ՏԱՓԱՍՏԱՆ, վիպակ, 1988թ․

♦♦♦

(Սեւակ Յովհաննիսեան, «Ինքը», վէպ, վիպակ, Երեւան, 1993թ․)

 


Ա

 

Անբնական փարթամ եղնջուտների ու տափաստանային մածուցիկ մթնշաղի միջով մենք յոգնած գնում էինք գետափնեայ դարաւանդն ի վեր, որի գլխին, բլրաչափ տղմակոյտերի ու աղբակիտուկերի մէջ, բարձր եղեգնուտներով շրջապատուած՝ գտնւում էր մեր վագոն-շարժատնակը, որը թէեւ մռայլ էր ու կեղտոտ, սակայն այդ ամբողջ երեւացող հորիզոններում միակ կէտն էր, որ մեզ համար ունէր պարզ ու որոշ մի իմաստ՝ տուն։

Առջեւից, ձեռքերն արագ-արագ թափ տալով, կորովի քայլում էր իմ համագիւղացի տղան, որն ինձ հասակակից էր եւ անխնայ քննադատում էր մեր գործերը, որ վատ էին. սկզբում հայհոյում էր աշխարհին, յետո բաժին էր հանում նաեւ գործին ու գործատիրոջը, յետոյ պնդում էր, որ եթէ մենք էս մի բանը է՛սպէս չանէինք, այլ անէինք է՛նպէս, ապա ամեն ինչ էլ լաւ կլինէր, յետոյ խօսքի արանքներում մեղադրում էր ինձ՝ «Դու…», ու աննկատելի ինքն իրեն էր առաջ հրում՝ «Ես…»։ Նա եղել էր նախրապան եւ արհամարհում էր շինարարական աշխատանքը, որով բոլորի հետ միասին այժմ ստիպուած էր զբաղուելու նաեւ ինքը, եւ հոգու խորքում նուաստացուցիչ էր համարում ինքն իրեն խոստովանել, թէ ինքը կարող է աշխատելուց յոգնել․ ուստի, իրեն պահում էր թեթեւ, աշխոյժ ու անդադար խօսում էր։

Սկզբում ես եռեփ էի գալիս իմ ներսում, եւ երբ այլեւս անտանելի էր դառնում լռելը, ես պատրաստւում էի արժանի հակահարուած տալու նրան. ես ուզում էի նրան խոցելու պէս յիշեցնել, թէ ինչպէս իմ բացակայութեան ժամանակ, երբ ես գործով գնացել էի աւազահանք, քաղաքից եկած, իր ասելով՝ «դատախազական սովորող» այն դուրս տուած երեսով աղջիկը նրան աչքը բաց խաբել էր. դատարկել էր նեղ օրուայ մեր մի շիշ հայկական կոնեակը, թիթեղեայ պսպղուն, էժանագին ժամացոյցը ծախել էր նրան հարիւրով, ապա ծիծաղի, կսմթոցների, պարծենկոտութեան, հաւերժական սիրոյ եւ վայրկենական խանդի արանքներում, ինչպէս պարզուեց յետոյ, յաջողել էր նաեւ թռցնել նրա պապենական թալիսմանը՝ օձապատկեր ոսկեջրած ծխախոտատուփը։  Սակայն ամեն անգամ, երբ մեր հայեացքները հանդիպում էին, եւ իմ հասակակցի պղտոր ու խամրած աչքերից ինձ էր նայում միշտ նոյն յոգնած անյուսութիւնը՝ վախի ու խուճապային տագնապի խառնուրդով, ես անմիջապէս զինաթափ էի լինում. ակամայ յիշում էի, թէ ինչպէս է նա գիշերները ծանր քնի մէջ հազարաւոր կիլոմետրերի հեռաւորութիւնից մանկօրէն խօսում ու խաղում իր երեխաների հետ, գրկելով կեղտոտ բարձը՝ գրկում նրանց փոքրիկ գլխիկները, գուրգուրում, ծիծաղում, ու խղճահարուելով՝  ընդամենը չպպացնում էի շրթունքներս. դառնութեամբ մտածում էի, թէ նա մեղք չունի, մեղաւորը ես եմ՝ յիմար ու անճարակ, եւ իմ տունը չէ, որ աջուձախ պատաճաք է տուել եւ իմ երեխաները չեն, որ մի օր էլ մնալու են փլուածքների տակ…

Եւ ես գտայ ելքը․ տունդարձի ճամփին փոխեցի տեղս: Գնում էի միշտ վերջից՝ գլուխս համարեայ թաքցրած առջեւիցս քայլող երրորդի թիկունքում, եւ ինձ համար այլեւս սարսափելի չէին իմ հասակակցի խօսքերի ճարճատուն կրակահերթերը, որոնք գնալով աւելի ուժգնացան այն բանից յետոյ, երբ ինքնաբերաբար, «որպէս աչքաբաց տղայ», նա սկսեց գլխաւորել փետրահան թռչունների մեր երամը։

- Լեզուդ չլինէր՝ ագռաւներն աչքերդ կհանէին…- այնուամենայնիւ, խայթեցի ես եւ պատասխան չստանալով՝ զարմացայ, եւ երբ նա իմ առջեւից քայլողին անփոյթ-կողքանց ասաց․ «Դուռը բա՛ց», անդրադարձայ, որ ես այդ խօսքերն ասել էի մտքիս մէջ։

Երրորդը՝ նա, ում ուղղուած էր իմ հասակակցի հրամանը, նիհար, միջահասակ, երկար քթով ու խոշոր աչքերով մի տղայ, զինուորի հնազանդ ու անշտապ շարժումով քարի տակից հանեց պահուած բանալին։

Այդ երիտասարդը ղարաբաղցի էր, ինչ-որ գիւղից, ես նրան գտել էի Թաթարիայի մի կորած-մոլորած գիւղաքաղաքի կայարանում: Գնացել էի ջուր խմելու, երբ յետդարձին ծածուկ մի տեղ տեսայ նրան. զինուորական արդէն մաշուած ու կեղտոտ համազգեստը հագին (ինչը մատնում էր, որ նա երկար ժամանակ այս կողմերում էր), ճամփորդական պայուսակի վրայ նստած՝ արեւածաղկի սերմերը բուռ-բուռ լցնում էր բերանն ու ագահօրէն ծամելով՝ նայում շուրջը։ Հարցուփորձից պարզուեց, որ նա աւարտել է զինուորական ծառայութիւնը, բայց չի կարողացել տուն գնալ, որովհետեւ ընկերները՝ մի չուվաշ եւ մի ռուս, բաժանուելու պահին, իր ասելով, գողացել են իրեն յատկացուած տունդարձի փողը. բացի դրանից, ինքն անձամբ չի ուզում դատարկ ձեռքով տուն դառնալ, որպէսզի հիւանդ ծնողներին հագուստ-կապուստի ծախսի տակ չգցի, այլ ուզում է աշխատել եւ եթէ բախտը բերի, մի քանի տարի կմնայ էս կողմերում, մինչեւ գուցէ վերջում մի բան դուրս կգայ… Ես հասկացայ, որ նա ինչ-որ պատճառով պարզապէս չի ուզում վերադառնալ տուն եւ առաջարկեցի նրան միանալ մեզ։

Ղարաբաղցին երկար ժամանակ չարչարւում էր կողպէքը բացելու վրայ: Իմ հասակակիցը դժգոհ մրթմրթոցով նրան ուսով հրեց դէն ու ինքն անձամբ բացեց դուռը։ Երբ մտանք ներս ու վառեցինք լոյսը, առնէտները խուճապով փախան ու մտան ծակուծուկերը: Իմ հասակակիցը կօշիկը շպրտեց մէկի վրայ, բայց վրիպեց, եւ դա կարծես նրան վիրաւորեց։

- Ես՝ ես լինեմ ու չը…- նա երեւի ալարեց աւարտել իր միտքը եւ անհասցէ հայհոյելով՝ սկսեց հանել ցեխակուր, քրտնաթոր շորերը եւ այդպէս մէրկ՝ փռուեց մահճակալին։   

Թէեւ տնակի միակ լուսամուտը հանգամանօրէն փակուած էր, այնուամենայնիւ, ճահճային խոշոր մոծակներն ու ճանճերը թափանցել էին ներս: Նրանք անմիջապէս յարձակուեցին իմ հասակակցի վրայ՝ նստելով քրտնած պղնձաթոյր մէջքին, վզին, ականջներին, բայց նա սովոր էր եւ նոյնիսկ փորձ չարեց քշելու։ Մնացածներս նոյնպէս հանուեցինք ու փռուեցինք մեր մահաճակալներին, բայց այս անգամ, ինչպէս ինձ թուաց, ոչ թէ ամենօրեայ մեր սովորութեամբ, այլ նմանուելով նրան. կարծես ամեն ինչում մենք հետեւում էինք իմ հասակակցի օրինակին, եւ նա դա զգում, հասկանում էր՝ թաքուն վստահ, որ այդ ամենն այդպէս էլ պիտի լինի։ Այս միտքն ինձ ջղայնացրեց եւ մահճակալիս վրայ անհանգիստ շուռումուռ գալով՝ ես փոնքս թափեցի ճանճերի վրայ՝ ասելով, թէ աշխարհիս երեսին ճանճից աւելի կեղտոտ, աւելի սողո՛ւն կենդանի չկայ…

- Ապէ՛ր,- իր մահճակալից խորիմաստ ու ծանրակշիռ արձագանգեց իմ հասակակիցը,- ճանճը չլինի, մլակը կլինի…

Ես ձայն չհանեցի։

Յետոյ տնակում տօթ, լարուած, թշնամական լռութիւն էր: Ինձ դարձեալ զարմացրեց այն, թէ ինչի՞ց է, որ մենք՝ ցերեկն աշխատանքի մէջ այնքա՜ն զուարճախօս, կատակասէր, պարզասիրտ՝ որ նոյնիսկ իրար վիրաւորում ենք ու չենք վիրաւորւում, ուշ երեկոյեան վերադառնալով տնակ՝ դառնում ենք ծանր, մաղձոտ, մանրախնդիր, իրար հանդէպ լցւում լուռ թշնամանքով՝ ամեն վայրկեան պատրաստ պայթելու։ Եւ ես դարձեալ մտքիս մէջ սկսեցի մեղադրել ինձ, իմ տքնաջան անճարակութիւնը եւ դարձեալ մտքիս մէջ փախչում էի. գիշերը ծածուկ վեր եմ կենում ու փախչում՝ ինձնից, գործից, ճակատագրից հեռու՝ ուր աչքս կտրի, կամ էլ տղաները վաղ առաւօտեան արթնանում են եւ ինձ չգտնելով՝ նետւում են դուրս ու զարհուրած կանգ առնում. գետի մութ երեսին, եղեգնուտների մէջ յանկարծ նկատում են ինձ՝ կիսով չափ թաղուած ջրի մէջ. միայն մէջքս է հազիւ նշմարւում մառախուղում. ես՝ խեղդամահ, օրօրւում եմ ջրերին… բայց դա ուրիշ պատմութիւն էր, իմ խեղդուած եղբօր պատմութիւնը, ուրիշի պատմութիւն…

Զարկելով ճակատիս՝ ես քրտինքի հետ սրբեցի ճանճը եւ ծանր տնքալով՝ շուռ եկայ մէջքի։ Կողքիս մահճակալին պառկած էր չորրորդը՝ նա, ով ուզում էր աշնանն ամուսնանալ, եւ ես խոստացել էի, որ նա կամուսնանայ։ Նայեցի նրան, եւ դարձեալ նա ինձ դուր չեկաւ. գիւղացի տղայ էր, սակայն զարմանալիօրէն նման չէր գիւղացու. մաշկը՝ սպիտակ, մարմինը՝ փափլիկ ու անմկան, աչքերը՝ մանրիկ, ձեռքերը՝ փոքր, աղջկական, նա հայեացքն անթարթ յառել էր մրոտ առաստաղին եւ տարուած փորում էր քիթը։

- Զգո՜յշ,- անուրախ ծաղրանքով ասացի ես,- մատդ կջարդես…

Նա բացակայ հայեացքով նայեց ինձ՝ հաւանաբար, չընկալելով, թէ իրեն ի՛նչ են ասում, ապա ձեռքերն անխօս կապ դրեց փորին, եւ նրա ձեռքերը մսակոյտ էին։

«Փչա՛ն, յիմա՛ր, փչա՛ն,- շարեցի ես մտքիս մէջ։- Հիմա նորից կփչի…»։

Այդ փափլիկ տղան բացայայտօրէն ստախօս էր եւ առանց քաշուելու՝ անվերջ պատմում էր զանազան տխմար արկածներ աղջիկ փախցնելու մասին, բայց ինչ էլ որ պատմէր՝ միշտ ձգում, բերում, յարմարեցնում ու աւարտում էր նոյն երջանիկ վերջաբանով, թէ ինչպէ՜ս մի անգամ իրենց գիւղ ժամանած մի «պետական դիմագծերով» մարդ հարիւր հոգու միջից հէ՛նց իրեն նկատեց՝ վստահելով ծառայողական մեքենայի լուացքը: Այդ դիպուածը նրա մտքում իր կարեւորութեան անցաթուղթն էր, որ նա դուրս էր քաշում ընկճուած պահերին։ Նրա բերանը մի թեթեւ ծուռ էր. վերին շրթունքի ձախ կողմը փոքր-ինչ վեր էր ցցուած, եւ երբ նա սկսում էր մաղել իր ստերը, ինձ միշտ թւում էր, թէ նա ստում է շրթունքի հէնց այդ մասով։ Ես նրա հետ առանձնապէս սիրալիր էի վարւում եւ զգոյշ. կարծես ինձ համար յատկապէս թանկ էր նրա կարծիքն իմ մասին, եւ համբերատար ուշադրութեամբ լսում էի նրա տաղտկալի ստերը՝ տմբտմբացնելով գլուխս…

Լռութիւնն արդէն անտանելի էր դառնում. մի ճանճ յամառօրէն շրջում էր իմ ծոծրակին. ես զգում էի, թէ ինչպէս է նա կանգ առնում, հոտոտում ու անցնում առաջ: Յիշեցի, որ ախր պէտք է գնալ Էծի Պառաւի տուն՝ ցախ ջարդելու, այլապէս մնալու ենք սոված։ Այդ յիշողութիւնն ինձ կարծես ուժ տուեց՝ նորից իմ մէջ գտնելու պատասխանատու առաջնորդին։ Ես վեր կացայ եւ փոքր-ինչ հեգնական հայեացքով սպասեցի, թէ արդեօք որեւէ մէկը կյիշի՞ այդ մասին, սակայն տեսնելով տղաների հանգած մարմինները՝ յանկարծ համակուեցի անօգ խեղճութեան տարօրինակ յուզմունքով. ահա այսպէս օտարութեան մէջ ինչ-որ կեղտակուր վագոնում որբերի պէս անտէր-անտիրական ընկած են նրանք, եւ անյայտ է, թէ ինչ է լինելու վաղը… Նայեցի նրանց սեւ գլուխներին, թուխ մարմիններին, եւ նրանք հայեր էին, յատկապէս հայեր էին, եւ լացը դէմ առաւ կոկորդիս...

Եւ իմ ներսում նորից տեսայ մեր գործատիրոջ դէմքը, այն մարդու դէմքը, որ մեր գլխին կարգեալ աստուած էր: Նրան կոչում էին Իւանիչ, բայց այդ անունը մի տեսակ չէր կպչում նրան ու նրա հետ կապ չունէր. նա միայն ի՛նքն էր, որոշակիօրէն միայն ի՛նքը եւ անուն չունէր: Այդ մարդու նեղ-նենգախոյզ աչքերը մշտապէս կիսախուփ էին, այնպէս, որ անհնար էր որսալ նրա հայեացքը. բարակ շրթունքները սպառնալից սեղմուած էին իրար. ուներ սուր, նախայարձակ քիթ եւ սուր, ահազդու ծնօտ. քայլքն այնպէս ծանր, անշտապ-տիրական էր, որ կարծես հազիւ էր հանդուրժում այն հողը, որի վրայ ոտք էր դնում, իսկ ամենասարսափելին նրա լռութեան սառնաշունչ քամին էր, երբ աննկատ մօտենում էր եւ կանգնելով մեր յետեւում՝ բացարձակապէս անշարժ դէմքով, շրթունքները գոռոզ սեղմած, ձեռքերը մէջքին՝ երկար դիտում էր, թէ ինչպէս ենք  մենք, քրտնմխած չարչարուելով, քարէ ահռելի կլոր սալերը գլորում բլրալանջն ի վեր: Նա ի՞նչ ցեղ էր՝ թաթա՞ր, ռո՞ւս, ղուրղո՞ւզ, թէ՞ այլ ինչ՝ անյայտ էր, բայց նրա ասած իւրաքանչիւր խօսքը, որ մեզ էր վերաբերում կամ կարող էր մեզ վերաբերել, որքան էլ սառը-անտարբեր հնչէր՝ միեւնոյն է, մեզ յոյս էր ներշնչում, որ նա հազիւ թէ մեզ խաբի, աշխատեցնի ու խաբի. չէ՞ որ երբ գործն սկսեց գլուխ գալ, նա մի անգամ բերանից թռցրեց, թէ հայերը լաւ շինարար են... Կարճատեւ դադարներին, երբ մենք նստում էինք հացի կամ էլ այս ու այն կողմ նստոտած՝ ծխում, անվերջ քննարկում էինք, թէ ի՛նչ կարող է նշանակել նրա այս կամ այն հայեացքը, ձեռքի շարժումը, եւ միշտ թաքուն յոյս ունէինք, թէ նա մեզնից գոհ է։ Սակայն որքան աշխատանքները մօտենում էին աւարտին, այնքան մենք աւելի ու աւելի խոր էինք թաղւում անելանելի, խճճացանց կասկածների մէջ. նա այլեւս չէր երեւում, եւ նրա բազում օգնականների դէմքերից, որ օր օրի դառնում էին աւելի մռայլ, անխոստում, երբեմն՝ թշնամական, ես իմ բազմամեայ ձախորդ փորձառութեամբ արդէն կռահում էի, որ վերջը, ինչպէս միշտ, վատ, այսինքն՝ սովորական է լինելու, եւ անվերջ լցւում էի յուսահատ մաղձով...

Այդօր էլ ահա ես ու ղարաբաղցին աղիւս էինք տեղափոխում պատգարակով։ Վերջին անգամ պատգարակը բեռնելիս ես անդրադարձայ, որ լսւում են միայն իմ նետած աղիւսների դմփիւնը, բայց քանի որ մտքումս հաշւում էի աղիւսները, դրան ուշք չդարձրի։ Երբ արդէն հնարաւորինս լցուած-պատրաստ էր պատգարակը, ես սովորականի պէս ասացի՝ «գնացինք», բայց ղարաբաղցին չարձագանգեց։ Բարձրացրի գլուխս. ղարաբաղցին թփերի տակից վերցրել էր իր վերնաշապիկը եւ խնամքով թափ տալով՝ գնում էր դէպի… Հըմ, Իւանիչը՝ մեր գլխի տէր-աստուածը, ժամանել է. եկել եւ հայեացքով նստելու տեղ է փնտրում… Ես մի պահ չհասկացայ, թէ ի՞նչ կապ ունի ղարաբաղցին Իւանիչի նստելու հետ, սակայն յաջորդ պահին արիւնը զարկեց գլխիս։ «Յիմարի՛ մէկը,- գոռացի ես դէպի ղարաբաղցին,- շո՛ւտ, յետ դարձիր, դու հօ ծառա՞յ չես…»։ Ղարաբաղցին շփոթուեց, կանգ առաւ, վարանեց, մի պահ ուզում էր քայլ անել դէպի իմ կողմը, բայց Իւանիչը նայում էր իրեն, եւ նա, այնուամենայնիւ, տարաւ վերնաշապիկն ու ծալծլելով՝ փռեց այն քարի վրայ, որ գլխի աննշան շարժումով ցոյց տուեց «տէրը»։ Ես գլուխս շրջեցի, որպէսզի չտեսնեմ, թէ ինչպէս է Իւանիչը, ձեռքերով թեթեւակի վեր ձգելով տաբատը ծնկների վրայ, նստում։ Թեւաթափուած փլուեցի աղիւսներին, եւ սիրտս ճաքում էր անզօրութիւնից. ասես տենդի մէջ՝ քթիս տակ անվերջ ինչ-որ բաներ էի քրթմնջում, քրտինքը ողողել էր ամբողջ մարմինս. կարծես հոգուս մաղձն էր դուրս գալիս ինձնից: Յետոյ խլանում էի, անզգայանում, իմ ձայնն արդէն ինձ էր հասնում հեռո՜ւ-հեռուից, ասես ուրիշ մէկն էր խօսում: Գնալով կարծես ցնդում էի․ ո՛չ զգում էի աղիւսներն իմ տակ, ո՛չ ցեխը ոտքերիս տակ, ո՛չ երկինքը գլխիս վերեւում. ասես օդում էի եւ չկայի… Յետոյ գլուխս դանդաղ դարձրի Իւանիչի կողմը. նա ուշադի՜ր, աչքերը կիսախուփ ու սեւեռ նայում էր ինձ, եւ ես պարզօրէն հասկացայ, որ ամեն ինչ վերջացած է։ Նա ծանրօրէն վեր կացաւ նստած տեղից եւ ակնթարթօրէն շուրջը հաւաքուած իր բազմաթիւ օգնականներին կեսբերան կարգադրութիւններ անելով՝ նստեց մեքենան ու  գնաց, իսկ ես ամբողջ օրը մտքիս մէջ համոզում էի նրան, յորդորում, քծնում, ապացուցում ու նորից քծնում, բայց դա անօգուտ մխիթարութիւն էր, եւ ես հասկացայ, որ մեղաւորը, ամեն ինչի մեղաւորը…

Ընդոստ վեր կացայ մահճակալից։ «Մարդ ուղղակի չպիտի ապրի…»,- քրթմնջացի ես՝ զգալով, որ ինձ կորցնում եմ։ Տօթը՝ մածուցիկ, քսուեց դէմքիս։ Գնացի դէպի տնակի դուռը՝ աշխատելով չնայել տղաներին։ Լուացարանի վերեւում փակցուած մի կտոր ճաքած հայելում յանկարծ տեսայ ինձ. դէմքս կարծես ստուեր էր՝ մութ ու անորոշ, մի պահ յայտնուեց ու չքացաւ, եւ մի ակնթարթ թուաց, թէ ես արդէն այն կողմում եմ…    

 

 

Բ

 

 Դրսում անշարժ, տօթ խաւար էր։ Դիմացը եղեգնուտների մութ, անթափանց զանգուածներն էին։ Գետը համարեա չէր երեւում՝ նոյնպէս մութ էր։ Յիշեցի, որ դեռեւս երեկուանից խոտերին փռուած լուացք էի թողել գետափին։ Մտնելով եղեգնուտների խիտ անտառը՝ հազիւ նշմարելի արահետով իջայ դէպի գետը։ Յանկարծ ինչ-որ խօսակցութիւն հասաւ ականջիս, ապա հանդիպակաց ափի եղեգնուտներից լսուեց աղջկական կչկչոց ու նոյն պահին էլ մարեց։ Մի ակնթարթ ես նախանձով լցուեցի նրա հանդէպ, ով այդ զուարթ կչկչոցի տիրակալն էր։ Մի կատու սրընթաց կտրեց արահետն իմ առջեւ ու լեղապատառ թաքնուեց եղեգնուտների մէջ։

- Հէ՜յ, տղա՛յ,- գետափից եկաւ մի խռպոտ, ծորուն ձայն,- էս կողմ արի…

Ես արագացրի քայլերս։ Գետափնեայ փոքրիկ բացատում մի մարդ կռացած քաշքշում էր ինչ-որ բան։

- Օգնի՛ր,- հրամայեց մարդը՝ առանց նայելու ինձ, եւ յանկարծ սկսեց ջղային հայհոյել. նա երկու անգամ ոտքով հարուածեց ինչ-որ մութ զանգուածի, որ ընկած էր ոտքերի մօտ, ապա շտկելով մէջքը՝ սայթաքեց, բայց չընկաւ։

Քիչ անց, երբ աւելի մօտեցայ, սիրտս սկսեց տագնապով զարկել. այդ մարդը կարծես նստած էր… մէկ ուրիշ մարդու վրայ։ «Խեղդուել է…»,- անցաւ մտքովս, եւ ամբողջ մարմնով սրսփացի։ Մի պահ խուճապահար ուզեցի յետ դառնալ, սակայն ինքնաբերաբար մղուեցի առաջ։ Մարդը վեր կացաւ նստած տեղից ու հայհոյելով՝ նորից սկսեց քաշքշել։ Հասնելով նրան՝ քար կտրած կանգ առայ։

Դա կարծես այն մարդն էր, որ մի անգամ Թաթարիայի ինչ-որ գիւղաքաղաքում, երբ ես գիշերելու տեղ չգտնելով՝ փռուել քնել էի մի լքուած աւէրակի անկիւնում, գիշերուայ կէսին ինձ յանկարծ արթնացրեց։ Իմանալով, որ հայ եմ՝ խորհուրդ տուեց անմիջապէս հեռանալ այդտեղից, քանի որ իրենց կողմերում «հայերին էնքան էլ չեն սիրում», իսկ այդ աւէրակում ամեն գիշեր հաւաքւում են ամեն տեսակ հարբեցողներ, «անբիծ վարքի տէր կանայք», «ուռողներ» ու «փչողներ», եւ որ ինքը բիւրեղեայ սրտի տէր մարդ է եւ կարծում է, որ հայերը լաւ ժողովուրդ են, չնայած վատ չէր լինի, եթէ կոկորդներս մի թեթեւ թրջէինք, յետոյ նոր գնայիր։ «Հը, դու ի՞նչ կարծիքի ես»,- հարցրեց նա։ Քնկոտ ճօճուելով՝ ես անհասկացող նայում էի նրան. գլուխս մշուշոտ էր, թւում էր, թէ դեռ երազի մէջ եմ։ Մարդը մռայլուեց եւ դժգոհ մրթմրթալով ինչ-որ բան՝ սպառնաց։ «Հաշուի առ,- մատը տնկելով՝ խորհրդաւոր ասաց նա,- ես կարող էի քեզ չզգուշացնել. ուղղակի մեղքս եկար… Կարող էի, չէ՞… կարող էի, չէ՞…»,- նեարդայնացած կրկնեց նա՝ կիպ մօտենալով ինձ։ Սթափուելով՝ ես քրքրեցի գրպաններս եւ նրա բուռը լցնելով եղած-չեղած մանրադրամս՝ կիսափուլ պատուհանից դուրս թռայ: Մի կերպ խոյս տալով թափառող շներից՝ ինչ-որ խաւար, ծուռումուռ նրբանցքներով դուրս եկայ գիւղաքաղաքից եւ յայտնուեցի մեծ, հսկայական տափաստանում: Ընկնելով կենտ աճած մի ծառի տակ՝ պինդ, աներազ քնեցի՝ լուսադէմին արթնանալով մէջքիս սուր, խայթող ցաւերից, կիսամեռ…

- Դու ռուսերէն չես հասկանո՞ւմ,- գլխի կէսդարձով սրտնեղած խռպաց մարդը՝ փորձելով քաշել հանել միւսին, որը մինչեւ գօտկատեղը թաղուած էր ցեխի մէջ։- Օգնի՛ր։

Ես կռացայ ու մի ձեռքս գցելով ընկածի գօտկատեղից, միւս ձեռքս՝ թեւից, սկսեցի ձիգ տալով քաշել, եւ դէմքիս խփուեց էժանագին գինու ծանր հոտը։

- Դու Թաթարիայում եղե՞լ ես…- հարցրեցի ես քաշքշողին, բայց նա, հաւանաբար, չլսեց, որովհետեւ անդադար հայհոյում էր։ Նկատեցի, որ նա նոյնպէս հարբած է. ճապաղ քթով, մազմզոտ դէմքով տարիքն առած մի մարդ, իսկ ընկածն ամենաշատը քսան-քսաներկու տարեկան, որքան կարողացայ մթան մէջ տարբերել, գեղեցիկ դիմագծերով մի երիտասարդ էր։ Մարմինն ասես մեռելի էր՝ ծանր, գարշահոտ, կեղտոտ ու անկենդան. աչքերը փակ էին, բերանը՝ կիսաբաց, եւ միայն խռխռոցներն ու մկանների յանկարծակի կծկումներն էին մատնում, որ դա կենդանի մարդ է։ Ես մի տեսակ բթացել-շշմել էի, ամեն ինչ անում էի ինքնաբերաբար՝ ոչնչի մասին չմտածելով. ամեն բան ցնդել էր, եւ թւում էր, թէ ամբողջ կեանքում ես զբաղուած եմ միայն այս անմիտ գործով. ապարդիւն փորձում եմ ինչ-որ մէկին դուրս քաշել ցեխից… Ի վերջոյ, տարիքաւորն ու ես ընկածին կարողացանք բարձրացնել այնքան, որ միայն ոտքերը մնացին տիղմի մէջ։ Ձեռքերս, շորերս ցեխոտուել էին, եւ ես սրտնեղելով՝ կշտամբեցի ինքս ինձ, որ ամեն անգամ ընկնում եմ նման պատմութիւնների մէջ։

- Դու էդ վագոնի հայերից ես…- կարծես յիշելով, որ ես այդտեղ իր կողքին եմ, հարեւանցի ասաց տարիքաւորը՝ գլուխը դէմ տալով միւսի մէջքին. երեւի ուզում էր ձեռքերն ազատել, որպէսզի կարողանայ ընկածին գրկել թեւատակերից, բայց կորցրեց հաւասարակշռութիւնը, եւ երկուսով նորից շրմփացին գետնին՝ այս անգամ խոտերի մէջ՝ ինձ էլ իրենց հետ քաշելով ցած, սակայն ես վերջին պահին կարողացայ ազատել թեւս եւ ցատկելով յետ՝ չընկայ։ Տարիքաւորը շատ անյարմար ընկաւ. նա յանկարծ գոռաց եւ կողքի ընկնելով՝ սկսեց մի ոտքը դուրս քաշել երիտասարդի տակից՝  հետն էլ կատաղի հայհոյել։ Վերջապէս վեր ցատկեց տեղից եւ նորից սկսեց ոտքով հարուածել ընկածին՝ խառնաշփոթ խօսելով, հազալով ու թքելով։ Երկու անգամ, ինչպէս ինձ թուաց, նա իր յիշոցների մէջ յիշատակեց ինչ-որ Մարթայի, յետոյ ինչ-որ պարաններ ու հացի դանակ։ Մէջքից գրկելով՝ ես նրան քաշեցի մի կողմ։ Ընթացքում նա ինձ զարմանալի յստակ ասաց, որ ես իրեն մի շիշ օղի եմ պարտք, որովհետեւ ինքը փրկել է մեր՝ ինչպէս ինքն ասաց՝ «հայերի ճակատագիրը». այդ ի՛նքն էր, ի՛նքն էր, որ կուրծքը դէմ տալով՝ թոյլ չտուեց, որ Ֆասկի թաթարները գան ու թալանեն մեր վագոն-տնակը.

- Ո՜չ,- ասացի ես,- դուք իրաւունք չունէ՛ք հայերին ձեռք տալու…

Ես նրան նստեցրի գետնին՝ համոզելով, որ պէտք չէ հէնց հիմա, էս րոպէին գնալ ու կոտորել Ֆասկի թաթարներին, այլ կգնանք մէկ ուրիշ, աւելի յարմար ժամանակ։

- Ֆօկային էլ, չէ՞, կվերացնենք,- մի պահ պայծառացաւ նա,- յատկապէս Ֆօկային…

- Ֆօկային էլ,- ասացի ես։

Տարիքաւորը հանգստացած լռեց։ Գլուխն առնելով ափերի մէջ՝ նա որոշ ժամանակ տարուբերում էր ծնկները, յետոյ յանկարծ նորից փորձ արեց նետուելու դէպի ընկածը, որն արդէն խռխռում ու խռմփում էր՝ գլուխը թաղած խոտերի մէջ։ Ես հասցրեցի բռնել նրան ու յետ քաշել։ Նա սկսեց հեկեկալ. մի պահ ծոր տուեց ինչ-որ երգից մի տող, ապա դերասանավարի կուրծք ծեծելով՝ սկսեց պատմել մի շփոթ ու մութ պատմութիւն, որից ես մի կերպ կարողացայ հասկանալ, որ ընկածն իր «սեփական որդին» է, որը դաւաճանել է «սեփական հօրը», որովհետեւ «սեփական հօր» ձեռքից խլել է Մարթային, որն «ամբողջ աշխարհում» պատկանում է միա՛յն իրեն, միմիա՛յն իրեն.

- Եկայ տեսայ պաչպչւում են…

Արանքներում նա յիշատակում էր ինչ-որ կեղտոտ մանրամասներ, որոնցից իմ սիրտը բառացիօրէն խառնեց:

- Ես ձեր շո՛ւն տիրոջ…- հայհոյեցի ես եւ կտրուկ շուռ գալով՝ սկսեցի փնտրել իմ լուացքը, սակայն կարծես վերնաշապիկս ու ներքնաշորերս գողացել էին՝ գտայ միայն մի գուլպաս։ Այդ ամբողջ ժամանակ մարդը դեռ պատմում էր. խօսում էր փրփրած ու ծոր տալով՝ յիշելով ինչ-որ հին ու նոր հաշիւներ, մեքենայի մասեր, նախագահներ եւ այլն։ Ես վերցրի գուլպաս ու յետ դարձայ դէպի արահետը։ Երբ դուրս էի գալիս եղեգնուտից, նրա ձայնը յանկարծ կտրուեց. երեւի, փռուելով հարազատ որդու կողքին՝ արդէն խռմփում էր…

 

 

Գ

 

Որ շորերս գողացել էին՝ ցաւագնօրէն խոցեց սիրտս։ Ինձ յատկապեց դառնացրեց կորուստն իմ վերնաշապիկի, որը թէեւ գունաթափ էր ու մաշուած, բայց ինձ դուր էր գալիս։ Զգացի, որ այլեւս չեմ հագնի այդ վերնաշապիկը եւ շատ ուժեղ յուզուեցի։ «Էս տեսակ էլ բա՞ն կլինի,- մռայլ քրթմնջացի ինքս ինձ,- ամեն ինչ թարս է…»։ Ուզում էի գուլպայով մաքրել ձեռքերս, բայց ափսոսացի եւ գուլպան խոթելով գրպանս՝ պոկեցի մի փունջ խոտ ու սրբելով ձեռքերս՝ գնացի դէպի տնակը։

Պատուհանից լոյսը շեղակի զարկել էր գետնին, եւ պարզ երեւում էին քարերն ու չորացած ցեխագուղձերն իրենց տձեւ, երկարուկ ստուերներով, եւ այն մտքից, որ չորսբոլորը խաւար, ամայի տափաստանն է, դիմացը՝ խաւար գետը, վերեւում՝ խաւար երկինքը, իսկ այստեղ, ահա, լոյս է, հոգիս լցուեց այնպիսի երանագին խանդաղատանքով, որ վտանգից խոյս տուած մարդու պէս յանկարծ ուժգին ցանկութիւն ունեցայ անելու ինչ-որ ուրախ, չաչաճճի բան. մի պահ մտքովս անցաւ վախեցնել տղաներին, բայց ներսից լսուեց իմ հասակակցի ձայնը, որ տուեց իմ անունը: Ես կանգ առայ, ապա զգուշօրէն նստելով տնակի շեմքին՝ սկսեցի ականջ դնել, հայեացքով դարձած դէպի խաւարը, մտքով՝ դէպի լոյսը։    

- … չէ, ախպէր, էդ՝ ուրիշ,- ոգեւորուած ասում էր իմ հասակակիցը՝ հաւանաբար, դիմելով միայն ղարաբաղցուն, որովհետեւ չորրորդին՝ փափլիկին, նա տանել չէր կարողանում, քանի որ ինքն էլ նրա պէս փչան էր։- Ինքը շատ միամիտ է. օրինակ, եթէ տեսնի, որ երկու հոգի կռւում են, չէ՞, հա՜յ-հարա՜յ՝ անպոչ գդալի պէս իրեն մէջ կգցի՝ վա՜յ, պէտք չի՜, մի՛ կռուէք…- խօսքն, ուրեմն, իմ մասին էր, եւ ես նստած տեղս, չգիտես ինչու, կծկուեցի։- Մի խօսքով՝ հասկացող մարդ չի,- նրա մահճակալը ճռռաց, հաւանաբար, փոխեց դիրքը։- Էլ չի ասի՝ կարող է յետագայում էս մարդիկ հաշտուեն, իրար հետ քէֆ անեն, արանքում՝ ե՛ս տուժեմ…- լսուեց լուցկու չխկոց, ապա կարճ բկահազ, երեւի՝ ծխախոտ վառեց։- Կամ էլ՝ ի՞նչ իմանաս, կարող է՝ շուռ գան ու դանակը խրեն թիկունքդ, ի՞նչ իմանաս՝ ո՞վ են, ինչացո՞ւ են, ինչի՞ համար են կռւում… Ճիշտ չեմ ասո՞ւմ…  

Նա, իհարկէ, նախապէս գիտէր, որ ինքն անպայման ճիշտ է ասում. հաստատելու կարիք չկար։ Մի պահ լռեց, ապա կարճ, նենգահնչիւն ծիծաղեց. փափլիկն իր մահճակալից ինչ-որ բան ասաց. ես միայն «խըղճ…», երեւի՝ «խղճով», բառը հասկացայ. իմ հասակակիցը բանի տեղ չդրեց փափլիկի առարկութիւնը եւ ճլթացնելով իր, երեւի, թեւին, շարունակեց.

- Մարդու մէկը յիմար-յիմար գլխից դուրս է տալիս, բան չի հասկանում: Բայց դու բանի տեղ մի՛ դիր: Թող ուզածի չափ խօսի: Մի օր էլ էդպէս թանի ճանճի պէս մէջ կընկնի՝ կտան մռութին…

 Փափլիկն ուժեղ չպպացրեց շրթունքներն ու թաւալ գալով մահճակալին՝ ի հեճուկս նրա, գոռաց․

- Հրա-հօ՜…

- Ժամանակին մենք մի շուն ունէինք, որ էդ տեսակ զու-զու էր տալիս, վերջում՝ անհաց մնաց ու սատկեց…- իմ հասակակցի ձայնը տիրական էր, ծաղրական-անառարկելի։

Ժպտացի. ահա-ահա սկսուելու է թատրոնը։ Իմ հասակակիցն աջուձախ վիրաւորում էր փափլիկին, եւ դա կարծես օրէնք էր՝ այդպէս էլ պիտի լինէր, իսկ փափլիկը նրա դէմ պայքարելու յարմար ու անվտանգ ձեւ էր ընտրել. ամեն ինչ վերածում էր կատակի ու նրբօրէն ծաղրում նրան կամ էլ ուշադիր լսում էր իմ հասակակցի խօսքն ու անտեսում՝ յանկարծ բոլորովին ուրիշ՝ կապ չունեցող մի բան ասելով։ Սակայն այս անգամ փափլիկը չպատասխանեց. իմ հասակակցի ձայնը լուրջ էր ու սպառնալից, եւ ես մի պահ խղճացի փափլիկին՝ պատկերացնելով նրա դէմքի խռով-անճար արտայայտութիւնը։

- Կամ էլ որ մեր գործերն էսօր քարի տակ են մտնում՝ էլի իր մեղաւորութեամբ է,- տաքացած շարունակեց իմ հասակակիցը։- Ինչ ասում են՝ բերանը բա՜ց՝ հաւատում է… - նա, հաւանաբար, արեց իմ տնազն ու նորից ծիծաղեց։- Դրանք ցեղական հաւատացող են, ախպէր, դրանց ցեղը էդ տեսակ է։ Էն գլխից էլ գիտէի, որ դրա գլխին ջուր չի տաքանայ, բայց դէ տունս պապական հին  տուն է, էլի, չորս չռած մատ ճաք է տուել։ Ասի՝ հէրն էլ անիծած, գնամ հետը աշխատեմ, փորձեմ, մի քիչ փող յետ գցեմ, թէ չէ նախիր-մախիր պահելուց էլ օգուտ չկայ…- իմ հասակակիցը նշանակալից հազաց։- Հէ՜յ գիտի, որտեղից ո՛ւր ընկայ,- հոգոց քաշեց նա։- Անցեալ տարի էս ժամանակ Բերդասարի գլխին նստած՝ իմ քէֆին շւշւացնում էի…- դարձեալ լուցկու չխկոց լսուեց։- Օրինակ, ինչի՞ նման էր, ախպէր, որ էսօր ձէնը գլուխը գցած՝ էն տեսակ քեզ վրայ գոռգոռում էր,- խօսքը զգուշօրէն շուռ տուեց նա։- Դու գիտես՝ Իւանիչը չհասկացա՞ւ. շատ լաւ էլ հասկացաւ… Փոխանակ փշի-փշի անի շէֆին՝ ի՛նքն է իրեն շէֆի տեղ դնում… Դի՛ր,- յանկարծ ջղայնացաւ նա՝ խօսքը հեռակայօրէն ուղղելով ինձ,- տեսնենք, ո՞նց ես տակից դուրս գալու,- նա չարութեամբ փնչաց։- Օրինակ, քեզ ի՞նչ է պատասխանելու…

Իմ հասակակիցն ակնյայտօրէն սիրաշահում էր ղարաբաղցուն, բայց վերջինս լռում էր. ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց նրա խօսքերը։ Իր սովորութեան համաձայն, ղարաբաղցին երեւի չէր էլ լսում, թէ իրեն ի՛նչ են ասում. նա միշտ տարուած էր ինչ-որ բանով, որ անյայտ էր։ Ղարաբաղցին ընդամենը թեթեւակի շարժուեց իր մահճակալի վրայ, բայց ձայն չհանեց։

- Ես որ լինէի՝ էդ տեսակ չէի անի, է,- ասաց իմ հասակակիցը։- Անցեալ տարի… երեւի կիմանաս, ձեր կողմերում էլ է երեւի էդպէս, քաղաքից միշտ փողաւորներն աւտօյով սիրուն-սիրուն, որ նայես՝ ոնց որ մատ դիպած չլինի պատկե՜րք, պատկե՜րք…- երանութեամբ ծոր տուեց նա,- աղջկերք են բերում մեր սարերը. մի ձորի մէջ, բնութեան գրկում, ծարաւներն առնում, ծաղիկ են քաղում ու գնում։ Մի անգամ էլ ես ու Խլօ Գեւօն նստած ենք Բերդասարի գլխին. նախիրն իր քէֆին արածում է, մենք էլ՝ մէջք մէջքի տուած՝ հերթով շւշուացնում ենք։ Մէկ էլ տեսնենք՝ հակառակ կողմից մի աւտօ կամա՜ց մտաւ ծմակ. միջից մի չաղ, սպիտակ մազերով բուղայ դուրս եկաւ, էս կողմից էլ դուռը բացուեց՝ մի մատղաշ երինջ…  Ի՛նչ ասեմ, լոյս էր տալիս, է՛, լո՛յս…

- Երինջը ո՞նց կարող է աւտօ նստել,- իր մահճակալից ծաղրագին ձայն տուեց փափլիկը։- Ի՜նչ սուտ բաներ ես քեզնից մոգոնում…

- Դու քո մսուրքին մնայ, քեզ քար գցող չկայ…

- Քար լինէր՝ կգցէի դէմդ, որ սոված ժամանակ կրծէիր…

- Լաւ, հոգուս պարտք լինի՝ գալիք տարի որ գարունը բացուեց՝ քեզ էլ քշեմ նախիր՝ որ քո էդ փուչ աչքով համոզուես… Հա, հիմա էս Խլօն ասում է. «Արի գնանք էդ մարդու սեւը տանք. մի ոտը փոսում է, նայիր, ի՛նչ է անում»։ Ասի, էս տեսակ քմծիծաղով ասի,- իմ հասակակիցը քմծիծաղեց,- «Հօ դու յիմա՞ր չես. կգնանք, բայց ուրիշ բան կանենք»։ Գնացինք։ Հիմա էս Գեւօն թեւիցս անընդհատ քաշում է, ասում է. «Ամօթ է, արի յետ դառնանք»։ Իսկ ես, ախպէր, մօտեցայ ու՝ էն որ կինօներում ասում են, է՝ այ էդ տեսակ ասի. «Ողջո՜յն, շէ՛ֆ, բնութեան գրկում զբօսնո՞ւմ ենք…»։ Էդ մարդը նայեց, սփրթնեց, ոնց որ գլխին սառը ջուր լցնէին։ Ասի. «Չվախենա՛ք, շէֆ, ես ձեզ հասկանում եմ...»։ Երեւում էր՝ վախկոտ մարդ էր, թուքը չորացել էր բերանում, ես էլ դագանակը ձեռքիս պտտեցնում եմ։ Ասեց. «Մարդու ոսկոր ենք ման գալիս, հնագէտ ենք»։ Ասի. «Եղա՛ւ, շէֆ, իսկ էդ գեղեցկուհին ձեր հարազատ աղջի՞կն է…»։ Շշմեց, գոյն տուեց-գոյն առաւ։ Ասի. «Կատակ ենք անում, շէֆ, մենք էլ, չնայած անասունի հետ գործ ունենք, բայց կեանքի վայելքներից մի թեթեւ հասկանում ենք, խոտ չենք ուտում»։ Էդ մարդն ուրախացաւ, ասում է. «Երեւում է՝ դուք լաւ տղերք էք, ձետ հետ կարելի է խմել։ Ճիշտն ասած, ես հնագէտ չեմ, բանաստեղծ եմ, երեւի լսած կլինէք՝ Կոստան Վարդանեան»։ Ասի. «Էդ լաւ է, որ բանաստեղծ էք, շէ՛ֆ, բայց էստեղ ամեն քարի, թփի վրայ հազար աչք կայ. անցեալ անգամ էլ ձեզ նման մէկը մի սիրուն թռչնակի բերեց, տարաւ, վերջում՝ տարուեց…»։ Էդ մարդը գլուխը կովի պէս ցնցեց, նայեց, ասում է. «Այսինքն՝ ո՞նց՝ տարուեց»։ Ասի. «Վառուեց, էլի, շէ՛ֆ, էդ հազար աչքից մէկը վառեց…»։ Էդ մարդը մզզաց, «հըմ» արեց ու գլուխը մտցրեց աւտօյի մէջ։ Առիթից օգտուելով՝ ես էդ գեղեցկուհուն մի կո՜ւշտ աչքով արեցի...- հպարտօրէն ընդգծեց իմ հասակակիցը:- Վերջը, ախպէր, էդ մարդն աւտօյից երկու հատ նոփ-նոր չորսգոյնանի գրիչ, երկու հատ էլ վառիչ հանեց, տուեց։ Ասի. «Եղաւ, շէֆ, ես ձեզ հասկացայ։ Բարի վայելում։ Գնացինք, Խլօ…»։

Իմ հասակակիցը սպասողական լռեց, երեւի՝ ստուգելու տպաւորութիւնը, բայց, հաւանաբար, մնաց դժգոհ, որովհետեւ ոչ ոք չարձագանգեց։

- Հիմա ի՛նչ եմ ուզում ասած լինել…- թեթեւակի շփոթուեց նա։-  Այ, մարդն էդ տեսակ պիտի հասկացող լինի. տես, ախպէր, որ ես ասի՝ «վառուեց», էդ մարդը միանգամից հասկացաւ, որ մենք… վառիչ ենք… ուզում…- մի կերպ տեղաւորեց նա։- Գրիչն, ասի, կտամ տղիս՝ թող խզբզի…

- Վա՜յ,- ձեռքերն իրար զարկելով՝ գոռաց փափլիկը,- վա՜յ… ստերի տունը քանդուե՜ց… վա՜յ, ասում է՝ ասի՝ «վառուեց», վառիչ տուեց… վա՜յ…

- Ի՛նչ ես լաչառ կնկայ նման վեր-վեր անում,- իրեն կորցրեց իմ հասակակիցը։- Քոր ես առնո՞ւմ,- խայթեց նա։

- Յետոյ էլ էն մարդուն քննադատում ես,- փափլիկի ձայնը լրջացաւ։- Էն մարդը ձեռից ինչ եկել՝ արել է:

- Ես ճշտութի՛ւնն եմ ասում, յիմա՛ր,- բորբոքուեց իմ հասակակիցը։- Պիտի ձեռիցդ չեկածն անես, թէ չէ եկածն ով ասես կանի…

- Թող շէֆը դու լինէիր՝ անէի՛ր,- հակադարձեց փափլիկը։- Մի պահ էսպէս երեւակայելով պատկերացրու, թէ շէֆը դո՛ւ ես,- նրա ձայնի մէջ կծու-թաքուն ծաղրանք կար ու խորամանկ մի շեշտ,- կգնաս կքսմսուե՞ս… Երկրորդն էլ՝ յիմարը դու ես…

Ի զարմանս ինձ, իմ հասակակիցը միանգամից չպատասխանեց։ Նա  չպատասխանեց նոյնիսկ այն ժամանակ, երբ, իմ կարծիքով, արդէն պիտի պատասխանած լինէր։ Մի քանի անգամ փորձեց ինչ-որ բան ասել, բայց չկարողացաւ. շունչն, ասես, չէր հէրիքում, եւ խեղդուելով՝ միայն խնթխնթում էր։ Ես հասկացայ, որ նա չի կարողանում զսպել հրճուանքի իր ժպիտը, որը խանգարում է նրան խօսել։ Ի վերջոյ, լսուեց նրա զուարթ, լիաթոք ծիծաղը. դա մի կարճ ակնթարթով երջանկացած մարդու անբիծ-անստուեր ուրախութիւն էր, եւ ես տեղնուտեղը որոշեցի, որ այսուհետ նա կլինի մեր «շէֆը»։ Լուռ էր նաեւ փափլիկը, որի շիտակութիւնն անակնկալ էր ինձ համար, եւ ես նրա հանդէպ լցուեցի երախտագիտութեամբ, որ ինձ այդպէս անձնուիրաբար պաշտպանում է... Հոգիս խաղաղուեց, որովհետեւ բանը, ինչպէս ինձ թուաց, պարզուեց մինչեւ վերջ. այն, ինչ կասկածելի էր, դարձաւ անկասկած, այն, ինչ մութ էր, լուսաւորուեց։ Ես ինձ ազատ զգացի այն աւելորդ բեռից, որ ինձ ճնշում, ճզմում էր ամբողջ ժամանակ։

- Վե՛րջ,- շշնջացի ինքս ինձ,- է՛ս էլ վերջացաւ…

Հազիւ էր մարել իմ ձայնն իմ ականջում, երբ ուղեղս սուր խոցեց այդ խօսքերի անդառնալի իմաստը, եւ ինձ վայրկենապէս տիրեց սարսափը։ «Ո՞նց թէ,- խռովայոյզ եռալով՝ մտածեցի ես,- ուրեմն ես ամիսներով սոված-ծարաւ քարշ գամ էս անտէր տափաստաններով, սրա-նրա առաջ վիզ ծռեմ՝ ինչ է թէ մի գործ գտնեմ, որ հիմա էլ իմ չարչարանքը տան իմ ձե՞ռը…»։

- Ո՛չ մի դէպքում,- ֆշշացի ես, եւ աչքերիս դէմ լրիւ սեւացաւ ցաւից ու կատաղութիւնից, երբ կրկին վերապրեցի այն միջադէպը, որ ինձ հետ տեղի ունեցաւ ինչ-որ կորած-մոլորած գիւղի գրասենեակում: Մոլեգնած գիւղապետը, զայրոյթից կաս-կարմիր կտրած, փրփրել էր տարօրինակ արտահագուստով, ոտից գլուխ ցեխի մէջ կորած, գլխարկն աչքերին քաշած մի մարդու վրայ, որն ապշելիօրէն հանգիստ-անվրդով կանգնած էր նրա առջեւ: Նկատելով ինձ՝ նա լրիւ կորցրեց իրեն եւ գազազած ոտքը յատակին խփելով՝ ինձ ուղղակի վռնդեց դուրս: Ես յամառեցի՝ խնդրելով, որ նա ընդամենը մէ՛կ վայրկեան ինձ լսի: Ի պատասխան, գիւղապետը խելագարուած ճանկեց մոխրամանը սեղանի վրայից եւ ամբողջ ուժով շպրտեց ինձ վրայ: Ես մի կերպ ճողոպրեցի: Իմ յետեւից դուրս պրծնելով իր առանձնասենեակից՝ նա յարձակուեց իր գործավարուհու վրայ, թէ՝ «քանի հազար անգամ եմ քեզ զգուշացրել՝ էդ կեղտոտ սեւամազներին ներս չթողնես…»։

Ես սեղմեցի ատամներս՝ որոշակիօրէն զգալով, որ ներսս կրկին տակնուվրայ է լինում, ու ասես ինձնից անկախ՝ իմ մէջ ատելութիւն է արթնանում իմ հասակակցի նկատմամբ։ Վեր կացայ մտնելու ներս, որպէսզի ամեն ինչ նորից ընկնէր իր տեղը, բայց նոյն պահին էլ նորից նստեցի. ներսից եկաւ ղարաբաղցու կամացուկ, անշտապ, ասես խոր խորքերից ելնող ձայնը 

- Այ դուք էդպէս ասում-խօսում-ուրախանում էք, բայց իմ սրտին որ դանակ զարկեն՝ մի պուտ արիւն չի գայ… գժւում եմ… ես ինձ կսպանեմ… ես չեմ դիմանայ…

- Էդ ի՞նչ ես խօսում,- հաւանաբար, վրայ նստելով՝ վախուորած ու տարակուսած հարցրեց փափլիկը։- Թէ՞… ոտանաւոր ես արտասանում…- խօսքը ծռելով՝ փորձեց սրամտել նա, սակայն ղարաբաղցին չարձագանգեց, եւ նա սսկուեց։

- Ասում էր՝ մէրս ցնորուել է… Վա՜յ, մամ ջան…- ղարաբաղցու ձայնը լացակումեց։- Ասում էր՝ ճաշը բրդում, դնում է Արամի նկարի առաջ, ասում է՝ կեր, բալա ջան, ախր, դու էսօր բան չես կերել…- նրա ձայնը խեղդուեց, ու ես հասկացայ, որ նա լալիս է։- Ասա, չնայէի՜ր, էլի… չտեսնէի՜ր… աչքերդ խփած անցնէի՜ր…

- Արամն ո՞վ է, ախպէ՞րդ,- մի տեսակ զգոյշ-մեղաւորուած հարցրեց փափլիկը։- Բա ասում էիր՝ ախպէր չունե՞ս,- աւելացրեց հետաքրքրուած։

- Ինքը բանակում էր, որ ինձ էլ տարան բանակ... Վա՜յ, Աշխէն ջան… վա՜յ, մամ ջան…- ղարաբաղցին իրենց բարբառով ինչ-որ բան ասաց, որ ես չհասկացայ, բայց ձայնն արդէն զառանցական էր։- Չէ՜, ես տուն չե՜մ գնայ… ես ինձ կսպանե՜մ…

- Լսիր, դու հօ խելքդ չե՞ս գցել,- յանկարծ կատաղեց իմ հասակակիցը։- Մարդ ես, մարդավարի բան ասա՝ հասկանանք… Մի էս կողմը շուռ արի,- նա, հաւանաբար, իր մահճակալից ձեռքը գցելով՝ սկսեց քաշքշել ղարաբաղցուն։- Փոխանակ ի՛նձ ասես՝ երեսդ արել ես էն յիմարի կողմը. նա ի՛նչ է հասկանում՝ որ քեզ ի՛նչ ասի,- իմ հասակակցին երեւի դուր չէր գալիս, որ ղարաբաղցին ոչ թէ իրեն է դիմում, այլ փափլիկին։

- Թո՛ղ… թո՛ղ…- ասաց ղարաբաղցին եւ, հաւանաբար, ուշքի գալով՝ անսպասելի լռեց։

Քիչ անց նա սկզբում բեկբեկուն ու դողացող, ապա աւելի ու աւելի հաստատուն ու յստակ ձայնով սկսեց պատմել։ Պարզուեց, որ մեր այստեղ գալու հէնց առաջին օրը, երբ Իւանիչը մեզ ուղարկեց կայարան՝ բեռնաթափելու աղիւսի վագոնները, ղարաբաղցին խանութում ծխախոտ գնելիս անսպասելի հանդիպել է իր համագիւղացուն, որին նոյնպէս զինուորական ծառայութեան են բերել այս կողմերը։ Տեսնելով ղարաբաղցուն այստեղ՝ համագիւղացին մնացել է ապշած, ապա իմանալով նրա՝ տուն չգնալու մտադրութեան մասին, որոշել է պատմել նրանց ընտանիքի գլխին եկածը. պատմել է, որ նրա եղբայր Արամը, բանակից բարեյաջող տուն գալով, դարձել է գիւղի նախրապանը։ Մի անգամ երեկոյեան մթնշաղին, նախիրը տուն քշելիս, անտառի լանջից նկատել է, որ իրենց գիւղի գերեզմանոցում, որ գիւղից դուրս է, ծմակ մի տեղ, ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում գերեզմանոցի այն մասում, որտեղ թաղուած է իր վաղամեռիկ քոյր Աշխէնը։ Սիրտն ահ ընկած վազել է եւ տեսել, որ դրանք հարեւան գիւղի թուրքերից են եւ գերեզմանն էլ իսկապէ՛ս իր քրոջ գերեզմանն է:Թուրքերից մէկը ծնկած է եղել…

Ղարաբաղցին այստեղ նորից սկսեց գազազած լաց լինել, եւ լեզուն չզօրեց ասել, թէ ի՛նչ են արել թուրքերը. միայն լացի միջից ասաց. «Աշխէնի նկարը…», եւ ես նստած տեղում սահմռկեցի։

Տիրեց ծանր լռութիւն։ Միտք չկար, ոչինչ չկար։ Անդրադարձայ, որ տենդագին քորում եմ արմունկս։ Հեռո՜ւ իմ ներսում դանդաղ աճում էր ուրախութեան մի տարտամ-անորոշ զգացում. լաւ է, որ ես ներսում չեմ ու չեմ տեսնում ղարաբաղցու դէմքը։ Չգիտես ինչու, թւում էր, որ եթէ ես այդ պահին տեսնեմ ղարաբաղցու դէմքը, տեղի կունենայ սարսափելի, անտանելի, անհնարին մի բան, ու մենք բոլորս կոչնչանանք։ Եւ յանկարծ ես ղարաբաղցու հանդէպ լցուեցի ինչ-որ չար դժգոհութեամբ եւ սկսեցի կշտամբել նրան այն բանի համար, որ նա կայ, այդտեղ է, եւ մի միտք դաղեց ուղեղս, ու ես կառչեցի այդ մտքից՝ զգալով, որ ընկնում եմ, անվերջ ընկնում: «Կարո՞ղ է պատահել,- ինչ-որ չարախինդ մարմաջով մտածեցի ես,- կարո՞ղ է պատահել, որ ինքն էդ ամենի մասին հիմա՛ է պատմում, որ գլուխն ազատի մեր էս վիճակից, թողնի հեռանայ… Ինքն, ուրեմն, ափսոսում է, որ միացաւ մեզ… Ինքն ատում է ինձ, հաստա՛տ…»։ Միաժամանակ զգում էի, որ այն, ինչ մտածում եմ նրա մասին, անարդար է, սակայն ինձ գնալով աւելի ու աւելի էր դուր գալիս նրան մեղադրելը, ու ես ակամայ խրուեցի այն բոլոր մանր-մունր թերութիւնների մէջ, որ նա ունէր, եւ այն սխալների, որ արել էր։ Միտքս տենդագին քչփորում էր այն կեանքը, որ այստեղ ապրում էինք մենք եւ նա՝ նոյնիսկ չնչին մանրամասներին տալով մեծ, համարեա ճակատագրական նշանակութիւն։ Ես զբաղուած էի այս անուրախ աշխատանքով, երբ լսուեց փափլիկի ձայնը, որն ինձ սթափեցրեց, ու ես ճահիճը լքածի մի անակնկալ զգացողութիւն ունեցայ։

- Յետո՞յ…- մեղմ ու ցաւակցաբար հարցրեց փափլիկը,- բա յետոյ…

- Էլ ի՜նչ «յետոյ»,- խօսքը խլեց իմ հասակակիցը:- Էլ «յետոյ» մնա՞ց՝ որ «յետոյ»,- գազազեց նա։- Պարզ չի՞, գլուխը քարով աղացել են…- նա խօսում էր չոր ու դաժան,