ՉՓԱԿՈՒՈՂ ՇՐՋԱՆ

Շարք, 1986-1987թ․թ․

 


Ա

 

Ոչինչ չգիտեմ աշխարհի մասին.

Եւ ի՛նձ էլ, ի՛նձ էլ ես չեմ ճանաչում.

Զգում եմ միայն՝ ցաւեր նոր ու հին

Ամեն ակնթարթ ինձ են նուաճում:

 

Անթիւ մարդիկ են ապրում ու գնում.

Լոկ ցաւն է նրանց մնում կենդանի.

Տեսնում եմ՝ շուտով ձեռքը անանուն

Ցաւն էլ կսրբի, անդունդ կտանի:

 

Եւ դարձած փոշի՝ ես լուռ կցնդեմ.

Ու խաղաղ կիջնեմ ոչնչին նորից...

 

- Է՛հ, այս աշխարհը ես վաղուց գիտեմ.

Նա է, որ միայն չի ճանաչում ինձ: 

 



Բ

 

Իջել է հոգուս պայծառ լռութիւն.

Անյայտի շողքն է դիպել իմ դէմքին:

 

Հաւերժից անդին՝ բացուող մի երկիր.

Կարկամ կանգնել եմ ես նրա շեմքին:

 

Զգում եմ՝ հիմա հրա՜շք կլինի.

Լոյսը կմատնի՛ յանկարծ ամենքին:

 

Մէկը հպուեց ինձ՝ շուռ եկայ ահով.

Մահն էր ակնապիշ նայում իմ դէմքին:

 

 

Գ 

 

Մահն իմ ընկերն է արդէն շա՜տ վաղուց.

Ես ու ինքը միշտ խաղ էինք խաղում:

 

Եւ ամեն անգամ յաղթում էր նա ինձ.

Չէի հաշտւում ես՝ սկսե՜նք նորից:

 

Նա լուռ ժպտում էր՝ վստահ ու անկիրք.

Կարծես թէ գիտէր մի ինչ-որ գաղտնիք:

 

Ու խաղում էինք՝ անվերջ-անդադար.

Եւ իմ նախանձին չափ-սահման չկար...

 

Ժամանակն յետոյ շատ անձրեւ տեղաց.

Կեանքն էլ իմ գլխին շատ խաղեր խաղաց:

 

Էլ սէ՛ր, երազա՛նք, տանջա՛նք ու թախի՛ծ.

Վի՛շտ, երջանկութի՛ւն, էլ կեղծի՛ք ու խի՛ղճ...

 

Վերջերս տեսայ ես նրան նորից.

Ու էլի պարտուած զգացի ես ինձ:

 

Բայց գիտեմ հիմա գաղտնիքը արդէն.

Ես նրան լոկ իմ՝ մահո՛վ կյաղթեմ...

 

 

Դ 

 

Ծննդիս օրը լոյսը ինձ գերեց.

Եւ ես ճչացի սարսափով անել:

 

Մի ձեռք իմ առջեւ վերջ-սկիզբ դրեց.

Ես պապանձուեցի սարսափով անել:

 

Մէկը ինձ սէրը ընծայաբերեց.

Եւ ես ցնծացի սարսափով անել:

 

Կեանքը ինձ անդարձ խաչին բեւեռեց.

Մահն ինձ կազատի՞ սարսափից անել...

 

 

Ե

 

Մաքուր է այնպէս իմ հոգին հիմա.

Ո՛չ մի ձայն, շշուկ ու ստուեր չկայ:

 

Ապրում էի ես՝ մեղքերում թաղուած.

Եւ հոգիս համակ՝ լոյս էր խաթարուած:

 

Ինչպէ՞ս պատահեց՝ չգիտեմ հաստատ.

Երազում տեսայ՝ դարձել եմ աստուած:

 

Կանգնել եմ մենակ աստղէ անհասում.

Կեանքեր ու մահեր իմ շուրջն են վազում:

 

Ես լոյս եմ բաշխում աջով իմ արդար.

Ցնծում է ցածում աշխարհը խաւար:

 

Լրում է լոյսը իր շրջանն արդէն.

Ցոլում է նորից մի կորած եդեմ...

 

Ես վախենում եմ՝ արթնանամ յանկարծ.

Զի ընկած աստծուն չկայ վերադարձ:

 

 

Զ 

 

Ես ամաչում եմ նայել երկնքին.

Ճնշում է հոգիս մի մեղք անքնին:

 

Հեռացայ անդարձ մի օր ես տնից.

Թէ ինչի՞ համար՝ անյայտ մնաց ինձ:

 

Ուշքի եկայ ես՝ մենակ, անդնդում.

Կորցրած ճամփան, որ տանում էր տուն:

 

Թշնամի էր ինձ շուրջս ամեն բան.

Եւ քայլս ամեն՝ ցաւ էր, տառապանք:

 

Թւում էր՝ մէկը հետեւում է ինձ.

Նայում էի յետ՝ նոյնն էր ամեն ինչ:

 

Թւում էր՝ նա՛ է պատճառն իմ վշտի.

Իմ մոլորութեան, անկումի, ստի:

 

Եւ ահա մի տեղ՝ մութ ու անքամի,

Շուռ եկայ յանկարծ ու՝ սպանեցի...

 

Երեխայ էր դա՝ պայծառ ու մաքուր.

Ես էի կարծես՝ մանուկ հասակում:

 

Ես՝ նրա՛ն էի ելել փնտրելու.

Այնինչ նա ինձ էր հետեւում հլու:

 

Ինձ տուն էր տանում՝ նա ճամփան գիտէ՛ր.

Ու ես դարերով խարխափում եմ դեռ...

 

Նրա յուշը սեւ՝ ահեղ մի նշան,

Կախուել է հոգուս որպէս մահաժամ:

 

Թափառում եմ ես՝ մենակ, անդնդում.

Ու վախենում եմ՝ մեռա՜ծ մտնեմ տուն...

 

 

Է

 

Խօսում է անվերջ անյայտ մէկն ինձ հետ.

Կրկնում ինչ-որ՝ մարդ.... աշխարհ... ու աղէտ...

 

Հարցեր է տեղում՝ հազար մի տեսակ.

Խառնում է թուեր. եւ ասում՝ տեսա՞ր...

 

Խօսքերը նրա ես չեմ հասկանում.

Ու դառնութիւն է հոգուս մէջ քամւում:

 

Նրա մութ ձայնի աղմուկն աստղային

Պայթում է իմ մէջ իմ ամեն քայլին:

 

Ինձ փետուրի պէս քշում դէս ու դէն.

Դժոխքից հանում՝ տանում է գեհեն:

 

Եւ դէմքիս յանկարծ՝ ծանր, մեկուսի,

Ես սառը շունչն եմ զգում քաոսի...

 

 

Ը 

 

Տխուր մի հեգնանք շուրթերին սառած՝

Յայտնւում է ինձ եղբայրս մեռած:

 

Երեւում է նա ինչ - որ սեւ հայելում՝

Ասես  թէ մէկի խաւար ստուերում:

 

Ասում եմ՝ քեզ եմ փնտրում ամեն տեղ.

Թէ իմանայիր՝ ո՜նց եմ կարօտել:

 

Քեզնից յետոյ էլ նոյնն է ամեն ինչ.

Ես եմ, որ միայն փոխուել եմ մի քիչ:

 

Ոչի՛նչ, ո՛չ մի բան էլ չեմ երազում.

Դարձել եմ համակ անդուռ սպասում:

 

Տնքում է հոգիս քայլելիս անգամ.

Թւում է՝ ես էլ ուր որ է կգամ...

 

Տխուր մի հեգնանք շուրթերին սառած՝

Հեռանում է լուռ եղբայրս մեռած:

 

Քրքիջ է պայթում յանկարծ ականջիս.

Լսւում է ասես սեւ հայելու միջից...

 

Զարթնում եմ՝ սառը քրտինքում թաղուած.

Թւում է՝ կեանքը դեռ չի արարուած:

 

 

Թ 

 

Տեսնում եմ նորից թիկունքն իր հսկայ.

Նա անուն չունի, բայց եղել է, կայ:

 

Ինձ իր մօտ կանչում, խօսում է անվարժ.

Ձայնը՝ կամացուկ, բայց հատու ու պարզ:

 

- Լոյսը,- ասում է ,- քեզ չի՛ պատկանում.

Եկել ու նրան խօ՛սք ես պատգամում:

 

Խինդ ու վշտի մէջ կոյր խրախճանում.

Փրկում ես ձախով, աջով՝ կործանում:

 

Եւ մա՛հն ես կարգել անխախտ պատուանդան

Խղճին քո նկուն ու անձնապատկան:

 

Անյայտից պոկուած բեկո՛ւն աստղաքար,

Դու այս ի՜նչ դարձար, դու այս ո՜ւր հասար... 

 

Ես ծանր հոգով կանգնած գլխիկոր՝

Կրկնում եմ լոկ. «Իմ ձեռքն ի՞նչ կայ որ...»:

 

- Ինքդ լոյսն ըմպում,- նա շուռ է գալիս,-

Հոգուդ խաւարը երգի՛ն ես տալիս...

 

Նայում եմ ահով՝ դէմքը ճանաչեմ.

Թիկունքն է նրա լոկ յառնում իմ դէմ...

 

 

Ժ

 

Սպասում եմ ես՝ քնած թէ արթմնի.

Ուր որ է հիմա հրա՜շք կլինի:

 

Շո՜ւռ կգայ յանկարծ կեանքը գլխիվայր.

Կփայլատակի՛ գաղտնիքը խաւար:

 

Եւ նա, ով լոյսի երազն ինձ տուեց,

Կարարչագործի՛ խոստումը իր մեծ:

 

Ներսում ու դրսում, շուրջը անդորրած՝

Լո՛յս կլինի, լո՛յս, լո՜յս համատարած...

 

Եւ ես կըմբռնե՛մ խորհուրդն ամենի.

Այն, ինչ եղել է ու պիտի լինի...

 

Ցնդում է սակայն վայրկեանը անհետ.

Իմ յամր շուքն է լոկ մնում ինձ հետ:

 

Զննում եմ ահա ես նրան նորից.

Այդ նա է ասես, որ խաբում է ինձ...

 

Ու կարօտում եմ ես մէկին յանկարծ՝

Հաւատացել եմ որին չծնուած:

 

 

ԺԱ 

 

Չեմ ապաւինում սիրոյ ցնորքին.

Նա է կաշկանդել այսպէս իմ հոգին:

 

Մէկ զգում եմ ինձ տէրը համայնի.

Մէկ էլ՝ անիմաստ ինչ-որ կենդանի:

 

Քմծիծաղում եմ ես մահի դէմքին.

Նոյն փրկագինն է տալիս ամենքին:

 

Քանդել եմ ուզում աշխարհը հիմքից.

Ու մի նոր աշխարհ շինել՝ երկնքից...

 

Եւ ես կերկնեմ աստծուց զօրաւոր.

Կներեմ նրա մեղքերը բոլոր:

 

Կզատեմ լոյսը խօսքի խաւարից.

Կարարեմ կեանքը՝ հակառա՜կ ծայրից...

 

 

ԺԲ 

 

Թւում է՝ մէկը դարանած մի տեղ,

Փորձում է՝ արդեօք ես ապրել գիտե՞մ:

 

Ինձ վիհն է նետում խօլ տանջանքների.

Տեսնի, թէ խիղճս ցաւը կների՞:

 

Գայթակղում է փառքի աւարով.

Կտանե՞մ արդեօք բեռս անվրդով:

 

Լարում է կրքի մութ որոգայթներ.

Արդեօք անսայթաք կարո՞ղ եմ անցնել;

 

Յօրինաբանում ինչ-որ անհասներ.

Զօրո՞ւ եմ արդեօք անկորուստ հասնել:

 

Պարտուածի քրքիջ եւ սուգ յաղթողի.

Տեղերը արդեօք թաքուն չե՞մ փոխի:

 

Անյաղթ երազանք եւ անյագ մարմին.

Ո՞րին կմնամ ես հաւատարիմ:

 

Թափառումների մարմաջ անուղի.

Անխոհեմ լացով տունս չե՞մ թողնի:

 

Իրար մէջ բացուող անթիւ փակ դռներ.

Չե՞մ խելագարուի անձուկից անել:

 

Հսկայ մի աշխարհ՝ դաժան ու հիւանդ.

Ձեռքս կգնա՞յ անեմ քարուքանդ:

 

Սպառնում է ինձ ճակատագրով.

Ես կդիմանա՞մ արդեօք անխռով:

 

Հանել է վերջը իմ սկզբի դէմ.

Տեսնի, թէ արդեօք յարութիւն կառնե՞մ...

 

- Ո՜վ դու, իզո՛ւր ես ինձ այսպէս փորձում.

Քանզի անվրէպ լոկ մահն է գործում...

 

 

ԺԳ 

 

Ելել  էր նիւթը ինքն իր դէմ կռուի.

Ջուրն ընդդէմ հողի եւ հողմը՝ հրի:

 

Յայտնուեցի ես նրանց արանքում.

Մնացի ահեղ տարակուսանքում:

 

Նրանք, կռուելով, շուռ եկան իմ դէմ.

Քաշուեցի մի կողմ՝ թո՛ղ որ հանդարտեն:

 

Նիւթը՝ ապշահար, քարացաւ մէկից

Իմ ներսից բխող արարման երգից:

 

Եւ ժամանակը կանգ առաւ վարան.

«Էլ արժէ՞ իզուր անյայտը սուրամ...»:

 

Յաղթեց ինձ սակայն քաղցը երկրային.

Եւ ինքս դարձայ իմ իսկ թշնամին:

 

Բզկտե՛ց, խեղդե՛ց, թաղե՛ց անխնայ

Դաշնութեան երգը աղմուկը ագահ:

 

Չգիտի հոգիս՝ հիմա ո՞ւր փախչի.

Մարմինը նրա կայանն է վերջին...

 

- Սկիզբը պարզ էր, ճչացի՝ ես կա՛մ.

Բայց վերջն ինչո՞ւ է այսքան հեգնական...

 

 

 ԺԴ 

 

Չկա՛յ պարտութիւն, չկա՛յ յաղթութիւն.

Տառապանքներին չկա՛յ հատուցում...

 

Ընկայ ես յանկարծ քարանձաւ մի մութ՝

Գաղտնատեսութեան մի ինչ-որ անդունդ:

 

Երբ խարխափելով հասայ յատակին,

Տեսայ ինչ-որ բան՝ մութ ու ահագին:

 

Գլուխը՝ անշարժ, որոճում էր նա

Կեանքեր ու մահեր, անցեալ ու ներկայ:

 

Այն, ինչ անհունն էր իմ մտքի, հոգու,

Բեկուած մի բիծ էր իր մռայլ շողքում:

 

Շուրջը ո՛չ լոյս էր եւ ո՛չ էլ խաւար.

Այլ ինչ-որ ուրիշ, մի՝ երրորդ աշխարհ:

 

Ուր ապագան էր հսկում մշտարթուն՝

Որպէս հանճարի խելագարութիւն:

 

 

ԺԵ 

 

Սիրոյ ցնծութեան պահին անձկալի

Բացւում է իմ մէջ անդունդն անցեալի:

 

Զգում եմ դէմքեր՝ անթիւ ու անյայտ,

Որ եկել են լուռ, անցել աննկատ:

 

Նրանք երազել, ցնդել են անտես.

Ապրում եմ հիմա նրանց կեանքը ես: 

 

Ապրած մի կեանք է իմ օրը ամեն.

Դրա համար էլ ինքս դէմք չունեմ...

 

 

ԺԶ 

 

Իջնում է, ծածկում հոգիս ամայի

Մի մեծ տխրութիւն անիմանալի:

 

Թախծում եմ խաղաղ հաւերժի վրայ.

«Իմ այս երգի պէս անցաւոր է նա»:

 

Երկինք եմ հայում ներող ժպիտով.

«Անհունն է լցրել աստղային ստով»:

 

Դէմքս հեգնօրէն շրջում արեւից.

«Նման է ինչ-որ վառուող տերեւի»:

 

Եւ ծովի ողբն եմ լսում անտարբեր.

«Յիմար մի լուսնի սիրուց է խաբուել»:

 

Խօսում հողի հետ՝ անփոյթ-մեկուսի.

ՙ«Մոխրափոշին է ինչ-որ երազի»:

 

Մահին, մահի՛ն եմ խոր արհամարհում.

«Ոսկորներ է փուտ մէկ-մէկ աւարում»:

 

Խղճում եմ կեանքին՝ մահով է զինուել.

«Այլ հնար չունի, եթէ ոչ՝ լինել»:

 

 

ԺԷ 

 

Այս հողի վրայ կամ այս հողի տակ.

Սահմանը լոկ այս կամ-ն է անյստակ:

 

Փախչում է հողը ոտքերիս տակից՝

Խոյս տալով ասես ինչ-որ վտանգից:

 

Ես էլ փախչում եմ բախտից իմ երեր.

Ո՞վ է իմ ճամփին թակարդներ դրել:

 

Կառչում եմ կեանքից, մահից եմ կառչում.

Ձեռնունայն կրկին՝ փախչում եմ, փախչում...

 

Նոյն հոլովոյթն է, պտոյտն անտարբեր.

Իմ ստուերն է լոկ փոփոխում կերպեր:

 

Յոյսի լուռ մի շող անհունը չափում՝

Մի հին ցնորք է հոգուս մէջ թափում:

 

Կայ, իբր, աշխարհ մի անդէնական,

Ուր մանկութիւն է յաւիտենական...

 

Կլոր են թէեւ երկիր ու տիեզերք,

Բայց այս շրջանը չի փակւում երբեք:

 

 

ԺԸ 

 

Կեանքի սուրացող ակնթարթի մէջ.

Ես՝ մարող հնչիւն, արձագանգս՝ մեծ:

 

Մի ձեռք երազն է ջնջում անվրէպ՝

Պատանու ապշած հայեացքի հանդէպ:

 

Յուսահատուածը թափառում տխուր.

Ու հանդիպում է իրեն ամենուր:

 

Անարգուածն է լուռ յետ դառնում նորից

Հատուցման ծանր ու փակ դռներից:

 

Բռնադատուածը մղձաւանջի մէջ

Տեսնում է ահով դատաստանը մեծ:

 

Խելագարուածը յետ գալիս մի պահ.

Ու սահմռկում է դէմքերից ագահ:

 

Մեռածն է շիրմում զարթնում դիւահար.

Դէմքը թաքցնում հողի մէջ խաւար...

 

Եւ լինելութեան ամօթը թաքուն

Միշտ բաց է պահում մի վէրք իմ հոգում:

 

- Արդարութիւնը թիկունք կանգնէր ինձ՝

Ես կփրկէի՜ նրան անկումից...

 

 

ԺԹ 

 

Թէ լինէր՝ օրէնք ես սահմանէի,

Ամեն մի սահման ես բաց կանէի:

 

Կսպանէր մահը ինքն իրեն անդարձ.

Կապրէր ինքն իրեն կեանքը աննուաճ:

 

Ատելութիւնը կատէր ինքն իրեն.

Կծնրադրէր սէրը ինքն իր դէմ:

 

Եւ տառապանքը իրեն կտանջէր.

Եւ երազանքը իրեն կանրջէր:

 

Ուրիշ կլինէր ամեն-ամեն ինչ.

Կամ էլ պարզապէս չէր լինի ոչինչ:

 

Ո՛չ ատելութիւն, որ սէր է համակ.

Ո՛չ ինքը մահը, որ կեանք է անափ...

 

Կհասկանայի ես գուցէ այնժամ՝

Եղած ու չեղած, արժան-անարժան:

 

Եւ այս քաոսը՝ անհուր ու տարտամ,

Ցնորք կթուար կատարելութեան...

 

Ու կմեռնէի վաստակած-հանգիստ

Տիեզերական արհամարհանքից:

 

 

Ի 

 

Ո՞վ է սահմանել՝ լինել այն, ինչ կամ.

Վեհերոտ-շիտակ, յանդուգն-անկամ:

 

Փլւում է հոգուս տունը ամեն պահ.

Ինքը իր ներսում, ինքը իր վրայ:

 

Թւում է՝ կեանքս գողացել եմ ես.

Ես իմ տեսիլքն եմ աշխարհում կարծես:

 

Ցոլում եմ հայելում մի անհուն ու մեծ.

Գծերս՝ ազնիւ եւ պատկերս է եղծ:

 

Տանջանք ու երազ՝ ամեն-ամեն ինչ

Ողողում հոգիս, բայց չեն հասնում ինձ:

 

Ուրիշ մի տեղ եմ ապրում ես հիմա.

Անանուն ու սուրբ, անդէմ ու անմահ...

 

 

ԻԱ 

 

Ինչո՞ւ է աստուած՝ այդ կա-ն ու չկա-ն,

Նետել ինձ աշխարհ՝ այսքան մեղսական:

 

Որ կողմը շրջւում՝ յանկարծ սեւ մի կէտ

Ահագնանում է եւ գուժում աղէտ:

 

Բախտի անիւը սուրում վեհընթաց.

Եւ յանկարծ պոկւում, գլորւում է ցած:

 

Տիրում է յանկարծ մի անշարժութիւն.

Շնչելը անգամ յանցանք է թւում:

 

Եւ թաքուն, գաղտնի, ասես գողունի,

Զարթնում է մի բան, որ անուն չունի:

 

Բացւում է յանկարծ խաւարը անհուն.

Հիւլէ առ հիւլէ կեանքն է գոյանում:

 

Եւ ո՛չ պայքարի տենդով ապստամբ.

Այլ ինչ-որ անյեղ-անեղ քնքշութեամբ...

 

Ու թւում է, թէ գուցէ ես չկամ.

Չեմ ծնուել դեռ ես, դեռ նոր պիտի գամ:

 

Դեռ պիտի յաղթեմ ես երազանքին.

Տիեզերքներ անցնեմ, որ հասնեմ կեանքին...

 

 

©Սեւակ Արամազդ