ԿԵՆԱՑ ԼՈՅՍ

Շարք, 1988թ․

 

Ա 

 

Ես դուրս եմ նետուած մեծ ճանապարհից՝

Անուի տակ ընկած մի քարի նման.

Բոլոր կողմերից երեւում են ինձ

Վերելք ու պտոյտ, վայրէջք ու կեռման:

 

Անթիւ անիւներ՝ գոռոզ ու յետին,

Գալիս, սրընթաց անցնում են, գնում.

Փոշին թողնում են նրանք ճամփէքին.

Հետքերն էլ անդարձ դէմքիս են մնում:

 

Ճանաչեցի ես չարը եւ բարին,

Բայց խաղաղութիւն չիջաւ իմ հոգուն.

Երրորդը անվերջ՝ անյայտը մթին,

Տեղերն է նրանց աննկատ փոխում:

 

Մութ կասկածներն են ինձ շրջապատել.

Խօսում են, խուժում, խոցո՛ւմ ահարկու.

Աշխարհի բեռը ես տարայ թեթեւ.

Ինձ գետին զարկեց ցաւը իմ հոգու:

 

 

Բ

 

Աշխարհում ո՛չ մի գաղտնիք էլ  չկայ.

Կեանքն ինքը համակ սուտ է ճշմարիտ.

Գաղափարները՝ մութ ու անզգայ.

Եւ նի՛ւթը, նի՛ւթը՝ անհաղորդ ու բիրտ:

 

Ամեն ինչ հոսում, հոսում է անվերջ.

Կանգը վայրկեանի մահ է աններում.

Ամեն-ամեն ինչ իր վրայ ու մէջ

Անյայտի դառը հեգնանքն է կրում:

 

Ամեն ինչ մնում կէս ճանապարհին.

Իր անունի մէջ դառնում է փոշի.

Արդար-անարդար, չարը եւ բարին

Անդէմ ստուերն են դիմակուած ուժի:

 

Սէր, ճակատագիր, օրէնք ու պատրանք...

Ողջը գաղտնիք է՝ անանուն, անես.

Միովին դարձած մի ահեղ մտրակ՝

Ինձ լուռ քշում են անասունի պէս:

 

 

Գ 

 

Ես աշխարհ մտայ մի անյայտ դռնից.

Եւ յայտնուեցի լոյսի մէջ յանկարծ.

Այս կեանքում արդեօք ի՞նչ է պահուած ինձ.

Շուռ եկայ՝ դուռը գոցուած էր անդարձ:

 

Ականջ պահեցի՝ յամրութի՜ւն անքոյթ.

Ոչի՛նչ՝ իմ սրտի տրոփից բացի.

Քշուած՝ չափեցի անհունները մութ.

Գնացի-եկայ՝ ի՛նձ հանդիպեցի:

 

Անծպտուն անցան դարերը յոյսի.

Կանգնած եմ էլի անյայտի շեմքին.

Ահով պոկեցի դիմակը լոյսի՝

Թանձր խաւարը ժայթքեց դէմքիս:

 

Կանչում է, կանչում ինձ մի յուշ արթուն՝

Ժամանակների սողքին անընտել.

Ապրել եմ գուցէ մի ա՛յլ գոյութիւն.

Մահից յետոյ եմ այս աշխարհն ընկել:

 

Դ 


Իմ ծնուած օրից մի լուսապսակ՝

Անփուտ երազի սրբութեամբ անեղ,

Իմ հոգուց մինչեւ տիեզերք հասած՝

Լուռ ինչ-որ սէր է իմ մէջ սահմանել:

 

Ու ցոլում է նա՝ մեկուսի, խաղաղ.

Նրան չի հասնում աղմուկը կեանքի՝

Իր օրէնքների տենդով բազմախաղ.

Իր տարերքներով ցաւ ու բերկրանքի:

 

Նա ինձ հաշտութեան թախիծն է բերում՝

Ընդդէմ փորձութեան եւ աղէտների.

Եւ ինչ-որ վսեմ անտարբերութիւն՝

Կորուստների դէմ այս անթուելի:

 

Աշխարհի վրայ եւ հոգուս վրայ

Նետում է նա լուռ շողքը հաւերժի.

Ես կամ, կլինեմ՝ քանի դեռ կայ նա.

Մինչեւ աշխարհը՝ մո՜ւթ՝ գահավիժի...

  

 

Ե 

 

Ինձ համար, գիտեմ, կլինի մի օր՝

Կպայթի յանկարծ մի սեւ ժամանակ.

Լուռ ցրիւ կգան յոյսերս բոլոր.

Եւ աշխարհի դէմ կմնամ մենակ:

 

Ու բոլոր լուսէ պահերն իմ կեանքի,

Որ ապրել եմ ես՝ կոյր, ինքնամոռաց,

Խաւար հմայքով չար ներշնչանքի

Կխոցոտեն ինձ՝ խայթոցներ դառած:

 

Կատարելութեան ցնորքը անբառ,

Որ իմ մէջ կրել, գուրգուրել եմ ջերմ,

Կմաղի դէմքիս իր հեգնանքը պաղ.

Եւ մահը յանկարծ ես կճանաչեմ:

 

Ու նժարները դաւի, հաւատի

Մի մութ սահմանում կհամազօրուեն.

Եւ չարն ու բարին՝ նստելով դատի,

Կեանքը իմ միջից անդարձ կաքսորեն:

 

 

Զ 

 

Ես աստծու նման չկայի կեանքում.

Աշխարհի հեռո՜ւ խորքերում անձայն

Համայնը հսկում, հայում, հասկանում.

Ու թախծում էի թախիծով մանկան:

 

Երբ միտքը զարթնեց, ապստամբեց հոգիս՝

Հիւսելով օդում պատրանքն անեղի.

Կեանքը հոլովեց մի անվերջ սկիզբ՝

Հատուցում ընդդէմ ճակատագրի:

 

Նետւում դէսուդէն, խփւում պատէպատ՝

Աշխարհը մութ է՝ գլուխ չեմ հանում.

Նենգում են, դաւում ե՛ւ սէր, ե՛ւ հաւատ.

Քայլերս մոլոր անդունդ են տանում:

 

Ախ, եթէ ցոլար մի լոյս ակնթարթ,

Ու ես իմ դէմքը տեսնէի յանկարծ՝

Գուցէ թէ այնժամ մեռնէի հպարտ՝

Արհամարհելով թէ՛ մարդ, թէ՛ աստուած:

 

 

Է

 

Ես մանուկ մտքով ու սիրով մանկան

Որոնում էի ամենուր մարդուն.

Ջրում, քամու մէջ, երկնքում անգամ.

Երազների մէջ՝ քնած թէ արթուն:

 

Չէի հաւատում, որ ես էլ եմ մարդ.

Որ մարդը մարդ է՝ չէի հաւատում.

Սպասում էի ես ամեն ակնթարթ՝

Կցոլա՜յ ահա հրաշքն անպատում։

 

Նա բարի-չար չէր, անզօր-հզօր չէր՝

Այլ միայն մարդ էր, մա՛րդ էր միմիայն.

Յետոյ ողջ կեանքում՝ տանջանք ու կանչեր.

Չգտայ, աւաղ, ոչ մի տեղ նրան:

 

Կանգնել եմ հիմա՝ մոլոր, ձեռնունայն.

Երազով մանկան ո՞ւր պիտի հասնեմ.

Ինձ լիրբ ծաղրում է աշխարհը համայն.

Ես՝ ի՛նքս եմ ասես այդ մարդը վսեմ:

 

 

Ը 

 

Ժամանակի մէջ, ժամանակից դուրս

Դառնում է անվերջ մի անտես անիւ.

Ամեն ակնթարթ մրրկում է մի լոյս՝

Ի յայտ բերելով դէմքեր անհաշիւ:

 

Տարբե՞ր են նրանք, թէ՞ նոյնն են արդեօք.

Ի՞նչ գիր է նրանց յոգնած ճակատին.

Ո՞ւր են ընթանում՝ չգիտի ոչ ոք.

Դառնում է, դառնում անիւը մթին:

 

Ինչ-որ յաղթանակ, ինչ-որ սկզբունք

Կայծակին տալով՝ անցնում են, գնում.

Ծնունդ ու բարձունք, անդունդ ու արցունք՝

Մի՜շտ-մշտահոլով պատմութիւնն է նոյն:

 

Թող ինչքան կուզի անիւը դառնայ՝

Վայրկեանն իմ կեանքի անշարժ է ու խուփ.

Գլխիվայր կախուած անդնդի վրայ՝

Երազում եմ ես ինքնութիւնն իմ սուրբ: 

 

 

Թ

 

Իմ երազները ցոլացին, անցան.

Ինձ վար է քաշում մի ձեռք՝ մութ ու չար.

Շեղում է անվերջ մէկը իմ ճամփան.

Նոյնիսկ փախչելու չկայ ո՛չ մի ճար:

 

Դիպուա՞ծ է արդեօք, թէ՞ օրէնք վերին.

Ազատութիւնը՝ բռնակալներին.

Հարստութիւնը՝ ընչաքաղցներին.

Երջանկութիւնը՝ անարժաններին:

 

Արդարութիւնը ինձ դաւաճանեց.

Ազատութիւնը ինձ բռնադատեց.

Ճշմարտութիւնը ինձ խեղանդամեց.

Խաղաղութիւնը ինձ մահապարտեց:

 

Չեղածը՝ եղաւ, լինողը՝ չեղաւ.

Պատկերս էլի՝ բեկուած ու եղծուած.

Անցեալը՝ տեւեց, գալիքը՝ չեկաւ.

Կեանքն ընդդէմ ի՛նձ է ասես ստեղծուած:

 

 

Ժ 

 

Նիրհում էի ես մեռեալ թմբիրում.

Ապրում էր միայն անունս ունայն.

Խռովքն էր հոգիս մութ տարուբերում.

Գծում էր յուշը մի պղտոր շրջան:

 

Եւ հեռո՜ւ մի ձայն հասաւ ականջիս՝

Ասես առաջին ճիչս ծննդեան.

Արթնացայ նրա լուսէ ղօղանջից.

Ծնուեցի ասես ես երկրորդ անգամ:

 

Զգում եմ ահա՝ բջիջ առ բջիջ

Ահն է թօթափում հայեացքս տարտամ.

Մկան առ մկան ձգւում եմ քիչ-քիչ.

Եւս մի վայրկեան՝ եւ կամբողջանամ:

 

Պայծառ է յոյսս, հաւատս՝ յստակ.

Թէ սէրս կոչեմ, քայլ անեմ հիմա՝

Կդողայ հողը իմ ոտքերի տակ.

Աշխարհն իմ թափին էլ չի՛ դիմանայ։

 

 

ԺԱ 

 

Տիեզերքի անհուն լոյս ու խաւարում.

Ծննդից մինչեւ վախճանը նրա.

Մեռնող ու յառնող աշխարհի վրայ

Մի սուրբ տեսիլք է հաւերժ սաւառնում:

 

Ո՛չ դէմք ունի նա, ո՛չ անուն, ո՛չ ձայն.

Ո՛չ էլ նա յուշն է անցեալի աղօտ.

Ո՛չ ապագայի շողքը պատրական.

Ո՛չ էլ ներկայի ստուերն անհաղորդ։

 

Եւ ամեն մի ձեռք կարկառւում նրան.

Եւ ամեն երազ նրան է տենչում.

Հասնել, ըմբռնել, տիրանալ, սակայն

Ցրիւ են գալիս ու անդարձ կորչում:

 

Ճառագում է նա կոյր աշխարհի դէմ՝

Լուսաւորելով ընթացքն ամենի.

Այն, ինչ լինում է, անցել է արդէն.

Այն, ինչ եղել է, դեռ պիտի լինի:

 

 

ԺԲ 

 

Մի երազ տեսայ՝ մութ ու դժնդակ.

Փո՜ւլ-փլուզւում էր աշխարհը համայն.

Մրրկում էր փոշին՝ թաղելով իր տակ

Չարի եւ բարու առասպելն ունայն:

 

Կանգնած էի ես անմերձ լոյսի մէջ.

Ճխում էր սիրտս ցնծութեամբ անծիր.

- Հասա՜ւ վերջապէս հատուցումը մեծ.

Կործանուի՛ր, ինչպէս ի՛նձ կործանեցիր։

 

Բխում էր մի լոյս մեղեդի անձայն

Մարմրուն մոխրի մութ ընդերքներից.

Երգն էր նա ասես ներդաշնակութեան,

Որ դարեր կեանքում երազուել էր ինձ:

 

Պարուրեց հոգիս սարսափն ամայի.

Ու ես զարթնեցի՝ ասես ոչնչից.

Աշխարհը նոյնն էր, լոկ ե՛ս չկայի.

Մի փոքրիկ թափօր լուռ տանում էր ինձ:

 

 

ԺԳ 

 

Տենդում է սիրտս գիշերներ անքուն.

Աշխարհը մո՛ւթ է, բի՛րտ է, խելագա՛ր.

Երազներն անգամ արիւն են թքում.

Ուզում եմ մեռնե՛լ, չիմանա՛լ, չզգա՛լ:

 

Մութ խորհուրդների սեւ գահին բազմած՝

Խրախճանում է դաւը անպատիժ.

Եւ շուրջը նրա՝ հոծ շրջան կազմած,

Պարում են անհոգ թէ՛ զոհ, թէ՛ դահիճ։

 

Ինչպէ՞ս, ո՞ւր փախչեմ այս մղձաւանջից.

Դռները բոլոր փակ են իմ առջեւ.

Խայթո՛ւմ են, խոցո՛ւմ ձախից ու աջից.

Մի շող իսկ չկայ, որից գէթ կառչեմ:

 

Ի դերեւ ելան յոյսեր ու երազ.

Վարձը տքնանքիս՝ տառապանք ու լաց.

Երանելի՜ ես, աստուա՛ծ, որ չկաս.

Զարհուրելի՜ է մարդն աստուածացած:

 

 

ԺԴ 

 

Անխոհ հայեացքով ու թափուր սրտով՝

Արարատի պէս վիթխարահսկայ,

Կանգնած եմ ահա անդող-անվրդով՝

Ստուերս նետած աշխարհի վրայ:

 

Եւ ստուերիս մէջ, յաղթ ոտքերիս տակ

Կեանքը եւ մահը խաղեր են խաղում.

Սէր-ատելութիւն կռւում շարունակ.

Չարը եւ բարին իրար խողխողում:

 

Ժամանակները ճիչ ու աղմուկով

Խուռներամ գալիս, անցնում են զուարթ.

Հաւերժութիւնը պայծառ արցունքով

Յետեւից նրանց նայում է անթարթ։

 

Անվերջ-անդադար տրորում են ինձ՝

Աղմուկ, ժամանակ, երթ ու անցուդարձ.

Ես՝ խուլ, անտարբեր ու լուռ եմ նորից.

Իմ ներսում անձայն լալիս է աստուած:

 

 

ԺԵ 

 

Անգոյութեան մէջ իմ աստուածային.

Կոյս ոլորտներում՝ անհուն, անսահման,

Հունցում էի ես լոյսը անմարմին,

Որ դատարկութեան սարսափը չզգամ:

 

Մի կաթիլ ցայտեց խաւարին յանկարծ.

Եւ շողքում նրա առաջին անգամ

Տեսայ ես դէմքը իմ զգայական.

Ու կորցրեցի ինքս ինձ անդարձ:

 

Ու որոնեցի էութիւնը իմ՝

Իմ մէջ, ինձնից դուրս, սակայն չգտայ.

Մի՜շտ սպասելով նրա սուրբ դարձին՝

Թափառում եմ դեռ աշխարհի վրայ:

 

Չգիտեմ՝ մա՞րդ եմ, աստուա՞ծ աներկմիտ,

Թէ՞ ոչինչն ինքը՝ անգոյ ու անդէմ.

Կորցրեցի ես կեանքը ճշմարիտ.

Եւ գտայ մահը, որպէսզի ապրեմ:    

 

  

ԺԶ


  Ժամանակն ի վեր, ժամանակն ի վար

Ընթանում եմ ես աղմուկների մէջ.

Կրքերն են շուրջս փրփրում վարար՝

Ցայտելով տենչանք, տանջանք ու անէծք:

 

Ու զգում եմ միշտ իմ դէմքին յառուած

Մութ ինչ-որ հայեացք՝ ցուրտ ու ծաղրագին.

Մեռնում են նորից յոյսերս մեռած.

Կենդանանում են տագնապներս հին:

 

Զարթնում է յանկարծ հեռաւոր մի յուշ.

Ու կանգ եմ առնում ցաւով դառնաղէտ.

Թւում է՝ անյայտ-անծանօթ մի ուժ

Ինձ պոկում ինձնից՝ տանում է իր հետ:

 

Նայում եմ հեռուն՝ թախիծով անբառ.

Ինքս ինձ՝ օտար, կեանքիս՝ անընտել.

Այդպէս էլ մի օր կչքուեմ իսպառ.

Կթուայ սակայն, թէ ապրում եմ դեռ:

 

 

ԺԷ 


Երբ դէմքիս դիպաւ ցոլքը յայտնութեան.

Ու մէջս խայտաց սէրը անհանգիստ,

Թուաց, թէ կեանքս շնորհն է կամքիս՝

Կապրի-կմեռնի՝ ինչպէս ցանկանամ:

 

Թուաց՝ խաւարը մնաց յետեւում.

Էլ ի՛նչ էլ լինի-չլինի՝ ես կա՛մ.

Տիեզերքը անթարթ ի՛նձ է հետեւում.

Կապրի-կմեռնի՝ ինչպէս ցանկանամ:

 

Շուռ եկայ, տեսայ՝ լցուած եմ մահով.

Անհամար մահեր սպառնում են ինձ.

Գնում է կեանքս՝ յոգնած ու խռով.

Ու ես էլ՝ խոնարհ, նրա յետեւից:

 

Կանգնած եմ ահա՝ մենակ ու պարտուած.

Հսկում եմ ամեն վայրկեանս հիմա.

Թիկունքս խաւար անյայտին տուած՝

Դողում եմ բոլո՜ր կեանքերի վրայ:

 

 

ԺԸ 


Թւում է՝ կեանքն է մի աչք անսահման.

Տիեզերքն ապրում է հայեացքում նրա.

Եւ ամեն անգամ, երբ թարթում է նա,

Խաւարն իջնում է, ծածկում ամեն բան:

 

Ու բնազդներն են զարթնում տմարդի.

Դաւ, ատելութիւն, արիւն, կոտորած.

Բացւում է մի պահ ընդերքն անյայտի.

Նայում է նորից աչքը անդորրած:

 

Լցւում է չարը չարութեամբ անհուն.

Շնչում է բարին բարութեամբ անմահ.

Խարխափում եմ ես նրանց արանքում.

Չեմ հասնում երբեք բոլորալրման:

 

Նա, որ լուսակն է ամեն յայտնութեան,

Կոյր է՝ ինքն իրեն չի տեսնում իր մէջ.

Ու ապրում եմ ես, որ յանկարծ նրան

Չպատի անդարձ խաւարումը մեծ:   

 

© Սեւակ Արամազդ