ՄԱՔՈՒՐ ԵՐԳԵՐ
Շարք, 1979-1981թ․թ․
ԱՌԱՋԻՆ ՍԷՐԸ
Առաջին սիրոյ անուրջի նման
Առաջին ձիւնն է իջնում մեղմօրէն՝
Պարուրում հոգուս լռութիւնն ամայ:
Աստծոյ լուսէ տեսիլքի նման
Հալւում է անձայն կոպերիս վրայ.
Եւ մեղեդի է ծորում արարման:
Գիշերահմայ թռչունի նման
Սուրացող պահի լռութեան օդում
Որսում է հոգիս թրթիռներ անմահ:
Առաջին սիրոյ յուշերի նման
Առաջին ձիւնը արտասուք է թաց՝
Աստծոյ եւ իմ աչքերից քամած:
ՀԱՄԲՈՅՐ
Դու, սիրելիս, մի՛ վշտանայ: Է՛հ, չարժէ
Կեղեքելով հոգին անվերջ երազել.
Ապրի՛ր ինձ պէս՝յաւէտ մենակ ու անսէր.
Գնա՛ ճամփադ, միեւնոյն է, ճիշտ կամ շեղ:
Չէ՞ որ ոչ ոք այն սեւ քարը չի շարժել,
Որը հնուց ճակատագիր են կոչում.
Խօսքերն են լոկ ունայնաձայն շառաչել.
Իսկ մենք մի պահ բռնկում ենք ու կորչում:
Ինչ, որ այսօր մեծ է թւում, վաղն, աւաղ,
Դառնում է լոկ փոշեհատիկ մի չնչին.
Սեւանում են բոլոր գոյներն, ու խաւար
Լռութիւնն է իջնում մեր լոյս անուրջին:
Նայի՛ր երկինք, նայի՛ր երկիր: Ամեն բան,
Տե՛ս, բաշխուած է աստղերի պէս կամ հողի.
Կա՞յ, թէ՞ չկայ: Ո՞վ իմանայ: Անպաշտպան
Արցունքներով հոգիդ զուր մի՛ ողողիր...
Զննում եմ ես ահա դէմքը քո խոնարհ՝
Ասես թաղուած տապանագիր մի անյայտ.
Եւ տեսնում եմ ձեռքն այն դժնի ու խաւար,
Որ կջնջի լոյս գծերդ անաղարտ...
Սակայն անդորր քո հայեացքի լոյսը հեզ
Քանի՜անգամ հոգիս է լուռ արիւնել.
Ու ես կուզեմ, ինչ էլ լինի, հիմա քեզ
Գէթ մի՛ անգամ, գէթ մի՛ անգամ համբուրե՜լ...
ԲՈՑԸ
Քո սեւ մազերի մրրիկը ահեղ
Եւ համբոյրներիդ շառաչն ահարկու
Փշրում են իմ մէջ պատնէշներն ամեն.
Խորտակում վերջին խարիսխն իմ հոգու:
Ստորերկրեայ հեղեղների պէս
Քո ծփուն մարմնի յորձանքը մթին
Թող ջնջի լոյսի դաշինքը այն կեղծ,
Որ թաքցնում է խաւարը յետին:
Զգում եմ ահա՝ աչքերդ փակած,
Թէեւ դու սիրոյ խօսքեր ես ասում,
Պարում է քո մէջ սակայն խելագար
Բոցն այն նախնական, որ չունի կասում:
Այն բոցը, որից լեռներն են ելել.
Այն բոցը, որից ծովն է խենթանում.
Որ տիեզերական անդնդից անել
Հոյլ-հոյլ երազներ՝ աստղեր է հանում:
Իսկ քաղաքն այս կոյր՝ խօլական խանդով
Խառնել է իրար անկում ու թռիչք.
Ներարկի՛ր նրան բոցդ դող առ դող.
Փրկարար բոցդ՝ սուրբ ու խոշտանգիչ:
ՄԵՂԱՒՈՐ ՍԷՐ
Հողի համ ունեն շրթունքները քո՝
Անալի-փխրուն-քաղցր՝ հողի պէս.
Եւ ինչպէս մթնող թփերի ներքոյ
Կայծոռիկների յանկարծ հանդիպէս՝
Այդպէս քո ցիրցան վարսերի միջից
Նուաղուն հրով աչքերդ են փայլում.
Ու իմ հոգու մէջ ուռչում է մի ճիչ՝
Շուրթերիս շշուկ է սակայն հալհլում:
Անկողինն ահա՝ խոստացեալ եդեմ.
Զուր է այլեւս՝ էլ մի՛ փղձկայ.
Գոց են դռները՝ վերադարձ չկայ.
Ապրում է սէրը՝ մեղքին առընթեր:
Նստի՛ր իմ դիմաց, քրքջա՛ անհոգ.
Ու մի՛ պահանջիր երդում ու խոստում.
Նայի՛ր՝ ամենն այս զառանցանք է լոկ.
Ընծաների պէս խօսքերն են ստում.
Դարերն են ահա լալիս ծնկաչոք...
Չգիտեմ՝ ի՞նչ է մեղքը իսկապէս.
Գուցէ՝ առաջին անունն է սիրոյ.
Ինչո՞ւ ենք, սակայն, մեղապարտի պէս
Տանջանքի բեռն այս մենք տանում սիրով...
Եւ ապրում ենք կոյր այսպէս դարէդար.
Մտքով՝ մեղաւոր, իսկ սիրով՝ արդար...
ՔԱՐԸ
Մեր սէրն աշխարհում մի քար է՝ կախուած անդնդի վրայ.
Ու մենք՝ յուսահատ, մի վերջին ճիգով պահում ենք ահա:
Այնտեղ՝ ներքեւում, նոյն գետն է հոսում, անունը՝ Անհետ.
Լոյծ-աւազ դարձած բիւրաւոր սէրեր տանելով իր հետ:
Ասես երազում, կզգանք մենք անհուն մի գլխապտոյտ.
Եւ սո՜ւտ կթուայ տանջանքը յանկարծ եւ ջանքն՝ անօգուտ:
Ու երբ յատակին կպայթի հեռո՜ւ, մի մութ արձագանգ՝
Մենք լուռ կցնծանք քարի անկումով եւ կհեկեկանք...
ՈՒԹՆԵԱԿՆԵՐ
Ամենեւին գեղեցիկ ես, մերձաւոր իմ.
Եւ արատ ինչ ոչ գոյ ի քեզ...
ԵՐԳ ԵՐԳՈՑ, ԳԵԴ-7
ԵՒԱՅԻՆ
1. Քո մարմնի խորշերում մութ.
Փակ հանգոյցում քո ձեւերի.
Քո ժպիտում՝ բաց ու անփոյթ.
Դիւթանքներում անթուելի
Հսկում է մի հմայք արթուն՝
Վաղնջական ու կանացի,
Որը յանկարծ թէ չի յաղթում՝
Փոխարկւում է կրկին օձի:
2. Տենչանքները անապաստան
Մխում են լուռ քո հայեացքում՝
Որպէս սիրոյ թախիծ տարտամ,
Որ իջնում է, դէմքդ ծածկում.
Ու երազիկ՝ բեկւում ես դու.
Ու շաղ տալիս կայծեր ու հուր...
Եւ ես՝ խենթս, արու մի կոյր՝
Տարերքի՛դ եմ լոկ հաւատում:
3. Իբրեւ թէ դու ծաղիկն ես այն,
Որ գիշերն է բացւում միայն.
Ու սփռում է շուրջը բուրեան
Գաղտուկ շողեր հմայական.
Ուրեմն՝ ինչո՞ւ գիշերն անգամ,
Երբ ժպտում ես դու՝ մերկ ու բաց,
Էլի փակ ես ու աններկայ…
Ու ես՝ մոլոր, կրկին՝ խաբուած:
4. Որպէս Տեսիլք անմերձելի
Դու՝ հոգուս մէջ, ո՛չ եթերում
Փայլկլտում ես հազար ձեւի.
Ու ես քեզ եմ միշտ հետեւում.
Ահա եւս մի ոլորան
Մնաց էլի իմ յետեւում...
Քանի՜-քանի՜սէրեր կորան.
Ու ինչքա՛ն էլ կան առջեւում:
5. Թո՛ղ որ ես քո անդարձ բանտում՝
Հաւերժօրէն խաբուած ու զոհ.
Սիրում եմ ես քո անպատում
Շրթունքները լուռ երազող.
Եւ մազերիդ ծեծքը անդուլ.
Եւ շիկնանքդ հրաբոսոր...
Ես կզոհուեմ զոհի խանդով
Կանացիիդ՝ մահ փարատող:
ԱՐԲՈՒՆՔԱՀԱՍ ԱՂՋԿԱՆ
1. Ինչպէս ցօղը առաւօտի
Կայծկլտում է լոյսի հանդէպ.
Կամ գիշերով աստղը մօտիկ
Գաղտուկ մտնի ծաղկած պարտէզ.
Կամ ցօղունը սիզախոտի
Շողքից սարսռայ ու խաւոտի՝
Օրօրեց քեզ դողը այդպէս
Անակնկալ մի կարօտի:
2. Ու մարմինը քո անալի,
Որ մի շիւ էր՝ անբոյր-անթով,
Յանկարծ ծաղկեց զարմանալի՝
Ծփաց թոյրո՛վ, հրո՛վ, հոտո՛վ.
Ու հրահուր պտուղ երկու
Կրծքիդ վրայ հասունացան...
Ու տեսլացա՛ր դու արթնացած՝
Հրաշալի ու ահարկու:
3. Քո մարմնի ամեն ծալքում,
Ինչպէս բիւրեղ ծովախեցու,
Մի գաղտնիք է շողարձակում.
Շրշում տենչանք մի մահացու.
Նրա լռիկ արձագանգում
Այն հին մեղքի յուշն է յածում,
Որ անունդ տարաւ երկինք,
Իսկ քեզ թողեց հաւերժ ցածում:
4. Քո կոնքերում սրբակնիք
Ամբարւում է կաթիլ-կաթիլ
Արարչական սիրոյ տապի
Հրէ վսեմ մի արհաւիրք.
Որ ահագնած՝ յանկարծ մի օր
Տօթ խաւարում լուռ կպայթի...
Ու տարօրէն կզգաս ահով,
Որ դարձել ես արդէն դու կին:
5. Բայց շուքն ամեն մի թռիչքի
Ուղիղ գծով՝ անկումն է յար.
Մի առաւօտ զարթնես պիտի՝
Արդէն յոգնա՛ծ, անհո՛ւր, տկա՛ր.
Ու բնազդով քո կանացի
Զննես դէմքդ սարսափահար...
Աւաղ, հրաշք չի կատարուի.
Կեանքը այն է, ինչ չտեսար:
ԱՆԾԱՆՕԹՈՒՀՈՒՆ
1. Ընդերքներում երկրի մթար
Մի ովկիան է նիրհում հրի՝
Իբրեւ հողի երազն արդար՝
Հաւերժական արարումի.
Ու ծփալով նա անդադար՝
Դուրս է ցայտում ջինջ կաթնաղբիւր...
Բայց ջրեր են գալիս օտար.
Ու պղտորում ակը մաքուր:
2. Անշող դէմքիդ՝ թանձր շպար,
Իբրեւ բախտի վարագուրում.
Սակայն արդեօք հոգում քո փակ
Ի՞նչ կարօտ ես դու գուրգուրում.
Կեանքը՝ մի մարդ՝ անյոյս հարբած,
Քեզ կլանեց մի գիշերում.
Ու շիւղի պէս՝ քամուց տարուած,
Նետեց մահիճ մի աններում:
3. Ու ծխահամ գգուանքներում
Մխաց վառուող արիւնը քո.
Ու առաջին համբոյրն աղու
Ծաղկեց խոնաւ երազանքով.
Ու եդեմի պարտէզ թուաց
Գաղջ մահիճդ՝ արու կանչող.
Ու հոգիդ՝ կոյր, պատուեց անդարձ
Անկումների անել ցանցով...
4. Եւ ինչպէս որ ջրահեղձին
Ափն այլեւս չի երեւում,
Մի օր յանկարծ դու զգացիր,
Որ երազդ մնաց հեռւում...
Եւ դու հիմա՝ ծախու մի կին,
Ինչպէս շշից գինի թափուի,
Կրկնում ես դեռ տակաւին,
Թէ սիրում ես միայն մէկին...
5. Եւ երբ մի օր շպարիդ տակ
Քեզ ծերութեան ժանգը պատի.
Ու խարիսխդ կորցրած միակ՝
Դու մահ փնտրես գիշեր ու տիւ.
Ու ստուերդ յանկարծ տեսնես
Քո անցեալի անգոյն պատին՝
Քեզ երազդ կգայ ի տես՝
Ջինջ արցունքի մի լո՜ւռ կաթիլ...
ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋԸ
1. Ինչպէս դատարկ, մութ միջանցքից
Յանկարծ լսուող ոտնաձայներ,
Որ վախով են լցնում հոգին.
Ու սպասման դողով նաեւ՝
Մենութեանդ օրն առաջին
Մտաւ այդպէս դռնից քո ներս.
Ու ասպետը քո անուրջի
Նրա ահից մէկէն ցնդեց...
2. Ու հէքիաթը ցնդեց Սիրոյ՝
Փուչ անուններ թողեց միայն.
Դու ծերացար հազար տարով՝
Հին հէքիաթի կոյսի նման.
Ու սէրդ զուր անվերջ մխաց.
Իջաւ հոգուդ թախիծ մի հին...
Ու դեռ աղջիկ կարգին չեղած՝
Մի առաւօտ արթնացար կին:
3. Հիմա արդէն քայլում ես խուփ՝
Չես որոնում էլ ոչ մէկին.
Թէ զգեստդ է ծռւում մի քիչ՝
Լուռ շտկում ես ձեռքով քո նուրբ.
Գիշերներում սակայն անքուն
Նոյն կարօտն ես գուրգուրում դու.
Թւում է միշտ, թէ քեզ թաքուն
Հետեւում են աչքեր երկու...
4. Ինչպէս մենակ ծառն է ծաղկած
Սպասում իր մեղուներին.
Թւում է քեզ, թէ նա կգայ
Մի օր անյայտ հեռուներից.
Ու գիշերով ամեն անգամ,
Երբ մտնում ես դու անկողին,
Բացում է նա դուռդ անձայն.
Ու սրբօրէն պառկում կողքիդ...
Ու Երազի անհուն դողում
Գուրգուրում ես մանկիկ մի լոյս.
Բայց արցունքն է քո այդ շողում՝
Դու լալիս ես նորից անյոյս...
Խոցում է քեզ միշտ մի անքուն
Խուլ զգացում չեղած մեղքի.
Թւում է քեզ, թէ դու թաքուն
Ապրում ես կեանքն ուրի՜շ մէկի...
ՕՐԻՈՐԴ Գ - Ի Ն
1. Ջրվէժն իր խօլ անկման թափից
Հարբած ու կոյր՝ սուրում է ցած.
Չի նկատում իր քարափի
Մենաւորիկ թուփը ծաղկած.
Որ շնչահեղձ տօթ ու տապից՝
Թալկանում է՝ գլուխը կախ.
Ու տենչում է փոքրիկ մի շիթ՝
Յորձանքների յորդ տարափից:
2. Այգաբացի մշուշում խիտ՝
Անգոյն ստուեր՝ դէմքերն ամեն.
Տարտամ լոյսը մառախուղի
Քո հոգուց են ասես քամել.
Բացուեց ահա էլի մի օր.
Մառախուղը լուռ կցնդի...
Իսկ ո՞վ պիտի իր ժպիտով
Կեանքի մուժը քո փարատի:
3. Բանուածքի մէջ զգեստի քո.
Քո օծանուած սանրուածքում
Թաքցնում ես դու խնամքով
Սպասումը քո անխոստում.
Մարմնիդ լուռ կանչով արդէն,
Աւաղ, ոչ ոք էլ չի հարբում...
Ու շարունակ թւում է, թէ
Հայելին է քեզ հիմա խաբում:
4. Հոգիդ յոգնած իր թախիծով
Խաբկանքին այդ չի դիմանայ.
Ո՞վ էր արդեօք՝ նետեց ի ծով
Հուլունքը քո Շամիրամայ...
Ինչպէ՞ս եղաւ՝ յանկարծ մի օր
Սպասումից քարացար լուռ...
Չէ՞ որ կարծես հրաշքն էր մօտ.
Արցո՜ւնքդ քեզ եղաւ ուլունք...
5. Կեանքը՝ հայելի կախարդական,
Երազների փոշով պատած.
Տենչանքների ստուերն անգամ
Կլանում է անանդրադարձ.
Միայն անտես մի ճառագայթ
Հրկիզում է ու չքանում...
Ու կարօտով հաւերժական
Մեր հայեացքն է յոյսին գամում:
©Սեւակ Արամազդ