ԽՌՈՎՔՆԵՐ

ԱՍՏՂԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹԸ

Ա 

 

Նախերգանք 

 

Թաղուած գանձի նման անցոլ այս կեանքում

Բոլորում եմ իմ շրջանը քսաներորդ.

Հոգիս համակ մի հրդեհ է ճարակում.

Անյայտ մի կանչ՝ խուսափուկ ու անհաղորդ:

Իմ մէջ է նա՝ որպէս ստուեր ներթաքոյց.

Անխօս՝ իբրեւ հմայական մի նշան.

Եւ ակամայ ինձ տանում է դեռ մանկուց՝

Չգիտեմ ո՛ւր՝ ամեն վայրկեան, ամեն ժամ...

 

- Ո՜վ, դու, երկի՛նք, յաւէտ խռով մեծ հոգի...

Երբ չես կարող էլ արցունքը քո զսպել,

Տարափում ես անձրեւներդ մորմոքի.

Ի՞նչ անեմ ես՝ ահա լցուած եմ քեզ պէս:

Արեգակը վաճառում է իր ոսկին.

Լոյս ու խաւար սակարկում են իրար հետ.

Ծիածանն էլ՝ այդ նենգ դաշինքը խօսքի,

Խաբում է ինձ իր թոյրերով սեթեւեթ...

 

... Բայց կայ մի տեղ, ուր երազն է մշտարթուն.

Անհո՜ւն, անհո՜ւն, անհո՛ւն երկինք: Տարաժամ:

Ուր այս կեանքի նոյնիսկ գիծ մի աննշան

Ուրիշ գծով՝ ի՛նչ էլ լինի՝ չի հատւում...

Չէ՛ որ հրդեհն ինչքան էլ որ լինի մեծ՝

Սառն է նրա ստուերը միշտ՝ անկենդան...

 

Եւ իջնում է հոգուս աստղիկ մի անեղծ՝

Ակնթարթը աստեղային յայտնութեան:

 

 

Բ 

 

Ճակատագիր՝ անյայտ ուղի. քարացումի ակնթարթ.

Եւ զարմացած քարեր ցից-ցից՝ մի քիչ այն կողմ, ձորակում...

Փախչում էի անվերջ կեանքից. ես՝ ի ծնէ մահապարտ.

Եւ մի՛ կեռման չանցած անգամ՝ յայտնուեցի ծուղակում:

Մահը մի պահ ժպտաց-անցաւ. արիւնս՝ յուշ՝ քարերին.

Ակնթարթը ճեղքուեց իմ դէմ. խուլ մի թնդիւն. սարսափ. ճիչ...

Սուզւում էի խաւար մի վիհ. հեռո՜ւ մի ձայն՝ կմեռնի...

Երբ զարթնեցի՝ շուրջս միայն լռութիւն էր ու ոչինչ...

 

 

Գ 

 

Ինչպէս երազ երազի մէջ՝ աչքս է շրջւում իր բնում.

Եւ խաւարում բիբերս զոյգ լայնանում են անզգայ.

Ու թւում է՝ հմայանքով աշխարհն է լուռ ուրուանում.

Ու ծովի պէս գնո՜ւմ, գնո՜ւմ, հեռանում է ու չկայ...   

Եւ բացւում է կոպերիս տակ մի մութ անդունդ անկոպար.

Խլութեան մէջ ժամանակը խտանում է, դառնում կէտ.

Լռութիւնն է լոկ տրոփում՝ մեղեդու պէս մի անբառ.

Եւ սկիզբն է բեկւում իմ դէմ եւ նախանիւթը այն կենտ,

Որի խորքում դեռ նիրհում են խաւար ու լոյս անանջատ:

Եւ անկշիռ, ինչպէս ծովում մթնող վերջին ճառագայթ.

Կամ անյայտից նետուած մի քար՝ փոշիանում եմ ասես.

Ու մաղուելով հատիկ-հատիկ՝ անձրեւի պէս մի անգայտ

Լուծւում եմ ես անհունի մէջ, անհետանում: Բայց ինչպէս

Աւազն է յար անտարրալոյծ, թէեւ ապրում է ջրում.

Եւ կամ ջուրն է անճնշելի, թէեւ ափերն են նեղում՝

Ես կամ ահա եւ գրում եմ: Իմ հայեացքն է, որ այդպէս

Հրթիռի պէս պոկւում ինձնից եւ ակնթարթն է պեղում:

Քանզի կեանքում կայ մի վայրկեան, երբ թւում է, թէ չկաս.

Նիրհող սաղմ ես մի նախագոյ՝ դեռ նոր պիտի աշխարհ գաս.

Եւ ես ահա կոյրի նման ձեռքով օդն եմ շօշափում,

Մինչ հրանետն արեգական իմ աչքերն է շաղափում:

Ու թւում է՝ երազի մէջ կեանքն է գտած կեղծ մի գանձ.

Դեղին փոշով նրա ժանգի յափրանում է մեր հոգին.

Եւ շարժում ենք կոչում՝ պայքա՛ր՝ մութ մոլուցքը մեր անսանձ՝ 

Կո՜յր մսխելով մոխիրներում մեծ շնորհի գանձ-ոսկին...

Ու թւում է՝ ծաղրում է մեզ ինչ-որ մէկը անանուն.

Նետել է մեզ կրկէսն այս բաց եւ ծիծաղում է հիմա.

Ու գծում ենք դարեր անդուլ հլու շրջանը այս նոյն՝

Պար բռնելով ժամանակի սուլոցի տակ ակամայ...

 

Օ, ակնթա՛րթ աստեղային, ճառագայթուի՛ր անյայտից.

Փայլատակի՛ր քո յայտնութեամբ, արթնութի՛ւն բեր դու հոգուն.

Լոյսիդ շեղբո՛վ հմայութեան այս մութ թաղանթը հատի՛ր.

Տեսանողիս աչքն էլ պղտոր թող պա՜րզ շողայ այս երգում...   

 

 

Դ 

 

Ահա եւ ես՝ հաւերժիդ դէմ՝ մահատեսիլ մի ասուպ.

Եւ ուղեծիրն իմ գնացքի՝ ես եմ իմ շուրջ եւ իմ մէջ.

Իմ շուրթերից սակայն հիմա ինքը երկինքն է խօսում.

Նա է ափերն իմ ողողում եւ բաբախում ելեւէջ:

Արեւաբիբ աչքն է նրա իմ մէջ տեսնում եւ խորհում.

Աստղէ դաշինքն իր հայեացքի ինձ հսկում է ամեն պահ.

Եւ երբ իմ մէջ պարտուած հողն է հրաբուխով յոխորտում՝

Սաստում է նա ամպէ լեզուով եւ անձրեւով շանթաբառ:

Եւ ակնթարթն աստեղային նրա լոյսն է անստուեր.

Կնիքը այն, որով մի օր իմ ծնունդն է հաստուել՝

Որպէս աստուած եւ կամ այլ ինչ՝ զի երբ արեւն է ծագում,

Մեր աչքերում ուրիշ լոյսի մի նոր կարօտ է ծաղկում...

Եւ լսում է հոգին անվերջ վերին կանչը անյայտի՝

Որպէս հեռու մանկութեան ձայն եւ կամ մահուան խուլ տագնապ.

Չէ՞ որ մահը արեգակի իր իսկ գոյներն են պատիր.

Իսկ երկինքն իր անունից վեր՝ խաւար է կողպ եւ անափ...

Այդպէս հոգին դառնում է բանտ՝ ազատութեան մէջ անօդ.

Եւ լեռներն են անդնդանում՝ վեհութեան ցուրտ ձիւներում.

Ու ջրի պէս ճահիճների՝ խօսքը փայլում է աղօտ.

Ու հոգու մէջ աստուածներ են անվերջ ծնւում ու մեռնում...

 

Եւ յայտնութեան լոյսի ներքոյ՝ հայեացքիս դէմ հեռահար

Դարերի մութ ստուերներն են խուճապահար նահանջում.

Եւ աստղային ակնթարթի բիւր զանգակնները ահա՝

Տիեզերասոյզ մեղեդի՝ մանկութի՜ւն են ղողանջում... 

 

 

Ե 

 

Որպէս հալուէն անապատի՝

Կենաց ջուրն իր սաղարթի մէջ,

Ըմպում եմ ես կաթիլ-կաթիլ

Լոյսի ցօղը քո նախաստեղծ.

Ահա ծաղիկն իմ անառէջ՝

Լուռ թալկացած հեղձուկ տապից,

Լսում է քո ձայնը անեղծ

Հեռո՜ւ յուշի հրաշք ամպից...

 

Արթնանում են այդպէս մէկ-մէկ

Իմ դարաւոր օրերն անցեալ.

Նախամարդու աստղոտ անձաւ.

Զարմանք մի մեծ. պստլիկ տղեկ.

Ներդաշնութեան անյայտ մի ցաւ.

Վախից ծնուած մաքուր մի երգ...

Արդեօք ինչո՞ւ, ինչպէ՞ս դարձան

Խուփ, անկենդան մի մահարձան...

 

 

Զ    

 

Քանզի կեանքն է հուրայի թռչող պտուղ թունաւոր՝

Սնւում հիւթով անապակ եւ արձակում բոյրեր գարշ.

Հսկում է մեզ դարերով զսպանակի պէս մի ոտք.

Յապաղե՜լն է մահացու, մենք՝ ծանրաշարժ, կեանքը՝ կարճ:

Քանզի վայրկեանը ներկայ՝ մազէ կամուրջ մի երեր.

Ինչպէ՞ս քայլել էլ կեանքում՝ երազօրէն անսայթաք.

Եւ քամիներն են ուժգին՝ ինձ ո՞ր քամին է բերել.

Եւ անդունդ է իմ ներսում. եւ անդունդ է ոտքիս տակ...

Մահն է ստոյգը միակ՝ ինձ կանչում է անվերջ նա.

Ինչ իմ միտքն է ստեղծել՝ եղծուած է դեռ ի վերուստ.

Եւ երբ ցնդում է հոգուց խօսքի թօնը մանրամաղ՝

Խորխորատնե՜ր են բացւում՝ անապաքէն մի կորուստ...

Դու, եղբա՛յր իմ, էլ չկաս. ե՛ս չեմ ապրել կեանքը քո.

Լոկ խամրում է պահ առ պահ քո տեսիլքն իմ խաւարում.

Սակայն քրքիջդ հիմա որոտում է երկնքով.

Եւ տխրութիւնդ կարծր յուշի փոշի է մաղում...

Ուզում էիր դու որսալ խորհուրդները էակից.

Բայց որսացիր ինքդ քեզ՝ ճակատագրի ի՜նչ հեգնանք...

Ես էլ ահա այս կողմում խփում եմ խուլ ահազանգ.

Բաց է դուռը. էլ արժէ՞ եզը հանել երդիկից...

Սակայն յաջորդ պահի մէջ՝ կնոջ հայեացք մի տարփոտ...

Եւ հոգիս՝ մեղկ ու կարկամ՝ նոր խաղատուփ է բացում...

Շուրջը կեանքն է երթեւեկ, եւ թռչում է նոր մի բօթ...

Եւ կայ մի ձեռք մշտարթուն՝ նոյնիսկ երազ է պղծում...

Ինչպէս պատկերն է շրջւում երազի մէջ անմեկին,

Այդպէս բացւում է յանկարծ մի առաւօտ անարուեստ.

Լոյս է կազմը ամենի, եւ կարօտում ես մէկին,

Որ քո մէջ է բնակւում ու սիրում է անչափ քեզ...

Ու թւում է, թէ մի պահ դու նախամարդ ես կրկին.

Թէեւ լոյսն է շլացիկ, բայց գեղեցի՜կ է այնպէս... 

 

- Քո գողացած մի կայծը աստուածային կրակի

Ինչպէ՞ս դարձաւ հրածին եւ ողջ շինուածքդ լափեց...

 

 

Է              

 

Օ, Բնազդի մութ աղեղ...

Սլաքը քո անվրէպ

Մահուան սոյլն է իր յղկում՝

Այն նոյն վառքով խելայեղ,

Որով հոգին է մրրկում

Երկունքներում իր հրէ.

Եւ այլեւս այս եռքում

Մի են դրախտ ու գեհեն...

 

Չէ՞ որ փաթիլն առաջին

Երբ ճիւղին է իջնում մեղմ,

Նրա ճերմակ ղօղանջից

Ծառն արբում է քնի մէջ.

Ո՞վ է, սակայն, կախարդում.

Ծանրութեան տակ կարծր ձեան

Ճկուած ճիւղերն են ջարդւում.

Ծառը ողբում է անձայն...

 

Հոգիս՝ հալոց հուր ու տապ,

Լոյս ու խաւար է մոգում.

Խորհուրդների մի մութ ամպ

Թաղում է ինձ իր խորքում.

Խաւարի պէս ահարկու.

Լոյսի նման անտագնապ՝

Իմ եւ մահի արանքում

Բարձրանում է նոր մի ափ...

 

Ու ապրում եմ ես հիմա՝

Ընկած ուրիշ մի աշխարհ.

Ուր սուտ ծէս է կեանք ու մահ.

Կամ էլ մանկան անփոյթ խաղ.

Չեմ հասկանում՝ ո՞վ է ինձ

Դէպի անյայտը շեղում.

Չէ՞ որ անամպ երկնքից

Երբէք անձրեւ չի տեղում...

 

1981 թ.

 

 

 

ԽՌՈՎՔ 

 

Ա 

 

Անյայտ սուրացող հրթիռի նման

Ճեղքում է ահա հայեացքս դարձեալ

Անդորրն այս քսու՝ մո՛ւթ, մահանմա՛ն.

Ու թռչում հեռու՝ վայրի՛, սանձարձա՛կ...

Էլ ինձ չեն կարող ժպտալով խաբել

Այս սուտ դրախտի պտուղները սին.

Բոյրերը նրանց թոյն են մահաբեր.

Եւ փայլը՝ նման կոյրի երազին:

Այս որոգայթը, օ, հին է այնքան,

Որքան գիշատչի հաճոյքը յետին.

Գոյն-գոյն բառերի ծածկոցն է միայն

Թաքցնում նրա խորհուրդը մթին:

Էլ ինչո՞ւ մի օր եկան խելագար՝

Կոկորդ քերծեցին՝ Օ, լոյս եղիցի՜...,

Երբ դեռ չմարած արձագանգն անգամ՝

Սողացին դարձեալ որդերն ախտածին:

Ինչո՞ւ պիտի ես՝ երգս դեռ չերգած,

Շուրթերս պղծեմ անէծքով յետին.

Անիծում եմ ես անցեալ ու ներկայ.

Եւ չեմ հաւատում գալիքի ստին...

 

 

Բ 

 

Ու թէեւ գիտեմ, որ երգը իմ այս

Լոկ ցերեկային լուսնահաչ է մի.

Կամ հազարամեայ մի ծառի փտած

Բունը լոկ շոյող, հպանցիկ քամի՝

Բայց չկայ, իրօք, ո՛չ մի յենարան,

Որին գէթ կառչեմ այս մառախուղում.

Կորուստներն ամեն ահա խուռներամ

Միջատների պէս հոգիս են խուժում...

Ճիշտ է, որ դարեր հանճարը յորդուն

Հրաշք է եղել արարչագործման,

Բայց ի՜նչ ենք այսօր անվերջ յոխորտում՝

Դատապարտեալի նման մի ցմահ:

Ճչալ կարող է թիթեռն էլ անգամ,

Թէ ի՜նչ գոյներ կան իր զոյգ թեւերին.

Ի՛նչ ունենք այսօր՝ պիտ լինէ՛ր ու կա՛յ.

Մինչդեռ մենք էլ ենք զոհը նոյն հրի:

Էլ ի՛նչ ենք, ի՛նչ ենք դարերով երկար

Գոյն-գոյն ճառերով հողն այս ողողում.

Չէ՞ որ դրանից եւ ո՛չ մի անգամ

Թափուող արիւնը գոյնը չի փոխում...

Էլ բա՛ւ է արդէն, ես շատ եմ լսել

Ձոյլ պատասխաններ՝ իմաստուն, խորին.

Ձե՜զ լինի ձեր սուրբ երազը լուսեղ,

Որ մատնեց հոգիս գեհենի հրին...

 

 

Գ 

 

Մեր այն լեռների ցլի պէս առողջ՝

Շնչառութիւնը որի կատաղի

Օդով՝ հեղձեցեալ աշխարհին ամբողջ

Կբաւարարէր մի հազար տարի՝

Ընկայ ես յանկարծ մարգն այս թունաւոր.

Եւ խժռեցի պտուղներ լեղի,

Որ փայլում էին նենգութեամբ ողորկ՝

Ձոյլ գնդերի պէս մեծաց ուղեղի:     

Մինչ նրանք իրենց աստեղագնաց

Մտքի կեռերով անհունն են պեղում.

Եւ մահճում իրենց՝ արթուն թէ քնած,

Հնձում են լոյսի արտերը բեղուն՝

Իմ շուրջը, ինչպէս ի հնուց անտի,

Կեանքն է թաւալւում կրկին խելագար.

Եւ հոլովելով կերպերն իր անթիւ՝

Յառնում է իմ դէմ՝ որպէս փորձաքար...

Հեղեղն է ինչպէս շչում ու շաչում՝

Քշելով իր հետ մի ամբողջ անտառ,

Իմ երգն էլ այդպէս՝ բիրտ ու շառաչուն,

Ողողի պիտի աշխարհը արար.

Եւ մի սրընթաց, պղտոր գետի պէս

Մութ ընդերքների տիղմը դուրս թափի.

Եւ գոռ որոտայ, որ թռիչքն այս մեծ՝

Քարի անկում է սեփական թափից...

Եւ ձեր ճաղատին հանճարազօծուած

Ձեռքի՛ պէս աստծոյ շեշտագին մեխի,

Որպէս դարերի սրակեռ մի հարց՝

Պատկերն իմ զարհուր եւ քստմնելի...

 

1980 թ.

 


 

 

ԿԻՍԱԿԱՅԱՐԱՆ 

 

Հին կայարանի մի յետնախորշում.

Իրիկնամուտի լոյսի մէջ պղտոր.

Սառը յատակին նստած գլխիկոր՝

Նա աղմուկներից ձայներ էր որսում.

Չէր հասնում, սակայն, նրան ո՛չ մի ձայն...

Մի գնացք եկաւ, չկանգնեց, անցաւ:

 

Թափ տուեց ձեռքը ու լուռ հայհոյեց՝

Արար աշխարհին, իրեն, ամենքին...

Երբ ինչ-որ ստուեր ճակատը շոյեց.

Եւ ահա նրան մօտեցաւ մի կին.

Ասաց.- Ձեր դէմքը ծանօթ է կարծես.

Դուք Խարինաթում նկուղ չէ՞ք վարձել...

 

- Չգիտեմ,- ժպտաց,- չեմ յիշում... գուցէ...-

Եւ դիպուած մի հին խոժոռեց նրան.

...Մթան մէջ յանկարծ սայթաքեց մի ծեր՝

Ընկաւ քարի պէս գետը վարարած...

Ցեխ էր, մութ, անձրեւ ու բարձր խոտեր.

Նստել էր ափին. ո՞ւր էր՝ չգիտէր... 

 

Թափթփուած կանանց շեղջ ու կոյտերից

Դուրս պրծաւ յանկարծ ինչ-որ երեխայ... 

Նա լուռ ճիգ արեց՝ վեր կենայ տեղից,

Բայց մնաց՝ պատին գլուխը մեխած.

Թուաց՝ ընկնում է ինչ-որ քարանձաւ...

Մի գնացք եկաւ, չկանգնեց, անցաւ:

 

«Դառը աշունն այս սպասումն է մեծ.

Մեր միտքն էլ՝ գնացք՝ քամուն հակընթաց...»,-

Նա տխուր ժպտաց.- Գուցէ թէ իմ մէջ -

Ո՞վ գիտի - մի մեծ պոէտ է նստած.

Ճառեր... մրցանակ... դիրք... բնակարան...-

Մէկը արթնացած՝ պլշել էր նրան:

 

Մութ ու անառիթ մի ատելութեամբ

Հագուստն էր փոշոտ տնտղում նրա.

Գլխում այդ քնատ միտքը ապստամբ

Կնքեց ի վերջոյ. «Թմրամոլ է սա...»:

Յանկարծ նա զուարթ, բարձր ծիծաղեց.

«Այդ մարդը, գուցէ, գիտնական է մեծ...»:

 

Զարկեց անձրեւը կայծակ գոռոցով.

Եւ սիրտը նրա խենթաւուն ցնծաց.

«Ամեն մի կաթիլ գնում դէպի ծով՝

Նորի՛ց է անցնում ճանապարհն անցած...»:

Մէկը բղաւեց.- Թող սատկի՛- գնա՛յ.

Ո՞ւմ է հարկաւոր ապրելը դրա...:-

 

Դուրսը ինչ-որ մարդ փողոցում, մայթին,

Ջրափոսի մէջ ընկել էր հարբած.

Մէկ այլ մարդ խփում դէմք ու ճակատին՝

Քաշքշում թեւից, հայհոյում էր բաց...

Անձրեւն էր լալիս երկուսի վրայ.

Մէկն անցաւ՝ ուսին մի կողով դրած...

 

Եւ սիրտը նրա յանկարծ նուաղեց.

«Սո՞վն է սկսւում, թէ՞... կարօտն է... ի՞նչ...»,-

Խփուեց ականջին մանկական մի ճիչ.

Աղմուկը, սակայն, այդ ճիչն էլ թաղեց...

Վեր թռաւ տեղից. «Անփորձ ու անցաւ

Տո՛ւն հասնեմ միայն, տո՛ւն հասնեմ, ոչի՜նչ...»,-

 

Մի գնացք եկաւ, չկանգնեց, անցաւ:

 

1986 թ.   

 


 

ԻՄ ՄԱՀԸ 

 

Գիտեմ, մահը իմ՝ մի մութ հարբեցող,

Որի ուղեղում լոկ տիղմն է յորդում

Բիւր կորուստների անցեալի անցոլ,

Խաւար մի ժամի, երբ ես դառնամ տուն,

Դառնացած՝ որպէս խաբուած Ոդիսեւս,

Կելնի նա իմ դէմ՝ իմ ստուերի պէս.

Եւ կպահանջի. «Է՜յ, իմ պարտքը տո՛ւր...»:

 

Պահ մի կնայեմ նրա մութ դէմքին.

Ու խաւարի մէջ յոգնած կժպտամ.

Կյիշեմ յանկարծ առաւօտն այն հին,

Երբ ցնորական աշխարհն այս մտայ.

Ու թափառումի անվերջ ճամփէքին

Շաղ տուի երգեր՝ զուարթ ու մթար...

Մինչ ցաւս բռնեց երկիր ու երկինք:

 

Ես ակնթարթից կառչած՝ ապրեցի,

Քանզի հաւերժը լոկ բառ էր փոշոտ.

Սովեալ անապատ, քարաւան մի ձիգ,

Որ երազներ էր որոճում փշոտ.

Տեսիլքների տենդ՝ խառնուած երգին.

Ու սորուն բախտի յամրութիւն ճնշող...

Եւ մնաց աչքս յաւէտ այն մէկին:

 

Նրան, որ ծնուեց ինձ հետ միասին.

Ու հաւերժօրէն մնաց անանուն.

Որպէս թափառիկ տեսիլքն անհասի՝

Որ հմայում է եւ անյայտանում.

Որ յայտնւում է լոկ անցածներին.

Ու գալիքին է յայտնւում միայն...

Եւ հսկում է ինձ՝ յար անմերձելի:

 

Ու կճանաչե՜մ յանկարծ ես նրան՝

Հարբեցողի մէջ այդ մութ ու վերջին.

Որ երազում է՝ միմիայն մի բան...

Նա իմ կեանքն է մեծ եւ մահս չնչին...

Եւ ես խնդասիրտ իմ պարտքը կտամ՝

Թողնելով նորից հերթը աշխարհին՝

Որպէս մի անգին, անանուն կտակ...

 

1983 թ.

 

 

ԻՄ ԿԵԱՆՔԸ

 

Ճախրում էի ես դէպի լոյսն անմեռ.

Թեւերին հոգուս՝ տիեզերքն անսահման.

Ընկաւ ինձ վրայ անյայտ մի ստուեր.

Ճզմեց ինձ մի ձեռք՝ թիթեռի նման:

 

Երբ բացուեց քարը՝ կիսուած մէջտեղից.

Եւ եղաւ նորոգ ծնունդ քարայրում,

Լուսեղէն մանկան ափի մէջ անբիծ

Գտան լերդացած մի կաթիլ արիւն:

 

1997 թ.

 


 

ԻՄ ԿՐՕՆԸ 

 

Ապրում էի կեանքն ուրիշի.

Նա մահացաւ, ես՝ յառնեցի:

 

1997թ.

 

 

 

2000

 

 

Ա 

 

1. Իջել է պղտոր մի թմբիր

Աշխարհի յոգնած մարմնին.

Ուղեղի որջերում մթին

Ոճիր է որոճում քամին.

Քամւում է կաթիլ առ կաթիլ

Հոգուս մէջ տագնապը հիմա...

Եւ մթնող հայեացքիս դիմաց

Տեսլանում է յանկարծ մի թիւ:

 

2. Եռօղեայ շղթայ է կարծես՝

Եռօղակ մի հարց երկպատիկ.

Որ ձեռքն է մեծ ոգու գծել

Դեռ խաչուած որդու ճակատին.

Եւ հիմա յառնել է իմ դէմ՝

Որպէս փորձաքար մի սեւ...

Այս վերջին փորձութիւնն արդէն

Ստո՛յգ է.

                Անպայմա՛ն.

                                      Ահե՛ղ...

 

3. Քանզի արգանդում դարերի

Առաջին անգամ՝աննուաճ

Լոյսի ուռճացումն անթերի,

Աւաղ, բարձրացաւ ի խաչ.

Այս անգամ չի լինի սակայն

Տանջանքի տենչանքն անուղի.

Որ հոգին հաւատով անկամ

Դէպի մեծ անյայտը մղի:

 

4. Քանզի խաբում է մեզ յար

Այլեւս լոյսն այս երկբեւեռ.

Եւ նրա առանցքն է խաւար՝

Որ այսպէս մեզ տանում է վեր.

Ու թէ պտոյտում խելայեղ

Բեւեռներն այդ խփուեն իրար՝

Կպայթի դատաստանն ահեղ...

Եւ կիջնի անդորր մի խաղաղ:

 

 

5.  Անդորրն այդ կկիսուի յանկարծ.

Եւ նրա խորքերից անյայտ

Կծնուի մի լոյս նախակայծ՝

Միանուն-միահուր-անխախտ...

Եւ կամ՝ խաւարը կփթթի՝

Որպէս դժոխքի ծաղիկ.

Եւ բոյրն իր թունաւոր խայթի

Յար մոխի՜ր շուրջը կմաղի...

 

 

Բ 

 

6.  Մեր հոգուն սապատ է դարձել

Բիւրամեայ երազը մեր.

Սիզիփեան մի քար է կարծես՝

Որ անվերջ հրում ենք վեր.

Անմատոյց գագաթն է սակայն

Անյայտից յառնել աներեր.

Եւ փոքրիկ թռիչքը անգամ

Ակամայ անկում է բերել:

 

7.  Անցեալի մշուշից անստոյգ

Հագել ենք զգեստներ շքեղ.

Եւ ներկան է անամօթ ստում՝

- Դժուա՜ր է զգեստն այդ լքել...

Մինչդեռ եռանդով մշտարթուն

Քանի՜ անգամ ենք թքել

Անցեալի՝ մեզ պարզած ափում.

Ու հպարտ՝ երես ենք թեքել:

 

8.  Եւ երբ մեր գլխին հիմա՝

Որպէս դամոկլեան մի սուր,

Այն թիւն է ճօճւում՝ակամայ

Մենք արդար դիւան ենք ուզում.

Եւ ապա վախուորած, կամաց

Ճչո՜ւմ ենք Մեծ Արջի ականջին.

Թէ՝ մե՛նք ենք՝ մարգարէ՜ անմահ.

Տիեզերքի գուշա՜կն առաջին...

 

9.  Մենք երկու հազար անգամ

Կեղծել ենք անունը լոյսի.

Եւ երկու հազար անգամ

Սպասել ենք հատուցման գոյժի.

Ու երբ վառուել է մի կայծ՝

Քամուած անյայտի մուժից,

Ռազմի զրահներ հագած՝

- Բօ՜թ,- ենք ճչացել,- ի զէ՜ն...

 

10.  Ուրեմն՝ թող լինի այնպէս,

Ինչպէս որ լինում է ու կայ.

Արեւի խաւարումն անգամ

Թող դառնայ նշանը մեր մեծ.

Մեր երթի շառաչից ահեղ

Մեծ Արջն է խլացել երկնքում...

Իսկ այստեղ երկրում՝ անշեղ

Մահը լուռ իր շրջանն է կնքում:

 

 

Գ 

 

11.  Չորս կողմից աշխարհը յաւէտ

Պատուած է ջրով լոկ մթին.

Թողե՞լ է արդեօք մի հետք

Մեր նաւը՝ ծովի երեսին.

Ալքէօն թռչունի նման

Բաց ծովում հիւսեցինք բոյնը մեր.

Ու դարեր կարօտով անմար

Տենչացինք լուսեղէն ափեր:

 

12.  Կղզու է նման մեր հոգին՝

Անյայտից պոկուած մի բեկոր.

Գնում ենք դարձեալ ու կրկին

Անցեալի մաշուած ճամփէքով.

Յիշում եմ՝ դեղնադէմ մի կին

Երգում էր փողոցում հարբած.

- Տուէ՜ք ինձ դուք օղի մի քիչ.

Եւ ձեր դէմ իմ դուռն է բաց...

 

13.  Փակ է այն դուռը հաւերժ,

Որից մենք դժոխքն այս մտանք.

Մեր աստղն ահա գահավէժ

Խամրում է երկնքում մթար.

Մեզ մի օր եկան ասացին.

- Անմա՜հ է լոյսը արդար,

Թէեւ խաւարէ մի ցին

Լեարդն է կտցում անդադար...

 

14.  Զգեստի նման տօնօրեայ

Փոխեցինք մենք հազար հաւատ.

Սակայն նոյն փոշին է յաւէտ

Նստում մեր հոգու վրայ.

Խառնեցինք մենք անթիւ թուեր.

Եւ վերջում ստացանք ոչինչ.

Գոչեցինք.- Օ, նի՜ւթն է անվերջ.

Հանեցի՜նք աղուէսին որջից...

 

 

15.  Չգիտեմ: Երեւի մի օր

Երազում տեսնենք յանկարծ

Մեզ՝ միակ լոյսին այնքա՜ն մօտ...

Ու՝ երկնենք մի նոր վարկած.

- Այս լոյսին եթէ չհաւատանք...

Կխօսենք բարակ ու երկար...

Իսկ աստուած երբ լոյսը զատեց,

Մեզ մի նոր խաւարով պատեց:

 

 

Դ 

 

16.  Նայում եմ՝ ծաղկուն է դաշտը մեր.

Արբեցման բոյրերով լեցուն.

Բայց անթիւ-անհամար միջատներ

Քամում են լոկ թոյն մահացու.

Քանզի ամեն մի ծաղիկ

Ինքնակա՛մ է վարսանդն իր բացում...

Եւ խայթը՝ լոյս-փոշով օծուն,

Հոգին է դաւաբար խոցում:

 

17.  Տեսնում են աչքերս ներհայեաց՝

Ապակուն խփուող մի մեղու.

Մի հին, անխորտակ հողմաղաց՝

Լալիս է ասպետը տխուր.

Արշաւանք՝ թրով ժանգոտած

Դէպի աստղերը հեռու...

- ...Յետոյ մենք գտանք մի ծածկ.

Օ, սաստիկ անձրեւ էր տեղում...  

 

18.  Անխոնջ խլուրդի հանգոյն`

Փորում ենք ընդերքը հողի.

Որ երկնի անթափանց միգում

Մի աստղոտ ակնաղբիւր բխի.

Այդպէս եռանդով մի կոյր

Մենք մի օր սահմաններ դրինք...

Ու դարեր երգում ենք անքուն.

- Օն, ի զէ՜ն... Ազա՜տ հայրենիք...  

 

19.  Եւ մենք գողացանք հայելին.

Ցնցող էր մեր տեսքը այնպէս... 

Սակայն դա խաբկանքն էր ջրի՝

Դիւթանք էր, հմայք մահաբեր. 

Ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ հարբել՝

Երբ տունը ճարակն է հրի...                                         

- Տեսնում եմ՝ աճում ես քիչ-քիչ.

Մահն է անունդ, Նարգի՛զ...

 

20.  Մինչդեռ մեզ տաճարն էր տրուած՝

Որ սուրբ էր, սակայն անանուն.

Պղծեցինք՝ ցնորքով տարուած.

Ուզեցինք գտնել մի անուն.

Ապա թէ մաքրեցինք ձեռքով նոյն.

Շողշողաց փայլով նախնական.

Եւ լոյսից կուրացած անդարձ՝

Գրեցինք ճակատին՝ Կործանում...

 

 

Ե

 

21.  Հոգուս մէջ անտես մի սարդ

Հարցերի ոստայն է հիւսում.

Մթին հանգոյցներ սուր-սուր

Պրկում են հայեացքս անթարթ.

Ինչպէ՞ս է կէտերից բազում

Գոյանում գիծն այս անընդհատ...

Մինչդեռ մենք խորհել ենք ուզում,

Թռչո՜ւմ  են իրերն անկասում:

 

22.  Եւ ինչպէս ձուկն իր մէջքին

Ծովի անհունն է պահում,

Կրում ենք այդպէս անմեկին

Մեր հոգում մի քար անանուն.

Եւ ամեն անգամ, երբ կրկին

Այդ քարն է գլորւում յանկարծ,

Մնում է լոկ սեւ հետագիծ.

Անվերջ խճճուող մի հարց...

 

23.  Եւ այսպէս ուշացած արդէն

Հասել ենք հիմա մի կէտի.

Ուր, ինչպէս հէքիաթում, մեր դէմ

Կան երկու ճամփաներ մթին.

Մէկը՝ դէպ մահն է տանում.

Մէկն՝ ափը լոյսի ճառագման.

Էլ արժէ՞ խորհել անգամ,

Թէ ո՛րն է առաւել բանուկ...

 

24.  Եւ որպէս բարի մի կախարդ՝

Մեզ հետ է մանկութիւնը մեր.

Մեր միակ հայելին անխարդախ.

Մեր միակ նուաճումն աննենգ.

Անսա՜նք, ուրեմն, արդար

Խորհրդին նրա լոյս ձայնի՝

Լոկ արեամբ՝ երբեք չստող.

Եւ ո՛չ թէ մոլորուն բանիւ...

 

25.  Ու թէ մենք այդպէս էլ մի օր

Չհասնենք տունը երազի.

Ու թէ այս անկումն ահաւոր

Այդպէս էլ ոչինչ չի կասի,

Իմ ձայնը՝ իմ երգով նորից նոր

Հողի ընդերքից կխօսի.

Նման հատիկին ակօսի՝

Ճեղքելով մահերը բոլոր...

 

1980 թ.

 

© Սեւակ Արամազդ