ԱՐԵՒԻ ԼԵՌԸ, վէպ, 2010թ․
Գլուխ չորրորդ․ «Արեւի Լեռը»
Ա
- Տեսնենք, վաղը Վարդավառին հայրդ քեզ ի՞նչ նուէր կբերի,- փչելով լամպը՝ ասաց մայրը, եւ խաւարը տիրեց շուրջը:
Թէեւ լամպը հանգել էր, սակայն պատրոյգը դեռեւս մարմրում էր մթութեան մէջ, մինչեւ ձուլուելով խաւարին, չքացաւ: Եւ յանկարծ Արեգի սիրտը սեղմուեց ինչ-որ անորոշ տագնապից: Յիշեց, որ օրուայ եռուզեռի մէջ մոռացել է Աստղիկին, որն այդպէս էլ Սար չեկաւ:
- Գուցէ կգայ վաղը...- շշնջաց Արեգը եւ լարելով միտքը՝ փորձեց կռահել, թէ վաղը կտեսնի՞ Աստղիկին, սակայն մի անսպասելի թախիծ ճմլեց սիրտը։ Անիմաստ թուացին իր բոլոր մտքերն ու սպասումները, որոնք առանց հետք թողնելու, հանգած լոյսի պէս կորան խաւարում: Ինչ-որ անհեթեթ օրէնքով անհնար է իմանալ վաղուայ գալիքը: Ինչո՞ւ հնարաւոր է իմանալ, թէ ի՞նչ է եղել երեկ եւ ի՞նչ է լինում այսօր, բայց հնարաւոր չէ իմանալ, թէ ի՞նչ է լինելու վաղը: Դա կարծես ծաղր է իր նկատմամբ: Ինչ-որ մէկն ասես թիկունքից ձեռքերով փակել է իր աչքերը, որպէսզի ինքը չտեսնի այն, ինչ լինելու է եւ միայն պէտք է փորձի կռահել, թէ ո՛վ է այդ մէկը, որ այդպէս խաղ է անում իր հետ: Յիշեց, թէ ինչպէս անցեալ Վարդավառին Աստղիկն իրեն ոտից գլուխ ջրեց, իսկ ինքը չկարողացաւ մի կաթիլ ջուր անգամ ցայտեցնել նրա վրայ։ Անմեռուկներից հիւսուած ծաղկապսակը գլխին՝ Աստղիկը միւս աղջիկների հետ միասին յաղթական քրքջում էր: Այդ պարզ ուրախութիւնն այնպէ՛ս լուսաւոր էր ու վարակիչ, որ ինքն էլ սկսեց նրանց հետ լիաթոք ծիծաղել: Մտովի ճգնեց այդ տեսարանը կրկնել նաեւ այս անգամ, սակայն զգաց, որ անհնար է. հիմա, երբ գիտի, որ սիրում է Աստղիկին, չի համարձակուի նոյնիսկ նրա վրայ ջուր լցնելու փորձ անել. գուցէ միայն հեռուից հետեւի, թէ ինչպէս է Աստղիկն ուրախանում: Հըմ, ուրեմն, ինքը միշտ էլ սիրել է Աստղիկին, միայն թէ այդ մասին չի իմացել: Տարօրինակ է, որ իր եւ Աստղիկի միջեւ անյաղթահարելի ժայռի նման կանգնած է սէրը եւ խանգարում է, որ իրենք լինեն միասին: Շունչը պահեց. առաջին անգամ մտքով անցաւ, թէ Աստղիկը նոյնպէս սիրում է իրեն, սակայն ցոյց չի տալիս, եւ գուցէ հիմա, այս պահին, նա մտածում է իր մասին…
Արեգն աննկատ քնեց:
Երազում տեսաւ, թէ ինքը կանգնած է Ցլի Եղջիւրի կատարին եւ լարուած նայում է մի խոշոր ու պայծառ աստղի: Այնքան մօտ է երեւում աստղը, որ թւում է՝ ձեռքը պարզի, կհասնի նրան: Սրտատրոփ սպասում է. եթէ աստղն ընկնի, ապա Աստղիկը կգայ հանդիպման: Վերջապէս աստղն սկսում է դողալ, սակայն ընկնելու փոխարէն գեղեցիկ կորագծով սլանում է վեր՝ դէպի երկնքի ամենաբարձր կէտը, եւ անհետանում տեսադաշտից: Շփոթուած՝ փորձում է գտնել աստղը, սակայն զարմանքով նկատում է, որ երկինք-գետին ծածկուած են փրփրանման, անթափանց մշուշով: Սարսափում է՝ Աստղիկը կարող է մոլորուել մշուշում: Ուզում է նրան փրկելու հնար գտնել: Փնտրում է հայեացքով ու քիչ այն կողմ գտնում մի հին, քրքրուած տետր, որի մէջ իր բանաստեղծութիւններն են: Տետրը պատռում, բաժանում է չորս հաւասար մասերի եւ դնելով իրար վրայ՝ խարոյկ պատրաստում: Կրակ է տալիս, թուղթն սկսում է ծխալ, բայց այդպէս էլ ոչ մի կերպ չի բոցավառւում: Կռացած՝ փչում է, ամբողջ ուժով փչում թղթին, սակայն իզուր: Ակամայ վերցնում է կողքին դրուած դոյլը, որ լցուած է աղբիւրի մաքրամաքուր ջրով, ու շուռ է տալիս խարոյկի վրայ: Եւ յանկարծ, ո՜վ զարմանք, կրակը, փոխանակ լրիւ հանգչելու, ուժգին բոցավառւում է, եւ հրեղէն լեզուները հասնում են մինչեւ երկինք: Ուրախացած թռչկոտում է կրակի շուրջը։ Յանկարծ ջրի մի ուժգին շիթ է զգում ծոծրակին եւ թիկունքից լսում է մի չարաճճի քրքիջ: Շուռ է գալիս եւ ապշում. շուրջը կանա՜չ, պայծառ օր է, արեւը շողում է միջօրէի կաթնակապոյտ երկնքում, իսկ իր դիմաց, փայլատակող լոյսի մէջ, կանգնած է Աստղիկը: Ցնցելով իր նիհարիկ, բեկուն մարմինը՝ Աստղիկն անընդհատ քրքջում է ու քրքջում: Ինքն ուզում է նոյնպէս ծիծաղել, բայց Աստղիկը երկրորդ դոյլ ջուրն է լցնում իր վրայ: Ինքը ձեռքերով ակամայ պաշտպանում է դէմքը, սակայն զարմանքով յայտնաբերում է, որ ինքը ոտից գլուխ չոր է, իր վրայ մի կաթիլ անգամ թաց տեղ չկայ: «Հիմա քո հերթն է»,- զուարթ ասում է Աստղիկը՝ գօտկատեղին շտկելով զգեստն ու ճերմակ, նրբին մատներով յարդարելով գլխի ծաղկապսակը: Գլուխը թեք պահած կաթնաճերմակ ուսին՝ նա խունջիկ-մունջիկ ժպտում է ու ձեռքերը ձիգ՝ պատրաստ սպասում: Ինքը վերցնում է դոյլը եւ ապշում. դոյլը լցուած է սեւ ցեխաջրով: «Դէ, մի՛ ուշացրու,- անհամբեր ասում է Աստղիկը,- ժամանակ չունեմ, շտապում եմ. Զատիկ տատս ինձ է սպասում»: «Ախր էս ջուրը սեւ է,- սարսռալով՝ կացկամում է ինքը,- ես ո՞նց լցնեմ քեզ վրայ»: «Ուրեմն, դու ինձ չե՛ս սիրում,- աչքերը փայլեցնում է Աստղիկն ու խռոված շուռ գալով՝ հեռանալու շարժում անում: «Չէ՜, մի՜ գնայ,- աղերսում է ինքը:- Հէնց հիմա կլցնեմ»: Դժկամօրէն բարձրացնելով դոյլը՝ սեւ ջուրը լցնում է Աստղիկի վրայ ու զարհուրած քար կտրում. Աստղիկը մէկէն անհետանում է, եւ նրա տեղում երեւում է միայն մի փոքրիկ փոս՝ լցուած սեւ, գարշահոտ ցեխաջրով: Թեւերը թուլանում են․ ցաւից ու յուսահատութիւնից ուզում է գոռալ, լաց լինել, բայց այդ պահին թիկունքից մէկը ձեռքը կարեկցանքով դնում է իր ուսին: Շրջւում է եւ տեսնում նիհար-մթագին դէմքով ու երկար մազերով մի անծանօթ տղամարդու, ով լայն ժպտում է իրեն՝ մերկացնելով փայլուն-ճերմակ ատամները: «Մի՛ տխրիր, Արեգ,- Աստղ Հաշուողի բարակ, աղջկական ձայնով ասում է նա:- Էս ամենն ընդամենը դատարկ խաղ է»: «Մի՞ք, էդ դո՞ւ ես»,- զարմանում է ինքը, եւ իր ձայնն արձագանգում է ինչ-որ քարանձաւի մութ լռութեան մէջ: Առանց պատասխանելու, մարդը շուռ է գալիս ու ձեռքերը եռանդագին շփելով իրար՝ բարձրացնում է վերարկուի օձիքը՝ ասես մրսում է, ապա դանդաղ քայլերով հեռանում է դէպի մի մութ միջանցք: «Կանգնի՜ր»,- գոռում է ինքը եւ երբ մղւում է վազելու նրա յետեւից, յանկարծ քարանձաւը միանգամից փուլ է գալիս․ մեծ-մեծ քարեր ու հողակոշտեր պոկուելով՝ դղրդոցով թափւում են ցած ու փակում ճանապարհը...
Բ
- Էդ ինչո՞ւ էդպէս գոռացիր, Արեգ ջան,- գլխավերեւում յանկարծ լսուեց մօր կամացուկ ձայնը:- Հօ որեւէ տեղդ չի՞ ցաւում:
Արեգը բացեց աչքերը եւ իր առջեւ մթան մէջ նշմարեց մօր՝ սպիտակ գիշերանոցով կերպարանքը՝ խոնարհուած իր վրայ, սակայն չպատասխանեց. երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ՝ քնա՞ծ է, թէ՞ արթուն: Եւ յանկարծ նրան խոր տհաճութիւն պատճառեց մօր այդ գուրգուրագին հոգատարութիւնը, որով կարծես նա դիտմամբ ուզում էր շեղել իր ուշադրութիւնը շատ աւելի կարեւոր մի բանից, որ այդ պահին տեղի էր ունենում:
- Քնիր, քնիր, բալիկս, լոյսը կբացուի՝ բարին հետը:
Մայրը հանգամանօրէն շտկեց որդու վերմակը եւ փարուելով՝ մի մեղմ համբոյր դրոշմեց նրա այտին: Արեգն անակնկալի եկաւ եւ գլուխը շրջելով՝ նայեց մօրը, սակայն տեսաւ միայն նրա հեռացող թիկունքը՝ մութ վարսերով: Յանկարծ աներեւակայելի սուր ու վառ՝ մինչեւ ոսկորները, զգաց իր մարմինը, եւ նրան պատեց անչափելի խոր հիասթափութիւն. բոլո՛րը, բոլո՛րը քայլող ոսկորների կոյտ են, անհեթեթ կմախքներ, որպիսիք խառնիխուռն շաղ են եկած կենդանիների գերեզմանոցում՝ անդարձ կիսախաւարում, անշունչ լռութեան մէջ…
- Արեգ ջա՞ն, - որոշ ժամանակ անց նորից եկաւ մօր ձայնը:- Ա՛յ բալիկ ջան, քեզ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չես քնում,- կռթնելով բարձին՝ տագնապահար հարցրեց նա:- Ախր, վաղը Վարդավառ է, հէրդ կգայ, քեզ լաւ-լաւ բաներ կբերի: Քնիր, որ ուժ ունենաս,- մայրը որոշ ժամանակ վարանոտ սպասեց, ապա նորից գլուխը դրեց բարձին:
Արեգը ձայն չհանեց: Վերմակը քաշելով գլխին՝ շուռ եկաւ պատի կողմը. հայրը... մայրը... Վարդավառը... դատարկ բաներ...
Դրսից լսուեց մի ձայն, որ նման էր ձիու հեռաւոր խրխինջի: Արեգն ակամայ ականջ դրեց. քիչ անց խրխինջը կրկնուեց՝ այս անգամ աւելի մօտիկից: Ապա լռութեան մէջ պարզ լսուեցին ձիու մօտեցող ոտնաձայներ, որոնք մի տեսակ փափուկ էին ու կամացուկ, ասես գաղտնի: Հա՞յրը...
- Անահի՜տ,- հնչեց մի բամբ-զուարթ ձայն:
- Ո՞վ է,- մայրը կտրուկ վեր կացաւ, փութկոտ հագաւ շորերը ու երբ ձեռքը գցեց դռան սողնակին, նորից եկաւ նոյն ձայնը.
- Անահի՜տ...
Արեգը վեր թռաւ նստեց անկողնում: Բացուած դռնից լուսնի շողը զարկել էր ներս, մինչեւ թոնրի ակը: Արեգն ուզում էր հետեւել մօրը, բայց յիշեց, որ կիսամերկ է ու ակամայ յետ քաշուեց դէպի թախտն ու մնաց կիսախաւարում վարանոտ կանգնած:
- Ի՞նչ է, բա՞ն է պատահել,- ձեռքով կարգի բերելով շորերը՝ մայրը տագնապած դուրս եկաւ շեմք:
Ձայնի այն առանձնայատուկ յարգալից շեշտից, որով մայրը դիմեց կանչողին, Արեգի մտքով անցաւ, թէ դա Վանատուրն է: Փոխելով դիրքը՝ մօր թեւի տակով նայեց դուրս:
Բակում, լուսնի պայծառ լոյսի մէջ իրօ՛ք կանգնած էր Վանատուրը՝ Կայծակին հեծած: Թամբին տիրականօրէն բազմած նրա տօնական հսկայ կերպարանքը՝ արծաթափայլ մօրուքով, ճերմակ, ասեղնագործ շապիկով, կապոյտ շալվարով եւ հաստաներբան սեւ կօշիկներով, որոնք թեթեւակի յենուած էին պէծին տուող ասպանդակներին, այնքան վեհաշուք էր ու պատկառազդու, որ թւում էր մի շքեղ տեսիլք՝ յայտնուած կէսգիշերային երազում:
- Չէ, բան չի պատահել,- հանգստացրեց Վանատուրը:- Գնում եմ Կապուտան: Արեգը միտս ընկաւ, ասի հետս վերցնեմ տղին, տանեմ, թող տեսնի Արեւի Լեռը: Ինքն Արեւի Լեռը չի տեսել, չէ՞:
- Չէ,- վարանոտ հաստատեց մայրը:
Արեգը չհաւատաց իր ականջներին: Սիրտը թնդաց անկարելի հրճուանքից: Մոռացած ամեն ինչ՝ վազեց դէպի իր անկողինը եւ սկսեց արագ-արագ հագնուել:
- Հա,- պնդեց Վանատուրը:- Զարթնեցրու բանաստեղծին, որոշել եմ՝ պիտի տանեմ հետս:
- Ախր...- կացկամեց մայրը,- էս գիշերով...
- Այ տղայ բանաստե՜ղծ,- անտեսելով մօր տագնապը՝ գոռաց Վանատուրը եւ ծիծաղեց:- Վե՜ր կաց, վե՜ր, քեզ տանում եմ Կապուտան: Դու էդ ի՜նչ տեսակ բանաստեղծ ես, որ մինչեւ հիմա Արեւի Լեռը չես տեսել,- ուրախ յանդիմանանքով ծոր տուեց նա:
- Գոնէ ճանապարհի հաց պատրաստեմ․․․
- Չէ, Անահիտ ջան, ամեն բան էլ ունեմ,- Վանատուրը մտրակի կոթով ցոյց տուեց ձիու կողն ի վար կախուած տռուզ ուղեպարկը:- Գնա՛նք, գնա՛նք, որ ժամանակին տեղ հասնենք:- Տղայ Արե՜գ...
- Եկա՜յ, եկա՜յ...- դուրս վազելով՝ ուղղակի ճչաց Արեգը:
- Կամա՜ց, կընկնես,- թիկունքից լսուեց մօր մտահոգ ձայնը:
Երբ Արեգը հասաւ Վանատուրին, Կայծակը, ոտքից ոտք փոխուելով, գլուխը կտրուկ վեր նետեց՝ ասես ողջունելով նրան: Թամբի վրայից թեթեւակի ներքեւ կռանալով՝ Վանատուրը պարզեց իր լայն ձեռքը. Արեգը բռնեց նրա ձեռքը, ոտքը դրեց ասպանդակին ու ձգուեց վեր եւ առաջին անգամ մօտիկից տեսաւ հանդապահի աչքերը եւ ապշեց. Վանատուրի խոր հայեացքն ասես լողում էր ինչ-որ լուսաւոր արբեցումի մէջ՝ շուրջը սփռելով անսահման զուարթ բարութիւն։
- Երեխին լաւ կնայես,- մի վերջին անգամ խնդրեց մայըը:- Յանկարծ քունը չտանի՝ ձիուց ընկնի:
- Անհոգ կաց, Անահիտ, Արեգը նաեւ ի՛մ երեխեն է, մենակ ձերը չի,- բազմանշանակ ասաց Վանատուրը՝ սանձը հաւաքելով բռի մէջ:
Յարմար տեղաւորուելով Կայծակի գաւակին՝ Արեգը ձեռքով արեց մօրը, որ տան շեմքին լուսնի լոյսի մէջ կանգնած՝ թախծագին ժպտում էր: Ասես սթափուելով՝ մայրը յանկարծ շուռ եկաւ, մտաւ տուն ու քիչ անց դուրս գալով՝ ձեռքի պղնձէ թասի ջուրը շաղ տուեց Կայծակի յետեւից: Արեգը տեսաւ, թէ ինչպէս մօր ձեռքի ստուերը մեծ աղեղ գծեց տան պատին, եւ սիրտը ճխաց. ի՜նչ երջանիկ եմ ես...
Գ
Վաղուց, անչափ վաղուց Արեգը միշտ երազել էր հասնել հեռաւոր Կապուտան սարը, որի գագաթից էր միայն հնարաւոր տեսնել Արեւի Լեռը: Ասում էին, Արեւի Լեռն այդպէս է կոչւում, որովհետեւ ամեն Վարդավառին արեւի առաջին շողը, որ ընկնում է երկրին, զարկում է Արեւի Լեռան գագաթին, եւ ով գէթ մէկ անգամ յաջողի տեսնել այդ ակնթարթը, կեանքում երջանիկ կլինի: Ասում էին, միայն քչերն են կարողացել որսալ այդ երջանկաբեր ակնթարթը, երբ գիշերուայ խաւարից յանկարծ յառնում է անսահման Լեռը... Մարդ կարող է ժամերով անթարթ յառուել երկնքին եւ այդպէս էլ այդ պահը չտեսնել: Չգիտես ինչու, Արեգը համոզուած էր, թէ ինքն ունակ է որսալու Արեւի Լեռան ծագումը, ու երբեմն ցնորում էր, թէ արդէն տեսել է այդ պահը: Դեռեւս երեք տարեկանից նա հօր պատմածով անվերջ նկարում էր Արեւի Լեռը՝ ամենո՛ւր, ե՛րբ եւ ինչպէ՛ս պատահի՝ թղթին, փայտին, քարին, գետնին, եւ նրան թւում էր, թէ ինքն ահա գտել է Արեւի Լեռան ճշգրիտ-անթերի պատկերը, սակայն ամեն անգամ էլ յուսահատւում էր, երբ հայրը, տնտղելով նկարը, ասում էր. «Լաւ է, Արեգ ջան, բայց մեծ գագաթն իրականում էսպէս մի թեթեւ ալիք է տալիս, իսկ փոքրն աւելի սուր է. մի անգամ Վարդավառին քեզ կտանեմ Կապուտան, ու էնտեղից դու քո աչքով կտեսնես Արեւի Լեռը»: Արեգը տենչալով տենչում էր այդ օրը, սակայն տարեցտարի գալիս անցնում էր Վարդավառը, բայց այդ օրն այդպէս էլ չէր գալիս: Երբեմն մղւում էր հօրը յիշեցնելու իր խոստման մասին, սակայն ամեն անգամ հրաժարւում էր այդ մտքից, քանի որ տեսնում էր, որ հայրը միշտ էլ խիստ զբաղուած է. անվերջ չարչարւում է, անվերջ ժամանակ չունի… Եւ հիմա անհնար է հաւատալ, որ Վանատուրի շնորհիւ այսպէս միանգամից կարող է իրականանալ իր մեծ երազանքը. Վարդավառի գիշերը, Կայծակին հեծած, գնալ տեսնելու Արեւի Լեռը: Երախտագիտութիւնից մղուած՝ Արեգը մի պահ սաստիկ ցանկութիւն ունեցաւ գրկելու հանդապահին, սակայն ամաչելով՝ ձեռքը յետ քաշեց:
Կայծակի վրայ գտնուելու զգացումն անսովոր էր, ինչպէս անսովոր էր Կայծակն ինքը: Դա նման չէր Շողիկին հեծնելուն, երբ ամեն վայրկեան Արեգն իր տակ զգում էր զամբիկի կենդանական հզօր մկանների ձիգ վերուվարումը եւ առնում նրա մշտական քրտնահոտը, որից շունչը կտրւում էր: Կայծակի ոտփոխն այնքան յուշիկ էր, որ լսւում էր միայն մեղմ շնչառութիւնը, իսկ հոտը յիշեցնում էր այրուող եղեգնիկի հաճելի բուրմունքը, ու Արեգին թւում էր, թէ ինքը ոչ թէ ձի հեծած գնում է, այլ մեղմօրօր սահում-սաւառնում է օդում:
Կայծակի բարձրութիւնից Արեգը դիտում էր շուրջը՝ զարմանալով, որ երեւում է ամեն մանրամասն: Գիշերն այնքան պայծառ էր, որ դժուար էր հաւատալ, թէ այդ փափուկ, կաթնանման լոյսը ելնում է լուսնի բարակ աղեղից, որ վառ փայլում է աստղանկար երկնքում: Լիճն անդորր նիրհում էր լուսնային արծաթաշող ամայութեան մէջ: Ափի ցիրուցան ժայռաբեկորները յստակ գծագրւում էին խճերի խառնամբոխ բազմութեան մէջ, եւ նրանց սրածայր ստուերները հանգչում էին առափնեայ խոտերի ու թփերի տերեւներին, որոնք աննշմար դողում էին ստուերների հպումից: Երբ հասան Մեծ Քարափի ստորոտին, Արեգին ապշեցրեց քարափի մեծութիւնը. լուսնի լոյսն անհամար ձեւերով բեկւում էր խառնակուտակ քարերին, որոնք կարծես երկնքից սրընթաց գահավիժում էին ներքեւ: Քիչ անց արդէն թւում էր, թէ, ընդհակառակը, քարափն ինքը, լճի ջրերը ճեղքելով, երկրի անյայտ ընդերքներից ուղիղ սլանում է երկինք՝ գագաթը մխրճած աստղերի մէջ: Ասես դա լինէր բնական մի վիթխարահսկայ լայնահուն աստիճան, որով անդադար վէտվէտումներով ելեւէջում էին լոյսերի ու ստուերների անթիւ բազմութիւնները՝ մերթ կորչելով երկրի մթին անդունդներում, մերթ յայտնուելով երկնքի անհաս բարձունքներում: Արեգը բերանը բաց դիտում էր այդ տեսարանը եւ չէր կարողանում հաւատալ, որ դա իրենց Սարի Մեծ Քարափն է. ասես մի հրաշալի երազի մէջ է: Յանկարծ ականջին հասաւ մի հեռաւոր ձայն, որ ելնում էր քարերից. կարծես մէկը, Մեծ Քարափի խորքում թաքնուած, շշնջում էր հմայական խօսքեր՝ հազիւ իրար հպելով շրթունքները: Գլխի ընկաւ, որ դա աղբիւրի ջուրն է, որ համաչափ կշռոյթով խուլ կաթում է աւազանի մէջ՝ ասես նուագելով գիշերային լռութեան թրթռագին լարերին:
Ի՜նչ հրաշք կլինի, եթէ վաղը Սար վերադառնալուն պէս զարմանքով յայտնաբերի, որ Աստղիկենց դուռը բաց է, եւ շեմին էլ կանգնած է Աստղիկը՝ անմեռուկների պսակը գլխին: Ինքն առաջուայ պէս այլեւս չի՛ վարանի, այո՛, չի՛ վարանի. կմօտենայ Աստղիկին ու կասի, թէ սիրում է նրան: Չէ, աւելի լաւ է սկզբում պատմի, թէ որտե՞ղ է եղել գիշերը: Ու մանրամասն կպատմի Կայծակի, Վանատուրի եւ Արեւի Լեռան մասին: Աստղիկը կմնայ ապշած: Ու մինչ կհասցնի ուշքի գալ, ինքն ուժ կհաւաքի ու վերջապէս կասի, թէ սիրում է: Աստղիկը կձեւացնի, թէ ոչինչ չի լսել ու կտայ ինչ-որ կցկտուր հարցեր, բայց ինքը նրա դէմքի յուզուած արտայայտութիւնից կկռահի, որ իր խօսքը տեղ է հասել: Յետոյ երկուսով շփոթուած կլռեն ու կխոնարհեն գլուխները, որոնք ակամայ կմօտենան իրար՝ քսուելու չափ: Ու ինքը կհասկանայ, որ Աստղիկն իրեն չմերժեց, ու կցնծայ: Յետոյ իրենք կխառնուեն միւս երեխաներին՝ կուրախանան, կզուարճանան, կխաղան Վարդավառի խաղերը, նոյնիսկ իրար հետ չեն խօսի, կարող են անգամ իրար երեսի էլ չնայել, բայց երկուսով անընդհատ կզգան միմեանց ներկայութիւնն ու կիմանան, որ իրենք սիրել են, սիրում են ու ընդմիշտ կսիրեն իրար...
- Արե՞գ,- յանկարծ կամացուկ եկաւ Վանատուրի ծերունական քնատ ձայնը:
- Ի՞նչ է, պապի,- Արեգը սթափուեց՝ թաքուն դժգոհելով, որ հանդապահն իրեն կտրեց հաճելի մտքերից:
- Հօ քնած չե՞ս:
- Չէ, մտածում եմ:
- Լաւ ես անում,- գովեց Վանատուրը:- Մտածիր:
Յետոյ ինքը մի յարմար պահ կգտնի ու Աստղիկին ցոյց կտայ իր բանաստեղծութիւնները՝ նուիրուած նրան: «Էս բոլորն ինձ համա՞ր է»,- շառագունելով՝ հաճելիօրէն անակնկալի կգայ Աստղիկն ու կսկսի իր բարակ մատներով թերթել բանաստեղծութիւնների կապոյտ տետրը՝ զարմացած իր ձեռագրի գեղեցկութիւնից եւ, շարժելով նուրբ, ասես թափանցիկ շրթունքները, անձայն կկարդայ վերնագրերն ու հիացմունքից չի իմանայ՝ ի՞նչ ասի...
Կայծակը խոր թառանչ արձակեց, որ նման էր մարդկային հառաչանքի: Յանկարծ Արեգի ուղեղը սուր ծակեց այն միտքը, որ, ինքն, ախր, մինչեւ հիմա ոչ մի բանաստեղծութիւն էլ չի նուիրել Աստղիկին: Ամեն անգամ, երբ փորձում է բանաստեղծութիւն գրել Աստղիկի մասին, միտքը կանգ է առնում, ու բառերն անմիջապէս կորցնում են իրենց իմաստը...
Արեգն ընկճուեց:
Կայծակն ուժգին ճօճուեց՝ իր հետ տարուբերելով նաեւ հեծուորներին: Արեգը ձեռքն արագ գցեց ու պինդ կառչեց Վանատուրի շապիկից: Ահագնած նայեց շուրջը եւ կարողացաւ հասկանալ, որ յայտնուել են Մեծ Քարափի թիկունքում, ուր բացւում էր մի անդնդախոր կիրճ՝ լցուած անթափանց խաւարով:
- Մի՛ վախեցիր, Արեգ ջան,- առանց շրջուելու, հանգիստ յորդորեց Վանատուրը:- Կայծակն անսխալ գիտի, թէ ու՛ր է գնում եւ ի՛նչ է անում:
Արեգն ակամայ է՛լ աւելի ուժգին կառչեց հանդապահից: Ցնցելով մօրուքը՝ Վանատուրը ծիծաղեց.
- Ուզո՞ւմ ես՝ յետ դառնանք:
- Չէ... չէ...- դողացող ձայնով ժխտեց Արեգը:
Անդնդի եզրին Կայծակը մի պահ կանգ առաւ, ապա սկսեց անշտապ գլխիվարել՝ զարմանալի հեշտութեամբ ու անսխալ կողմնորոշուելով ժայռերի ու թփերի արանքներով: Զգացւում էր, որ արահետը ծանօթ է նրան. երեւի անթիւ անգամ անցել է այդտեղով: Որքան ցած էին իջնում, այնքան խաւարը խտանում էր, խաւարի հետ խտանում էր նաեւ լռութիւնը․ լսւում էր միայն Կայծակի միալար հեւքը: Շուտով Արեգը դադարեց ընկալել որեւէ բան, եւ մնաց միայն համատարած խաւարը։ Արդէն անդնդի յատակին էին:
- Պինդ բռնիր ինձնից, Արեգ,- հնչեց Վանատուրի բամբ ձայնը:- Սկսում ենք բարձրանալ:
Վերեւում, անդնդի եզրին որոշակի նշմարւում էր մի մեծ ծառ, որն ասես անմիջաբար աճել էր անդնդի խաւարից: Ծառը ողողուած էր արծաթեղէն լուսնափայլով, եւ լայն սաղարթի մութ խորքերից անընդհատ ելնում էին ինչ-որ ծուէններ, որոնք ասես պարում էին քամու մէջ ու անհետանում: Երբ բարձրանալով՝ աւելի մօտեցան, խաւարից որոշակիօրէն զատուեցին նաեւ բունը, ճիւղերն ու սաղարթը, որն այնքան լայնատարած էր, որ թւում էր, թէ բռնել է ամբողջ երկինքը: Խուռն տերեւների արանքներից կայծկլտում էին աստղերը՝ ճիւղերից բոյլ-բոյլ կախուած պտուղների պէս, իսկ ծուէնները ցատկոտում էին օդում՝ ասես ձգտելով առաջ անցնել իրարից: Արեգը զմայլուեց: Զարմանալի է, որ այս բարձրութեան վրայ կարող է աճել նման մեծ, փարթամ ծառ, այն էլ՝ մէն-մենակ, բացարձակ ամայութեան մէջ, անդնդի վրայ կախուած:
- Պապի, էդ ծառը ո՞նց է աճել էս լեռների գլխին:
- Համբերիր, շուտով կիմանաս:
Կայծակը մտաւ երկու հսկայական ժայռերի արանքն ու սկսեց բարձրանալ: Ծառն այլեւս չէր երեւում: Կային միայն այդ երկու ժայռեղէն կարկառները, որ ծովի վիթխարի ալիքների պէս ասես ելել էին իրար դէմ, սակայն բախուելու պահին քարացել էին. մի նեղ կածան էր միայն նրանց բաժանում իրարից: Շարունակ թւում էր, թէ ահա-ահա ժայռերը գալու են իրար ու ճզմեն Կայծակին՝ իրենց հետ միասին: Սակայն ժայռերն անշարժ կանգնած էին, եւ Կայծակն անարգել առաջ էր ընթանում: Ընդհակառակը, դրանք՝ այդ ժայռերը վերջին պահին ասես կանգ առնելով՝ յետ են քաշուել, որպէսզի ճանապարհ տան իրենց: Զարմանալի է, որ այդ երկու հակառակ մտքերն էլ կարող են ճիշտ լինել: Արեգը թօթուեց ուսը, եւ յանկարծ ուղիղ ականջի տակ լսուեց Վանատուրի ձայնը, որ սկսեց երգել:
Դա ինչ-որ տարօրինակ երգ էր, որ Արեգն առաջին անգամ էր լսում: Թէեւ մեղեդին նոյնպէս անծանօթ էր, սակայն անչափ հարազատ էր ու սրտամօտ: Ալիք տալով՝ երգի հնչիւնները արձագանգ էին տալիս խաւարում՝ արթնացնելով անդնդի անշունչ ամայութիւնը։ Երբ Վանատուրն աւարտեց երգելը, Արեգի ունկերում յանկարծ անչափ պարզ ու յստակ զրնգաց յանգերգը․
Արեւ-Լեռից ծնուեց աշխարհ...
- Լաւ ես երգում, պապի,- զուարթ գովեց Արեգը:
- Է՜, Արեգ ջան,- շոյուած՝ ծոր տուեց հանդապահը,- էս հազա՛ր տարուայ երգ է՝ ոնց որ էս սարն ու ձորը, էն մեծ ծառն ու աստղերը...
Կայծակը խոր հոգոց հանեց:
Քիչ անց նժոյգը ծառս եղաւ ու մի գեղեցիկ կորագծով ցատկ կատարեց, յաջորդ պահին լսուեց, թէ ինչպէս ոտքերի տակից քար ու խիճ դղրդոցով գլորուեցին ցած՝ խաւարի մէջ, եւ Արեգը Կայծակի ուրախ վրնջիւնից հասկացաւ, որ դուրս եկան անդնդից:
Կայտառ քայլերով Կայծակը գնաց դէպի ծառը՝ ասես ըմբոշխնելով ոտքերի տակ կրկին հաստատուն գետին ունենալու ուրախութիւնը: Աշխոյժ հեւքից զգացւում էր, որ նա հպարտ է, որ կարողացել է անվնաս ու բարեյաջող յաղթահարել անդունդը: Քրտինքով ողողուած նժոյգի պիրկ ու ողորկ մարմինը պսպղում էր լուսնի սլկուն լոյսից: Սփռելով շուրջը ուժ եւ վստահութիւն՝ Կայծակն ընթանում էր կիսով չափ լոյսի, կիսով չափ՝ խաւարի միջով: Թւում էր, թէ Կայծակը կրկնակի է. ասես երկու տարբեր ձիեր են ապրում նրա մէջ, մէկը՝ սպիտակ, միւսը՝ սեւ: Դա է, երեւի, Կայծակի անսովոր ուժի գաղտնիքը...
Երբ մտան ծառի հսկայական ստուերի մէջ, Արեգը տարբերեց, որ սաղարթի խորքից ելնող ծուէնները ցանկութեան նարօտներ են՝ կապուած ծառի ճիւղերին: Զարմանալի է, որ աշխարհում այդքան շատ ցանկութիւններ կան: Կայծակը կանգ առաւ:
- Էս Վարդավառի ծա՜ռն է,- դառնալով հանդապահին՝ գիւտ անելու պէս բացականչեց Արեգը:- Ի՜նչ սիրուն է...
- Ցանկութիւն ունե՞ս,- տեսնելով Արեգի հրճուանքը՝ գորովագին հարցրեց Վանատուրը:- Վար թռիր ձիուց, մի ցանկութիւն էլ դո՛ւ պահ տուր ծառին:
- Չէ... չունեմ,- տխրեց Արեգն ու շփոթուելով՝ ակամայ սկսեց խառնշտորել գրպանները:
Հանդապահը փառ-փառ ծիծաղեց:
- Ա՜յ տղայ,- թամբի վրայ կիսով չափ յետ շրջուելով՝ ուրախ կշտամբանքով դարձաւ նա Արեգին,- դու՝ բանաստեղծ մարդ, ու ոչ մի ցանկութիւն, երազանք չունե՞ս...- ձեռքը տարաւ ու գրպանից հանեց մի երկար նարօտ:- Առ, մտքումդ մի երազանք պահիր ու տար կապիր ծառին:
Վերցնելով նարօտը՝ Արեգը գլխապատառ իրեն ցած նետեց Կայծակի գաւակից։ Մտքում արդէն գտել էր իր ցանկութիւնը եւ վայրկեան առաջ ուզում էր նարօտը կապել ծառից: Այնպէս արա, ծա՜ռ, որ Աստղիկը վաղը գայ Սար...
Պտտուեց ծառի շուրջը, բայց չգտաւ մի հնար, որպէսզի կարողանար նարօտը կապել որեւէ ճիւղից. ինչպէս էլ պտտւում էր՝ դիմացը շարունակ ելնում էր ծառի հզօր, հաստաբեստ ու անհաղորդ բունը: Յուսահատուելով՝ երրորդ անգամ պտոյտ գործեց, երբ յանկարծ գլխավերեւում նկատեց բնից դուրս ցայտած մի փոքրիկ, ձեռնաչափ ոստ: Ձգուելով ոտնաթաթերին՝ սկսեց նարօտը մի կերպ կապել մատղաշ ոստից: Ուզում էր ծառին շշնջալ իր ցանկութիւնը, սակայն ներսում ինչ-որ մութ բան խանգարում էր արտաբերել որեւէ բառ: Անխօս հանգոյց անելով նարօտը՝ կրկին վազեց յետ: Յանկարծ թուաց, թէ ծառի բնի տակ քնած մի հսկայ օձ վեր ցատկեց ու ընկաւ իր յետեւից: Սարսափած՝ նետուեց դէպի Կայծակն ու արագօրէն իրեն գցեց ձիու գաւակին: Հանդապահը, որ գլուխը հակած կրծքին՝ մի պահ քնով էր ընկել, ցնցուեց ու արթնացաւ:
- Կապեցի,- դողացող ձայնով ասաց Արեգն ու թուքը կուլ տուեց:
- Ապրես,- գլուխը տմբտմբացրեց Վանատուրը:- Գնացինք:
Արեգը յետ նայեց. իր կապած նարօտը չէր երեւում: Քամին դադարել էր, եւ Վարդավառի ծառի բունն ամբողջովին թաղուած էր խաւարի մէջ:
Դ
Ցանկութեան ծառը թողնելով յետեւում՝ Կայծակը վարգով իջաւ մի լուռ խորխորատ ու յայտնուեց ստուերի մէջ: Արեգին թուաց, թէ հատեցին ինչ-որ սահմանագիծ, եւ ուժեղ ճնշում զգաց քունքերում: Երբ Կայծակը նոյնպիսի թեթեւութեամբ յաղթահարեց նաեւ խորխորատի հակառակ լանջը, Արեգն այն զգացումն ունեցաւ, թէ գնալով ինքը մի տեսակ ընդարձակւում է ու կորցնում կապը իր մարմնի հետ:
Այն, ինչ բացուեց հայեացքի դէմ, նրան ահ պատճառեց: Մի անսահման հովիտ, որ մեղմ ալիքումներով ծաւալւում է հորիզոնից հորիզոն՝ ողողուած լուսնի սառն ու անիրական լոյսով եւ շրջապատուած անթիւ աստղաբոյլերով, որոնք պայծառ շողում են անծայրածիր հեռուների սեւախոր անհունութեան մէջ: Ո՛չ երկինքը, ո՛չ երկիրը, ո՛չ աստղերը, ո՛չ լուսինը ո՛չ մի կապ չունեն իրար հետ. միակ բանը, որ միաւորում է նրանց, բացարձակ լռութիւնն է: Արեգն ամբողջ մարմնով փշաքաղուեց եւ բնազդաբար մղուեց դէպի Վանատուրը։ Յանկարծ հանդապահը շրջուեց թամբի վրայ եւ պարզելով մտրակի կոթը՝ ցոյց տուեց ինչ-որ տեղ:
- Տես, Արեգ ջան, էն է Կապուտանը...
Մինչ կընկալէր մտրակի ցոյց տուած ուղղութիւնը, Արեգը մի պահ իր առջեւ տեսաւ Վանատուրի դէմքը, որ անսովոր լարուած արտայայտութիւն ունէր: Դա խիստ ուսուցչի մռայլ ու վանող դէմք էր, եւ Արեգը երկիւղեց. կարծես Վանատուրը նոյնպէս իրեն լքեց, եւ ինքը մենակ մնաց այդ սառն ու օտար լուսնաշխարհի դէմ:
- Ո՞ւր է...- շփոթուած հարցրեց նա՝ փորձելով զսպել ձայնի դողը:
Վանատուրն անխօս գլխով արեց: Անչափելի հեռւում, այնտեղ, ուր անհետանում էր հորիզոնի աղօտ գիծը, լուսնափոշու եւ աստղալոյսի անդրադարձ շողանքի մէջ վեր էր խոյանում մի զարմանալի կապոյտ լեռ, որի սրածայր գագաթը, ասես պոկուած ստորոտից, մրրկապտոյտ սլանում էր դէպի երկինք: Արեգի սիրտը լցուեց հիասարսուռ բերկրանքով․ առաջին անգամ նա հեռաւոր շոյանքի պէս զգաց Արեւի Լեռան աներեւոյթ, սակայն կենդանի ներկայութիւնը, որ միշտ թուացել էր անիրական:
- Բայց մենք ո՜նց ենք հասնելու էնտեղ, պապի,- մտահոգուած հարցրեց նա:- Մի տարի կտեւի, մինչեւ հասնենք Կապուտան...
Վանատուրը ժպտաց:
- Կայծակս կայծակի՜ պէս մեզ տեղ կհասցնի,- հպարտօրէն ծոր տուեց հանդապահը:- Կապուտանն, Արեգ ջան, իրականում էնքան էլ հեռու չէ. աչքերդ խփես-բացես՝ կտեսնես, որ արդէն կանգնած ենք գագաթին,- նա չարաճճի ծիծաղեց:
Այդ երեխայական պարծենկոտութիւնը Արեգին դուր եկաւ, ու նա կրկին մտերմութիւն զգաց Վանատուրի նկատմամբ:
Կայծակը շարժուեց:
Արեգը լարուեց՝ սպասելով, թէ ահա մրրկի պէս քառատրոփ կսլանան դէպի Կապուտան, սակայն տարօրինակօրէն Կայծակը կարծես մտադիր չէ արագացնել իր ընթացքը. գլուխը կախ, ասես յոգնած, միապաղաղ քայլում է հովտով՝ մե՛րթ յայտնուելով ստուերի մէջ, մե՛րթ լոյսի: Նոյնիսկ թւում է, թէ նժոյգի քայլքը հետզհետէ դանդաղում է, ու նա հազիւ է փոխում ոտքերը: Նոյն դանդաղումը զգացւում է ամեն ինչում. լուսինն ասես աւելի դանդաղ է լուսաւորում, աստղերն աւելի դանդաղ են փայլում, Կապուտանն աւելի դանդաղ է երեւում, աւելի դանդաղ է լսւում հանդապահի շնչառութիւնը, իսկ նրա լայն թիկունքն ասես մի անթափանց պատ, է, որ դանդաղ տարուբերուելով՝ դանդաղ փակում է տեսադաշտը...
Արեգը ճգնեց մտքում հաշուել մնացած տարածութիւնը, սակայն զգաց, որ չի կարողանում. գլխում տիրում է մի կողպ անշարժութիւն, կոպերն անտանելի ծանրանում են, եւ ամբողջ մարմինն ասես լցւում է օդով, ու ինքը մի տեսակ ելնում է վեր: Այդ ի՞նչ լար է, որ այդպէս անասելի փափուկ ու անձայն խզուեց ու լոյսի մի հազիւ նշմարելի շողի պէս սուրում է խաւար դատարկութեան միջով: Կայ միայն այդ սլացքը, իսկ իր մարմինն անշարժ ու անհաղորդ է: Որտե՞ղ է եւ ի՞նչ է անում: Պէտք է հետեւել այդ սուրացող շողին: Դա այն շողն է, որի համար ճամփայ է ելել, որպէսզի տեսնի, թէ ինչպէս է նա հպւում Արեւի Լեռան գագաթին: Ինքը հէնց այդ նոյն շողն է, որ արդէն վերադառնում է տուն: Եւ երջանիկ է անչափ, անհնարին երջանիկ, որովհետեւ շուտով, շատ շուտով կսկսուի Վարդավառը, եւ ինքը կտեսնի Աստղիկին...
- Աաա՜...- ինչ-որ անյայտ տեղից լսուեց մի անչափ հեռու ու խուլ ձայն եւ տեղնուտեղն էլ մարեց:
Արեգը բարձրացրեց կոպերը, բայց ոչինչ չկարողացաւ ընկալել. աչքերի դէմ մութ է ու լուռ: Ուզում էր աչքերը կրկին փակել, երբ մի բան ծակեց ուղեղը. ինքը կենդանի՞ է արդեօք: Նոյն վայրկեանին ականջին հասաւ իր շնչառութեան ձայնը: Զարմացաւ, որ ոչ թէ իրենց տանն է, իր անկողնում պառկած, այլ կարծես ինչ-որ ձիու մէջքին, եւ գլխի տակ ոչ թէ իր բարձն է, այլ ինչ-որ մէկի լայն, պատանման թիկունքը, որն ինքը երկու ձեռքով պի՛նդ գրկել է: Եւ յանկարծ այնպէ՛ս կարօտեց մօրը, իրենց տանը, իր անկողնուն, որ սիրտը ճմլուեց:
- Մա...- թոյլ ձայնով կանչեց նա:
- Արեգ ջա՞ն,- թիկունք-պատը շարժուեց, եւ լսուեց մի զուարթ-հարցական ձայն, որ կարծես ծանօթ էր, բայց հնարաւոր չէր որոշել, թէ ում է պատկանում:- Զարթնի՛ր, արդէն տեղ ենք հասել:
Արեգը յստակ ընկալեց միայն «տեղ» բառը, եւ մի անհանգիստ շարժում արեց: Քնաթաթախ աչքերով նայեց շուրջը, սակայն ոչինչ չկարողացաւ տարբերել. գլխում ծանր նստած է մի անթափանց մառախուղ, նոյնը եւ աչքերի դէմ:
- Որտե՞ղ եմ ես...
Վանատուրը ցած թռաւ Կայծակից եւ դէմքը մօտեցնելով Արեգի դէմքին՝ մթան մէջ մի տեսակ հայրաբար ժպտաց:
- Դու ամբողջ ճանապարհին մուշ-մուշ քնել էիր, Արեգ ջան,- քնքշաբար ասաց նա՝ Արեգի ոտքը մտցնելով ասպանդակի մէջ:- Մենք արդէն Կապուտանի գլխին ենք: Բա որ ասում էի՝ աչքերդ խփես-բացես՝ տեղ կհասնենք, չէիր հաւատում...- հանդապահը գորովագին ծիծաղեց:- Յենուի՛ր ասպանդակին ու արի՛ գիրկս,- պարզելով թեւերը՝ նա Արեգին ընդունեց գրկի մէջ ու թեթեւ փետուրի պէս թռցրեց ցած: Արեգին ապշեցրեց Վանատուրի հսկայական ուժը:
Երբ ոտքը դիպաւ գետնին, բոլորովին արթնացաւ: Հայեացքը ման ածեց շուրջը եւ չհաւատաց իր աչքերին. երկնքում է, անհուն բարձրութեան վրայ: Ասես այստեղ է հասել ինչ-որ աներեւոյթ թռչնի թեւերին: Ականջն ընկաւ Կայծակի հզօր թոքերի յախուռն հեւոցը, ու մթան մէջ աղօտ նշմարեց քրտինքի մէջ կորած նժոյգի բաբախող կողերի խոնաւ փայլը: Նոր միայն համոզուեց, որ այդ ամենը երազ չէ. Կայծակի մէջքին կտրել անցել է մի անչափելի տարածութիւն:
- Ձի չէ, է՛, իսկական կայծա՛կ է, կայծա՛կ,- ասես կռահելով Արեգի մտքերը՝ մի տեսակ երանութեամբ հաստատեց Վանատուրը եւ փարուելով նժոյգի պարանոցին՝ համբուրեց նրա աչքերը: Մի պահ լուսնի լոյսի տակ երեւաց, թէ ինչպէս է գոլորշին առատօրէն դուրս ժայթքում Կայծակի տրոփող ռունգերից՝ շրջակայ խաւարին յղելով իր յորդուն շնչի ճերմակ ճառագայթները:
Վանատուրը հանեց Կայծակի սանձը, վերցրեց թամբը եւ ափով շոյելով նժոյգի բաշը՝ ազատ արձակեց նրան: Յոգնած-վաստակած՝ Կայծակը հանդիսաւոր քայլերով գնաց դէպի մի լայնանիստ ժայռ, որի մէջտեղում սեւին էր տալիս ինչ-որ պայտանման մութ խոռոչ, եւ անձայն մտնելով այդ մութ ճեղքի մէջ՝ չքացաւ:
- Կայծակն էդ ո՞ւր գնաց, պապի,- ճմլելով աչքերը՝ զարմացաւ Արեգն ու յօրանջեց:
- Գնաց իր տեղը՝ հանգստանայ,- նայելով այն կողմը, ուր անհետացաւ նժոյգը, անփոյթ պատասխանեց Վանատուրն ու դարձաւ Արեգին:- Դու էլ գնա, մի քիչ ման արի, թող խելքդ գլուխդ գայ, մինչեւ ես սեղան գցեմ:
Արեգը դեռ չէր հասցրել անել մի քանի քայլ, երբ յանկարծ շուրջը նկատելի մթնեց. ասես մի անտես ձեռք հանգցրեց լուսնի լոյսը: Նայեց վեր, սակայն ոչ մի կերպ չկարողացաւ գտնել լուսինը, որ քիչ առաջ պայծառ փայլում էր գլխավերեւում: Տարակուսեց, սակայն այն, ինչ տեսաւ երկնքում, ստիպեց նրան հիացմունքի ճիչ արձակել. Կապուտանի գագաթին կախուած՝ երկնքի թանձր սեւութեան խորքից ուժգնօրէն շողշողում էին անհամար մեծ-մեծ աստղեր, այնքա՜ն մօտ ու պայծառ, որ թւում էր, թէ գիշերային լռութեան մէջ լսւում է նրանց լուսեղէն շնչառութիւնը: Լուսնի տարտամ-անորոշ արծաթին փոխարինել էին աստղերի ոսկեփոշի ճառագայթները, որոնք յստակօրէն լոյսը զատում էին խաւարից: Կապուտանի գագաթը, որ հեռուից ասեղի ծայրի պէս սուր էր երեւում, իրականում քարաժայռերով պատուած մի ափսէաձեւ ընդարձակ տափարակ էր՝ զարմանալի կլոր շրջագծով, որից ինչ-որ կապտաւուն շողք էր ելնում:
Քարերի արանքներով Արեգը վազեց դէպի շողքը եւ հասնելով գագաթնաեզրին՝ կանգ առաւ. աստղերի լոյսը բեկւում է գագաթի գահավէժ ապառաժներին եւ լեռն օղակում կապտաւուն փայլով, որից այն կողմ, ինչպէս գլխավերեւում, այնպէս էլ ոտքի տակ, ոչինչ չկայ, բացի աստղային անսահմանութիւնից: Երկնքին անթարթ յառուած՝ Արեգն զգում էր, թէ ինչպէս է աստղալոյսը դանդաղ ներծծւում իր մէջ, ինքն էլ ներծծւում է նրա մէջ, եւ դա է ամբողջը, որ կարելի է ապրել աշխարհում: Դէմքին հպուեց ինչ-որ մեղմաշունչ քամի, որ կարծես փչում էր աստղերից, եւ յանկարծ սիրտն սկսեց անհանգիստ տրոփել. որտեղի՞ց է ծագելու Արեւի Լեռը՝ աջի՞ց, ձախի՞ց, դիմացի՞ց, թէ՞ թիկունքից: Սարսափեց, որ կարող է բաց թողնել պահը եւ, հայեացքն ակամայ դարձնելով շուրջբոլորը, զարմանքով յայտնաբերեց, որ ոչ մի կողմ էլ գոյութիւն չունի. ուր նայում ես՝ նո՛յն երկինքն է, նո՛յն աստղերը, նո՛յն գիշերը: Այն, ինչ ինքն ապրում է այս պահին, ասես իր հետ կապ չունի․ պատկանում է Կապուտանին: Լեռն է ապրում իր փոխարէն...
Աջ կողմում, բաւականին հեռու, մթան մէջ նշմարեց ինչ-որ մենաւոր քարաժայռ, որ լուռ բարձրանում էր գագաթի կապտափայլ աղեղի մէջտեղում: Իր լուսաղօտ ուրուագծերով ժայռը յիշեցնում էր մի հսկայ ձուկ, որ դուրս է ցատկել գիշերուայ աստղային ծովից եւ ձիգ-ուղղահայեաց դիրքով քարացել: Հետաքրքրուած՝ Արեգը վազեց դէպի ժայռը։ Որքան մօտենում էր, այնքան ժայռը հետզհետէ նմանւում էր մի վիթխարահասակ մարդու, որ գլխին սրածայր գդակ, իսկ ուսերին լայն թիկնոց՝ նայում էր ինչ-որ տեղ: Գուցէ սա ինչ-որ մէկի մահարձա՞նն է: Ո՞ւմ...
- Վանատուր պապի՜կ...- անորոշ գոռաց Արեգը՝ աչքերով որոնելով հանդապահին, սակայն վերջինս ոչ մի տեղ չէր երեւում:
Գագաթի կենտրոնում վեր էին ցցւում ինչ-որ մթին կարկառներ, որոնց գլուխը եզերում էր հսկայական անիւ յիշեցնող մի զարմանալի կլոր քարաժայռ, որ փայլում էր աստղալոյսից։ Արեգը վազեց այդ կողմը եւ ընթացքից նորից այնպէ՛ս ուժգին գոռաց Վանատուրին, որ ձայնն արձագանգեց աստղային անհունութեան մէջ:
- Վանատուր պապի՜կ...
- Ի՞նչ է, Արեգ ջան,- յանկարծ կարկառներից զարմանալի պարզ եկաւ հանդապահի բամբ ձայնը:
Հասնելով կարկառներին՝ Արեգը կանգ առաւ, սակայն դարձեալ ոչինչ չտարբերեց. կարկառները թաղուած էին կատարեալ խաւարի մէջ:
- Մի վախեցիր, Արեգ ջան, ես էստեղ եմ,- նորից լսուեց Վանատուրի ձայնը՝ այս անգամ կարկառների գլխից:- Էդտեղ աստիճաններ կան. քարերից բռնելով՝ զգոյշ բարձրացիր:
Արեգն ուշադիր նայեց եւ երկու կարկառների արանքում նշմարեց մի նեղլիկ արահետ, որ տանում էր դէպի վեր: Գլխի ընկաւ, որ Վանատուրը գտնւում է աստղափայլ անիւ-քարաժայռի մօտ, որն իր աղօտ շողքով ցօղում է ցածի խաւարը:
Սկսեց բարձրանալ:
Ե
Արեգը քանիցս փորձեց վեր մագլցել արահետով, բայց ամեն անգամ ոտքերը գայթում էին քարէ լերկ յատակին, ու կրկին սահում էր ցած: Յուսահատուելով՝ մի պահ մղուեց օգնութեան կանչելու Վանատուրին, սակայն հանդապահը չէր երեւում, ու ամաչեց ձայն հանել: Ինչ էլ լինի, պէտք է բարձրանալ ինքնուրոյն։ Մօտիկից տնտղելով՝ համոզուեց, որ այդտեղ ոչ մի աստիճան էլ չկայ, եւ իր վերելքին խանգարում է հէնց աստիճանի մասին միտքը։ Երբ գործի դնելով ամբողջ մարմինը՝ վերջապէս յաջողեց յաղթահարել խզուածքն ու կանգնեց ժայռի գլխին, թիկունքից եկաւ Վանատուրի ուրախ-չարաճճի ձայնը.
- Դու ճիշտ ես...
Արեգը զարմանքով շուռ եկաւ եւ հանդապահին յայտնաբերեց մի քանի քայլի վրայ: Անիւ-քարաժայռին մէջքը յենած՝ Վանատուրը նստել էր մի հարթ սեղանաձեւ քարի առջեւ եւ ծերունական անշտապ շարժումներով դասաւորում էր ուտելիքը: Դէմքը չէր երեւում, սակայն քարաժայռին բեկուող աստղալոյսի անդրադարձ շողքի մէջ պարզ տեսանելի էին մարմնի ուրուագծերը: Այդպէս Վանատուրը նման էր սնամէջ պատկերի: Արեգին զարմացրեց օդի մի տեսակ ասեղնագործ նրբութիւնը, որ կարծես մարմանդ այրւում է գիշերուայ մէջ: Ինքը նոյնպէս կազմուած է այդ այրուող օդից եւ նոյնպիսի մի պատկեր էլ ինքն է...
- Արեգ ջան, սա Կապուտանի գագաթի գագաթն է,- ասաց Վանատուրը:- Սրանից դէնը աշխարհ չկայ:
- Պապի, էն ցից քարը գերեզմա՞ն է,- մօտ գնալով՝ հարցրեց Արեգը:
- Ո՞ր քարը,- առանց գործից կտրուելու, անփոյթ ասաց Վանատուրը:
- Էն, որ մարդու նման է,- Արեգը շուռ եկաւ ու ցոյց տուեց բարձր մահարձանը, որ պէծին էր տալիս խաւարի մէջ:
Վանատուրը ժպտաց:
- Որ մարդու նման է՝ ուրեմն, անպայման, պիտի էդտեղ գերեզմա՞ն լինի,- շտկուելով՝ հանդապահն աչքի տակով մի հայեացք գցեց Արեգին:
- Իսկ ես մտածում էի, թէ էդտեղ մարդ կայ թաղուած,- մի տեսակ յուսախաբ եղաւ Արեգը:
Հանդապահը ձայն չհանեց: Արեգը նստեց նրա դիմաց, սեղանաքարի առջեւ, եւ ակամայ սկսեց ուսումնասիրել անիւ-քարաժայռը: Դա իսկապէս նման է մի վիթխարի անիւի, որ կիսով չափ խաւարում թաղուած՝ կարծես անտեսօրէն պտտւում է աստղազարդ երկնքի խորապատկերին: Կամ, գուցէ, ընդհակառակը, երկի՞նքն է պտտւում նրա շուրջը: Արեգը տարակուսեց․ ամեն ինչ մե՛րթ այսպէս է երեւում, մե՛րթ այնպէս: Չկայ, կարծես, մի բան, որ միշտ մնայ նոյնը: Ինչո՞ւ է այդպէս...
- Որ ուտես՝ կասեմ,- նորից հնչեց Վանատուրի ձայնը:
Արեգն ապշահար նայեց հանդապահին: Այս էլ որերորդ անգամ Վանատուրն անսխալ կարդում է իր մտքերը. կարծես ինքն ու նա անվերջ նոյն բանն են մտածում...
- Էսքա՜ն ճամփայ ենք կտրել։ Կեր, որ ուժ ունենաս դ