ԱՐՄԷՆ, վէպ, 2005թ․

Մասն երրորդ, գլուխ երրորդ

 

Դ

 

Երբ Արմէնը նորից մտաւ անտառ, նրան թուաց, թէ ընկաւ խաւարի թագաւորութիւն։ Շուրջն անթիւ-անհամար մութ ուրուականներ են, որոնք աննկատելի թափահարելով գլուխները՝ իրար մէջ անձայն քչփչում են իր մասին։ Մի չղջիկ սրընթաց անցաւ գլխավերեւով, եւ դա նոյնպէս պատահական չէ։ Ինքը կորած մի մանուկ է, որին հետապնդում են չար ոգիները։ Ամեն վայրկեան կարող է մի բան պատահել։ Սաղարթի սեւ ու լայն թիկնոցով փաթաթուած այն թուփն, ահա, կարող է յանկարծ ոտք առնել եւ յարձակուել իր վրայ։ Գոնէ իրեն մի մարդ հանդիպի կամ թափառական մի շուն… Բայց ահա եւ նախկին ծանօթ արահետը։ Արմէնը խոր շունչ քաշեց. ինքն իր գլխի տէրը չէ…

Արահետը գնալով լայնանում էր, աւելի ու աւելի յաճախ էին հանդիպում կոճղեր ու չորացած, մեկուսի ընկած արմատահան ծառեր ու թփեր։ Դիմացը ծառերի կատարներն աղօտ-լուսաւոր էին. ուրեմն, անտառի վերջը հեռու չէ։ Արմէնը հասաւ բոլորաձեւ մի ահագին ընդարձակ բացատի, որի կենտրոնում երեւում էր մի մութ զանգուած, որ ստեպ-ստեպ փնչում էր։ Կով էր, որ գլուխը բարձր՝ հանգիստ-անխռով որոճում էր, իսկ տէրն այդ պահին երեւի նրան էր փնտրում անյայտ մի տեղ։ Արմէնն ուզում էր «հո՜յ-հի՜շ» կանչել, բայց վերջին պահին միտքը փոխեց. տէրն այսպէս կարող է կովն աւելի շուտ գտնել։

Ուժեղ քամի բարձրացաւ, եւ անտառը լցուեց համատարած խշշոցով, որն ասես սրբեց-տարաւ այն ամենը, ինչ ինքն ապրել էր։ Թիկունքը դատարկուեց։ Ծառերը ճօճւում էին բներին՝ առաջացնելով լոյսի, ստուերների եւ ստուերների՛ ստուերների մի մրրկագին շրջապտոյտ։ Ասես դողէրոցքով բռնուած՝ մօտիկ մի ծառ յատկապէս մոլեգին թափահարւում էր. գնում-գալիս-փախչում-նահանջում-դիմադրում-գրոհում-լռում-ճչում էր…

Ահա վերջապէս երեւաց մեծ ճանապարհը, որ սրընթաց գնում էր դէպի անյայտութիւն։ Դա մի ինքնագոհ, գոռոզ ճանապարհ էր, որն ասես իր հաստատ գոյութեամբ յուշում էր, թէ բացի իրենից՝ մնացած ամեն ինչ մանր է, չնչին եւ արժան միայն արհամարհանքի։ Լապտերները երկու կողմից խոնարհ կանգնած՝ պահակում էին նրան, եւ քամին օրօրում էր նրա ամայութիւնը։ Արմէնը սարսռաց ու քար կտրեց. ճանապարհի ճօճուող պղտոր-դեղնաւուն լոյսի մէջ ընկած էր մի ջախջախուած մարդ, որ ջղաձգուելով թպրտում էր՝ ձեռքը թոյլ բարձրացնելով ու նորից անուժ իջեցնելով։ «Սպանել են…»,- այս միտքը պայթեց Արմէնի մէջ, եւ հակասական ու տարօրինակ զգացումներն սկսեցին իրար յաջորդել փոթորկալի արագութեամբ։ Առաջին պահի համատարած սարսափն իր տեղը զիջեց այն մութ կանխազգացմանը, թէ այդ սպանութիւնն անմիջականօրէն առնչուած է իրեն եւ եթէ ինքը խառնուի այդ պատմութեանը, ապա դա կարող է իրեն կեանք արժենալ։ Յաջորդ պահին արդէն նա տեսնում էր, թէ ինչպէս են իրեն տանում-բերում,կասկածում-հարցաքննում, ծեծում ու խոշտանգում՝ ստիպելով, որ ինքը խոստովանի իր մեղքը. ապա թէ ինչպէս է ինքը դանդաղ սուզւում թանձր-ճահճանման ջրի մթին յատակն ու խառնուելով տիղմին՝ անհետանում աշխարհից… Սակայն այդ ամենը շաղախուած էր յուսահատ ամօթով, բզկտիչ ինքնաթշնամութեամբ եւ մռայլ, անկարեկից հաճոյքով, որի շողքը մի ակնթարթ ասես տեսաւ իր դիմաց։ Բայց ե՛ւ միտքը, ե՛ւ հոգին ուշացել էին բնազդից. Արմէնն ուշքի եկաւ այն պահին, երբ արդէն գայթելով ու ճանկռելով խոտերը՝ բարձրանում էր զառիվերը։ Ճանապարհի եզրին կանգ առաւ ու շունչը պահեց։ Ապա մէկէն պոկուեց տեղից ու մօտ վազեց։ Ճանապարհին ընկածը ցրիւ եկած ստուարաթղթէ մի արկղ էր. ցցուած-երկար մի ծուէն քամուց դժուարութեամբ ճկւում էր ու շտկւում, ճկւում էր ու շտկւում… Արմէնը շուարել էր. ուրախութիւնը, որ ինքը փրկուած է, փրկուած է նաեւ մեռնողը, անընդհատ դէմ էր առնում մի օտարոտի, թաքուն յուսախաբութեան։ Թւում էր, թէ այդ պահին, այնուամենայնիւ, ինչ-որ մէկին արդէ՛ն սպանել են…

 

 

Ե 

 

Շէնքը շրջապատուած էր մութ անտառով։ Յաղթ սիւներն ու ընդհանուր մռայլ կերպարանքը յուշում էին, որ դա չափազանց կարեւոր հաստատութիւն է։ Արնանման պղտոր լոյսի մէջ նա ասես մի վիթխարահսկայ վայրի ցուլ է, որ երկար եկել է ճանապարհով, ապա յոգնութիւն զգալով՝ թեքուել մտել է անտառ, տրորելով տեղ բացել իր համար եւ հիմա, ծանրօրէն նստած, հանգստանում է՝ մութ հայեացքը խոժոռ յառած ճանապարհին՝ հսկելով նրա անցուդարձը։ Թւում էր, թէ ուր որ է նա դղրդալով վեր է կենալու, որպէսզի շարունակի իր ճանապարհը խաւարի մէջ…

Հեռւում երեւաց Ֆաթումինի արձանը։ Հակադիր լուսարձակների լոյսի շառաւիղները հրեղէն սրերի պէս խաչւում էին նրա թիկունքում։ Նա յաղթական կանգնած էր իր բարձր պատուանդանին՝ թիկունքը լոյսի մէջ, դէմքը՝ խաւարի։ Շրջակայ սալայատակ հրապարակն ամայի էր։ Այնտեղ, ուր Արմէնը սպասում էր տեսնել մանուշակագոյն աղջկան, դատարկ էր, եւ այդ դատարկութիւնը խոցեց նրան։

- Խաբեց…- քրթմնջաց նա եւ խոր հոգոց հանելով՝ տխրեց. անվերջ՝ կիսատ-պռատ գործեր, կիսատ-պռատ սէրեր, միայն տանջանքն է կատարեալ։ Բայց ո՛չ. անպայման կայ մի տեղ, ուր կեանքը լիարժէք է, հրաշալի, անցաւ։ Եւ այդ կեանքը փակ է իր առջեւ։ Անզօրութեան զգացումը փոխուեց ինքնախղճահարութեան, եւ նա ընկճուեց։

Հասնելով արձանին՝ Արմէնը կանգ առաւ ու նայեց շուրջը, եւ յանկարծ խռովքը չքացաւ։ Զգաց, որ ինքը տեղ հասաւ, եւ հանդիպումն էլ կայացաւ։ Ո՞ւմ հետ կամ ինչի՞, չէր կարող ասել, բայց ինքը՝ հանդիպումը, կայացաւ։ Գուցէ, մանուշակագոյն աղջիկն անտեսօրէն կանգնած է իր կողքին, սակայն ինքը չի՞ նկատում… Իսկ միգուցէ նա ընդհանրապէս գոյութիւն չունի՞… Արմէնի սիրտը կասկած ընկաւ. թուաց, թէ իսկապէս ինքը նրան երբեւէ չի հանդիպել, եւ այս ամբողջ պատմութիւնն էլ ընդամենը իր երեւակայութեան արդիւնքն է, որ ինքը յօրինել է իր դժնի մէնութիւնից խոյս տալու համար…

Արմէնը խճճուեց։ Աչքն ընկաւ արձանին, եւ նա նախանձեց Ֆաթումինին, որ ահա այդպէս կեանքը որոշակիօէն աւարտած, արձանացած՝ կանգնած է պատուանդանին եւ խորիմաստ լռում է։

- Հետաքրքիր է, ո՞վ է եղել էս մարդը…- ասաց Արմէնն ինքն իրեն եւ փնտրելով՝ պատուանդանի աջ կողմում գտաւ լապտերի լոյսով յատուկ կերպով լուսաւորուած մարմարէ մի մեծ վահանակ, որի երեսին ոսկեզօծ խոշոր տառերով գրուած էր այդ մարդու կեանքի պատմութիւնը։

Սկզբում գրուած էր, թէ այդ մարդը, ինչպէս բոլոր մարդիկ, մանկութեան տարիներին եղել է մի սովորական երեխայ, հմայուել գոյնզգոյն ծաղիկներով, ունկնդրել թռչունների ծլվլոցներին, սիրել միջատներին ու կենդանիներին։ Տասներկու տարեկանում, սակայն, նա դրսեւորում է իր եզակի շնորհը եւ ապշեցնում շրջապատին՝ մարդկութեան պատմութեան իր բացառիկ իմացութեամբ։ Երբ նա դառնում է երեսնամեայ մի պայծառ երիտասարդ, խորապէս ճանաչում է աշխարհի անարդար դրուածքը եւ տեսնելով, թէ ինչպէս են իր մերձաւորները տառապում բռնակալ իշխանութեան ձեռքին, որոշում է իր կեանքը նուիրաբերել մարդկութեան փրկութեան վեհ գործին։ Այդ նպատակով նա իր շուրջն է հաւաքում մէկ տասնեակից աւելի հաւատարիմ զինակիցներ եւ նետւում պայքարի բոցերի մէջ, սակայն սուրբ գործի համար միջոցներ հայթայթելու ժամանակ մի դաւաճան զինակցի մատնութեամբ բռնւում է դրամ կեղծելու մէջ եւ նետւում զնդան։ Բանտի դաժանագոյն պայմաններն ու սահմռկեցուցիչ չարչարանքներն անգամ անզօր են կոտրելու նրա անօրինակ կամքը։ Այստեղ նա կազմակերպում է ընդյատակեայ մի հարուածող ջոկատ եւ փախչելով բանտից՝ խռովութիւն բարձրացնում թշնամի իշխանութիւնների դէմ ու արժանի հաշուէյարդար տեսնում իր բոլոր հակառակորդների հետ։ Շուտով նա դառնում է զրկուածների ու աղքատների սիրելի առաջնորդը, եւ նրա անունն իսկ բաւական է, որ զանգուածներին հանի ի մարտ։ Նրա համբաւը թեւածում է ամբողջ աշխարհի վրայ՝ իբրեւ արդար վրէժի ու փրկութեան խորհրդանիշ եւ իր սիրելի ժողովրդի անպարտելի ուժի վկայութիւն՝ աւետելով նոր, ազատ եւ արդար կեանքի ծնունդը։ Գաւառական երազկոտ պատանուց մինչեւ անկրկնելի հերոս եւ աստուածատուր առաջնորդ՝ այսպիսին է նրա անցած մեծ, իմաստուն ճանապարհը։ Իսկ վահանակի ամենաստորին մասում առանձին տողով գրուած էր, թէ երեսուներեք տարեկանում նա դառնում է թշնամական նենգ դաւադրութեան զոհը, սակայն նրա լուսաւոր գործին մահ չկայ, որի ապացոյցն են ներկայ ծաղկուն աշխարհը եւ այս արձանը։  

- Այ քեզ յիմար մա՜րդ…- շտկուելով՝ զարմանքով ասաց Արմէնը։ Աչքերը սուր ցաւեցին, եւ նա ափսոսաց, որ կարդալու պատճառով պղտորուեց իր տեսողութիւնը։ Նայեց շուրջը. արդէն մթնել էր այնքան, որ արձանը, շէնքի յաղթ սիւներն ու հսկայ գմբէթը, հրապարակի անթերի սալայատակը, թիզ առ թիզ բծախնդրօրէն յարդարուած ծաղկանոցները գրեթէ չէին տարբերւում իրարից. ձուլուած խաւարին՝ նրանք դարձել էին գիշերային մի աղօտ ստուեր, որն ասես դանդաղ իջնելով երկնքից՝ համատարած քօղի պէս ծածկում էր երկիրը։

Մանուշակագոյն աղջիկն այդպէս էլ չեկաւ…

 

  

Զ 

 

Արմէնը կտրեց մեծ ճանապարհը եւ ուզում էր վերադառնալ եկած արահետով, սակայն անտառը շատ էր մութ, ոչինչ հնարաւոր չէր տարբերել, եւ նա ստիպուած բռնեց անտառը շրջանցող արահետը, որ ձգւում էր մեծ ճանապարհին զուգահեռ։ Շուրջը խաղաղ էր ու լուռ, հանգիստ էր նաեւ Արմէնը։ Մութը, ծառերը, արահետն ակամայ տրամադրում էին անշտապ, անյոյզ մտածելու։ Նա խորհելով գնում էր, եւ բուն խորհելն իսկ, այն, որ ինքը կարող է այդպէս ազատ խորհրդածել, պատճառում էր նրան խոնարհ-մարմանդ մի ուրախութիւն։ Զարմանալի է, որ կեանքում նոյնիսկ ամենաչնչին բաները մարդուն տրւում են սրտմաշուկ դժուարութեամբ։ Իսկ ի՞նչ կլինէր, եթէ այն, ինչ լինում է, լինէր հեշտութեամբ, ոչ թէ ծանրօրէն, այլ թեթեւ, ոչ թէ երկար ու ձիգ, այլ կայծակի արագութեամբ… Արմէնը մի պահ պատկերացրեց այդ ակնթարթային աշխարհը եւ սարսափեց. այդ դէպքում ամեն ինչ կխառնուէր իրար, դուրս կգար իր հունից եւ կկործանուէր։ Եւ այս կիսատ-պռատ կեանքն էլ չէր լինի։ Եւ ինքն էլ չէր լինի։ Ոչինչ չէր լինի։ Ամեն ինչ կանգ կառնէր, կքարանար, կոչնչանար։ Նոյնիսկ չէր էլ ոչնչանայ, որովհետեւ չէր լինի, որ ոչնչանար։ Հըմ, ուրեմն, ամեն ինչ յանգում է ինքն իրեն եւ դրա շնորհիւ է միայն, որ կայ, գոյութիւն ունի, շարժւում է։ Ամեն ինչ ճիշտ է։ Այն, ինչ լինում է, ճիշտ է լինում։ Մարդը սահմանափակուած է կեանքով, այսինքն՝ դրուած է այնպիսի սահմաններում, որ ապրելը հնարաւոր լինի։ Ուրեմն, կեանքն էլ սահմանափակուած է մարդով…

- Ասենք թէ՝ ինձնո՜վ…- բարձրաձայն ասաց Արմէնը եւ ցնծաց այդ յայտնութիւնից։ Նա մի ակնթարթ որսաց իր կեանքի կարեւորութիւնն՝ ամբողջ մարդկութեան ու աշխարհի համար եւ յուզուեց այն աստիճան, որ մթան մէջ աչքերը խոնաւացան։ Սրբեց աչքերը եւ ծառերից ու խաւարից վեր տեսաւ երկինքը՝ մեծ, անհուն, աստղալից երկինքը։ Մանկական սովորութեամբ նա որոշ ժամանակ անթարթ յառուել էր այդ խորհրդաւոր անսահմանութեանը, եւ աստղային անդորրը լցւում էր նրա մէջ ու քնքշօրէն կաշկանդելով միտքը՝ կանչում էր նրան դէպի անէութիւն։ Եւ Արմէնին համակեց մէկ այլ աշխարհի կարօտը, որը կարծես մեղմօրէն յորդորում էր չլինել՝ ասելով, թէ չլինելը լաւ է լինելուց, որովհետեւ լինելը մահ է, իսկ չլինելը՝ անմահութիւն... Արմէնը փախցրեց հայեացքը եւ ահով զգաց, որ ինքը յատակում է, մի մութ բանի յատակում, ուր մատնուած է պատիժ կրելու, աննպատակ թափառելու, անիմաստ տանջուելու եւ մինչեւ մահ-գերեզման իր մէջ կրելու ինչ-որ անյայտ բանի յիշողութեան բեռը։ Գուցէ ամեն ինչ արդէն որոշուած է, գուցէ այս կեանքը, որ այսպէս անվերջ հաւերժական է թւում, մի ձանձրալիօրէն ձգուող ակնթարթ է եւ վաղուց արդէն անցել-ջնջուել է այն մէկի յիշողութիւնից, որի կեանքի մի ակնթարթը չափւում է յաւիտենութեամբ… Եւ Արմէնն այնպէ՛ս անզօր ու անպաշտպան զգաց իրեն, որ անասելի յուսահատուեց եւ հայեացքը գետնին յառած՝ շարունակեց գնալ խաւար արահետով։ Յանկարծ միտն ընկաւ իր մանկութիւնը, յատկապէս մանկութեան մէկ օրը եւ յատկապէս օրուայ այն պահը, երբ արածեցնելու համար իրեն վստահուած հորթուկն իր անուշադրութեան պատճառով կորել էր, եւ ինքը մթան մէջ լաց լինելով փնտրում էր ու փնտրում՝ ա՛յս ձորում, ա՛յն քարափում, այնինչ այդ պահին հորթուկը վաղուց արդէն տանն էր…

Առջեւում ծառերն ուժգին խշխշացին, եւ անտառի խաւարից զատուեց մի մեծ զանգուած, որը քիչ անց յայտնուեց ճանապարհին։ Կով էր։ Հաւանաբար, դա բացատում հանդիպած այն կովն էր։ Նա հանգիստ բարձրացաւ զառիվերը եւ որոշ ժամանակ ծանրախոհ-վստահ գնում էր ճանապարհով. ուրեմն, հաստատ գիտէր, թէ ո՛ւր է գնում։ Նրա յետեւից ճանապարհի եզրին յայտնուեց նաեւ մի փոքրահասակ մարդ՝ շալակին մի մեծ կապոց ցախաբեռ։ Ծանրութեան տակ երկտակուած՝ նա հետեւում էր կովին եւ երբեմն-երբեմն կանգ առնելով՝ բեռան տակից աչք ածում շրջապատին եւ աճապարում առաջ։ Կեռմանի մօտ երկուսն էլ՝ մարդը եւ կենդանին, անցան ճանապարհի միւս կողմը եւ անհետացան տեսողութիւնից։ Թիկունքում ոտնաձայներ լսուեցին, եւ եկաւ մի դառնագին հեծկլտոց։ Անթեւ շրջազգեստով մի կին, ձեռքով ստեպ-ստեպ սրբելով քիթը, ճանապարհի պղտոր լոյսի միջով արագ-արագ մօտենում էր։ Նա ծուռ-ծուռ էր դնում քայլերը, ձեռքերը կոպիտ ու մեծ էին, դէմքը՝ խղճալի կնճռոտուած, աչքերն՝ արցունքոտ, մազերն էլ՝ անկարգ թափուած ուսերին։ Ոչինչ չնկատելով, ոչինչ չտեսնելով՝ նա սրընթաց անցաւ եւ պահ առ պահ փոքրանալով՝ դարձաւ մի փոքրիկ, աննշան կէտ՝ մեծ ճանապարհին, ապա թէ անհետ չքացաւ, սակայն նրա դառնաղի հեկեկոցները դեռեւս արձագանգում էին Արմէնի ականջում…

Արմէնն ուժգին սրտնեղեց, եւ խռովքի մի մութ ալիք անցաւ նրա միջով։ Ասես վիրաւորուած՝ սկսեց քթի տակ անհասկանալի մրթմրթալ՝ կշտամբելով կեանքին այն բանի համար, որ կեանքը ոչ մի կերպ կապի չի գալիս, այլ անվերջ փախչում է անյայտ ուղղութեամբ։

- Սկզբում իբր թէ լոյս է լինում,- քամահրոտ զարմանքով բարձրաձայն ասաց նա,- յետոյ՝ իբր թէ մութ… Ցերեկները տանջւում են, իսկ երբ գալիս է գիշերը, պառկում քնում են… Ա՛յ քեզ անմտութի՜ւն…

Գլուխը տենդում էր։ Միջատների պէս իրար հրհրելով՝ մտքերը մղւում էին վայրկեան առաջ շուտ դուրս գալու լոյսաշխարհ, սակայն Արմէնն զգում էր, որ այն, ինչ ինքը մտածում է, նոյնը չէ, ինչ հասկանում է. միտքն իրեն խաբում է։ Այն ակնթարթին, երբ զգացումները պէտք է միտք դառնային, նրանք անյայտ ձեւով փոխւում ու լցւում էին բոլորովին այլ բառերի մէջ, մինչ իսկական իմաստները փախչելով թաքնւում էին անթափանց խաւարում։ Արմէնն այն զգացումն ունէր, թէ ինքը երկու ոտքով մնացել է տիղմի մէջ խրուած, մինչդեռ մտքում շարունակում է քայլել…

Նա թեքուեց դէպի ձախ եւ գնաց մի խորդուբորդ փողոցով։ Սուր զգաց, որ յետ է դառնում։ Դատարկ, ձեռնունայն։ Այս մի օրն էլ, ահա, անցաւ իզուր։ Բայց ի՞նչ եղաւ. անդարձօրէն վերացա՞ւ, թէ՞ գնաց խառնուելու մէկ այլ՝ անյայտ քանակութեան։ Եւ նա պատկերացրեց մի տեղ, ասենք, ծովի յատակի պէս մի տեղ, ուր իջնում նստում են այն բոլոր օրերը, որ ապրել է մարդկութիւնը։ Այդտեղ միլիարդներով կուտակուած են մարդկային կեանքերը։ Բայց ինչո՞ւ, ո՞ւմ համար, դրանից ի՞նչ օգուտ։ Ոչ մի։ Ճիշտ այնպէս, ինչպէս այս հողի համար ոչ մի նշանակութիւն չունի, թէ իր երեսին ո՛վ է քայլում կամ, ընդհանրապէս, որեւէ մէկը քայլո՞ւմ է, թէ՞ ոչ։ Հըմ, ինչո՞ւ է այս ամենն այսպէս։ Տրուած է ապրելու համա՞ր։ Կեանքի մի մա՞սն է։ Թող ամբո՛ղջ կեանքն այդպէս լինի, կեանքի ամբո՛ղջն այդպէս լինի։ Դրանից ի՞նչ է փոխւում։ Ոչ մի բան։ Այն բանից, որ մարդն ապրում է, չի փոխւում ոչինչ։ Հէնց ի՛ր համար էլ ոչինչ չի փոխւում այն բանից, որ ինքն իր կեանքն ապրում է։ Կամ՝ չի ապրում։ Ինչպէս որ այն բանից, որ ինքը հիմա քայլում է այս փողոցով, այդպէս կանոնաւոր շարուած տներում ապրող մարդկանց կեանքը չի փոխւում։ Կամ էլ հակառակը…

- Հակառա՜կը,- բարձրաձայն կրկնեց Արմէնն ինքն իրեն,- հէ՛նց հակառա՜կը…

Նա զգաց, որ իր ձայնից տեսիլքների պէս ցնդեցին այդ մտքերը եւ սարսուռով որսաց, որ խորքում, կեանքի ու հոգու ամենախոր շերտերում իշխում է մի մեծ անտարբերութիւն, որն ստեղծում է մարդկանց ու իրերի այս տարազան աշխարհը եւ լոյսի նման ցրիւ եկած՝ լռում է այն ամենի մէջ, ինչ եղել է, լինում է ու պիտի լինի եւ ապշելիօրէն հաւասարաչափ է բաշխուած՝ ո՛չ աւելանում է, ո՛չ պակասում, այլ միայն կայ՝ անխախտ, անփոփոխ ու հաւերժ։ Եւ այն, ինչ ինքն ապրում է այս պահին, նոյնն է, ինչ ինքն ապրել է իր ծննդից առաջ ու կապրի իր մահից յետոյ, եւ թուաց, թէ ինքը կրկին ծնուեց. հէնց այդ լոյս-անտարբերութիւնն է ինքը, բայց յանկարծ ոտքը դիպաւ պինդ ու խաւար մի բանի։ Սթափուելով՝ նա ոտքի տակ զգաց գետինը եւ տարակուսեց, որ ինքը նորից ա՛յս աշխարհում է եւ դեռեւս քայլում է…

Եւ ներսը միանգամից ամայացաւ։ Ոչինչ չէր զգում, ոչինչ չէր մտածում՝ ամայութիւն էր։ Ռունգերին խփուեց ինչ-որ հոտ, որը կարծես հէնց աշխարհի հոտն էր։ Եւ այդ հոտն անչափ ծանօթ էր։ Նոյն պահին առաւ իր սեփական մարմնի հոտը, քրտինքի մի կաթիլ ծոծրակի փոսիկից գլորուեց մէջքն ի վար, եւ թուաց, թէ իր հոտը բռնել է աշխարհը։ Մի ակնթարթ ամբողջ հոգով տենչաց ինքն իրեն սպանե՛լ, մոխրացնե՛լ, ոչնչացնե՛լ, որպէսզի ազատուի այդ հոտից, երբ յանկարծ ճանաչեց այդ հոտը, եւ ներսը միանգամից ծուլ եղաւ. դա իր մօր հոտն է, որով պարուրուած՝ ինքը՝ փոքրի՜կ-փոքրի՜կ, քնում էր մօր ծոցում, անծեփ պատերով իրենց քարէ հին տանը, եւ մանկական անհուն սարսափով ունկնդրում, թէ ինչպէս է դրսում քամին՝ կախուած անդունդների վրայ, լեռների պրկուն գագաթներին զարկում իր ահեղ թմբուկը, եւ նրա խաւար շառաչիւնի արձագանգն ահագնանալով՝ բաբախում իր քունքերում ու թափանցում ոսկորների մէջ, եւ ինքը սեղմւում, անվերջ սեղմւում է մօրը…

Յանկարծ Արմէնի սիրտը փուլ եկաւ, եւ կարօտը, անսահման կարօտը յորդեց դուրս՝ ողողելով ամբողջ աշխարհը, եւ նա մի անդիմադիր ցանկութիւն ունեցաւ փռուել գետնին ու համբուրել, անյագ համբուրել երկիրը…

- Շնորհակալ եմ,- մրմնջաց,- շնորհակալ եմ…

Նա սրբեց աչքերը եւ զգաց, որ իր գոյութիւնն արդարացուած է։

 

 

© Սեւակ Արամազդ