ԱՐՄԷՆ, վէպ, 2005թ․
Մասն առաջին, գլուխ առաջին
(«Արմէն», վէպ, «Նաիրի», Երեւան, 2009թ․)
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
Ժամանակ առ ժամանակ մարդը կարիք է ունենում կարգի բերելու իր տունը։ Այն ձեռքը, որ քաոս է ստեղծում՝ խառնելով ու թափթփելով ամեն ինչ, այն նոյն ձեռքն է, որ մաքրում եւ իր տեղն է դնում իւրաքանչիւր իր։ Եւ ահա մի օր էլ ես ձեռնամուխ եղայ վերացնելու իմ կեանքի խառնաշփոթը. լայն բաց արեցի յիշողութեանս պատուհանները, որպէսզի օդափոխեմ ապրումներիս մգլահոտ սենեակը, ապա սկսեցի մէկիկ-մէկիկ հաւաքել շաղ եկած զգացումներս ու գեղեցիկ դարսել մտքերիս պահարանում, հանգամանօրէն յարդարեցի սիրոյ ու կարօտի վարագոյրները, դուրս նետեցի ատելութեան ու չարութեան հնոտիները եւ տքնաջան սրբելով երազանքներիս փոշեկուր ծածկոցը՝ ներկայի սեղանին դրեցի անցեալի մի փոքրիկ սափոր, որից ամեն կողմ դուրս էին ցայտում ապագայի հրավառ ծաղիկները։ Երբ յոգնած նստեցի հանգստանալու, յանկարծ զգացի, թէ ինչպէս է հոգուս մէջ ծաւալւում հաւերժութեան անորսալի բոյրը, եւ նիրհեցի։ Ուշքի գալով, դիմացս՝ իրականութեան պատին կախուած տառապանքների հայելում տեսայ իմ արտացոլանքը եւ ժպտացի. իմ առջեւ սեղանին հանգչում էր այս գիրքը, որ ամբողջովին կեանք է եւ մի քիչ էլ՝ գրականութիւն։
Հեղինակ
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Ա
Հասնելով մի ապահով բացատի՝ Արմէն անունով երիտասարդը հեւասպառ կանգ առաւ եւ ուշադիր զննելով շրջակայքը՝ ականջ դրեց. ոչ մի ձայն չէր լսւում։ Ծառերը ձիգ կանգնած՝ ինքնամոռաց ըմպում էին վերջալոյսի լռութիւնը՝ ասես փորձելով անմնացորդ որսալ երկնքից հեղուող լոյսի թանկագին կաթիլները, որոնք խոյս տալով՝ թափւում էին ցած ու շաղ գալիս խոտերի մէջ։ Թւում էր, թէ անտառը համատարած սարսռում է։ «Ոնց որ ես…»,- անցաւ երիտասարդի մտքով, եւ նա ուժգին քաղց զգաց։ Ուզում էր գետնին դնել ուղեպարկը, սակայն բնազդաբար մղուեց առաջ եւ քայլընթաց դողդողագին ձեռքով ուղեպարկից հանեց մի փոքրիկ թափանցիկ տոպրակ, որը լիքն էր ընկոյզի մեծութեամբ գնդաձեւ կարկանդակներով։ Երիտասարդը դրանք գնել էր գիւղ մտնելիս ճամփեզրին նստած մի պառաւից, որի փոքրիկ-գնդլիկ կերպարանքի եւ թխած կարկանդակների նմանութիւնն ակամայ շարժել էր նրա հետաքրքրութիւնը։ Այժմ յիշելով պառաւի կասկածոտ-քննախոյզ հայեացքը, երբ նա իրեն էր պարզում կարկանդակները, երիտասարդն ափսոսաց իր անտեղի մեծահոգութեան համար. եթէ ինքը, կանգ առնելով պառաւի մօտ, չյապաղէր, չէր հանդիպի նաեւ այն երեքին, որ ուզում էին իրեն սպանել։
Բանն այն էր, որ անտառապատ հովտի մի անկիւնում ծուարած այդ փոքրիկ գիւղում անյայտ հանգամանքներում սպանուել էր գիւղապետի տասներկուամեայ որդին, որի դին գտել էին մի օտարականի զբաղեցրած խարխուլ ու լքուած կացարանի մօտակայքում եւ անմիջապէս եզրակացրել, թէ երեխային սպանել է հէնց այդ օտարականը. սպանել է ու անյայտացել։ Երիտասարդը, որ աշխատանք փնտրելիս պատահաբար յայտնուել էր այդ գիւղում, դէպքի մասին իմացել էր մի փոքրիկ տղայից, որից նա խնդրել էր իրեն ցոյց տալ գիւղապետի տունը, սակայն տղեկը, կցկտուր պատմելով պատահածի մասին, վախեցած շուռ էր եկել ու փախել։ Երիտասարդը տարակուսանքով նայել էր նրա յետեւից եւ յանկարծ սուր զգացել անտառի մէջ կորած այդ փոքրիկ գիւղի դարանակալ ամայութիւնը։ Ուզեցել էր ետ դառնալ, երբ ծառերի արանքներից դուրս գալով՝ արահետն անակնկալ փակել էին երեք դժնի կերպարանքներ ու սպառնագին շարժուել դէպի նա։ Այն, ինչ յաջորդել էր դրան, ձայների, հայհոյանքների, գոռում-գոչիւնների, քաշքշուկի եւ աջուձախ տեղացող անկանոն հարուածների տաք, եռուն, խառնիճաղանջ մղձաւանջ էր, որից միայն անկապ ու անհասկանալի ծուէններ էին թափառում երիտասարդի յիշողութեան մէջ։ Նա պարզ յիշում էր միայն այդ ամբողջ ընթացքում իրեն ոչ մի վայրկեան չլքած խոր, անհնարին ամօթի զգացումը եւ վախը, որ ինքը կարող է ընկնել գետնին ու անդարձօրէն կորչել, ապա թէ անսահման սարսափը, երբ ինչ-որ ժամանակ կռուի արանքներում յայտնուել էր դանակի բաց-փայլփլուն մի շեղբ. ամբողջ կատաղութեամբ նետուելով դէպի շեղբը՝ երիտասարդը հասցրել էր ճանկել դանակը բռնած երրորդի դաստակը եւ ոլորելով նրա թեւը՝ յաջողել դանակը դուրս կորզել նրա մատների միջից ու ամբողջ ուժով շպրտել դէպի ծառերի խորքը. երրորդն ակամայ թողել էր երիտասարդին ու վազել դանակի յետեւից, մինչ միւս երկուսը մի պահ մնացել էին տարակուսած, եւ երիտասարդը կարողացել էր դուրս պրծնել նրանց շրջափակումից ու ընթացքից վերցնելով գետնին ընկած իր ուղեպարկը՝ արագ-արագ հեռացել։
Երիտասարդը կարկանդակը տարաւ դէպի շրթունքները, սակայն թուաց, թէ թիկունքից ականջին հասան ինչ-որ ոտնաձայներ։ Տագնապած յետ նայեց. արահետը լուռ էր, եւ բացատում միայն լսւում էին իրիկնային ժրաջան բզէզների հատուկենտ բզզիւնները։ Նա պարզօրէն զգաց, որ այն, ինչ կատարուել է իր հետ, թիւրիմացութիւն չէ, այլ մի տեսակ անխուսափելի հատուցում. այդ դէպքն իր ներսում առաջ է բերել մեղքի մի անորոշ-ծանր զգացում՝ կարծես ինքն է այդ երեխայի մահուան պատճառը։ Նա յիշեց, թէ ինչպէս բոլոր հաւաստիացումներն իր անմեղութեան մասին յուսահատեցուցիչ կերպով հանդիպում էին միատեսակ անըմբռնողութեան. այն երեքը միայն գոռգոռում էին, հայհոյում ու սպառնում, եւ իրենից չվրիպեց, որ նրանք սկսեցին իրեն հարուածել միայն այն ժամանակ, երբ իր համար եւս իր սեփական բացատրութիւններն անսպասելիօրէն սկսեցին հնչել անհամոզիչ ու կասկածելի, եւ ընկճուած՝ ինքն ակամայ կախեց գլուխը, երբ նոյն վայրկեանին էլ թուաց, թէ իսկապէս ի՛նքն է սպանել այդ երեխային…
- Նրանց համար պարզ էր մի բան, որ երեխային սպանել է օտարականը…- շշնջաց երիտասարդը՝ զարմանքով զգալով, որ դա տարօրինակօրէն ճիշտ է՝ անկախ այն բանից, թէ իրականում այդպէս է թէ ոչ։- Հըմ, ուրեմն, սա է «օտարութիւն» ասուածը. էս անդառնալի դատապարտուածութիւնը՝ անկախ մեղքից ու անմեղութիւնից…- խոր շունչ քաշելով՝ տնքաց նա։
Երիտասարդը թեւաթափ նստեց գետնին՝ չիմանալով իր անելիքը։ Առաջին անգամ նա ամբողջ սրութեամբ գիտակցեց իր վիճակի անելանելիութիւնը։ Հայեացքն ակամայ պտտեց շուրջբոլորը․ անտառը կանգնած է անտարբեր եւ ինքն իր մէջ պարփակուած՝ լուռ սպասում է՝ ինչի՞… Սպասում է, երեւի, այն բանին, ինչ արդէն եղել է հարիւր, հազար, անթի՛ւ անգամ։ Իմաստաւոր թէ անիմաստ՝ դա անտառի՛ կեանքն է եւ իր հետ կապ չունի։ Նաեւ խոտերը, որոնց վրայ ինքն ահա նստած է, նոյնպէս իր հետ կապ չունեն։ Իր հետ կապ չունի նոյնիսկ այն աննշան մրջիւնը, որ մոլորուել է իր դաստակի մազերի մէջ եւ յետ ու առաջ վազվզելով՝ ելք է փնտրտում։ Եւ երիտասարդի աչքերը յանկարծ խոնաւացան…
Նա ծնուել էր Հայաստան երկրում, բարձրաբերձ լեռների մէջ կորած Սար կոչուող մի փոքրիկ գիւղում, որի ցաքուցրիւ տները գրեթէ չէին տարբերւում քար ու ծապաններից։ Այն տունը, ուր նա լոյսաշխարհ էր եկել ու հասակ առել՝ որպէս իր ծնողների մինուճար զաւակը, ամբողջովին փլուզուել էր, երբ մութ, ցեխոտ աշնանային մի գիշեր անսպասելի զարկել էր երկրաշարժը։ Եւ հիմա յիշելով մօր արտասուաթոր հայեացքն ու հօր դէմքի անսահման յուսահատութիւնը, երբ նրանք լուռ-մոլորուած կանգնած էին տան փլատակների առջեւ ու չէին շարժւում, երիտասարդի սիրտը կտոր-կտոր եղաւ։ Թուաց, թէ ինքն է իր անճարակութեամբ նրանց վշտի միակ պատճառը։ Եւ նրան կրկին պատեց ընկած լինելու ցաւագին զգացումը, որը չէր լքում նրան՝ այն պահից սկսած, երբ յայտնուել էր այս հեռաւոր, օտար երկրում։ Շարունակ թւում էր, թէ ինքը երկնքի անսահման բարձրութիւնից միանգամից գահավիժել է երկիր, որը մի հսկայական խորդուբորդ տափարակ է, մի անանուն տարածութիւն, որ միաժամանակ բոլոր ուղղութիւններով փախչում է ոտքի տակից։ Նա, որ մշտապէս ապրել էր երկնքում՝ ամպերի մէջ, ամպերից վեր, արեւին ողջագուրուելու չափ մօտիկ, աստղերի շշուկները լսելու չափ բարձր մի աշխարհում, սրընթաց արշաւող քամիների թռչող բաշին ամուր կառչած եւ անմնացորդ ձուլուած՝ անյատակ անդունդների լռութեան սարսուռներին, գալով այստեղ, սուր կերպով զգացել էր, որ ինքը կարծես չորս կողմի վրայ ցրիւ է գալիս ու տարրալուծւում անորոշ հորիզոնների միապաղաղ մշուշներում։ Եւ լաց էր եղել Արմէն անունով երիտասարդը՝ նստած երկրի կաւէ յատակին, փոշիների մէջ, հասկանալով, որ դա է իր ճակատագիրը, որի հետ ինքն ուզած-չուզած պէտք է հաշտուի։ Այսպէս երիտասարդը գտել էր օտար երկրում անտրտունջ դիմանալու հնարը, մինչեւ որ, բախուելով այս կորած-մոլորած գիւղում պատահած միջադէպին, ճանաչեց օտարութեան իսկական դէմքը եւ սահմռկեց այնպէս, ասես առաջին անգամ հանդիպեց մահին․․․
Երիտասարդը փորձեց համտեսել կարկանդակից, սակայն անակնկալի եկաւ. հակառակ իր փափուկ տեսքին, կարկանդակն անասելի չոր էր եւ ընկոյզի պէս պինդ։ Ատամներն այնպէ՛ս ցաւեցին, որ ուղղակի ոռնաց։ Նստած տեղը կծկուեց եւ նոր միայն անդրադարձաւ, որ ամբողջ մարմինն անխնայ ծեծուած է ու տնքում է ոտից գլուխ։ Յատկապէս, սուր ցաւում են ռունգերը։ Զգուշօրէն շօշափեց՝ քիթն ուռած է ու ծռուած մի կողմ։ Ձեռքի երեսով մաքրեց շրթունքները՝ ձեռքն արիւնոտուեց։ Կիսով չափ արիւնոտ է նաեւ կարկանդակը։ Բերանում զգաց արեան մածուցիկ համը եւ նոր միայն ամբողջովին ըմբռնեց իր հետ պատահածը. ասես անյայտ մէկը փորձում է իրեն նուաստացնել…
- Չի՛ յաջողուի…- մռլտաց երիտասարդը՝ դուրս թքելով արիւնն ու ամուր սեղմելով շրթունքները։ Զգում էր, որ մի ահեղ զայրոյթ է բարձրանում իր մէջ, եւ ինքը լցւում է անսովոր մի ուժով։ Դա կեանքի ուժն է։ Ի՛ր կեանքի ուժը։ Ի՛ր ուժը։ Եւ ոչ ոք չի կարող իրենից խլել այդ ուժը․․․
Նա մի քիչ անորոշ սպասեց, ապա թեթեւ ոստիւնով ոտքի կանգնեց եւ վճռական քայլերով շարունակեց ճանապարհը։
Բ
Երբ երիտասարդը դուրս եկաւ անտառից եւ անցաւ մռայլ ու պղտոր գետը, որ բաժանում էր անտառը տափաստանից, կամրջի գլխին մի պահ կանգ առաւ՝ հայեացքով ընդգրկելով հորիզոնները։ Հեռո՜ւ-հեռւում արեւի գահավիժող գունդը, անձայն թնդիւնով բախուելով հորիզոնին, ցրիւ եկաւ, եւ նրա հրեղէն շիթերը ցայտեցին դէպի երկնքի չորս կողմերը՝ անծայրածիր տափաստանը լցնելով իրիկնային լռութեան անտարբեր փոշով։ Աշխարհը վիթխարի էր, յուսահատութեան առիթների չափ շատ էին ճանապարհները, եւ անորոշ տագնապից կծկուեց երիտասարդի սիրտը. ինքն այս ո՞ւր ընկաւ, ինչպէ՞ս, ինչո՞ւ… Սակայն յաջորդ պահին նա առաջին անգամ շօշափելիօրէն զգաց ստուերների մէջ թաղուած երկրի կլորութիւնը, եւ հոգին լցուեց մի անծանօթ բերկրանքով. ինքը բաց է ե՛ւ ապրելու, ե՛ւ մեռնելու, ե՛ւ յաղթելու, ե՛ւ կործանուելու համար…
Հասնելով առաջին պատահած խաչմերուկին՝ երիտասարդը կրկին վարանոտ կանգ առաւ։ Ճանապարհներն անհամար կնճիռների պէս պատել էին երկրի մթնող դէմքը։ Լայնատարած հեռւում հազիւ նշմարւում էին գիւղեր, աւաններ ու քաղաքներ, որոնք այս կորդ-անսահման տափաստանում նմանւում էին այստեղ-այնտեղ պատահականօրէն աճած թանձր մացառուտների, եւ երիտասարդն ակամայ յիշեց ճամփեզրին նստած պառաւին։
«Ոնց որ պառաւի խորշոմապատ դէմքը լինի…»,- երկրի մասին մտածեց նա։
Դիմացը ձգուող նեղ ու խորդուբորդ ճանապարհին շարժւում էր մի անորոշ-երկարուկ բիծ։ Երիտասարդն ինքնաբերաբար բռնեց այդ ուղղութիւնը․բիծը, հաւանաբար, մարդ է, որից կարելի կլինի ինչ-որ բան իմանալ։ Որոշ ժամանակ անց մթնշաղից ընդառաջ ելաւ մի անորոշ ստուեր, որը մի կողմի վրայ կաղալով մօտենում էր։ Քայլուածքի թեթեւ ճօճքից Արմէնը ենթադրեց, որ շուն է։ Նկատելով նրան՝ շունը կանգ առաւ, հոտոտեց օդը, ապա շարունակեց մօտենալ։ Երեւի, թափառական մի շուն է՝ ծեծուած ու սոված։ «Ոնց որ ես…»,- անցաւ Արմէնի մտքով եւ կարեկցանքի մի մխիթարական զգացում ունեցաւ շան հանդէպ։ Կանգ առնելով՝ ուղեպարկից կարկանդակ հանեց ու պարզեց շանն ընդառաջ։ Ի զարմանս նրա, շունը լայն աղեղ գործեց եւ խոյս տալով՝ անտարբեր շարունակեց ճանապարհը. նա, հաւանաբար, դիմում էր դէպի անտառ՝ այնտեղ գիշերելու համար։ Արմէնը նայեց նրա յետեւից եւ սարսռաց. դա ոչ թէ շուն էր, այլ գայլ, որը հասնելով խաչմերուկին՝ կանգ առաւ եւ վիզը ծանրագին թեքելով՝ Արմէնին նայեց մեծ-փայլուն աչքերով։ Որոշ ժամանակ Արմէնն ու գայլը յառուել էին իրար, ապա գայլը շրջեց գլուխը եւ դանդաղ հեռացաւ գետափնեայ թփուտների ուղղութեամբ, Արմէնն էլ շարունակեց իր ճանապարհը։
Արեւն արդէն հեռացել էր, սակայն նրա կարմիր-ծիրանագոյն հետքը դեռեւս լուսաւորում էր հեռու հորիզոնը, եւ շուրջը թւում էր աւելի մութ, քան գուցէ կար իրականում։ Արմէնն այն զգացումն ունէր, թէ ոտքերով հունցում է մութը։ Ճանապարհի լռութիւնը կլանում էր նրա ոտնաձայները, որոնք խառնուելով շնչառութեանը՝ նրան ներշնչում էին անընդհատ շարժման մէջ գտնուելու շարունակական թեթեւութիւն։ Ռունգերում նստած էր ոտքերից ելնող փոշու տտիպ հոտը, եւ դա նշան էր, որ ինքը վստահօրէն տիրում է ճանապարհին։ Առանց նոյնիսկ ոտքի տակ նայելու, Արմէնը վարպետօրէն շրջանցում էր խորդուբորդութիւնները. մանկութ լեռների քար ու կապաններին սովոր նրա կրունկների համար դա ընդամենը խաղ ու պար էր։ Արմէնը դիտում էր շուրջը՝ հայեացքով տնտղելով ամեն քար ու թուփ, թումբ ու գուղձ, քանզի գիտէր, որ ինքն այդտեղ մենակ չէ, եւ նոյնպիսի ուշադրութեամբ էլ իրեն անտեսօրէն հետեւում է տափաստանը։ Եւ այդ փոխադարձ յարգանքի զգացումը ջերմացնում էր նրա սիրտը…
Որոշ ժամանակ անց նա թիկունքում որսաց ինչ-որ ահագին բանի կենդանի շունչը եւ շուռ գալով՝ յառուեց մթութեանը։ Ականջին հասաւ խուլ դղրդոցի նման մի աղմուկ, որը կարծես ելնում էր գետնի տակից, ապա պարզ լսուեցին հատու ոտնաձայներ, որոնք միապաղաղ կշռոյթով կրկնւում էին։ Ակամայ շունչը պահեց, երբ խաւարից անսպասելի բուսնեց մի բազմածաւալ շարժուն առարկայ, ու եկաւ խուլ-համբերատար մի թառանչ, եւ նոյն պահին նա առաւ ձիու ու խոտի ծանօթ հոտը։ Դա գիւղացիական մի սայլ էր, որին լծուած էր մի երկարամազ-բրդոտ ձի, նստատեղին էլ բազմել էր մի յաղթանդամ գիւղացի. նա, հաւանաբար, վերադառնում էր անտառից։ Հասնելով Արմէնին, սայլը կանգ առաւ։ Արմէնն ուրախացած ողջունեց սայլապանին եւ ընդգծուած սիրալիութեամբ հարցրեց, թէ նա արդեօք կարո՞ղ է իրեն հետը տանել մինչեւ յաջորդ բնակավայրը։ Սայլապանը հարկ չհամարեց պատասխանել. նա անշարժ ու լուռ նստած էր, ու թէեւ գլուխը գծագրւում էր հորիզոնի աղօտ լոյսի մէջ, սակայն դէմքը չէր երեւում։ Արմէնն իրեն գցեց թափքի մէջ, եւ սայլը շարժուեց։
- Ձեր կողմերում գայլեր շա՞տ կան,- տեղաւորուելով փափուկ խոտին ու մէջքը յենելով սայլի ճաղաշարին՝ խօսակցութիւն բացեց Արմէնը։- Քիչ առաջ մէկին հանդիպեցի. սկզբում կարծեցի, թէ շուն է, բայց յետոյ պարզուեց, որ գայլ է…- ժպտաց նա։
Սայլապանը չարձագանգեց։ Դա, երեւի, մի ծանրատամար գիւղացի էր, որ խօսք ու զրոյցի հետ գլուխ չունէր։
Արմէնը թէթեւակի շփոթուեց, ապա ուղեպարկից հանեց երեք հատ կարկանդակ ու նստած տեղում ձգուելով՝ երախտագիտութեամբ առաջարկեց սայլապանին, բայց վերջինս դարձեալ մնաց անհաղորդ՝ ո՛չ ընդունեց, ո՛չ մերժեց։ Տարակուսած՝ Արմէնը յետ քաշեց ձեռքը, երբ նոյն վայրկեանին մտքում կայծակեց, թէ ճիշտ նոյն ձեւով իր կարկանդակից հրաժարուեց նաեւ գայլը, եւ մի օտարօտի զգացում ունեցաւ։ Թուքը կուլ տուեց եւ փորձեց աւելի ուշադիր դիտել սայլապանին, սակայն անխնամ-խճճուած մազերից եւ խաւար կիսադէմից բացի, ուրիշ ոչինչ չտեսաւ։ Շուտով Արմէնը մոռացաւ սայլապանին եւ սկսեց դիտել երկինքը, որը քանի գնում ոչ թէ պայծառանում էր, այլ կարծես աւելի ու աւելի ծաւալւում՝ փորձելով աւելի յարմար տեղաւորուել տարածութեան մէջ։ Արմէնն ակամայ յիշեց իրենց գիւղի երկինքը, որ անհունօրէն բարձր էր եւ ծփում-ալեկոծւում էր հազարազուարճ աստղերի անթիւ հրավառութիւններից։ Օրօրուելով սայլի շարժումների համեմատ եւ ականջը ձիու միապաղաղ դոփիւնին՝ նա որոշ ժամանակ անց արդէն նիրհում էր՝ հոգին յանձնած պայծառ յուշերին ու արագ-արագ իրար յաջորդող երազներին…
Նա արթնացաւ տանջալից մի տագնապից՝ քնի մէջ զգալով, թէ իբր իր դէմքը պատուած է երկաթեայ աներեւոյթ ցանցով, որից ոչ մի կերպ չի կարողանում ազատուել. որքան փորձում է իրենից հեռու վանել այդ ցանցը, այնքան աւելի ու աւելի է խճճւում նրա մէջ։ Արմէնը յետ քաշուեց դէպի ճաղաշարը, եւ նոյն պահին ողնաշարի մէջ ցոլաց կտրող մի ցաւ, եւ նա սթափուեց։
Շուրջը խոր գիշեր էր։ Երկնքի մութ առաստաղից կախուած լապտերի պէս շողում էր լիալուսնի փայլուն բակը՝ ճանապարհին ընդառաջ։ Տափաստանը լցուած էր աղօտ ստուերների անծայրածիր լռութեամբ, որի մէջ շարժուող սայլի աղմուկն ասես հասնում էր անիրական հեռուներից։ Դիմացից փչում էր մի ցուրտ քամի, որը թւում էր, թէ ելնում է ուղիղ լուսնից, եւ դրանից տպաւորութիւն էր առաջանում, թէ սայլը սլանում է գիշերուայ մէջ։ Սայլապանը նստած էր նոյն անշարժութեամբ եւ այդ ամբողջ ընթացքում դիրքը դոյզն-ինչ չէր փոխել։ Նրա մարմնի մութ-անորոշ զանգուածը լուսնի լոյսի մէջ թւում էր է՛լ աւելի ահարկու ու խորհրդաւոր. լուսնի լոյսն ինչ-որ զարմանալի ձեւով շրջանցում էր նրան, եւ երեւում էր միայն նրա հսկայական շուքը, որ դանդաղ վերուվարում էր ճանապարհին։ Յանկարծ սայլը միանգամից մտաւ ստուերի մէջ, եւ շուրջը տիրեց անտարբերելի խաւար։ Արմէնը վիզը ճիգով թեքեց եւ ձախ կողմում տեսաւ մի մեծ սար, որն ասես բոլորովին անտեղի՝ շեշտակի բարձրանում էր լուսնային ամայութեան մէջ։ Սարը տարօրինակ տեսք ունէր, անբնական սուր ու բեկբեկուն ուրուագծեր, որոնք արծաթէ աղօտ փայլ էին արձակում։
- Էս ի՞նչ սար է,- հարցրեց Արմէնը՝ դառնալով սայլապանին։- Շատ անսովոր սար է…
Սայլապանն այս անգամ եւս չպատասխանեց։ «Կարո՞ղ է՝ խուլույամր է…»,- անցաւ Արմէնի մտքով։ Նրա վրայ ահ իջաւ, եւ սիրտն սկսեց տագնապով բաբախել։ Ուզում էր վեր կենալ նստած տեղից եւ ցնցել սայլապանին՝ ինքն էլ չիմանալով, թէ ինչու, երբ սայլը կտրուկ թեքուեց դէպի աջ եւ քիչ առաջ գնալով՝ կանգ առաւ։ Արմէնը նայեց սայլապանի ուղղութեամբ. դիմացը բացարձակ անյայտութիւն էր եւ անդնդախոր խաւար։ Մղուեց, այնուամենայնիւ, էլի ինչ-որ բան հարցնելու, բայց զգաց, որ չի կարողանում։ Ինքնաբերաբար ցած թռաւ սայլից եւ մօտեցաւ սայլապանին, որպէսզի հրաժեշտ տայ, բայց երբ հաւասարուեց նրան, սայլն անսպասելիօրէն տեղից պոկուեց։ Արմէնը մեխուեց տեղում. թուաց, թէ օդում մի պահ տեսաւ սայլապանի մեծ-փայլուն աչքերը…
Որոշ ժամանակ Արմէնը շշմած նայում էր սայլի յետեւից, որը կարծես տարրալուծուեց խաւարի մէջ ու չքացաւ։ Չէր լսւում նոյնիսկ անիւների աղմուկը։ Արմէնը մի քանի քայլ արեց, բայց զարմանքով յայտնաբերեց, որ այդտեղ կարծես ոչ մի ճանապարհ էլ չկայ․ խորդուբորդ տափաստան է՝ լցուած մեծ-մեծ հողագուղձերով ու բարձր փշերի մացառներով։ Թօթուեց ուսը եւ յետ դարձաւ։ Երբ նա կրկին ճանապարհ դուրս եկաւ, դէմառդէմ յառնեց սարը, որը տիրականօրէն վեր էր խոյանում երկնքի աղօտ խորապատկերին եւ թւում անմատչելի՝ որպէս մի հսկայական բնական սիւն, որին յենուած է անծայրածիր երկինքը։ Սարն անդիմադիր կերպով ձգում էր։ Արմէնը կտրեց ճանապարհը եւ, մտնելով փուշ ու մացառների ծովը, գնաց դէպի սարը։ Հասնելով լոյսի սահմանագծին՝ նա ցնցուած կանգ առաւ. սարից տարածւում էր մի աներեւակայելի գարշահոտ, որից գլուխը պտտուեց։ Հաւանաբար, դա մօտակայ ինչ-որ քաղաքի աղբանոցն էր։ Եւ Արմէնին ուրախութիւն պատճառեց անակնկալ մի միտք. հնարաւոր չէ՞ արդեօք մաքրել աղբի այս ահռելի զանգուածը։ Ինչո՞ւ ոչ։ Կարելի է։ Եթէ ցանկանան, ինքը կարող է։ Միայնակ։ Առանց որեւէ օգնութեան։ Կաշխատի գիշեր-ցերեկ, եւ, ի վերջոյ, կգայ մի պահ, երբ կհեռացնի նաեւ վերջին մնացորդները։ Աղբի սարն այլեւս չի լինի, չի լինի նաեւ այս գլխապտոյտ գարշահոտութիւնը։ Ինքը կվաստակի այնքան, որ բաւարար կլինի հայրական տունը նորոգելու համար… Այս մտքից Արմէնն այնպէ՛ս ոգեւորուեց, որ վայրկենապէս ընկաւ երազների գիրկը. արդէն տեսնում էր իր հայրական տունը՝ ամուր, նորոգ եւ լայն, լուսաւոր պատուհաններով…
Գործնական քայլերով նա անցաւ խանդակը, որ մութ գօտու պէս եզերում էր սարի ստորոտը, եւ ընդհուպ մօտեցաւ աղբանոցին։ Ուշադիր տնտղեց. աղբանոցը քիչ-քիչ սկսեց նրան դուր գալ, նոյնիսկ գարշահոտն այնքան էլ անտանելի չթուաց։ «Հոտ է, էլի,- անցաւ մտքով,- միւսներից ո՛չ լաւ, ո՛չ վատ»։ Ձեռքով թփթփացրեց մի քանի ջարդրդուած տակառների, որոնք լցուած էին ցեխով ու ինչ-որ փայլուն հեղուկով, եւ լռութեան մէջ լսուեց մետաղի խուլ, ասես լուսնային արձագանգը։ «Կարող էր նոյնիսկ աւելի մեծ լինել»,- անցողակի մտածեց նա՝ հայեացքով ստորոտից մինչեւ գագաթ չափելով աղբի սարը։ Մօտակայ մի մթին խորշից լսուեց առնէտների թունդ խլրտոցի ձայն, ապա տագնապալի ծւծուոցով նրանցից մէկը դուրս ցատկեց եւ սարսափահար նետուեց փախուստի, իսկ նրա յետեւից դուրս պրծաւ եւս մէկը, որ նկատելի խոշոր էր, եւ կատաղօրէն հետապնդեց նրան։ Առաջինն ապշեցուցիչ արագութեամբ հասաւ մինչեւ սարի կատարն ու անհետացաւ ինչ-որ շեղջի տակ, իսկ երկրորդը միտքը փոխեց եւ յետ դառնալով՝ համարձակօրէն անցաւ Արմէնի ոտքերի մօտով ու մտաւ մի սեւ-կլոր անցքի մէջ։ Սիրելի են նոյնիսկ այդ առնէտները…
Որոշելով անելիքը՝ Արմէնն ուզում էր արդէն յետ դառնալ, երբ թուաց, թէ ականջին հասան մարդկային հեռաւոր ճիչ ու գոռգոռոցներ։ Շրջանցելով մետաղի խառնիխուռն կուտակները՝ նա դուրս եկաւ սարի հակառակ կողմը եւ դէմ ընկաւ մի ահագին մեծ, ձագարաձեւ փոսի, որ լցուած էր խաւարով։ Ոչինչ չտարբերեց։ Ուզում էր հեռանալ, երբ դարձեալ ձայներ հասան ականջին՝ այս անգամ աւելի որոշակի։ Բարձրացաւ հարեւանութեամբ գտնուող մի քարացած աւազակուտակի գլուխը, եւ հայեացքի առջեւ բացուեց աղբասարի լուսնալոյսով ողողուած լանջը։ Արմէնն ապշեց. գագաթնամերձ խորխորատներում խլրտում էր մի ամբողջ մարդկային բազմութիւն, որ ցրիւ եկած՝ եռանդագին քջջում էր աղբն ու ստեպ-ստեպ ուրախութեան սուր ճիչեր արձակում, երբ գտնում էր որեւէ պիտանի իր՝ մի շիշ, ծածկոց, գիրք, դոյլ կամ բահի շեղբ։ Դրանք թշուառ ու աղքատ մարդիկ էին՝ հարբեցողներ, խելապակասներ, անտուններ, թմրամոլներ, անգործներ ու թափառաշրջիկներ, որոնց Արմէնը երբեմն տեսել էր իր թափառումների ընթացքում. տղամարդիկ ու կանայք, ջահէլներ ու զառամածներ, հիւանդներ ու հաշմանդամներ՝ կեղտակուր քրջերի մէջ կորած, անխնամ-գզգզուած կերպարանքներով, ուռած դէմքերով ու պղտոր-տանջահար հայեացքներով։ Արմէնն ակամայ կնճռեց դէմքը եւ անշարժացած՝ դիտում էր, թէ ինչ է տեղի ունենում այդտեղ։ Աչքով ընկան երկու հոգի՝ տարիքն առած մի կին ու մի միջահասակ տղամարդ, որոնք միաժամանակ գտել էին մի հին, քրքրուած ծածկոց եւ գոռգոռալով՝ քաշքշում իրար ձեռքից։ Խռպոտ ճղճղալով՝ կինը, հաւանաբար, փորձում էր ապացուցել, թէ առաջինն ի՛նքն է գտել ծածկոցը, իսկ տղամարդը պնդում էր հակառակը եւ լուտանքներ թափում կնոջ գլխին։ Քիչ անց կաղալով նրանց մօտեցաւ մի ծանրակշիռ մարդ՝ մեծ գլխով ու յաղթ մարմնով՝ ձեռքին փնջած մի քանի դատարկ շշեր։ Նա ինչ-որ բան ասաց վիճողներին ու հանդիսաւոր կանգնեց նրանց կողքին՝ պսպղացնելով աչքերը։ Մարդը մի քիչ անմասնակից սպասեց, ապա յանկարծ գցեց հսկայ թաթը, խլեց շորը վիճողներից եւ ապշելի արագութեամբ սլացաւ լանջն ի վար։ Միջահասակն ընկաւ նրա յետեւից, բայց սայթաքեց լպրծուն աղբի վրայ ու կողքի վրայ ընկնելով՝ գլորուեց մի մեծ փոսի մէջ։ Կինը վայնասուն բարձրացրեց եւ նետուեց օգնելու միջահասակին։ Նստելով աղբի մէջ՝ նա միջահասակի գլուխն առաւ ծնկանը եւ սկսեց շոյել ու մխիթարել նրան։ Միջահասակը յանկարծ կտրուկ վեր ցատկեց եւ սկսեց ձեռքերով տենդագին փորփրել իր ընկած տեղը։ Քիչ անց նա աղբի տակից դուրս քաշեց մի անթեւ կաշուէ բաճկոն եւ ուղղակի ցնծաց՝ արձակելով մի տարօրինակ ճիչ։ Կինը որոշ ժամանակ տխուր ժպիտով նախանձով նայում էր բաճկոնին, յետոյ գլուխը քաշեց ծնկների արանքն ու կծկուեց։ Տղամարդը մի քիչ մտածեց, ապա, թափ տալով՝ բաճկոնը գցեց կնոջ ուսերին ու շեղակի բարձրանալով դէպի գագաթը՝ ոտքի տակից վերցրեց մի լայներկար փայտի կտոր ու դրա ծայրով սկսեց նոր եռանդով փորփրել աղբը…
Արմէնը դանդաղ խոնարհեց գլուխը եւ հայեացքը յառեց ոտքի տակ։ Այսպէս աւելի ապահով է. մարդկանց ձայները, ճիչերը, խօսակցութիւնները, լացն ու ծիծաղը կարծես հասնում են աւելի հեռուից։ Աղբանոցը մաքրելու իր երազանքն անգամ այդ մարդկանց զրկում է ապրուստի վերջին յոյսից…
Նա իջաւ աւազաթմբից ու մտաւ մացառուտների մէջ։ Կանգ առնելով ճանապարհի եզրին՝ խնամքով թափ տուեց շորերը փշերից ու փոշիներից ու ճամփայ ընկնելուց առաջ մի պահ յետ նայեց. աղբի սարն անյողդողդ կեցած է երկնքի եւ երկրի միջեւ՝ անշարժ, յաւիտենական, եւ թւում է, թէ ոչինչ չի կարող խախտել նրա անվրդով ու արժանապատիւ հանգստութիւնը…
Արմէնը դէմքը շուռ տուեց եւ ձեռքը տանելով՝ զգուշօրէն շօշափեց գօտկատեղի գաղտնագրպանը. այն չնչին դրամը, որ վաստակել էր ինչ-որ գիւղում մի գիւղացու բակի ջրհորը մաքրելու դիմաց, տեղում էր։
Ժպտաց եւ ուղեպարկը գցեց ուսին։
© Սեւակ Արամազդ