ԱՐԵՒԻ ԼԵՌԸ, վէպ, 2010թ․

Գլուխ առաջին․ «Մանուշակների ձորը»

(«Արեւի Լեռը», վէպ, «Անտարես», Երեւան, 2014թ․)

 


ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

 

Երկար տարիների դեգերումներից յետոյ ես վերջապէս վերադարձայ այն տունը, որտեղ ապրում էր իմ մանկութիւնը։ Ինձ չէր լքում զգացումը, թէ ուր որ է կաւարտուի իմ կեանքը, եւ ես չեմ հասցնի տեսնել նրան։ Դուռը փակ էր։ Երեք անգամ թակեցի, սակայն պատասխան չստացայ։ Նայեցի պատուհանից․ ապակու մէջ նշմարուեց միայն իմ աղօտ արտացոլանքը։ Պատրաստւում էի նորից թակելու՝ յանկարծ ասես մի անտես ձեռք իմ առջեւ բացեց դուռը։ Սրտի դողով մտայ ներս՝ կարծելով, թէ ահա կիսախաւարից ինձ ընդառաջ կվազի իմ մանկութիւնը, եւ ես անհուն կարօտով կառնեմ նրան գիրկս ու պինդ-պինդ կսեղմեմ կրծքիս, սակայն տունը դատարկ էր։ Ոչ ոք չկար։ Իմ հեռանալուց ի վեր մարդու ձեռք չէր դիպել այդտեղ գտնուող իրերին։ Ամեն ինչ իր տեղում էր։ Չկար միայն նա։ Ճնշուած սրտով ես գլխիկոր դուրս եկայ բակ եւ արդէն ուզում էի ընդմիշտ հեռանալ, երբ իմ թիկունքում զգացի ինչ-որ ներկայութիւն։ Յետ նայեցի․ այգու ցանկապատի տակ, աշնան անիրական պայծառ արեւի մէջ նստած էր մի ծերունի եւ անշարժ նայում էր իր դիմաց։ Մէջքովս սարսուռ անցաւ․ թուաց, թէ դա իմ մահացած հայրն է, որ սպասում է իմ վերադարձին, սակայն, մօտենալով, տեսայ, որ բոլորովին անծանօթ մէկն է, որին կեանքում երբեւէ չեմ հանդիպել։ Ես տնտղեցի ծերունու դէմքը, եւ ինձ ապշեցրեց նրա անլոյս հայեացքը, որ անթարթ սեւեռուած էր դէպի ինչ-որ տեղ։ Ծերունին չարձագանգեց իմ բարեւին եւ չպատասխանեց ոչ մի հարցի։ Կարծես կոյր էր ու խուլ։ Մի տարօրինակ թուլութիւն պատեց ինձ, եւ ես զգացի, որ անկարող եմ լքել այդ տունը։ Ասես հմայուած՝ լուռ նստեցի ծերունու կողքին, եւ ծայր առաւ այս պատմութիւնը։

 

Հեղինակ

 

 

 


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

 

ՄԱՆՈՒՇԱԿՆԵՐԻ ՁՈՐԸ

 

Ա

 

Օրն աննկատ թեքւում էր դէպի արեւամուտ:

Դիմացի բարձրացից սարի ստուերը, որ սկզբում կարծես լինէր թանաքագոյն մի բիծ՝ պատահաբար քսուած լեռան ժայռակնճիռ ճակատին, դանդաղօրէն սահելով, անցաւ գետը եւ սկսեց զգուշօրէն մագլցել Մանուշակների ձորի հանդիպակաց լանջն ի վեր եւ, քիչ անց արագօրէն տարածուելով, անսպասելիօրէն իր մէջ առաւ չորսբոլորը: Օդը գունատուեց, երանգները սրբուեցին, եւ երկինքը կարծես մի աստիճան իջաւ ցած: Մի ուշացած բարակիրան-նեղաթեւ վայրի մեղու կայծակնօրէն մի քանի պտոյտ գործեց Արեգի գլխի շուրջ եւ, նստելով ծոծրակի խճճուած մազերին, մի քիչ հանգստացաւ, ապա սուր տզզոցով թռաւ ու անհետացաւ օդում: Թիկունքից բաց կրունկին յուշիկ մօտեցաւ մի մոխրագոյն մկնիկ, անշշուկ ձգեց դունչը, հոտոտեց մերկ ոտնակոճը եւ, արագ շուռ գալով, փախաւ մտաւ քիչ այն կողմ խոտերի մէջ սեւին տուող իր բոյնը: Մի մեծ կանաչ ծղրիդ ցատկեց ծնկին, ուղիղ ականջի մօտով ոստնեց դէպի մասուրի թուփն ու իջաւ առաջին պատահած տերեւին: Արեգը դարձեալ ոչինչ չզգաց:

Նստած խոտերի միջից վեր ցցուած, ասես խոտերի հետ աճած մի քարի՝ նա անթարթ յառուել էր իր ոտքերի առջեւ, որտեղ սիզախոտի մի ջահէլ փնջի կողքին մեղմ հովից օրօրւում էին երկու աստղածաղիկ. մէկը՝ երկար ու փոքր-ինչ թեքուած ցօղունով, իսկ միւսը, որ աւելի փոքր էր, նուրբ ու բարակ ոտիկով: Մեծն արդէն փակել էր իր վարսանդը եւ արդէն պատրաստ էր գիշերուան, այնինչ փոքրը, որ երեւի դեռ շատ փոքր էր, կանգնած էր բաց ու շիտակ եւ գլխի չէր ընկնում, որ մօտենում է իրիկունը: Արեգը սեւեռուել էր այս փոքրին եւ շունչը պահած ուզում էր որսալ այն պահը, երբ ծաղիկը կփակէր իր թերթիկները, սակայն ոչինչ տեղի չէր ունենում: Դեռ ձմեռնամուտին հայրը մի անգամ պատմել էր, թէ աստղածաղիկները գիշերը փակւում են, իսկ լուսանալու հետ՝ բացւում, եւ Արեգը մտքում դրել էր տեսնել այդ պահը: «Ծաղիկները մա՞րդ են, որ քնեն ու զարթնեն»,- չէր հաւատացել նա: «Այո, Արեգ ջան,- ժպտացել էր հայրը,- ամեն ինչ էլ մարդ է՝ քարն էլ, ծառն էլ, շունն էլ, ծաղիկն էլ...»: Արեգը շատ էր զարմացել, կարծել էր, թէ հայրը կատակ է անում, բայց մի անյայտ զգացում յուշել էր, թէ հայրը ճիշտ է ասում: Եւ հիմա նա ուզում էր վերջապէս համոզուել, թէ ինչպէ՞ս կարող է ծաղիկը մարդ լինել: Գուցէ, փակուելու ակնթարթին ծաղիկը դառնում է մարդ, պառկում խոտերին, աչքերը փակում ու քնում, իսկ լուսաբացին նորից վերածւում ծաղկի՞: Եւ այդ ծաղիկ-մարդուն Արեգը պատկերացնում էր ճիշտ իր նման՝ ջղուտ ու ուժեղ եւ խոշոր, թախծոտ աչքերով մի տղայ:

- Փակուի՛ր,- չդիմացաւ նա՝ շշնջոցով դիմելով աստղածաղկին՝ միաժամանակ ճգնելով չթարթել աչքերը, քանի որ վախենում էր, որ այդ ակնթարթին կարող է ծաղիկը փակուել, եւ ինքը բաց կթողնի պահը: Նրա շնչից աստղածաղիկը թոյլ դողաց, ապա շարունակեց օրօրել իր բաց թերթիկները: Սակայն այդ փոքրիկ աստղածաղիկը մարդ լինելու համար չափազանց նրբին է, եւ Արեգի մտքով անցաւ, թէ նա երբեք չի կարող դառնալ Արեգ, այլ... Եւ յանկարծ սիրտը սկսեց տրոփել այն քաղցր-անորոշ անհանգստութիւնից, որ ամեն անգամ պատում էր նրան, երբ դպրոցում հանդիպում էր Աստղիկին: «Ա՛յ, Աստղիկ կարող է դառնալ»,- մտածեց Արեգը ծաղկի մասին եւ անչափ ուրախացաւ, որովհետեւ Աստղիկը տղայ չէ, այլ աղջիկ, որին ինքը սիրում է: Եւ իր ներսում կրկին տեսաւ Աստղիկին. նրա թաւշէ երկար մազերը, երկար թարթիչներով ցոլուն աչքերը, նուրբ քիթը, նուրբ շրթունքները, կլորիկ ծնօտը եւ անսովոր սպիտակ մաշկը: «Վաղը կտեսնեմ Աստղիկին եւ կասեմ. «Ես քեզ սիրում եմ»,- ասաց Արեգն ինքն իրեն, եւ դա նրան այնքան հեշտ թուաց, որ զարմացաւ, թէ ինչո՞ւ մինչեւ հիմա չի համարձակուել դա ասել: Հաստատ որոշեց, որ վաղը Աստղիկին կասի այդ խօսքերը, բայց միայն այն բանից յետոյ, երբ հայերէնի ծեր ուսուցչուհին, իր սովորութեան համաձայն, կսրբի կաւիճն իր կարճլիկ մատներից եւ հերթական անգամ կասի. «Արեգ, գերազանց»: Արեգը յաղթական ժպտաց, ամբողջ կրծքով խոր շունչ քաշեց՝ լցուելով հպարտութեան մի բերկրալից զգացումով, եւ յանկարծ գլխի ընկաւ, որ մտահան է արել աստղածաղիկը: Արագ նայեց ոտքերի տակ եւ չհաւատաց իր աչքերին. ծաղիկն արդէն փակուել էր: Ինչպէս մի վայրկեան առաջ աստղածաղիկը բաց ու ժպտուն օրօրւում էր, այնպէս էլ այժմ, խուփ ու ինքնամփոփ կանգնած, լռում էր: Որոշ ժամանակ Արեգը հայեացքով տնտղում էր ծաղիկը, բայց ապարդիւն. աստղածաղիկը փակ էր եւ կարծես՝ ընդմիշտ: Զգաց, որ աններելիօրէն բաց թողեց պահը: Երեւի, կեանքում իրեն այլեւս երբեք չի յաջողուի տեսնել, թէ ինչպէս է աստղածաղիկը փակւում, եւ ներսում յորձանք տուեց անզօրութեան մի ցաւագին յուզմունք։ Սիրտը սեղմուեց․ «սէր», «սիրել» բառերը բոլորովին էլ թեթեւ ու հաճելի խաղ չեն, ինչպէս, ասենք, պահմտոցին, այլ ինչ-որ անորսալի-անդառնալի բան, ինչպէս աստղածաղկի փակուելու պահը: Աստղիկն իրեն կմերժի եւ կասի. «Չէ»: Նոյնիսկ թուաց, թէ լսեց այդ «Չէ»-ն: Այնպէ՛ս շփոթուեց, որ մերժման ամօթի կարմիրը պատեց դէմքը, սակայն նոյն պահին էլ յիշեց, որ ինքը բոլոր տղաներից ամենաուժեղն է եւ կենդանի վերապրեց, թէ ինչպէս էր դպրոցի բակի անկիւնում մէկը միւսի յետեւից զարմանալի հեշտութեամբ գետին տապալում իր բոլոր մրցակիցներին: Սակայն այս յիշողութիւնը տարօրինակօրէն ոչ միայն չփարատեց, այլեւ աւելի խորացրեց յուսահատութիւնը: Նա իրեն կործանուած զգաց:

-  Հէ՜յ, տղա՜յ, մի՜ քնիր, գառներդ արտը կերա՜ն, է՜,- յանկարծ ականջին հեռաւոր որոտի պէս թնդաց մի բամբ ձայն, որ ալիք-ալիք արձագանգ տուեց Մանուշակների ձորի հսկայ ամայութեան մէջ:

Անակնկալի եկած՝ Արեգը վեր թռաւ տեղից եւ աչքերով որոնեց. դիմացի լանջի պղնձաշէկ կարկառների մէջ ոչ ոքի չկարողացաւ տարբերել, սակայն անմիջապէս գլխի ընկաւ, որ դա հանդապահ Վանատուրն է: Հայեացքով ստուգեց շուրջը. գառներն, իրօք, չկային, եւ սարսափեց: Թողեց ճերմակ քարը եւ վազեց լանջն ի վեր՝ դէպի դարաւանդի գլուխը, որտեղ փռուած էին գարու մի քանի բարակավիզ արտեր՝ ընդմիջուած խոտառատ քարակոյտ-կղզիներով: Դեռ չէր հասցրել շրջան-ցել վայրի վարդի թուփը, երբ յիշեց, որ գիրքը թողել է ճերմակ քարի կողքին: Ակամայ յետ դարձաւ, բայց այդ պահին կրկին որոտաց Վանատուրի ձայնը՝ այս անգամ կարծես երկնքից.

- Տղա՜յ, գիրքը ոտ չի՜ առնի փախչի, ասո՜ւմ եմ՝ գառներդ արտը ոտնատա՜կ տուեցին, է՜, բա որ հիմա հասա՜յ, է՜...

Արեգին սարսափեցրեց այն միտքը, որ հանդապահն իր զանցանքի մասին կարող է յայտնել հօրը, եւ ինքը ամօթով կմնայ հօր առջեւ: Սրընթաց հասնելով ճերմակ քարին՝ ընթացքից վերցրեց գիրքն ու ճիպոտը եւ աչքի պոչով որսաց, որ Մանուշակների ձորի հակառակ լանջի ժայռերի երկար ստուերներից զատուեց Վանատուրի ճերմակ կերպարանքը՝ ճերմակ ձիուն նստած. նա մի ձեռքով բռնել էր ձիու սանձը, իսկ միւսով մի տարօրինակ, ծուռումուռ մահակի պէս երկար բան, որն օրօրւում էր օդում: Թէեւ Վանատուրն այնքան հեռու էր, որ ձորի այս կողմից երեւում էր համարեա ժայռածերպին թառած մի արծուի չափ, սակայն յայտնի էր նաեւ, որ նա իսկական արծուի չափ էլ սրատես է, եւ աչքից ոչինչ չի վրիպում:

- Գնո՜ւմ եմ, պապի՜, ասի՝ ճիպոտը վերցնե՜մ...- գոռաց Արեգը նրա ուղղութեամբ եւ այն է՝ ուզում էր դնել առաջին քայլը, երբ յանկարծ ոտքերի առջեւ, ասես օդում, ցոլաց իր սիրած աստղածաղիկը, որն ահա-ահա ճզմուելու էր իր կրունկի տակ: Լարելով բոլոր ուժերը՝ Արեգը վերջին պահին կարողացաւ նետուել մի կողմ: Կողքի վրայ շրմփալով գետնին՝ ծնկով բախուեց խոտերի մէջ թաքնուած մի սուր քարի, սակայն արագ վեր ցատկեց ու նայեց յետ. աստղածաղիկը նոյն դիրքով հէզիկ կանգնած՝ գլուխը փոքր-ինչ թեքել էր դէպի արեւամուտ: Սիրել է, սիրում է եւ յաւիտեանս կսիրի Աստղիկին՝ անկախ այն բանից՝ նա իրեն «այո» կասի, թէ «ոչ»․ պատրաստ է դիմանալու ամեն ինչի: Մի տեսակ հպարտ պարտուածի զգացումով նայեց իր արիւնոտուած ծնկին եւ վեհանձնօրէն արհամարհեց մղկտացող ցաւը. այսպէս նոյնիսկ աւելի հաճելի է ու հանդիսաւոր: Ընթացքից ձեռքով տրորելով ծունկը՝ գիրքը դրեց թեւի տակ, միւս ձեռքն առաւ ճիպոտը եւ արագ-արագ, անշփոթ քայլերով դիմեց լանջն ի վեր:

- Բը՜լ-բը՜լ-բը՜լ,- կանգ առնելով արտի եզրին՝ կանչեց գառներին եւ ապա հորթին:- Բժօ՜-բժօ՜-բժօ՜...- սակայն ձայնը կախուեց օդում եւ չարձագանգեց:

Գառները չեն երեւում, բայց հորթը՝ Սեւուկը, խոշոր է, պիտի որ երեւայ: Հայեացքով տնտղեց, մինչեւ որ գտաւ նրանց հետքը, որ ոլոր-մոլոր սպիտակին էր տալիս արտի միջով դէպի դիմացի քարակղզու բարձր թփերը: Մտաւ արտը եւ անմիջապէս առաւ աշնանացան գարու սրածայր տերեւների իւրօրինակ, ասես զտուած բոյրը։ Քարակղզին բոլորող թաւուտ խոտերի մէջ շուտով նշմարեց իր գառների մանր գանգուրներով պատուած ծանօթ մէջքերը, յետոյ տեսաւ հորթի կլոր-լորձոտ դունչն ու ստեպ-ստեպ ծիկրակող երկար լեզուն, որով Սեւուկը ծոյլ ու ալարկոտ մօտ էր քաշում խոտերի ցօղուններն ու ախորժելի խշխշոցով խժռում: Ամենամեծ գառը՝ նորելուկ եղջիւրներով ջահէլ խոյը, որ անկարգ էր ու ագահ, դա-դարեցրեց արածելը եւ յանդուգն նայեց Արեգին՝ կարծես նեղսրտելով, որ վերջինս խանգարեց իր հիւթառատ խրախճանքը: Նրա աչքերի նենգ-արհամարհական արտայայտութիւնից երեւում էր, որ նա է այս արգելուած արարքի հեղինակը: Արեգն առաջինը քշեց նրան:

- Չես էլ ամաչո՜ւմ: Ամաչի՛ր, ամաչի՛ր,- կշտամբեց նա խոյին այն նոյն բառերով, որով երբեմն հայրն էր իրեն յանդիմանում, ապա գառներին հորթի հետ միասին հալածեց արտից դուրս՝ դէպի լանջի երկայնքով ձգուող մանրախոտ թումբը:

- Սեւո՛ւկ,- դարձաւ հորթին,- քեզ նշանակում եմ պահակ. նայիր, հա, չթողնես, որ գառները նորից մտնեն արտը, մինչեւ ես էն անառակին գտնեմ բերեմ,- Արեգը նկատի ունէր իրենց միակ ուլին, որը թէեւ նրա սիրելին էր, սակայն խելք չունէր. աչքդ թեքեցիր՝ քամու պէս մէ՛կ այս ձորի յատակին էր, մէ՛կ այն սարի գլխին:- Հասկացա՞ր, Սեւո՛ւկ:

Հորթը ձայն չհանեց. գլուխը թեքելով՝ անմասնակից նայեց հեռացող Արեգի յետեւից, յետոյ դունչը ձգեց ու սկսեց հոտոտել թմբի տակ դրուած գիրքն ու ճիպոտը: Ճիպոտը ճիպոտ է, դրանով իրեն քշում են, բայց գիրքը հնարաւոր չէ նմանեցնել որեւէ ծանօթ բանի, նոյնիսկ նման չէ տափակ-սպիտակ աղասալիկի: Համոզուելու համար Սեւուկն իր չեչոտ լեզուով կարճ լիզեց գրքի վերնագրի տառերը, եւ յանկարծ միտն ընկաւ մօր կուրծը, զգաց նրա ձգուած պտուկների նուաղուն հոտն ու զգլխիչ կաթնահամը եւ, գլուխը ցնցելով, հայեացքը յառեց ձորից դուրս ու խուլ-կարօտագին մզզաց:

Արեգն ստուգեց արտերի բոլոր քարակղզիները, սակայն ուլը չկար: Մի քիչ մնաց մոլոր կանգնած, ապա կտրելով խոտերը՝ բարձրացաւ վերջին քարակղզու գլուխն ու նայեց ներքեւ՝ հարեւան ձորակի լանջն ի վար: Այնտեղ՝ փոքրիկ գետակի հակառակ ափին, մասրենու խիտ թփերով շրջապատուած մի ցից ժայռի կատարին յայտնաբերեց ուլին, որը, նկատելով նրան, թափահարեց կարճ պոչիկը եւ աղերսագին մկկաց:

- Գի՛ժ,- դժգոհ փնչաց Արեգը եւ վազեց ձորակի լանջն ի վար:

Անցնելով փոքրիկ գետակը՝ Արեգը պտտուեց ժայռի շուրջը, բայց ժայռը բարձրանալու որեւէ յարմար տեղ չգտաւ: Թէ ինչպէ՞ս էր ուլը ճեղքել մասրենիների անթափանց-փշոտ թփերն ու յայտնուել ժայռի կատարին, անհնար էր հասկանալ: Ուլը կպել-կառչել էր ժայռի գլխին, ու նրա բարակ-բեկուն տոտիկները վախից դողդողում էին:

- Ոնց բարձրացել ես, էնպէս էլ իջի՛ր,- հրամայեց Արեգը:

Ուլը ժայռի գլխից նայեց ներքեւ՝ Արեգին, ու խղճալի մկկաց.

- Մը՜ը՜...

Արեգը ձեռքը թափ տուեց եւ, վիզը քաշելով ուսերի մէջ, պառկեց գետնին ու սկսեց զգուշօրէն սողալ մասրենիների արանքով դէպի վեր: Փշերից ճանկռոտուած՝ շուտով դուրս եկաւ թփերից եւ, թափ տալով իրեն, սկսեց մագլցել ժայռը: Վերին մասում ժայռը բոլորովին ողորկ էր, եւ անհնար էր շարունակել վերելքը: Արեգը ոտքը յենեց մի ելուստի եւ, ամբողջ մարմնով ձգուելով, պարզեց ձեռքն ու, մի կերպ բռնելով ուլի յետեւի ոտքից, քաշեց ներքեւ, սակայն ուլը դիմադրեց եւ, մի կարճ ծղրտոց արձակելով, դարձեալ մնաց տեղում վախից քարացած: Արեգը կրկնեց փորձը. ոտնաթաթերին հուպ տալով՝ ամբողջ մարմնով ձգուեց վեր եւ այս անգամ այնպէ՛ս թափով քաշեց ուլի ոտքից, որ ուլը ճապաղեց ու, չդիմանալով, սղղաց ցած՝ իր հետ պոկելով ու Արեգի գլխին թափելով քարաբեկորներ, որոնցից մէկն ուժգին խփուեց Արեգի բաց ոտնակոճին: Արեգը ցաւից գոռաց եւ քիչ մնաց ուլի հետ միասին ժայռից գլորուէր ցած, բայց վերջին ճիգով բռնեց ուլի առջեւի ոտքերից եւ, կողքանց յենուելով ժայռին, ուսը դէմ տուեց ու կարողացաւ ուլին նետել շալակը: Երբ, ի վերջոյ, դուրս եկաւ մասրենիների թփուտից ու ուլին դրեց գետնին, տեսաւ, որ իր կուրծքն ու թեւերը պատուած են չանգռուածքներով ու արիւնոտ քերծուածքներով, որոնք ուժեղ մրմռում էին. ասես իրեն միանգամից խայթել էր պիծակների մի ամբողջ պարս: Ուլի դունչն ու ոտքերը նոյնպէս չանգռուած էին. նա այնքա՛ն էր ահաբեկուած, որ վախենում էր շարժուել եւ խեղճացած-կանգնած՝ դողում էր: Արեգը գիրկն առաւ ուլին եւ գետակում լուաց նրա դունչն ու ոտքերը, ինչպէս մայրն է լուանում իր փնթի երեխային:

- Դէ, գնայ,- անցնելով գետակը՝ Արեգը ուլին դրեց արահետին եւ ձեռքի ափով հրեց փամփլիկ պոչիկին: Ուլը դեռեւս երկու ամսական էլ չկար, բոլորովին անփորձ մի ուլիկ էր եւ չգիտէր, թէ ինչպէ՞ս պիտի վարուի այն ամենից յետոյ, ինչ տեղի ունեցաւ. ինքը պիտի նորից տրճի՞կ տայ, այս ու այն կողմ վազվզի ու չարաճճիութիւննե՞ր անի, թէ՞ խելօք մնայ եւ հանգիստ սպասի, մինչեւ Արեգը կորոշի, թէ ինչ պէտք է անել: Նա մի քանի վեհերոտ քայլ գցեց, ապա սպասողական կանգ առաւ ու, գլուխը թեքելով, խոնարհ-անմեղ հայեացքով նայեց յետ. չէ, աւելի լաւ է հետեւեմ, թէ ինչպէս է Արեգը լուացւում: Արեգը ժպտաց: Երբ կռացաւ գետակի վրայ, ջրի մէջ տեսաւ իր արտացոլանքը եւ ինքն իրեն անչափ դուր եկաւ: Ինքը հերոս է: Այն զգացումն ունեցաւ, թէ այն ամենը, ինչ անում է, անում է ի տես Աստղիկի, յանուն նրա. ասես Աստղիկն անտեսօրէն ներկայ է այդտեղ, հետեւում է իր ամեն քայլին եւ հիանում իրենով: Արեգն ուրախութեամբ մտածեց, որ ինքը հիմա արդէն արժանի է Աստղիկին եւ լցուեց յոյսով, թէ նա իրեն այլեւս չի մերժի:

Ուլին յետեւը գցած՝ Արեգը դուրս եկաւ ձորակից ու, շրջանցելով արտերը, տեսաւ, որ գառները խաղաղ մակաղել են թմբի տակ: Ոտք ու գլուխ իրար սեղմած՝ նրանք ննջում էին, իսկ հորթը, ճիպոտի կողքին առանձին նստած, գլխի շարժումով ստեպ-ստեպ վանում էր մժղուկների պարսերն ու կիսախուփ աչքերով անխռով որոճում: Պոչը հանգչում էր Արեգի գրքին: Արեգը ծիծաղեց:

- Սեւո՛ւկ տղայ,- կշտամբանեց նա,- պոչով չեն կարդում, է՛, այլ աչքերով,- կռանալով՝ Արեգը հորթի պոչը խնամքով վերցրեց գրքի վրայից ու դնելով մի կողմ՝ ազատեց գիրքը: Հորթը մի պահ ուզում էր նայել Արեգին, բայց ալարեց եւ շարունակեց անհաղորդ որոճալ: Դո՛ւ էլ, քո գի՛րքն էլ՝ անթաքոյց ասում էր նրա հայեացքը:

- Ի՞նչ է,- սաստեց Արեգը խոյին՝ նկատելով, որ վերջինս քթով դժգոհ ֆռթկացրեց, երբ ուլն անցաւ նրա դնչի մօտով: Սակայն ուլն արհամարհեց խոյին եւ, մօտենալով հորթին, իր փոքրիկ-բարակ լեզուով մի բերան կարճ լիզեց Սեւուկի դունչը եւ նստեց նրա կողքին՝ կարծես ասելով. Սեւուկն իմ ընկերն է:

 

 

Բ

 

Արեգը ճիպոտը խրեց գետնի մէջ եւ նրա ստուերով չափեց ժամանակը. մօտաւորապէս ժամը վեցը կլինի: Դեռեւս երկու ժամ կայ, մինչեւ գառներին տուն քշելը: Աւելի լաւ է կարդամ:

Վերցրեց գիրքը, պառկեց թմբի տակ ու գլուխը յենեց Սեւուկի գաւակին: Հորթի շնչառութեան հետ գլուխը մեղմօրէն վերուվարում էր, եւ յանկարծ կարդալու ցանկութիւնը չքացաւ: Ձեռքով բարեյաջող վանեց ուղիղ իր վրայ սլացող թմբլիկ կանաչ բզէզին, որ սովորաբար նստում էր ծաղկած ուղտափշի վրայ, եւ յօրանջեց: Ամբողջ մարմնով զգաց, որ ինքն էլ ընդամենը քա՛ր է, բզէ՛զ, բո՛յր, խո՛տ, հո՛րթ, գա՛ռ, ծաղի՛կ, թո՛ւփ ու գետա՛կ՝ ո՛չ մի տարբերութիւն: Եւ նրան կրկին պատեց այն խոր կարեկցանքը, որ զգում էր ամեն ինչի նկատմամբ. խղճում էր արեւին՝ որ նա արեւ է, խղճում էր երկնքին՝ որ նա երկինք է, խղճում էր քարերին, սարերին, ծառերին ու գառներին՝ որ նրանք այն են, ինչ որ են. իրեն անվերջ մեղաւոր էր զգում, որ նրանք այդպիսին են, եւ նրանց մխիթարելու համար ամբողջ ուժով ճգնում էր ինքը դառնալ արեւ, խոտ ու ամպ, որդ ու տերեւ, ծառ ու շուն. կարծես միայն ինքն է, որ կամովին ինքն է, իսկ մնացած աշխարհն ստիպուա՛ծ է լինելու աշխարհ: Աշխարհը դժբախտ է, եւ դրա համար ինքը սիրում է այդ աշխարհը: Թէ ինչո՞ւ է այդպէս՝ ինքը չգիտի: Այդ ամենի մասին ստոյգ գիտի միայն մէկ ուրիշ Արեգ, որն աներեւոյթ հսկում է իրեն. նա ո՛չ մեծ է իրենից, ո՛չ փոքր՝ տարիք չունի ու միշտ իր հետ է, եւ չկայ մի բան, որ նա չիմանայ: Եւ իր այդ «գաղտնիքը» լռելեայն յայտնի է ամբողջ աշխարհին. դա զգացւում է մարդկանց հայեացքներից, ձայնից, խօսքերից, եւ երբ նրանք կանչում են իր անունը՝ ասելով «Արեգ», շոյում են իր գլուխն ու յատուկ միայն իր համար ժպտում, այդ պահերին անսխալ զգում է, որ նրանք նկատի ունեն ոչ թէ իրեն, այլ հէնց այդ անտեսանելի Արեգին...

- Մեծցած-պստիկցած,- յաճախ ժպիտով ասում էր մայրը Արեգի մասին՝ տեսնելով, թէ ինչպէս է նա՝ ընդամենը չորս-հինգ տարեկան մի երեխայ, ձեռքերը մեծավարի մէջքին դրած, մտածկոտ գնում գալիս բակում:

Արեգը ժպտաց. հիմա ինքն արդէն մեծ է՝ համարեա «ամպի չափ»: Ուսերով ակամայ աւելի յարմար տեղաւորուելու շարժում արեց՝ կարծես համոզուելու, որ ինքն իսկապէս մեծ է, եւ հայեացքը յառեց վեր: Երկնքում ոչ մի ամպ չկար. նոյն անշարժ-պայծառ երկինքն էր՝ ձգուած հորիզոնից հորիզոն, սակայն լեռների գծերն արդէն որոշ չափով խամրած էին, ու Մանուշակների ձորի վրայ պտտուող արծիւներն աւելի ցածրից էին թռչում: Նրանք մէ՛կ անհետանում էին տեսադաշտից, մէ՛կ յայտնւում, եւ թւում էր, թէ ժամանակն ինքն էլ ինչ-որ կարեւոր բանի սպասում ունի: Հորիզոնի այն մասում, ուր մի վիթխարի դաշոյնի պէս երկինք էր մխրճւում Կարմիր լեռան սուրսայր գագաթը, յանկարծ յայտնուեց մի դալկաճերմակ ամպիկ, որը մի ամօթխած աղջնակի պէս փորձում էր երկար վարսերի մէջ թաքցնել արեւից շառագունած դէմքը: Արեգի սիրտը տագնապով թպրտաց: Աստղիկն իր համար ահա այդ ամպի պէս հեռաւոր է ու անմատչելի. նա երկնքում է, իսկ ինքը՝ գետնի վրայ, եւ յուսահատուեց: Փակեց աչքերը, որպէսզի իր ամօթը չերեւայ, քանզի ամենից շատ ամաչում էր Սեւուկից, գառներից, անգամ խոտերից ու քարերից. թւում էր, թէ նրանք բոլորը գիտեն իր մտքերը, եւ միայն ուլից չէր ամաչում, որովհետեւ ուլը թէեւ շատ բաներ չէր հասկանում, սակայն տարօրինակօրէն շատ էր նման իրեն, իր սրտակից մտերիմն էր:

Արեգը չգիտէր, թէ ի՞նչ է սէրը: Երբ պատահաբար լսել էր «ես քեզ սիրում եմ» բառերը, այդ միտքը նրան անչափ դուր էր եկել, եւ սկսել էր առիթ որոնել, որպէսզի ինքն էլ որեւէ մէկին կարողանայ ասել այդ խօսքերը։ Դպրոցում առաջին անգամ հանդիպելով Աստղիկին՝ զգացել էր, որ Աստղիկը հէնց նա է, ում կարող է ասել այդ խօսքերը, սակայն երբ դպրոցի բակում ուրախ-ուրախ ելել էր նրան ընդառաջ, որպէսզի ասի. «Ես քեզ սիրում եմ», լեզուն յանկարծ փաթ էր ընկել, եւ ոչ մի կերպ չէր կարողացել արտաբերել այդ խօսքերը: Մնացել էր Աստղիկի առջեւ շշմած կանգնած եւ կաս-կարմիր կտրել․ նրան, ում սիրում ես, անհնար է ասել. «Ես քեզ սիրում եմ»: Թէ ինչո՞ւ՝ մինչեւ հիմա այդպէս էլ չէր կարողանում հասկանալ։

Քար ու թփերի ստուերներն արդէն նկատելի երկարել էին, բայց ոչ այնքան, որքան պէտք էր տունդարձի համար: Իր ստուերն, ահա, ուղիղ տասներկու ոտնա-չափ է: Չէ, դեռ ահագին վաղ է:

- Եթէ սովել էք, կարող էք արածել,- պատուիրեց Արեգը Սեւուկին,- բայց հեռու չգնաք. ես գնում եմ ծմակ, մի քիչ ձիւն ուտեմ ու գամ:

Ծմակը մի ստուերոտ խորխորատ էր, որտեղ տարին բոլոր արեւ չէր ընկնում, եւ նոյնիսկ ամռան տապին այնտեղ միշտ կարելի էր ձիւն գտնել: Արեգը սղղալով իջաւ բուսազուրկ շեշտակի զառիթափը եւ երբ հասաւ յատակին, թուաց, թէ կտրուեց աշխարհից ու յայտնուեց գետնի տակ: Դա մի թաքնուած նեղ խորշ էր, որ խորանում էր դէպի ընդերքը։ Սառնաշունչ կիսախաւարում գծագրւում էր սառցակալած ձեան մի անկանոն զանգուած, որ ակամայ նմանւում էր տապանաքարի: Արեգը մատներով քերեց սառոյցի հողապատ շերտը եւ խորքից դուրս հանեց անբծօրէն ճերմակ ձիւնը, որը թաղկած էր ու հեշտօրէն գնդւում էր ափի մէջ։ Պատրաստեց մի քանի ձնագնդիկ ու լցրեց գրպանը։ Ուզում էր արդէն հեռանալ, երբ յանկարծ թուաց, թէ տապանաքարի տակից ինչ-որ խուլ-հեռաւոր ձայներ հասան ականջին: Դրանք կարծես մեռելների ձայներ էին, ու նրա վրայ ահ իջաւ: Միտն ընկան մահացած տատի այն խօսքերը, թէ գետնի տակ մեռելները նոյնքան կենդանի են, ինչքան ապրողները՝ գետնի վրայ: Աճապարեց դէպի խորշի ելքը: Երբ կրկին յայտնուեց լոյսի մէջ, սիրտը լցուեց անսահման հրճուանքով, որ ինքն ապրում է գետնի վրայ եւ ոչ թէ գետնի տակ: Մի պահ պատկերացրեց, թէ ինչպիսի՜ սարսափելի բան պէտք է լինի գետնի տակ ապրելը. ցուրտ, մշտական խաւար, մարդիկ շարժւում են խաւարի մէջ, ձայնում իրար, սակայն իրար չեն տեսնում: Սիրտը ճմլուեց այդ խեղճ մարդկանց համար: Ձիւնը տարաւ շրթունքներին, սակայն չկարողացաւ ուտել: Յետ դարձաւ, ձնագնդիկները դրեց տապանաքարին ու վազեց խորշից դուրս:

Դարաւանդի գլխին ռունգերը ասղնտեց հմայիլների թանձր բոյրը: Աջ կողմում բացւում էր մի աղեղնաձեւ սարալանջ՝ գօտեւորուած ցածրահասակ ժայռերով, որոնց ոտքերի տակ դեղնին էին տալիս գարնան վերջին հմայիլները: Անակնկալի եկած՝ Արեգն ուրախացաւ եւ վազեց դէպի ժայռերը: Հմայիլներն իր ամենասիրած ծաղիկներն են, որովհետեւ ոչ մի ծաղիկ չունի այն հմայիչ համեստութիւնը, որով օժտուած են հմայիլները. նրանք անչափ գեղեցիկ են, խենթացնող բոյր ունեն, սակայն երբեք չեն սեթեւեթում՝ թէ՛ արեւի, թէ՛ քամու մէջ միշտ գլխիկոր կանգնած՝ լռում են. տխուր է միայն, որ երեք օրում բացւում եւ երեք օրում էլ թօշնում են: «Սրանք ուշահաս են,- ոգեւորուած մտածեց Արեգը՝ հայեացքով շոյելով հմայիլները:- Ոնց որ թէ յատուկ սպասում են ինձ»: Նա ներշնչուած քաղեց ծաղիկները՝ արանքներում հոտ քաշելով, ու երբ արդէն մի ձեռնափունջ հաւաքել էր, ինքն իրեն ասաց.

- Մնացածն էլ՝ գալիք տարի:

Ժայռից պոկուած մի փերթաքարի տակից կապոյտ ցոլքի պէս յանկարծ մի բան զարկեց աչքին: Ծնկելով՝ յետ տարաւ քարը եւ, ո՜վ զարմանք, քարի տակ յայտնաբերեց մի բեկուած մանուշակ. թէեւ ցօղունը գետնատարած էր, բայց մանուշակը դեռ կենդանի էր, միայն թէ նկատելի թալկացած: Զգուշօրէն քաղեց մանուշակը եւ խառնեց հմայիլներին՝ յոյս ունենալով, որ հմայիլները նոր շունչ կհաղորդեն մանուշակին, եւ նա կվերստանայ իր թարմութիւնը:

Գառները քնել էին սպասման ձանձրոյթից, եւ միայն խոյն էր նոյն անփոփոխ եռանդով որոճում: Սեւուկը վեր էր կացել, սակայն չէր արածում. տեղում պարապ կանգնած էր: Ուլը թմրած քնած էր՝ դունչն ամուր սեղմած ծնկներին: Արեգը նստեց դարաւանդի գլխին, ծաղիկները փռեց գոգին ու սկսեց հմայիլները մէկիկ-մէկիկ դարսել ափի մէջ: Վերջում սիզախոտի ճկուն ցօղունով կապեց փունջն ու հիացաւ. կենտրոնում արթնացած մանուշակն է, իսկ նրա շուրջ բոլորում են հմայիլների խիտ շարքերը:

- Կտանեմ Աստղիկին,- շշնջաց:

Պատկերացրեց, թէ ինչպէս է վաղ առաւօտեան հմայիլները դնում պայուսակի մէջ, ապա դպրոցում մի յարմար պահ գտնելով՝ ծաղիկները թաքուն պարզում Աստղիկին եւ ասում. «Ես քեզ սիրում եմ»: Աստղիկը ժպտալով ընդունում է հմայիլները, հոտ քաշում եւ հազիւ լսելի շշնջում. «Ես էլ քեզ եմ սիրում»: Պատկերն անչափ գեղեցիկ էր, եւ Արեգն սկսեց մտքում կրկնել այդ տեսարանը, ճիշտ ինչպէս սերտում են դասը: Այդ ընթացքում անընդհատ ժպտում էր եւ այնքան էր տարուած իր երազներով, որ չնկատեց, թէ ինչպէս գառները յանկարծ խլշկոտած վեր կացան եւ սրուեցին ներքեւ՝ դէպի Մանուշակների ձորի խորքերը: Արեգը սթափուեց միայն այն ժամանակ, երբ ներքեւից ականջին պարզօրէն հասան ինչ-որ ոտնաձայներ, եւ լսուեց մի տենդագին շնչառութեան աղմուկը: Ծաղիկներն արագօրէն դրեց խոտերին եւ հացի շորով ծածկեց՝ ասես վախենալով, որ ինչ-որ մէկը կարող է իմանալ իր գաղտնիքը:

Շնչառութեան ուժգնութիւնը մատնում էր, որ մօտեցողը ձի է: Արեգը վեր կացաւ կանգնեց, սակայն ոչինչ չտեսաւ: Թէեւ վայրկեան առ վայրկեան սպասում էր, որ ուր որ է ձին կերեւայ, սակայն երբ դարաւանդի տակից յայտնուեց Վանատուրի յաղթ կերպարանքը՝ ձիուն նստած, անակնկալի եկած՝ վախեցաւ. յիշեց, որ իր մեղքով գառները տրորել են գարու արտը:

- Էդ գառներին ինչո՞ւ ես քնով տուել, տղայ,- իր բամբ ձայնով կշտամբեց Վանատուրը:- Դրանց վրայ մի եղունգաչափ յիւղ էլ չկայ: Հրէ՜ն, էն անուշ խոտանոցները թողած՝ էդ խեղճ անասուններին կապել ես գարո՞ւ: Բա որ ուռչեն սատկե՞ն: Հէրդ էլ գիտի՝ տղայ ունի, գործի է դրել...

Հանդապահը մօտեցաւ ու կանգ առաւ Արեգի դիմաց: Ամօթի, հիացմունքի եւ վախի խառը զգացումով Արեգը մնացել էր պապանձուած եւ չէր կարողանում հայեացքը կտրել Վանատուրից, որի ձեռքին ոչ թէ մի ծուռումուռ մահակ էր, ինչպէս երեւացել էր հեռուից, այլ մի երկար, հաստ օձ, որ հիմա կախուած էր ձիու կողն ի վար ու ստեպ-ստեպ գալարւում էր օդում՝ ճգնելով բարձրացնել սուր-բարակ պոչը, սակայն չէր կարողանում: Օձի փոքրիկ-տափակ գլուխը՝ բաց երախով, Վանատուրի բթամատի ու ցուցամատի արանքում էր, եւ պարզ երեւում էին չռուած-ապակեփայլ աչքերը:

- Էն դիմացի քարափին թիկն տուեցի, ասի՝ մի քիչ աչք կպցնեմ, զարթնեցի՝ տեսայ օձը փաթաթուել է Կայծակի ոտին,- թեթեւակի ժպտաց Վանատուրը:- Ասի՝ տանեմ երեխին, կարող է՝ դասի համար պէտք գայ: Դու դպրոցական ես, չէ՞,- մեղմ ձայնով հարցրեց նա:

 - Հա...  այո... - կացկամեց Արեգը:

- Տեսնում եմ, ահագին մեծ տղայ ես արդէն: Օձից չես վախենում, չէ՞:

- Չէ... հա...- Արեգը թուքը կուլ տուեց:

- Ուրեմն՝ չես ուզում: Որ ձեր դպրոցին պէտք չի, ինձ էլ պէտք չի,- Վանատուրն անփոյթ շարժումով դէն նետեց օձը, որը թրմփաց գետնին, մի պահ յապաղեց, ապա, քաշուելով խոտերի մէջ, չքացաւ:

- Դու ո՞ւմ տղան ես:

- Արամի:

- Արե՞գը:

- Հա:

- Հըմ, դու ուրեմն Արեգն ես,- Վանատուրը գլխով հաւանութեան նշան արեց եւ անսպասելի ժպտաց: Արեգն զգաց, որ ինքը դուր է գալիս հանդապահին, եւ սրտապնդուեց:

Արեգը երկրորդ անգամ էր դէմառդէմ հանդիպում Վանատուրին: Մի անգամ մայրը հատիկը փռել էր գոմի կտուրին չորանալու եւ Արեգին, որ այն ժամանակ դեռ երեք տարեկան էլ չկար, նստեցնելով հատիկի կողքը, պատուիրել էր հսկել, որ ճնճղուկները չուտեն։ Մօր հեռանալուց յետոյ ճնճղուկներն անմիջապէս վրայ էին տուել, իսկ Արեգն ուշադիր հետեւել էր, թէ ինչպէս են նրանք կայծակի արագութեամբ կտցում հատիկը։ Ճնճղուկների աշխոյժ ճռուողիւնը, թափահարուող թեւերի փռփռոցը, կտուցների կափկափն ու բարակ տոտիկների զուարճալի ոստոստիւններն այնպիսի հիացմունք էին պատճառել Արեգին, որ նա սկսել էր ուրախութիւնից ծափ զարկել։ Այդ ժամանակ էլ յանկարծ յայտնուել էր մի հսկայ մարդ՝ հեծած նոյնքան հսկայ մի ձի, որը համարեա թէ գոմի կտուրին հաւասար էր: Դա Վանատուրն էր։ Արեգը բերանը բաց քարացել էր զարմանքից․ Վանատուրի վիթխարի հասակը, երկար ճերմակ մազերը, ճերմակ փառահեղ մօրուքը, ճերմակ ձին, ձիու նախշազարդ թամբն ու արծաթափայլ ասպանդակները՝ այս ամենն Արեգի աչքին երեւացել էր երկնքից իջած տեսիլքի պէս։ «Արի, ես քեզ նստեցնեմ Կայծակին»,- ասել էր Վանատուրը եւ, թեւատակերից բռնելով, Արեգին դրել գիրկը։ Կայծակին հեծած՝ Արեգն իրեն զգացել էր երկնքում՝ բա՜րձր, այնքան բա՜րձր, որքան երկինքը, եւ անհուն բարձրութեան այդ զգացումը կարծես եղել էր Վանատուրն ինքը։ Այս պատկերն անխախտ դրոշմուել էր Արեգի մէջ եւ տարիների հետ դոյզն-ինչ չէր փոխուել. Վանատուրը կարծես ժամանակից դուրս էր, կար առանձին ու տարիք չունէր. նա փառահեղ ճերմակ մօրուքով միշտ նոյն ճերմակ ձիաւորն էր, որ տարին բոլոր պտտւում էր լեռներում, մի տեսակ միաժամանակ ամենուր էր եւ ամեն վայրկեան կարող էր անսպասելի յայտնուել դիմացի լեռան գագաթին կամ որոտալ հեռաւոր ժայռերի ծերպերից՝ ասես հորիզոնի հակառակ կողմից։ Ասում էին, թէ նա մասնակցել է վերջին բոլոր երեք պատերազմներին, սակայն ոչ մի քերծուածք անգամ չի ստացել, իսկ տանը պահում է մի գաղտնի սնդուկ՝ լեցուն շքանշաններով, որոնց երբեւէ օտար աչքի լոյս չի դիպել: Արեգը դեռ երբեք նրան հետիոտն չէր տեսել, եւ երբ գիւղում կատակում էին, թէ՝ «Վանատուրը ծնուել է Կայծակին նստած», Արեգը դա հէնց այդպէս էլ հասկանում էր: Կայծակը՝ Վանատուրի ձին, նոյնքան նշանաւոր էր, որքան իր հեծեալը, միշտ անբաժան էր նրանից եւ դուրս՝ որեւէ համեմատութիւնից. նա Կայծակն էր եւ՝ վերջ: Արեգն իր ծննդով պարտական էր Վանատուրին: Երբ մայրն Արեգով յղի էր եղել, մի օր Վանատուրը փրկել էր մօր կեանքը. մի խոր ու շոգ ձորում մօրը յանկարծ խայթել էր մոլախոտերի մէջ թաքնուած մի սեւ օձ. ճիչ ու աղմուկի վրայ սարի գլխին յայտնուել էր Վանատուրը՝ Կայծակին նստած: Սրընթաց վրայ հասնելով՝ նա ցած էր թռել ձիուց եւ մի ձեռքով իր երկար մտրակով պինդ կապել մօր ծունկը, իսկ միւսով անմիջապէս հանել դաշոյնն ու կտրել օձի խայթած տեղը, ապա լեզուով դուրս էր քաշել թունաւորուած արիւնն այնքան ժամանակ, մինչեւ թոյնը լրիւ պարպուել էր մօր մարմնից: Յետոյ, երբ Արեգը ողջ-առողջ ծնուել էր, ի պատիւ նրա, հայրը կամեցել էր Արեգի անունը դնել Վանատուր, սակայն Վանատուրն առարկել էր: «Արամ,- ասել էր նա,- դու գիտես, որ ես անժառանգ եմ: Եթէ անպայման ուզում ես ինձ պատիւ անել, դիր իմ լուսահոգի հօր անունը՝ Արեգ: Ճիշտը Արեգն է»: Հայրը սիրով անսացել էր Վանատուրի խորհրդին, եւ հիմա Արեգը Արեգն էր: Այդ պատմութիւնն այնքան խոր տպաւորութիւն էր թողել Արեգի հոգում, որ նրան միշտ թւում էր, թէ ինքն այդ դէպքին ներկայ է եղել եւ ամենայն մանրամասնութեամբ յիշում է, թէ ինչպէս է Վանատուրը փրկում իր մօրը:

- Դու որ էդքան կարդում ես, ի՞նչ ես դառնալու,- հարցրեց Վանատուրը՝ իր արծուենի հայեացքը սահեցնելով Արեգի գրքի վրայով:-  Ճիշտ են ասում, էլի, որ Արամի տղան ծնուել է գիրքը ձեռքին,- շոյելով իր երկար մօրուքը՝ Կայծակի բարձրութիւնից նա փառ-փառ ծիծաղեց:

- Եսիմ...- Արեգը թօթուեց ուսը եւ, գլուխն ամաչկոտ կախելով, սկսեց մի ոտքը քսել միւսին: Մի պահ մղուեց ասելու՝ «Քո մասին էլ ասում են, թէ դու ծնուել ես Կայծակին նստած», բայց զգաց, որ Կայծակին նստած, թէ գիրքը ձեռքին ծնուելը նոյն բանն է. ասես Կայծակն ու գիրքը մէկ են: Արեգը միայն անձայն շարժեց շրթունքները եւ իր դէմքին զգաց Վանատուրի սեւեռուն հայեացքը: Բարձրացրեց գլուխը եւ, հանդիպելով հանդապահի քննող աչքերին, շփոթուեց:

- Դէ, մի կարդացող-բան կդառնաս, էլի… Չէ, դու վայ թէ գրող դառնաս… Էն ո՞նց են ասում… հա, բանաստեղծ,- ժպտաց Վանատուրը եւ թամբի վրայ հակուելով առաջ՝ ձեռքի մէջ հաւաքեց մտրակն ու հետաքրքրուած յառուեց դէպի Արեգը՝ կարծես ինչ-որ անսովոր բան որոնելով:

Արեգն ակամայ նայեց շուրջը եւ կաս-կարմիր կտրեց: «Էս ո՞նց իմացաւ»,- անցաւ մտքով, սակայն ձայն չհանեց: Այն, որ իր հոգու ամենանուիրական գաղտնիքն այդպէս բարձրաձայն յայտնի դարձաւ, ստիպեց նրան պապանձուել: Յիշեց իր թաքուն գրած բանաստեղծութիւնները եւ ամօթից քրտնեց:

- Հա էլի,- ինքն իրեն հաստատեց Վանատուրը,- երեւում է՝ դու կեանքի համար էնքան էլ պիտանի չես… Դէ լաւ,- ասես ներեց նա,- բայց որ մեծանաս՝ իմ մասին մի կարգին բան կգրես, տղայ, կասես՝ «Եւ Վանատուրը...»,- նա չկարողացաւ աւարտել, որովհետեւ բռնուեց այնպիսի զրնգուն ծիծաղով, որ ձայնի բամբ հնչիւններն արձագանգ տուեցին Մանուշակների ձորում:- Կգրե՞ս:

Հայեացքը գետնին խոնարհած՝ Արեգը հազիւ գլխով արեց:

- Ապրե՛ս: Ուրեմն չմոռանաս, կգրես,- պատուիրեց Վանատուրը՝ ձեռքի ափով շոյելով Կայծակի ալեծածան բաշը:- Քո անունը, Արեգ տղայ, ե՛ս եմ դրել,- մի տեսակ հայրական-նուիրական շեշտով յարեց նա ու մտրակն աննշան վեր բարձրացրեց։ Կայծակը թեթեւ ոստնեց տեղում ու, շուռ գալով, գլխիվարեց դէպի ձորը՝ իր պիրկ, ջղուտ ոտքերին օրօրելով հզօր-աղեղնաձիգ գաւակն ու ջրվէժի պէս վար թափուող երկար պոչը:

Արեգն անթարթ նայում էր Վանատուրի յետեւից եւ չէր կարողանում հայեացքը կտրել ձորից, թէեւ Վանատուրն արդէն ծածկուել էր տեսողութիւնից: Արեգն այնպէս էր յուզուել, որ հազիւ էր զսպում արցունքները: Նա ուրախ էր ու հպարտ, որ հանդապահն իրեն բանաստեղծ անուանեց, եւ միաժամանակ տխուր, որովհետեւ Վանատուրը շուտ թողեց հեռացաւ: Իսկ ինքն այնպէ՜ս էր ուզում ձեռքով գէթ մէկ անգամ հպուել Կայծակին...

 

 

Գ

 

Մօտակայ գազի թփից յստակ առանձնացաւ ուրցի սուր-խտղտուն բոյրը: Դա նշան էր, որ շուտով սկսուելու է երեկոյեան մթնշաղը: Մօտենում էր գառները տուն տանելու ժամը: Սեւուկն արդէն բռնել էր տունդարձի ճամփան եւ ծանր-դանդաղ քայլերով, թեթեւակի օրօրելով գլուխը, գնում էր՝ առաջ ընկած: Դնչից շողիքը կաթ-կաթ ծորում էր ցած: Հորթին հերթով հետեւում էին խոյը, ապա միւս գառները՝ ըստ կարգի, իսկ ուլը դեռ յապաղում էր՝ մէ՛կ նայելով Արեգին, մէ՛կ հեռացող գառներին: Ուլը կարծես հասկանում էր, որ Արեգը շատ կարեւոր բանի մասին է մտածում եւ չէր ուզում նրան խանգարել: Իսկ Արեգը մտածում էր բանաստեղծութեան մասին:

 Նա չգիտէր, թէ ի՞նչ է բանաստեղծութիւնը. երբ առաջին անգամ ինչ-որ բան գրեց եւ զարմանքով իմացաւ, որ իր գրածը կոչւում է բանաստեղծութիւն, զգաց, որ այն մեծ, երկնքի չափ մե՜ծ բանը, որ միշտ իր մէջ է եւ, առանց բառերի, իրեն այնքա՜ն հարազատ է ու մտերիմ, միանգամից խաթարուեց եւ դարձաւ մութ ու անհասկանալի: Անսահման կորստի մի զգացում սեղմեց սիրտը․ թուաց, թէ ինքը մի մեծ յանցանք է գործել, որից կեանքում երբեք չի կարողանալու ազատուել...

- Բօ՜...

Արեգը սթափուեց. Սեւուկը կանգ էր առել եւ նայում էր իրեն:

- Գալիս եմ,- մտախոհ ձայնեց Արեգը:

 Մի ձեռքով վերցնելով գիրքն ու հմայիլները, իսկ միւս ձեռքով՝ ճիպոտը, Արեգը շտապեց գառների յետեւից: «Ես բանաստեղծ եմ» ասելը նոյնքան դժուար է ու անհնարին, որքան «ես քեզ սիրում եմ» ասելը. ինչ-որ տարօրինակ կապ կայ այդ երկուսի միջեւ: Արագացրեց քայլերը:

Մանուշակների ձորում րոպէ առ րոպէ խտանում էին իրիկնային ստուերները, որոնց մէջ թաղուած՝ քարերն ու թփերը, ժայռերն ու դարաւանդները հետզհետէ կորցնում էին իրենց ծանօթ, մտերմիկ գծերը՝ վերածելով ձորը մի ահալի անդնդի, որի հեռաւոր խորքերից փչում էր մի ցուրտ քամի, որ քայլ քայլի վրայ ուժգնանում էր, եւ միաժամանակ ահագնանում էր նաեւ գետի խշշոցը: Արեգն ակամայ սրսփաց եւ յանկարծ սուր զգաց հոսող ժամանակը, որ այդ գետի պէս իջնում է անհաս բարձունքներից, կտրում անցնում է իր միջով՝ ասես անդնդով, ու շտապում դէպի անտարբերելի հեռուները, եւ անհեթեթ թուացին իր շարժումները՝ իր ոտքերի քայլքը՝ յետ-առաջ, յետ-առաջ, իր թեւերի ճօճքը՝ վերեւ-ներքեւ, վերեւ-ներքեւ, իր գլխի տատանումը՝ աջ-ձախ, աջ-ձախ... Այդ ամենը շատ է ու աւելորդ՝ մարդ լինելու համար եւ միաժամանակ քիչ, չափազանց քիչ՝ այն մէկի համար, որ աներեւոյթ ապրում է իր ներսում, անյայտ մի տեղ...  Ինքն ո՞վ է, ի՞նչ է, ինչո՞ւ է այդտեղ, ինչո՞ւ է աշխարհն այնպէս, ինչպէս որ է. ինչո՞ւ է նա անհետանում, երբ ինքը փակում է աչքերը եւ անմիջապէս էլ յայտնւում, երբ ինքը բացում է աչքերը. աշխարհը կա՞յ արդեօք, թէ՞ չկայ, ինքը կա՞յ արդեօք, թէ՞ չկայ. ի՞նչ է նշանակում «կայ», ի՞նչ է նշանակում «չկայ»․ այս բոլոր հարցերը՝ չհասցնելով միտք դառնալ, ինչ-որ աներեւոյթ հոսանքներով ներսում անձայն խառնուեցին իրար՝ փոխուելով մի անյատակ տխրութեան. երկինքը, լեռները, խոտերը, քամին՝ ամեն-ամեն ինչ, հեռացան, դարձան անսահմանօրէն օտար ու անճանաչելի՝ վերածուելով ասես մի յիշողութեան՝ ինչ-որ բանի մասին, որը ո՛չ կար, ո՛չ չկար եւ ո՛չ էլ երբեւէ եղել էր, որ լինէր: Եւ Արեգն ամբողջ հոգով զգաց ամեն ինչի անդառնալի պատահականութիւնը. պատահական է ինքը, պատահական է աշխարհը, պատահական է կեանքը, ժամանակը, երկինքը, լոյսն ու խաւարը, եւ չկայ մի բան, որից կարելի լինի կառչել, բռնել, յենուել նրան կամ հանգչել նրա մէջ: «Մի՞թէ սա է ամբողջը»,- առանց բառերի, նորից ու նորից տարակուսում էր նա, եւ ինչ-որ անհուն խաբուածութեան փղձուկը քերծում էր կոկորդը:

Կրունկի մէջ սուր ծակոց զգաց: Ոտքն ակամայ զարկեց գետնին ու յետ նայեց. մի ջահէլ շագանակագոյն բզէզ՝ վզի շուրջ ճերմակ շերտիկով, թռաւ ընկաւ մի կողմ ու սկսեց վիրաւոր թպրտալ փոշիների մէջ: Խուլ տզզոցով կատաղի թափահարելով թեւերը՝ բզէզն անհնարին ճիգով անընդհատ փորձում էր ոտքի կանգնել, բայց ամեն անգամ մէջքի վրայ գունդուկծիկ գլորւում էր գետնին: Արեգը ձեռքով տրորեց կրունկը եւ որոշ ժամանակ անթարթ դիտում էր, թէ ինչպէս է բզէզը յուսահատ յամառութեամբ մաքառում իր ջահէլ կեանքի համար: Ահա այդպէս ամեն ինչ ակամայ է. բզէզն ակամայ խայթեց իրեն, ինքն ակամայ հարուածեց նրան, բզէզն ակամայ վիրաւորուեց, ինքն ակամայ խղճահարուեց, բզէզն ակամայ սկսեց պայքարել իր կեանքի համար, ինքն ակամայ սկսեց դիտել այդ պայքարը, որն ակամայ ընթանում է Մանուշակների հսկայ ձորում, իրիկնային մթնող երկնքի անտարբեր հայեացքի տակ: Արեգը թօթուեց ուսը եւ յանկարծ հոգին լցուեց ճնշող, անելանելի թախիծով: Աճապարեց առաջ, սակայն մի քանի քայլից յետոյ կանգ առաւ ու նայեց յետ. բզէզը չէր երեւում, եւ միայն խոտերն էին գետնահակ օրօրւում անդնդից փչող քամու ամայութեան մէջ...

Գառան խուլ մայուն լսուեց: Տեղ-տեղ քարերի ու խոտերի վրայ սայթաքելով՝ Արեգը շեղակի վազեց վեր՝ այն նոյն արահետով, որով հեռացել էին գառները, ու երբ վերջապէս դուրս եկաւ Մանուշակների ձորից, միանգամից յայտնուեց իրիկնային արեւի ցրիւ-հանդարտ լոյսի մէջ: Ժամանակն այստեղ կարծես յետ էր ընկել. տարուած լոյ