ԱՐՄԷՆ, վէպ, 2005թ․
Մասն երկրորդ, գլուխ երկրորդ
Դ
Մեծ Խաչմերուկը մի անձեւ հրապարակ էր, ուր իրար էին հանդիպում մի կողմից Ներքին ու Վերին Կիտակները, միւս կողմից՝ անտառն ու տափաստանը։ Նրանց միացման կէտում գտնւում էր մի մեծ բոլորակ, որն, ըստ ամենայնի, նախատեսուած էր ծաղկանոցի համար, սակայն լցուած էր չորացած տձեւ ցեխագուղձերով ու ամեն տեսակ աղբով՝ ջարդուած շշեր, փայտի կտորտանքներ, ցաքուցրիւ թղթեր, փոշի ու աւազ։ Բոլորակի կենտրոնում, չորս մեծադղորդ սիւների վրայ բարձրաբերձ յառնում էր մի քառակողմ հսկայ վահանակ, ճիշտ այնպիսի, որպիսին Արմէնը տեսել էր Կիտակի ճանապարհին։ Մակագրութիւնը նոյնն էր. «Նոր օրէնքը՝ գործողութեան մէջ», նոյնն էին նաեւ ալիքաւոր գրերն ու կապոյտ խորապատկերը։ Վահանակը միաժամանակ հսկում էր չորս կողմի վրայ եւ բոլոր անկիւններից հաւասարապէս տեսանելի էր։
Արմէնը փնտրելով գնաց եւ չհասած խաչմերուկին՝ ներս ընկած մի փոքրիկ բակում նկատեց երկար մազերով, նիհար-ոսկրոտ դէմքով ու ամայի հայեացքով մի կնոջ, որ բակում աճած մի կենտ ծառի տակ նստած՝ գլուխն օրօրում էր։ Նրա ոտքերի մօտ ծնկել էր երեք-չորս տարեկան մի լօշտականջ երեխայ, որ ձեռքերը դրած մօր ծնկներին՝ սպասումով յառուել էր նրան։ Երեխան, երեւի, ինչ-որ բան էր հարցրել մօրը, եւ, ի պատասխան, մայրը գլուխն օրօրում էր։ Չգիտես ինչու, Արմէնին թուաց, թէ այդ կինը յաւիտենապէս նստած է ծառի տակ եւ գլուխն օրօրում է։ Կանգ առնելով նրա մօտ՝ Արմէնը հարցրեց հացի խանութի մասին, բայց այդ պահին մի մեքենայ սուր ոռնոցով անցաւ փողոցով, եւ նրա ձայնը խլացաւ աղմուկի մէջ։ Անակնկալի գալով՝ կինը տեսաւ միայն Արմէնի պարզուած ձեռքը, եւ նրա հայեացքում խոր տարակուսանք յայտնուեց։ Արմէնը մի պահ այն զգացումն ունեցաւ, թէ ինքն, ահա, մուրացկան է եւ այդ կնոջից հաց է մուրում։ Նա շուռ եկաւ եւ արագ հեռացաւ, մինչ կինը, նոյն դիրքով անշարժ նստած՝ շարունակում էր օրօրել գլուխը…
Տօթն ալիք-ալիք խփւում էր Արմէնի դէմքին եւ դժուարացնում շնչելը։ Փողոցի անկիւնում, ուր անմիջականօրէն սկսւում էր Մեծ Խաչմերուկը, մի փոքրիկ շինութեան աստիճանահարթակին թիկնադարձ կանգնած էր մի հսկայածաւալ տարեց կին եւ գլուխը կախ՝ ինչ-որ բան էր անում։ Արմէնի սիրտը վկայեց, որ հէնց դա է հացի խանութը, եւ վազեց։ Հասաւ աստիճաններին այն պահին, երբ հսկայածաւալ կինը բանալին արդէն մտցրել էր մեծադղորդ կողպէքի մէջ եւ հանգամանալից պտտում էր։
- Ինձ հաց է պէտք, դեռ մի՛ փակէք, խնդրում եմ,- հեւիհեւ ասաց Արմէնը, եւ նրա սիրտը նուաղեց հացի քաղցր-զգլխիչ բուրմունքից, որ տարածուած էր շուրջը։
- Փակ է,- առանց նայելու, անտարբեր նետեց կինը եւ շրջուելով՝ բանալին դրեց գրպանը։
Նրա այդ շարժման մէջ անդառնալի մի բան կար, եւ Արմէնը յուզուեց։
- Բայց ես…- ձայնը դողաց։
- «Բայց» չկայ,- կտրեց կինը եւ բռնելով աստիճանների բազրիքից՝ սկսեց իջնել։
Արմէնը շփոթուեց եւ հայեացքով ակամայ հետեւում էր, թէ ինչպէս է այդ գեր կինը, ցնցելով մարմնի անճոռնի զանգուածը, անասելի դանդաղ իջնում աստիճաններից։ Թուաց, թէ անհաշուելի երկար ժամանակ անցաւ, մինչեւ նա ոտքը դրեց գետնին…
- Ուշացել ես,- խռպոտ-տղամարդկային ձայնով ասաց կինը եւ աչքերը հաճոյքից ճպճպացրեց։- Ես ինչո՞ւ պիտի քեզ համար չարչարուեմ։ Մինչեւ դուռը նորից բացեմ, մտնեմ ներս, քեզ հաց տամ, յետոյ նորից դուրս գամ, դուռը կողպեմ՝ արդէն ճանապարհիս կէսն անցած կլինեմ…- նա իր բիրտ-տիրական հայեացքը յառեց Արմէնին, ապա թեթեւակի քմծիծաղ տուեց՝ դողացնելով վերին շրթունքը եզերող հաստ-ցանցառ մազերը, որ նկատելի սեւին էին տալիս։
Արմէնին զարմացրեց այդ կնոջ յստակ եւ անխոցելի տրամաբանութիւնը։
- «Երազանքից» գնիր,- անհաղորդ յուշեց կինը եւ ոտքերը ծանրածանր քարշ տալով՝ սկսեց հեռանալ՝ այնքա՛ն դանդաղ, որ թւում էր, թէ նա ոչ թէ առաջ է շարժւում, այլ տեղում կանգնած՝ ճօճւում է…
Հակառակ կողմում սկսւում էր Վերին Կիտակը, որը նկատելիօրէն տարբերւում էր Ներքին Կիտակից։ Այնտեղ շէնքերը մեծ էին, խնամուած, մի տեսակ գոռոզ ու հանգամանօրէն մտածուած, այնինչ այս կողմի միակ զարդը մի անշուք թերթի կրպակ էր, որն արդէն փակ էր։ Խաչմերուկը լցուած էր ամեն տեսակ հակընթաց մեքենաների ազդանշաններով, երբեմն էլ, ասես անպատեհօրէն, յայտնւում էին խոտով բարձուած գիւղացիական ինքնաշէն սայլեր, որոնք ծանր ու յոգնած վերադառնում էին տափաստանից։ Միակ բանը, որ միատեսակ ընդհանուր էր ինչպէս Վերին, այնպէս էլ Ներքին Կիտակի համար, համատարած փոշին էր, որ հաւասարապէս իջնում էր թէ՛ կորդ տափաստանին, թէ՛ փարթամ անտառին, թէ՛ համեստ ու գոռոզ շէնքերին եւ թէ մարդկանց վրայ…
- Այս անիծեալ փոշու եւ աղտեղութեան մէջ՝ ի՞նչ երազանք…- հեգնալից ժպիտով անսպասելի ճոռոմ պատասխանեց երկար մազերով մի շիկամօրուս մարդ, որ վերադառնում էր Վերին Կիտակից։- Եթէ փողերդ քամուն տալու տեղ ես փնտրում, բարեկա՛մ, ապա, իմ կարծիքով, աւելի մարդասիրական կլինէր, եթէ դու դրանք պարզապէս նուիրէիր ինձ…- իրեն թոյլ տուեց կատակել նա եւ անփոյթ ծիծաղեց։
Արմէնը ժպտաց։
- Թերեւս, դու ճիշտ ես, բարեկա՛մ,- կեղծ մտահոգուեց մարդը։- Երազել կարելի է միայն անտառում, ուր գիշերով հաւաքւում են հրաշագեղ ոգիներ…
Արմէնը շուռ եկաւ ու գնաց։
- Կաց,- յետեւից լսուեց մարդու ասես սթափուած ձայնը։- «Երազանքը» գտնւում է անտառում, այ էդ կողմում, հեռու չէ…
- Շնորհակալութիւն։
- Նոր օրէնքով դա էլ փող արժի, բարեկամ, նոյնիսկ դա՜,- բարձր ձայնեց մարդը։- Սակայն հոգ չէ՝ մի օր կհանդիպենք, եւ դու պարտքդ կվերադարձնես…
Արմէնը յետ նայեց։ Հայեացքը յառած գետնին՝ մարդը մտազբաղ շոյում էր մօրուքը. կարծես նրան իր իսկ միտքն անակնկալի էր բերել, եւ կենտրոնացած՝ նա ինչ-որ բան էր մտմտում…
«Երազանքը» մի գեղեցիկ գիշերակումբ էր՝ ծառերով շրջապատուած։ Դա նորոգ յարդարուած մի հնամենի դղեակ էր՝ քանդակազարդ մուտքով։ Արմէնն իր կեանքում երբեւէ չէր եղել գիշերային ակումբում եւ սպասում էր, որ դռնապանն իրեն ներս չի թողնի, սակայն մուտքի մօտ ոչ ոք չկար։ Նա զգուշօրէն բացեց կաղնեփայտէ հսկայ դուռը եւ մտնելով ներս՝ կանգ առաւ. մի ընդարձակ սրահ՝ թաւիշ-կարմիր պատերով։ Խորքում գտնւում էր շրջանաձեւ բեմը՝ թեթեւ-թափանցիկ՝ ասես օդեղէն վարագոյրներով։ Անկիւնները թաղուած էին կիսամթնում, եւ սրահը թւում էր անսահման։ Պատկերազարդ մի երկար ուղեգորգ սրահը կիսում էր երկու հաւասար մասերի՝ կազմելով գեղեցիկ միջանցք, որից աջ ու ահեակ դրուած էին բազմաթիւ նրբակերտ կլոր սեղաններ՝ փափուկ աթոռներով։ Արմէնը վախուորած առաջ գնաց, սակայն ոչ ոքի չհանդիպեց։ Միջավայրն այնքան անսովոր էր ու օտարոտի, որ նա մի պահ մղուեց շուռ գալ ու փախչել, սակայն ներսում նուացող քաղցը ստիպեց նրան փոխել միտքը։ Աչքով ընկաւ մօտիկ մի աթոռ, որ փոքր-ինչ ծուռ էր դրուած։ Թեթեւակի նստեց աթոռի եզրին, այնպէս, ասես չէր ուզում աթոռին նեղութիւն պատճառել։
Յանկարծ լսուեց խուլ դմփիւն, եւ սեթեւեթ քայլերով բեմ մտաւ մի երկարասրունք կին, որ գրեթէ կիսամերկ էր։ Թւում էր, թէ թեթեւաթիռ զգեստը հազիւ է մնում կնոջ մարմնին եւ ուր որ է կփլուի ցած՝ մերկացնելով նրան ամբողջովին։ Կինը հանդիսաւոր կանգ առաւ բեմի կենտրոնում, եւ անյայտ ինչ-որ տեղից ընկնող ուժեղ լոյսի տակ նրա հրդեհաշէկ վարսերն սկսեցին զարմանալի ձեւով փայլկլտալ։ Ձեռքերն ագուցելով իրար՝ նա հայեացքը պտտեց շուրջբոլորը եւ լայն, խոստումնառատ ժպտաց։
- Սիրելի հիւրեր,- կաքաւուն-զուարթ ձայնով դիմեց նա ենթադրական բազմութեանը,- հէնց սկզբից ես ստիպուած եմ ձեզ յայտնել, որ, ցաւօք սրտի, հանգամանքների աննպաստ դասաւորութեամբ, այսօր չի կարող հանդէս գալ ձեր կողմից այնքան սիրուած երգչուհի Սաբի Սէմեանկան, ով ձեզ միշտ հաճոյք է պատճառել իր հրաշալի կատարումներով։ Ուստի, հայցում ենք ձեր ներողամտութիւնը…- խորիմաստ լռելով՝ կինն աչքերը ցուցադրաբար թարթեց եւ շարունակեց աւելի ներշնչուած։- Սակայն, ձեր թոյլտւութեամբ, այս անգամ ձեր սիրած երգը նրա փոխարէն կկատարեմ ես…- կինը դարձեալ լռեց եւ գլուխը խոնարհելով՝ թոյլ տուեց, որ ենթադրական ներկաների հայեացքները կենտրոնանան իր վրայ, ապա գլխի կտրուկ-զգայական շարժումով յետ գցելով վարսերը՝ կլորացրեց աչքերն ու բարակ յօնքերն իրար բերելով՝ սկսեց երգել.
- Ես նստած եմ գետի ափին ու մի՜տք եմ անում.
Ես տուն չունե՜մ…
- Չեղա՛ւ, Մարի՛, չե՜-ղա՜ւ…- յանկարծ նրան ընդհատեց տղամարդու մի յոյժ գործնական-թատերական ձայն, որ լսուեց բեմի դիմացից։- Լաւ է, իհարկէ, բայց այնքան էլ լաւ չէ։ Ակամայից տպաւորութիւն է առաջանում, թէ դու ուրախ ես, որ Սաբիին բան է պատահել եւ նա չի կարող ելոյթ ունենալ։ Աշխատիր խօսքերիդ տալ աւելի թախծոտ-հանդիսաւոր հնչերանգ ու երգն էլ սովորականից աւելի տխուր երգիր եւ, որ գլխաւորն է, աւելի անկեղծ… Դէ, լաւ,- տղամարդը ծափ զարկեց,- սկսում ենք նորից։
- Կարո՞ղ եմ մի փոքրիկ ընդմիջում անել,- նկատողութիւնից ակնյայտօրէն ազդուած՝ ասաց կինը չոր-կոպիտ ձայնով, որը բոլորովին նման չէր նրա ձայնին, որով ելոյթ էր ունենում։
- Կարող ես։
Ուժգին ճօճուելով սրածայր կրունկներին՝ կինը նեարդային շարժումներով դիմեց դէպի վարագոյրն ու անհետացաւ յետնաբեմում։
Արմէնին հաճելիօրէն անակնկալի բերեց, որ Սարայի քոյրը՝ Սաբին, այստեղի երգչուհին է, եւ նա մէկէն իրեն վստահ զգաց։ Աւելի հաստատ տեղաւորուելով աթոռին՝ յիշեց, թէ ինչպիսի սրտաբուխ ձայնով էր այդ երգը երգում Սարան եւ կարօտեց նրան։ Մի պահ ցանկացաւ, որ Սարան այստեղ իր կողքին լինէր եւ միասին լսէին այդ երգը։ Տեսնես, ի՞նչ էր անում նա հիմա…
- Հէ՜յ, դո՛ւ, երիտասա՛րդ,- յանկարծ սրահի կիսախաւարից եկաւ ինչ-որ մէկի դժգոհ ձայնը։- Քեզ ո՞վ է ներս թողել…
Արմէնը շփոթուած նայեց՝ սրահի խորքից արագ-արագ դէպի իրեն էր գալիս կոկիկ հագնուած մի նիհար-բարձրահասակ տղամարդ՝ գեղեցիկ փողկապով։
Արմէնն ակամայ վեր կացաւ եւ ուղղեց աթոռը։
- Դու ի՞նչ ես ուզում,- խիստ հարցրեց տղամարդը՝ ոտից գլուխ չափչփելով Արմէնին։ Դա տանձաձեւ գլխով, դժգոյն դէմքով, լայն ճակատով ու բծախնդրօրէն յետ սանրած մազերով մի իւղուած մարդ էր, որի խոշոր-անիմաստ աչքերն օտարոտի-բոցավառ փայլ ունէին։ Հագուստը նկատելի մեծ էր նրա վրայով. զգացւում էր, որ այդ ընտիր-թանկարժէք շորերի տակ թաքնուած է մի վտիտ-փխրուն մարմին։ Դրանից էր, երեւի, որ ինչ-որ հիւանդագին բան կար նրա ամբողջ կերպարանքում։
- Ինձ ասացին, որ էստեղ կարելի է հաց գնել։
- Սա քեզ համար հացի խանութ չէ,- շրթունքները սեղմելով՝ քմծիծաղեց մարդը։- Դուրս արի։
- Սա «Երազանքը» չէ՞։
- Ո՛չ, երիտասա՛րդ,- մարդը ձայնը սպառնալից բարձրացրեց։- Սխալւում ես, սա «Երազանքը» չէ՛։
- Բա սրա անունն ի՞նչ է։
- Եթէ տառաճանաչ ես, կարող ես կարդալ։ Իսկ հիմա դո՛ւրս արի։
- Լաւ, իսկ «Երազանքը» որտե՞ղ է։
- Հակառակ կողմում,- անփոյթ նետեց մարդը։
Արմէնը թօթուեց ուսը եւ քայլեց դէպի դուռը։
- Բէ՛ն, սրահի խորքերից լսուեց ինչ-որ մէկի կանչը,- դու ինչո՞վ ես զբաղուած։ Արի՛, օգնի՛ր Ալկին, որ փողկապը ճիշտ կապի։ Ուշ է, շուտով կգան առաջին յաճախորդները…
Արմէնը դուրս եկաւ եւ մուտքի պատերին փնտրեց գիշերակումբի ցուցանակը, բայց ոչինչ չգտաւ։ Երբ իջաւ դղեակի առջեւ փռուած ծաղկայարդար գեղեցիկ դաշտը, ծառերի կատարներից վեր, իրիկնացող երկնքի խորապատկերին, նշմարեց մի մեծ վահանակ, որի վրայ վառվռուն լուսատառերով գրուած էր. «Վերին Բացատ»։ Անունը ծանօթ թուաց։ Ահա եւ առաջին հիւրերը. երկու շքեղափայլ մեքենաներ կանգ առան դղեակի առջեւի հրապարակում։ Բացուցին մեքենաների դռները, եւ դուրս եկան մի խումբ շքայարդար կանայք ու տղամարդիկ, որ հանգիստ զրուցելով՝ ինքնավստահ շարժումներով դիմեցին դէպի դղեակի դուռն ու անհետացան։ Ասես դա նրանց կեանքի ճանապարհն էր, որը միշտ տանում էր մեքենայից դէպի դղեակ…
«Երազանքը», պարզուեց, գտնւում էր անտառի այն մասում, որ յարում էր Ներքին Կիտակին։ Այս ու այն կողմ ծառերի տակ ընկած քնած էին մի քանի հարբածներ՝ քարերի պէս, անկենդան, կեղտակուր քրջերում կորած։ Մուտքից քիչ այն կողմ, ծեփաթափ պատի տակ, նստած էին նիհար-տանջահար դէմքով մի տղամարդ եւ վէրքապատ ոտքերով մի շեղաչ կին եւ խմիչքի շիշը փոխնիփոխ իրար հրամցնելով՝ լուրջ-համերաշխ զրուցում էին։ Երբ Արմէնը բացեց մուտքի դուռը, որի վրայ անճոռնի-ներկաթափ տառերով գրուած էր «Երազանք», կինը հետաքրքրութեամբ նայեց նրան եւ թեքուելով դէպի տղամարդը՝ ցածրաձայն ինչ-որ բան ասաց, եւ երկուսով բարձր ծիծաղեցին…
Ներսում խեղդուկ տօթ էր, շուրջբոլորը լցուած էր աղմկոտ խօսակցութիւնների, հարբած ծիծաղի, անհասկանալի բացականչութիւնների ժխորով։ Սրահը, որ ունէր անծեփ-խորդուբորդ պատեր ու կարմրին տուող ցածր առաստաղ, յագեցած էր զանազան հոտերով ու գոլորշիներով եւ յիշեցնում էր մի ընդարձակ կիսամութ քարանձաւ։ Կիպ, խառնիխուռն դրուած հասարակ սեղանների շուրջ նստած էին խայտաբղէտ հագուստներով կանայք ու տղամարդիկ եւ աշխուժօրէն խօսակցելով՝ ուտում էին ու խմում։ Փոքրիկ նեղ պատուհանից շեղակի ներս թափանցող պղտոր լոյսի մէջ, պատի տակ, ուղղակի յատակին թեք էր ընկել անորոշ տարիքի մի հարբած տղամարդ ու սրտագին ծոր էր տալիս ինչ-որ երգ, սակայն նրան ոչ ոք չէր լսում։ Երկար մազերով մի միջահասակ կին, որի շրջազգեստին անհամար մանրիկ սրտիկներ էին նկարուած, վեր էր կացել եւ անդադար խօսելով՝ ուզում էր հեռանալ, սակայն դիմացը նստած աղուէսադէմ տղամարդն անընդհատ քաշում էր նրա թեւից եւ միաժամանակ արագ-արագ կլլում իր կերակուրը։ Անկիւնում ինչ-որ տեղ յանկարծ պայթեց մի միահամուռ քրքջոց, եւ լսուեց վար ընկնող ափսէի շրխկոցը, որը խլացաւ հարեւան սեղանի հայհոյախառն քաշքշուկի մէջ։ Մի երիտասարդ զոյգ ագահօրէն համբուրւում էր ուղղակի սեղանի մօտ նստած։ Աղջկայ մէջքն ամուր սեղմուած էր խորդուբորդ պատին, սակայն նա, հաւանաբար, ոչինչ չէր զգում. փակ աչքերից ու կարմրած դէմքի նուաղուն արտայայտութիւնից զգացւում էր, որ նա տարփանքի մէջ չգիտի նաեւ, թէ ինքը որտե՛ղ է, ո՛ւմ հետ եւ ի՛նչ է անում։ Աշխատելով չքսուել սեղաններին՝ Արմէնը նեղլիկ միջանցքով գնաց դէպի աղօտ լուսաւորուած բարձրադիր վաճառատեղին, սակայն այնտեղ հիասթափօրէն ոչ ոք չկար։ Նա հայեացքով տնտղեց ներկաներին, եւ սիրտը մի պահ կծկուեց. ինչ-որ չափազանց խեղճ ու կրակ բան կայ մարդկային այդ ինքնամոռաց եռուզեռի մէջ. կարծես մարդիկ անվերջ ճգնում են խցկուել կեանքի մէջ, որտեղ բոլոր տեղերն արդէն զբաղուած են։ Արմէնը ծուռ ժպտաց. ի՛նքն է, որ կեանքում տեղ չունի եւ ստիպուած է այսքա՛ն տառապել մի կտոր հացի համար…
Դիմացի ծպքաւոր վարագոյրը ճեղքուեց, եւ դուրս եկաւ մի յաղթանդամ տղամարդ, սակայն դա դարձեալ վաճառողը չէր։ Ի պատասխան Արմէնի հարցի, մարդն ուսերը թօթուեց եւ ճեղքելով սեղանները՝ գնաց դէպի հեռաւոր անկիւնը եւ զբաղեցրեց իր տեղը։ Արմէնը նկատեց, որ որոշ հետաքրքրասէր հայեացքներ հարբած տարակուսանքով նայում են իրեն, եւ հայեացքով նստելու տեղ փնտրեց։ Իրենից ձախ, անկիւնի ստուերում, տեսաւ մի փոքրիկ սեղան, որի շուրջ դրուած էին հին, շարքից դուրս եկած անթիկնակ աթոռներ։ Զգուշօրէն նստեց. աթոռը թէեւ ճօճւում էր, բայց դեռեւս պիտանի էր նստելու համար։
- Ահա թէ որտե՜ղ է թաքնուել իմ բարեկամը…- յանկարծ գլխավերեւում լսուեց ինչ-որ մէկի վերամբարձ ձայնը։- Վերջապէս գտա՜յ…
Արմէնը նայեց՝ դա այն շիկամօրուս մարդն էր, որ իրեն ցոյց էր տուել «Երազանքի» ճանապարհը։
- Ինչո՞ւ ուշացար,- գինով լի բաժակը դնելով սեղանին՝ անփոյթ մտերմութեամբ հարցրեց մարդը։- Թէ՞ մոլորուել էիր։
Արմէնը կիսաժպիտ նայեց նրան։
- Երիտասարդը նորեկ է մեր քաղաքում, եւ ես նրան յուշեցի, թէ ինչպէ՞ս, ո՞ր ճանապարհով եւ որքա՞ն ժամանակ ծախսելով նա կարող է հասնել «Երազանքին»,- դառնալով մէկ ուրիշ մարդու, որ խոնարհ կանգնած էր նրա թիկունքում, բացատրեց նա։- Այո, պէտք է օգնել օտարական մարդկանց, որպէսզի նրանք էլ, հարկ եղած դէպքում, քեզ օգնեն… Ծանօթացիր, խնդրեմ,- շոյելով մօրուքը՝ մարդը տիրականօրէն բազմեց կողքի աթոռին, իսկ նրան ընկերակցողը սիրալիր գլխով արեց Արմէնին եւ անցնելով հակառակ կողմը՝ նստեց ու մէջքը յենեց պատին։ Դա կանացի շարժուձեւով, նուրբ քթով մի գեղեցիկ տղամարդ էր՝ ընդգծուած կարմիր, ասես ներկուած շրթունքներով ու անմազ երեսով։ Այդ անտանելի շոգին հագել էր կլոր օձիքով սեւ վերնաշապիկ, որը մինչեւ վիզը հանգամանօրէն կոճկուած էր։ Նա նստեց եւ նայելով Արմէնին՝ ամօթխած ժպտաց։
- Գինի կխմե՞ս,- հարցրեց շիկամօրուսը։- Ես կարող եմ քեզ գինի հիւրասիրել, մեծ սիրով…- նա լայն ժպտաց՝ ցուցադրելով իր սուր, ժանիքի նմանուող ատամները։
- Չէ, շնորհակալ եմ,- խուսափեց Արմէնը։
- Կներես, երիտասարդ,- կեղծ չքմեղացաւ շիկամօրուսը՝ ձեռքը թեթեւակի զարկելով ճակատին։- Մոռացայ քեզ, ինչպէս հարկն է, ներկայացնել իմ հին բարեկամին,- իր մանրիկ-խլվլուն աչքերով նա նշեց ամօթխած տղամարդուն։- Սա, այսպէս ասած, իմ քնքոյշ կէսն է՝ Կլերը. հոգեւոր ծառայութեան գնդապետ…- փռթկալով՝ նա խենթաւուն քրքջաց իր իսկ սրամտութեան վրայ։- Եւ, միաժամանակ՝ իմ ամեհի գաղափարական ախոյեանն ու անբաժան երկուորեակը… Այնպէս չէ՞, Կլեր,- դարձաւ նա ամօթխածին եւ ձեռքը գցելով՝ փարեց նրա ուսը։- Իսկ ես ինքս գիտնական եմ, գիտական աւելի քան երկու տասնեակ գիւտերի ու յայտնագործութիւնների հեղինակ…- մատներով արժանապատուօրէն յետ սանրեց ճակատին ընկած մազափունջը։- Կարծում եմ, իմ նոր բարեկամին կհետաքրքրի, թէ յատկապէս ինչպիսի՞ հայեացքների տէր եմ ես եւ որո՞նք են այն անհաշտելի հակասութիւնները, որոնց պատճառով մենք՝ ես ու Կլերը, երբեմն գժտւում ենք եւ ժամանակ առ ժամանակ նոյնիսկ թշնամանում…
- Ողջո՜յն, Ֆուզի,- ընդհանուր ժխորից զատուեց ինչ-որ մէկի զուարթ ձայնը,- էդ ինչո՞ւ ես էսօր առանձնացել…
- Ողջոյն,- շիկամօրուսն անփոյթ ձեռքով արեց եւ կրկին դարձաւ Արմէնին։- Հա, ի՞նչ էի ասում…- միտումնաւոր սպասեց՝ շփելով ճակատը։- Միւս բնական հարցը, որ կարող է ծագել կամ առաջանալ, այն է, թէ յատկապէս ինչի՞ց ես որոշեցի, որ ես ու դու կարող ենք լինել լաւ բարեկամներ եւ զրուցել ոչ թէ ինչ-որ մանր-մունր առօրեայ բաների մասին, ասենք՝ փողի, կանանց, ընտանիքի կամ պաշտօնի եւ այլն, այլ շատ աւելի լուրջ՝ մարդկութեան համար չափազանց կարեւոր, ճակատագրական խնդիրների շուրջ։ Դա կարելի է հեշտօրէն բացատրել. ուղղակի, իմ սուր հայեացքից ելնող անտեսանելի ճառագայթների միջոցով ես կարողանում եմ միանգամից ճեղքել առօրէական փոշու կարծր կեղեւը եւ թափանցելով ուզածդ մարդու հոգու թաքնուած միջուկի մէջ՝ տեսնել, թէ այնտեղ տարրական մասնիկների ինչպիսի՞ գոյացումներ կան՝ բացասակա՞ն, թէ՞ դրական։ Ահա, երբ ես քեզ տեսայ, միանգամից հասկացայ, որ գործ ունեմ մի շատ հետաքրքիր, բազմակողմանի զարգացած անձնաւորութեան հետ…
- Ներեցէք, դուք վաճառո՞ղն էք,- տեղից վեր կենալով՝ հարցրեց Արմէնը՝ նկատելով մի բարձրահասակ տղամարդու, որ մի քանի դատարկ շշեր ձեռքին՝ գնաց դէպի վաճառասեղանը, սակայն ընդհանուր աղմուկի մէջ մարդը չլսեց Արմէնի ձայնը։
- Ո՛չ, ո՛չ, նա վաճառողը չէ,- Ֆուզին քաշեց Արմէնի թեւից,- այլ բոլորովին ազատ մի մարդ, կանացի ընչաքաղցութեան բազմաթիւ զոհերից մէկը, որն ստիպուած է եղել սպանել իր կնոջը եւ հեռանալ անարդար հասարակութիւնից,- ժպտաց նա։- Իսկ վաճառողը չի փախչի. նա կարճ ժամանակով տուն է գնացել եւ շուտով կվերադառնայ…
Արմէնը խոր հոգոց հանեց։
- Ես ճարտարագէտ եմ, նոր մարդ ստեղծելու յայտնի ուսմունքի անդրդուելի կողմնակից, իսկ, այ, Կլերն անյուսալի պահպանողական է։ Նա կարծում է, թէ մարդը ստեղծուած է մէկընդմիշտ եւ նրան կարելի է բարեփոխել միմիայն ջերմեռանդ աղօթքի միջոցով։ Սակայն ես կարծում եմ, որ դա արմատապէս սխալ հայեացք է, քանզի մարդկութիւնն իր ծնուած օրից անվերջ ջերմեռանդ աղօթում է եւ ի՞նչ. ո՛չ մի արդիւնք... Այնպէս չէ՞, Կլեր,- Ֆուզին դարձաւ իր ընկերակցին, մինչ վերջինս միայն համեստ ժպտաց։- Այնինչ ճշմարտութիւնն այն է, որ մարդը բնակենսական տարրերի մի անհրաժեշտ կամ պատահական խառնուրդ է, ինչպէս ամեն ինչ։ Հետեւաբար, փոխելով մարդու կենսաբանական կազմը՝ կարելի է նրան նորովի ձեւակերպել եւ արդիւնքում ստանալ մի նոր, առաւել կատարեալ, անթերի կամ, ինչպէս ընդունուած է ասել՝ առաւել տրամաբանական մի կենսատեսակ, որին կարելի է թողնել միանգամայն ազատ՝ առանց հին ու նոր օրէնքների զսպիչ պարտադրանքի. նա կարող է կատարել ուզածդ առաջադրանքը՝ առանց դէմքը խոժոռելու կամ աւելորդ հարցեր տալու…- Ֆուզին մի շնչով դատարկեց գինու բաժակը եւ սրբելով շրթունքները՝ շարունակեց աւելի ոգեւորուած։- Սակայն ցաւալին այն է, որ մարդիկ ուղեղային մեծ դժուարութիւն ունեն հասկանալու այս պարզ ու համոզիչ փաստարկը եւ զբաղուած են նորանոր օրէնքներ յօրինելով՝ մէկը միւսից աւելի տխմար ու անօգուտ։ Ես ամբողջ կեանքում անողոք պայքար եմ մղել մարդկային այդ աներեւակայելի տգիտութեան դէմ։ Ճիշտ է, դա ինձ վրայ թանկ նստեց, սակայն ես չընկճուեցի բոլորովին։ Թէեւ, թեւիցս բռնած, ինձ դուրս շպրտեցին գիտութեան սրբազան կաճառից եւ կողոպտեցին իմ արած բոլոր գիւտերն ու յայտնագործութիւննե՜րը,- դառնութեամբ բացականչեց Ֆուզին՝ բռունցքը վճռականօրէն խփելով սեղանին, եւ նրա մանրիկ աչքերը փայլատակեցին անսքօղ ատելութեամբ,- սակայն ես կեանքո՛վ ապացուցեցի իմ տեսակէտի ճշմարտութիւնը. իմ ամենամեծ ախոյանին՝ Կլերին, առաջարկեցի միասին ապրել՝ ցոյց տալու համար, թէ ինչպէ՛ս կարելի է երկու իրարամերժ գաղափարներ հաշտեցնել մէկ հարկի տակ եւ ամենայն թափով առաջ մղել մարդկութեան զարգացումը,- Ֆուզին ցնցեց բաշը եւ ահեղ փնչաց։- Եւ արդիւնքը, կենդանի՛ արդիւնքը, խնդրեմ, բոլորի աչքի առջեւ է. Կլերը, որ մի ժամանակ իմ դէմ պայքարողների երդուեալ պարագլուխն էր, այժմ դարձել է իմ երկրորդ կէսը՝ աղաւնու պէս խոնարհ ու հեզ, բարի ու անտրտունջ, աննահանջօրէն պատրաստակամ՝ կատարելու իմ բոլոր ցանկութիւններն ու յանձնարարութիւնները. եւ նա երջանիկ է դրանով, այո՛, նա ամենաերջանիկ մարդն է, որ երբեւէ եղել է պատմութեան մէջ. աւելին՝ նա հէնց կատարեա՛լ մարդն է, որին, համոզուած եմ, պատկանում է մարդկութեան ապագան… Այնպէս չէ՞, Կլեր,- Ֆուզին ձգուեց ու մի համբոյր դրոշմեց Կլերի այտին՝ ընթացքում ինչոր բան մրմնջալով, ինչից Կլերը կանացիօրէն շիկնեց։
Արմէնը փախցրեց հայեացքը եւ զգաց, որ իր մէջ սրտխառնուք է բարձրանում։ Վաճառողը դարձեալ տեղում չէր։
- Ես ստիպուած եմ ձեզ կարճ ժամանակով լքել,- ասաց Ֆուզին։- Առանց ինձ, յուսով եմ, չէք տխրի...- օրօրուելով՝ նա վեր կացաւ եւ անհետացաւ ծպքաւոր վարագոյրի յետեւում։
Տիրեց անյարմար լռութիւն։ Արմէնը հայեացքը չէր կտրում վաճառասեղանից։
- Եթէ կարելի է հարցնել, դուք վաղո՞ւց էք մեր քաղաքում,- մեղմ-կանացի ձայնով խօսակցութիւն բացեց Կլերը։
- Չէ,- ասաց Արմէնը,- ընդամենը մէկ օր։
- Հըմ…
Դարձեալ լռութիւն։
- Գնամ տեսնեմ՝ հօ Ֆուզին իրեն վատ չի՞ զգում,- նորից խօսեց Կլերը՝ կանացի հոգատար ժպիտով։- Դէ, գիտէք, նա խենթ է, ինչպէս բոլոր հանճարները… Ես շուտով կվերադառնամ,- նա վեր կացաւ ու նկատելի շորորալով՝ փութկոտ գնաց դէպի ծպքաւոր վարագոյրը։
Արմէնն ազատուած շունչ քաշեց։ Գինետան ժխորն ուժգնացել էր, ամենուրեք լսւում էին հարբած գոռգոռոց, ծիծաղ, հայհոյանք…
- Ես հօ ձեր տատիկը չէ՞մ, որ ձեզ ձրի բլիթ բաժանեմ…- աղմուկի մէջ սուր առանձնացաւ մի խռպոտ ձայն, եւ Արմէնը նկատեց մի գէր-կոտակ ու ճաղատ տղամարդու, որը կոպտօրէն յետ հրելով գինու դատարկ բաժակը ձեռքին աղերսագին կանգնած մի նիհար-ճօճուող կերպարանքի՝ տիրականօրէն անցաւ վաճառասեղանի յետեւն ու ոչ ոքի չնայելով՝ մթագին դէմքով հանեց թուղթն ու գրիչը եւ վարժ շարժումներով սկսեց ինչ-որ հաշւումներ կատարել։ Վաճառասեղանի առջեւ ակնթարթօրէն հերթ գոյացաւ։
Վաճառողն սպասարկում էր ընդգծուած տիրական ու ասես միտումնաւոր անշտապ շարժումներով։ Նրա դէմքին դաջուած էր սեփական կարեւորութեան մի գոռոզ-նախայարձակ արտայայտութիւն. կարծես նա մեծահոգաբար ձրի բարիքներ էր բաշխում մարդկանց՝ միաժամանակ ձեռքի կամ գլխի արհամարհական շարժումով կտրականապէս մերժելով պարտքով խմիչք կամ կերակուր վերցնելու բոլոր խնդրանքները։ Այդ ամենը նա անում էր զարմանալի բնականութեամբ։
- Մէկ հատ հաց,- երբ հերթը հասաւ, Արմէնը դրամը պարզեց դէպի վաճառողը։
Առանց նայելու, վաճառողն անխօս վերցրեց թղթադրամը, անփոյթ նետեց դրամարկղի դարակը եւ վաճառասեղանին դրեց սեւ-ցեխագոյն մի հաց, որից սուր թթուահոտ էր գալիս։
- Յաջո՛րդը։
- Մանրը,- վերցնելով հացը՝ ասաց Արմէնը։- Մանրը մոռացաք։
- Ի՞նչ մանր,- կեռ-երկար քիթը վաճառողն արհամարհանքով կնճռոտեց եւ կկոցուն աչքերով դարանակալ նայեց Արմէնին։- Մանր չկայ։
- Ո՞նց թէ՝ չկայ,- խայթուեց Արմէնը։
- Մէկ հաց եւ մէկ լիքը բաժակ գինի,- անյաղորդ բացատրեց վաճառողը։- Էլ ի՞նչ մանր։
- Բայց ես գինի չեմ խմել։
- Ճիշտ է, գինի չես խմել, բայց հիւրասիրել ես Ֆուզիին՝ քո պարտքի դիմաց…
- Ես ոչ մէկին պարտք չե՛մ եւ Ֆուզի-մուզի էլ չե՛մ ճանաչում,- Արմէնն զգաց, որ կատաղութիւն է բարձրանում իր մէջ։- Տո՛ւր մանրը,- սպառնալից պահանջեց նա։
Վաճառողը քմծիծաղ տուեց եւ միտումնաւոր բարձր ձայնեց.
- Յաջո՛րդը։
Արմէնի աչքի դէմ զայրոյթից մթնեց։
- Լսի՛ր,- իրեն կորցրած՝ նա գցեց ձախը եւ պինդ բռնեց վաճառողի օձիքից,- շո՛ւտ, հէնց հիմա տո՛ւր մանրը, թէ չէ՝ կխեղդե՛մ…
Անակնկալի եկած՝ վաճառողը սփրթնեց, եւ դէմքին մութ-կենդանական սարսափ յայտնուեց։
Բարձրացաւ ահաւոր խառնաժխոր։
- Ճիշտ է ասում, ո՞նց չես ճանաչում, որ Ֆուզիի հետ նստած՝ ասում-խօսում-ծիծաղո՜ւմ էիր,- բացականչեց այն հարբած մարդը, որին վաճառողը յետ հրելով՝ մերժել էր։- Տեսէ՜ք, տեսէ՜ք, այ թէ ո՜նց է լինում, որ ամեն ծակից փախած՝ մեր հացն ուտում ու մեզ վրայ էլ դանա՜կ է քաշում...- տեղում ճօճուելով՝ բղաւում էր նա չորս կողմի վրայ։- Տուէ՜ք էս օտարական լածիրակի՜ն…
- Եթէ պարտք ես՝ պարտքդ տո՛ւր,- խորքից ցասումնալից ձայնեց ինչոր մէկը։- Էլ ի՜նչ ես պոչ խաղացնում…
Արմէնն զգաց, որ թիկունքից ինչ-որ մէկն ուժգին քաշեց իր օձիքից, եւ այլ մէկն էլ հարուածեց կողքից։ Նա բաց թողեց խռխռացող վաճառողին եւ շուռ գալով՝ ամբողջ ուժով հրեց իր օձիքից քաշողին։ Վերջինս, որ մի բարձրահասակ տղամարդ էր, յետ-յետ արեց եւ մէջքի վրայ փռուեց մօտիկ սեղանին, որի շուրջ նստածները՝ երկու կին եւ երկու տղամարդ, խուճապահար ճիչերով վեր թռան ու սկսեցին ինչ-որ բաներ բղաւել՝ թափահարելով ձեռքերը։ Արմէնն զգաց, որ համակւում է կռուի տենդով, եւ իր մէջ գլուխ է բարձրացնում մի անսովոր ազատութեան մթին հաճոյքը։ Միեւնոյն է, թէ այդ ամենն ինչո՛վ կաւարտուի…
- Տո՛ւր,- դարձեալ բղաւեց նա դէպի վաճառողը՝ բարձրացնելով բռունցքը։- Տո՛ւր, թէ չէ՜…
Վաճառողը յանկարծ վախով կուչ եկաւ եւ արագ-արագ հաշուելով՝ մանրը հեգնանքով նետեց վաճառասեղանին։
- Այ էդպէ՛ս,- Արմէնն ակամայ ժպտաց ու վերցնելով մանրը՝ դիմեց դէպի ելքը։
Երբ նա իր յետեւից փակեց «Երազանքի» դուռն ու յայտնուեց դրսում, աստիճանահարթակին մի պահ կանգ առաւ. օդում կախուել էր մթնշաղը, եւ անտառից ելնելով՝ ընդառաջ էր գալիս հերթական գիշերը։
©Սեւակ Արամազդ