ՓՇՐՈՒԱԾ ՀԱՅԵԼԻ

Շարք, 1982թ․

 

 

ՆԱԽԵՐԳԱՆՔ 

 

Քարեր՝ ասես կանաչի զով անդորրում թափանցիկ

Նստած կովեր ծանրախոհ՝ անյայտն են լուռ որոճում.

Ժայռը՝ խոհուն նախրապան, սեւեռումով անձանձիր

Մենակ կանգնած հսկումի՝ հեռուներն է անրջում:

 

Լիճը՝ ներհուն հայեցող, ընկողմանած սարերին,

Երկնի կապոյտն է քննում՝ շշնջում է ու մոգում.

Արեւն՝ անհոգ պատանի, ջրի հայելում անթերի

Իր շէկ մօրուքն է տեսնում ու ծիծաղում բեկբեկուն:

 

Եւ սեւակն մի տղեկ մոլոր կանգնել քարափին.

Նայում է վեր, նայում վար՝ հէքիաթի մէջ է կարծես.

Եւ սրտիկն է թրթռում դաշնութեան դէմ այդ անբիծ:

 

... Յետոյ թռան տարիներ՝ խելագարուած հորթի պէս.

Սուր քարերին գաղտնիքի երազանքը բզկտուեց.

Հէքիաթն անդարձ վերջացաւ: Լոկ զարմանքը մնաց մեծ...

 

 

ՀՕՏԸ  

 

Փռուել է հօտը: Մի ծայրը՝ այստեղ,

Միւսը՝ չկայ: Հօտն ինքն էլ չկայ:

Թափանցիկ օդում՝ համերաշխ մշշոց.

Կանաչը զոհւում ու դառնում է կաթ.

 

Ու չեն խանգարում իրարու: Մթնեց:

Ծանր հոսում է խաւարի միջով

Ի Արդարանոց: Լուսնի շեղբ մի շող

Զարկել է ժայռին: Կանգ առաւ: Խրտնեց:

 

Այնտեղ՝ պատի տակ, լոյսի մէջ աղօտ

Մորթ էր: Խաւարում՝ արեան թանձր հոտ.

Պլշել նայում է: Ու չի մտնում ներս...

 

Բուրդը խլում է զարկերը մէկ-մէկ.

Եւ ցաւը նրան չի հասնում երբեք...

 

Մտրակն է դարձեալ շառաչում: Կրկէս...

 

 

ՆԵՐԻՆ 

 

Յետեւում՝ հօտն է ձգւում շարէշար.

Կէս քայլով առաջ՝ գալիս է ինքը.

Միրուքը՝ ծածան, ասես դրօշակ.

Միրքին է կաթում քրտինք - փսլինքը՝

 

Բերում է հօտը լճակը՝ ջրի:

Քայլել է ասես մի միլիոն տարի.

Այդպէս՝ առջեւից: Պոզերը՝ մեծ - մեծ,

Որ՝ հօտը երբեք ճամփան չշեղի... 

 

Զատուեց ծանրօրէն: Ջուրն ակից խմեց:

Ու հազաց՝ խռպոտ իմաստունի պէս:

Ու գոհ դէպի յետ՝ հօտը շտապեց...

 

Քաշւում է հօտը: Հայեացքով չափեց

Նա մի պահ հեռուն: Գնաց հօտի հետ:

 

Բաց հորիզոնում՝ աննշմար մի կէտ...

 

 

ՈՒԼԸ 

  

Արեւագալի ցոլքերում մի ուլ՝

Ժայռերի գլխին, քարափների տակ.

Կեանքը խայտանք է՝ խաղի չափ մաքուր.

Խաղի մէջ սակայն՝ անյայտ մի վտանգ

 

Խուտուտ է տալիս ռունգերը նրա:

Գրոհում է նա մասրենու վրայ -

Փշո՛տ մասրենի - յետ ցատկում իսկոյն՝

Պոզահարում է այս անգամ՝ քամու՜ն...

 

Ճակատը՝ ճերմակ, զոհի չափ անմեղ.

Եւ պարզ զարդեր են պոզիկները զոյգ.

Վտանգն է սակայն հսկում ամեն տեղ:

 

Անդունդն է: Անդարձ: Վէրքերն է լիզում.

Դէմը՝ անյայտն է, իսկ շուրջը՝ պատեր...

 

Եւ պոզերն է նա պատերին քսում... 

 

 

ԳԱՌԸ 

 

Մտրակն է սաստում: Խռնւում են: Խուլ

Բռռում են՝ յառուած մթնշաղ հովտին:

Ու դառնում են մի: Սրսփուն օդից

Ամեն մէկն իր մօր հոտն է առնում սուր.

 

Ու խելագարւում կաթի կարօտից:

Հասնում են, ծնկում, ցնցում ու ծծում՝

Աղօթք են յղում կաթի աստծուն.

Եւ մէկը ահա յետ մնաց հօտից...

 

Գանգուրիկ մորթի, դնչիկ խորոտիկ.

Մէջքին՝ փշրանքներ խար ու ծղօտի.

Դառնաղի մայում: Փնտրում է: Չկայ...

 

Մթան մէջ կրկին հօտն է մակաղում:

Ու դառնում է Մի: Մէկը անզգայ

 

Ատամների տակ խաւար է աղում...

 

 

 ՔՈՒՌԱԿԸ 

 

Արահետը: Հազար սմբակ

Հազար անգամ դիպել - անցել...

Հետքեր չկան: Փոշէ գծեր...

Սարն է ելնում՝ բեռով կքած.

 

Ականջը՝ խուլ, աչքերը՝ փակ:

Նա մօր կողքով՝ տրտինգ - գնաց...

Դունչն է մերթ - մերթ պարզում դէպի...

Չկայ մայրը: Բեռ է համակ...

 

Քացի տալիս փուշ ու թփի.

Ու թաւալ է տալիս փոշում.

Որ՝ մօր բեռը՝ շու՛տ՝ թօթափի... 

 

Կանգնեց՝ տխուր: Նայեց՝ յոգնած:

Արահետը ընկաւ - գնաց...

 

Հետքով բեռան: Ո՞վ է քշում...

 

 

ԷՇԸ 

 

Արեւը կծում է: Կէսօր:

Քայլում է ծանր - անտարբեր.

Ապրում է ասես մի կէսով.

Միւսով՝ տանում է մի բեռ.

 

Ծնունդով՝ վերուստ սահմանած:

Մտնում է լճակը կամաց.

Գլխի շուրջ՝ ճանճերի պարսեր.

Խմեց: Ու խոնարհ՝ սպասեց...

 

Լճակը ժայռն էր ստուերել.

Եւ ջրում՝ պղտոր ու սեւ,

Տեսաւ - չտեսաւ իրեն...

 

Աչքերում՝ անտարբեր թախիծ.

Գլխի շուրջ՝ ճանճերի պարսեր.

 

Լոկ մաշկն է թրթռում հազիւ...

 

 

ՁԻՆ 

 

Մթնշաղը՝ ասես թաղիք թաւ ու թաց.

Ներծծում է օրը՝ փոշի քրտնահամ.

Ու ծանրանում: Երկիրը խուլ դղրդաց

Լռութեան մէջ: Նա յայտնուեց: Արնաքամ...

 

Աչքերի մէջ՝ սառչող տենդը պայքարի:

Ու մարում է ահա կծիկ առ կծիկ

Պիրկ ջղերի կորովն անյաղթ: Նա դանդաղ

Վիզը թեքեց, նայեց հեռու՝ խաւարին...

 

Մտրուկն յանկարծ տաք խլրտաց կրծքի տակ.

Տաք՝ վէրքի պէս: Եւ նա ճիգով մի վերջին

Դոփեց հողը ու ահով խուլ խրխնջաց...

 

... Սարի գլխին բաբախում է մի լճակ.

Ցածը ձորում՝ մի սեւ ամբոխ՝ ագռաւ, ցին...

 

Այդ լճակում ապրում է մի անմահ ձի:

 

 

ԵԶԸ 

 

Երկի՞րն է փախչում ոտքերի տակից.

Թէ՞ ինքը՝ երկրից: Անիւը մէկ - մէկ

Հետքերն է ջնջում: Ճանապարհը շեղ

Թռչում է Երկինք: Արեւն է անշարժ...

 

Իջնող երեկոն ահը մտրակի

Սրբեց աչքերից: Շողիքը կարճ - կարճ

Ծորում է հողին: Ստուերը դանդաղ

Երկարեց հեռու: Խոնջութիւն խաղաղ...

 

Զոյգ սամիների արանքը նեղլիկ

Պատուհանն է իր: Գլուխը՝ քամուն,

Նիրհելով ասես հայում է անվերջ...

 

Ներսում խլրտաց մի խելառ ցլիկ.

Ճակատին՝ խարան: Եւ նա օդի մէջ

 

Աքացի տուեց: Լուծն է ծանրանում...

 

 

ՑՈՒԼԸ 

 

Հարուածի նման դուռը շրխկաց՝

Ու փակուեց իր դէմ: Մի ծուէն բառաչ

Մնաց արանքում: Նախիրը չկայ...

Առաջին շողը երկնքից սուրաց՝

 

Մեխուեց աչքերում: Արեան հոտ առաւ...

Խօլ պոզահարեց խաւարը: Սակայն

Ինքը ճապաղուեց: Փրփրած բերնից

Հողին էր քամւում խուլ, մարող մի կանչ...

 

Խաւարում, ասես անսահման հեռուից,

Մէկը շոյում էր եղջիւրները իր...

Արիւնը հողին փրփրեց: Կարմիր...

 

... Խմում էր ասես արիւնն իր անյագ՝

Աչքերը չռած կէտի մի անյայտ...

 

Հեռւում տենդում էր մի ծարաւ նախիր...

 

 

ԿՈՎԸ 

 

Օդն է հոտոտում: Դատարկ է կողքը:

Փնչաց տագնապով: Պիրկ - պրկուեց շղթան:

Նոյնն է ամեն բան: Ցիցն ու վզթոկը

Տեղում են իրենց: Ու գաղջ խաւարից

 

Առաւ հոտն հորթի՝ արդէն անկենդան...

Գետինն է դոփում: Բառաչում: Նորից...

Յամր է խաւարը: Արանքից դռան

Հորթի տեղն ուղիղ մի շող էր բեկուել...

 

Ցրիւ քարաղի բիւրեղներն անթիւ

Կայծկլտում էին: Նա սալն էր լիզում՝

Իր հորթն էր ասես աղերսում անվերջ...

 

Դեռ հոսում էին արցունքներն: Իզուր...

Նա չէր յայտնւում: Փոշու մի հատիկ

 

Այն շող-շաւիղով հեռանում էր վեր...

 

 

ՀՈՐԹԸ 

 

Պարանը՝ ամուր ու միշտ կարճ.

Նա վիզն է ճիգով երկարում.

Ուղիղ ոտքերի տակից

Փախչում է մի ուրիշ կանաչ՝

 

Բոյրերով կանչում իր հեռուն...

Մի քամի է գալիս գետակից

Ու շոյում ռունգերը նրա...

Պարանը պոկուեց ու թռաւ...

 

Պարանն ու ինքը դարձան մի:

Մի պահ՝ կանաչն էր օդում:

Սրընթաց: Ամեն ինչ՝ քամի...

 

Պարանն է քարափից կառչել:

Պարանից՝ ինքը: Կոկորդում

 

Խեղդւում է բառաչիւն մի ջերմ...

 

 

ԼԱԿՈՏԸ 

 

Աչքերի դէմ՝ խաւար է դեռ:

Յանկարծ կորաւ մօր հեւքը տաք.

Դունչն է հպում՝ դառը տերեւ.

Ռունգերի մէջ՝ բոյրեր օտար...

 

Կանգնեց մոլոր: Շուրջն ամեն տեղ

Մութ ձայների ահեղ անտառ...

Ու ոչ մի կանչ: Դնչին մի բան

Մօր պէս գգուե՜ց ու՝ սուր՝ խայթե՛ց...

 

Վնգստալով նայում է: Բայց՝

Խաւարն է նոյն: Աչքերը փակ

Մութնուլոյսը պղտոր պատել

 

Ծակծկում էր: Կոպերի տակ

Ներսից մի բան յանկարծ պայթեց...

 

Զարթնեց... բնում: Լոյսը յաղթեց: 

 

 

ՍՊԱՆԴԱՆՈՑ 

 

Ասես փակ կրկէս՝ կանգնած է նա լուռ

Արեւի հանդէպ: Ոչ մի լուսամուտ:

Ասես կոյր մի աչք՝ լոկ չռուած մի դուռ:

Ներսում անդունդ է: Յաւէտ կիսամութ:

 

Կլոր ու ողորկ: Չկան անկիւններ:

Գայթում է ինքը՝ ժամանակն անգամ:

Թէ ձայն է՝ յանկարծ թափանցում է ներս՝

Յատակն անյայտ է: Ոչ մի արձագանգ:

 

Լոկ ոսկորների փայլն է վեհերուն

Աստղափոշու պէս մարմրում մարմանդ...

Ու ասես ձայն է հնչում մի: Հեռո՜ւ...

 

Այնտեղ ապրում են ստուերներ անթիւ՝

Որպէս արձագանգ մի ուրիշ կեանքի՝

 

Արեւի լոյսին յաւիտեան անյայտ...

 

 

©Սեւակ Արամազդ