ԱՐՄԷՆ, վէպ, 2005թ․

Մասն չորրորդ, գլուխ երրորդ

 


Ա 

 

Տնակի տանիքից մի կարճ ու խուլ տխկոց լսուեց, որին որոշ յապաղումով յաջորդեց մէկ ուրիշը, իսկ քիչ անց տանիքն արդէն դողդողում ու թնդում էր ուժգին տեղատարափից. կարծես երկնքից անհամար մանրիկ քարահատիկներ համազարկով թափւում էին վար։ Աղմուկի հետ տնակ ներխուժեց օդի մի սառը հոսանք, եւ շուրջը որոշակի ցրտեց։ Այդ ամենն այնքան անսպասելի էր, որ Արմէնը չհասցրեց ուշքի գալ եւ որոշ ժամանակ մնաց շուարած. ասես չէր կարողանում ըմբռնել, թէ ի՛նչ կատարուեց։

- Անձրեւ է գալիս…- վերջապէս գլխի ընկաւ նա եւ մի պահ մղուեց դուրս վազելու, որպէսզի փրկի ինչ-որ բան թրջուելուց, սակայն յիշեց, որ դրսում ոչ մի բան չունի, որ թրջուի կամ չթրջուի եւ, առհասարակ, ոչինչ չունի անելու կամ չանելու, կորցնելու կամ գտնելու ու անասելի տխրեց… Սկզբում տնակի հակառակ անկիւնում, ապա կենտրոնում, յետոյ էլի մի երկու տեղ սկսեց անձրեւաջուր կաթկթալ։ Արմէնը յետ քաշուեց դէպի պատն ու սրտնեղած փնչոց արձակեց. չէ՞ որ տնակը նորոգելիս ինքը հանգամանօրէն փակել էր բոլոր ճեղքերը, ապա չդիմացաւ ու սկսեց թունդ կշտամբել ինքն իրեն՝ անփութութեան համար, սակայն նրա պոռթկումն անցաւ անհետ՝ չխախտեց ո՛չ լռութիւնը եւ ոչ էլ աղմուկը։ Գրկելով ծնկները՝ նա անխօս յառուեց դրսին, ուր անձրեւի աղմուկից խաւարն ասես աւելի էր թանձրացել, եւ թւում էր, թէ խշշոցը կայ, իսկ ինքը անձրեւը չկայ. աննպատակ աղմուկ է…  

Քիչ անց անձրեւին միացաւ նաեւ քամին, որ մե՛րթ խլացնում, մե՛րթ էլ ուժգնացնում էր անձրեւի աղմուկը, ու անձրեւն ասես պար էր գալիս։ Ապա քամին անսպասելի դադարեց, եւ մնաց միայն աղմուկը, որ միալար արձագանգում էր տնակում։ Արմէնն ակամայ խոր շունչ քաշեց՝ զգալով, որ անձրեւի այդ աննպատակ աղմուկն իր հետ ինչ-որ թեթեւութիւն բերեց։ Եւ աղմուկի մէջ հետզհետէ նոր իմաստ է ստանում իր լարուած լռութիւնը՝ ասես կղզու, կղզային իմաստ, ինչպէս ծովն է իմաստաւորում իր ընդգրկած մի կտոր ցամաքը…

Արմէնն զգաց, որ ինքը նոյնպէս ողողւում է աղմուկով ու հետզհետէ մաքրւում իր փոշոտ վախերից։ Ասես կայծակի ակնթարթային լոյսով նա մի պահ ճանաչեց այն բնական վիճակը, որի մէջ հէնց սկզբից պէտք է լինէր ինքը, եւ նոյն պահին ռունգերը մի բան քնքշագին ասղնտեց, ու նա պարզօրէն առաւ հողի ազնիւ, նախնական տամկահոտը, որ լուռ ու աննկատ բարձրանալով՝ բռնել էր չորսբոլորը։ Ներսում ալիք տուեց մանկական հրճուանք, սիրտը խորունկ ծուլ եկաւ, ու նա անզուսպ ցանկութիւն ունեցաւ՝ նետուել դուրս, մերկացած՝ պարել անձրեւի տակ ու քրքջալ, անվերջ քրքջալ…

Աղմուկը յանկարծ կորաւ, եւ շուրջը տիրեց մի անհուն խաղաղութիւն։ Ինքն ասես սաւառնում էր անսահմանութեան մէջ, եւ մի ակնթարթ տեսաւ երկինքը, իսկակա՛ն երկինքը. ո՛չ թէ այն երկինքը, որ միշտ կախուած է աշխարհի գլխավերեւում եւ կարող է բացուել ու փակուել, այլ այն միակ երկինքը, որ պատուած չէ ո՛չ երեւոյթ-աներեւոյթ աստղերով, ո՛չ արեւով, ո՛չ լուսնով, ո՛չ ամպերով, ո՛չ օդով, այլ բացարձակապէս մաքուր է։ Եւ քիչ, չափազանց քիչ, արհամարհելի ու աննշան երեւաց այն ամենը, ինչ կոչւում է կեանք, աշխարհ ու մարդ։ Եւ ի՜նչ են դրանք՝ ընդամենը մա՜րդ, որ ապրում է զանազան յիմար բաներով, որոնք եթէ չլինեն, ապա նա նոյնպէս կմեռնի, չի լինի. եւ ընդամենը՝ կեա՜նք, որ գոյութիւն ունի ոչ այլ կերպ, քան մի անիմաստ կռուի մէջ, որը եթէ չլինի, ապա նա եւս չի լինի. եւ ընդամենը՝ աշխա՜րհ, մի անհեթեթ ծամածռութիւն՝ ինչ-որ ջուր ու ցամաք, որ առաջին երկուսին տխմար ծառայութիւններ է մատուցում. եւ կողքից էլ՝ ժամանա՜կ, որ այդ ամենի կողքով աննպատակ գնում գալիս է՝ անտարբեր ու բութ… Այդ ամենը քի՛չ է, քի՛չ է, ցաւագնօրէն քի՛չ, սակայն կայ, անպայմա՛ն կայ մի աւելի լաւ բան՝ անհո՛ւն ու մե՛ծ բան, որը տրուած չէ մարդուն, կարծես պահուած է այլ՝ առաւել նախընտրելի ու արժանի մէկին, որն ազատ է ապրելու, գոյութիւն ունենալու պարտադրանքից եւ իր գլխի տէրը միայն ինքն է…

Արմէնը տխրեց. նրանից՝ այդ մէկից, ինքը հեռացած է անթիւ ժամանակներով եւ դեռ պիտի անցնի հազար կեանքի, հազար մահի միջով, որպէսզի հասնի նրան…

 

 

Բ 

 

Յանկարծ տնակի կէսն աղօտ լուսաւորուեց թոյլ, անգոյն-գրգռիչ լոյսով, եւ Արմէնն իր մութ անկիւնից տեսաւ, թէ ինչպէս երկնքում, մի երկարաւուն սեւ ամպից, ասես պատեանից, դանդաղ դուրս սողաց լուսնի կեռ, դաշունանման մահիկը եւ մնալով օդում առկախ՝ սպասողական դրութեան մէջ, սկսեց փայլել։ Անձրեւը կտրուել էր, եւ շուրջը տիրում էր անբնական լռութիւն։

- Երեւի, գիշերն արդէն վաղուց կիսուել է…- ցնցելով գլուխը՝ յօրանջեց Արմէնը եւ հարուածեց դաստակին։- Էս մոծակներն էլ անխնայ քրքրում են…- նա դժգոհ աչք ածեց շուրջը, եւ հայեացքը կանգ առաւ դիմացը պուրակի ծառերին, որոնց՝ իրար մէջ մխրճուած սաղարթների թաց զանգուածը հսկայական սարդոստայնի պէս տարածւում էր չորսբոլորը եւ լուսնափոշով ողողուած՝ աղօտ փայլ էր արձակում՝ է՛լ աւելի ընդգծելով մութ, դարանակալ խորքերի սեւութիւնը։ Յանկարծ ծառերի կատարներն ուժգին թափահարուեցին, եւ բարձրացաւ խլացուցիչ աղմուկ. ինչ-որ թռչուններ թէ թռչունների ստուերներ սարսափահար փախան դէսուդէն, ապա ընդհանուր ժխորից զատուեցին կաչաղակների տագնապահար կաչկաչիւնները. երեւի, կատու էին տեսել։

- Գուցէ, էլի նոյն կատուն է…- քրթմնջաց Արմէնը՝ յիշելով դեղին աչքերով այն գէր-բծաւոր կատուին, որ թաքնուել էր իր աւէրուած տնակում։

Քիչ անց եկաւ մեքենայի շարժիչը մարելու ձայն, սակայն զարմանալիօրէն ոչ թէ ճանապարհի կողմից, այլ ծառերի հեռու խորքերից, ուր գետի ոլորանն էր։ Դրան անմիջապէս հետեւեցին իրարայաջորդ խուլ չխկոցներ՝ ասես մեքենայի դռներ բացուեցին ու փակուեցին, եւ մէկը հազալով մաքրեց կոկորդը։ Նորից լռութիւն տիրեց։ Արմէնի սիրտն սկսեց տագնապով բաբախել։ Նա պրկուեց՝ զգալով, որ ամեն շարժում ու ձայն իրեն հասցնում է խելագարութեան սահմանին, եւ ինքը հետզհետէ դառնում է մաղձոտ չարութեան մի պայթուցիկ գունդ։ Ականջն ապշեցուցիչ յստակութեամբ որսում էր ամեն ինչ, եւ դեռ կեանքում իր հոգին չէր եղել այսքան մութ ու անթափանց, իսկ միտքը՝ վառ ու զգայուն։

- Ասում ես, մենա՞կ է ապրում,- ծառերի խորքից անսպասելի պարզ լսուեց մի կոպիտ-ինքնավստահ ձայն։    

- Այո,- պատասխանեց մի երկրորդ սուր ու չոր ձայն։           

- Ըհը՛,- կտրեց առաջինը, դա էլ, երեւի, դրա ապարանքն է… Տես, է, ո՜նց էլ ցանկապատել է. պակասում են միայն փշալարը, մի աշտարակ ու զէնքը ձեռքին ժամապահ…  

- Վնաս չունի, պակասը կլրացնի համապատասխան վայրում՝ սեփական դիմումի համաձայն…- յարեց երկրորդն ու նուաստօրէն հռհռաց՝ ասես ցանկանալով դուր գալ առաջինին։  

- Դէ՛, դէ՛,- սաստեց առաջինը,- կամաց խօսե՛լ եւ զգօնութիւնը չկորցնե՛լ։                             

- Ինչո՞ւ,- համարձակուեց առարկել երկրորդը։

- Ամեն դէպքում,- խորիմաստ պատասխանեց առաջինը եւ զգուշօրէն խուխահազ տուեց։

 Ձայները կտրուեցին՝ ասես գետնի տակ անցան, եւ կրկին լռութիւն տիրեց։ Լուսինը միանգամից պայծառացաւ, եւ բակը լցուեց սպիտակ, անկենդան լոյսով։ Խաչաձեւ բեկբեկուն մի ստուեր հատեց բակը եւ անցնելով ցանկապատը՝ սահեց դէպի ծառերն ու ձուլուեց խաւարին։ Լսուեց կարճ թեւաբախումի ձայն, եւ ծառերի մութ սաղարթներից տարածուեց մի սուր կռինչ։ Ընդհանուր խաւարից զատուեցին երկու մարդկային ստուերներ, հետեւեց խուլ, բայց որոշակի աղմուկ՝ տրորուող խոտերի խշխշոց, շորերի շրշիւն, եւ ասես գետնի տակից՝ յայտնուեցին երկու միանման կերպարանքներ։ Օրինապահներ էին…

- Ա՛խ, սա վե՜րջն է…- խուճապի մատնուեց Արմէնը եւ կրծքի տակ սուր ծակոց զգաց։

Օրինապահները մօտենում էին։ Գլխարկների ստուերում նրանց դէմքերը չէին երեւում, եւ թւում էր, թէ աղօտ օդում լողում են միայն երկու դատարկ գլխարկներ։ Առջեւից դանդաղ, ծանրակշիռ քայլով ու թեթեւակի ճօճելով ուսերը՝ գալիս էր մի լայնաթիկունք, յաղթանդամ օրինապահ։ Նրան առընթեր, քիչ յետ ընկած, քայլում էր կտրուկ շարժումներով ջղուտ-միջահասակ մէկը։ Իսկ նրանցից առաջ ընկած՝ գալիս էին նրանց նեղ ու երկար ստուերները, որոնք հասնելով ցանկապատին, ասես արգելքի հանդիպած՝ վարանելով կանգ առան, ապա թեքուեցին ճանապարհի կողմը։ Արմէնը մի պահ կարծեց, թէ օրինապահներն ուղղակի անցնում են այդտեղով, եւ ուրիշ ոչինչ։ Թեթեւացած շունչ քաշեց, եւ յանկարծ չափազանց ծանօթ թուացին այդ երկուսը։ Սկսեց քրքրել յիշողութիւնը, սակայն ահով զգաց, որ ինքը կարծես կորցրել է յիշելու ընդունակութիւնը. յիշողութեան փոխարէն իր ներսում լռում է մի մութ, անսահման խոռոչ։ Ակամայ մի հառաչ դուրս թռաւ կրծքից, եւ նա նստած տեղն է՛լ աւելի կծկուեց։ Այս ամենը նման է տանջալի երազի…

Յանկարծ լռութեան մէջ տարածուեց ցանկապատի դռնակի ուժգին շխկոցը, եկաւ ջարդուող փայտի խղճալի ճռռոց, եւ շուրջը լցուեց քայլերի յախուռն դմփդմփիւններով. ասես միանգամից բակ ներխուժեց մի ամբողջ զինավառ զօրք։

- Չշարժուե՛լ, մնա՛լ տեղում,- կարճ բղաւեց յաղթանդամը՝ բռնելով տնակի մուտքի աջ կողմը, իսկ միջահասակը պատրաստ-սպառնագին կանգ առաւ ձախ կողմում։

Արմէնը ճանաչեց նրանց. յաղթանդամը Սիլին էր, իսկ միջահասակը՝ Գամրը։

- Գամր, ստուգի՛ր տնակը,- չոր-պաշտօնական հրամայեց Սիլին։ 

 - Լսում եմ, ստուգե՛լ տնակը։

Յանկարծ երկնքում լուսինը կրկին յետ քաշուեց իր պատեանի մէջ, եւ շուրջը միանգամից մթնեց. կարծես դա իր իսկ լուսնի հսկայական ստուերն էր, որը կլանեց մնացած բոլոր ստուերները եւ անշարժացաւ։ Օրինապահներն անակնկալի եկան, եւ մի պահ լռութիւն տիրեց։ Խաւարի մէջ նրանք նման էին թանձրամարմին ստուերների. ասես նրանց ստուերները, ներխուժելով նրանց մէջ, բռնեցին նրանց տեղը, իսկ տէրերն իրենք անյայտացան։ Յաջորդ պահին պայթեց Սիլիի խուճապահար ձայնը, որի մէջ նախկին ինքնավստահութիւնից հետք անգամ չկար։

- Ի՞նչ ես ցցուել, յիմա՛ր,- յարձակուեց նա Գամրի վրայ,- քեզ չասացի՞՝ ստուգե՛լ տնակը։    

Գամրը վախուորած առաջ եկաւ եւ կանգ առնելով տնակի շեմքին՝ հետաքրքրութեամբ  յառուեց ներս՝ կարծես հոտոտում էր։ Նրա աչքերը չէին երեւում, ակնախոռոչները լցուած էին խաւարով, եւ միայն աղօտ նշմարւում էին տափակ քթի ու ցցուած այտոսկրերի գծերը, մեծ բերանն ու սուր ծնօտը։

- Էստե՜ղ է…- զուարթ գոռաց նա՝ դառնալով Սիլիին։- Վախից առնէտի պէս մտել է ծա՜կը…

- Լա՛ւ է, Գամր,- թեթեւացած՝ բամբ շեշտով ասաց Սիլին։- Տո՛ւր վզակոթին ու բե՛ր դուրս։      

Գամրը վստահ քայլերով առաջ եկաւ, սակայն հասնելով տնակի կենտրոնին, անսպասելի սայթաքեց կաթոցքից թրջուած յատակին։ 

 - Թրիքի մէջ ընկայ… Սիլի, սա իսկական անասնագո՜մ է…- նա կարճ հռհռաց։    

Արմէնն զգում էր, որ որքան Գամրը մօտենում է, այնքան իր մէջ լեռնանում է մի վրիժառու կատաղութիւն, եւ վայրկեան առ վայրկեան ինքը վերածւում է մի իսկական ոխակալ առնէտի, որ մութ անկիւնում կծկուած՝ պսպղուն աչքերով հետեւում է իր հակառակորդին, որսում նրա իւրաքանչիւր շարժումն ու փշաքաղւում աւելի ու աւելի…

- Հէ՛յ, դո՛ւ…- հասնելով Արմէնին՝ ծաղրագին բղաւեց Գամրը եւ կօշկի սուր ծայրով հարուածեց նրա կողին։-  Չե՞ս տեսնում՝ ո՛վ է քո առջեւ կանգնած։ Հապա մի վե՛ր կաց կանգնի՛ր, մո՛ւկ…- նա կրկին հարուածեց, այս անգամ՝ աւելի ուժգին, ապա ձեռքը թափո՛վ գցեց Արմէնի օձիքին…

Խելագարուած՝ Արմէնը տեղից վեր ցատկեց ու յարձակուեց Գամրի վրայ՝ բռնուած միայն մէկ ցանկութեամբ՝ ջարդե՛լ, ջնջե՛լ, փոշիացնե՛լ նրան՝ իր միակ թշնամուն։ Նա մի ակնթարթ օդում տեսաւ Գամրի վախից ու ապշանքից ծամածռուած դէմքն ու պղտոր, ասես հարբած աչքերի արնագոյն փայլը, ապա գլխով հարուածեց նրա կրծքին։ Գամրը ցաւից կարճ գոռաց ու թափով յետ շպրտուեց՝ մէջքով խփուելով դիմացի պատին։ Բարձրացաւ սարսափելի աղմուկ, ձայների ու շարժումների ահաւոր խառնաշփոթ։

Արմէնը փորձեց նորից հարուածել Գամրին, սակայն նրա բռունցքի հարուածը պարպուեց օդում, ասես անտակ դատարկութեան մէջ… Անզօրութիւնից նա յանկարծ գլուխն անուժ կախ գցեց կրծքին ու մնաց. իր առջեւ իշխանութիւնն է, որին անհնար է յաղթել, ու թէեւ ինքն արհամարհելի ոչնչութիւն է իշխանութեան համեմատ, սակայն իր մէջ կայ մի բան, որը քաշւո՛ւմ, գարշո՛ւմ, փախչո՛ւմ է նրանից, չի՛ ընդունում ու չի՛ ուզում անգամ քսուել նրան… Արմէնն ակամայ ձեռքերը տարաւ դէպի դէմքը եւ նոյն պահին քունքին զգաց մի սոսկալի հարուած։ Կողքանց տապալուեց մութ յատակին, ու գլուխը թափով խփուեց անկիւնի սեանը։

- Տո՛ւր դրա մռութի՜ն…- լսուեց Սիլիի գոռոցը,- կրունկո՛վ՝ կրունկո՛վ…

- Փողոցի կե՛ղտ, դու էդ ո՜ւմ ես խփում…- ճայթեց Գամրի սուր-ճչան ձայնը։-  Հիմա արիւնդ կխմե՛մ ու օֆ չե՜մ քաշի…

Յետոյ ոտքերի ու բռունցքների անհամար հարուածներ էին տեղում Արմէնի մարմնին՝ ուր պատահի։ Նրան թւում էր, թէ իր վրայ քարեր են թափւում անյայտ մի տեղից, ու ինքը հետզհետէ թաղւում է դրանց ծանրութեան տակ։ Ուղեղն ասես ճարճատիւնով վառւում էր, եւ գլխում տենդագին պտտւում էր միայն մի միտք. «Դէմքիս բան չպատահի… դէմքիս բան չպատահի… դէմքիս բան չպատահի…»։ Նա ձեռքերով աւելի ու աւելի ամուր էր սեղմում երեսը։ Սիլիի ու Գամրի գոռգոռոցներն ու հայհոյանքները լսւում էին ասես տնակի դղրդացող պատերի միջից։ Գնալով Արմէնի մարմինը քարանում էր, եւ նա ոչինչ չէր զգում...

- Մազե՛րը, Գա՛մր, մազե՜րը…- որոտաց Սիլին, եւ Արմէնն զգաց, թէ ինչպէս մի մեծ թաթ սուր ճիրանները խրեց իր գլխամաշկի մէջ, ճանկեց մազերն ու ոլորելով վիզը՝ փորձեց գլուխը հարուածել սեանը։ Զարհուրելի ցաւից Արմէնն աղաղակեց եւ մի պահ բաց թողեց դէմքը, եւ նոյն պահին կրունկի մի սաստիկ հարուած զգաց բերանին։ Արիւնը մէկէն շատրուանեց դուրս… 

- Ես ասում էի, չէ՞, որ սա մա՜րդ չի… քարի պէս պինդ անասո՜ւն է…- հեւասպառ գոռաց Գամրը։-  Սիլի՛, օգնի՛ր...- կօշկի սուր քթով նա նորից հարուածեց Արմէնի բերանին, սակայն վերջին պահին Արմէնը հասցրեց երկու ձեռքով կրկին փակել դէմքը։ Հարուածն այս անգամ դիպաւ Արմէնի դաստակին, եւ նրան թուաց, թէ մի շիկացած շամփուր մխրճուեց իր բազուկի մէջ, ու ականջը խոցեց ջարդուող ոսկորի խրճխրճիւնը…   

- Թողնե՛լ…- անսահման հեռուից, ասես երկնքից, եկաւ մի բամբ-խռպոտ ձայն, որ կարծես ծանօթ էր։-  Գամր, բռնագրաւի՛ր ուղեպարկը, իսկ դու, Սիլի, ջրով ուշքի՛ բեր։

Արմէնը մնացել էր անկիւնում բերանքսիվայր ընկած։ Մի ոտքը դնելով Արմէնի ծոծրակին՝ Գամրը կռացաւ ու ձգելով՝ նրա տակից դուրս քաշեց ուղեպարկը։ Գնալուց առաջ նա շուռ եկաւ եւ տեղում թափ առնելով՝ մէկ անգամ եւս կօշկի սուր քթով ամբողջ ուժով հարուածեց Արմէնի կողին ու բարձրաձայն լուտանքներ թափելով՝ հեռացաւ։ Հարուածից Արմէնի մարմինն ուժգին ցնցուեց ու անշարժացաւ։ Քիչ անց ջրի մի ուժեղ շիթ ոտից գլուխ ողողեց Արմէնին, ապա լսուեց դէն նետուած դատարկ դոյլի շրխկոցը յատակին. դոյլը գլորուեց ու դիպչելով Արմէնի թիկունքին՝ կանգ առաւ։

- Սպասեցէ՛ք մեքենայի մօտ,- հրամայեց նոյն ծանօթ ձայնը Գամրին ու Սիլիին, որ շնչակտուր՝ ծանր հեւում էին։-  Իսկ նրան անձամբ ի՛նքս կբերեմ։

Լսուեց հեռացող ոտքերի խուլ դոփիւն, ապա լռութիւն տիրեց։ Լուսինը կրկին պայծառացաւ, եւ բակը լցուեց ծղրիդների միալար երգով ու գիշերային բզէզների ժրաջան բզզիւններով։

 

 

Գ 

 

- Հէ՜յ, դո՛ւ, հէքիաթի՛ հերոս,- յանկարծ լռութեան մէջ պայթեց նոյն բամբ-խռպոտ ձայնը, որի մէջ ծաղրանքի հետք անգամ չկար,- կարծում եմ, բաւականաչափ հանգստացար։ Իսկ հիմա դո՛ւրս արի քո էդ… քարանձաւից։

Արմէնն ընկած տեղում ցաւից ընդարմացել էր։ Հազիւ միայն զգում էր, որ ինքը կարծես դուրս է սահել իր մարմնից եւ մի մութ միջանցքով սուրում է դէպի ինչ-որ անյայտ աշխարհներ։ Լսելով ձայնը՝ նա յանկարծ ցնցուեց ու յետ եկաւ։ Գլխում տեղի ունեցաւ մի խուլ ճայթիւն, որը կտրեց անտեսանելի մի լար եւ խզուած տեղում բռնկելով փոքրիկ մի լոյս՝ վերստին արծարծեց իրականութեան աղօտ զգացողութիւնը։ Գլխամաշկը ձգուեց, ու մազերը փշաքաղուեցին։ Քունքերն սկսեցին կատաղի թափով բաբախել. թուաց, թէ ուր որ է գլուխը կպայթի, եւ ուղեղը ցրիւ կգայ մութ յատակին։

- Վե՛ր կաց,- նորից հրամայեց ձայնը՝ նոյն սառը, լուսնային հնչիւնով,- դու ո՛չ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը. մի՛ վախեցիր՝ չե՛ս մեռնի…

 Ձայնը հնչում էր յստակ, երկաթեայ անհաղորդութեամբ եւ ունէր անմարդկային լրջութիւն ու լուսնային հմայք։ Արմէնն զգաց, որ չի կարող չենթարկուել այդ ձայնին։ Նա վեր կենալու ճիգ արեց, սակայն չկարողացաւ։ Ծանր հեւալով՝ բռնեց անկիւնի սիւնից ու յաջողեց օրօրուելով բարձրանալ, սակայն դեռ չէր հասցրել կանգնել, երբ ոտքերը ծալուեցին, ու երկու կողմի վրայ սայթաքելով՝ արմատախիլ ծառի պէս տապալուեց գետնին։

- Նորից փորձի՛ր,- հրամայեց ձայնը։

Արմէնը սողաց դէպի պատը եւ մի կերպ վրայ նստելով՝ գլուխն անուժ յենեց տնակի պատին։ Նա ամբողջովին թաց էր եւ այն զգացումն ունէր, թէ լող է տալիս իր սեփական արեան մէջ։ Ջարդուած ձեռքը բոլորովին անզգայ էր՝ ասես գոյութիւն չունէր։ Բերանում նւում էր կիզիչ, անտանելի ցաւ։ Փորձեց շարժել շրթունքները, բայց չկարողացաւ. շրթունքներն ուռել, սոսնձուել էին իրար։ Առողջ ձեռքով տնտղեց բերանը. կտրիչ ատամը ջարդուած՝ ընկել էր լեզուի տակ եւ ուժգին ցաւ էր պատճառում։ Մի կերպ դուրս թքեց ատամը եւ նոյն պահին սարսափեց. թուաց, թէ իրենից շատ կարեւոր մի բան պակասեց։ Ձեռքը տարաւ ու սկսեց մթան մէջ խարխափանքով որոնել յատակին, որպէսզի գտնի ատամը, երբ ցուցամատը դիպաւ ինչ-որ բանի։ Ուրախացած՝ վերցրեց ու մատների մէջ շօշափեց. ոչ, դա ատամը չէր, այլ մի կլոր կոճակ, հաւանաբար, Գամրի համազգեստի կոճակներից մէկը, որը պոկուել էր կռուի ընթացքում։ Աւարի պէս կոճակը պինդ սեղմեց բռան մէջ եւ զգաց, որ իր ուժերը քիչ-քիչ վերադառնում են…

- Էդպէս,- կարճ լսուեց ձայնը։

Արմէնը տնքոցով է՛լ աւելի յետ քաշուեց եւ վիզը ճիգով թեքելով՝ նայեց դուրս. բակում, ցանկապատի տակ, ձեռքերը գրպաններում, լուսնի լոյսի մէջ կանգնել էր Չարկինը եւ նայում էր ներս՝ տնակի խաւարին։ Նա անչափ հանդիսաւոր տեսք ունէր. այն նոյն տօնական նոփ-նոր համազգեստով էր, որ հագել էր Միշայի թաղման ժամանակ։ Այդպէս աւելի գիրուկ տպաւորութիւն էր թողնում, նամանաւանդ, որ ուսադիրներին փայլում էին վեց խոշոր աստղեր. երեքը՝ աջ, երեքը՝ ձախ ուսին։ Մոխրագոյն դէմքն անշարժ-քարացած արտայայտութիւն ունէր, որից յորդում էր անյողդողդ կամք եւ վճռականութիւն։ Բարակ շրթունքներն ամուր սեղմուած էին իրար։ Թւում էր, թէ նա ոչ թէ կենդանի մարդ է, այլ անշունչ արձան։ Արմէնը գունատուեց։

- Լսի՛ր, դու խո՞ւլ ես, թէ՞ սպասում ես, որ յետեւիցդ հրեշտակնե՜ր ուղարկեմ…- ջղային շարժումով Չարկինը գրպանից հանեց մի մեծ խուրձ բանալիներ ու սկսեց ափի մէջ տենդագին շուռումուռ տալ։

Ուժ տալով՝ Արմէնը տնքոցով վեր կացաւ եւ բռնելով պատից՝ նոր քայլել սովորող երեխայի կամ հիւծախտաւոր զառամեալ ծերունու երերուն քայլով դանդաղ գնաց դէպի ելքը։ Երբ նա վերջապէս դուրս եկաւ տնակից ու յենուեց մուտքի սեանը, թուաց, թէ մի ակնթարթում անցան հազարաւոր տարիներ, եւ երկար, տանջալից երազից արթնացածի մի անակնկալ զգացում ունեցաւ։ Աչքերի առջեւ շաղուեց, գլուխը հաճելի պտտուեց, եւ նրան պատեց մոռացութեան քաղցր երանութիւնը…

«Կատարուեց…»,- գլխում ասես հնչեց անյայտ մի ձայնի հեռաւոր արձագանգը։

Տեսնելով Արմէնի արնաշաղախ կերպարանքը, խռիւ մազերը, բզկտուած հագուստը, որի դատարկ ծուէններն օրօրւում էին մարմնի շուրջը՝ Չարկինն անակնկալի եկաւ, եւ նրա աչքերի սառը, թափանցող փայլը յանկարծ չքացաւ։ Նա հապճեպօրէն շրջեց դէմքը եւ գրպանից հանելով մի մեծ, սպիտակ թաշկինակ՝ սկսեց երկար ու հանգամանօրէն սրբել ճակատի ու վզի քրտինքը։ Ապա ցուցադրական խոր հոգոց արձակելով՝ նորից ծալծլեց թաշկինակն ու անսպասելի նետեց դէպի Արմէնը։

- Վերցրո՛ւ,- չնայելով ասաց նա,- սրբի՛ր դէմքդ։   

Արմէնը մնաց անշարժ կանգնած։ Թաշկինակն ընկաւ բակի մէջտեղը, անձրեւից մնացած լճափոսի մէջ ու անմիջապէս սուզուեց ցեխաջրում։ Չարկինը մի պահ շփոթուեց, ապա անհանգիստ ոտքից ոտք փոխուելով՝ չպպացրեց շրթունքները, եւ դէմքն ընդունեց արձանային նախկին դժնի արտայայտութիւնը։    

- Երեք օր առաջ դու փախար ձեռքիցս,- ասաց Չարկինը՝ ձեռքերը գնդելով մէջքին։- Գիտէիր՝ ի՞նչ է, էդպէս հեշտ ու հանգիստ պրծնելու ես, հա՞…

- Ես… չեմ փախել,- ճիգով ասաց Արմէնը,- ինձ… բաց է թողել… Սկին… 

- Սկի՜ն…- ծոր տուեց Չարկինը եւ քմծիծաղեց։-  Ի՞նչ Սկի։ Հիմա ե՛ս եմ Սկին։ Մի՞թէ դու էդքան տխմար ես եւ հասարակ բաներ չես հասկանում,- վիրաւորուեց նա։

- Ես… մեղաւոր… չեմ…- մի կերպ կապակցեց Արմէնը։  

- Դու, կարծում եմ, հասկանում ես, թէ ի՛նչ սխալ թոյլ տուեցիր՝ օրէնքին դիմադրութիւն ցոյց տալով։

- Բայց… ինձ… վիրաւորեցին…

- Քեզ ոչ ոք ոչինչ չի ասել եւ մատով անգամ չի դիպել,- սպառնագին ասաց Չարկինը՝ առարկութիւն չհանդուրժող ձայնով։-  Դու ստում ես, որպէսզի խուսափես պատասխանատւութիւնից։

- Ո՞նց…- ապշեց Արմէնը,- իսկ իմ էս…   

- Ձա՛յնդ,- զայրագնեց Չարկինը։-  Չերկարացնե՛ս, թէ չէ աւելի կծանրացնես վիճակդ։

Արմէնը մնաց լուռ։ Մութ կերպով զգում էր, որ ինքն ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ մի ճակատագրական սխալ է թոյլ տուել, բայց թէ ի՞նչ սխալ՝ չէր կարողանում հասկանալ։ Բերանը բաց՝ նա երեխայական զարմանքով որոշ ժամանակ նայում էր Չարկինին, սակայն նրան չէր տեսնում. լուսնի լոյսի մէջ ընկալում էր միայն նրա ուսադիրները զարդարող վեց աստղերի ծակող փայլը։  

- Լա՛ւ,- ձեռքը խորիմաստ թափ տուեց Չարկինը, եւ անշարժ դէմքին յայտնուեց մի անթափանց ժպիտ ու չքացաւ։

Արմէնին թուաց, թէ նա ամենուր հետեւել է իրեն։ Փախցրեց հայեացքը, եւ յանկարծ նրան պատեց մեղքի մի անորոշ, ծանր զգացում…

- Երեք օր առաջ դու եղել ես Յիգդիգում,- սառը, ազդու ձայնով հատ-հատ ասաց Չարկինը՝ յածող հայեացքով նայելով շուրջը, ապա աչքերը կտրուկ չռեց Արմէնի վրայ։  

Արմէնն այնպէ՛ս անակնկալի եկաւ, որ թուաց, թէ կայծակն իրեն զարկեց, եւ ինքը տեղում մոխրացաւ։ Միանգամից հասկացաւ ամեն ինչ…

- Այո…- գլուխը կախելով՝ թոյլ, անտարբեր ձայնով ասաց նա։- Ես աշխատանք էի փնտրում…

- Դու Յիգդիգում ես եղել նաեւ ուղիղ քսաներեք…- Չարկինը նայեց թեւի ոսկեփայլ ժամացոյցին,- չէ, գիշերն արդէն շուռ է եկել… աւելի ճիշտ, ուղիղ քսանչո՛րս օր առաջ։

- Ես առաջին անգամ էի էդ գիւղում…- հազիւ առարկեց Արմէնը՝ զգալով, որ շնչահեղձ է լինում։-  Պառաւը… կարկանդակ վաճառող պառաւը…

- Քո ասած պառաւը ննջում է ննջեցեալների հետ,- չար ուրախութեամբ վրայ բերեց Չարկինը։- Աւելի լաւ է՝ գլուխ չտանե՛ս եւ միանգամից խոստովանե՛ս։ Դու, կարծում եմ, հրաշալի գիտե՛ս, թէ բանն ի՛նչ է…- ծնօտը վեր ցցելով՝ Չարկինն աչքերը կկոցած՝ հոտոտելու պէս նայեց երկնքին, ուր դաժանօրէն պայծառ շողում էր լուսինը, եւ ստուեր անցաւ դէմքով։

- Չգիտեմ…

- Գիտե՛ս,- անսպասելի հանգիստ ասաց Չարկինը։- Էդ մասին գիտեն նոյնիսկ դեռ չծնուած երեխաները…- նա ագահ փայլեցրեց աչքերը եւ լայն ժպտաց՝ իր սովոր, մոխրագոյն ժպիտով։  

Արմէնն անդրադարձաւ, որ Չարկինը դեռեւս ոչ մի անգամ չի տուել իր անունը. ասես ինքը նրա համար բոլորովին գոյութիւն չունի…

- Յիգդիգի գիւղացիները քեզ ճանաչել են,- շարունակեց Չարկինը, եւ, ամենակարեւորը, դու ի՛նքդ ես քո այցելութեան մասին ամենայն մանրամասնութեամբ պատմել…

- Ո՞ւմ…- ապշեց Արմէնը։

Չարկինը չպատասխանեց։

- Ո՞ւմ…- կրկնեց Արմէնն ու թուքը կուլ տուեց։ Ռունգերին յանկարծ խփուեց ասես քայքայուող մարմնի մի սուր նեխահոտ, եւ նա ցաւագին կնճռեց դէմքը։

- Սարա Սէմեանկային,- դանդաղ-հանդիսաւոր ասաց Չարկինը եւ ոտքից ոտք փոխուելով՝ բազմանշանակ քմծիծաղեց։- Դու նրան, կարծում եմ, պիտի՛ որ լաւ ճանաչես…

Արմէնի արիւնը սառեց երակներում։ Լուսինը նորից կորաւ, եւ բակը լրիւ մթնեց։ Ասես անաղմուկ ջարդելով աներեւոյթ մի դուռ՝ խաւարը ներխուժեց բոլոր անկիւնները, թափանցեց իրերի մէջ, յափշտակեց դրանք ու թաքցրեց անյայտ մի տեղ։ Գիշերը վերջնականապէս հաստատուեց։

- Առա՛ջ ընկիր,- խաւարում դղրդաց Չարկինի բամբ-խռպոտ ձայնը՝ անչափ մօտիկից։- Մնացածը կերեւայ յետոյ…

Հազիւ քարշ տալով ոտքերը՝ Արմէնն անխօս առաջ ընկաւ, Չարկինը հետեւեց նրան։ Արմէնը չէր զգում ո՛չ իր եւ ո՛չ էլ Չարկինի ներկայութիւնը. ասես իրենք երկուսն էլ միատեսակ ձուլուել էին խաւարին ու չքացել։ Միակ բանը, որ կար ու շնչում էր, անսահման լռութիւնն էր։ Երբ դուրս եկան ցանկապատի դռնակից, Արմէնը մի պահ կանգ առաւ ու նայեց յետ…

 

Ինքը հինգ տարեկան էր, երբ առաջին անգամ տեսաւ Եօթ Աղբիւրը՝ իր երազների լեռը։ Շատ զարմացաւ, երբ երկինք շատրուանող եօթ աղբիւրների փոխարէն գտաւ միայն մէկ աղբիւր, որ բխում էր լեռան ընդերքից եւ թաքնուած հսկայ քարափի տակ՝ դրսից բոլորովին չէր երեւում։ Դա մի փոքրիկ ու ջինջ աւազան էր, որի անշարժ ու թափանցիկ ջուրը զարմանալիօրէն ո՛չ աւելանում էր, ո՛չ պակասում, թէեւ նրանից էին սնւում բոլորը՝ մարդիկ, կենդանիները, միջատները, խոտերը եւ նոյնիսկ մամռապատ քարերը, որոնց սառն ու խոնաւ բուրմունքը մշտապէս կանգնած էր օդում։ Ինքը քաղել էր եօթ գոյնզգոյն ծաղիկներ, որպէսզի յաջորդ այցելութեան նուիրի աղբիւրին, քանզի իրեն թւում էր, թէ նուէրը միշտ պէտք է բերուած լինի հեռուից։ Մի ձեռքով ծաղիկները, իսկ միւսով մօր ձեռքը բռնած՝ վերադառնում էր տուն։ Մօր շալակին մի մեծ կապոց էր՝ լցուած  զանազան խոտաբոյսերով, որոնցից նա դեղ էր պատրաստում ամեն տեսակ հիւանդութիւնների դէմ։ Երկինքը պատուած էր սեւ ու մռայլ ամպերով, շուրջն արագօրէն մթնում էր, դիմացից փչում էր մի սուր ու ցուրտ քամի։ Ինքը յետ նայեց. մթնշաղի մէջ յառնում էր լեռը՝ ինքնամփոփ ու լուռ, ասես տարուած անծայրածիր խոհերով։ Մայրը տագնապած քաշեց իր թեւից, եւ նոր միայն ինքն առաւ նրա ծանր ու յոգնած շնչառութեան ձայնը։ Վերեւում, անդնդի պռնկին, աղօտ ուրուագծւում էր միայնակ աճած մի հսկայական սօսի, որի խշշոցը՝ խառնուած քամու շառաչին, թնդաձայն արձագանգում էր անդնդում։ Ինքն ահով աւելի ու աւելի էր սեղմւում մօրը՝ խանգարելով նրան բարձրանալ։ «Համբերիր, զաւակս,- ստեպ-ստեպ կրկնում էր մայրը։- Շուտով կհասնենք սօսի-ծառին, եւ ծառը մեզ կփրկի…»։ Երբ արդէն սօսին մօտ էր, շատ մօտ, յանկարծ շուրջը տիրեց տարօրինակ լռութիւն, որի մէջ լսւում էր ասես գաղտնի մի շշունջ, եւ ինքը փշաքաղուեց։ Եւս մի վայրկեան՝ եւ գլխավերեւում պայթեց մի սոսկալի փոթորիկ, ահեղաձայն դղրդոցով երկինքը փայլատակեց, եւ խլացուցիչ շառաչիւնով անչափ մօտիկ մի տեղ զարկեց կայծակը։ Մայրը թողեց կապոցը եւ մի կարճ ճիչ արձակելով՝ գրկեց իրեն ու ընկաւ գետնին, յաջորդ վայրկեանին իր աչքերի դէմ փայլեց կուրացուցիչ մի լոյս, եւ ինքն առաւ վառուող փայտի թանձր խանձահոտ ու լսեց սուր ճարճատիւն։ Մի պահ մօր թեւի տակից երեւաց, որ սօսին բռնուած է բոցերի մէջ, ապա մայրը մազերով ծածկեց նաեւ այդ ճեղքը, եւ խաւար տիրեց շուրջը։ Յետոյ ինքը, գլուխը թաղած մօր կրծքերի մէջ ու շունչը պահած՝ լսում էր, թէ ինչպէս է սաստիկ տեղատարափը մտրակում մօր մարմինը, մինչ ինքը չոր էր ու տաք։ Երբ շուրջը նորից լռութիւն տիրեց, մայրը ծանր տնքոցով բարձրացրեց իրեն գետնից։ Մթնշաղի անդորրում սօսին կանգնած էր լայնատարած ու անխաթար, նոյնիսկ թւում էր աւելի փարթամ ու հզօր, եւ ինքը հասկացաւ, որ կայծակը հրդեհել է ծառը, իսկ անձրեւը՝ մարել հրդեհը։ Դա նման էր խաղի, եւ ինքը թեթեւութիւն զգաց։ Մայրը նայեց իրեն ու սարսափեց. ինքը սփրթնած էր եւ հազիւ էր կարողանում խօսել։ «Վախը զարկել է որդո՜ւս,- իրեն կորցրեց մայրը։- Շո՜ւտ, նորից գնանք յե՜տ, դէպի Եօթ Աղբի՜ւր…»։ Ինքը սուր զգաց իր աջ ձեռքի դատարկութիւնը. ծաղիկներն իր ձեռքից անհետացել էին, ափի մէջ մնացել էր միայն նրանց տաք յիշողութիւնը եւ նուրբ բուրմունքը՝ ռունգերում։ «Ծաղիկնե՜րս…- լացակումեց։- Չը… կա՜ն ծաղիկներս…»։ Թափով պոկուեց մօր ձեռքից եւ սկսեց մթան մէջ չորէքթաթ որոնել ծաղիկները, որոնք իր ձեռքից թռել հեռու ու շաղ էին եկել չորս կողմի վրայ։ Ինքը բուրմունքով գտաւ նրանց ու մէկիկ-մէկիկ հաւաքեց, սակայն իր ամենասիրելի ծաղիկը՝ միակ անմեռուկը, չկար ու չկար, եւ սկսեց հօնգուր-հօնգուր արտասուել։ «Բաւակա՜ն է…»,- չհամբերեց մայրը եւ իր թեւից քաշելով՝ իրեն կրկին տարաւ դէպի լեռը։ Երկինքը պարզուել էր եւ միանգամից լցուել աստղերով, որոնք կարծես ուրախ խնջոյք էին տօնում բարձունքում. բարձր ձայնում էին իրար, զուարթ աղմկում ու ծիծաղում՝ ըմպելով գիշերուայ զով գինին։ Ինքը տխուր էր, մահու չափ տխուր, շարունակ մտածում էր անմեռուկի մասին. իրեն թւում էր, թէ նա մթան մէջ կանչում, կանչում է իրեն, բայց այդպէս էլ չի գտնում։ Երբ հասան քարափին, մայրը թեքուեց ու իր ականջին շշնջաց, թէ յետ նայել ու խօսել չի կարելի եւ պէտք է ամբողջ ժամանակ մնալ լուռ։ Փոքրիկ ու նեղ արահետով ինքը խարխափելով հետեւեց մօրը, եւ որքան աւելի էին խորանում քարափի մէջ, այնքան աւելի էր թանձրանում սառնաշունչ լռութիւնը։ Ժայռերի կուտակներն իրենց աղօտ ուրուագծերով յիշեցնում էին սեւափետուր հսկայ արծիւներ, որոնք շարք կազմած՝ ակնդէտ հսկում էին աղբիւրի մուտքը։ Նրանք կարծես ճանաչում էին իր մօրը, եւ իրենք անարգել առաջ էին ընթանում։ Ահա եւ աղբիւրը. մի ընդարձակ քարանձաւ՝ զարմանալի կլոր, կամարանման մուտքով, որի խորքում գտնւում էր փոքրիկ աւազանը։ Աւազանի եզրին սեան նման բարձրանում էր մի ուղղաձիգ ժայռ, որը զարմանալի կլոր ձեւ ունէր, ողորկ մակերեւոյթ եւ կայծկլտում էր մթան մէջ. ասես ժայռի խորքում վառւում էր խորհրդաւոր մի հուր, որի շողքն ընկնում էր ջրին, եւ ջուրը փայլում էր մաքուր ու խոր հայելու նման։ Ծնկելով սառը գետնին, մայրը երեք անգամ երկրպագեց աւազանին, ապա դառնալով դէպի ժայռեղէն սիւնը՝ գլուխը խոնարհեց ու սկսեց արագ-արագ աղօթք մրմնջալ։ Անյատակ անդորրում արձագանգում էր մօր ձայնը՝ քարանձաւը լցնելով մեղմածոր երգով։ Աւարտելով աղօթքը՝ մայրը գլխի խոնարհումներով երեք անգամ կրկին երկրպագութիւն մատուցեց ժայռեղէն սեանն ու իրեն անխօս նշան արեց՝ ծաղիկները դնել սեան ոտքերի մօտ։ Ինքը երկիւղագին ծնկեց ու մտքում հաշուելով՝ ծաղիկները մէկիկ-մէկիկ զգուշօրէն հպեց ժայռին։ Եօթերորդը՝ անմեռուկը, պակասում էր։ Ինքն անասելի շփոթուեց, մի պահ յապաղեց, ապա շրթունքներից դուրս թռաւ հազիւ լսելի մի շշուկ. «Եւ ես»։  

 

Արմէնի դէմքին առկայծեց մանկական մի լուռ ժպիտ եւ ընդմիշտ հանգաւ խաւարում։ Չարկինը կտրուկ քաշեց նրա թեւից։     

 

 

Դ 

 

Ցուրտ էր։ Մանր անձրեւ էր մաղում։ Այգաբացի աղջամուղջում թաքնուած՝ անզգալի սողում էր գետը, եւ եղեգնուտների թանձր ստուերները չէին ջերմացնում նրա սառած մարմինը։ Յամր, ամայի անդորր էր, թռչունները սսկուել էին իրենց բներում, երբեմն-երբեմն հազիւ լսւում էին միայն հեռաւոր կաթոցքի ձայներ, որ խուլ պայթում էին լռութեան մէջ ու տարրալուծւում անթափանց մառախուղում։

Գետի հակառակ ափին, մի մեծ, չորացած ծառի տակ, մէջքը բնին յենած՝ նստել էր Աթան իր սովոր տեղում ու ցնցելով ցանցառ մօրուքը՝ ստեպ-ստեպ յօրանջում էր։ Նա կարթաձօղը կապել էր չորացած ծառի՝ գետին խոնարհուած մի երկար ճիւղից ու ուռած-արնակալած աչքերն անիմաստ չռած ջրին՝ սպասում էր կարթաթելի երանելի ցնցումին, սակայն շուրջը լուռ էր։

- Բռնի՛ր, անիծուա՛ծ,- դժգոհ խռպաց նա՝ դիմելով որսին,- թէ չէ՝ քեզ ճիճուի պէս կճզմե՛մ, ոնց որ բոլորին…

- Հը՞, գործերը լաւ չե՞ն,- յանկարծ ձախ կողմից եկաւ ինչ-որ մէկի բամբ-խռպոտ ձայնը, եւ քիչ անց մառախուղի խորքից գծագրուեց մի բարձրահասակ մարդ՝ երկար անձրեւանոցը հագին, գլուխը քաշած բարձր օձիքի մէջ։- Ձուկ ես որսում…- հայեացքով շարունակ տնտղելով գետը՝ անուշադիր ասաց նա։

- Բա հօ մարդ չէի՛ որսալու,- վրայ բերեց Աթան ու հռհռաց։-  Չնայած դա էլ վատ չէր լինի. ահագին ժամանակ սննդի հոգսից կպրծնէի…- դաստակով սրբելով շրթունքները՝ նա ուզում էր դարձեալ ծիծաղել, սակայն բռնուեց խեղդուկ հազով։-  Քը՛խ… քը՛խ… քը՛խխխ…

Մարդը չարձագանգեց։ Նա մտացրիւ էր երեւում։ Անքուն դէմքը նկատելի ընկճուած արտայայտութիւն ունէր։ Դա Չարկինն էր։ Կանգ առնելով Աթայի մօտ՝ նա սպասեց, մինչեւ Աթան հանգստացաւ։

- Քեզ համար լաւ գործ ունեմ,- անցողակի ասաց Չարկինը՝ հայեացքը չկտրելով գետից։- Էսօր խումդ առե՞լ ես, թէ՞ դեռ ոչ…- նա ձեռքը բարեկամաբար դրեց Աթայի ուսին, եւ հազիւ նկատելի մի քմծիծաղ յայտնուեց դէմքին ու չքացաւ։

- Ի՞նչ է,- սրուեց Աթան՝ իր լերկ գլուխը դարձնելով դէպի նա։

- Գիշերը մէկը ջրում խեղդուելու միջոցով ինքնասպան է եղել,- ասաց Չարկինը՝ գլխով ցոյց տալով դէպի գետը։- Դիակը պիտի հանուի…      

Մօտաւորապէս գետի մէջտեղում, մառախուղի մէջ, մի մեծ կոճղի դէմ առած՝ օրօրւում էր մարդկային ջրախեղդ մի մարմին. երեւում էին միայն մերկ մէջքը եւ գօտուց մի հատուած։

Աթան սպասողական յառուեց Չարկինին։

- Մի ամբողջ շիշ «Կարմիր» կստանաս՝ իբրեւ պարգեւ,- շարունակեց Չարկինը նոյն մեղմ, բարեկամական ձայնով։- Յետոյ էլ…

- Դրանով նոյնիսկ կոկորդս չի թրջուի,- Աթան նեղացած շուռ տուեց գլուխը։-  Երեխա՜յ են գտել, խաբո՜ւմ են…- փնթփնթաց նա։    

- Երկու…

- Երե՛ք,- վրայ բերեց Աթան։- Ի՛նքդ որոշիր…- նա նորից ընդունեց նախկին անտարբեր դիրքն ու աչքերը չռեց գետին։

Մառախուղը պահ առ պահ նօսրանում էր, եւ դիակն աւելի պարզ էր երեւում։

- Լաւ, հանի՛ր,- Չարկինն անհամբեր չպպացրեց շրթունքները։

Զարմանալի թեթեւութեամբ Աթան վեր ցատկեց տեղից եւ անհետացաւ առափնեայ փլուածքի տակ։ Որոշ ժամանակ ցածից լսւում էին միայն բարձր խոտերի խշխշոցը եւ Աթայի շարժումների աղմուկը։ Ապա յանկարծ գետի մէջ շրմփաց չոր-երկար մի ճիւղ, որի ծայրին սիզախոտի ցօղուններով պինդ ամրացուած էր ժանգոտ մետաղալարից պատրաստուած երկսայր մի կեռ։ Մի քանի անգամ կեռը դիպաւ դիակի մէջքին ու խազեր քաշեց թիկունքին, մինչեւ վերջապէս ընկաւ գօտուց։ Սկզբում դիակն ասես դիմադրում էր, ապա դանդաղ լողաց դէպի ափ։ Քիչ անց գետափից լսուեցին Աթայի դժգոհ տնքոցներն ու խեղդուած հայհոյանքները, ապա թէ փլուածքի տակից երեւաց նաեւ նրա հսկայ-անճոռնի կերպարանքը՝ դիակը շալակին։

Հասնելով Չարկինին՝ Աթան սովոր շարժումով դիակը ցած նետեց ու թեւքով սրբեց ճակատի քրտինքը։ Դիակը խուլ թրմփոցով ծանրօրէն ընկաւ գետնին՝ ջրի շիթեր ցայտեցնելով չորս կողմը։ Չարկինը չհասցրեց ժամանակին յետ քաշուել, եւ տեղ-տեղ հագուստը թրջուեց։

- Թո՛ւհ, աւազա՛կ…- փնչաց նա եւ սկսեց ձեռքով արագ-արագ մաքրել շորերը։

Դիակը մի վերջին անգամ թեթեւակի ցնցուեց ու բերանքսիվայր անշարժացաւ։

- Եօթ սատկած ոչխարի չափ ծանր է…- հեւալով ասաց Աթան եւ թուքը կուլ տալով՝ ժպտաց։