ՍԻՐՈՅ ԱՒԵՏԱՐԱՆ
Շարք, 1994-1995թ․թ․
ՀԱՅԵԱՑՔԸ
Սուզուած խորքերում յաւիտենութեան՝
Փնտրում էի ես պսակը աստծոյ.
Երբ փայլատակող տեսիլքի նման
Բռնկեց իմ դէմ հուր հայեացքը քո:
Եւ լուռ աչքերիդ շողարձակ հեռուն
Թրթռաց յանկարծ խոստումով մի հին.
Եւ կոյս, ցոլացիկ մարմնիդ ձեւերում
Բեկուելով չքուեց մի խորհուրդ մթին:
Թուաց՝ լսում եմ երգ աւետաձայն.
Երազն անհասի կատարուեց միով.
Երկինք ու երկիր իրար միացան՝
Կազմելով կենաց լուսափունք մի ծով:
Եւ անգայտացող փրփուրի նման
Աշխարհներ եկան, ցնդեցին անգոյ.
Անշարժ երկնքում յաւիտենութեան
Հուրհրատում է պսակը սիրոյ:
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՅՐԸ
Անյայտ խորքերից մութ երկինքների
Թռչող հրեղէն ասուպի նման՝
Ճեղքելով հոգուս մռայլն ամեհի՝
Սուրալով անցաւ մի վսեմ վայրկեան:
Եւ քամահրանքը իմ գոռոզ մտքի.
Մաղձոտ ժպիտն իմ բանականութեան,
Ինչպէս չոր ծառին կայծակը զարկի՝
Շառաչուն բախմամբ եղան ցիրուցան:
Եւ տիրեց անդորր մի անմերձելի.
Քաոսը եռուն քարացաւ մի պահ.
Տիեզերքը դարձաւ մի վառուող հայելի,
Որի մէջ յանկարծ քո դէմքը տեսայ...
Թուաց՝ ներկայ եմ արարման ծէսին.
Կերտում է աստուած կաւը անկենդան.
Կէսն առնում՝զգո՜յշ բերում է կէսին...
Եւ համն զգացի լոյսի իգութեան:
ՅՈՅՍԸ ԾԱԾՈՒԿ
Ինչպէս տքնութեամբ մի տաժանելի
Միտքը խաւարից բառեր է քամում.
Շարակարգելով՝ յօդում մի առ մի.
Եւ իմացութեան բանն է սահմանում.-
Այդպէս ցանկութեան մրրիկը խաւար
Փշրում է ամեն պատնէշ ու սահման.
Եւ մերկութեան դէմ քո անակնկալ
Մնում եմ շուա՛ր, ապշահա՛ր, կարկա՛մ:
Եւ բացւում ես դու երկնքի նման՝
Հեղելով իմ մէջ քո գաղտնիքն անհաս.
Տօթ գգուանքների տենդի մէջ վառման
Անէանում ես ու դառնում երազ...
Քո մէջ, քո կողքին ու քեզնից հեռու
Քեզ եմ որոնում ես կոյրի նման.
Եւ յոյսն իմ ծածուկ՝ քեզ ունենալու,
Դառնում է քաղցր տանջանք գերութեան:
ԿԱՍԿԱԾՆ ԱՐԹՆԱՑՈՂ
Կիսախաւարում քո աչքերը զոյգ
Փայլում են թոյրով խուսափուկ հրի.
Խաղում է դէմքիդ անանուն մի շուք՝
Աղօտ շողքն ասես ուրիշ աշխարհի:
Եւ պարանոցիդ, ուսերդ ի վար
Մի անդնդային անդորր է նիրհում.
Մեղմահեւ կրծքիդ, վարսերիդ խաւար
Ուրիշ երկնքի յուշն է մարմրում:
Ո՞վ ես դու, ի՞նչ ես... աննման մի է՞գ,
Թէ՞ անյայտ խորհուրդ՝ իմ հոգուն յղուած.
Ու խորհում եմ ես՝ թախծանքով մի հէգ.
Այդ քե՛զ է միայն ստեղծել աստուած:
Դու՝ որպէս տունկը դրախտի պայծառ,
Ծաղկում ես հաւերժ իմ հայեացքի դէմ,
Որ երկիրն այս գօս՝ իմ խորշն այս թշուառ,
Ես յանկարծ մի օր անդարձ չլքեմ...
ՈՒՐԻՇ ՄԻ ԱՇԽԱՐՀ
Այսպէս աչք աչքի՝ դէմուդէմ նստած,
Հայեացքով անթարթ նայում ենք իրար.
Եւ մեր բիբերի շողքում անդրադարձ
Ցոլում է լռին ուրիշ մի աշխարհ:
Ուր լոյսն է իշխում առանց խաւարի՝
Արեւ-աստղերի բխումից անդին.
Ուր ո՛չ հրայրք կայ, ո՛չ չար ու բարի.
Եւ լոյսն է սիրոյ ակունքը վերին:
Եւ իբրեւ նրա կաթիլը երկու՝
Մենք անհուն դողով ձուլւում ենք իրար.
Եւ նոյն վայրկեանին՝ խանդով ահարկու
Պատրանքն է մարմնի իջնում մեզ վրայ:
Բացւում է յանկարծ յատակը մթին՝
Ախտ ու կրքերի դաւադիր եռքով...
Ես ամօթահար նայում եմ գետնին.
Դու լուռ սրբում ես արցունքները քո:
ՇՂԹԱՅՈՒԱԾ ԻՐԱՐ
Անյայտ մի խռովք ստուերի նման
Իջնում է հոգուս՝ աշխարհից յոգնած.
Եւ անդառնալի մի անհուն անկման
Սարսափն է իմ մէջ անդնդւում յանկարծ:
Զատում է նա մեզ, վանում իրարից.
Նոյն պահին նորից շղթայում իրար.
Առնչութիւնը մեր սիրոյ անբիծ
Թւում է խաբկանք ու մեղք անհնար:
Հեռանում եմ ես կրկին ու կրկին՝
Սիրոյ հազարան թռչունը գտնեմ.
Ու փնտրումների մոլոր ճամփէքին
Քո հայեացքն է միշտ լուռ ելնում իմ դէմ:
Եւ յոյսի դառը ժպիտը դարձեալ
Տարուբերում է հոգիս անարի.
Մնում ենք այսպէս՝ շղթայուած իրար.
Ես՝ քո լոյսի հետ, դու՝ իմ խաւարի:
ՈԳԻՆ ԲԱՆՍԱՐԿՈՒ
Գաղջ ընդերքների խաւարից անդուռ
Նա թաքուն ելնում, մտնում է իմ մէջ.
Հոգիս հոգուդ դէմ կողպելով ամուր՝
Շշնջում է ինձ մոգութիւնն իր սեւ:
- Սէրը,- ասում է ,- փուչ, դատարկ մի խօսք.
Տռփանքն է նրա իմաստը միակ.
Եւ կախարդանքը՝ խարդաւանք է սոսկ...
Էլ մի՛ տանջիր քեզ... Դէհ, արի գնանք...
Շրջւում է իմ մէջ ողջը հիմնիվեր.
Փոխւում է հոգիս սառը դիմակի.
Նա ինձ իր ձեռքն է պարզում անհամբեր.
Չքւում է սակայն՝ նման կայծակի:
Արթնանում եմ ես համբոյրից քո ջերմ.
Կարօտով անհուն ժպտում ես դու ինձ.
Պարզում եմ հոգիս՝ հոգուդ մէջ հանգչեմ.
Նայում է նա ինձ աչքերիդ խորքից:
ԴԻՄԱԿԸ
Մի վարագոյր է իջնում մեր միջեւ՝
Կասկածի թանձր թելերից հիւսուած.
Խոր խռովքների խորախոց խիճեր
Արնում են հոգիս՝ մերկօրէն կիսուած:
Թւում է սէրը դիմակ է մի կողպ՝
Աշխարհի դէմքին յարմարուն դրուած.
Յետեւում նրա խրախճում է ցոփ
Մարմինն՝ անկումի վայելքին տրուած:
Հոգին էլ՝ մարմնի պատրանքն է միայն.
Ո՛չ վերանում է, ո՛չ էլ միանում.
Արանքում նրանց անդունդն է մահուան.
Մոլորուած՝ նրանք իրար են ձայնում:
Երազն է յառնում իբրեւ արձագանգ՝
Սիրոյ խոստումով մի տարապայման...
Պատռում եմ անդարձ վարագոյր-դիմակ.
Ու տեսնում դէմքը քո սրբանման:
ՈՒՐՈՒԱԿԱՆՆ ԱՆԱՆՑ
Հրեշտակ է նա՝ լուռ ու աննկատ,
Որ յայտնւում է մեր հոգուն յանկարծ.
Բացում է ամեն փականք ու թակարդ
Սէրն՝ ուրուականը աշխարհի անանց:
Քաշուելով անխօս հեռու մի անկիւն՝
Հետեւում է մեր ընթացքին տարբեր.
Եւ երազանքի-կրքի արանքում
Դնելով սահման՝ հսկում խստամբեր:
Գուրգուրում է միշտ նա իր ապատում
Ամեն մի նոր ծիլ կատարելութեան.
Եւ տառապանքի ու ատելութեան
Պատատուկները արմատից հատում:
Իր երազի մէջ առնելով նա մեզ՝
Տանում է դէպի աշխարհը անանց.
Հոգին է նա մեր՝ անեղծ ու անես.
Ու մենք էլ՝ նրա մարմինը կենաց:
ԻՆՁ ՈՒ ՔԵԶ
Երազանքների երկինք տարածուն...
Ցանկութեան արեւ՝ դաւադիր խայթող...
Ծով խոստումների ալիքներ խայտող...
Հառաչանքների լեռներ թաղկաձիւն...
Երգում է սէրը՝ ջրահարսի պէս.
Մենք՝ աղմուկի մէջ՝ ոչինչ չենք լսում.
Միայն թրթռուն մի ստուեր անտես
Շոյում-անցնում է՝ ասես երազում:
Ի՞նչ ենք որոնում այսպէս շնչահեղձ՝
Մնալով անվերջ միեւնոյն կէտում...
Զգում ենք միայն, որ կարօտ մի մեծ
Մեր հոգուն յոյսի ուռկան է նետում:
Եւ արթնանալով՝ տեսնում ենք յանկարծ,
Որ մի լուռ ժպիտ աշխարհն է պատել.
Ու աղօթում ենք՝ լոյսի դէմ ծնկած.
Տենչալով նրան, ում չենք նկատել...
ՄԵՂՔԸ
Իմ երազների հայելում փշրուած
Ցոլացաւ յանկարծ կիսադէմը քո.
Հոգիս՝ կեանքի սուր շեղբերից խոցուած՝
Կծկուեց նորից՝ տխուր հեգնանքով:
Սիրեցի ես քեզ՝ քո հոգուց առաջ...
Գգուել ուզեցի պատկերդ ամբողջ՝
Տեսայ լոկ բեկուած մի շողք անորոշ.
Եւ մնաց սէրը կրկին աննուաճ:
Անյայտ մի դէմքի ստուերը անբաղձ
Փռեց ինձ վրայ խաւարն իր անծիր.
Եւ դարձաւ հոգիս հայելի անթափանց.
Եւ մեղքը յանկարծ ես ճանաչեցի:
Տենչացի դէպի երկինքը երգած,
Բայց գալարուեցի անել թակարդում.
Հասկացայ՝ մեղքի հանգոյցը պրկած
Քանդել չի կարող ո՛չ մի սրբութիւն:
ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏՈՒԱԾ
Մի մութ երազի տենդով բռնուած.
Եւ ստեղծական խաբկանքով խօսքի.
Խուլ խռովքներով անլուր բեռնուած՝
Յածում էր հոգիս՝ նման կոյր շողքի:
Մագլցում էր նա գագաթից գագաթ.
Եւ անդունդները չափում գոյութեան.
Եւ գուրգուրում էր ամեն ակնթարթ
Մեծ ազատութեան պատրանքն անկենդան:
Սէրը քո ջահէլ՝ պայծառ ու տոկուն,
Վանում էր անզեղջ՝ խանդով մի յամառ.
Գաղտնիք էր մոգում աշխարհի համար.
Մինչեւ ջախջախուեց մի օր յատակում:
Եւ լուռ աչքերիդ փայլի մէջ խոնաւ
Ճանաչեց յանկարծ սէրն իր արնածոր.
Եւ ցաւի միջով նա իր դէմ տեսաւ
Անդնդից ելնող պատկերը աստծոյ:
ԵՐԱԶՆ ԻՄ ՄԻԱԿ
Լուռ էր երկինքը՝ աստղերով բուրեան.
Խաւարը՝ քնքուշ, որպէս ձեռքը քո.
Ճամփան՝ մտերմիկ, քո մարմնի նման.
Գնում էինք մենք՝ անխօս ու անխոհ:
Հսկում էր արթուն մեզ վերից աստուած.
Անհետում էինք անդորրում վճիտ.
Եւ ամեն ինչում՝ ասես պահ մտած,
Բաբախում էր լոկ մէն-միակ մի սիրտ:
Չգիտէինք մենք, թէ ո՛ւր ենք գնում.
Գուցէ այն վերջին կայանն աստղային,
Որտեղից մի օր՝ ձեռքով մահագոյն
Գահավիժեցինք երկիրն այս մթին:
Թէ՛ գնում էինք մոխիր դառնալու՝
Ի կուր տանջանքի հնոցի հրկէզ.
Խոնարհ էի ես, ու լուռ էիր դու.
Գիտէի միայն, որ սիրում եմ քեզ:
ԱՄԵՆ ԱԿՆԹԱՐԹ
Ինչպէս ցոլացիկ ցօղը ցնծագին
Ցրիւ է գալիս ցայգի ցնցուղից.
Եւ ցօղունն ի վար ծծուելով ծաղկի,
Դարձած հոտ՝ յառնում անյուռթի հողից.
Ինչպէս մարմինն է մարմնով ցնծում՝
Զգալով իր մէջ խայտանքն հաւերժի.
Լոյսը՝ խաւարի հիմերը ցնցում՝
Գծելով ճամփան աստղային երթի.
Ինչպէս որ հոգին լցւում է հոգով.
Եւ ի մի գալով՝ հասնում լրումի.
Հաւատը՝ հեղում յոյս յարահոլով՝
Նետելով հոգուն շողքը անհունի...
Արթնացած այդպէս խաւարից անկոյս՝
Ապրում եմ ես քեզ ամեն ակնթարթ.
Եւ իբրեւ սիրոյ մանուկը մեր լոյս՝
Իմ հոգում երգն է աճում աննկատ:
ՆՈՒԻՐԱԿԱՆ ԾԷՍ
Աշխարհներից վեր՝ միջոցում անհուն
Ծուփ-ծաւալւում է հուրը նախաստեղծ.
Որ հրդեհուելով՝ հաւերժ հուրհրում.
Ողջակիզուելով՝ մնում է անեղծ:
Եւ արտացոլքը նրա հեռաւոր,
Կտրելով անթիւ խութեր մահառիթ,
Հասնում է հոգու եզերքը անդորր.
Գգուելով դէմքիդ՝ դառնում է ժպիտ:
Եւ քո աչքերի ծովում մեղմածուփ
Ցիր նշոյլներն են նրա ծէգծէգում.
Եւ շարժումներիդ վեհութեան մէջ խուփ
Ստուերն է նրա պարում բեկբեկուն:
Ես՝ մի կաւեղէն անօթ անարուեստ.
Այրւում եմ անվերջ հմայքիդ հրում.
Եւ իմ հոգու մէջ՝ քուրայում ասես,
Լոկ իմ հիացքի մոխիրն է լռում:
ՔԱՂՈՑ ԿԻՐԱԿԻ
Ծորում է մարմանդ աստղալոյսը ջինջ՝
Օծելով հոգի, ցօղելով մարմին.
Իրար գրկի մէջ հալչում ենք քիչ-քիչ՝
Տարրալուծուելով անդորրում վերին:
Երազում ասես՝ բացւում է մի դուռ.
Անհուն մի սրահ՝ կամար ու խորան.
Խորանում՝ կեցած մի փոքրիկ մատուռ.
Մատուռում՝ լռիկ մի զոհասեղան:
Պտտւում է հիր երկինքը կարծես՝
Ի մուտ գործելով շրջանը արար.
Յորձանք է տալիս հնամեայ մի ծէս՝
Աստղաշիթերը խառնելով իրար:
Փայլատակում է պահը սրբազան.
Փոխւում է յանկարծ աշխարհը հանուր.
Հանգչում եմ յոգնած ես աստծոյ նման.
Դու կրծքիս վրայ երազում ես լուռ:
ՆԱ
Որպէս շողքն անտես մի ամպհովանու՝
Հայեացքում քո լիր նա է պարուրուած.
Եւ հեռուներից իջնող աղաւնու
Ճախրանքն է ասես դէմքիդ նկարուած:
Ելել է ոտի մեղքն ինքը անգամ.
Երկիւղով անհուն ծառայում է քեզ.
Եւ բաբախում է քո մէջ՝ քեզ ի տես
Տիեզերքը՝ որպէս սրտիկը մանկան:
Ժպտում ես դու մեղմ ինքդ քեզ թաքուն՝
Խոնարհուած մի լոյս երազի վրայ.
Եւ դողդողում է կոպերիդ անքուն
Մութ, անդնդային մի տեսիլք ահա:
Երկինք է յառնում մի սեւ խաչափայտ,
Որ հրդեհւում է արեւի նման...
Արտասւում ես լուռ՝ թախիծով մի հաշտ.
Եւ աստուած կեանք է դառնում անսահման:
ԵՐԿՈՒՆՔ
Դու ինքնամատոյց մի զոհի նման
Պառկած ես ահա լոյսի մէջ պայծառ.
Եւ բոլորւում է շուրջդ սպասման
Պսակը՝ հիւսուած լռութեամբ անծայր:
Եւ հայեացքների բազմութիւններ բիւր
Երկնքից ասես՝ լուռ քեզ են յառուած.
Բացւում է յանկարծ անդունդ մի զարհուր,
Ուր մահն է հսկում՝ ցանկութեամբ վառուած:
Թնդում է ասես յամրաձայն մի երգ...
Խուռ տեսիլքներ են վայրապար մրրկում...
Գուպար են մտնում քաոս ու տիեզերք...
Եւ ճիչն է ճայթում ցաւի անփրկում...
Երկինք է ճախրում մի լուսէ ոգի.
Գահավիժում է ուրուական մի սեւ.
Մրմնջում ես դու խօսքեր աղօթքի.
Եւ անշարժանում վայրկեանում վսեմ:
ԱՒԵՏԻՍ
Երկնքի անհուն ծիրերից ահա
Ճառագայթում է ծնունդը մանկան.
Եւ շուքն է նրա ծագում մեզ վրայ՝
Պայծառ առաւել, քան արեւն անգամ:
Եւ սիրով նրա մեր սէրը լրում.
Շղթան է մահի ընկնում խաթարուած.
Ցոլում է կամքի անսահման հեռուն.
Երազն է բերկրում՝ միով կատարուած:
Լքած պատրանքի կապանքները հին՝
Ազատութիւնն է ելնում ընդառաջ.
Սպասում է մեզ դռների առաջ
Հաւերժութիւնը՝ ժպիտը դէմքին:
Սրբազան դողով մտնում ենք տաճար,
Ուր կենաց ջրի ակունքն է յորդում.
Նորոգ կատարեալ ընկնում ճանապարհ.
Եւ աստղն է սիրոյ մեզ առաջնորդում:
© Սեւակ Արամազդ