ԿՏՐԵԼՈՎ ԹԵԹԵՒ ԱՆՀՈՒՆ ՄԻ ՏԻԵԶԵՐՔ

http://granish.org/ktrelov-tetev-anhun-mi-tiezerq/

 


ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ

 

Իմ մանկութիւնը մնաց լեռներում.
Արեւառ դէմքով մի փոքրիկ տղեկ

Հայեացքը անթարթ յառել է հեռուն:

 

Մակաղում են լուռ գառնուկները հէգ.

Օդում աննկատ բոյրերն են մեռնում.
Աստղերն են զարթնում երկնքում մէկ-մէկ:

 

Հորիզոնների ծիրերում մթար
Աղմկում է խուլ անյայտ մի աշխարհ.
Բերում է քամին նրա շունչն օտար:

 

Տիրում է դանդաղ գիշերը չորս դին.
Մի տղեկ՝ անթարթ յառուած խաւարին,
Սպասում է դեռ իմ վերադարձին:

 

 


ԽՈՏԸ

 

Անդունդ-բարձունքում հաւասար աճում.
Ապրում է յաւէտ իր պարզ կանաչում:

 

Ծնունդը՝ ձախում, վախճանը՝ աջում.
Ո՛չ մարդ, ո՛չ աստուած նա չի ճանաչում:

 

Զարկում է անձրեւը, քամին է շաչում.
Ծեծուած ու ծուատ՝ չի էլ հառաչում:

 

Մօտիկն ու հեռուն նրան չեն կանչում.
Վերելք ու վայրէջք չեն մտատանջում:

 

Ու երբ աշխարհն է յոգնաբեկ ննջում,
Նա սիրոյ գաղտուկ երգ է մրմնջում:

 

 


ՑՕՂԸ

 

Վաղորդայնի բիլ, սառը անդորրում
Վարդի առէջին մի ցօղ է դողում:

 

Քամուել է ասես գիշերն աստղերից.
Ադամանդի պէս շողում է անբիծ:

 

Խորքերում նրա` հայելու պէս մաքուր,
Արտացոլւում է աշխարհը հանուր:

 

Նայում է ամպից արեւը մի պահ.
Պատրանքի նման չքանում է նա:

 

Կցնդի մի օր կեանքս ցօղի պէս.
Թէ ո՞ւմ հայեացքից` չեմ իմանայ ես:

 

 


ՓՈՇԵՀԱՏԻԿԸ

 

Կտրելով թեթեւ անհուն մի տիեզերք՝
Իջնում է երկրին՝ իբրեւ անձայն երգ:

 

Պարում է օդում քամու պէս ազատ.
Անկշիռ՝ որպէս լոյսի ճառագայթ:

 

Հպւում է խաղաղ իմ քնած դէմքին.
Պատում է հոգիս դողը անմեկին:

 

Ու ամուր փակուած կոպերիս ներքոյ
Տեսնում եմ անբիծ պատկերը աստծոյ:

 

 

 


ՄԱՆՐԷՆ

 

Կաթիլում ջրի նստած է անշարժ՝

Ասես անսահման մի ովկիանոսում.
Շուրջը կեանք ու մահ ճողփում են, հոսում.
Անյողդորդ է նա՝ որպէս ապառաժ:

 

Տիրակալն իբրեւ անյայտ մի երկրի՝
Յղում է գնդեր դէպի ռազմադաշտ.
Քանդում, աւէրում, առնում է գերի՝
Թողած յետեւից մեռեալ անապատ:

 

Որդի պէս չնչին՝ ընդերքում փակուած,
Խուլ խլրտոցով խաւարն է հերկում.
Երեսին հողի՝ խորշակից խարկուած,
Ճեղքում է ժայռը ծաղիկը բեկուն:

 

Աստղեր են հսկայ անհունում պայթում.
Մոլորակներ են մոխրանում հրկէզ.
Յայտնւում է նա նոյն ակնթարթում
Յաւիտենութեան նժարին անտես:

 

Այն, ինչ կանգուն է, փլւում է հիմքից՝
Դառնալով սկիզբ մի նոր արարման.
Զարթնում է աստուած եւ իր նուրբ քիմքին
Զգում է յանկարծ մի սուր դառնահամ:

 

 


ԱՐՁԱՆԸ

 

Ապառաժի պէս մռայլ, անյողդողդ՝
Բարձունքի գլխին բազմել է հաստատ.
Խաւար բիբերի հայեացքն անհաղորդ
Սեւեռած դէպի հեռուներն անյայտ:

 

Կրծքերը հսկայ՝ հսկայ լուսիններ.
Անդունդը գրկի բաց արած անկիրք.
Կեանք ու մահ ասես ինքը չի ծնել.
Չի երկնել ինքը երկիր ու երկինք:

 

Ոտքերն՝ ընդերքի մոլեգին եռքում.
Մազերին ցիրցան՝ բոյլ աստղակապեր.
Արգանդում ահեղ ծովեր են մրրկում.
Մնում է յաւէտ յամր ու անտարբեր:

 

Աննշմար կէտը անդորր ճակատի
Գամում է իրեն հայեացքներն ամեն.
Թէ ես չլինեմ՝ աչքը չի թարթի.
Թէ աչքը թարթի՝ ես կկործանուեմ:

 

 


ՀՈՐԻԶՈՆԸ

 

Ծովն է արթնացած յանկարծ լեռնանում․
Ճանկել է փորձում մրրկասոյր քամուն։

 

Գահավիժում է երկինքը անդունդ՝
Փնտրելով երկրի յատակները մութ:

 

Լոյսն է փշրւում՝ ասես մի երազ․
Բեկորներն անթիւ դառնում են աւազ:

 

Ընկնում է կեանքը անդարձ ճանապարհ․
Ճամփան ելնում վեր, ինքն իջնում է վար։

 

Դառնում է ողջը անթափանց մի գիծ,
Որ բաժանում է ինձ իմ հայեացքից։

 

Այն, ինչ լռում է սահմանից անդին,
Շողքն է իմ հոգու՝ նետուած անյայտին:

 

 


ՏԻԵԶԵՐՔԸ

 

Նստած հայելու դէմ մի անշրջանակ.
Փռած ուսերին վարսերը գանգուր.
Շուրթերին ժպիտ՝ նուրբ ու խորամանկ.
Զննելով իրեն՝ յարդարւում է լուռ։

 

Զեղւում է ներսում մի երգ միալար՝
Յամր, անհնչիւն՝ գաղտնի մի խոստում․
Ինչպիսի՞ն է նա՝ մի պարմա՞ն խելառ,
Թէ՞ այր մի հասուն՝ խիստ ու իմաստուն։

 

Անծանօթ սիրոյ երազով արբուն՝
Տարածութիւնն է հագնում ծնկահար.
Եւ ժամանակի գօտին է կապում՝
Պատուած աստղերի ակներով գոհար։

 

Օծում է դէմքը բոյրով լռութեան.
Դնում մատներին արեւ ու լուսին.
Ընկնում է ճամփայ քայլերով անձայն՝
Յաւիտենութեան շողքը երեսին։

 

Ընդառաջ ոչ մի ժպիտ չի փայլում.
Ու կանգ է առնում սահմռկուն վախով.
Ապրում է ինքը շրջուած մի հայելում՝
Անհաղորդ ու ցուրտ, կոյր ու սեւախոր։

 

 


ՏՐՏՈՒՆՋԸ

 

Փակում եմ դանդաղ աչքերս յոգնած.
Մրրկում է յանկարծ մթին մի արկած:

 

Ինչ-որ մէկն անտես՝ նստած անյայտում,
Խօսում է փրփրած՝ ողբում, գանգատւում:


Զոհաբերելով հանճարը իր ջինջ՝

Ստեղծեց աշխարհ անգոյ ոչնչից:

 

Դրժած նենգօրէն իր ուխտը անխախտ՝
Ելել է իր դէմ մարդը ապերախտ:

 

Լուռ եմ ու անշարժ ես աստծոյ նման՝
Ականջս քամու շառաչին ունայն:

 

 


ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ


Երազում տեսայ՝ ծաղկուն բացատում
Լոյսի մէջ պայծառ լռում է մի տուն:

 

Անցնում եմ թեթեւ շեմքն աներեւոյթ.
Յայտնւում յանկարծ սենեակում մի մութ:

 

Խաւարից ինձ են յառուել յոգնաբեկ
Հայեացքներ անթիւ, սակայն ոչ մի դէմք:

 

Օրե՞րն են արդեօք դրանք իմ ապրած.
Պայթում են շուրջս ե՛ւ քրքիջ, ե՛ւ լաց:

 

Փախչել եմ ուզում ես սարսափահար.
Ծանր է իմ հոգին՝ որպէս կշռաքար:

 

 


ՏԱՐՓՈՒՀԻՆ


Ճօճւում է պղտոր լոյսը լապտերի.
Կանգնած է անփոյթ՝ սեանը թոյլ յենուած.
Կէսգիշերային փողոցն աղտեղի
Կպչուն է, ինչպէս համբոյրը գնուած:

 

Բախում է գետը ափերը իր թեք.
Լսւում է մի կանչ հեռու անկիւնից.
Յիշում է մի պահ պատանուն այն հէգ,
Որին իր սիրտն էր նուիրել անբիծ:

 

Շտկում է դիրքը՝ հեւքով անհանգիստ.
Վարսերը խռիւ շաղ տալիս ուսով.
Եւ թարթիչների մթին արանքից
Փայլում են խոնաւ աչքերը մեղսոտ:

 

Պատռում է օդը հռհռոցը սուր.
Սակարկում է թունդ՝ թեւերը կանթած.
Լռում է անծայր փողոցը թափուր.
Սրբում է քամին արտասուքը թաց:

 

Պատում է քունը՝ խոր ու անխռով.
Տեսնում է յանկարծ երազում խառնակ.
Աղջնակ մի նուրբ՝ ճերմակ շորերով,
Շողի պէս լուսնի մտնում է սենեակ:

 

 


ԱՆՏՈՒՆԸ


Թաղուած ստուերում հսկայ կամրջի.
Անդադար խուժող քամիների տակ
Շիրմաքարի պէս մի անյիշատակ
Հանգչում է նա լուռ կոյտերին քրջի:

 

Անթիւ վէրքերի հետքեր հին ու նոր
Պատում են մարմինն ու դէմքը ուռած.
Պառկած է այդպէս նա գիշեր ու զօր՝
Հայեացքն անիմաստ ջրին սեւեռած:

 

Ներսում՝ ասես ցուրտ, մեկուսի խցում,
Բանտուած է յաւէտ մոռացուած հոգին.
Անցեալն ու ներկան սիրտը չեն խոցում.
Ոչ էլ գալիքի տենչը մոլեգին:

 

Չի հասնում ունկին աղմուկը գետի.
Չեն թովում աչքը յորձանք ու փրփուր.
Ծալքերում խաւար գունատ ճակատի
Զգում է յանկարծ մի սառը համբոյր:

 

Կոպերն են փակւում՝ ծանր ու փոշեպատ.
Տեսնում է՝ ասես երազում արթուն.
Շողշողուն դէմքով՝ երգելով զուարթ,
Մազէ կամրջով հեռանում է տուն:

 

 


ԱՇՈՒՆԸ

 

Կտրեց նա անթիւ ճամփաներ յոգնած.
Հանգչեց ծառի տակ՝ յենուելով բնին.
Թուաց, թէ ունկին շրշում է կամաց
Հեռաւոր մի ձայն՝ պարզ ու մտերիմ:

 

Ասես մէկն անտես՝ խորքերից մթան
Պատմում էր խաղաղ իր կեանքի մասին.
Ծննդի անյայտ եւ լոյս մանկութեան.
Եւ երազների՝ յղուած անհասին:

 

Եւ սիրոյ մասին, որ մենակ մնաց.
Եւ երջանկութեան՝ մի օր եկած հիւր.
Տառապանքների՝ տրուած իբրեւ հաց.
Եւ տենչանքների՝ անյագուրդ ու կոյր:

 

Աշխարհի մասին՝ սուրացող անկանգ.
Եւ ժամանակի, որ չեկաւ էլ յետ.
Մահուան, որ լռին երկարեց մի կեանք.
Աստծոյ, որ լքեց երկինքը յաւէտ:

 

Չքացաւ յանկարծ ձայնն անդառնալի.
Դողաց խաւարում աննշմար մի ճիւղ.
Գիշերում անդորր կատարից ծառի
Ընկաւ անաղմուկ մի հասուն պտուղ:

 

 


ՎԵՐԱԴԱՐՁԸ

 

Պառկած է անշարժ մահճում մեկուսի.
Ճակատը՝ հանգած ու աչքերը՝ գոց.
Ասես անթափանց խորքից մշուշի
Հասնում է ունկին մի խուլ լացուկոծ:

 

Թւում է՝ մէկը սնարին նստած՝
Սպասում է լուռ շնչին իր վերջին.
Մա՞րդ է մտերիմ կամ ինքը՝ աստուա՞ծ.
Թէ՞ աշխարհն է ողջ՝ ծանրացած խղճին:

 

Լքում է ընդոստ մահիճը յանկարծ.
Տունը հայրական կանչում է հեռւում.
Պարտէզը ահա, իր ծառը ծաղկած.
Բակը խաղաբոյր՝ թաղուած ստուերում:

 

Կիսաբաց դռան արանքից նեղլիկ
Գլուխն է հանում մի լոյս երեխայ.
Աչուկներն ապշած պլշում իր վրայ.
Տեսնում է ասես մի նոր խաղալիք:

 

Գրկում է նրան կարօտով հրկէզ.
Սեղմում է սրտին սիրով անսահման.
Մարմինը մանկան սառն է հողի պէս.
Խաւար է տունը՝ որպէս գերեզման:

 

 


ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

 

Դարանած մի ձեռք քամու պէս անտես
Գոցեց իմ առջեւ դռները բոլոր.
Նորազարթ հոգիս ապշանքը պատեց.
Ու երգը ձեռքիս՝ մնացի մոլոր:

 

Արեգակն էր վառ վերնագիրը իմ.
Լեռները՝ տողերն անդնդահնչիւն.
Երկինքը՝ մտքիս կշռոյթն աստղային.
Գիշեր ու ցերեկ՝ յանգս ղօղանջուն:

 

Նենգ մի լռութիւն՝ անթափանց ու հեղձ,
Սուզեց իմ կեանքը տղմոտ յատակում.
Գուրգուրեց սիրտս երազս անմերձ.
Ամոքեց հոգիս տանջանքս անքուն:

 

Զարկեց մի գիշեր կայծակը մահուան՝
Լուսաւորելով ընդերքները մութ.
Ինձ ոսկեհատիկ մի հունդի նման
Առաւ իր գիրկը հողը բարեգութ:

 

Մեռաւ ու յառնեց ժամանակը կոյր.
Ծառի տակ հսկայ՝ աճած անթերի,
Ինձ անչափ նման պատանի մի հուր
Կարդում էր երգն իմ լոյսով աստղերի:

 

©Սեւակ Արամազդ