ՀՈԳԻՆ
1988-1997թ․թ․
Ա
Ես չեմ դիմանում այլեւս կեանքին.
Ամեն հպումից ցրիւ եմ գալիս.
Մատնուած գոյի մութ տառապանքին՝
Հաւերժութիւն եմ մուրում վայրկեանից.
Եւ ամեն ինչում կասկածում եմ ես.
Եւ ոչ մի բանի ես չեմ հաւատում.
Ամեն ինչ լինում՝ չի լինում կարծես.
Կանգնած է անշարժ կեանքը անյայտում:
Թախիծն է միայն ազատ մենութեան
Հոգուս մէջ անդորր արձագանգ տալիս.
Լսում եմ կանչը անսահմանութեան՝
Երկինք ու երկիր ինձ նեղ են գալիս.
Զարթնել եմ ուզում նիւթի երազից,
Որ տեսնեմ աստծոյ աշխարհն իրական.
Կեանք ու մահ անվերջ խանգարում են ինձ՝
Ապրելու այնտեղ, որտեղ ես չկամ...
Բ
Եւ իջնում ահա, մօտենում է ինձ
Եթերանման մի անհուն ոգի.
Ընկնում է լոյսի փառը իմ աչքից՝
Մետաղանման զնգոցով խօսքի.
Եւ արթնանում եմ ես խաւարի մէջ՝
Ներհուն, լուսաւոր եւ պայծա՜ռ այնքան...
Նրա դէմ լոյսն այս խաւար է մի եղծ.
Եւ խաւարն այս՝ լոյս մի անօգնական...
Եւ թեքուած անխօս ինքս ինձ վրայ՝
Ասես անանուն մի հին մեռելի.
Որպէս մոռացուած մի հեռու երազ՝
Զննում եմ դէմքն իմ՝ յաւէտ անյեղլի:
Գ
Եւ ճաքեր տալով՝ պայթում է յանկարծ
Աշխարհը իմ մէջ՝ իր խոր խորքերից.
Ասես մի ձեռքի վէրքից արնաբաց՝
Շարաւը ժայթքում, ողողում է ինձ.
Շարաւը մտքի, կարի, ցանկութեան.
Տառապանքների թանձրուկը թունոտ.
Լորձունքը խօսքի՝ գայթուն, անկենդան.
Փրփուրն ամօթի. կրքի հոտը տօթ...
Եւ սարսած՝ ասես ահեղ մի բօթից,
Փախչում եմ հեռու հեղձուկից անօդ.
Փրկութեան բացուող դարպասների մօտ
Կանգնում եմ կարկամ խայթող ամօթից.
Կարօտ մի՝ նման մսեղէն մեղքին,
Թախիծով մի հին կանչում է ինձ յետ.
Ու ես թեւ առած՝ սլանում եմ խենթ.
Եւ փնտրո՛ւմ, փնտրո՛ւմ, փնտրո՜ւմ եմ մէկին,
Որը չգիտեմ՝ աստուա՞ծ է, թէ՞ կին.
Թէ՞ իմ իսկ կեանքն է, որ ինձնից լքուած՝
Թափառում է կոյր անյայտ ճամփէքին՝
Տենչալով ինձ պէս մի մեծ վերադարձ...
Եւ դարձած մի խօլ հեղեղ գահավէժ՝
Աշխարհը անդարձ կլանում է ինձ.
Եւ նրա պղտոր յորձանքների մէջ
Լսում եմ ճիչն իմ անգոյութիւնից...
Դ
Անհուն մի հայեացք՝ անակն, անքթիթ.
Որ ցոլում է լուռ հաւերժի վրայ.
Պայծառ լոյսի մէջ՝ մի խաղաղ հովիտ՝
Որպէս հայելային շողանքը նրա.
Եւ լռութեան մէջ յաւիտենական
Անդող ու անեղ մի ներկայութիւն.
Չկայ ո՛չ շարժում՝ որպէս լոյծ սահման.
Եւ ո՛չ էլ մահուան պատրանքն անանուն...
Եւ որպէս նրա մասնիկը անտես՝
Ապրում է հոգին այդ լոյս ոլորտում.
Յաւիտենութեան ակնթարթի պէս
Չի պայծառանում եւ չի աղօտում.
Անդորր է՝ լոյսի լռութեան նման.
Ինքն է մարմինն իր, ինքը՝ իր հոգին.
Եւ ինքը իր իսկ կեանքն է անսահման՝
Պարզ, անեղծական, անյայտ, անքնին...
- Ախ, այդ ես եմ՝ իմ ծննդից առաջ.
Ախ, այդ ես ինքս եմ՝ իմ մահից յետոյ.
Ախ, այդ իմ միակ կեանքն է աննուաճ,
Որը չի անցնում ո՛չ մի այլ կէտով...
Ե
Ինչպէս արեւոտ անդնդի վրայ
Սահում է ամպի ստուերն աննկատ.
Այդպէս անյայտի խաւարին ահա
Իջնում է յանկարծ մի լոյս ակնթարթ.
Եւ հանդիպում է հոգին ինքն իրեն
Աշխարհից առաջ, լոյսի սահմանում.
Ուր ամեն մի կեանք ապրած է արդէն.
Եւ ինքը՝ կեանքը, երազ է մնում:
Եւ այդ երազում ոչինչ չի լինում.
Ո՛չ մահ, ո՛չ ծնունդ, ո՛չ երթ, ո՛չ վախճան.
Միայն աններկայ մի յիշողութիւն
Անշող՝ լռում է ստուերի նման.
Եղել է գուցէ մի ինչ-որ աշխարհ,
Որ ինչպէս եկել, անցել է այնպէս...
Եւ իբրեւ գոյի վերջին գաղափար՝
Թողել է լոկ մի լռութիւն անտես...
- Լռութեան երգն այդ լսելու համար
Տիեզերքն իբրեւ ունկ ստեղծեց աստուած.
Սակայն արարման աղմուկը խաւար
Կլանեց բոլոր հնչիւններն արծարծ...
Եւ խորհեց աստուած խոհեր անհամար.
Եւ երկնեց մարդուն՝ հոգին անդորրած,
Որ նա հնչիւններն ամփոփի կորած.
Պարզի երգն իրեն, հեռանայ խոնարհ...
Զ
Ես աշխարհ եկայ այդ լռութեան մէջ:
Եւ տեսնում էի՝ առանց աչքերի.
Եւ լսում էի՝ առանց ունկերի.
Շօշափում էի՝ առանց ձեռքերի...
Ապրում էի ես լռութիւնն այդ մեծ:
Եւ այս աշխարհը տեսիլքն էր կարծես
Մի այլ աշխարհի, ուր լոյսն էր անշարժ.
Լինելութիւնը՝ անարար մի ծէս,
Ներկայանում էր տեսութեան մէջ պարզ.
Մի հեռաստան էր պարզում ընդառաջ՝
Հորիզոնների ծիրերում լռին.
Լեռներ ու ծովեր՝ արեւով վառուած.
Նկարուած ասես մի ձեռքով վերին:
Եւ հովի նման փչում էր մեղմիւ
Մի շունչ՝ թափանցիկ ու արարչական.
Որ ծաւալելով թրթիռներ անթիւ՝
Սարսուռն էր բերում մի այլ գոյութեան.
Ուր մի անստուեր հովանու ներքոյ
Ապրում էր կեանքը իր կեանքը անբառ.
Հաւերժութիւնը պահն էր յարագոյ,
Որ ծաղկի նման բացւում էր դանդաղ:
Եւ առէջի պէս մի լուսատենչիկ
Լռում էր մի ճիչ՝ անձայն-անհնչիւն.
Ծնւում էր հոգուց հոգին երջանիկ,
Որի մէջ երգն էր բոյրի պէս ննջում.
Անտես մի ծովի խորքից անսահման
Դուրս լողաց յանկարծ մարմինն աննկատ.
Եւ հոգին ցաւով զգեցաւ նրան.
Ու ես արթնացած՝ զգացի ինձ մարդ...
- Ախ իմ մանկութի՜ւն յաւիտենական...
Քո լոյսի մէջ է իմ երգը զնգում.
Եւ յուշիդ անդարձ լռութիւնն անգամ
Արձագանգում է հաւերժ երկնքում.
Ես եկած ճամփով մի օր կգնամ.
Կդառնայ երգն իմ ոտնակոխ փոշի.
Հոգիս անյայտում ո՛ւր էլ թափառի՝
Ես միշտ հեռաւոր գգուանքդ կզգամ...
Է
Եւ ընկաւ հոգուն յանկարծ մի ստուեր.
Եւ խտանալով՝ դարձաւ կորդ երկիր.
Որ մութ էր ու լուռ, խորդբորդ, վարուվեր.
Եւ պտտւում էր խաւարում անծիր.
Եւ մոխրափոշին անցոլ երազի՝
Իբրեւ թափանցիկ ու անգործ մի քօղ,
Իջնելով՝ ծածկեց երեսը երկրի.
Եւ թանձրանալով՝դարձաւ բերրի հող...
Եւ մանուեց հոգուն մշուշի նման
Անհուն մի անկման թախիծն անփարատ.
Հեղեղեց նրան շանթերով ցասման
Տեղատարափը մեղքի մի անյայտ.
Եւ արմատ նետեց ծառ մի բազմաբուն՝
Երկրից մինչեւ երկինքը ամբարձ.
Եւ պատեց հոգին սարսափը յանկարծ.
Գտաւ նա իրեն անդարձ՝ աշխարհում...
- Աքսորեալ է նա մի անդէնական,
Որ տարագրուած ափերից հեռու,
Ծառի տակ նստած՝ թախծում է անձայն.
Ինքն այս ո՞ւր ընկաւ՝ ե՞րբ, ինչպէ՞ս, ինչո՞ւ...
Բանտուած մարմնի մէջ՝ կոյր ու անթափանց,
Գլխին՝ փուշ-պսակ բանականութեան,
Քաւում է մե՞ղքն իր՝ իր անկմամբ գործած.
Թէ՞ մեղքն այլ մէկի՝ անյայտ յաւիտեան...
Ու մնում է նա տենչանքով անբառ՝
Ե՞րբ պիտ հաւերժի շրջանը լրի,
Որ լքած խաւար տեսիլքը երկրի՝
Յետ դառնայ այնտեղ, ուր ինքը չկար...
Ը
Եւ թռչող մի խայթ հոգին հրկիզեց.
Հեղեց նրա մէջ թոյնն իր շողշողուն.
Բոցէ սրի պէս մէջտեղից կիսեց՝
Փայլատակելով գրեց մի անուն.
Որն իբրեւ շողքը անքնին մէկի՝
Աղեղեց կամար աշխարհի վրայ.
Եւ դարձաւ հոգին բեկուած մի հայելի,
Ուր ցոլաց անշարժ ստուերը նրա:
Եւ հոգին իրեն կորցրեց համայն.
Եւ տեսաւ իր դէմ անդունդ մի մթին,
Ուր բազմատարերք մարմինը նիւթի
Գալարւում էր խօլ վիշապի նման.
Եւ բոլորելով շրջաններ անթիւ՝
Մղւում էր դէպի բարձունքը երկնի,
Ուր ճառագում էր մի անտես անիւ՝
Ադամանդի պէս հազարակնանի...
- Իմ պատանութեան երազա՜նք անբիծ...
Զարթնեցիր սառը յատակում կեանքի.
Զգացիր ցաւով մի անպարագիծ՝
Մարմին ես ամբողջ եւ կիսատ հոգի.
Տենդում էր շուրջը կռիւ մի դժնի՝
Սադրած մի ձեռքով՝ անյայտ ու խաւար.
Դառնում էր իրեն ամեն մի ուղի.
Լաց եղար անյոյս եւ մտար պայքար...
Թ
Եւ կախուեց հոգուն գիշեր մի անծայր՝
Ցօղուած արծաթով սառնաղօտ լուսնի.
Եռում էր մտքի ճահիճն անկոպար՝
Ժայթելով մրրկուն ծուխ ու գոլորշի.
Երբ հասան երկինք շիթերը պղտոր,
Իջաւ մի անդորր՝ կողպ ու անարծարծ.
Շրջեց լուսինը իր դէմքը բոլոր.
Եւ տեսաւ հոգին գաղտնիքը յանկարծ:
Բացուեց անտարած անձաւ մի անհուն,
Ուր փայլում էր լուռ մի սեւ արեգակ.
Խաւարն էր անբաւ իր շողը միակ,
Որ դառնում էր լոյս մի այլ սահմանում.
Եւ անկերպարան խորհուրդներ երկու՝
Գիշաթռչուններ ասես մոլագար,
Լլկում էին հէգ մարմինը հոգու,
Մինչեւ որ հոգին հոգուն միանար...
- Եւ եկաւ վերջը սկզբից առաջ՝
Խորշակի տեսքով մի արհաւրալից.
Փչում էին մութ ու բազմաշառաչ
Չորս զոյգ քամիներ՝ չորս զոյգ ծագերից.
Կոյր ազատութեամբ եղած շնչահեղձ՝
Դարձաւ անապատ հովիտը ծաղկուն.
Թռչում էր հոգին դատարկութեան մէջ.
Եւ պիղծ էր թւում ամեն սրբութիւն...
Ժ
Եւ հայեց հոգին պատկերն իր զարհուր.
Տիղմով լեփլեցուն անօթ մի անկերպ.
Կար ու կրքերի փրփուր ու մրուր.
Անկոփ սուսերի ժանգահար մի շեղբ...
Եւ տիրեց անշող մի անշարժութիւն.
Դարձաւ համայնը ոչինչ՝ ոչնչից.
Հսկում էր մեղքը կենաց անդնդում՝
Իբրեւ չգոյի տենչանքը անբիծ:
Այն, ինչ դրսում էր, բացւում էր ներսում.
Հեղւում էր դրսում ներսը անմեկին.
Ասես դաւադիր, մի յետին ծէսում
Զոհւում էր հոգին քինահար մէկին.
Եւ ըմպէր պիտի արիւնը նա իր,
Որ լրէր յագուրդ անպարտ մի օրէնք.
Սգում էր հոգին տրտմութեամբ անծիր,
Երբ փարուեց նրան մարմինը աննենգ:
- Եւ ելաւ մահը կեանքին ընդառաջ՝
Սիրոյ բոցկլտուն ծաղիկը ձեռքին.
Երկնքից երկիր կայծակեց մի խաչ.
Յետ եկաւ հոգին ճիչով ցնծագին.
Եւ ստուերների ստուերը անդարձ
Հեռացաւ դէպի խաւարն արտաքին.
Արծարծուեց կրկին երազը հանգած.
Եւ անցաւ հոգին սահմանը վերին...
ԺԱ
Եւ հաւատի մէջ մկրտուած նորոգ՝
Թափառեց հոգին աշխարհի վրայ.
Ճաշակեց անթիւ ցաւեր անամոք.
Ընդունեց լռին մեղքերը նրա.
Եւ կայծակներ էր պարպում նա իր մէջ՝
Մնալով կրկին անբիծ, անխաթար.
Մեռնում անկորուստ, յառնում էր անեղծ.
Լցւում էր անվերջ, հեղւում անդադար...
Դրոշմեց նա իր հետքերն աստղազարդ
Դէմքին անյայտի՝ խաւարին ի տես.
Ստեղծեց մի նոր երկինք անաղարտ.
Անշարժ՝ յայտնութեան ակնթարթի պէս.
Եւ երկնեց նա նոր երկիր մի աննիւթ՝
Որպէս հաւերժի հայեացքն անստուեր.
Արարեց սիրով նոր լոյս մի անմուտ՝
Անբեկ ու անթարթ, անշեղ ու վաւեր...
- Եւ հաստեց նա նոր մարդ մի անմարմին՝
Զերծ կապանքներից խօսքի պատրական.
Եւ վանեց հեռու՝ ոչնչից անդին
Մթին քաոսը բանականութեան.
Սրբեց մէջտեղից աշխարհը իսպառ.
Եւ գահավիժեց օրէնքը մահուան.
Հաստատեց կեանքը որպէս անարար.
Եւ օծեց նրան երգով ապաժամ...
ԺԲ
Եւ տեսաւ հոգին Է - ն անպարագիծ՝
Իր մէջ, իրենից, իրենով հաստուած.
Արթնացած ասես մի կոյր երազից՝
Ճանաչեց նրան անսգիւտ աստուած.
Ծանեց նրա մէջ, նրանով՝ իրեն.
Մասնիկն էր ինքը նրա մի շողքի.
Ծունր իջաւ խոնարհ երգով նրա դէմ.
Եւ փոխուեց կեանքը անանց աղօթքի:
Եւ տրուեց հոգուն համայն թողութիւն՝
Մեղքերի համար անցած աշխարհի.
Եւ նա սրբացած՝ յղուեց իր աստծուն՝
Գալով բարձունքում ինքն իր հետ ի մի.
Լրեց շրջանը յաւիտենութեան.
Անցան փոշու պէս երկինք ու երկիր.
Մնաց լոկ աստծոյ նշանը անկման՝
Իբրեւ մարդկային մութ Ճակատագիր:
- Աստուա՜ծ իմ, շուտով ես քեզ մօտ կգամ՝
Պարզած թեւերս՝ նման թռչունի.
Կպատմեմ ես քեզ զարմանքով մանկան,
Թէ ի՜նչ տեսայ ես՝ մա՛րդս երբեմնի.
Ինչե՜ր ապրեցի երկրում հեռաւոր՝
Տարակերպ մարմին ու հոգի հագած.
Կլսես դու ինձ ժպիտով անդորր.
Նայելով իրար՝ կլռենք յանկարծ:
©Սեւակ Արամազդ