ՊԱՏԱՐԱԳ
Շարք, 1996-1997թ․թ․
Մայրիկիս՝
ՄԱՅՐԱՆՈՒՇ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ
յիշատակին
Ա
Յածում էր մահը տան շուրջը անտես.
Ու վարանում էր մտնել շեմքից ներս՝
Մի թափառական, անկոչ հիւրի պէս:
Հետեւում էր նա ամեն ակնթարթ.
Ուրուականի պէս՝ կոյր ու աննկատ.
Ուղարկուած ասես աշխարհից անյայտ:
Յայտնւում էր նա՝ քնած թէ արթմնի.
Երազում անդորր, տանջանքում դժնի.
Աղերսում անխօս՝ մի անկիւն գտնի:
«Օտարական է՝ անտուն ու թշուառ...»,-
Բացեցիր դուռը՝ ճիգով անհնար.
Ու յառնեց նրա դէմքը լուսնահար:
Թուաց՝ վանում է քեզ մէկը հեռու.
Ու ոչինչ, ոչինչ չկայ կառչելու...
Եւ յանձնուեցիր՝ խոնարհ ու հլու:
Հետեւում էիր՝ մանկան նման լուռ.
Երբ բացուեց յանկարծ անթափանց մի դուռ...
Ու մնաց տունը՝ տխուր ու թափուր:
Բ
Զարկեց կայծակով վայրկեանը յանկարծ.
Հրկիզուեց տունն իմ երազի անդարձ.
Մնաց լոկ յուշի մոխիրը հանգած:
Թուաց, թէ անօգ մանուկ եմ կրկին.
Լալիս եմ ջերմին՝ փարուած քո կրծքին.
Հոսում է արցունքս քո յոգնած ձեռքին:
Բացուեցին երկնի դարպասները փակ.
Վերացաւ ճախրով աղաւնին ճերմակ.
Իջաւ մի փետուր՝ իբրեւ լուռ օրհնանք:
Մնացի մոլոր՝ թախիծով տրտում.
Մայրն էիր դու իմ՝ տաք, կեանքով լեցուն.
Եւ դարձար հեռու, անմերձ սրբութիւն:
Գ
Անլոյս աշխարհի մռայլ ճամփէքին
Կորած մանկան պէս՝ բեկուած իմ հոգին
Որոնում է քեզ ու լալիս կրկին:
Թւում է՝ կելնես հիմա իմ դիմաց.
Դէմքիդ՝ կարօտի ժպիտ ամօթխած.
Կսրբես թեւքով արցունքներդ թաց:
Յայտնւում ես ինձ երազում պայծառ.
Ելնում ես շիրմից՝ անբիծ, անխաթար.
Յարութեան մէջ է քո հոգին արդար:
Արթնանում եմ ես դատարկ սենեակում,
Ուր մենութեան ցուրտ խաւարն է հսկում.
Եւ քո անփարատ կորուստն եմ սգում:
Շրջում եմ դէմքս՝ խռոված կեանքից.
Խաբկանք է ողջը՝ փուչ, անկարեկից...
Խոնարհւում յուշիկ ու ծածկում ես ինձ:
Դ
Եղաւ կեանքը քո՝ մահիդ պէս անզարդ.
Երազանք անեղծ. տանջանք անաղարտ.
Սկիզբ մի անյայտ եւ վերջ աննկատ:
Եւ եղաւ հոգիդ՝ կեանքիդ պէս անբառ.
Հէգ-խռովայոյզ եւ ըմբոստ-խոնարհ.
Հաւատ մի անխօս եւ մեղք մի անչար:
Աշխարհն էիր դու՝ աշխարհից հեռու.
Որ հողից ծնուած՝ հող չէր դառնալու.
Ու շեմքին նստած՝ լռում էիր դու:
Մնում էիր խուփ գուցէ քո որդուն,
Որ դեգերում էր աշխարհներ անտուն...
Եւ ժամանակը կնճիռ էր բարդում:
Երբ եկաւ մի օր մի կոյր այցելու.
Ցոյց տուեց գիրը կեանքի ու մահու՝
Յանուն աստծոյ եւ ընդդէմ մարդու:
Ե
Խայտում էի ես ծոցի մէջ քո սուրբ՝
Որպէս կաթիլը ծովի երկնածուփ՝
Վերահաս կեանքի հրճուանքով անզուսպ:
Արթնացայ ճիչով աշխարհի վրայ.
Երազում ասես՝ մի անհուն-անմահ.
Ճանաչեցի քեզ ցոլանքում նրա:
Տեսայ դէմքը քո՝ կծկուած ցաւից.
Ծալքում ամեն մի՝ հազար վէրք ու վիշտ.
Խոստումով յոյսի ժպտում էիր ինձ:
Հեղուեց երգը իմ՝ անմեկին ու ջինջ.
Աղօթում էիր հաւատով աննինջ.
Աղօտում էր լուռ քո դէմքը քիչ-քիչ:
Մնացի մենակ ես իմ երգի հետ.
Կցնդի նա էլ երազում անհետ.
Կննջեմ յոգնած քո գրկում յաւէտ:
Զ
Գուրգուրում էի քո դէմքը հանգած՝
Սնարիդ առջեւ արցունքով ծնկած.
Մի վերջին անգամ ժպտացիր յանկարծ:
Ժպտացիր այս փուչ աշխարհին անդուռ,
Ուր չարչարուեցիր, տքնեցիր անդուլ.
Մնացիր կրկին շուար, վիզդ ծուռ:
Եւ չար ու բարուն ժպտացիր արար,
Որ կռւում էին մոլուցքով խաւար.
Եւ կոխկրտեցին հոգին քո խոնարհ:
Գիտես գաղտնիքը, մայր իմ, ինձ ասա.
Տառապում եմ ես աշխարհի վրայ.
Բզկտուեց երգն իմ փշերին նրա:
Բերեցիր դու ինձ՝ ինձ էլ քեզ հետ տար.
Իջնում է խաչը՝ պահուած ինձ համար.
Մնում ես դու լուռ՝ հանց աստուածամայր:
Է
Պահել էիր քեզ դու մահդ միայն.
Ներծծուեց կեանքդ աշխարհին համայն.
Մի պարզ ու անձայն աղբիւրի նման:
Տագնապում էիր, դողում հոգեւին
Բախտի վրայ իմ՝ անյայտ ու մթին.
Թռչունի նման կառչած քո բոյնին:
Ամեն ինչ ասես դու գոց գիտէիր.
Սկիզբ ու վախճան, սէր-ճակատագիր.
Երկրի նման՝ անշարժ ու անծիր:
Չմնաց հոգուդ մի մեղք իսկ չնչին.
Քո կեանքն էր խօսքդ՝ միակ եւ վերջին.
Աղօթքի նման յղուած արարչին:
Ժպտացիր մահին՝ աչքերով ցամաք.
Թողեցիր ողջը՝ երջանիկ համակ.
Ձուլուեցիր լոյսին՝ որպէս պատարագ: