում նշել էր մի քանի մտավորականների անուններ, որոնք համարձակություն են ունեցել հրապարակային խոսելու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների մասին՝ մերժելով ավանդական, հայդատական կեցվածքը: Նրանց շարքում է գրող, թարգմանիչ Սեւակ Արամազդը, որի հետ զրուցել է «Ալիք Մեդիայի» Թաթուլ Հակոբյանը։


ԱՒԵԼԻՆ