ԱՐԵՒԻ ԼԵՌԸ, վէպ, 2010թ․
Գլուխ երրորդ․ «Վարդավառ»
Ա
Մեծ Քարափը, որի ստորոտում տարածուող բոլորակ լճի շուրջ ցաքուցրիւ փռուած էին Սարի չոր քարից շինուած տները, նման էր մի մարդու, որ տարին բոլոր անշարժ կանգնած՝ հայում է լճի հայելում արտացոլուած իր պատկերը: Երբ Արեգը տեսնում էր Մեծ Քարափն ու զգում նրա քարեղէն բարձր ու խուփ լռութիւնը, լեռներով ու ձորերով շրջապատուած նրա անհաղորդ մենութիւնը, նոր միայն պարզ գիտակցում էր, որ գտնւում է Սարում:
Աստղիկն այդպէս էլ չէր երեւում։ Նրանց տունը, որ գտնւում էր լճի հակառակ ափին, լաւ տեսանելի էր Արեգենց տնից։ Արեգի առջեւ շարունակ միեւնոյն պատկերն էր. դարբին Հրայրի տան դուռը փակ է, կողպէքը՝ նկատելի ժանգոտած, իսկ աղախոտի ու օձածաղկի թանձր թաղարներով պատուած բակը չի մատնում կենդանութեան ոչ մի հետք:
- Մա,- իբր իմիջիայլոց՝ մի օր հարցրեց Արեգը մօրը,- էս տարի դարբին Հրայրենք Սար չե՞ն գալու:
- Ես ի՞նչ իմանամ,- կապելով հանդի հացը՝ ասաց մայրը:- Կարող է՝ գան, կարող է՝ չգան: Ասում են, Զատիկը ծանր հիւանդ է:
Արեգը խորիմաստ լռեց՝ մտքում ափսոսալով, որ անցած ամառ, երբ Աստղիկը Սար էր եկել եւ միշտ իր աչքի առջեւ էր, ինքը դեռ չգիտէր, որ սիրում է նրան: Ակամայ խոր հոգոց հանեց ու մեղաւորուած՝ կախեց գլուխը:
- Ի՞նչ է,- դադար տալով՝ հարցրեց մայրը:
- Հէչ,- անփոյթ ասաց Արեգը:- Դու գառները դուրս արա, ես հիմա կգամ:
Այդ օրուանից Արեգը սովորութիւն դարձրեց լոյսը դեռ չբացուած վազէվազ բարձրանալ Մեծ Քարափի գլուխը եւ հայեացքը յառել ամայի ճանապարհներին, որոնք ոլորուելով լեռների կողերին՝ աղօտ ճերմակին էին տալիս վաղորդայնի սառը աղջամուղջում: Նրան անչափ դուր էր գալիս զգալ այգաբացի սարսռուն լռութիւնը, որի մէջ գնալով մարում էր սպասման թրթիռը, եւ ինչքան շատ էր նայում ներքեւ, այնքան ներսում Աստղիկը կարծես ելնում էր վեր, դառնում անհնարօրէն անհաս, անըմբռնելիօրէն անմատչելի մի գաղտնիք: Անյայտ մի յուզմունք սեղմում էր սիրտը, եւ կրկին վազում էր ներքեւ՝ տուն, դէպի իրեն սպասող գառները:
Բ
Հասնելով արօտատեղ ու արձակելով գառները՝ Արեգը նստում էր ձորալանջին, սակայն ոչնչով չէր կարողանում զբաղուել. հէնց ուզում էր գիրք կարդալ կամ մտածել Աստղիկի մասին, միտքը քամու պէս սկսում էր վազվզել այս ու այն կողմ, կառչում այս կամ այն թփից, քարից, ամպից, ձորից ու գետակից, հոտոտում, շոյում, շօշափում՝ ճգնելով հասկանալ, թէ այդ քարն ինչո՞ւ է հէնց այդտեղ ընկած, ինչո՞ւ հէնց այդ դիրքով, ինչո՞ւ հէնց այդ տեսքով, եւ արդեօք մամուռները, որ շորերի պէս այդպէս փափուկ ու գեղեցիկ գրկում են քարի կողերն ու պարանոցը թաւշեայ զմրուխտով, սազո՞ւմ են քարին: Իսկ այն ամպը, որ նման է ճառագայթող եղջիւրներով մի հսկայական ճերմակ ցլի ու պոչը վեր տնկած՝ կարծես սլանում է պոզահարելու արեւին, իսկապէս ա՞մպ է, թէ՞ ցուլ: Եթէ ցուլ է, ապա ինչպէ՞ս դարձաւ հօտից յետ ընկած մի մոլորուած գառնուկ, որ աղեկտուր մայունով փնտրում է իր մօրն ու չի գտնում: Կամ՝ ինչո՞ւ է այն ժայռը մօտիկից այդպէս լուրջ, խոժոռ ու ահալի թւում, հեռուից՝ բարակ ու ծիծաղելի, իսկ ձորի յատակից բոլորովին չի երեւում: Եւ ինչո՞ւ են այս մտքերը՝ ձորի վրայ սաւառնող արծիւների պէս պտտւում իր գլխում եւ ինչո՞ւ՝ այս պահին: Ընդհանրապէս, որտեղի՞ց են ծնւում մտքերը եւ ո՞ւր են անհետանում: Արեգն ակամայ պահում էր շունչը եւ սկսում հայեացքը կտրուկ դարձնել այս ու այն կողմ՝ ճգնելով կանգնեցնել իր մտքերի ընթացքը, որպէսզի իմանայ, թէ մտքերն ի՞նչ են, ինչպէ՞ս են յայտնւում, սակայն ափսոսանքով զգում էր, որ մտքերն անդադար հոսում են ու հոսում՝ իրենից անկախ: Փոխում էր դիրքը՝ տեսնելու, թէ դրանից կփոխուի՞ նաեւ մտքերի ընթացքը, սակայն տխրութեամբ յայտնաբերում էր, որ ինքն անվերջ շրջապատուած է նոյն անիմանալի մտքերով՝ ասես նրանց մէջ մէկընդմիշտ պարփակուած, իսկ ահա քամին բացարձակապէս ազատ է եւ փչում է իր ուզածի պէս՝ ուզած ուղղութեամբ։ Եւ Արեգը նախանձում էր քամուն, որ նա միաժամանակ ամենուր է՝ ա՛յս սարի գագաթին, ա՛յն թփի տակ, գետակի ջրերին կամ ամպի վրայ...
Օրուայ վերջին, երբ դէմքին զգում էր իրիկնային քամու սառը շոյանքը, որով քամին կարծես ուզում էր մխիթարել իրեն, զգում էր զարմանքով, որ այդ բոլոր հնարաւոր ու անհնարին բաների մասին մտածելով՝ ինքն իրականում անվերջ մտածում է Աստղիկի մասին: Տարակուսած՝ վերցնում էր ճիպոտը եւ շարունակելով մտածել՝ ինքն իրեն ասում էր, թէ ինքն ահա մտածում է, ու գառները քշում դէպի տուն:
Երկնքում արդէն ամպերը օրուայ
Հոգեհանգստի ծէսն են կատարում.
Ցուրտ գգուանքներում իջնող գիշերուայ
Արեւի վերջին ժպիտն է մարում...
Գ
Հասնելով տուն, Արեգը գառները փակում էր փարախում, ապա, վերցնելով ջրի դոյլը, լճափի ծուռտիկ ու քարքարոտ արահետով դիմում էր դէպի Մեծ Քարափը, որի խորքում, անձաւանման մի խորշում, երկու հանդիպակաց ապառաժների արանքից գրեթէ աննկատ բխում էր աղբիւրը:
Հէնց Արեգը բռնում էր աղբիւրի ճամփան, ինքնաբերաբար դադարում էր մտածել, ինչպէս քամին է ամբողջ օրը փչելուց յետոյ յանկարծ դադարում: Լեռներին իջած իրիկնային լռութիւնը կենդանանում էր մարդկանց ու կենդանիների ամեն տեսակ ձայներից, եւ մարդկային փոխադարձ կանչերն ու խօսակցութիւնները մթնող օդում այնպէս ուժգին էին արձագանգում, որ թւում էր, թէ դէմառդէմ կանգնած՝ բոլորը գոռալով խօսում են բոլորի հետ: Յետմիջօրէի տապահեղձ անշարժութիւնից յետոյ Սարը սկսում էր ապրել ու շնչել. յուշիկ երկարելով՝ շրջակայ բարձունքների ու ժայռապարի ստուերներն աննկատ մօտենում էին լճին ու ուրուականների պէս մեղմօրէն սահում ջրի երեսով, եւ հեռու հորիզոններում յայտնւում էր առաջին աստղը, նոյն պահին էլ ինչ-որ ձորի քարանձաւից լսւում էր միայնակ գայլի թախծագին կաղկանձը: Մեծ Քարափն ամբողջովին բռնկում էր վերջալոյսի ծիրանագոյն ճառագայթներով, եւ քարերը, տները, մարդիկ, լիճը, ստուերները, ասես միաձուլուելով, վերածւում էին տեսիլքի: Թւում էր՝ իւրաքանչիւր բան դառնում է իր իսկ շողքը, ցոլքը, պատրանքն ու թրթռում օդում. կովերը, որ լճի մէջ ծնկահար կանգնած՝ դողդոջուն շրթունքներով երկար ու հանգամանօրէն խմում են սառնորակ ջուրը. շները, որ հօտը պահ տուած տէրերին՝ դեգերում են լճափի երկայնքով՝ ստեպ-ստեպ անիմաստ ու ալարկոտ հաչելով. ձիերը, որ խորունկ փռնչում են ու պարանոցները թեքած՝ սպասումով նայում մարդկանց կողմը, թէ ե՞րբ կստանան խոստացուած վարսակը. մարդիկ, որ կարգի են բերում տուն ու բակ՝ պատրաստուելով վերահաս գիշերուան: Արեգին թւում էր, թէ ինքն էլ նոյնպիսի մի խաբկանք է, ինչպէս լճի ամեն վայրկեան անթիւ երանգներ փոխող ջուրը, եւ կայ միայն դէպի երկինք խոյացող Մեծ Քարափը՝ իրիկնալոյսի ցոլանքներով ողողուած:
Մտնելով աղբիւրի նեղ ու երկար միջանցքը՝ Արեգն ամեն անգամ անակնկալի էր գալիս այն լուռ-նախնական սառնութիւնից, որ ելնում էր ողորկ ապառաժներից: Նրան համակում էր մի խորհրդաւոր սարսուռ, որն ակամայ յուշում էր, թէ դա մի շատ առանձնայատուկ վայր է․ նոյնիսկ հատուկենտ ճանճերը, որ կարճ տզզոցով յայտնւում ու չքանում են օդում, ժայռերի ճեղքերում մոլորուած երկարոտն ծղրիդները, մամուռների արանքներից ծիկրակող փոքրիկ մողէսներն ու քարից քար ոստայն կապած խոշորագլուխ սարդերը, որ գոռոզ ու ինքնավստահ ընկողմանած իրենց ճօճքին՝ անկենդան անշարժութեամբ սպասում են որսին, նոյնպէս առանձնայատուկ են եւ անձեռնմխելի:
Երբ հասնում էր անձաւին, ու անկիւնից երեւում էր աղջկական փէշի մի հատուած, Արեգը մոռանում էր ամեն ինչ, եւ սիրտն սկսում էր թունդ զարկել. մի՞թէ դա Աստղիկն է, որ եկել է ջրի․․․ Դոյլը դնելով հերթի՝ լռելեայն յենւում էր մի քարի եւ ակամայ դիտում աղբիւրում սպասող աղջիկներին: Որքան երկար էր նայում նրանց, այնքան ներսում սաստկանում էր Աստղիկին տեսնելու անհնարին ցանկութիւնը։ Ակամայ սկսում էր նմանութիւններ փնտրել․ մե՛րթ թւում էր՝ մէկի նայուածքն է մի պահ յիշեցնում Աստղիկին, մե՛րթ միւսի մազերի ձեւը, մե՛րթ երրորդի հագած շորը, չորրորդի շարժումը, հինգերորդի ժպիտը։ Գլուխը կախելով՝ տխրում էր․ կարծես Աստղիկն այդտեղ ներկայ է բոլորի մէջ, իսկ ինքը չկայ․․․
Տունդարձին արդէն Սարը թաղւում էր խաւոտ խաւարում, ու Արեգն իր դէմքին զգում էր գիշերուայ խաղաղ շունչը: Շուրջն ամեն ինչ դառնում էր տարտամ ու անորոշ մի ուրուապատկեր, եւ նրան թւում էր, թէ ինքը մի անսահման ժամանակ փակուած է եղել Մեծ Քարափի ընդերքում: Յիշողութեամբ գտնելով արահետը՝ մթան միջով ջուրը յաջողութեամբ հասցնում էր տուն, ու երբ բաց դռնից նշմարում էր խորքում վառուող լամպի համեստ-ամաչկոտ լոյսն ու լսում շեմքին ինչ-որ գործով զբաղուած մօր շորերի շրշիւնը, յանկարծ ներսում յորձանք էր տալիս մի վայրենի, անառիթ ուրախութիւն:
- Արե՜գ,- մթան մէջ տարածւում էր խաղադաշտում հաւաքուած երեխաների կանչը:
- Գալի՜ս եմ,- գոռում էր Արեգը եւ ջուրը թողնելով տանը՝ հապճեպօրէն նետւում դուրս:
- Այ տղայ Արե՜գ,- թիկունքից լսւում էր մօր տագնապահար ձայնը,- ախր, դու հաց չկերա՜ր...
- Յետո՜յ, յետո՜յ...- առանց շրջուելու, բղաւում էր Արեգը եւ անցնելով փոքրիկ գետակը՝ սրընթաց վազում դէպի երեխաները:
Նա գլխովին մխրճւում էր գիշերուայ մէջ, որն ամբողջովին ինքնամոռաց խաղ էր, ուրախութիւն, վէճ, կռիւ, երգ ու պար: Արեգն իր մէջ զգում էր ուժերի անսահման յորդում, յախուռն ու մոլեգին մի տարերք, որն ունակ է անհնարին մեծագործութիւնների. ինքն Արեգն է՝ ուժե՛ղ, կրակո՛տ, կատաղի՛ մի տղայ, ում ոչ ոք եւ ոչինչ չի կարող դիմադրել: Նետուելով խաղի յորձանքի մէջ՝ ոչինչ չէր մտածում ու չէր զգում. միայն ներսում, ինչ-որ տեղ Աստղիկը մշտապէս ներկայ էր՝ հեռու հորիզոնը աղօտ լուսաւորող աննկատ ու անշօշափելի մի շողքի պէս։ Յաղթանակներն ու պարտութիւնները յաջորդում էին իրար, մինչեւ շուրջը տիրում էր ակնակիր գիշերը:
Յոգնած ու քրտնած՝ թողնում էր խաղադաշտը եւ երեխաների խմբի հետ ճիչով-գոռոցով-հրմշտոցով բարձրանում Ցլի Եղջիւր կոչուող մօտակայ ցից սարի կատարը եւ միանգամից յայտնւում երկնքի մէջ: Մի աներեւոյթ հսկայ հրդեհի բոցավառ կայծերի պէս շաղ եկած՝ գիշերային խաւար անսահմանութեան մէջ հուրհրատում էին աստղերի անթիւ բազմութիւնները, եւ երեխաներն անհամբեր սպասում էին նրանց անկման շողարձակ հետագծերին՝ մտքում պահած իրենց նուիրական ցանկութիւնները: Հայեացքը յառած երկնքին՝ Արեգը մտածում էր՝ եթէ իր աստղն ընկնի, ուրեմն Աստղիկն անպայման կգայ Սար, սակայն միշտ ընկնում էին ուրիշների մտապահած աստղերը, իսկ իր աստղը՝ սառն ու անհաղորդ, փայլում էր գիշերային հեռւում: Եւ յանկարծ իր կողքին անչափ իրական, անչափ կենդանի զգում էր Աստղիկին ու շունչը պահած՝ քարանում. թւում էր՝ եթէ շրջի գլուխն ու նայի, ապա չի հասցնի նրան տեսնել. Աստղիկն ակնթարթօրէն կանհետանայ: Երկար նստում էր անշարժ ու վայելում Աստղիկի աներեւոյթ ներկայութիւնը՝ զգալով, որ ինքն էլ կարծես հետզհետէ աներեւութանում է, խառնւում աստղային լոյսին ու վերանում...
Ուշքի էր գալիս երեխաների աշխոյժ ու կրքոտ ձայներից, որ փոքրիկ աստուածիկների պէս աստղոտ երկնքի մէջ բարձունքին նստած՝ աղմկոտ վիճում էին, թէ ո՞ւմ ձին է ամենաարագընթացը՝ Վանատուրի Կայծա՞կը, թէ՞ Նահապէտի Նէտը. ո՞ր հօտի շունն է ամենաուժեղը՝ Միհրանի Քչո՞ն, թէ՞ Հովանի Բրդոն. ո՞վ է առաջինը եկել Սար՝ Նանէ տա՞տը, թէ՞ Ծովինար մայրիկը: Վէճը շարունակւում էր այնքան ժամանակ, մինչեւ աղջնակներից մէկն սկսում էր երգել, եւ անմիջապէս նրան կարգապահ ու բարեխղճօրէն ձայնակցում էին միւս աղջիկները՝ համաչափօրէն տարուբերուելով ու օրօրելով գլուխները, իսկ տղաները վեր էին ցատկում ու սկսում խառնիխուռն ճղճղալ ամենատարբեր երգեր՝ իրենց բաղաձայն ճղաւոցներում դիտմամբ խլացնելով աղջիկների գեղեցիկ, ծորուն, սրտագին երգը: Արեգն ականջ էր դնում այդ ուրախ, կայտառ, չարաճճի ձայներին՝ հայեացքը չկտրելով իր աստղից, եւ չէր կորցնում յոյսը, թէ, այնուամենայնիւ, իր աստղն ուր որ է կընկնի՝ շեղակի կիսելով գիշերային երկինքը...
- Արե՜գ,- մթան մէջ ականջին էր հասնում մօր հեռու կանչը,- տո՜ւն արի, այ տղա՜յ, ախր, կմրսե՜ս, կհիւանդանա՜ս...
- Եկա՛յ, եկա՛յ,- վեր կենալով՝ քթի տակ դժգոհ մրթմրթում էր Արեգը՝ ցաւագին զգալով, որ ամեն ինչ վերջացաւ:
Իրար հրաժեշտ տալով՝ երեխաները խորունկ ափսոսանքով իջնում էին բարձունքից եւ ցրիւ գալիս իրենց տները։ Իսկ Ցլի Եղջիւրից վեր, երկնքի բարձր ու խոր անեզրութեան մէջ, աստղերը շարունակում էին ընկնել՝ իրենց բոցավառ ոտնահետքերը թողնելով գիշերուայ խաւար ու անիմանալի ճանապարհներին...
Մտնելով տուն՝ Արեգը համարեա միշտ ականատես էր լինում միեւնոյն պատկերին. լամպի աղօտ լոյսի մէջ, բարձր թախտին փռուած անկողնուն, սպիտակ գիշերաշապիկով յոգնած նստած է մայրը եւ սանրում է իր երկար մազերը, որոնք ցերեկով անտեսանելի էին՝ հաւաքուած ծաղկաւոր գլխաշորի տակ: Ամեն անգամ Արեգն անակնկալի էր գալիս մօր տեսքից. գիշերով մայրը կարծես մէկ այլ՝ անծանօթ կին էր՝ թափանցիկ-աննիւթական դիմագծերով եւ անչափ գեղեցիկ. լամպից ելնող ստուերները խաղում էին մօր բաց ու բարձր ճակատին, որի մէջտեղում աջից ու ձախից աղեղնաձեւ բոլորւում էին երկու նուրբ ու բարակ խոպոպիկներ, որոնք նրա տեսքը դարձնում էին երկիւղալի ու խորհրդաւոր:
- Արեգս, եկա՞ր,- առանձնակի քնքշութեամբ ասում էր մայրը՝ զուսպ ժպիտով զննելով որդու լուրջ ու մտածկոտ դէմքը:
Արեգն ախորժակով ուտում էր մօր պատրաստած համեղ ընթրիքը՝ սաստիկ ցանկանալով, որ Աստղիկն էլ լինի իր մօր նման եւ մտքի մէջ ակամայ Աստղիկի դիմագծերը յարմարեցնում էր մօր դէմքին, մինչեւ մայրն ու Աստղիկը ձուլւում էին իրար:
Մտնելով անկողին, երբ շուռ էր գալիս պատի կողմն ու փակում աչքերը, զգում էր, թէ ինչպէս է մայրը, յուշիկ խոնարհուելով իր վրայ, շտկում վերմակն ու պինդ-պինդ ծածկում իրեն։ Եւ յանկարծ կաւահող յատակի, ցրտող օդի, անասունների պատկից փարախի խառը հոտերի միջից տարբերում էր մօր այն առանձնայատուկ, կաթնահամ բուրմունքը, որ այնքա՜ն ծանօթ էր ու հարազատ․ այդ նոյն բոյրը զարմանքով զգացել էր նաեւ Աստղիկից, երբ մի անգամ խաղի ժամանակ պատահաբար հպուել էր նրան: Եւ Արեգն ընկնում էր ինչ-որ տաքուկ, ինքնամոռաց արբեցումի մէջ, ու երբ մայրը հանգցնում էր լամպը, ու տիրում էր համատարած խաւարը, կարծես արթնանում էր քնի մէջ, եւ այդ պահին գլխավերեւում մի անշօշափելի ստուերի պէս անձայն յայտնւում էր այն միւս՝ անտեսանելի Արեգը: Կոպերի տակ բացւում էր մի անսահման կաթնափրփուր ծով, որի խորքերից աներեւակայելի պայծառ լոյսի միջով դուրս էր լողում Աստղիկն ու աննկատ փարւում իրեն, եւ Արեգը զարմանում էր, որ մինչեւ հիմա չի իմացել, որ ինքն ու Աստղիկը մէկ են, նոյնն են, եւ ինչ-որ խորունկ երկիւղից ցնցւում էր ու զարթնում: Նայում էր շուրջը եւ տարակուսում. ամենուր անթափանց գիշեր է, եւ զգում էր սարսափով, որ ինքն ասես գոյութիւն չունի, ոչինչ գոյութիւն չունի, կայ միայն բացարձակ խաւարը: Բաց աչքերով խաւարին յառուած՝ երկար լսում էր, թէ ինչպէս է դրսում՝ լեռների մթին գագաթներին ու անդունդների անյայտ յատակներում մոլեգնում քամին. կարծես մի վիթխարի սեւ թռչուն ամեհի կռնչում է երկնքից երկիր, եւ նրա շառաչուն թեւաբախումից ելնող փոշին պատերի քարերի արանքներից խուժում է ներս ու ծածկում ամեն ինչ: Արեգն առնում էր փոշու կծու, անտանելի հոտը, երբ յանկարծ քամու շառաչի միջով, պատի հակառակ կողմից, ականջին էր հասնում իրենց Երազ կովի հեռո՜ւ ու խո՜ր տնքոցը, եւ նա զգում էր սարսուռով, թէ ինչպէս է Մեծ Քարափի աղբիւրի պէս գիշերուայ անսահման ամայութեան մէջ կաթիլ-կաթիլ գոյանում աշխարհը...
Դ
Լուսադէմին, երբ քնի մէջ լսում էր մօր ձայնը, որ կանչում էր իր անունը, Արեգը դանդաղ զատւում էր գիշերուայ անտարբերելի խառնաշփոթից՝ զգալով, որ իր ընդարմացած մարմինը լցւում է արեան տաք հոսանքներով. ասես ինքը նորից է ծնւում, ինչպէս արեւը Մեծ Քարափի գլխից: Դժկամօրէն վրայ նստելով թախտին՝ մի պահ զարմանում էր՝ իրեն գտնելով միշտ նոյն, անփոփոխ աշխարհում: Դա ասես ինչ-որ մէկի կախարդանքն է, որով նա խաղում է իր հետ: Քնատ գլխով ակամայ հետեւելով, թէ ինչպէս է աղջամուղջի սառը կիսախաւարում մայրը սովոր շարժումով ծաղկաւոր գլխաշորը կապ անում ծոծրակին, Արեգը գլխի էր ընկնում, որ արդէն սկսւում է մի նոր օր: Անվերջ կրկնուող ինչ-որ աներեւոյթ պտոյտի մի զգացում էր համակում նրան, եւ յանկարծ շուրջն ամեն ինչ դառնում էր սիրելի ու մտերիմ՝ տունը, իրերը, երդիկից ընկնող վաղորդայնի դեռեւս սառն ու աղօտ շողը, որ մի անփայլ սրի պէս շեղակի զարկելով յատակի կաւին՝ տունը կիսում էր երկու մասի: Մօր ծանօթ շարժումը, որով գործն սկսելուց առաջ նա երկու ձեռքով ճակատի վրայ շօշափում էր գլխաշորը, թէ արդեօք ամեն բան կարգին է, Արեգին ակամայ յիշեցնում էր Վարդավառի տօնի մասին, եւ նա տարօրինակօրէն զգում էր, որ ինչ-որ կապ գոյութիւն ունի մօր ծաղկաւոր գլխաշորի եւ Վարդավառի միջեւ:
Ե
Վարդավառն Արեգի ամենասիրած տօնն էր: Սարը նրա համար ամենից շատ սիրելի էր հէնց այդ օրուայ շնորհիւ: Նրան անչափ դուր էր գալիս տեսնել, թէ ինչպէս է ամբողջ Սարը պատրաստւում տօնին. նախօրէին այգաբացի մթնշաղում վառւում էին թոնիրները, որոնց թանձր ծուխը՝ գիրկընդխառն կրակի ծիկրակող կայծերին, պալան-պալան դուրս էր ոլորւում տների երդիկներից ու բարձրանում դէպի դեռեւս խոր քնի մէջ թաղուած ամառուայ մանուշակագոյն երկինքը. տատիկները պղնձէ մեծ-մեծ ամաններում սկսում էին եփել զգլխիչ բուրմունք արձակող տօնական կերակուրները, թխում Վարդավառի ծաղիկ լաւաշը. մայրիկները՝ եռանդագին տրւում էին խորդաւելին՝ հիմնովին մաքրելով տուն ու բակ՝ աչքաթող չանելով ոչ մի մանրուք. ամենափոքրերն էլ՝ դեռեւս անլուայ ու ոտաբոբիկ, հրճուագին մոլորւում էին պարաններից կախուած նոր լուացքի՝ հագուստ ու սպիտակեղէնի արանքներում՝ պահմտոցի խաղալով ինքն իրեն անընդհատ մատնող ու զաւեշտալի փռփռացնող ծերուկ քամու հետ:
Միջօրէին յանկարծ ամեն ինչ փոխւում էր. արեւն իր հրի եռացող կաթսաները միանգամից շուռ էր տալիս երկրի վրայ, եւ աշխարհն ասես անշարժանում էր տենդավառ անդորրում։ Լիճը չէր շնչում․ ստուերները հեւասպառ նետւում էին դէպի անմատչելի ծերպերն ու թաքնւում արեւի մոխրացնող աչքից․ լեռները, թիկունք թիկունքի տուած ու ամպերի քրքրուած գլխարկները քաշած արեւախանձ ճակատներին՝ ննջում էին անզգայ թմբիրում․ մարդ ու անասուն ասես անհետանում էին գետնի տակ, եւ մթին ծմակներում պատսպարուած քամին հազիւ էր լսում իր սրտի զարկերը, որ գնալով մարում էին: Տիրում էր մի հրավառ ամայութիւն, որ մի անտեսանելի մորթազերծ մարմնի պէս լքուած լռում էր՝ փռուած երկրի ընդարմացած կրծքին: «Տարին մեռնում է, որ վաղը Վարդավառին նորից ծնուի»,- ասում էր մայրն ու անթաքոյց ուրախութեամբ նայելով որդուն՝ մի տեսակ մեղաւոր-չարաճճի ժպտում: Արեգն արդէն կռահում էր, որ նա, ինչպէս միշտ, անմիջապէս աւելացնելու է. «Արեգս, դու ծնուել ես Վարդավառին, բայց թէ ամսի ո՞ր օրը, ճիշտն ասած, չեմ յիշում»: Արեգը տարիմաստ ժպտում էր մօր խօսքերի վրայ. նա այնքան էլ լաւ չէր պատկերացնում, թէ ի՞նչ է նշանակում «ծննդեան օր», քանզի հոգու խորքում թաքուն հաւատացած էր, թէ չի եղել մի ժամանակ, երբ ինքը չի եղել եւ չի լինի մի ժամանակ, երբ ինքը չի լինի. ինքը միշտ այդպէս կայ: Սակայն այն, որ Վարդավառին տարին նորից է ծնւում, նրա համար զարմանալիօրէն պարզ էր ու բնական:
Այն պահին, երբ թւում էր, թէ ամեն ինչ մեռնում է շնչահեղձ տապից, եւ ժամանակն, այրուելով, մոխրանում է անքամի անյայտութեան մէջ, յանկարծ Մեծ Քարափի գլխից լսւում էին խուլ երգի ձայն ու զուարթ ճիչեր։ Պատռելով միջօրէի անշարժ լռութեան շիկացած թաղանթը՝ ձգուած երկնքից երկիր, ձայներն ալիք-ալիք ծաւալւում էին չորսբոլորը: Քիչ անց, ասես ծլելով Մեծ Քարափի ընդերքից, երեւում էր փոքրիկ մի ցլիկի աստղաճակատ գլուխը՝ ճերմակ պարանոցն ու ջահէլ եղջիւրները զարդարուած անմեռուկների ոսկեդեղին բոյլերով: Նրա յետեւից դուրս էր գալիս գոյնզգոյն շորեր հագած երեխաների մի երկար թափօր եւ զրնգուն երգերով, ուրախ գոռում-գոչիւններով իջնում դէպի առաջին տունը:
Վարդավառ է, Վարդավառ...
Հուրն է այրում վեր ու վար.
Թէ տաք մի ձու մեզ ընծայ՝
Երկինքն անձրեւ կցնծայ:
Դեռեւս հեռուից լսելով մանկական երթի աշխոյժ ձայնարկումները՝ տատիկները դուրս էին գալիս շեմք եւ, ժպտադէմ համոզուելով, որ երեխաների տօնական բազմութիւնն արդեն մօտենում է, ուրախ աճապարանքով կրկին մտնում էին տուն. անկիւնի կիսախաւարում դրուած ալիւրի պարկերում թաքցրած ձուի պաշարներից վերցնում էին մի հատ ձու, միւս ձեռքով՝ մի թաս ջուր ու ելնում բակ՝ երգող երեխաների թափօրին ընդառաջ: Ինչ-որ բան մրմնջալով՝ նրանք թասի ջուրը շաղում էին ցլիկի գլխին, իսկ ձուն դնում եղեգնահիւս կլոր զամբիւղի մէջ, որ երեխաներից մէկը ման էր տալիս՝ հանդիսաւոր կրծքին սեղմած։ Երբ հերթը հասնում էր Արեգենց տանը, մայրն արդէն բակում ձուն ու ջրամանը պատրաստ պահած՝ սպասում էր երեխաներին, իսկ Արեգը, չհամբերելով, վազում խառնւում էր թափօրին։ Նրա համար անչափ զուարճալի էր միւս երեխաների հետ միասին ձու խնդրել սեփական մօրից։ Անցնելով տնէտուն՝ Արեգն ակամայ սկսում էր յետ ընկնել թափօրից․ իրեն անյարմար էր զգում այդ անվերջ կրկնուող խնդրանքներից, սակայն սիրտ չէր անում հեռանալ․ թւում էր՝ եթէ ինքը խախտի կարգը, ապա Վարդավառը կխռովի ու այլեւս չի գայ։
Սարով մէկ աւարտելով պտոյտը՝ երեխաների բազմութիւնը, ջուր տեսած գառնուկների ծարաւ հօտի պէս իրար հրմշտելով, գահավիժում էր Անմեռուկների ձորը եւ արձակելով ոտից գլուխ թրջուած ցլիկին՝ նստոտում լանջի խոտերին ու երգելով ու զուարճանալով՝ մէկ առ մէկ խմում զամբիւղի բոլոր հում ձուերը: Զգուշօրէն ջարդելով իրեն բաժին հասած ձուն՝ Արեգը կճեպի բացուած ճեղքից մի կերպ խմում էր լպրծուն պարունակութիւնը, եւ մի օտարոտի դող էր համակում նրան. ասես հպւում էր անձեւ-անորոշ՝ դեռեւս գոյութիւն չունեցող ինչ-որ հեղհեղուկ բանի: Ակամայ աչք պտտելով շուրջը՝ զարմանքով յայտնաբերում էր, որ նման մի ձու էլ աշխարհն է՝ երկրի արեւախանձ թանձր դեղնուցով եւ երկնքի մակարդուած սպիտակուցով. ինքն էլ նստած այդ վիթխարի ձուի մէջ՝ կուլ է տալիս նոյն այդ ձուն․ եւ այն, ինչ մնում է դրանից, Անմեռուկների ձորի լանջին փռուած, շոգի մէջ հալուող մի անմարմին ստուեր է՝ Արեգ անունով: Նա դանդաղ փակում էր աչքերը եւ ընկղմւում ինչ-որ խոր ու մթին խլութեան մէջ, երբ յանկարծ արթնացած քամին ձորի յատակից բերում էր անմեռուկների սուր բուրմունքը, եւ ականջը ծակում էին երեխաների յախուռն ճիչերը:
- Անձրե՜ւ... անձրե՜ւ...- ցնծում էին երեխաները եւ տեղից վեր թռչելով՝ սկսում ուրախութիւնից թռչկոտել ու գոռգոռալ:- Ցլիկը մեզ անձրե՜ւ բերեց... Ցլիկը մեզ անձրե՜ւ բերեց...
Այստեղ-այնտեղ սկսում էր անձրեւ կաթկթալ: Արեգը հայեացքով որոնում էր, բայց ճերմակ մշուշով պատուած երկնքում զարմանալիօրէն ոչ մի ամպ չէր կարողանում յայտնաբերել. անհասկանալի էր, թէ որտեղի՞ց է գալիս այդ անձրեւը: Հայեացքն ակամայ դարձնելով ցլիկին, որ տօնական զարդարանքներից մերկացած՝ շոգի մէջ ալարկոտ արածում էր, տարակուսում էր, թէ այդ սովորական կենդանին ինչպէ՞ս կարող է անձրեւ բերել: Եւ միայն տունդարձին, երբ շուրջը մէկէն մթնում էր գիշերուայ պէս, եւ երկնքում, չգիտես՝ ե՞րբ, որտեղի՞ց եւ ինչպէ՞ս, յայտնուած բազմակուտակ թանձրասեւ ամպերն ահեղ գալարումներով սկսում էին մռնչալ ու փայլատակել, եւ հեռու հորիզոնները մերթ ընդ մերթ լուսաւորւում էին կայծնակացայտ շանթերից՝ երկնքից վար բերելով շառաչուն հեղեղներ, յանկարծ ջրերի փոթորկումի միջից Արեգը սարսուռով որսում էր մի նոր սկիզբ, որ կարծես բոլոր կողմերից միաժամանակ ելնում էր վեր՝ դէպի իր սիրտը, եւ նոր միայն ամբողջովին գիտակցում էր, որ Վարդավառ է: Կրծքի տակ զգում էր ինչ-որ անկարելի, համատարած սէր եւ սաստիկ կարօտում ինչ-որ մէկին՝ յուզուելով այնպէս, որ ազատ ու անկաշկանդ արտասւում էր անձրեւի մէջ: Գուցէ երկի՞նքն էլ է նոյն անկարելի սիրուց արտասւում, ինչպէս ինքը...
Անձրեւից յետոյ Արեգը Սարը գտնում էր անճանաչելիօրէն փոխուած. սրբուած օդը փայլատակում էր երկնքով մէկ․ լոյսը՝ ճերմա՜կ-ճերմա՜կ, փրփրադէզ յորդում էր չորս կողմի վրայ․ մթին ծմակներում կծկուած ու անյոյս սպասումից կաթ-կաթ արցունք թափող երկար հիւսքերով դալուկ առուակները յորդացած՝ ուշաթափուելու չափ ուրախ քրքջում էին թփուտների չարաճճի խտտանքից․ ժայռերից ծնուած մանուկ լճակները՝ թառած անհնարին տեղերում, թոթովում էին անվարժ բառեր․ ասես հէնց նոր հոսել սովորած պատանի գետակները կայտառ ցատկոտում էին սլկուն գլաքարերի վրայով․ հպարտ-խստադէմ նահապետական քամիները հսկայ քայլերով անցնում էին լեռնագագաթներով՝ ուշք չդնելով ցածում քարե անծեփ տների երդիկներից ելնող ոլոր-մոլոր ծխի աղերսալի կանչերին, թէ՝ «մե՜զ էլ տարէք ձեզ հետ, մե՜զ էլ տարէք ձեզ հետ...»․ արդարօրէն աճած ամաչկոտ սիզախոտերը զգուշօրէն ձգւում ու համբուրում էին լճի ուռճացած շրթունքները, իսկ ժայռերի ծերպերում բացուած ծաղիկները պարզ ու մէկին ժպտում էին՝ արբած իրենց իսկ ցօղաթաթախ բոյրերով: Արեգի սիրտը պայթելու աստիճան թունդ էր ելնում լոյսի առատութիւնից, եւ նա զգում էր, որ հէնց այդ պահին սկսւում է իսկական տօնը:
Երեկոյեան, երբ բարձրանում էր իրենց տան կտուրը, որպէսզի վար բերի երդիկի շուրջը գեղեցիկ շարուած չորթանը, որից մայրը անուշաբոյր ապուր էր եփում, արեւամուտի շողերի մէջ տեսնում էր հեռուներից եկած առաջին հիւրերին։ Նրանք խնամուած արտաքինով ու ազդու հայեացքներով անծանօթ մարդիկ էին, որոնք կարծես հէնց նոր իջել էին երկնքից եւ հանգիստ ու անխռով շրջում էին Սարում։ Արեգը միշտ ինչ-որ երկիւղ էր զգում նրանց տիրական ու ինքնավստահ ներկայութիւնից. կարծում էր, թէ այդ մարդկանց ուղարկել են Սար, որպէսզի նրանք հսկեն, թէ արդեօք Սարի բնակիչները ճի՞շտ են նշում Վարդավառի տօնը: Արեգն ակամայ մտքով անցկացնում էր իր արած-չարածն ու թեթեւացած շունչ քաշում. «Չէ, ամեն ինչ լաւ է»: Անսանձ ուրախութեան յորձանք էր զգում կրծքի տակ, որ վաղը՝ բուն Վարդավառի օրը, սար ու ձոր թնդալու են երգ ու պարից, իրար վրայ առատօրէն ջուր նետող երեխաների ու մեծերի զուարթ կանչերից, եւ նրանց մրցախաղերի, ծիծաղի, խօսք ու զրոյցի արձագանգը հասնելու է մինչեւ երկինք:
© Սեւակ Արամազդ