ԾՈՎ
Շարք, 1979թ․
ՆԱԽԵՐԳԸ
Ամեն վայրկեան, ամեն օր ու ամեն ժամ
Լոյսն իր ձեռքով՝ աներեւոյթ ու դաժան,
Կեռ է խրում երազի մէջ իմ ձկան:
- Ոսկէ ձո՛ւկ իմ, լոյսը խայծ է, լոյսն էլ՝ զոհ.
Քեզ պէս զոհ է՝ ծածկուած մինչեւ հորիզոն
Սուտ խօսքերի ճառագայթող աւազով:
Խո՜ր թաքցրու, ոսկէ ձո՛ւկ իմ, դու մաշկիդ
Տա՜կ թաքցրու քո երազը՝ իբրեւ վիշտ,
Մինչեւ որ նա դառնայ լոյսի մարգարիտ:
Ու երբ մեռած ափ կնետուես դու մի օր,
Երբ կլցուես ամայութեան աւազով,
Մարգարիտը քեզ կտանի կրկին ծով:
1978թ.
ԳԱՂՏՆԻՔԸ
- Ծո՛վ, արդեօք ո՞վ կիմանայ գաղտնիքները քո.
Ալիքներդ չգիտեն՝ ի՞նչ կայ քո խորքում:
Նրանք անվերջ, անդադար՝ եռանդով մի կոյր,
Քեզնից փախչում են ընդմիշտ, սակայն արդեօք ո՞ւր:
Նետւում են ափը դէպի՝ հրելով իրար.
Եւ փրկութեան աւազում կործանւում են յար...
- Ծո՛վ, արդեօք ո՞վ կիմանայ գաղտնիքները քո.
Բայց, ծո՛վ, ամեն ալիքդ մեռնում է երգով:
ԼՌՈՒԹԻՒՆԸ
Անշարժ էր ծովը: Անդորր
Թմբիր էր իջել՝ երազի
Նման ծակոտկէն ու լուռ:
Հոսում էր մեծ մի խորհուրդ
Դէպի ինձ՝ ալիք առ ալիք.
Անյայտ էր, անծիր ու մութ:
Եւ կուչ էր եկել հոգիս.
Ու լալիս էր լուռ, դառնաղի.
Անզօր՝ անհունի դիմաց:
Հեռու՝ երկնքում յանկարծ
Մի աստղ սրընթաց պոկուեց՝
Սուզուեց ծովի մէջ անդարձ:
Կրկին ամայի ու լուռ,
Յանձնուած նիրհին իր անհուն՝
Անշարժ էր ծովը: Եւ զուր
Փորձում էր աստղը ընկած
Մարգարիտ դառնալ շողշողուն՝
Ներփակել անհունը ծովի:
Անշարժ էր ծովը, անդորր.
Խենթացած ճչում էր հոգիս՝
Անմիտ, անիմաստ, անզօր...
ՊԱՏՐԱՆՔԸ
Լուսնկայի անդորրի մէջ շողարծարծ
Ծովը մեծ էր, ու անսահման, ու անհուն.
Գգւում էին ալիքներին դիմադարձ.
Ու կայծկլտում անուրջները անանուն:
Բեկուն, ինչպէս ծովին ընկած ճառագայթ.
Ծորուն, ինչպէս աստղալոյսի երգը ջինջ.
Հոգիս ահա՝ մի նշողիւն, մի առկայծ,
Իր լոյսն էր թոյլ խառնում ծովի անուրջին:
Աստղէ դէմքով մի ջրահարս խուսափուկ
Ելաւ մարմանդ մթնշաղից մեղմասահ.
Ու շշնջաց աստեղաձայն, աստղաբոյր.
- Հաւերժութեան ոգու երգին դու անսա՛:
Ձուլուի՛ր, լուծուի՛ր ծովի անհուն անուրջին.
Եւ հաւերժի տրոփիւնը դու կզգաս.
Եւ կհասնես սահմաններին այն վերջին,
Ուր նիւթը ձոյլ դառնում է լոյս գաղափար...
Ու երբ ծովի անրջասոյզ երեսին
Արեգական հուր ծիծաղը ծաւալուեց,
Անհետացա՜ւ տեսիլքը այդ սուրբ ու սին.
Իմ դէմ նորից ծովն էր անհուն: Անծիր: Մեծ...
ԵՐԱԶԸ
Ասում են, թէ հին ժամանակ մի նաւազ ջահել
Երազի մէջ տեսնում է մի ջրահարս հուրհեր:
Ու լքելով տունն հայրենի՝ մի օր վաղ ծէգին
Հեռանում է որոնելու գանձն իր անմեկին:
Վերջը պարզ է՝ կործանւում է նաւազը ջահել.
Սակայն ծովը յուշը նրա անմեռ է պահել:
Ասում են, թէ ճայի մէջ է նաւազի հոգին.
Եւ ո՞վ գիտի արդեօք ծովի խաղը անքնին:
Ճայերը՝ կոյր, ագահաբար - տեսնում եմ ահա -
Յարձակւում են փոքրիկ ձկան երազի վրայ:
Ծուատում են գիշատիչի մոլուցքով մթին.
Գուցէ հէնց այդ փոքրիկ ձո՞ւկն է նաւազի հոգին...
ՀԷՔԻԱԹԸ
Ասում են, թէ ծովի խորքում՝ դղեակում անդուռ,
Ապրում է մի ոսկէ ձկնիկ՝ շնորհներով բիւր:
Ու երազում ամեն ձկնորս տեսնում է նրան՝
Որպէս բախտի տեսիլքը հին՝ շքե՜ղ, հուրհրա՜ն:
Նստած ծովի անյայտութեան ափերին նրանք
Գործում են մի ոսկէ ուռկան՝ մի ոսկէ զրահ:
Ու գործում են ծնուած օրից՝ տքնանքով անդուլ,
Որ մի պայծառ, մեծ առաւօտ որսան ձուկը հուր:
Սակայն ձուկը փախչում անվերջ, իջնում է յատակ.
Եւ ուռկանը նրանց բախտի դառնում է պատան...
...Լսում էի հէքիաթն այս հին՝ ծովափին պառկած.
Օրօրւում էր ծովի վրայ մի ձկնիկ մեռած:
Նայում էի՝ հորիզոնում արեւը հանգաւ.
Ալիքները տանում էին մի ոսկէ դագաղ...
ԵՐԳԸ
Յոյլ երազում ընդարմացած՝ լուռ ու մեղմօրօր
Ծովն էր ննջում՝ տրուած նիրհի բերկրանքին անդորր:
Ընդերքներում անշարժ ծովի՝ անթափանց ու խուլ,
Անյայտ ու մութ խորհուրդների նոյն քաոսն էր խօլ:
Արեգակը՝ ծովից խաբուած ողջակէզ հոգի,
Մեռնում էր լուռ՝ զոհի դառը մի ժպիտ դէմքին:
Նրա մարող յուշը վերջին մի քամի անփոյթ
Տարաւ դէպի անյայտութեան ոլորտները մութ:
Արտասւում էր լքուած մի կին՝ ծովափին նստած.
Իջնում էր մեղմ հեռուներից մթնշաղը թաց:
Իջնում էր նա՝ որպէս մի կանչ, մի անյայտ թախիծ.
Ու լալիս էր կնոջ հոգին՝ կծուած վախից:
Ու խաւարում աննիւթացած՝ կորչում էր չորս դին.
Ու երգում էր ջրահարսը երգն իր մտերիմ...
ՅՈՒՇԸ
Ինչպէս խեցու մէջ թաքնուած խխունջ,
Որ ափ է նետում ծովը ալեկոծ.
Ինչպէս աւազի շեղջերը խարխուլ,
Որ կոյր լցւում են ծովի գիրկը գոց.
Այդպէս էլ ահա՝ անմիտ ու տխուր
Գալիս օրերն ու անցնում են զուր:
Եւ ժամանակի աւազների մէջ
Ցամաքում է լուռ արցունքը մեր ջինջ.
Եւ քամիները հառաչանքը մեր
Տանում են դէպի եզերքն այն վերջին,
Ուր մեր սեփական անցեալն ենք բանտել.
Ու վերադարձի մշուշով պատել:
Եւ մեր օրերի շղթայից անգոյն
Մի օր ենք պոկում՝ ըղձանքով վերին.
Ու ներամփոփուած՝ խխունջի հանգոյն
Պատեանի խորքում թաքցնում լռին.
Եւ գուրգուրում ենք այնքան, որ դառնայ
Յուշի մարգարիտ մի մահամնայ:
Որ յետոյ, յետոյ, տարիներ յետոյ,
Երբ մենակ, տխուր նստենք ծովի դէմ.
Աչքներիս առջեւ՝ շարէշար, հերթով
Լուռ գան ու անցնեն մեր օրերն անդէմ.
Իբրեւ թէ այնպէս՝ անփոյթ ժպիտով
Մարգարիտներս մէկ-մէկ նետենք ծով...
ԱՆԵԼԸ
Մթնշաղը մածուցիկ ներծծւում է քաղաքի
Հեղձայորձանք կրքերից ընդարմացած մարմնից ներս.
Ու ես տրուած յոգնաբեկ կորուստների տանջանքին՝
Թափառում եմ քաղաքի փողոցներում տօթակէզ:
Այնտեղ պղտոր լոյսի մէջ մարդիկ՝ հարբած ու խաւար,
Հոգու սեւ մաղձ են ժայթքում՝ ոխերմութեամբ կատաղի.
Եւ մի պոռնիկ դեղնադէմ՝ փլուած կեղտոտ պատն ի վար,
Աստծոյ անունն է տալիս՝ հեծկլտալով դառնաղի:
Եւ կծկւում է հոգիս, եւ իմ քայլերը մոլոր
Տանում են ինձ դէպ այնտեղ, որտեղ ծովն է լուռ նիրհում.
Մութ երկնքով տղմաղօտ մի ճայ ահա թեւակոր
Դէպի քաղաքն է թռչում՝ ասես յոգնած, երերուն...
- Դու լքել ես ծովը մեծ, դէպի քաղաքն ես թռչում.
Հասկանում եմ, ճա՛յ իմ, քեզ՝ ծովդ դարձել է վանդակ.
Ես էլ ահա քեզ նման իմ վանդակից եմ փախչում...
Եւ խաւարն է պատանում տիեզերքներում բովանդակ:
ՄԱՀԸ
Ծովափը լուռ էր, ամայի.
Աւազ էր՝ կիզուն ու բոցէ.
Մեռնում էր հոգին ճայի՝
Անյոյս, յոգնաբեկ ու ծեր:
Մեռնում էր: Եւ նրա աչքերում
Խամրում էր տեսիլքը ծովի.
Եւ ծովի ծիծաղկուն հեռուն
Թւում էր անսահման մի վիհ:
Հեւիհեւ եկաւ մի ալիք.
Փշրուեց՝ չմնաց ոչինչ...
Անմիտ էր յուշը անցեալի.
Անմիտ էր յուզումը վերջին:
Օտար էր, տանջալի օտար
Ծովի կապուտակ հեռուն...
Եւ մարող աչքերում մթար
Բռնկեց մի հուր անանուն:
Թուաց, թէ լսում է մի կանչ՝
Հեռաւոր, անդարձ մի յուշի...
Եւ խուլ նա ճչաց յանկարծ.
Ու ձուլուեց իջնող մշուշին:
ՎԵՐՋԵՐԳԸ
Անձրեւի տխուր տեսիլքը նորից
Տանջում է հոգիս՝ ցաւով դառնագին.
Մթին մի մշուշ կարօտիս ձորից
Ելնում է, ծածկում իմ դէմքը կրկին:
Ու լսում եմ ես ճայերի ճիչում
Յուսաբեկ երգը կորուսեալ հոգու.
Գալիս է ծովն ու մէկ-մէկ ջնջում
Հետքն իմ կարօտի՝ այրող, մորմոքուն:
Ու ես նահանջող ալիքների հետ
Կորչում եմ մի պահ, դուրս ելնում կրկին.
Կոյր արտասւում եմ նորից դառնաղէտ.
Ու կուլ եմ գնում կործանման մրրկին...
Ծովի խուփ հեռւում անձրեւն անտարբեր
Իր վշտի հետ է՝ չի լսում ոչինչ.
Ու ալիքներին նետուած տարուբեր՝
Օրօրւում է լուռ
Իմ ոսկէ ձկան
Ու ջրահարսի
Երազը վերջին...
© Սեւակ Արամազդ