ԱՐԵՒԻ ԼԵՌԸ, վէպ, 2010թ․
Գլուխ եօթերորդ․ «Հայելի»
Ա
Կանգառում հաւաքուած էր հոծ բազմութիւն: Բոլորն սպասում էին Սէմիկի գալստեանը, սակայն նրա մեքենան այդպէս էլ չէր յայտնւում: Բեռնուած տարատեսակ իրերով՝ մարդիկ ուրախ-զուարթ զրուցում էին, եւ նրանց դէմքերից չքացել էր անյոյս վախի ու խեղճութեան այն ճակատագրական արտայայտութիւնը, որ գիշերը քաղաքի ճանապարհին այնպէս յուզել էր Արեգին: Հիմա նրանց դէմքերից յորդում էր յոգնած գոհութիւն՝ խառնուած սպասման հաճելի անհանգստութեանը․ ամբողջ օրուայ բաժանումից յետոյ իրենք ահա կրկին միասին են եւ վաստակած վերադառնում են տուն:
Անցաւ մէկ ժամ:
Ինչ-որ պահի օդը պատռեցին ահաբեկուած ճիչեր ու բղաւոցներ, որոնց հետեւեց փողոցի հակառակ կողմում՝ հրուշակեղէնի կրպակի մօտ խմբուած պարապ ջահէլների զուարճալից քրքիջը. աւազով բեռնաբարձ մի հսկայական մեքենայ, վայրենի ճռնչալով եւ ծուխ ու փոշի բարձրացնելով, ահեղադղիրդ անցաւ բազմութեան կողքով, կանգառին այնքա՛ն մօտ, որ մի պահ թուաց, թէ կտրեց անցաւ մարդկանց միջով՝ իր ծանր անիւների տակ ճզմելով բոլորին: Անէծքների տարափ տեղալով հեռացող մեքենայի յետեւից՝ հաւաքուածները սկսեցին տրտնջալ ու բողոքել, թէ ստիպուած են «քաղաքում էսպէս անտէր կանգնած սպասել», երբ ինչ-որ մէկը յիշեց, որ արդէն լրանում է երկրորդ ժամը: Դա ափերից հանեց սպասողներին:
- Ա՜յ մարդ, էդ մեծաբերան Սէմիկն ի՞նչ եղաւ,- ձայնեցին այս ու այն կողմից:
- Բայց խոստացել էր անպայման գալ:
- Է՛հ,- հեգնանքով ձեռքը թափ տուեց արեւառ դէմքով մի յաղթանդամ ծերունի,- ի՞նչ է, դուք չգիտէ՞ք, որ Սէմիկը տանել գիտի, բայց յետ բերել չգիտի: Հօ առաջին անգամ չի՞...
- Մնացինք կէս ճանապարհին,- ձեռքերը յուսահատ տարածեց մի տարեց կին:
Արեգը, որ պայուսակը՝ մի ձեռքին, իսկ հմայիլների փունջը՝ միւս, կանգնած էր մօր կողքին, ակամայ լսում էր խօսակցութինները, սակայն ոչինչ չէր ընկալում: Գլուխը դժժում էր: Ամբողջ օրն այնքան նոր, անսովոր ու անծանօթ բաներ էր լսել, տեսել ու ապրել, որ ներսում ամեն ինչ խառնուել էր իրար: Նրան պարուրել էր մի մածուցիկ թմբիր, որի մէջ, ասես պղտոր ջրում խորասուզուած, լող էին տալիս ինչ-որ խառնիխուռն դէմքեր, առարկաներ, ձեւեր ու ձայներ, որոնք երբեմն-երբեմն յայտնւում էին մակերեւոյթին ու պղպջակների պէս չքանում: Արեգն այնպէս էր շշմել, որ նոյնիսկ մտահան էր արել իր նոր պայուսակը, որի բռնակն ակամայ ամբողջ ուժով ամուր սեղմել էր բռան մէջ։ Միակ բանը, որի ստոյգ ներկայութիւնը հասնում էր ուղեղին, հմայիլների փունջն էր, որն արդէն բոլորովին թառամել էր: Թալկացած ծաղիկների թանձր-կպչուն ջերմութիւնը քրտնած ափում այնքա՛ն հաճելի էր, որ վախենում էր ոտքից ոտք փոխուել: Բոլորովին մոռացել էր, թէ ե՞րբ, ինչպէ՞ս եւ ինչո՞ւ են այդ հմայիլները յայտնուել իր մօտ: Կարծես դրանք միշտ էլ եղել են իր ձեռքին՝ աճելով ուղիղ իր մատներից...
- Տղայ ջան, արար աշխարհը մեր սարերից է ծաղիկներ տանում, դու հիմա քաղաքի՞ց ես հմայիլ առած գնում տուն,- կշտամբեց մի կանացի ձայն:
Արեգը շփոթուած գլուխը բարձրացրեց. մեղուապահ Նահապետի կին Արուսն էր՝ կլոր դէմքով ու սուր-թափանցող հայեացքով մի խստադէմ կին, որ զրուցում էր մօր հետ: Մօտիկ կանգնածներից մի քանիսը շուռ եկան եւ հետաքրքրութեամբ նայելով թառամած ծաղիկներին՝ ժպտացին:
Սաստիկ կարմրելով՝ Արեգը հեռացաւ դէպի կանգառի բետոնէ յետնապատը: Յետեւից լսուեց մօր ձայնը, որ ինչ-որ բան հարցրեց Արուսին:
- Է՛հ, Անահիտ ջան,- անսպասելի հառաչեց Արուսը,- տարին թառամեց, մնաց դատարկ տերեւը...
Թէեւ բոլոր սպասողներն էլ ծանօթ են, սակայն «քաղաքի շորերի» մէջ մի տեսակ օտար տպաւորութիւն են թողնում: Իրենք՝ մայրն ու ինքը, նոյնպէս օտար են, եւ ինքն էլ, ասես պոկուած ինքն իրենից, դանդաղ հեռանում է տօթի, ծխի ու աղմուկի միջով... Արեգն ակամայ սկսեց տնտղել բետոնէ պատը, որ երկար ձգւում էր ինչ-որ տեղից, եզերում կանգառը եւ շարունակւում անյայտ ուղղութեամբ: Ռունգերին խփուեց մի տամկած նեխահոտ, որ գալիս էր պատի հակառակ կողմից: Պայուսակն ու ծաղիկները դնելով պատի գլխին՝ ձգուելով բարձրացաւ պատի վրայ, եւ յանկարծ այն զգացումն ունեցաւ, թէ ինքն էլի է արել այս նոյն շարժումը ու հիմա պարզապէս յիշում է այդ մասին: Յարմար տեղաւորուելով պատի գլխին՝ կրկին ձեռքն առաւ պայուսակն ու ծաղիկները, եւ ափի մէջ անմիջապէս յորդեց թանձր-կպչուն ջերմութիւնը: Նայեց ներքեւ եւ սարսռաց:
Ուղիղ ոտքերի տակ բացւում էր մի նեղ, պղտոր գետ, որի մութ-մամռականաչ գոյնը մատնում էր ամենակուլ խորութիւն, եւ միայն մակերեւոյթին աշխոյժ պտտուող մոծակների անհամար պարսերն էին յուշում, որ այդտեղ ինչ-որ կենդանի բան կայ: Արեգը տարակուսեց․ մի՞թէ կարող է գոյութիւն ունենալ այդպիսի գետ... Գետ նշանակում է սլացք, փրփուր, անդունդ ու արձագանգ, իսկ այս ջուրն ահա մեռեալ կանգնած է տօթ յամրութեան մէջ՝ դարան մտած խնամքով բետոնուած ափերի միջեւ: Արեգն անյագ նայում էր գետին եւ ասես հմայուած՝ հայեացքը չէր կարողանում կտրել նրանից. ջրից ելնող թանձր-կպչուն գոլորշին զարմանալիօրէն կրկնում էր ձեռքի հմայիլների ջերմութիւնը: Եւ մի սաստիկ ցանկութիւն՝ տարրալուծուել այդ ջերմութեան մէջ ու վերանալ, անդիմադիր ուժով համակեց նրան: Փակելով աչքերը՝ տեղում նստած մի պահ ճօճուեց, եւ այդ շարժումից թուաց, թէ ամեն ինչ չքացաւ, ու մնաց միայն թանձր-կպչուն ջերմութիւնը: Աշխարհն այդ ջերմութիւնն է: Յանկարծ թիկունքում միանգամից բարձրացան խուռն բացականչութիւններ, եւ օդը լցուեց զուարթ կանչերով:
Մի նոր ուղեւորատար մեքենայ, որի վրայ ամենուրեք յորդահոս փրփրաճերմակ ալիքներ էին պատկերուած, սրընթաց մօտեցաւ կանգառին ու, մի հսկայ կապոյտ ձիու նման ծառս լինելով, արգելակեց:
- Մեր Սեւա՜նն է... մեր Սեւա՜նն է,- ուրախ բացականչեցին այս ու այն կողմից, եւ գետնից արագօրէն բարձրացնելով բեռները՝ ուղեւորները նետուեցին դէպի մեքենայի դուռը:
- Գնո՜ւմ ենք, Արե՜գ,- իրարանցման մէջ լսուեց մօր ձայնը,- շո՜ւտ, արի՜...
Կիսով չափ յետ շրջուած՝ Արեգը պատի վրայից դիտում էր իրարանցումը, սակայն ամեն ինչ կարծես կատարւում էր անչափելի հեռւում, մի անթափանց վարագոյրից այն կողմ: Միայն հազիւ լսելի ինչ-որ անհասկանալի ձայներ էին հասնում ականջին, եւ աչքերի դէմ խաղում էին ինչ-որ աղօտ-անտարբերելի ստուերներ. ամբողջովին կուրացած ու խլացած՝ նա խորասուզուել էր թանձր-կպչուն ջերմութեան մէջ՝ ասես մի անտեսանելի հրդեհով բռնկած...
Յանկարծ ինչ-որ մէկը ուժգին քաշեց թեւից, եւ մի ակնթարթ անչափ մօտիկից երեւաց մօր դժգոհ-կարկամած դէմքը: Մի ձեռքով մայրը կոպտօրէն ճանկեց պայուսակը, իսկ միւսով ուզում էր Արեգին ցած թռցնել պատից, բայց հմայիլների փունջը քսուեց ձեռքին ու խանգարեց հասնել որդուն: Դա հունից հանեց մօրը:
- Դէ՜ն գցիր էդ աղբը,- մոլեգնաբար պոռթկաց նա եւ Արեգի ձեռքից խլելով հմայիլները՝ չարախինդ հաճոյքով ծաղկափունջը ամբողջ ուժով նետեց պատից այն կողմ, գետի մէջ:
Արեգը զարհուրեց:
- Հմայիլնե՜րս...- գոռաց եւ ակամայ նետուեց ծաղիկների յետեւից:
Դեռ չէր հասցրել ընկալել ափի բետոնին բախուած ծնկի ցաւը, երբ ականջը ծակեց ջրի շրմփոցը, եւ բերանում զգաց գարշելի տղմահամ: Զարմացաւ, որ դա իսկապէս գետ է, եւ ինքն էլ սուզւում է յատակը: Ձեռքն ինքնաբերաբար գցեց ծաղիկներին, որ կառչի, բայց հմայիլները կարծես տարրալուծուել էին ջրի թանձրութեան մէջ ու չքացել: Ճիչ ու գոռգոռոցների միջից մի պահ լսուեց մօր բարակ-աղեկտուր կանչը, որը յաջորդ պահին զարմանալիօրէն դարձաւ նոր մեքենայի վարորդի՝ Սեւանի դէմքը, որ, չգիտես ինչու, ժպտում էր: Յետոյ, երբ Սեւանն իրեն թեւատակերից բռնած պարզեց ափին կանգնած արեւառ դէմքով յաղթանդամ ծերունուն, թուաց, թէ ինքը ընկել է թոնիրը եւ ցեխոտ ոտքերով տրորում է ծաղիկ հացը: Աչքերի դէմ աղօտ ցոլաց ինչ-որ մէկի արցունքներից այլայլուած հայեացքը, եւ, ասես անյայտ հեռուներից, երկու թեւեր պինդ գրկեցին իրեն։ Մատանու ծանօթ-ծակող հպումից գլխի ընկաւ, որ մայրն է:
Բ
Ճանապարհին ուղեւորները բարձր-բարձր քննարկում էին միջադէպը՝ անսովոր հաճոյքով ու աշխուժութեամբ: Դրանով կարծես արտայայտում էին իրենց ուրախութիւնը՝ ե՛ւ միջադէպի բարեյաջող ելքի, ե՛ւ այն բանի համար, որ բոլորովին նոր մեքենայով են տուն դառնում: Փայլուն ներկուած կաշուէ փափուկ նստարաններ, շողշողուն բռնակներ ու կապոյտ-ցոլուն յատակ ունեցող մեքենան մի տեսակ երաշխիքն էր այն բանի, որ միջադէպը տխուր վախճան չունեցաւ, առաւել եւս, որ վարորդը Սեւանն էր՝ նա, ով փրկեց Արեգին խեղդուելուց: Զգացւում էր, որ մարդկանց հետաքրքրել է միայն բուն պատմութիւնը, թէ ո՛վ ի՛նչ էր անում այն պահին, երբ... իսկ նա, ում մեղքով տեղի էր ունեցել այդ ամբողջ իրարանցումը, կարծես մոռացուել էր:
Արեգը իւրովի երախտապարտ էր ուղեւորներին, որ ոչ ոք իր անունը չի տալիս: Դա աղօտ յոյս էր ներշնչում, թէ պատահածի մեղաւորը, գուցէ, ոչ թէ ինքն է, այլ ինչ-որ անյայտ մէկը: Սակայն իր այնքան սիրած շորերից, որ այժմ անյուսօրէն աղտոտուել էին, շուրջբոլորը տարածւում էր մի տհաճ տղմահոտ, որն ամեն վայրկեան դաւադրաբար յիշեցնում էր հակառակի մասին: Նստարանի կողաբռնակը մատների մէջ՝ նա գլուխը կախ կանգնել էր՝ հայեացքը յատակին սեւեռած: Ամօթից իրեն այնքա՛ն ոչնչացուած էր զգում, որ նոյնիսկ չէր համարձակւում յետ վերցնել իր նոր պայուսակը, որ մայրը, կարծես չվստահելով, պահում էր գրկում: Որ ինքը կարող էր անվերադարձ չքուել աշխարհից՝ մտքով իսկ չէր անցնում. կարծես դա հնարաւոր էր սոսկ այն պատճառով, որ բոլորը խօսում էին այդ մասին: Միակ բանը, որ ցաւ ու ափսոսանք էր պատճառում, հմայիլների կորուստն էր. ափի մէջ զգում էր անդնդախոր դատարկութիւն, եւ ուզում էր լաց լինել:
- Տղայ ջան,- ազդու քնքշութեամբ ասաց Արուսը, որ նստած էր մօր կողքին,- մէկ էլ էդ տեսակ անմտածել բան կանե՞ս...
Արեգը գլուխը հազիւ նկատելի բացասաբար տարուբերեց:
- Ապրե՛ս,- խորիմաստ գլխով անելով՝ գովեց Արուսը:
Մայրը չարձագանգեց: Հայեացքն անորոշ յառած՝ թեւաթափ-մոլոր նստած էր խօսակցութիւնների ժխորի մէջ, եւ դէմքին սառել էր մի անզօր-տառապագին արտայայտութիւն. կարծես տեղի էր ունեցել հակառակը, եւ նա իրեն անսահման մեղաւոր էր զգում, որ, այնուամենայնիւ, չկարողացաւ որդուն փրկել...
Ի տես մօր այդ լուռ յուսահատութեան՝ Արեգն իրեն անյուսօրէն դժբախտ զգաց, եւ նոր միայն ուղեղին հասաւ կատարուածի ամբողջ ահաւորութիւնը:
Յանկարծ ծոծրակով զգաց ինչ-որ մէկի հայեացքը: Շուռ տուեց գլուխը, եւ աչքն ընկաւ մեքենայի խցիկի փոքրիկ հայելուն, որի մէջ երեւում էր իր փրկչի՝ վարորդ Սեւանի խոհուն դէմքը: Ասես զգալով Արեգի հայեացքը՝ Սեւանը հայելու մէջ գլուխը բարձրացրեց ու մտերմիկ աչքով անելով՝ ժպտաց, ապա կրկին հայեացքը յառեց ճանապարհին: Արեգը նոյնպէս ժպտաց՝ զարմանքով զգալով, որ Սեւանի այդ կենտ ժպիտից ցաւ, տարակուսանք ու ամօթ ցնդեցին, եւ իրեն ոտից գլուխ ողողեց ինչ-որ անհոգ-թեթեւ ուրախութիւն: Ակամայ սկսեց տնտղել Սեւանին, որն ունէր վճիտ ու խոր աչքեր, բարձր, բաց ճակատ ու ձուաձեւ դէմք: Թեւ դիմագծերը խիստ էին ու կոշտուկոպիտ՝ ընդգծուած քիթ ու այտերի սարուձորերով, սակայն հայեացքի ընդհանուր արտայայտութիւնը մի տեսակ փափուկ էր ու մեղմ ծփանքով լի: Նրա մէջ ամեն ինչ նախանձելի գեղեցիկ էր ու մաքուր, միայն շորերն էին դեռեւս թաց՝ միջադէպի պատճառով: Սեւանը մեքենան վարում էր անշտապ, գրեթէ աննկատ շարժումներով, այնպէս, որ թւում էր, թէ մեքենան առաջ է սլանում ինքնաբերաբար՝ առանց որեւէ միջամտութեան: Արեւառ դէմքով յաղթանդամ ծերունուն, որ խցիկում տեղ էր զբաղեցրել նրա կողքին, Սեւանը պատմում էր իր վարորդական քննութեան մասին, որ յանձնել էր՝ առանց յատուկ դժուարութեան:
- Մի խօսքով, էդպէս նոր մեքենան բաժին ընկաւ ինձ,- համեստ ժպիտը դէմքին՝ եզրափակեց նա,- ու ես դարձայ մեր էս կողմերի վարորդը...
Արեգը լսում էր Սեւանին եւ սաստիկ ափսոսում, որ նա իրենից տարիքով մեծ է: «Թէ չէ կլինէինք իսկական հասակակից ընկերներ»,- մտածում էր նա:
Գ
Անսպասելի է, որ քաղաքը կարող է վերջանալ: Թւում է, թէ քաղաքն իր շէնքերի խուռն զանգուածներով, անլռելի աղմուկով, մարդկանց ու մեքենաների անծայրածիր բազմութիւններով բռնել է ամբողջ աշխարհը, եւ ո՛ւր էլ գնաս, կհանդիպէս նոյն պատկերին՝ տօթ, ասֆալտ, ժխոր եւ անյայտութիւն: Սակայն երբ յետեւում մնացին վերջին բարձրայարկերն, ու շուրջբոլորը փռուեց խարկուած տափարակների խանձահոտ լռութիւնը, Արեգն այն զգացումն ունեցաւ, թէ վերջապէս դուրս պրծաւ ինչ-որ անիմաստ հրմշտուքից, որը շարունակ հետապնդում էր իրեն: Յետ նայեց. քաղաքը նման էր հասուն ցորենարտի մէջ ընկած մետաղեայ մի հսկայական ծռմռուած անիւի, որ առանցքից պոկուած՝ լքուած տենդում է արեւի տակ եւ հողի հետ կապ չունի:
Սեւանի մեքենան այնպէ՛ս փափուկ էր սլանում ոլորապտոյտ ճանապարհով ու այնպէ՛ս հեշտօրէն էր վերուվարում սար ու ձորով, որ կարծես ոչ թէ ընթանում էր առաջ ու առաջ, այլ ջրի մի կապոյտ ալիքի պէս հոսում լեռներն ի վեր՝ բարձր, աւելի բարձր, աւելի՛ բարձր, ամենաբարձր... Արեգն ակամայ հետեւում էր, թէ ինչպէս են թումբ ու քար, ծառ ու թուփ, շող ու փոշի՝ ուշացած ուղեւորների պէս վազում մեքենայի յետեւից, սակայն այդպէս էլ չեն կարողանում հասնել: Դա ասես մանկական մի խաղ էր, որ անասելի հաճոյք էր պատճառում: Ահա անիւի տակ ընկած կլոր քարաբեկորը հսկայ մորեխի պէս ցատկեց լուսամուտի մօտով եւ դիպաւ ճանապարհի եզրին ննջող քարաժայռի արեւախանձ ճակատին: Հարուածից ժայռը բարկացած վեր թռաւ՝ փորձելով որսալ քարը, սակայն անյոյս վրիպեց՝ անհետանալով տեսադաշտից: Կամ էլ ձորալանջի խոտերին նստոտած ստուերները, որ ինչ-որ բանի մասին բարձր-բարձր վիճում էին քամու հետ, լսելով մօտեցող մեքենայի հռնդիւնը՝ միանգամից ձայները կտրեցին, իսկ յաջորդ պահին արդէն խուճապով վեր կացան ու ահաբեկուած փախան դէպի մօտակայ թփուտները, մինչ իրիկնային քամին՝ աչքերը կկոցած, փորձում էր հասկանալ, թէ ի՞նչ է այդ թաւալուող կապոյտ ալիքը, եւ արժէ՞ արդեօք դրանից վախենալ: Այդ ամենն այնպէս ուրախ էր ու զուարճալի, որ Արեգը մտովի ճգնում էր կանգնեցնել փախչող պատկերները, սակայն զգում էր, որ անհնար է. ոչ թէ նրանք են իրեն լքում, այլ ամեն վայրկեան աննկատ հեռանում է ինքը... Ու երբ հեռո՜ւ-հեռւում արեւամուտի շողերի մէջ նշմարուեց մեղուապահ Նահապետի տունը՝ իր ծիրանափայլ սրածայր տանիքով, սիրտն ուժգին խայտաց. վերջապէս վերադառնում է տուն...
Դ
Լեռներն արդէն պարուրուած էին մթնշաղով, երբ Սեւանի մեքենան, անցնելով գետի վրայ կամարուած քարակոփ հինաւուրց կամուրջը, ներս մտաւ հանդիպակաց քարափների հսկայ դարպասից ու կանգ առաւ գիւղի հրապարակում: Զուարթ աղմկելով՝ ուղեւորները իծաշարուկ իջան մեքենայից, ու երբ Արեգի ոտքը դիպաւ գետնին, մի տարօրինակ զգացում համակեց նրան. տնից դուրս գալով՝ ինքն ասես մի անսահման ժամանակ ճամփորդել է երկնքով մէկ եւ այժմ վերադարձել է ճիշտ այնտեղ, որտեղից սկսել էր իր պտոյտը: Եւ յանկարծ այն ամենը, ինչ տեսել ու լսել էր քաղաքում, միանգամից ցնդեց․ մնաց միայն այդ կենտ ակնթարթը: Այդ մասին հրաշալի գիտեն իրենց լեռները, որոնք մթան մէջ իրեն աննկատ գլխով են անում՝ զուսպ ժպիտով ողջունելով իր վերադարձը: Արեգը խոր ներշնչեց հարազատ օդը՝ լցուած իրիկնային սարսուռներով, եւ իրեն այնպէ՛ս ազատ զգաց, որ սիրտը ծուլ եկաւ:
- Չէ, շնորհակալ եմ, արդէն ուշ է,- մօր հրաւէրից ժպտագին հրաժարուեց Սեւանը:- Մի ուրիշ անգամ... Իսկ դու, Արեգ, լաւ կլինի՝ լողա՛լ սովորես,- բազմանշանակ յարեց նա եւ ծիծաղեց: Զգուշօրէն փակելով մեքենայի դուռը՝ Սեւանը գործարկեց շարժիչը:
Ձեռքով անելով՝ Արեգը Սեւանին միաժամանակ ե՛ւ ողջունեց, ե՛ւ յայտնեց իր երախտագիտութիւնը: Հեռանալիս վարորդն էլի ինչ-որ բան բղաւեց, բայց Արեգը չկարողացաւ հասկանալ, որովհետեւ յանկարծ օդը լցուեց կայտառ մայունների, անյագուրդ բռռոցների մի ահասարսուռ խժալուր ժխորով, որ ալիք-ալիք արձագանգ տուեց ձորերի յատակներում, ժայռերի ծերպերին, մինչեւ երկնքի մթնող հեռուները: Անակնկալի եկած՝ Արեգը նայեց դիմացի գահավէժ լեռնալանջին, որի գլխից, ասես խորտակելով մի անտեսանելի ամբարտակ, մթնշաղի միջով վար պոռթկաց անթիւ-անհամար գառների մի վարարուն յորձանք, որ կարծես գալիս էր հեղեղելու ամեն ինչ: Սիրտը ճխաց. թէեւ կեանքում հազար անգամ ականատես է եղել այդ պատկերին, սակայն այժմ կարծես շօշափելիօրէն զգաց այն անդիմադիր, յորդուն, ոչ մի սահման չճանաչող ուժը, որ նորից ու նորից անկասելի մղւում է դէպի մայրական կուրծք՝ նրա ընդերքից դուրս կորզելու կենարար կաթի թանձրաշիթ հոսանքները: Ասես կեանքը, աշխարհը, լոյսն ու խաւարը՝ ամեն-ամեն ինչ, այդպէս անվերջ գահավիժում են՝ փնտրելով մի անտեսանելի մայրական կուրծք, որպէսզի կառչեն, ուռչեն, ուռճանան, ապրեն ու շնչեն՝ իրենցով ափէափ լցնելով անյայտութեան պարապը...
- Երազը եկաւ,- գորովագին ժպտաց մայրը՝ գլխով ցոյց տալով հրապարակի գլուխը, որտեղից երեւաց տուն դարձող կովերի նախիրը եւ տարտղնուեց տարբեր ուղղութիւններով: Խոնարհ, խաղաղ ու արժանապատիւ՝ կովերը մօտենում էին՝ գլուխները ծանրակշիռ օրօրելով ու երբեմն-երբեմն յոգնած բառաչելով՝ ասես ազդարարելով իրենց տունդարձը: Անհամար եղջիւրների ու գաւակների բազմութեան մէջ Արեգը դեռեւս հեռուից ճանաչեց իրենց Երազ կովի կիսալուսնաձեւ գեղեցիկ եղջիւրներն ու ճակատի ճերմակ խայտը:
- Գնամ բերեմ,- ասաց նա եւ ուրախացած վազեց դէպի նախիրը:
Իր խոշոր ու խելօք աչքերով նայելով Արեգին՝ Երազը կարճ մզզաց ու, ցնցելով գլուխը, շարունակեց քայլել ուղիղ դէպի մայրը: Սովորութեան համաձայն, Արեգը բռնեց իրենց կովի պոչից ու, ստեպ-ստեպ «հա՜յ-կոչէ՜» կանչելով, հետեւեց Երազին: Մինչ կմօտենային, մայրը փորձառու հայեացքով գնահատեց Երազի լեցուն կուրծն ու պտուկների ցցուն պրկութիւնը եւ մնաց գոհ:
Արդէն մութը լրիւ ընկել էր, եւ ճանապարհը հազիւ էր նշմարւում: Մայր ու որդի լուռ գնում էին կողք կողքի՝ փողոցը երկու կողմից պատող ընկուզենիների թանձր սաղարթների տակով: Ստեպ-ստեպ լսւում էր միայն առջեւից քայլող Երազի մեղմ մնչոցը:
Արեգը մօր ձեռքից վերցրեց պայուսակը:
Ե
Դեռեւս հեռուից Արեգի ռունգերը հաճելի խտղտեց թարմ խոտի ծաղկոտ բոյրը, նախքան կնկատէր հօր ծանօթ-ջղուտ կերպարանքը, որ ձեռքի եղանով վարժ ու արագ տափանում-յարդարում էր գոմի կտուրին կոնաձեւ բարձրացող խոտի նոր դէզը: Հօր թիկունքում, երկնքի խորապատկերին, մէկ-մէկ արթնանում էին կայծկլտուն աստղաբոյլերը, եւ թւում էր, թէ հայրն աշխատում է երկնքում, աստղերի մէջ: Տեսարանն այնքա՛ն գեղեցիկ էր, որ Արեգի շունչը կտրուեց ներսում յորդացող հրճուանքից: Ո՜նց է կարօտել հօրը: Թողեց Երազին ու վազեց դէպի հայրը:
- Ես նոր պայուսակ ունե՜մ... Ես նոր պայուսակ ունե՜մ...- ընթացքից գոռաց նա եւ տեղ հասնելով՝ կանգ առաւ գոմի պատի տակ ու նայեց խոտի հսկայ դէզն ի վեր:
- Եկա՞ք,- վերեւից, կարծես երկնքից, յոգնած ժպտաց հայրը:
Յանկարծ, ասես գետնի տակից, Արեգի ականջն ընկաւ ձիու մի խուլ-հեռաւոր խրխինջ, որ ծանօթ էր: Սրուեց. խրխինջը կրկնուեց աւելի բարձր, ապա գոմի ներսից պարզ եկաւ մի ուրախ փռնչոց: Մի պահ թուաց, թէ դա Վանատուրի Կայծակն է, բայց պայտած սմբակների ծանր ոտփոխից Արեգը գլխի ընկաւ, որ Շողիկն է: Արձակելով մի ցնծագին ճիչ՝ թողեց մօրն ու հօրը եւ սլացաւ դէպի դարպասը: Մի՞թէ Շողիկը վերադարձել է...
Սրընթաց կտրելով բակը՝ Արեգը պատշգամբի տակով սուրաց դէպի հնամենի գոմը: Կիսախաւարում, երդիկից շեղակի ընկնող լուսնի շողերի մէջ գծագրուեցին Շողիկի բարձր ու լայն, գրեթէ մինչեւ առաստաղ հասնող գաւակը եւ երկար, հզօր ոտքերը: Տեսնելով Արեգին՝ զամբիկը խլշած կտրուկ բարձրացրեց գլուխը մսուրքից եւ վիզը թեքելով՝ սպասողաբար յառուեց նրան: Արեգը վրայ հասաւ ու ոտնաթաթերին ուժ տալով՝ ձգուեց վեր եւ, գրկելով Շողիկի երկար պարանոցը, դէմքը թաղեց ձիու առատածուփ բաշի փափկութեան մէջ:
- Շողիկ ջան... Շողիկ ջան...- յուզուած շշնջաց նա:
Շողիկից գալիս էր այրուող եղեգնի այն նոյն մաքուր, ասես օդեղէն բուրմունքը, որ Արեգն զգացել էր Վանատուրի Կայծակից: Նա տնտղում էր իրենց ձիուն՝ զարմանալով, որ նախկին վէրքերից ոչ մի հետք չի մնացել: Շողիկը շատ էր փոխուել. աչքերը փափուկ-անիրական փայլ էին ստացել, մարմինը գիրացել էր ու մի տեսակ ընդարձակուել, իսկ նկատելի կորացած փորատակը ծանրագին կախուել էր ցած: Շողիկն այնքան մեծ ու հսկայական էր երեւում, որ թւում էր, թէ իրենով լցրել է ամբողջ գոմը:
Ծանրագին օրօրուելով՝ քիչ անց ներս մտաւ Երազը, նրա յետեւից էլ մայրը՝ կթի ճերմակ դոյլը ձեռքին: Տեսնելով Երազին՝ Շողիկը յանկարծ ուժգին ալեկոծուեց եւ անհանգիստ դոփեց տեղում:
- Ռը՜ը՜ը՜, Շողի՛կ,- սաստեց Արեգը՝ զգալով, թէ ինչպէս լեզուն բերանի մէջ, ասես ճախր առնելով, թրթռաց: Չհաւատաց ականջներին. կեանքում առաջին անգամ կարողացաւ զարմանալի պարզ ու յստակ արտաբերել «Ռ» հնչիւնը: Ասես անդարձ ընկաւ լեզուին դրուած ինչ-որ աներեւոյթ կապանք, եւ ազատութիւնը յորդեց դուրս:
- Մա՜, ես արդէն կարողանում եմ «Ռ» ասե՜լ,- բղաւեց Արեգը եւ սկսեց տեղում թռչկոտել:- Տես, թէ ո՜նց եմ անում. ռը՜ը՜ը՜...
Երազին կապելով մսուրքից՝ մայրը շտկուեց եւ անխօս ուրախութեամբ նայեց որդուն: Ապա մօտենալով Շողիկին՝ կարճ շոյեց ձիու բաշն ու ինքն իրեն ինչ-որ բան մրմնջալով՝ սկսեց քննող հայեացքով տնտղել վերադարձած զամբիկին: Լուրջ-կենտրոնացած դէմքին լարուած սպասում կար: Եւ յանկարծ երջանիկ ժպտաց:
Շողիկը յղի էր:
Զ
Արեգը չթողեց, որ մայրը խառնուի գործին. միայնակ մաքրեց բակը խոտի տրորուած մնացորդներից ու մղեղի փոշոտ շեղջերից: Աշխատելու ընթացքում նրան չէր լքում մի լուռ ուրախութիւն, որ քանի գնում ուժգնանում էր. ամեն շարժման հետ իր ներսը կարծես նոյնպէս թիզ առ թիզ մաքրւում է կանգառում պատահած ամօթալի միջադէպից: Երբ աւարտելով գործը՝ շտկուեց, զգաց ինչ-որ մէկի հայեացքը: Մայրը կանգ էր առել տան մաքուր շեմքին, լոյսի մէջ եւ նուրբ ժպիտով հետեւում էր, թէ ինչպէս է որդին մթան մէջ աշխատում:
- Արեգ ջան, տաք ջուրը պատրաստ է,- առանձնակի հոգատարութեամբ ասաց մայրը՝ ճիշտ այն նոյն ձայնով, որով դիմում էր հօրը, երբ վերջինս յոգնած վերադառնում էր հնձից:- Հիմա քեզ խորօ՜տ կլողացնեմ, կմաքրուես, կդառնաս մաքո՜ւր-անուշիկ տղայ...
- Յետոյ,- չոր արձագանգեց Արեգը՝ սրտնեղելով, որ մայրն իրեն դեռեւս փոքրիկ երեխայի տեղ է դնում:
Մտնելով արհեստանոցը՝ նա գործիքները դրեց անկիւնում, ապա դուրս գալով՝ դիմեց դէպի այգին՝ ստուգելու ծառերը:
Այգին խորասուզուած էր փափուկ, ասես ծակոտկէն լռութեան մէջ: Պտուղների ծանրութեան տակ ծառերի ճիւղերը չորս կողմի վրայ խոնարհուել էին գետնին: Բները չէին երեւում, եւ ամբողջ այգին թւում էր մի հսկայական կենտ ծառ, որ մթութեան մէջ թաքուն վայելում է իր իսկ գիշերային փարթամ գեղեցկութիւնը: Արեգը կանգ առաւ ծիրանենու տակ եւ ակամայ ականջ պահեց խաւարին: Խոր լռութեան մէջ ամբողջ մարմնով զգում էր, թէ ինչպէս են ամեն վայրկեան անդիմադիր մի ուժով անձայն ու աննկատ աճում ծառերը՝ անընդհատ ձգտելով դէպի վեր ու վեր: Ճիշտ իր նման: Յիշեց, որ այգու ամբողջ հողը հայրն ու մայրը կողով առ կողով շալակած բերել են ձորի գետափնեայ արգաւանդ փլուածքներից ու փռելով իրենց բաժին ընկած այս քարքարուտ լեռնալանջին՝ այգի հիմնել: Յետոյ ծնուել է ինքը: «Բոլոր ծառերն էլ մեր երեխաներն են, Արեգս, ոնց որ դու»,- ծիծաղում էր մայրը: Բացելով աղբիւրի բանդը՝ Արեգը ջուրն ուղղեց դէպի այգին ու վերադարձաւ տուն:
- Ա՛յ բալա ջան, ախր ջուրը սառեց, է՛,- պատշգամբից ելնելով որդուն ընդառաջ՝ կշտամբեց մայրը:- Հազար գործ ունեմ, դու ինձ շիւար ես թողնում...
- Մա, ես քեզ չեմ խանգարում,- առանց նայելու մօրը՝ Արեգը գնաց լողարան:
Նա հրաժարուեց մօր օգնութիւնից եւ կեանքում առաջին անգամ լողացաւ ինքնուրոյն:
Մայրը խորիմաստ ժպտաց, բայց ձայն չհանեց:
Է
Ուշ երեկոյեան հայրը վերադարձաւ: Դէզը դնելուց յետոյ նա շտապել էր Նահապետի տուն՝ օգնելու մեղուապահին քամելու տարուայ վերջին մեղրը: Նահապետի նուիրած մեղրահացի շրջանակը ձեռքին՝ հայրը կանգ առաւ պատշգամբում, որտեղ մայրը յարդարում էր ծաղկաթաղարները, եւ իրեն յատուկ պատկերաւոր չափազանցութեամբ, որով ամեն լուսաբացին պատմում էր իր երազը, սկսեց մօրը բարձր-բարձր պատմել գիւղի վերջին նորութիւններից։
Արեգը ժպտաց. անչափ հաճելի է տեսնել մօրն ու հօրն այդպէս ուրախ զրուցելիս: Նա խնամքով դասաւորում էր իր նոր պայուսակը վաղուայ առաջին դասի համար՝ միաժամանակ բաց դռնից լսելով հօր ու մօր խօսակցութիւնը։
- Արեգ ջա՞ն,- հայրը մտաւ ներս ու կանգնեց որդու կողքին,- դու դեռ չես քնե՞լ:
- Պայուսակս եմ դասաւորում,- ասաց Արեգը:
- Բակը լաւ մաքրել ես,- գովեց հայրը,- ապրես:
Արեգը համեստ ժպտաց:
- Դէ լաւ, քնիր, որ վաղն ուժ ունենաս,- արագ ապսպրեց հայրը եւ ուզում էր հեռանալ, երբ յանկարծ կտրուկ կանգ առաւ:
Արեգի սիրտը ուժգին զարկեց, նախքան հայրը կասէր որեւէ բառ: Մի ակնթարթում մտքով անցան անթիւ-անհամար բաներ: Հարցականօրէն նայեց հօրը եւ զարմացաւ նրա դէմքի խոր-կարեկցագին արտայայտութիւնից:
- Արեգ ջան...- շփոթուելով՝ հայրը ծուռ ժպտաց եւ, առանց շարունակելու, ձեռքը տարաւ ու, ծոցագրպանից հանելով երկայնակի ծալուած մի կապոյտ տետր, դրեց սեղանին:- Դարբին Հրայրը տուեց,- բացատրեց նա՝ խուսափելով նայել որդուն:- Ասաց, որ Հրանուշը Աստղիկի պայուսակից է գտել...
Հայրը շուռ եկաւ ու գնաց դուրս:
Արեգը մնաց ապշած. դա իր բանաստեղծութիւնների կորած տետրն էր: Ուրեմն, Աստղիկը... Չկարողացաւ ոչինչ մտածել. ասես երջանիկ մի ցաւ ծակեց սիրտը: Դողացող ձեռքերով բացեց տետրը, եւ յանկարծ ռունգերում զգաց Աստղիկի կենդանի բուրմունքը: Սեղմելով շրթունքները՝ որոշ ժամանակ մնաց լուռ: Ապա սկսեց դանդաղ թերթել: Ամեն էջին խնամքով դրուած էր վարդի բարակ, գրեթէ թափանցիկ մի թերթիկ: Վերջին էջի բանաստեղծութեան տակ մանրիկ ձեռագրով անընթեռնելի գրուած էր ինչ-որ բան։ Լարելով մտքի բոլոր ուժերը՝ Արեգը ճգնեց կռահել գրուածի գաղտնիքը, սակայն ապարդիւն. նշանները տարօրինակ ձեւ ունէին: Յուսահատուած՝ որոշ ժամանակ մնաց գրուածին անուշադիր յառուած. ներսում բարձրանում էր մի հին, վաղուց անգթօրէն խեղդուած հեկեկանք, եւ աչքերը լցուեցին արցունքներով: Դէմքը թաքցնելով ափերի մէջ՝ արմունկներով յենուեց սեղանին եւ անսպասելի սուր ընկալեց տետրին ընկած իր ստուերը։ Վեր թռաւ տեղից ու վազելով հարեւան սենեակը՝ բերեց ոսկեզօծ եզրերով հայելին, որ իր ծննդեան առթիւ հայրը նուիրել էր մօրը։ Տետրը դիմահայեաց պահեց հայելուն:
Խճճուած նշանները յանկարծ շրջուեցին, եւ հայելում պարզ ցոլաց Աստղիկի նուրբ ու շիտակ ձեռագիրը.
«Ես քեզ սիրում եմ»:
© Սեւակ Արամազդ