ՀԱՌԱՉԱՆՔ

Շարք 1996թ․

 

ՄԻ ԿԱԹԻԼ ԱՐՑՈՒՆՔ 

 

Երկնքից փլուած հեղեղի նման

Իջնում էի ես՝ վայրի, սրընթաց.

Քանդելով ամեն պատնէշ ու սահման՝

Գահավիժում էի անդունդները բաց:

 

Ուր վիշապի պէս՝ աչքը կիսախուփ,

Մէջքին յոյլ փռուած՝ աշխարհն էր լռում.

Եւ որովայնում նրա անյագուրդ

Մարդկային կեանքի ճահիճն էր եռում:

 

Ձեռքիս շառաչուն կայծակը երգի՝

Գրոհեցի ես ճակատը նրա...

Ուժ էր առնում նա իմ ամեն զարկից.

Բեկւում էր քիչ-քիչ բազուկս անահ:

 

Եւ հողը յոգնած էլ չէր պահում ինձ.

Հոգիս բզկտուած՝ ամօթն էր այրում.

Երկու ահեղ սար՝ երկու կողմերից

Փակեցին անդարձ ինձ մութ քարայրում...

 

Եւ եկան դարեր՝ երազով պայծառ.

Ցնծացին նորոգ անդունդ ու բարձունք.

Եւ միայն աստծոյ անքուն կոպն ի վար

Քարացել էր լուռ մի կաթիլ արցունք:

 

 

 ՄԻ ՀԷԳ ՇԻՐՄԱՔԱՐ 

 

Մութ մառախուղ էր իջել մի անհուն՝

Երկինք ու երկիր պատել անթափանց.

Հոգիներ էին յածում խաւարում՝

Որոնելով զուր ոգեղէն մի գանձ:

 

Խռնուած անյոյս փակ դռան առաջ՝

Բողոքում էին, բախում մոլեգին.

Մեղքերն աշխարհի ուսերին առած՝

Անիծում իրենց բախտը անմեկին:

 

Յայտնուեցի ես՝ երգով իմ արդար.

Ողջոյն տուեցի նրանց առանձին.

Փոյթ-տարակուսած նայեցին իրար.

Եւ գլուխները լուռ խոնարհեցին:

 

Յամր լռութիւն իջաւ՝ քարի պէս.

Ու նստեց ծանր իմ յոգնած սրտին.

Նայում էին պիշ նրանք անհամբեր՝

Մնալով յառուած բանի աւարտին:

 

Ու մինչ իմ երգը՝ իմ հոգու նման,

Դէպի երկինք էր վերանում պայծառ,

Բռնեցին նրանք յետդարձի ճամփան՝

Թողնելով հեռւում մի հէգ շիրմաքար:

 

 

ԻՄ ԵՐԳԸ 

 

Յայտնուեցի ես խոստումով վերին՝

Կենաց սրբազան երգն աւետելու.

Որսաց աշխարհն ինձ խորհրդով մթին՝

Բանտելով մարմնում ստրուկի հլու:                        

 

Կարիքով՝ շղթայ իմ հոգուն զարկած.

Կաշկանդած միտքս տենդերով կռուի՝

Քշեց ինձ անյայտ ճամփէքով մրրկած

Դէպի մութ հեռուն ճակատագրի:

 

Ասես դանակի շեղբի վրայ բաց՝

Քայլեցի անվերջ եզրով անդնդի.

Ամեն ակնթարթ անկման մատնուած՝

Թուաց, թէ հիմա կեանքը կցնդի:

 

Խորշում մի յետին իմ երգը յանկարծ՝

Ցայտելով աղբիւր՝ կարկաչեց զնգուն.

Ապտակեց դէմքիս աշխարհն ահագնած՝

Պատառոտելով մարմինս անքուն:

 

Քաշուած մեկուսի՝ հոգիս տանջահար

Նայում էր անխօս՝ տխրութեամբ անհուն.

Լալիս էր երգն իմ աշխարհի համար․

Զի նա չգիտէր, թէ ի՛նչ է անում:

 

 

ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆԸ 

 

Գահոյքից աստծոյ մի հեստ հրեշտակ՝

Որպէս ստուերը սուրացող հրի,

Գահավիժեց ցած՝ անդունդն անյատակ.

Եւ դարձաւ անպարտ իշխանը երկրի:

 

Դէպի չորս ծագեր արշաւեց նա յաղթ՝

Խոնարհեց իրեն երկինք, ծով ու հող.

Կոփեց աշտարակ՝ աստղերին հասնող՝

Որպէս իր փառքի պատուանդանն անխախտ:

 

Եւ սէր ու հաւատ, միտք ու երազանք

Բաժանեց, խառնեց, հանեց իրար դէմ.

Հաւաքեց ողջը իր մականի տակ.

Եւ իշխեց, ինչպէս իշխում էր իրեն:

 

Կառուցեց նորոգ պարտէզ եդեմի.

Եւ կարգեց իրեն ընդոծին աստուած.

Դիպաւ ականջին իմ երգը յանկարծ,

Որ իր անկումն էր ողբում վաղեմի:

 

Խոցեց ինձ սարսած սրով հատուցման,

Որ երկրից իսպառ ամօթն իր սրբէր.

Ինչ ստեղծել էր՝ կործանեց համայն.

Իմ երգը մոխրից մորմոքում է դեռ:

 

 

ՓԱՌՔԸ 

 

Տիեզերական անդուռ կրկէսում.

Չարի եւ բարու կամարների տակ.

Ոգու եւ մարմնի մրցահանդէսում

Խաղում էր փառքը՝ որպէս խեղկատակ:

 

Իբրեւ հաւերժի ցնդող գոլորշին՝

Պատրում էր ձեւեր՝ հաւատ, յոյս ու սէր.

Կայսրինն առնում՝ տալիս ամբոխին.

Ամբոխինն առնում՝ տալիս էր կայսեր:

 

Ժամանակները խառնում իրարու.

Մնում էր ինքը ժամանակից դուրս.

Մերթ իբրեւ երազ՝ խուսափում հեռու.

Մերթ խոցում՝ իբրեւ դաւ, ցաւ ու կորուստ:

 

Աղմուկ ու քրքիջ կարգած ուղեկից՝

Գնում էր նա երգ՝ նուիրում անուն.

Երբ բոլորելով՝ հասաւ հերթը ինձ,

Տիրեց լռութիւն յանկարծ մի անհուն:

 

Ափիս մէջ միայն հոգիս էր տխուր.

Առաւ, տնտղեց, յետ տուեց իսկոյն.

Լքեց նա բեմը՝ գլխիկոր ու լուռ.

Տուել էի ես իմ երգը աստծուն: 

 

 

ՀԱՒԱՏԻ ԾՆՈՒՆԴԸ 

 

Խճճուած կեանքի մութ բաւիղներում.

Երազանքներիս աճիւնը գրկած.

Մենութեան անել սարսափից լլկուած՝

Աւաղում էի բախտն իմ աններում:

 

Ամենուր մեղքն էր հսկում դարանած.

Իմ ամեն քայլին բացւում էր մի վիհ.

Աշխարհը մաղձ էր՝ անյայտից քամած.

Կեանքը՝ թանձրաշիթ յորձանք էր ցաւի:

 

Եւ անապատում ոգու հեղձեցեալ

Ես էի միայն բարձրանում հպարտ՝

Որպէս գալիքի մի կոյր մահապարտ՝

Արհամարհելով ներկայ ու անցեալ:

 

Հոգիս մի անհուն ծարաւ էր տանջում.

Եւ տեսիլքների տենդում արթմնի

Լսեցի մի ձայն, որ ինձ էր կանչում.

Եւ ճախրեց երգս՝ որպէս աղաւնի:

 

Տեսայ ես նրան՝ խոնարհ, մեկուսի 

Ափերով մահուան գալիս էր հանգիստ.

Բխում էր հետքից աղբիւրը լոյսի.

Իր խաչը ուսի լուռ տուեց նա ինձ:

 

 

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ 

 

Կանչից մի անյայտ զարթնած անմեկին՝

Խաւարի միջով՝ ցուրտ ու անկենդան,

Հոսում էր պղտոր երթը մարդկային

Դէպի վայրկեանը վերին յայտնութեան:

 

Մի աներեւոյթ տեսիլքի նման

Աջն աստուածային հսկում էր ուղին.

Քաշում էր մեղքը վիհը կործանման.

Ծնկելով՝ մարդիկ կառչեցին հողին:

 

Եւ դարձաւ աստուած ընդունայն մի ծէս.

Եկար դու. տեսան. չճանաչեցին...

Պարզեցիր ձեռքդ, որ ոտքի հանես՝

Թքեցին դէմքիդ ու քեզ խաչեցին:

 

Այդպէս էլ եւ ես՝ մէկս նրանցից.

Աստուած էիր դու՝ հեռու ու օտար.

Տեսայ ես քո մէջ յանկարծ ինքս ինձ՝

Ճանաչեցի քեզ՝ դարձար ինձ եղբայր:

 

Եւ ճեղքեց երգս ցաւ ու երազանք,

Որ հպուի քո լոյս յարութեան շողքին.

Մարմինդ եղաւ քո մեղքը միակ.

Իմ միակ մեղքը եղաւ իմ հոգին:

 

 

ՈՐՍՈՂԸ 

 

Երբ բացուեց լոյսը անզարդ իմ հոգուն,

Տեսայ աշխարհը՝ իմ առջեւ փռուած.

Ստուեր մի խաւար՝ նրա մութ շողքում.

Զոյգ աչքեր փայլուն՝ աչքերիս յառուած:

 

Երազներ էր նա շաղում անհատնում՝

Կեանքի ու սիրոյ պատկերներ անմերժ.

Ինձ իշխանութիւն, փառք էր խոստանում,

Որ երկրպագեմ ես իրեն հաւերժ:

 

Թօթափեցի ես ոտքերիս փոշին.

Եւ կտրատեցի կապանքս ըմբոստ.

Վարմ ու որոգայթ քանդեց իմ հոգին՝

Դիմելով դէպի հեռուն անծանօթ:

 

Գիշերում անքուն մենութեան անդարձ,

Իմ խորքում՝ ասես ջրհորի հայելում,

Տեսայ ես նրա պատկերը յանկարծ՝

Ինձ անթարթ յառուած աչքերը փայլուն:

 

Իմ հոգին էր նա իմ ձեռքով պղծում՝

Հմայանքներով ամենահնար.

Հառաչանքս լուռ յղեցի աստծուն.

Եւ երգի առջեւ ծնկեցի խոնարհ:

 

 

ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ 

 

Անէութիւնից մրուրն անեղի

Առաքուեց երկիր եւ յորջորջուեց մարդ.

Տրուեց ինձ մարմին մի քստմնելի.

Եւ մի անհաստատ հոգի մշտամարտ:

 

Տենչանքներ թաքուն, կրքեր ապստամբ.

Պայքար մի՝ փծուն եւ յարախռով.

Շրջափակուեցի կոյր անդարձութեամբ.

Եւ տարածութեամբ մի ինքնահոլով:

 

Չիմացայ երբեք՝ ի՞նչ եմ ես եւ ո՞վ.

Ինչո՞ւ է մահը կեանքն իմ անդնդել.

Երազ մի անմիտ՝ օծուած խաւարով.

Եւ միտք աներազ՝ լոյսին անընտել:

 

Օրէնքներն անթիւ՝ խուժդուժ, խուռներամ,

Զեռունների պէս թափուել են վրաս.

Տառապեցի ես այսպէս ընդունայն՝

Մնալով հաւերժ ինքս ինձ անհաս:

 

Իմ երգը՝ որպէս ճիչն իմ յուսահատ,

Խեղդուեց աշխարհի աղմուկի մէջ բիրտ.

Ստրկութիւնը ընտրեցի հպարտ՝

Ազատութիւնը միակ ճշմարիտ: 

 

 

ԿԵԱՆՔԸ 

 

Անյայտում անէ լոյսը կատարեալ

Շողում էր՝ որպէս երազ ինքնացոլ.

Եւ անժամանակ, անյեղ, անարար՝

Որպէս բանն աստծոյ՝ լռում էր անդորր:

 

Խաւարն՝ անտարած, անզեղ, անխաթար,

Սուրում էր դէպի անդունդը անկերպ.

Եւ հանդիպեցին նրանք տարադէպ.

Ու ծնուեց կեանքը՝ երրորդն անկատար:

 

Նիւթեղէն-աննիւթ եւ չար ու բարի՝

Եռաց, փոթորկուեց տարերքներով բիւր.

Առաւ շողանքը աստծոյ հանճարի.

Եւ յորդեց՝ որպէս բանական աղբիւր: 

 

Պարզեց նա ոգու երկինք աստղազարդ.

Եւ սանձահարեց քաոսն անկասում.

Տեւեց համբոյրը լոկ մի ակնթարթ.

Եւ լոյս ու խաւար կորան անհասում:

 

Ցնդեց նա անդարձ իմ կեանքի նման՝

Թողնելով թափուր երկիր ու տիեզերք.

Բոլորած մահով շրջանն իր լրման՝

Դարձաւ առ աստուած կատարեալ մի երգ:

 

 

ՄԱՏՆԻՉԸ 

 

Մարդ էր նա, ինչպէս ամենքն աշխարհում.

Լոյսով ընդմիջուած խաւար մարմնաւոր.

Մերժելով չարը՝ փարւում էր բարուն.

Մնում էր աստծուն մտքով իր բոլոր:

 

Տրուեց պատառը գայթակղութեան.

Ընդունեց յանկարծ նա հոգով դողդոջ.

Լռում էր պրկուած պահը սպասման.

Մատնութիւնը կար, մատնիչը՝ դեռ ոչ:

 

Եւ հրամայեց հոգեորսը մեծ.

Բեռն այդ աններում նա՛ պիտի կրի.

Եւ նա նրա պէս, ում ինքը մատնեց,

Պարպեց բաժակը Ճակատագրի:

 

Յաւիտենական օրհնանք ու նզովք

Եկան լուռ ի մի՝ վայրկեանում մահուան.

Գնուեց համբոյրով մի ամբողջ դժոխք.

Բացուեց օրհնանքով դուռը փրկութեան:

 

Քաշուեց նա անխօս, կախեց ինքն իրեն՝

Յառած հայեացքը հեռու՝ խաչեալին...

Դուրս եկաւ այդպէս իմ կեանքը իմ դէմ.

Մնաց երգն իմ լոկ ինձ հաւատարիմ:  

 

 

ՓՐԿԻՉԸ 

 

Տեսնում էր նա իր հայեացքով յստակ.

Աշխարհը՝ գերի բանսարկուին նենգ.

Բռնութեան ահեղ կրունկների տակ

Արդարութիւնը տուայտում է հէգ:

 

Տեսնում էր իրեն՝ ճերմակ ձին հեծած՝

Սրբում է վայրագ գնդերը չարի.

Աշխարհն՝ ազատուած, ինքը՝ յաղթապանծ

Թագաւոր արդար՝ ճարի-անճարի:

 

Ուխտեց սրբազան պայքար մի անբեկ.

Իր կեանքը՝ ընծայ, ողջակէզ համակ.

Իրաւունքը՝ սուր եւ սուրը՝ օրէնք.

Կամքն է անխարդախ հաւատքը միակ:

 

Իջաւ առաջին զարկը շեշտագին.

Ցայտեց արիւնը՝ աղբիւրի պէս տաք.

Կայծակեց ներսը սարսափն անմեկին.

Ալիքուեց շուրջը փառքի աղաղակ:

 

Թռա՜ւ ցաւատանջ հառաչ մի անկար

Կրծքից մայր հողի՝ երգով ողբագին.

Մնաց աշխարհը՝ այնպէս, ինչպէս կար.

Կործանեց նա լոկ անդարձ իր հոգին:

 

 

ԱՍՏՈՒԱԾ 

 

Անդրաշխարհի դաւերին անգէտ՝

Առայ ակամայ ես կերպը մարդու.

Մրրկում էր նիւթի ովկիանն անհեթեթ՝

Անյայտ մի անկման նշանն ահարկու:

 

Կառչած թաւալուող կաթիլից մի կոյր՝

Դողում էր կեանքը՝ վախով հանապազ.

Եւ գուրգուրում էր տենչանքով անլուր

Անունը աստծոյ՝ որպէս սուրբ երազ:

 

Թախծում էր հոգիս անփարատ մի հարց,

Որ կեղեքում էր ինձ ամեն վայրկեան.

Կատարեալն ինչպէ՞ս յղացաւ յանկարծ

Աշխարհն այս յետին՝ թիւր ու եղծական:

 

Կար մեղքը գուցէ եւ կեանքից առաջ.

Եւ լինի, գուցէ, երբ ես չլինեմ.

Մեղաւոր-անմեղ հոգին իմ առած՝

Ինչո՞ւ ընկայ ես՝ որ ինչո՞ւ ելնեմ:

 

Կախուած է հաւերժ թանձր վարագոյր

Կեանքի վրայ իմ՝ անշարժ ու մթին.

Որոնեցի ես աստծուն ամենուր.

Գտայ երգի մէջ՝ տիեզերքից անդին:

 

© Սեւակ Արամազդ