ԱՐՄԷՆ, վէպ, 2005թ․
Մասն երկրորդ, գլուխ երրորդ
Ա
Արմէնին թւում էր, թէ իրեն անտես սարդոստայնի պէս կպած է մնացել մի լպրծուն զգացում, որը կարծես «Երազանքի» անջնջելի կնիքն է իր դէմքին։ Մի օտար ներկայութիւն, իր կրծքի տակ թաքնուած, շնչում է իր փոխարէն։ Յանկարծ սուր յիշեց Ֆուզիին, երբ վերջինս ձգուեց ու համբուրեց Կլերին, եւ ցնցուեց խորշանքից։ Այդ երկուսն ասես հէնց այդ օտար ներկայութեան ստուերն են, որ բաժանուել են իրարից միայն այն բանի համար, որպէսզի կրկին իրար միանան։ Ահա թէ ինչու, նրանք կարողացան իրեն այդպէս հեշտօրէն խաբել՝ նետելով իրեն այդ տխմար կռուի մէջ։ Հիմա գուցէ նրանք ինչ-որ տեղ իրար գրկած՝ միմեանց պատմում են կատարուածի մասին. Ֆուզին հռհռում է՝ ամեն բառի վրայ դադար տալով ու ցնցելով գլուխը, իսկ Կլերը մեղմ ժպտում է՝ իր քսու-կանացի ժպիտով…
Արմէնը հացը տարաւ դէպի շրթունքները, բայց զգաց, որ չի կարող ուտել, քանի դեռ չի ազատուել իր դէմքին կպած այդ նողկալի զգացումից։ Կտրուկ շուռ գալով՝ մտաւ ծառերի մէջ եւ իջաւ դէպի այն մեկուսի փոքրիկ լճակը, որ նկատել էր «Երազանքի» ճանապարհին։ Լճակը միանգամից բացւում էր անտառի մէջ՝ գօտեւորուած եղեգնուտների թանձրախիտ պարսպով։ Արմէնը պտտուեց լճակի շուրջը, մինչեւ նշմարեց մի աննշան արահետ, որ կորչում էր բարձր ցօղունների մէջ։ Զգուշօրէն մտաւ եղեգնուտը եւ շուտով յայտնուեց լճակի ափին։
Ջուրը զարմանալի մաքուր էր եւ ճահճահոտ չունէր։ Անյայտ էր, թէ լճակը որտեղի՛ց է սնւում. շուրջը ո՛չ գետակ կար, ո՛չ առու։ Գուցէ, սնւում է խորքից, ընդերկրեայ անյայտ մի ակունքից։ Ճիշտ այսպիսի մի ջինջ լճակ կայ նաեւ իրենց լեռներում, եւ այս լճակն էլ կարծես նոյն ծանօթ ու հարազատ լճակն է։ Արմէնը գլուխը թաղեց սառը ջրի մէջ եւ ժպտաց. նրան պատեց այն նոյն հաճելի-ասղնտուն զգացումը, երբ մանկութեան ժամանակ մայրը գիրկն էր առնում իր կլոր գլուխն ու մեղմօրէն շոյում իր մազերը։ Արմէնի սիրտը խայտաց այդ քնքշագին հպումից։ Շունչը պահեց։ Թուաց, թէ անցաւ մի անսահման ժամանակ։ Երբ գլուխը հանեց ջրից, իրեն զգաց կրկին մաքուր, առողջ, ուժեղ՝ ասես նորովի ծնուած…
Թէեւ հացը տտիպ-թթուահամ էր, բայց Արմէնին անասելի հաճոյք էր պատճառում, որ քայլում է մթնող երեկոյի միջով եւ միաժամանակ ճաշակում հացը, որ վաստակել է մեծ տառապանքով։ Դրանից հացն ինքն էլ դառնում է թանկ ու ախորժելի։ Ինչ-որ անըմբըռնելի կապ կայ մթնշաղի եւ հացի միջեւ. թւում է, թէ իրիկնային լոյսն ու հացը փափուկ ու աննկատ միանում են իրար եւ համերաշխօրէն անհետանում իր ներսում։ Ասես ինքը մաս առ մաս կլանում է օրը՝ տեղ բացելով իջնող գիշերուայ համար։ Արմէնը մտերմիկ ժպտաց. ինքն օգնում է ժամանակին, որ նա կատարի իր դժուարին գործը։ Եւ նրան համակեց մի անփոյթ-թեթեւ տրամադրութիւն։ Գոյութիւն չունի ոչինչ, որի մասին արժէ մտածել։ Քայլի՛ր եւ կե՛ր…
Յանկարծ տաք-կրքոտ վիճաբանութեան ձայներ հասան ականջին։ Արմէնը կանգ առաւ եւ սրուեց դէպի աջ կողմում բարձրացող մարդահասակ թփուտը, որը սեւին էր տալիս ծառերի խորքից։
- Թող…- եկաւ աղջկական մի սաստող ձայն։
- Թող…- ասաց պատանեկան մի նուաղուն ձայն։
- Թող…- կրկնեց աղջիկը։
- Թող…- յորդորեց տղան։
- Թող…
- Թող…
- Թող…
- Թող…
Արմէնը ժպտաց եւ ուզում էր շարունակել ճանապարհը, երբ յանկարծ լսուեց աղջկայ աղերսագին ճիչը։ Արմէնն արագ-արագ դիմեց դէպի թփուտը եւ ահագին հեռու, թփուտի խորքում, տեսաւ մի պատանու, որ մի աղջկայ պինդ աքցանել էր թեւերի մէջ։ Աղջկայ դեռատի մարմինը վախուորած թպրտում էր պատանու գրկում, եւ երեւում էր աղջկայ մատղաշ-ձիւնաճերմակ կուրծքը, որ քաշքշուկի մէջ կիսով չափ բացուել էր։
- Հէ՜յ,- սպառնանքով գոռաց Արմէնը,- ինչո՞ւ ես նեղացնում աղջկան…
Արմէնի ձայնի վրայ տղան անմիջապէս բաց թողեց աղջկան, իսկ աղջիկն սկսեց կրծքի վրայ խուճապով իրար բերել շորը։
- Չէ՛, չէ՛, ինքը չի նեղացնում…- տագնապով ասաց աղջիկն իր բարակ-դեռատի ձայնով։- Մենք արդէն մեծ ենք եւ սիրում ենք իրար…
- Որ սիրում էք՝ սիրեցէք… Ճի՛շտ էք անում,- ծիծաղեց Արմէնը։
Նեղլիկ արահետի գլխին նրան ընդառաջ ելաւ մի ջահէլ կին, որ երեկոյեան զովին զբօսնում էր՝ երկու ձեռքով պարտաճանաչօրէն քշելով մանկասայլակը։ Արմէնն անխօս յետ քաշուեց՝ ճանապարհ տալով կնոջը։
- Շնորհակալութիւն,- կինն ընթացքից ժպտալով գլխով արեց։
Դա խոհուն դէմքով ու սեւ վարսերով մի խոշորաչ կին էր, որ առանձնապէս գեղեցիկ ու հմայիչ ժպիտ ունէր։
- Շատ անուշիկ ժպիտ ունի ձեր երեխան,- չարաճճի ժպտաց Արմէնը՝ նշելով մանկանը, որ խաղաղ քնած էր սայլակում։
- Իմը չէ,- կանգ առնելով՝ մի տեսակ պաշտպանուեց կինը։- Հարեւանիս երեխան է…- նա մի պահ ուշադիր նայեց Արմէնի ձեռքի կրծմրծուած հացին եւ հայեացքը փախցրեց։- Ուղղակի, խնդրեցին, որ երեխային հանեմ մաքուր օդի, իսկ ես ինքս ամուսնացած չեմ…
- Իսկ ես էստեղ ոչ ոք չունեմ, մէն-մենակ եմ…
- Հըմ…
- Եւ ոչ ոքի չեմ սպասում…
Կինը գլխով արեց։
- Միայն էսպէս քայլում եմ ինձ համար եւ կրծում իմ բաժին հացը…
- Արդէն հասկացայ,- ասաց կինը։
- Իսկ ձեր սիրածին դուք շա՞տ էք կարօտում,- յանկարծ նենգաբար հարցրեց Արմէնը՝ միաժամանակ զգալով, որ չափն անցնում է։
- Այո՛,- կինը կտրուկ նայեց Արմէնին եւ տարակուսանքը թաքցնելու համար անորոշ կկոցեց աչքերը։- Բայց, ցաւօք, հիմա նա շա՜տ հեռու է…- կնոջ ձայնն ընդունեց մի հեռու-երազուն հնչերանգ, որն յուշում էր, թէ նա չի կեղծում։
- Անհասկանալի է,- գոռոզ յանդգնութեամբ յարեց Արմէնը,- դուք էդքան գեղեցիկ էք եւ սպասում էք ձեր սիրածի վերադարձի՞ն…
- Ճիշտ ձեզ նման։
- Բայց ես սիրած չունեմ։
- Դա ոչ մի նշանակութիւն չունի,- ասաց կինը։- Ձեր աչքերից երեւում է, որ դուք ճիշտ չէք ասում։
- Այնուամենայնիւ, ես սիրով ձեզ եմ նուիրում այս բոլոր ծաղկաթմբե՜րը…- ձեռքը հանդիսաւոր տարածելով՝ Արմէնը ցոյց տուեց քիչ այն կողմ գտնուող անխնամ ու բարձիթողի ծաղկանոցը, որ անխնայ տրորուած էր։ Իր իսկ սրամտութեան վրայ նա նուաստ-անպատկառ ծիծաղեց՝ զարմանքով զգալով, որ կարծես ոչ թէ ինքն է ծիծաղում, այլ, իր փոխարէն, Ֆուզին…
- Դուք շատ մեծահոգի էք,- վիրաւորուեց կինը։- Ցտեսութիւն…- նա թափով հրեց սայլակը, ինչից երեխան ցնցուեց սայլակում եւ արթնանալով՝ սկսեց լաց լինել։
- Կներէք,- սթափուեց Արմէնը,- ես չէի ուզում…
Մի քանի քայլից կինը կանգ առաւ, հանգստացրեց երեխային, շտկեց բարուրն ու հեռացաւ՝ առանց շրջուելու։
Բ
Ընդհանուր խաւարի մէջ իրար էին ձուլուել Ներքին ու Վերին Կիտակները։ Մեծ Խաչմերուկը թաղուած էր տամուկ, ասես մեկուսի մթութեան մէջ։ Մայր մտած արեգակի փոխարէն վառւում էին չորս փողոցային նիհարիկ լապտերներ, որոնց պղտոր լոյսը մերթ ուժգնանում, մերթ խամրում էր տափաստանից փչող քամու մէջ։ Անթարթ լուսաւորուած էր միայն բոլորակի հսկայ վահանակը, որի սիւները չէին երեւում, եւ թւում էր, թէ վահանակը երկնքից կառչած՝ կախուել է Կիտակի վրայ։ Գրութեան աղաւաղուած տառերը բեկբեկուն ստուերների տպաւորութիւն էին թողնում, եւ հնարաւոր չէր հասկանալ, թէ ի՛նչ է գրուածի իմաստը։ Գուցէ, նոր օրէնքն արդէն իսկ հասցրել է հնանա՞լ…
Մայթերը զարմանալիօրէն ամայի էին, բացի մի քանի շտապող անցորդներից, ուրիշ ոչ ոք չկար։ Լռութիւնը երբեմն-երբեմն խզում էին անցնող ու դարձող մեքենաների հռնդիւնները, որոնք քամին փախցնելով՝ արագօրէն խլացնում էր իր աղմուկի մէջ։ Կիտակը ներքաշուել իր պատեանի մէջ եւ գիշերը դիմաւորում էր իր անթիւ-անհամար ծակուռներում, խորշերում, մթին անկիւններում եւ աղօտ լուսաւորուած պատուհանների վարագոյրների յետեւում։ Թւում էր, թէ կեանքը փնտրում է մի ապահով անկիւն, որպէսզի թաքնուի պատահական աչքից։ Փոշու խեղդուկ հոտն աւելի էր սաստկացել։
Արմէնն ուզում էր թեքուել անկիւնից դէպի այն փողոցը, որով եկել էր, երբ թերթի կրպակի մօտ նկատեց մի մարդկային կերպարանք, որ մէջքը յենած լապտերի սեանը՝ մոլոր-գլխիկոր կանգնած էր մեկուսի՝ արձանի անշարժութեամբ։ Արմէնի սիրտը յանկարծ ուժգին թպրտաց, եւ նա կանգ առաւ. թուաց, թէ լապտերի պղտոր լոյսի մէջ գլխիկոր կանգնած մարդն… ինքն է։ Կրծքի տակ յորձանք տուեց մի հեռաւո՜ր կարօտ. ասես այդ մարդն իր կորած մանկութիւնն է, որն ինքն ինչ-որ ժամանակ մէկընդմիշտ լքել է, եւ նա մեծացել է իրենից առանձին ու դարձել ահա այդ մարդը, որ այժմ լուռ ու գլխիկոր կանգնած է լապտերի տակ… Ասես ջերմի մէջ՝ Արմէնի շրթունքներն սկսեցին արագ-արագ անհասկանալի ինչ-որ բան մրմնջալ։ Մի՞թէ տեսիլք է դա կամ ճակատագիր…
Արմէնը կտրեց փողոցը եւ գնաց դէպի մարդը։ Որքան մօտենում էր, այնքան աւելի էր համոզւում, որ չի սխալուել. մարդը իսկ եւ իսկ ինքն է՝ Արմէնը. հասակը, գլուխը, լայն թիկունքը, կանգնելու ձեւը, մէջքին խաչաձեւած հաստ բազուկներով՝ շիտակօրէն մեծ ու լայն ձեռքերը… Արմէնին պատեց մի անըմբռնելի յուզմունք, եւ փղձուկը դէմ առաւ կոկորդին։
- Բարեւ,- խեղդուած ձայնով արտաբերեց Արմէնը՝ կանգ առնելով նրա դիմաց։
Մարդը բարձրացրեց գլուխը եւ խորունկ տարակուսանքով նայեց Արմէնին։
- Կուզե՞ս,- Արմէնը ձեռքի հացը պարզեց նրան։
Մարդը չարձագանգեց։
Արմէնը տնտղեց նրա դէմքը, որ կարծես ինքն էր՝ միայն թէ սարսափելի հիւծուած-տանջահար, ասես ծերացած վիճակում։ Աչքերից Արմէնին էր նայում կարծրացած յուսահատութիւնը՝ անհուն խեղճութեան ու ճակատագրական դատապարտուածութեան խառնուրդով։ Արմէնի սիրտը կծկուեց։ Նա մի պահ մղուեց պարզապէս գրկելու մարդուն եւ պինդ սեղմելու իր կրծքին, սակայն զսպեց իրեն եւ սուր զգաց այն անդնդախոր մենակութիւնը, որ դարանակալ լռում էր շուրջը։
- Սպասո՞ւմ ես։
Մարդը ոտքից ոտք փոխուեց, սակայն ձայն չհանեց։
- Ինձ թւում է՝ մենք ինչ-որ տեղից իրար ճանաչում ենք,- ասաց Արմէնը։
Մարդն աչքերը խոնարհեց ու մնաց լուռ։ Լապտերի լոյսի մէջ մոլեկոյր պտտւում էին անթիւ տարազան միջատներ։ Մի քանիսը նստել էին մարդու գլխին ու ուսերին, բայց նա չէր զգում. կարծես խորասուզուած ինչ-որ անդառնալի լռութեան մէջ՝ այդտեղ բացակայ էր…
- Գլխիդ մոծակներ են հաւաքուել. արի էստեղ, իմ կողմը…- Արմէնն ակամայ ձեռքը տարաւ դէպի մարդը, սակայն անմիջապէս էլ յետ քաշեց. մարդու կոպերը թրթռացին, եւ նա անձայն շարժեց շրթունքները։ Վերջապէս մարդը դանդաղ բարձրացրեց հայեացքը եւ օտարոտի նայեց Արմէնին։ Աչքերն ասես նայում էին անյայտ մի աշխարհից, եւ նրանց մութ-հեռաւոր փայլի մէջ Արմէնը յանկարծ ճանաչեց ճակատագիրը…
Արմէնը շուռ եկաւ եւ, առանց հրաժեշտ տալու, ծանր սրտով գլխիկոր քայլեց դէպի վեր։ Փողոցի անկիւնում նրան դէմդիմաց ելաւ ոտից գլուխ սեւ հագած մի տղամարդ՝ ասես բուսնելով գետնի տակից։ Դա երկար մազերով երեսունն անց մի միջահասակ երիտասարդ էր՝ թաւ-երկար մօրուքով, նիհար-ցցուած այտոսկրերով եւ մանրիկ-ածխակարմիր աչքերով։ Մարդը սուր-կասկածոտ նայեց Արմէնին, ապա անցաւ գնաց։ «Նա է…»,- կայծակեց Արմէնի մտքում, եւ մարմնով դող անցաւ։ Վճռական քայլերով երկարամազը գնաց ուղիղ դէպի լապտերի պղտոր լոյսի մէջ միայնակ կանգնածը եւ դեռեւս հեռուից լայն տարածելով թեւերը՝ ինչ-որ բան ասաց դէպի նա։ Տեղ հասնելով՝ նա յընթացս յուսադրօրէն թփթփացրեց կանգնածի ուսին եւ առանց կանգ առնելու՝ առաջ ընկաւ։ Լապտերի տակ կանգնածը մի պահ մնաց մոլոր-գլխիկոր, ապա խոնարհ հետեւեց նրան՝ պատրաստակամ տարուբերելով մեծ, շիտակ ձեռքերը…
Փողոցները մութ էին ու ամայի։ Ասես դիտմամբ, նրանք անվերջ կրկնւում էին, որպէսզի մոլորեցնեն Արմէնին։ Երկար ժամանակ Արմէնը խարխափեց, մինչեւ գտաւ յետդարձի ճանապարհը։ Արդէն խոր գիշեր էր, երբ խաւարում աղօտ գծագրուեց երեխաների խաղադաշտը։
«Մանկական Աշխարհի» հիմքն այդպէս էլ փորուած չէր։
©Սեւակ Արամազդ