ԱՐՄԷՆ, վէպ, 2005թ․

Մասն առաջին, գլուխ երրորդ

 

Ա 


 Կայարանը թաղուած էր լիակատար մթութեան մէջ, եւ սպասասրահի դռները փակ էին։ Հրապարակը ծածկուած էր անտառի լայնատարած ստուերով, որի խորքում քուն էին մտել բոլոր մեծ ու փոքր շինութիւնները։ Շուրջն ամեն ինչ ընկղմուած էր գիշերային անշարժ թմբիրում, եւ միայն լուսինն էր երկնքից արթուն հսկում երկրի քունը։

Արմէնը փռուեց պատի տակ եւ մէջքը յենելով պատին՝ սրսփաց. բետոնը սառն էր, պատը սառն էր, օդն էլ որոշակի ցրտել էր։ Ուղեպարկը դրեց տակը եւ կծկուեց։ Խոր լռութեան մէջ երբեմն-երբեմն լսւում էին գորտերի հեռաւոր կանչերը եւ մենաւոր գիշերահաւերի թեւաբախումների հատուկենտ շրշիւնները, որոնք հասնում էին անտառի խորքից, ուր խաւարում հոսում էր գետը։ Լուսնի աղօտ լոյսի մէջ ամեն բան ասես չքացել էր՝ թողնելով միայն իր ստուերը։ Ինքն էլ կարծես նոյնպիսի մի ստուեր է, որ շնչում է, բայց շունչ չունի, դողում է, բայց մարմին չունի, խօսում է, բայց ձայն չունի… Արմէնն ակամայ աւելի ուժեղ սեղմուեց պատին եւ պատի խորդուբորդ ու բեկբեկուն խզուածքի ծանօթ ձեւից զգաց մէջքով, որ ինքնաբերաբար նստել է իր նախկին տեղում։ Թուաց, թէ ինքը մի ամբողջ հաւերժութիւն այդպէս պատի տակ նստած՝ քարացել է սպասման մէջ. ո՛չ եկել է, ո՛չ էլ պիտի գնայ. շուրջն անսկիզբ-անվերջ գիշեր է, եւ միակ շօշափելի ներկայութիւնը լռութիւնն է։ Գլուխը դնելով ծնկներին՝ նա ընկաւ անթարթ մոռացութեան մէջ եւ աննկատելիօրէն քնեց։

Երազում տեսաւ, թէ ինքը մթին մացառուտների միջով ահաբեկուած փախչում է դէպի մի սրածայր լեռ, որ բարձրանում է հեռու հորիզոնում՝ ձիւնաճերմակ գագաթը մխրճած երկնքի մէջ։ Թիկունքում սարսափով զգում է շնչառութիւնը երեք անծանօթ կերպարանքների, որոնք կրնկակոխ հետապնդում են իրեն, եւ ամեն վայրկեան թւում է, թէ ահա-ահա կբռնեն իր թեւից։ Ամբողջ ուժով նետւում է առաջ, դէպի լեռը, որ գնալով մօտենում է։ Ուրախութեամբ զգում է, որ մօտ է իր փրկութիւնը, եւ ինքը կյաղթի այդ երեքին։ Ահա եւ լեռան ստորոտը, որ ծովի պէս կապոյտ է եւ երկնքի նման՝ մաքուր։ Մի պահ յետ է նայում եւ մնում ապշահար. այդ երեք  կերպարանքներն անչափ նման են իրեն, ճիշտ եւ ճիշտ ինքն են՝ Արմէնը. նրանք սիրալիր ողջունում են իրեն եւ ժպտադէմ մօտենում։ Սկսում է ծիծաղել, ծիծաղում են եւ նրանք, ինչ-որ բան են իրեն ասում, որ չի կարողանում լսել։ Նրանք է՛լ աւելի բարձր են ծիծաղում եւ անդադար խօսելով՝ աննկատ մօտենում։ Երբ հասնում են իրեն, մէկէն լրջանում են եւ կեղծ ժպիտով ինչ-որ բան հարցնում։ Զգում է, որ դա իր ժպիտը չէ. ինքն այդպէս երբէք չի ժպտում եւ մնում է տարակուսած։ Ակամայ մէկ քայլ ընկրկում է, եւ յանկարծ այդ երեքը միանգամից յարձակւում են իր վրայ։ Դուրս է պրծնում նրանց ձեռքից ու նետւում փախուստի, սակայն չի հասցնում. ոտքի տակ բացւում է մի խոր ու մթին անդունդ, եւ սկսում է ընկնել։ Յաջորդ պահին տեսնում է, թէ ինքն անդնդի յատակում է, ուր հոսում է պղտոր-ճահճանման մի գետ։ Գետի հակառակ ափից ականջին է հասնում երգի ձայն, եւ մնում է զարմացած. դիմացի ափի քարերին, իրար պինդ գրկած՝ նստած են Միշան, Սարան եւ Սարայի ամուսինը։ Նրանց մարմինները փաթաթուած են սպիտակ սաւաններով, որոնք յանկարծ դեղնում են, ապա ստանում կեղտոտ կաւահողի գոյն։ Սաւանների ծայրերը փողփողում են գորշ-մոխրագոյն քամու մէջ։ Նրանք անչափ ուրախ են երեւում եւ գլուխ գլխի տուած՝ զմայլուած երգում են։ Ինքը հաճելիօրէն անակնկալի է գալիս, որ նրանք, ի վերջոյ, հաշտուել են։ Ուրախ ձեռքով է անում։ Նրանք երգելով նայում են դէպի գետի այս ափը, բայց կարծես իրեն չեն տեսնում։ Յետոյ յանկարծ վեր են կենում եւ սկսում ոգեշնչուած պարել ու ստեպ-ստեպ ճիչեր արձակել։ Ինքը հիացած դիտում է այդ վայրենի-կատաղի պարը եւ լսում նրանց ցնծագին ձայները։ Սարայի ամուսինը դէն է նետում շորը, եւ ինքը զարմանքով տեսնում է, որ նրա ոտքերի փոխարէն երկու փայտէ խարխուլ յենակներ են, որոնք ահա-ահա ճարճատիւնով կջարդուեն։ Գոռալով զգուշացնում է նրան, բայց նա շարունակում է պարել ու աղաղակել։ Յանկարծ գլխի է ընկնում, որ դա ոչ թէ Սարայի ամուսինն է, այլ հայրը, որը ցած է թռչում քարից եւ պարելով մօտենում գետին։ Սարան եւ Միշան հետեւում են նրան։ Նրանք ուզում են անցնել գետը, սակայն իրար յետեւից սուզւում են տիղմի մէջ ու անհետանում։ Ինքը յուսահատ նստում գետի ափին ու միտք է անում։ Ապա ասես ինչ-որ բան յիշելով՝ վեր է կենում եւ շուռ գալով՝ մտնում իրենց այգին։ Ջրտուք է։ Բահը ձեռքին, բարձրանում է դէպի Եօթ Աղբիւր կոչուող հսկայ լեռը, որից բխում է մի ջինջ, յորդառատ աղբիւր։ Ակունքը փակում են երեք մեծ-մեծ ժայռաբեկորներ։ Ճիգով մի կողմ է գլորում այդ սեւ-կլոր քարերը եւ բացում ջրի ճանապարհը։ Ջուրը կայծակի արագութեամբ իջնում է լեռնալանջով դէպի իր հայրական փոքրիկ այգին, սակայն դեռեւս տեղ չհասած՝ յանկարծ կիսւում է երկու մասի եւ շրջանցելով այգին՝ աջից ու ձախից գահավիժում անդունդը։ Սարսափահար տեսնում է, թէ ինչպէս է իզուր կորչում այդ հրաշալի-թանկագին հեղուկը եւ յուսահատութիւնից սկսում է լաց լինել։ Ամբողջ ուժով փորձում է ջուրն ուղղորդել դէպի իրենց ծարաւ այգին, սակայն ջուրն օձի նման խոյս է տալիս ու շարունակում թափուել անդնդի մէջ։ Ամօթից քրտինք է կտրում, որովհետեւ վերեւում, ակունքի գլխին, արեւի մէջ կանգնել են հայրն ու մայրը եւ լուռ դիտում են իր շարժումները։ Ճարահատուած՝ գոռում է նրանց, որ օգնեն իրեն, սակայն նրանք իր ձայնը չեն լսում։ Յանկարծ նկատում է, որ բահը չի հասնում ջրին, այլ պարապ ճօճւում է օդում եւ նոյն պահին էլ զգում է, որ ինչ-որ աներեւոյթ մէկը թիկունքում կանգնած՝ ամեն անգամ աննկատ քաշում է իր թեւից եւ շեղում բահի ուղղութիւնը։ Այդ մէկը կարծես Միշան է, որն արդէն լրիւ առողջ է եւ դուրս է գրուել հիւանդանոցից։ Ինքն անսխալ զգում է նրա ներկայութիւնը, թէեւ նրան չի տեսնում։ Շուռ է գալիս, որ խնդրի նրան հանգիստ թողնել իրեն, եւ յանկարծ դող է անցնում մարմնով…

Ուղիղ ականջի տակ պայթեց մի սուր շրմփոց, եւ նոյն վայրկեանին ականջի բլթակն ու ծոծրակը դաղեց շիկացած ապտակը։ Հարուածից թեքուելով մի կողմ՝ Արմէնը ցնցուեց ու շաղուած աչքերով նայեց շուրջը։

- Զարթնի՛ր, թագաժառա՛նգ,- ասես հեռուից, մի մութ մշուշի խորքից, հրամայեց մի բամբ-խռպոտ ձայն։-  Շատ քնելը լաւ բան չէ, մէկ էլ տեսար՝ զարթնեցիր ու տեսար, որ քեզ գողացել են…- ձայնն անուրախ հռհռաց։  

Արմէնին թուաց, թէ դրանք Միշայի խօսքերն են, որ ինքը լսում է երազում։ Զարմացաւ, որ Միշայի լեզուն բացուել է, եւ նա դարձել է այդպէս պերճախօս։ Ժպտալով թեքուեց հակառակ կողմի վրայ ու նորից փակեց աչքերը։                                       

- Հարբած է,- վերեւից եկաւ մէկ ուրիշ ձայն՝ աւելի փափուկ ու հանգիստ,- կամ էլ թմրադեղ է ընդունել։

- Հիմա կպարզենք,- ասաց բամբ-խռպոտ ձայնը։- Զարթնի՛ր։

 Արմէնը ներբանին զգաց մի սուր հարուած, եւ կրունկի կոշտուկի մէջ ճայթեց սոսկալի մի ցաւ, որը կայծակնային հոսանքի պէս սուրաց մարմնի միջով եւ, ասես, պայթեց գլխի մէջ։ Արմէնը բացեց աչքերը եւ տարակուսեց. իր առջեւ, աղօտ խաւարում կանգնած էին երկու միանման բարձրահասակ կերպարանքներ, որոնց գլխարկների ձեւից գլխի ընկաւ, որ դրանք օրինապահներ են։ Ակնթարթօրէն մտքով անցաւ անտառային գիւղում անյայտ օտարականի կողմից սպանուած երեխայի պատմութիւնը, եւ թուաց, թէ ինքն այդ օտարականն է, որ գտնւում էր փախուստի մէջ, բայց ահա բռնուեց։ Տագնապով վրայ նստեց, եւ յանկարծ յանցանքի մի ծանր զգացում պատեց նրան։

- Վեր կաց կանգնի՛ր, տխմա՛ր, երբ քեզ հետ խօսում է օրէնքը,- զայրագնեց ձախում կանգնածը, որ բամբ-խռպոտ ձայն ունէր։-  Բարի՛ն, խուզարկի՛ր էս թափառաշրջիկ աւազակին։

Արմէնը շփոթահար վեր կացաւ եւ ուզում էր վերցնել նաեւ ուղեպարկը, բայց Բարինը նրան կոպտօրէն մի կողմ հրեց, խլելու պէս վերցրեց ուղեպարկն ու յանձնեց միւսին։    

- Երեք քայլ գնա՛ դէպի ձախ ու մնա՛ պատի տակ կանգնած,- հրամայեց խռպոտը։-  Ո՛չ մի շարժում։  

- Ի՞նչ է եղել,- թոյլ-կարկամ ձայնով հարցնեց Արմէնը։

- Յետոյ կիմանաս,- առանց նայելու, նետեց խռպոտը։

Նա շուռ տուեց ուղեպարկի ամբողջ պարունակութիւնն ուղղակի գետնին եւ կքանստելով՝ հանեց գրպանի լապտերն ու սկսեց մէկ առ մէկ քննել։ Գործիքները, փոխնորդ շորերն ու կենցաղի պարագաներն անփոյթ շպրտելով դէն՝ ուշադրութեամբ սկսեց զննել կարկանդակների դատարկ տոպրակը, որն Արմէնն ակամայ կրկին խոթել էր ուղեպարկի մէջ։ Խռպոտը ձեռքը մտցրեց տոպրակի մէջ եւ, ի զարմանս Արմէնի, զգուշօրէն հանեց եւս մէկ կարկանդակ եւ մօտեցնելով լոյսին՝ սկսեց դիտել։ Արմէնն անմիջապէս ճանաչեց. դա այն առաջին կարկանդակն էր, որ կիսով չափ արիւնոտուել էր իր բերանից հոսող արիւնից։ Սիրտն սկսեց տագնապով զարկել, եւ նա գունատուեց։ Խռպոտը հոտ քաշեց կարկանդակից ու բազմանշանակ «հըմ» արեց։

- Փաստաթղթե՛րդ։       

Արմէնը ձեռքը տարաւ դէպի գրպանը, սակայն Բարինը խփեց նրա ձեռքին եւ անձամբ հանեց Արմէնի անձնագիրը։ Ստուգեց նաեւ բոլոր գրպանները, սակայն, բացի մանրադրամից ու մի ճմռթուած թաշկինակից, ուրիշ ոչինչ չգտաւ։ Զզուանքով դէն նետելով թաշկինակը՝ նա անձնագիրը դրամի հետ միասին խնամքով պարզեց խռպոտին։  

- Վերցրու, Չարկին,- մտերմական փափուկ ձայնով յարգալից ասաց նա։

- Հայ ես,- չարախինդ սպառնանքով ասաց Չարկինը՝ լապտերի լոյսով ստուգելով անձնագիրը։-  Ես էդպէս էլ գիտէի։

- Այո,- ասաց Արմէնը, եւ ձայնը դողաց։

- Թափառում ես…- անուշադիր աւելացրեց Չարկինը եւ ցուցադրաբար մի յոգնած հոգոց արձակեց։

- Սպասում եմ,- սկսեց Արմէնը։

- Տո՛մսդ,- չոր կտրեց Չարկինը։- Ցո՛յց տուր։

- Ի՞նչ տոմս,- պարզամտօրէն հարցրեց Արմէնը եւ թուքը կուլ տուեց։

Օրինապահները նայեցին իրար եւ միատեսակ քմծիծաղեցին։ Չարկինը կտրուկ մօտեցաւ Արմէնին եւ լապտերի լոյսը գցելով նրա դէմքին՝ սկսեց զննել նրան, ինչպէս մի հալածական կենդանու։ Ուժեղ լոյսից Արմէնն ակամայ շրջեց դէմքը, սակայն Չարկինն ազատ ձեռքի մատների ծայրով կարճ հարուածեց նրա ծնօտին։

- Ուղի՛ղ կանգնիր,- զայրագնեց նա։

- Չէ, ոնց որ լուրջ է…- զգուշօրէն համարձակուեց նկատել Բարինը, եւ Արմէնը նրա ձայնի մէջ կարեկցանքի նման մի բան որսաց։- Գուցէ, քիթումռութը մի քիչ տրորենք ու բաց թողնենք, հը՞… թէ՞ տանենք բաժին, պետի մօտ։      

- Իսկ սա՞, Բարի՛ն,- յանդիմանագին ասաց Չարկինը՝ թեթեւակի բարձրացնելով ձեռքի տոպրակը։- Սրան ի՞նչ կասես։

- Դա կարկանդակ է,- ասաց Արմէնն ու շփոթուեց։

- Կարկանդա՜կ…- Չարկինն անկեղծ հռհռաց։- Չլինի՞ տատդ է թխել…

- Ես դա…- ուզում էր բացատրել Արմէնը։

- Ձա՛յնդ,- կատաղեց Չարկինը։- Հաւաքի՛ր քո էդ փալաս-փուլուսն ու առաջ ընկի՛ր։

Արմէնը սարսափեց։ Ինքը կորած է։ Իր ջանքերը, երազանքները՝ ամեն-ամեն ինչ, լցուեցին ջուրը… Նա միանգամից այնպէ՛ս յուսահատուեց, որ արցունքներ յայտնուեցին աչքերում։

Յետեւից հրեցին։ Արմէնը մօտեցաւ ուղեպարկին, անխօս ծնկեց գետնին եւ սկսեց անշտապ հաւաքել իր իրերն ու լցնել ուղեպարկը։ Գլխավերեւում կանգնած՝ օրինապահները ուշադիր հետեւում էին նրա շարժումներին։

- Արագացրո՛ւ,- Չարկինը ծնկով հրեց Արմէնի մէջքին։       

Արմէնն ուզում էր ինքնաբերաբար ուղեպարկը գցել ուսին, բայց Չարկինը թոյլ չտուեց։ Երբ Արմէնը վեր կացաւ կանգնեց, մի պահ մօտիկից տեսաւ այդ երկուսի դէմքերը եւ զարմացաւ դրանց նմանութիւնից. ասես երկուորեակներ լինէին։

- Առաջ ընկիր,- անհաստատ ասաց Բարինը։

Արմէնի եւ Բարինի հայեացքները հանդիպեցին։ Բարինն ակամայ ժպտաց, եւ, ինչպէս Արմէնին թուաց, կարեկցագին գլխով արեց։ Նրա ժպիտում ինչ-որ բարեհոգի բան կար, եւ դա սրտապնդեց Արմէնին։

Արմէնը գլխիկոր առաջ ընկաւ, Բարինը հետեւեց նրան։ Առջեւից տիրական-վստահ քայլում էր Չարկինը՝ ստեպ-ստեպ քննախոյզ հայեացքներ նետելով շուրջը։ Դա զգացւում էր հաստ վզի վրայ նրա գլխի կտրուկ շարժումներից։ Նրանից ներկուած երկաթի մի տեսակ պիրկ-պինդ հոտ էր գալիս, եւ դա կարծես իշխանութեան հոտն էր։ Իրենց գիւղում, ուր Արմէնը հասակ էր առել, ամեն ինչ՝ ե՛ւ սէրը, ե՛ւ ատելութիւնը, ե՛ւ յարգանքը, ե՛ւ անպատւութիւնը, ե՛ւ մեծը, ե՛ւ փոքրը, միատեսակ հարազատ էր, ինչպէս լեռները, երկինքը, քամիները, ծաղիկները, լուսինը, աստղերը, մարդիկ, կենդանիները, տարուայ հերթափոխ եղանակները եւ նոյնիսկ՝ ցուրտը, փոթորիկները, ջրհեղեղներն ու երկրաշարժերը, հիւանդութիւններն ու դժբախտութիւնները, որոնք բնական ինչ-որ զարմանալի օրէնքով ասես լուծւում էին իրար մէջ ու դառնում մէկ-միասնական կեանք։ Իսկ իշխանութիւն չկար։ Իշխանութեան գոյութիւնը Արմէնը սուր կերպով զգացել էր միայն այստեղ՝ օտարութեան մէջ եւ դրանից այնպիսի հզօր ցնցում էր ապրել, որ մատնուել էր խուճապի։ Նրան վախ էր պատճառում, որ իշխանութիւնը դէմք չունի, այլ միայն անվերջ դիմակներ, որոնք իր պէս շնչաւոր մարդիկ են, բայց կարող են վճռել իրենց նմանների ճակատագիրը։ Իշխանութիւնը կարող է թոյլ տալ, որ ինքը գոյութիւն ունենայ, կարող է նաեւ թոյլ չտալ։ Եւ դա նման է ներքին չընդհատուող արիւնահոսութեան…

Երբ հասան անտառին, Արմէնին թուաց, թէ իր կողքին անձայն յայտնուեց ինչ-որ մէկը։ Նայեց՝ գետնին, լուսնի աղօտ լոյսի մէջ, օրօրւում էր իր երկար ստուերը, որն անարգել յաղթահարում էր ամեն մի խոչընդոտ։ Նա մի պահ նախանձեց իր ստուերին եւ ծուռ ժպտաց։ Քիչ անց ստուերն անհետացաւ, եւ անտառի անթափանց խաւարը պարուրեց շուրջը։ Արմէնը խոր հոգոց արձակեց եւ յանկարծ սուր ընկալեց իր ոտքերի տակ տրորուող խոտերի խշրտիւնը։ Իր ստուերն ասես վերածուել է ձայնի, որի մէջ ինչ-որ ծանօթ-հարազատ բան կայ։ Թուաց, թէ այդտեղ, այնուամենայնիւ, անտեսօրէն ներկայ է եւս մէկը, եւ ինքը մենակ չէ…

 Չհասած գետին, Չարկինը կտրուկ թեքուեց դէպի ձախ, եւ առջեւում երեւաց մի բաւականին լայն ճանապարհ, որ վերջանում էր անթարթ վառուող մի կենտ լոյսով։ Երբ աւելի մօտեցան, աղօտ ուրուագծուեց նաեւ ինչ-որ յաղթ շինութիւն, որն առարկութիւն չհանդուրժող տեսքով անսասան յառնում էր խաւարի մէջ։ Գետից ելնող խոնաւ գարշահոտն աւելի էր սաստկացնում այդ տպաւորութիւնը։ Արմէնի վրայ ահ իջաւ. մինչեւ այդ կատարուածն ընդամենը մի չնչին մասն է այն ամենի, ինչ իրեն դեռ սպասւում է առջեւում։ Այդ շինութիւնն իր բազմաձեւ ու բազմանկիւն խորշերով ու լայնատարած թեւերով կարծես պատրաստւում է զանգուածային գրոհի, եւ նրա միակ թիրախն ինքն է։ Եւ Արմէնի մէջ մէկէն ամեն ինչ խառնուեց իրար։ Միտքը տենդագին սկսեց ելքեր փնտրել այդ վիճակից, բայց ոչ մի որոշակի բան Արմէնը չէր կարողանում պատկերացնել. ներսում տիրում էր ամենաանհաւանական զգացումների մի անտարբերելի խառնաշփոթ։ Իրական ու անիրական պատկերներն արագօրէն յաջորդում էին մէկը միւսին՝ չթողնելով ոչ մի հետք։ Միակ յոյսը, որից նա դարձեալ ու դարձեալ կառչում էր, այն էր, որ Բարինն իրեն բարեհոգի ժպտացել էր։ Դա էլ մտքում այնքան կրկնուեց, որ շուտով թուաց, թէ նման բան բոլորովին էլ չի եղել։ Մնալով մութ անյայտութեան դէմ՝ Արմէնն ակամայ կուչ եկաւ ինքն իր մէջ, եւ մի տարօրինակ անտարբերութիւն իջաւ նրա վրայ։ Եւ յանկարծ նա ստոյգ որսաց, որ կա՛յ այդպիսի մի ելք, որի մասին, սակայն, ինքը դաժանօրէն մոռացել է…

Չարկինը ձեռքով թեթեւակի նշան արեց պահակին, որն անշտապ բացեց երկաթեայ դարպասը եւ քնատ հայեացքով անտարբեր նայելով Արմէնին՝ յօրանջեց ու նոյն դանդաղկոտութեամբ էլ փակեց. ասես այդ մարդը ծնուել էր միայն այն բանի համար, որ անվերջ բացի ու փակի հէնց այդ՝ մշտապէս թարմ ներկուած դարպասը, որը ե՛ւ բացուելիս, ե՛ւ փակուելիս միատեսակ սուր ճռնչաց։ Արմէնին թուաց, թէ անդառնալի հատեց բոլորովին մէկ այլ աշխարհի սահմանը. ինքը մտաւ ներս, իսկ իր կեանքը մնաց դրսում՝ բարձր, անյաղթահարելի պարիսպներից այն կողմ։ Նա է՛լ աւելի ընկճուեց։

Չհասած մուտքի աստիճաններին՝ Չարկինը կտրուկ կանգ առաւ, եւ նոյն վայրկեանին ներսից լսուեց մի թէժ վիճաբանութիւն, որն արագօրէն վերածուեց գոռգոռոցի։ Քիչ անց մուտքի դռան մէջ յայտնուեց մի յաղթանդամ օրինապահ, որ թեւից բռնած՝ փորձում էր դուրս շպրտել ոտից գլուխ սպիտակ շորեր հագած մի փոքրիկ ճաղատ մարդու, որը կատաղի դիմադրութիւն էր ցոյց տալիս՝ բարձր ու շփոթ գոռգոռալով։       

- Դուք իրաւունք չունէ՜ք…- կոկորդով մէկ բղաւում էր նա։-  Ես պատի՜ւ եմ պահանջում… Ես կբողոքե՜մ… Դուք պատասխա՜ն կտաք… Հէնց, այո, դո՛ւք, հէնց դո՛ւք, անձա՜մբ…

Բացարձակապէս անտեսելով նրա գոռգոռոցները՝ յաղթանդամ օրինապահը փորձում էր նրան պոկել իրենից, սակայն չէր յաջողում. մարդն ամուր կառչել էր օրինապահի վերնաշապիկից եւ ոչ մի կերպ պոկ չէր գալիս։

- Դուք պատասխա՜ն կտաք… Իմ ձեռքից չէ՜ք պրծնի… Դուք դո՜ւրս կնետուէք պատմութիւնից… Պատմութիւնը ձեզ չի՜ ների… Այո՛, այո՛, չի՜ ների…- շփոթ գոռում էր փոքրիկ մարդը՝ նախանձելի յամառութեամբ կռուելով օրինապահի հետ։-  Մի՞թէ այդպէ՜ս են վարւում պատմութեան ուսուցչի հետ… սրիկանե՜ր…  

Տեսնելով այդ մարդուն՝ Արմէնն ինչ-որ զուարթ թեթեւութիւն զգաց. գուցէ դա՞ է միակ ելքը՝ գիշերային այդ հերոսական դիմադրութիւնը…

- Դէ, գնա՛, դո՛ւ էլ, քո պատմութի՛ւնն էլ…- մոլեգնեց յաղթանդամ օրինապահը եւ կատաղի հայհոյանքներ տեղալով՝ իրենից պոկեց փոքրիկ մարդուն եւ ամբողջ ուժով նրան թափով շպրտեց ցած։ Մարդը փորձեց պահել հաւասարակշռութիւնը, բայց չկարողացաւ եւ ցած գլորուելով աստիճաններով՝ գլուխը հարուածեց բետոնին։ Նոյն վայրկեանին նա զարմանալի ճարպկութեամբ նորից վեր թռաւ եւ մի սուր ծղրտոց արձակելով՝ փորձեց կրկին գրոհել աստիճանահարթակին կանգնած օրինապահի վրայ։

- Փողոցի կե՛ղտ, դու կեանքիցդ ձեռ ես քաշե՞լ,- գոռաց Չարկինը դէպի նա։-  Էդ ինչպէ՞ս ես խօսում օրէնքի հետ, տակա՛նք։ Շատ գլուխ տանես՝ քեզ բանտում կփտեցնե՛նք…- յարձակուելով մարդու վրայ՝ Չարկինը կրունկով վարպետօրէն այնպիսի՛ ուժգին հարուած հասցրեց մարդու գօտկատեղին, որ վերջինս ցաւից բարձր աղաղակեց ու մէջքի վրայ շրմփաց գետնին։ Չարկինը շարժում արեց, որ կրկին հարուածի, երբ մարդը մի կերպ վեր կացաւ եւ խոյս տալով՝ մի պահ սեւեռուն նայեց Արմէնի կողմը, ապա զարմանալի հանգստութեամբ կաղալով դիմեց դէպի դարպասը։

- Ի՛նչ ես ցցուել մնացել,- հեւալով դարձաւ Չարկինը դէպի Արմէնը,- բարձրացի՛ր։ Իսկ դու, Սիլի՛, շատ մի՛ երկարացրու. միանգամից հասցրո՛ւ քիթումռթին,- անցողակի խրատեց նա յաղթանդամ օրինապահին, որը յայտնապէս աւելի ջահէլ էր եւ աստիճանահարթակի լոյսի մէջ կանգնած՝ մեղաւոր ժպտում էր։

Միջանցքը նեղ էր ու երկար, թւում էր՝ վերջ չունի։ Ասես միտումնաւոր այնպէս էր կառուցուած, որ քայլելը թուայ մի ամբողջ տանջալից հաւերժութիւն, եւ մինչեւ տեղ հասնելը մարդուց ոչինչ չմնայ, բացի մի վախեցած երկոտանի կենդանուց։ Արմէնը խոր հոգոց քաշեց, որի իմաստը դուր չեկաւ Չարկինին. շուռ գալով՝ նա խոցող ատելութեամբ նայեց Արմէնին եւ շրթունքները սպառնագին չպպացրեց։ Լերկ, միապաղաղ պատերից ու ծանր օդից Արմէնը շշմեց եւ ասես փայտացած՝ գնում էր ու գնում՝ չզգալով նոյնիսկ սեփական քայլերը, մինչեւ ինչ-որ պահի Չարկինը թեքուեց, եւ ընդառաջ ելաւ մէկ այլ միջանցք, որի մէջ աջ ու ահեակ բացւում էին անհամար դռներ։ Միջանցքի միջին մասում սենեակներից մէկի դուռը խուլ շխկոցով բացուեց, եւ կիսով չափ երեւաց մի օրինապահ, որը ոտքերով ու ձեռքերով եռանդագին ու վարժ շարժումներ էր կատարում, սակայն դուռը խանգարում էր տեսնել, թէ նա յատկապէս ինչո՛վ է զբաղուած։ Նկատելով մօտեցողներին՝ օրինապահը շտկուեց եւ ձեռքի երեսով սրբելով ճակատի քրտինքը՝ կանխակալ ժպտաց Չարկինին։

- Պետը տեղո՞ւմ է,- հարցրեց Չարկինը՝ կանգ առնելով նրա մօտ։

- Հա, քիչ առաջ գործով ուզում էի մտնել մօտը, բայց ասացին՝ քնած է։ Չուզեցի խանգարել։ Ստիպուած՝ փորձեցի սրանց էնպէս դասաւորել, որ յանկարծ իրար տակ չմնան ու չխեղդուեն. չեմ ուզում անուանս դիմաց սեւ կէտ աւելանայ…

Արմէնը չլսեց շարունակութիւնը, որովհետեւ քթին խփուեց թթուած խմիչքի ու քրտինքի մի անտանելի գարշահոտ, որ գալիս էր բաց դռնից։ Ակամայ նայեց ներս եւ սահմռկեց. սենեակի պատերի երկայնքով ու յատակով մէկ, իրար գլխի թափթփուած հնամաշ պարկերի պէս, խառնակուտակ կծկուել էին ինչ-որ մարդիկ՝ ուռած-ջնջխուած երեսներով ու կեղտակուր քրջերի մէջ կորած։ Ոմանք խռմփում էին, մի քանիսը շաղուած-պղտոր հայեացքներով կիսապառկած՝ անիմաստ նայում էին իրենց դիմաց, մի քանիսն էլ կացկամ զրուցում էին՝ տմբտմբացնելով կեղտոտ-գզգզուած մազերով գլուխները։ Մէկն էլ, Արմէնի հասակին մի երիտասարդ՝ արիւնաներկ դէմքով, անկիւնում կծկուած՝ լաց էր լինում ու ստեպ-ստեպ թեւքով սրբում քիթը…

Կրծքին արմունկի մի կարճ հարուած ստանալով՝ Արմէնը շտկուեց ու կանգնեց ուղիղ։

- Ի՞նչ է արել,- հետաքրքրուեց դռան մէջ կանգնածը՝ գլխով թեթեւակի ցոյց տալով Արմէնին։

- Դէ, չի արել, ուզում էր անել,- անփոյթ բացատրեց Չարկինը։

- Հասար ու ուզենալու վրայ բռնեցի՞ր,- կատակեց օրինապահը։        

- Նման մի բան,- ժպտաց Չարկինը, եւ Արմէնն առաջին անգամ տեսաւ նրա մի տեսակ մոխրագոյն ժպիտը։    

- Էս մէ՞կն է, թէ՞ էլի ես բռնել։

- Առայժմ՝ էս մէկն է,- Չարկինն ասես շփոթուեց։-  Գիշերը յաջող չէր…

- Ես արդէն երեք հատ բռնել եմ,- հպարտօրէն նշեց օրինապահը։-  Բայց քո բռնածը ոնց որ աւելի որակով է,- հայեացքով տնտղելով Արմէնին՝ ծիծաղեց նա։

- Դէ…- ձգեց Չարկինը։-  Իսկ քո բռնածների մէջ «նրանցից» կա՞յ,- զգուշօրէն հարցրեց նա՝ փայլեցնելով աչքերը։  

- Անկո՛ւշտ ես, Չարկին,- մտերմաբար յանդիմանեց օրինապահը, եւ Արմէնը գլխի ընկաւ, որ խօսքը վերաբերում է կանանց։-  Երեկուայ նուէրիցս էդքան շուտ ձանձրացա՞ր…                     

- Յետոյ կհանդիպենք, կխօսենք,- խուսափեց Չարկինը՝ ձեռքով մտերմաբար թփթփացնելով օրինապահի ուսին։-  Հիմա էս թափառաշրջիկ աւազակի հարցը լուծենք՝ յետոյ…- նա շարժուելու նշան արեց, եւ Արմէնը զգաց, որ նրան յատկապէս հաճոյք է պատճառում «թափառաշրջիկ աւազակ» արտայայտութիւնը։    

- Հա, մոռացայ, Չարկին, դու լսե՞լ ես նորութիւնը,- թիկունքից եկաւ նոյն օրինապահի ձայնը։

- Ի՞նչ նորութիւն,- Չարկինը կանգ առաւ։  

- Դէ, էդ նոր օրէնքը, էլի։

- Առաջին անգամ եմ լսում,- տարակուսեց Չարկինը։

- Գլխաքանակը վերացրել են,- ափսոսանքով ասաց օրինապահը,- էլ պարգեւատրում չի հասնում։ Սրանից յետոյ պիտի միայն փաստաթղթերն ստուգես ու բաց թողնես, եթէ, իհարկէ, դրանք կարգին վիճակում են։

- Է՛հ,- ձեռքն անփոյթ օդում թափ տուեց Չարկինն ու շարունակեց քայլել,- էդ նոյն բանը հին օրէնքում էլ էր գրուած…                     

- Ո՞ւր, ոչխա՛ր, հիմա քիթումռութդ կտրորե՜մ…- յետեւից լսուեց դռան մէջ կանգնած օրինապահի թունոտ-ցասումնալից ձայնը, եւ միջանցքի լռութեան մէջ պայթեց մի խռպոտ-աղեկտուր ճիչ, սակայն ոչ ոք շուռ չեկաւ, շուռ չեկաւ նաեւ Արմէնը։  

Յանկարծ միջանցքը միանգամից լցուեց ոտնաձայների, խօսակցութիւնների ու մարդկային հեւքի տենդագին խառնաղմուկով, եւ, ասես անյայտութիւնից, դիմացից դուրս պրծան երեք համազգեստաւոր կերպարանքներ եւ ընթացքից կարգի բերելով իրենց հագուկապը՝ արագօրէն մօտեցան։ Չարկինը յետ քաշուեց դէպի պատը, օրինապահները կիսավազքով անցան։ «Այ թէ ո՜րս է լինելու…»,- եկաւ նրանցից մէկի ոգեւորուած ձայնը։ Աղմուկը գնալով մարեց, եւ միջանցքում դարձեալ տիրեց մեռելային լռութիւն։ Լսւում էր միայն Չարկինի, Արմէնի եւ Բարինի քայլերի միասնական-միալար աղմուկը, որի մէջ անհնար էր տարբերել մէկ առանձին ոտնաձայն։ Այդ կէտում, ահա, իրենք բոլորն էլ իրար հաւասար են…

Հասնելով մի մեծ երկփեղկ դռան մօտ՝ Չարկինն, ի վերջոյ, կանգ առաւ եւ դառնալով դէպի Բարինը՝ ցածր-խիստ ձայնով զգուշացրեց.

- Նայիր, հա, չթողնես՝ յենուի պատին։

Ոտից գլուխ սպառնագին չափչփելով Արմէնին՝ նա անցաւ հակառակ կողմը եւ յուշիկ-զգուշօրէն ծեծեց դուռը։ Պատասխան չեկաւ։ Մի պահ ուզում էր ցուցամատով կրկին ծեծել, բայց վերջին պահին միտքը փոխեց ու ծեծեց մատնակոճերով ու ականջը հպեց դռանը։ Դարձեալ ոչ մի ձայն։ Շուռ եկաւ եւ թիկունքն արած Արմէնին՝ նորից ծեծեց, այս անգամ՝ հատ-հատ։ Ներսից խուլ աղմուկ լսուեց, եւ եկաւ քնաթաթախ մի ձայն։ Չարկինը կամացուկ հրեց դուռն ու անհետացաւ ներսում։

Արմէնն ինքնաբերաբար ուսով յենուեց պատին, եւ թուաց, թէ Չարկինը պատուիրել է հակառակը. ինքը՝ Արմէնը, իրաւունք ունի յենուելու պատին։

- Պետի անունն ի՞նչ է,- իրեն ազատ զգալով՝ համարձակուեց հարցնել Արմէնը։     

- Չխօսե՛լ,- ասաց Բարինը եւ ձեռքով սաստեց նաեւ, թէ պէտք է կանգնել ուղիղ։

Արմէնը պոկուեց պատից եւ մօտիկից տնտղելով՝ զարմացաւ. Բարինն ունէր բարեհոգի-պարզամիտ դէմք՝ փոքր-ինչ երկարուկ, կախ ընկած ծնօտով, հաստ շրթունքներով, աչքերի ջրալի-անվճռական՝ ասես հիւանդ արտայայտութեամբ։ Բարինը բոլորովին նման չէր Չարկինին,  նոյնիսկ կարծես նրա հակապատկերն էր, բայց, չգիտես ինչու, Արմէնին թուացել էր, թէ նրանք հարազատ եղբայրներ են։ Այնինչ Բարինն ընդամենը Չարկինի ենթական էր. այդպիսի բարեհոգի-անկամ դէմք ունեցողն այլ բան չէր կարող լինել։ Ահա թէ ինչու, այդ ամբողջ ընթացքում նրա ներկայութիւնը գրեթէ չէր զգացւում…

Դուռը յանկարծ բացուեց, եւ ճեղքում յայտնուեց Չարկինի դէմքը։ Նա գլխով նշան արեց Բարինին եւ դուռը լայն բացեց։

- Ներս անցի՛ր,- անսպասելի կոպիտ-բարձրաձայն հրամայեց Բարինը։                     

Ներս մտնելիս Արմէնի աչքը մի պահ ընկաւ դռան աջ կողմում պատին փակցուած մի փոքրիկ ցուցանակի, որի վրայ գրուած էր պետի անունը, սակայն նա հասցրեց կարդալ միայն անուան վերջաւորութիւնը. «…սկի»։ Յաջորդ պահին անակնկալի եկաւ՝ յայտնուելով մի կիսամութ սենեակում, ուր ոչ ոք չկար։

- Ի՞նչ ես փայտացել, տխմա՛ր,- Չարկինը կոպտօրէն քաշեց Արմէնի թեւից եւ ցոյց տուեց հակառակ կողմը, ուր պատի մէջտեղում գտնուող բաց դռնից լոյսի մի անիրական շերտ էր թափանցում ներս։

Արմէնին թուաց, թէ ամեն ինչ արդէն աւարտուած է, եւ իրեն  քշում են դէպի բանտ։

- Ահա՛,- կարճ հարուածելով Արմէնի մէջքին՝ Չարկինը նրան թափով հրեց ներս։-  Սա՛ է,- նա բռնեց Արմէնի թեւից, բայց կանգ առաւ, որովհետեւ այստեղ եւս ոչ ոք չկար։

Դա մի ընդարձակ առանձնասենեակ էր՝ իջեցրած վարագոյրներով։ Դիմացի պատի տակ դրուած էին կաշեպատ մի սեւ-փայլուն բազմոց եւ երկու բազկաթոռ, դրանց վերեւում էլ կախուած էր մի մեծ հայելի, որի մէջ մի պահ երեւաց Բարինի դէմքը, որ գլխիկոր կանգնած էր Արմէնի թիկունքում, այնպիսի մռայլ տեսքով, ասես ի՛նքն էր դատապարտը։ Անկիւնում դրուած էր մի հսկայական գրասեղան՝ բեռնուած թղթերի անհամար կապուկներով ու խառիխուռն դարսուած թղթապանակներով։ Բարձր թիկնակով պտտաթոռը դատարկ էր, սակայն դեռեւս հազիւ զգալի տատանւում էր. հաւանաբար, տէրը հէնց նոր էր դուրս եկել սենեակից։ Արմէնին թուաց, թէ նա պարզապէս անհետացել է…

Մեծ եղաւ Արմէնի զարմանքը, երբ քիչ անց տեսաւ, թէ ինչպէս դիմացի հոծ-անթերի պատը յանկարծ ճեղքուեց, եւ ներս մտաւ մի տարեց մարդ։ Հաւանաբար, դա գաղտնի դուռ էր, եւ Արմէնին դարձեալ հաւանական թուաց ամեն ինչ։ Շունչը կտրուեց։

Չարկինը, որ մինչ այդ բաց էր թողել Արմէնի թեւը, հապճեպօրէն կրկին բռնեց եւ ցաւեցնելու չափ պինդ սեղմեց, իսկ Բարինը կանգնած տեղը հապշտապ ձգուեց եւ հայեացքը երկիւղալից յառեց տարեցին։

Վարժ շարժումներով հանգամանալից սանրելով հաստ-ցանցառ մազերը՝ տարեցն անշտապ գնաց դէպի պտտաթոռը եւ յարմար տեղաւորուելով՝ սանրն անփոյթ նետեց սեղանին ու յօրանջեց։ Դա տանձաձեւ գլխով, մեծ ականջներով, լայն-թեք՝ ասես յետ մղուած ճակատով, երկար քթով եւ հատու ծնօտով մի կարճահասակ մարդ էր, որ նստած վիճակում գիրուկ-խոշորամարմին տպաւորութիւն էր թողնում։ Ուղղելով սեղանի լամպը՝ նա սկսեց աչքի անցկացնել ինչ-որ թուղթ։

- Զեկուցի՛ր, Չարկին,- առանց թղթից կտրուելու, ասես դժկամօրէն հրամայեց տարեցը։-  Լսում եմ,- նրա ձայնը հնչեց փայտի անկենդանութեամբ, որից անհնար էր որեւէ բան հասկանալ։   

- Ահա սա՛ է,- Չարկինը ուժեղ հրեց Արմէնին դէպի սենեակի կենտրոնը։        

- Ի՞նչ է արել։

- Թափառաշրջիկային աւազակութեամբ էր զբաղուած։

- Աւելի որոշակի։

- Ապօրինի կարգով գտնւում էր կայարանում։                   

- Փաստաթղթե՞ր։

- Չի բացառւում, որ կեղծուած են։

- Դատուածութի՞ւն։

- Ոչ, առայժմ։

- Խմա՞ծ կամ ուռա՞ծ է։

- Այս պահին՝ ոչ․ միայն այսքանն եմ յայտնաբերել,- Չարկինը հանդիսաւոր մօտեցաւ ու պաշտօնական զգուշութեամբ սեղանին լցրեց Արմէնից բռնագրաւուած մանրադրամը, ապա եւ դրեց կարկանդակի տոպրակն ու անձնագիրը։

Տարեցն արհամարհաբար մի կողմ հրեց մանրադրամի կոյտը, վերցրեց անձնագիրը, թերթեց, դրեց մի կողմ, ապա երկու մատներով բարձրացրեց նաեւ կարկանդակների տոպրակը, նայեց, ապա հանեց արիւնոտ կարկանդակը, որ լերդացած արիւնից կիսով չափ մուգ-շականակագոյն տեսք էր ստացել, եւ մօտեցնելով սեղանի լամպը՝ սկսեց զննել։ Ուժեղ լոյսի տակ Արմէնը տարբերեց իր ատամների հետքերը, եւ ծնկները թուլացան։ Ա՜խ, ինքն ինչպէ՜ս այն ժամանակ մոռացաւ դէն նետել այդ անպէտք կարկանդակը…

- Սա ի՞նչ է,- հարցրեց տարեցը։    

- Այ հիմա հասանք գլխաւորին,- միանգամից աշխուժացաւ Չարկինը, եւ նրա աչքերը փայլեցին չար ուրախութեամբ։-  Ենթադրւում է՝ թմրադեղ։ Ենթադրւում է, որ այս թափառաշրջիկ աւազակը թմրադեղի վաճառքով է զբաղուած։

Արմէնի թուքը ցամաքեց բերանում։

- Ուրիշ կասկածներ կա՞ն,- տարեցը կարկանդակն անփոյթ նետեց սեղանին ու ձեռքերը քսելով իրար՝ սրբեց։ Կարկանդակը գլորուեց ու դիպչելով մանրադրամի կոյտին՝ կանգ առաւ։ Արմէնը կախեց գլուխը։

- Այո՛,- շեշտով հաստատեց Չարկինը։-  Քօղարկուած կերպով իր մօտ է պահում նաեւ կասկածելի արտադրութեան մի քանի սուր կտրող գործիքներ, որոնք կարող են ծառայել իբրեւ սառը զէնք ու զինամթերք, որոնցով կարելի է հեշտութեամբ պոկել, քանդել կամ ջարդել կողպէք, փական, լուսամուտ եւ դուռ։ Ենթադրւում է, որ դրանցով սոյն անձը մտադրուել է կատարելու նաեւ մի շարք աւազակային կողոպուտներ։   

- Հըմ…

- Ձեր թոյլտւութեամբ, առաջարկում եմ՝ վերցնել նախնական կալանքի, մինչեւ կապացուցուեն այս թափառաշրջիկային աւազակի կատարած յանցագործութիւնները,- հաճոյքով մանեց Չարկինը։-  Ենթադրւում է, որ նրա ազատութեան մէջ գտնուելն իր խորքում մեծ սպառնալիք է պարունակում մարդկութեան նկատմամբ։

- Ուզում ես ասել՝ հասարակութեան համար,- շտկեց տարեցը։

- Ճիշտ այդպէս, մարդկութեան նկատմամբ։

Տարեցը ձայն չհանեց։

- Նամանաւանդ որ նոր օրէնքը նման դէպքերում նախատեսում է…

- Դու արդէն հասցրել ես ծանօթանալ նոր օրէնքի՞ն,- հաճելիօրէն անակնկալի եկաւ տարեցը։

- Ճիշտ այդպէս, ծայրից ծայր կարդացել եմ,- անդող ձայնով հաւաստեց Չարկինը։-  Ամբողջ ազատ ժամանակս նուիրում եմ նոր օրէնքի մանրազնին ուսումնասիրութեանը։

- Ես միշտ էլ գիտէի, որ դու շատ առաջ կգնաս, Չարկին,- գովեց տարեցը։

- Շնորհակալ եմ,- Չարկինը գոհունակ ժպտաց։

Արմէնը մնացել էր ապշած, բայց ոչ միայն այն հրէշաւոր կեղծիքից, որ բարդւում էր իր վրայ, այլեւ այն բանից, որ հնարաւոր էր իրարից հեռու գտնուող, իրար հետ բացարձակապէս կապ չունեցող պատահական բաներն այդպիսի անթերի վարպետութեամբ հիւսել իրար եւ ստեղծել մէկ-միասնական համոզիչ պատկեր։ Եւ նա, Չարկինը, այդ մոխրագոյն դէմքով մարդը, ե՞րբ էր հասցրել մտածել այդ ամենի մասին… Արմէնն զգաց, որ նա բոլորովին էլ այդ ամենը նախապէս չի մտածել, այլ դա անում է հէնց այդտեղ, այդ պահին, բնական ինքնաբուխ մղումով՝ սեփական ենթադրութիւնները նրբօրէն ներկայացնելով իբրեւ արդէն իսկ կատարուած իրողութիւն։ Կարծես այդ ամենը նրա մէջ նախօրօք պատրաստի կար՝ համարակալուած վիճակում, եւ հիմա նա ինքնաբերաբար դուրս էր տալիս։ Արմէնը գլուխը զարմանքով օրօրեց՝ զգալով, որ հէնց դա է իշխանութիւն ասուածը…    

Լսուեց ուժգին շրխկոց, եւ մինչ Արմէնը կընկալէր աղմուկը, աչքի տակ ու քթին պայթեց սուր, շամփրող մի ցաւ, եւ գլուխը թափով յետ նետուեց։ Անսպասելի հարուածից ուժգին ցնցուելով՝ նա յետ-յետ արեց, բայց չընկաւ, եւ յաջորդ պահին ռունգերից դուրս ցայտեց արիւնը, որ թռաւ կրծքին ու ցօղեց յատակը։ Արմէնը ձեռքով սեղմեց ռունգերն ու քիթը վեր քաշեց։      

- Ոչխա՛ր, դու էդ ինչպէ՞ս ես կանգնել օրէնքի առջեւ,- դղրդաց Չարկինը եւ բռնելով Արմէնի թեւից՝ ուժգին թափ տուեց նրան։-  Հապա մի կարգի՛ն կանգնիր։      

- Լաւ, Չարկին, մի տաքացիր,- մեղմօրէն  յորդորեց տարեցը։-  Գիշերով մարդս շուտ տաքանում, շուտ էլ սառչում է… Խնայիր նեարդերդ. քեզ դրանք դեռ պէտք են գալու…    

- Ես այս թափառաշրջիկ աւազակին բազմիցս զգուշացրել եմ, բայց երեւի դեռ չի հասկանում, թէ ո՛ւր է ընկել,- պատուախնդրօրէն չարախնդաց Չարկինը։-  Կարծում է, թէ եկել է իր տատիկի մօտ՝ ամառային արձակուրդի…

Տարեցը թեթեւակի ժպտաց։

- Իսկ դու, Բարին,- յանկարծ դիմեց նա Բարինին,- դո՛ւ ի՞նչ ես կարծում։

- Ե՞ս,- անակնկալի եկաւ Բարինը եւ ակամայ շարժում արեց, որ առաջ գնայ, բայց մնաց տեղում շփոթուած կանգնած։-  Ես… կարծում եմ…- նա նայեց Չարկինին եւ հանդիպելով նրա սուր հայեացքին՝ գլուխը կախեց։-  Հաստատում եմ…- անորոշ մրթմրթաց նա։

Ձեռքերն ագուցելով իրար՝ տարեցը գլուխը խոնարհեց։ Տիրեց այնպիսի լարուած-անիրական լռութիւն, որ կարող է լինել միայն գիշերով։ Ամեն ինչ ասես ներծծուած էր այդ լռութեամբ՝ վարագոյրները, կաշեպատ բազմոցը, սեղանին դարսուած թղթապանակները, հայելին, լոյսը։  Արմէնն այն զգացումն ունեցաւ, թէ դեռեւս նստած է կայարանի շէնքի պատի տակ եւ անհանգիստ քնի մէջ ապրում է այս տանջալի