ԵՐԿԻՐ
Շարք, 1977-1980թ․թ․
ՔԱՂԱՔԸ
Եռում է շուրջս քաղաքը հսկայ,
Ինչպէս որ միտքը բորբոք ուղեղում.
Տօթի ու ծխի այս խենթ հեղեղում
Թւում է՝ կխեղդուի արեգակն անգամ:
Եւ իմ հոգու մէջ խուժում են մէկից՝
Ստուերներ ասես՝ մութ ու անծանօթ,
Տագնապներն, ինչպէս տօթից ու շոգից
Հողի մէջ ծնուող միջատներ թունոտ:
Թւում է՝ տենդոտ այս մղձաւանջը
Հիւսում է դաւի հրէ սարդն անտես...
Տեսնում եմ ահա յառնող սուրբ խաչը.
Նաեւ խաչեալի կերպարանքը վէս:
Նա ցածում թողած հեղձուկը կեանքի՝
Շողարձակում է մաքուր երկնքում.
Եւ աստ լքուած մի մեղսական հոգի
Տանջուած իր դէմքն է լուռ խաչակնքում:
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ
Յիշողութեանս մոխիրներից ես
Անցեալի փոշոտ պատկերն եմ հանում.
Նման միգամած տիեզերքին այս մեծ՝
Անեզր, անգիծ, նաեւ անանուն:
Հաւատացեալի դողով սրբազան
Մաքրում եմ ես լուռ փոշին պատկերի.
Եւ անշարժացած՝ լսում եմ անձայն
Խուլ արձագանգը հեռու դարերի:
Հանց առաւօտի լոյսի մէջ աղօտ
Քաղաքն է քիչ - քիչ երեւում հեռւում,
Այդպէս էլ ահա իմ դէմ է յառնում
Ահագնատեսիլ մի դէմք անծանօթ:
Ամեն ինչ յանկարծ փլւում է իմ շուրջ.
Դառնում է մոխիր, ուրուական անտես.
Սուր ճռնչոցով բացւում է մի դուռ.
Ու անվերադարձ չքանում եմ ես:
Եւ լռութեան մէջ՝ անհուն ու խաւար,
Ուռճանում է մի կարօտ անստեղծ.
Հիւլէ առ հիւլէ գալիս եմ ի յար.
Եւ արթնանում եմ անգոյութեան մէջ:
ՃԱԿԱՏԱԳԻՐ
Երկինքն իջնո՜ւմ է, իջնո՜ւմ անընդհատ.
Երկիրն էլ, ասես, բարձրանո՜ւմ է վեր.
Արանքում նրանց՝ մթին ու անյայտ,
Թափառում ենք մենք որպէս կոյր ստուեր:
Խփւո՛ւմ է երկրին երկինքը յանկարծ.
Եւ շեղբի նման՝ բոցաձե՛ւ, հատո՛ւ,
Թռչում է յանկարծ սրընթաց մի հարց.
Եւ մի՛ հարուածով մեզ յա՛ր գլխատում:
ՀԱՐԲԵՑՈՂԻ ՄԱՀԸ
Ընկած էր այնտեղ, անկիւնում, լռին.
Լերդացած արիւն մարմնի վրայ.
Անփոյթ գգւում էր քամին շորերին.
Ու ասես հեգնում, ծաղրում էր նրան:
Հաւաքուած մարդիկ՝ սարսափով անբառ
Նայում էին լուռ: Ու ոչինչ՝ քամի...
Երբ մէկը յանկարծ գոչեց հեգնաբար.
- Քո կեանքի գինը մի օղի կանի՞...
Ու նրա դեղնած, անկենդան դէմքին՝
Ինձ թուաց՝ շարժուեց ցաւի մի կնճիռ.
Կար լոկ մի հայեացք՝ չռուած երկնքին.
Մի հարց, մի բողոք՝ հանդէպ ոչնչի:
Եւ իմ հոգու մէջ սողոսկեց մի ցուրտ.
Աչքերիս առջեւ՝ մի դիակ անտեր...
- Ասա՛ ինձ, աստուա՛ծ, թէ լոյսը այս կոյր
Արժէ՞ր այսպէս զո՜ւր խաւարից զատել...
ՄՈՒՐԱՑԿԱՆԸ
Նստած էր նա լուռ բանուկ խաչուղում,
Շէնքի պատի տակ: Մոռացուած ասես
Կորուսեալ մի յուշ՝ անցեալի ծխում.
Աննկատ՝ չնչին միջադէպ ինչպէս:
Նայում էր անշարժ նա իր գլխարկին.
Չէր տեսնում սակայն գրօշները գորշ.
Գլխարկի նման դատարկ էր հոգին.
Հայեացքը՝ սեւեռ, բայց եւ անորոշ:
Թւում էր մի պահ, թէ ինքը երբէք,
Ոչ, չի ունեցել ծնունդ ու անցեալ.
Նստել է միայն ինքն ահա այդպէս.
Եւ բա՛խտը, բա՛խտը՝ գլխարկն է դարձեալ:
Ու դրամների զրնգոցը պաղ
Մարում էր հոգու հայեացքում անթարթ.
Ուր բանտուած է յար ու հաւերժաբար
Ճակատագիրն իր՝ մի մթին անյայտ:
Նստած էր այդպէս՝ լուռ ու գլխիկոր.
Կեանքի աղմուկին՝ սառն ու անհաղորդ.
Եւ ժամանակը սահում էր կողքով՝
Որպէս անտարբեր ու կոյր մի անցորդ...
ԵՂԵՐԵՐԳ
Եղբօրս՝ Մերուժանի յիշատակին
Հոսում էր գետը՝ անշարժ, անզգայ.
Լուռ դաշինք կնքած ինքն իր տիղմի հետ:
Տանում էր նա քեզ: Որպէս կոյր վկայ՝
Նայում էր միայն լուսինն ակնդէտ:
Եղեգնուտի մէջ մի ինչ-որ թռչուն
Սուր ճչաց յանկարծ ու լռեց դարձեալ.
Այդպէս կեանքը քո՝ անյայտ, անհնչիւն,
Բռնկեց մի պահ ու դարձաւ անցեալ:
Լուսնի շողի պէս քո յուշն է բեկ-բեկ
Երբեմն միայն խաւարում հնչում...
Հոսում էր գետը՝ անանուն, անդէմ.
Ու լուռ լալիս էր մի ինչ-որ թռչուն:
ՍԻԶԻՓՈՍ
Այգին լցուած է մի պարզ
Թափանցիկ կապոյտով անեղծ.
Աշխարհը՝ ծաղկուն մի երազ.
Երազում՝ խաղեր փոքր ու մեծ:
Եւ ահա մանչուկ մի խոհուն
Տանջանքով՝ անխօս ու լուռ,
Ծառուղու աւազն է փորում
Փոքրիկ դոյլի մէջ լցնելու:
Լցնում է ու կրկին թափում.
Եւ այսպէս՝ անվերջ ու անվերջ.
Ու ինձ թախիծն է պատում.
Տնքում է մի յուշ հոգուս մէջ:
- Մանչո՛ւկ իմ, չգիտես դու դեռ,
Որ քո մեծ նախորդը հին
Լքել է իր քարը արդէն.
Ու ձեռքը պարզել է մահին:
ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ
Իջնում ես, անձրեւ... Չկայ առաւել
Գեղեցիկ մի բան, քան անկումն ազատ.
Այնքան գեղեցիկ, ու վսեմ, ու վեհ՝
Անկում չէ ասես, այլ վերելք զուարթ.
Այդպէս անցեալում՝ հին, վաղնջական,
Հոգիներն էին՝ նահատակ ու սուրբ,
Ելանում ի խաչ՝ լուռ, վսեմակամ.
Եւ լոյսն էլ, իրաւ, երազ էր անսուտ:
Իջնում ես, անձրեւ... Քաղաքը ահա
Մի ակնթարթում դատարկուեց իսպառ.
Ահա զգում եմ՝ իմ հոգին հիմա
Իջնում է, ծածկում լռութիւն մի պաղ.
Եւ քո անկումի մեղեդին զուարթ
Արձագանգում է այն երգի նման,
Որով մարմինն են թաղում մահապարտ.
Որով թաղում են եւ հոգին անմահ...
Իջնում ես, անձրեւ... Քաղաքը ամայ
Լուռ կուչ է եկել վախից, սարսափից.
Ասես դատաստա՛ն ես բերել իր համար.
Պատիժ առաւել՝ իր մեղքի չափից.
Ու չի հասկանում, անձրեւ, որ սակայն
Դու ազատ անկման հրաշքն ես բերել.
Որով մեռնում են մահով իսկական.
Եւ յառնում ապա՝ զուարթ ու թեթեւ:
ՄԱՀՈՒԱՆ ՏԵՍԻԼ
Փողոցներում գիշերն արդէն դաւանենգ
Իր խաւարի որոգայթներն է լարում.
Ու հատուկենտ լապտերների լոյսը մեղկ
Խուլ ճչում է խաւարի մէջ ու մարում.
Այդ նոյն պահին խաւարասոյզ երկնքում
Մի աստղիկ է գահավիժում սրընթաց.
Եւ հոգուս մէջ բարձրանում է արնագոյն
Մի մութ տեսիլք՝ թաղուած յուշի մի առկայծ:
Եւ տեսնում եմ արնաշաղախ մի մարմին՝
Ոտքերի տակ գազանացած ամբոխի.
Մոլեգնում են հարբած դէմքերը կարմիր.
Իսկ արիւնը՝ ու՞մ եւ կամ ի՞նչ՝ թող բխի՛...
Օ, նրանցից ամեն մէկը առանձին
Նոյնպէս զոհն է կեանքի անյայտ խորհրդի.
Իսկ միասին՝ դառնում են կոյր մի կացին,
Որ իջնում է միայն մէկի կոկորդին...
Ու երբ արդէն օրն է բացւում, ամեն բան
Շպարւում է կրկին լոյսի փոշով նոյն.
Սրբանում է զոհի յուշը անբարբառ.
Ու դառնում է երկնանուէր մի անուն...
Ես չգիտեմ՝ արդեօք ո՞վ է յօրինել
Յարութեան նոր առասպելը՝ սուրբ ու սին.
Բայց տանջանքն է միակ մեր խաչը, որ դեռ
Կրում ենք մենք իբրեւ ցնորքն անհասի...
ՊԻԶԱ
Երբ խրախճանող աշխարհի մուժում
Իր ստոյգ ձեւն է կորցնում ամեն բան.
Երբ տագնապներն են հոգուս մէջ խուժում՝
Դարձնելով ինձ որբ ու անպաշտպան,
Իբրեւ անցեալի անգոյն ուրուական
Կամ ապագայի շքեղ երազանք,
Երեւում է ինձ մի եղերական՝
Ինքն իր ստուերին թեքուած աշտարակ:
- Երբ դու վեհօրէն խոյացար, Պիզա,
Թուաց՝ արեգակն ինքը բարձրացաւ.
Թուաց՝ գլուխդ աստղերին հասաւ.
Եւ անհետացան տառապանք ու ցաւ.
Եւ երբ ամրամուր քո ոտքերի տակ
Ցնցուեց հողը առաջին անգամ,
Թուաց, թէ հողը ցնծութեամբ անյագ
Ողջունում է քեզ ձայնով մայրական:
Օ, Պիզա, սակայն ոտքերիդ ներքոյ
Եռում էր տիղմը անցեալ կորստի.
Ոգու փոխարէն՝ խօլական եռքով
Մոլեգնում էին ջրերը ստի.
Եւ հիմա այդպէս կանգնած ես թեքուած՝
Ողբալի, խղճուկ մի ճորտի նման.
Եւ ո՛չ ուղղում ես մէջքը քո ճկուած.
Ո՛չ էլ ուժ ունես ազնիւ կործանման:
Պիզա, հիմա երբ ես նայում եմ քեզ,
Յիշում եմ հեռու քարանձաւը այն,
Ուր հազար տարի ապրում էի ես՝
Իբրեւ մի հիւլէ, իբրեւ բնութեան
Անխառն ոգու երազանքը վէս.
Երբ... սակայն, Պիզա, ինչո՞ւ ես այդպէս
Տխուր ինձ նայում... աչքում իմ ասես
Պատկերն ես տեսնում քո եղերական...
ԿԱՅԷՆ
Այս աշխարհում հիմա, երբ հոգիներ անթիւ
Աղերսում են երկնից մի կտոր տաք արեւ.
Եւ երկինքն էլ իբրեւ մի պատասխան՝ պարգե՛ւ,
Դարձեա՛լ տարափում է անէծքների շանթեր,
Քո տեսիլքը, Կայէ՛ն, հայեացքներում քաղցած
Յայտնւում է որպէս մի դիւրախոց թիրախ.
Որը՝ քանի՜ դար է՝ քրքրւում է, աւաղ.
Քանզի հոգու տեղակ լոկ մարմինն է հասու՝
Տեսանելի ու բաց:
«...Եղբօր արիւնն է, որ բողոքում է, խօսում...»:-
Սո՛ւտ է, սո՛ւտ է, Կայէ՛ն: Ես տեսնում եմ ահա՝
Այն դիակի կողքին՝ դէմքդ սարսափահար.
Դու առաջին անգամ ես մահուան ձայնը լսում:
Դու՝ ակամայ մի զոհ, որն առաջին անգամ
Շանթող ակնթարթում տեսաւ դէմքը դահճի.
Եւ առաջին անգամ, նաեւ վերջին,
Տեսաւ մա՛հը, մա՛հը՝ իր սեփական...
Դու տեսել ես մահը: Երջանիկ ես, Կայէ՛ն.
Քանզի լռութիւնն այս ինձ խաբում է յաւէտ.
Մի՜շտ զգում եմ մէջքիս նրա ձեռքը քարէ.
Եւ երբ շրջւում եմ, որ շօշափեմ, հայեմ՝
Նա պահի մէջ յանկարծ չքանում է անհետ...
Եւ տեսնում եմ նորից տխուր դէմքը ես քո՝
Դու դիակի կողքին արդ կանգնած ես լռին...
Եւ չգիտի ոչ ոք՝ դու ակամայ մի զոհ՝
Կորստիդ չափը՝ անսահմանելի...
ՄՀԵՐ
... Եւ ես պարտուած նորից, եւ ձանձրացած, տխուր.
Այս աշխարհի հողմից՝ հալածական, անզօր.
Ոտքերիս տակ նորից հողի մի գուղձ խարխուլ՝
Դողդողում եմ, ինչպէս մահից առաջ մի զոհ.
Եւ տեսնում եմ ահա ես քարանձաւ մի խուլ.
Ու խորքերից նրա՝ խաւարասե՜ւ, զարհո՜ւր
Ես լսում եմ անվերջ անեզրական մի ողբ՝
Արտասւում է կարծես անհուն հոգի մի որբ...
- Անվերադարձ փակուած քարանձաւում քո մութ՝
Արդեօք ո՞ւմ ես, Մհե՛ր, դու անիծում երկար.
Չէ՞ որ շուրջդ ամայ, լռութիւն է մի կոյր.
Չէ՞ որ ձայնդ, Մհե՛ր, արդէն լսող չկայ...
Տե՛ս, աշխարհը այս բիրտ հիմա հարբած ու բութ,
Խրախճանքի տրուած պոռնիկի պէս ագահ.
Տենդո՜վ ընչաքաղցի՝ գրկած փողի մի կոյտ,
Մոլեգնօրէն անմիտ գալարւում է անկամ...
Արդեօք ո՞ւր է, Մհե՛ր, արդեօք ո՞ւր է քո հին
Անբեկելի սուրը՝ կայծակնաշող, հրէ.
Ո՞ւր է, ո՞ւր է արդեօք եւ հրեղէն քո ձին.
Եւ սլացքը ոգու քո աներեր...
Քեզ խաբեցին, Մհե՛ր, քստմնելի ու բիրտ.
Գուրգուրեցին, լոյսով պատեցին քեզ.
Եւ դու երանելի սիրոյ ժպիտ դէմքիդ՝
Ընծայեցիր նրանց ոգին քո հուր, հրկէզ.
Եւ չիմացար հաւերժ, թէ արդեօք ո՞վ եւ ե՞րբ
Քո ցասումի արդար սուրը առեւանգեց...
Բայց ես գիտեմ, Մհե՛ր, որ հառաչը քո խուլ՝
Դարձած ծուխ ու հրդեհ՝ դեռ կուտակուի պիտի.
Եւ կուտակուի այնքան, այնքա՛ն պիտի եռայ.
Եւ մագմայի նման այնքա՛ն հուրհրատի՝
Որ պիտ ճեղքի անդարձ քո այդ բանտը անդուռ.
Եւ կամ քեզ էլ, Մհե՛ր, անվերադարձ խեղդի...
ԼՌՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՆԸ
Երակներիս մէջ հիմա գոռոզ արիւնն իմ նախնեաց
Թոյլ նւում է, մարմրում՝ այն ցոլքի պէս յոգնասպառ,
Որ քարայրում այն մթար՝ վերջին անգամ մեր ցասման
Թուր - Կէծակին արձակեց՝ արդէն ուժատ եւ անբան.
Է՛լ անհաղորդ են հիմա բոլոր կանչերն անցեալի,
Որ խռնւում են միայն կեղեւի տակ լռութեան.
Եւ չի՛ ճեղքի խենթութեան այլեւս ո՛չ մի ալիք
Զսպաշապիկն այդ անտես, որ դառնում է մեզ պատան:
Մորթու նման գունափոխ՝ ճիչերն ամեն՝ մի առ մի
Որսում է նա ու մարում ու կարծրանում անընդհատ.
Հոգին դառնում է մի լոյծ անանց մշուշ անմարմին.
Ներկան՝ անվերջ տափաստան՝ անմտօրէն համահարթ.
Ու թւում է, թէ ասես երկինք չկայ երկնքում.
Արեգակի մէջ՝ արեւ եւ երազում՝ երազանք.
Եւ երկիրն է հողագունդ, օրը՝ գիշեր ու ցերեկ.
Եւ անշա՞րժ է ամեն բան, թէ՞ հոլովւում է անկանգ...
Իմ հոգու մէջ ընդերկրեայ պղտոր գետեր են հոսում՝
Մեռած ոսկէ ձկների դիակներով առլեցուն.
Եւ լռութիւնն է անել ուռկան նետել իմ հոգուն.
Պատանում է ինձ արդէն՝ յամրութեամբ իր լպրծուն...
Սակայն լսում եմ ասես ես մի դղիրդ հեռաւոր.
Արդեօք ժա՞յռ է ճեղքւում, թէ՞ փակւում է քարն այն սեւ...
Եւ շուրթերս են լուռ բացւում, եւ բառերն են թռչում օդ.
- Տուէ՛ք ինձ կէտ մի որոշ՝ եւ ողջը շուռ կտամ ե՛ս...
ՈԳՈՒ ՍՈՎ
Ես ձեզ ասում եմ՝ կգայ ոգու սով...
Աւ. Իսահակեան
Սուզուած թմբիրում ներհուն լռութեան՝
Հեռու անցեալի ձայնն եմ ես լսում.
Այնքան պարզօրէն եւ յստակ այնքան,
Որ թւում է, թէ՝ այդ ես եմ խօսում.
Այդպէս ճամփորդին՝ հեռո՜ւ-հեռաւոր
Ահաբեկում է ձայնը որոտի.
Երբ թւում է, թէ շանթն աղեղնաւոր
Պայթեց ականջին կամ մի տեղ մօտիկ...
Եւ ինչպէս լեռան ցնցուող կողից
Ժայթքի յանկարծ մագման հրաշէկ.
Ինչպէս գօսացած, ամլացած հողից
Ջուր շատրուանի՝ այդպէս ահա մերկ
Տեսիլքն երեւաց... Տուն ու փողոցից
Ամբոխը յորդեց... Ճիչ, աղմուկ ու երգ
Խառնելով իրար՝ նա գնաց դէպի
Լուսէ տաճարը ոգու հաւատի:
Ոգու տաճարի կամարների տակ
Մրջիւնների պէս հրելով իրար.
Բոցավառելով աչքերում անյագ
Երկրպագութեան խարոյկներ հազար.
Հաւատարմութեան ճիչերով վայրագ.
Հառաչանքների գետերով վարար՝
Աղերսում էր նա, պահանջում ոգուց
Մի չնչին բեկոր իր շռայլ ոսկուց...
Եւ չստանալով՝ սկսեց քանդել
Տաճարը ոգու՝ այն ուժով, ինչ որ
Երկրպագել էր, անվերջ աղօթել.
Ոգու ակունքին պարզել շուրթը չոր...
Յետոյ հանդարտած՝ հեռացաւ անձայն
Ու խցի նման փակուեց ինքն իր մէջ.
Իսկ տաճարի տեղ մի կոյր մահարձան՝
Քարացած մի ողբ՝ լռում է հաւերժ...
Յիրաւի, ինչո՞ւ հաւատի ոսկին
Ժանգոտուեց այսպէս, քայքայուեց իսպառ.
Ինչո՞ւ փոխեցին պսպղուն խօսքի
Հսկայ բուրգերով այդ ոսկին արդար.
Եւ ինչո՞ւ պիտի փոխուի նզովքի
Շուրթերից պոկուող ամեն միտք ու բառ.
Եւ դաժան նիւթի քաոսում այս նեռ
Այդ ինչպէ՞ս է որ ես երգում եմ դեռ...
ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՕՍՔԵՐ
Ես գնում եմ հիմա, հեռանում եմ անդարձ.
Եւ լքում եմ ես ձեզ, եւ լքում եմ ինձ ես.
Ինձ չեն դիւթում, սակայն, երկինքները օտար.
Ո՛չ էլ օտար ոգու արեգակը անկէզ:
Ես գնում եմ հիմա: Եւ բիբերիս խորքում,
Իմ աչքերի կապոյտ երազների վրայ
Վերադարձի բորբոք կայծակներ են բեկւում.
Ես կարօտիս ծխում խեղդւում եմ հիմա:
Ահա գնում եմ ես: Հիմա նրա՛նք, նրա՛նք,
Որ ճեղքեցին հոգիս կացիններով խօսքի,
Տե՛ս, ոռնում են ահա վերադարձի կաղկանձ.
Եւ թափում են շուրջս կարօտների ոսկի:
Ինձ խաբեցին նրանք դղեակներով խօսքի.
Բառէ՜ երջանկութեամբ ինձ խաբեցին նրանք.
Կորուստներով դժնի զարդարեցին հոգիս.
Եւ որբութեան քուրձեր ինձ բաշխեցին շռայլ:
Ես գնում եմ հիմա: Տե՛ս, երկնքում անհուն
Լուռ ճօճւում է ահա մի որբացած լուսին.
Եւ ո՞վ կտայ նրան մի իսկական անուն,
Որ էլ չկարօտի նա արեւի լոյսին...
ՁԿԱՆ ԽԱՉ
Եղբօրս՝ Սիմակին
Նրան արարման տեսիլքն է տանջում.
Բարձրացող ձեւեր, որ դեռ կերպ չունեն.
Մերթ լեռնանում է ու մերթ նահանջում
Անձուկը հոգու: Երեք հնչիւններ
Հրեշտակների նման սրբաշուք
Թեւերին իրենց բերում են յանկարծ
Հեռու մանկութեան կորած մի շշուկ:
... Գոյն-գոյն քարեր կան ամռան գետակում.
Մի պստլիկ տղեկ մտել է ջուրը՝
Ոսկէ ձկնիկն է որոնում թաքուն...
Եւ ձեռքերն ահա ձգւում են կաւին:
Եւ սարսռում է կաւը: Եւ անձայն
Մատներն են ճչում անցեալի ցաւից...
Եւ ի՜նչ է կեանքը՝ անխուսափ մի խայծ
Անվերջ անջատման...
Ահա
Սեղանին
Կանգնած է ձկան մի խուփ մահարձան.
Գլխին՝
փոքրիկ
խաչ...
ԾՆՆԴԵԱՆ ՕՐ
Սեւ ագռաւների ամբոխն էր նիրհում:
Տապահեղձ անդորր: Տափաստան ամայ:
Մէկը նրանցից թախիծով խոհուն
Կռռում էր կամաց:
Ես քար նետեցի: Նա իր կիսախուփ
Աչքերով նայեց ու ոչինչ չասաց:
Ուռչում էր իմ մէջ զարհուրանք մի մութ:
- Այդ ինչպէ՞ս եղաւ՝ ես այստեղ հասայ...
Թախծում էր հեռւում աւէրակ մի խուլ.
Ինքն իրեն ասես բան էր մտմտում:
Եւ իրիկուն էր՝ իջնում էր տխուր
Որպէս ագռաւի սեւափայլ փետուր:
Ու ես յիշեցի,
Որ այդ առաւօտ
Աղաւնի էի բաց թողել օդում...
Ու թուաց մի պահ՝
Այդ ագռաւների ամբոխն ալարկոտ
Իր մտքում
Ագահ
Իմ խեղճ աղաւնու լէշն է յօշոտում...
ԱՇՆԱՆ ԵՐԳԸ
Ու ես դարձեալ մտնում եմ լուռ աշնան մէջ.
Մանկան նման, որ չի յիշում ինքն իրեն.
Ծառի նման, որ իր մահն է օրօրում.
Քամու նման, որ չի լսում ձայնը իր:
Մեր տունն է սա, սակայն օտար է կարծես.
Տուն ու ստուեր խառնուել են մշուշին...
Իսկ քաղաքից յիշում եմ ծուխը միայն՝
Կեանքի, մահի, սիրոյ վրայ տարածուած:
Երգը տամուկ: Ոտնաձայնը: Մշուշից
Ելնում է ինձ ճանապարհը ընդառաջ:
Պէտք է ապրել: Ապրել է պէտք: Ու ոչինչ...
Հեռւում ահա սպասում են ինձ նորից
Կարօտի նոյն անապատները սովեալ...
Իմ ետեւից մայրս ջուր է շաղ տալիս:
ՏԵՐԵՒԻ ԵՐԳԸ
Գամուած եմ ես միշտ նոյն տեղում.
Ու նայում եմ ո՞ւր՝ չգիտեմ...
Ինձնից այն կողմ միշտ մի տխուր
Լռութիւն է լռում անդէմ:
Ու լռութեան վրայ հակուած՝
Ես օրնիբուն ունկ եմ դնում.
Ե՞ս եմ արդեօք շրշում յոգնած.
Թէ՞ քամին է ինձ մօտենում...
Ու տնքոցն եմ լսում ծառի.
Տեսնում նրա ստուերը մեծ...
Եւ թռչելով անդառնալի՝
Արթնանում եմ անկումի մէջ:
ԼՈՒՍՆԻ ԵՐԳԸ
Վերից արեւն է ինձ իր մօտ կանչում.
Վարից՝ երկիրը:
Կանգնել եմ մոլոր նրանց արանքում.
Ո՞ւր է իմ ծիրը...
ՁԿԱՆ ԵՐԳԸ
Ծովը իմ շուրջն է յաւիտեան հոսում.
Իսկ ես ծովի հետ երբէք չեմ խօսում:
Երգում է դարեր ծովը ինչ-որ երգ.
Իսկ ես ոչ մի ձայն չեմ լսում երբեք:
Երկինք է թռչում ծովը սրարբած.
Իսկ ես չեմ տեսնում, թէեւ աչքս է բաց:
Ծովն իր անկումն է սգում ողբագին.
Իսկ ես անթրթիռ լողում եմ կրկին:
Եւ ծովից ոչինչ ես չեմ աղերսում.
Լռում է յաւէտ ծովը իմ ներսում:
ՓՈՇՈՒ ԵՐԳԸ
Ես փոշին եմ՝ անվերջ սկիզբը լռութեան:
Ես իջնում եմ հոգուն եւ այն քարերին,
Որ երազն են աւէր կամ դեռ անշէն մի տան:
Նստում եմ եւ ճամփին, որը տուն է տանում.
Եւ այն կարօտի հագուստի կարերին,
Որ յոգնած է անյոյս, բայց չի հանգստանում:
Բողբոջներին եմ իջնում եւ ծառերի,
Որ արմատներն են հողին ապաստանում՝
Իրենք երկինք թռչում անբռնելի:
Եւ ձայնին եմ իջնում, որ չի արձագանգում.
Նստում ծխնիներին եւ դռների,
Որ ինչպէս էլ բացուեն՝ միայն ելք են փակում:
Ե՛ւ կեանքին, ե՛ւ մահին իջնում եմ անտարբեր.
Ե՛ւ մէջքին բախտի՝ կորացած բեռներից.
Ե՛ւ ձեռքին, ե՛ւ ձեռքին, որ ջանում է սրբել...
Բայց, տե՛ս, ես իջել եմ այս երգին էլ: Արդէն...
ԱՆԴԱՐՁՈՒԹԻՒՆ
Աշունն արեւկող էր արել.
Ու ննջում էր խաղաղ:
Երազում՝ մի մանուկ-տերեւ
Ճչաց յանկարծ.
Ընկա՜ւ...
Ընկա՜ւ...
Ընկա՜ւ...
- Կանչեց:
Յետոյ քամի փչեց.
Եւ ձիւն տեղաց:
ՄԵՆԱԿՈՒԹԻՒՆ
Ծանր գիշերն ահա հեռանում է կրկին՝
Ինձ թողնելով մենակ այս օրուայ հետ,
Որ բզզում է կողքիս՝ որպէս անլուռ մի կին.
Անթիւ դարեր ապրած, բայց սեթեւեթ:
Փէշն է շտկում անվերջ, մազերն է յարդարում.
Պատմում կեանքն իր դժուար՝ տենդով մի անկրակ.
Ես՝ իմ կեանքն եմ երգիս մի անկիւնում թաղում.
Նա՝ տրտնջում կեանքի հարուածներից կրած:
Եւ քայլում ենք այսպէս՝ խուլ, անհաղորդ իրար.
Մինչեւ մութն է իջնում, եւ հեռանում է նա.
Կարօտում եմ նրան ես խաւարում անծայր.
Ու համբուրում թաքուն ոտնահետքը ամայ...
ՁԱՅՆԸ
Փափուկ խաւարը ահա
Մատներով իր ծակոտկէն
Շօշափում է իմ հոգու
Գաղտնիքները սրբազան.
Եւ ես սարսուռ առ սարսուռ
Յանձնւում եմ խաւարին.
Ու հասնում է ինձ կարծես
Ինչ-որ ներհուն ու սուրբ ձայն:
Ձա՞յնն է դա իմ մանկութեան,
Որ թւում է ինձ հիմա
Ինչ-որ հեռու ժամանակի
Քարանձաւի պատերին
Նախամարդու ձեռքով արուած
Պարզ ու անվարժ մի նկար,
Որի խամրած գծերում
Հրաշքներ են ննջում յար...
Թէ՞ դա սիրոյ մեծ երգի
Նուագն է այն թրթռուն,
Որ իմ հոգին զարդարեց
Պատրանքներով խաբուսիկ.
Յետոյ հալուեց-ներծծուեց
Տաք փոշու մէջ օրերի.
Ու երբեմն առկայծեց
Յարութեամբ յոյսի...
Ի՜նչ փափուկ է ձայնը այդ՝
Այնքան փխրուն, այնքան