ԱՐՄԷՆ, վէպ, 2005թ․

Մասն առաջին, գլուխ երկրորդ (հատուած)

 

Գ 

 

Թեթեւակի ճօճուելով բարձր կրունկներին՝ կինը տիրականօրէն գնում էր առջեւից, եւ նրա լայն կոնքերը դանդաղ ու համաչափ վերուվարում էին հրապարակի պղտոր-անքուն լոյսի մէջ։ Թիկունքին թափուած մթին վարսերի աննշան թրթիռը եւ բարակ մէջքի ճկուն աղեղների աղօտ դողը կարծես լինէին կորած մի յիշողութեան հեռաւոր արձագանգը գիշերուայ մէջ։ Արմէնն զգաց, որ իր ներսում որոշակիօրէն ցանկութիւն է առաջանում, խայտում մի վերահաս տենչանք, եւ յանկարծ վախեցաւ։ Գրաստի պէս բեռնուած՝ ինքը հետեւում է այդ անծանօթ կնոջը՝ ասես լինի նրա ծնեալ ստրուկը։ Ինչ-որ նուաստ բան կայ այդ ամենի մէջ, պարզունակ խաբէութիւն։ Իրենք երկուսն էլ գիտեն, թէ ո՛ւր եւ ինչի՛ համար են գնում, եւ բացայայտ անամօթութիւն է լռելը։ Արմէնը դժգոհ փնչոց արձակեց եւ մղուեց յայտնելու կնոջը, թէ ինքը գիշերատեղի կարիք չունի, ինքը սովոր է՝ գիշերը մի կերպ կլուսացնի այստեղ, կայարանում, պատի տակ կամ որեւէ նստարանի վրայ, բայց զգաց, որ դա կլինի վախկոտ փախուստ եւ ամօթալի պարտութիւն։ Այդ մասին, անշուշտ, լաւ գիտի այդ կինը, որ հարկ չի համարում նոյնիսկ յետ նայել։ Պարզ երեւում է, որ նա աւելի քան վստահ է իր հմայքի վրայ։ Արմէնն ընկճուեց…  

Երբ դուրս էին գալիս հրապարակից, բաւականին հեռու, մի մեկուսի կիսաքանդ-կեղտոտ պատի տակ, Արմէնն անսովոր շարժում նկատեց։ Քիչ անց տարբերեց մի խեղանդամ մարդու, որն անհնարին տառապանքով փորձում էր վեր կենալ, սակայն ամեն անգամ յենակները սայթաքում էին հակառակ կողմերի վրայ, եւ նա կրկին գլորւում էր գետնին։ Լռութեան մէջ լսւում էին նրա խեղդուած-յուսահատ հայհոյանքը եւ յենակների խուլ-ապարդիւն չխկիւնները։ Երեւի, մարդը հարբած էր կամ… Վերջին անգամ վայր ընկնելիս մարդը գլխով ուժգին խփուեց պատին ու կարճ-խռպաձայն գոռաց։ Արմէնը ցած դրեց տոպրակները եւ մղուեց օգնութեան, սակայն նրան անսպասելիօրէն կանխեց Սարայի ձայնը, որ հնչեց տիրական սառնութեամբ.

- Թող, Արմէն, մի՛ խանգարիր. նա քո օգնութեան կարիքը չունի…

 Արմէնը շրջուեց. Սարան սպառնագին ժպիտով անթարթ նայում էր իրեն։ Հնազանդ վերցնելով տոպրակները՝ Արմէնը հետեւեց Սարային՝ զգալով, որ անկարող է հակազդել նրա փորձառու հմայքին։ Սարան առաջնորդեց Արմէնին դէպի անտառի խաւարը։ Արահետի գլխին նրանց ընդառաջ ելաւ ստուերանման մի կերպարանք, որը յստակ-հանդիսաւոր ողջունեց Սարային եւ ծաղրագին նայեց Արմէնին, սակայն Սարան նրան ակնյայտօրէն անտեսեց, իսկ Արմէնն ակամայ խոնարհեց գլուխն ու անցաւ։

Երկրի անտառին փոխարինեց երկնքի լուսինը, եւ գետն էլ կարծես լինէր անտառի ու լուսնի աղօտափայլ սահմանը։ Արմէնին թւում էր, թէ իրենք երկու անտարբերելի ստուերներ են, որ լուռ սահում են սարսռուն գիշերուայ միջով։ Ճանապարհն ասես վերջ չունէր։ Ինչ-որ առուից անցնելիս Արմէնն ակամայ հպուեց Սարայի լիքը կրծքին, որսաց նրա քնքշագին խայտանքը, եւ սիրտը ծուլ եղաւ։ Զգաց, թէ ինչպէս այդ պահից իր եւ Սարայի միջեւ հաստատուեց այդ հպման խուսափուկ, ասես լուսնային գաղտնիքը։ Որոշ ժամանակ անց Սարան վերջապէս թեքուեց ու մտաւ մի փոքրիկ բակ, որն ունէր խղճուկ-ծուռումուռ ցանկապատ։

Տունն անյոյս լքուած տպաւորութիւն էր թողնում։ Դա համարեա թէ թշուառ մի հիւղ էր՝ նկատելի ծռուած մի կողմ։ Կոպիտ-անտաշ դուռն ապտակի պէս ծեփուած էր տան դէմքին։ Ունէր բակին նայող մի փոքրիկ-նուաստ լուսամուտ եւ բարձր, խոտածածկ տանիք, որը թւում էր, թէ ահա-ահա փուլ կգայ։ Կարծես անյիշելի ժամանակներից այդ տունն այդպէս թեք կանգնած էր լուսնի լոյսի մէջ եւ դեռ մնալու էր այդպէս՝ մինչեւ ժամանակների վախճանը…

Հաստատ ու տիրական քայլերով Սարան գնաց դէպի դուռը, եւ Արմէնը հասկացաւ, որ նա, այնուամենայնիւ, այդ տա՛ն տիրուհի՛ն է, որի համար այդտեղ ամեն ինչ սիրելի է ու հարազատ։

 - Սպասիր, ես մի րոպէից էստեղ կլինեմ,- չհասած աստիճաններին, Սարան թեքուեց դէպի բակի խորքը, եւ Արմենը փոքրիկ բանջարանոցի ցանկապատի տակ նկատեց ինչ-որ կենդանու մեծ ստուերը, որը յանկարծ շարժուեց, ապա թէ լսուեց մի խոր թառանչ. կով էր։ Եւ միանգամից ամբողջ տունը, բակը, ցանկապատը դարձան ծանօթ ու հասկանալի։

Արմէնը նստեց փայտէ խարխուլ աստիճանին եւ սկսեց դիտել երկինքը։ Լուսնի լոյսի փոշեքօղի խորքերից տարբերեց Խեցգետնի ծանօթ աստղատունը, եւ յանկարծ աչքը կպաւ։ Երազում տեսաւ, թէ ինքն ինչ-որ աստղի վրայ է, եւ իրենց գիւղն էլ գտնւում է մի անսահման լեռան գագաթին։ Լեռն իրականում անտեսանալի վառուող մի հսկայ խարոյկ է, որի բոցերի մէջ կանգնած է իր հայրական տունը՝ բարձր-լուսաւոր երդիկով։ Ինքը դարձել է տուն եւ ուզում է մտնել ներս, երբ յանկարծ դռան մէջ հանդիպում է այն չքնաղ աղջկան, որին երազել է ամբողջ կեանքում։ Նա ճերմակ-թափանցիկ շորերով է, որոնք ծածանւում են հեզաճկուն մարմնի շուրջբոլորը։ Ինքն անհուն կարօտով նետւում է դէպի նա, սակայն աղջիկը երկարում է ձեռքերը եւ իրեն անխօս վանում դուրս…

- Ասացի, ստուգեմ, թէ Սաբին կովը կթե՞լ է թէ ոչ, որպէսզի վաղը կաթ տանեմ Միշային,- Արմէնի ականջին սուր հնչեց Սարայի ձայնը։-  Սաբին իմ խորթ քոյրն է, ամուսնու՝ Գամրի հետ ապրում է մի վեց փողոց էն կողմ։ Ինձ շատ է օգնում, շատ շնորհալի աղջիկ է, ուզում է դառնալ յայտնի երգչուհի։ Հրաշալի ձայն ունի, ուղղակի աննման է երգում, նամանաւանդ, երբ խմած է լինում… Արմէն, դու ուզում ես քնե՞լ…

- Չէ,- ակամայ չքմեղացաւ Արմէնը եւ մթան մէջ ժպտաց։-  Հէնց էնպէս, մտածում էի…

- Մի՛ մտածիր, ամեն բան լաւ կլինի,- բարձրանալով աստիճաններով՝ ասաց Սարան։-  Ես հիմա արդէն Կիտակի բոլոր մեծամեծերին ճանաչում եմ։ Քեզ համար անպայման մի գործ կճարենք։ Դէ, դու, կարծում եմ, վարպետ ես…- հրելով դուռը՝ աւելացրեց նա, ինչպէս Արմէնին թուաց, կանացի ուրախ-խորամանկ ծաղրի հազիւ զգալի երանգով։- Ես Սկորպին կասեմ, որ քեզ օգնի։ Սկորպը Կիտակի  ճարտարապետն է՝ էստեղի տէր ու տիրականը։ Բոլոր գործերը նրա ձեռքով են անցնում։ Իմ խօսքը նա չի կարող մերժել,- խորհրդաւոր ժպիտով հաւաստեց Սարան։-  Մտիր հիւրասենեակ, քեզ զգայ, ինչպէս քո տանը…

Սարան վառեց լոյսը։ Արմէնն անակնկալի եկաւ. միջանցքն այնքան նեղ էր, որ կարող էր տեղաւորել միայն մէկ հոգու։ Կեղտոտ ցածր առաստաղին ու անկիւններում սեւին էին տալիս սարդոստայնները, իսկ հին, փտած յատակը տեղտեղ պատուած էր մութ անցքերով։ Ներսում տիրում էր խոնաւ-սխտորահամ մի հոտ, որի մէջ որոշակիօրէն առանձնանում էր կանացի օծանելիքի տտիպ-քաղցրաւուն բուրմունքը։

- Էս է, հա՞, փչացած կողպէքը,- շփոթուելով՝ Արմէնը հապճեպօրէն շուռ եկաւ դէպի դուռը, այնպէս, կարծես ուզում էր փախչել։

 Դռան սողնակի օղակից կախուած էր երկաթեայ մի ծանր-կոպիտ կողպէք, որի կենտրոնում խրուած էր նոյնքան կոպիտ մի բանալի։  Կողպէքն այնքան ժանգոտ էր ու հին, որ թւում էր, թէ երբէք էլ չի օգտագործուել։

- Ձէթ ունե՞ս,- Արմէնը տնտղեց կողպէքը,- բեր, փորձենք։       

- Թող, դա յետոյ,- փափուկ-սիրալիր ասաց Սարան։- Սկզբում մի կտոր հաց կուտենք, յետոյ կփորձենք։ Ո՛ւյ, հիմա ուշքս կգնայ՝ էնքա՜ն որ սոված եմ…- վերցնելով տոպրակները՝ նա մտաւ հիւրասենեակ ու անհետացաւ ինչ-որ վարագոյրի յետեւում։  Պատկերացնում ես, ամբողջ օրը մի րոպէ ժամանակ չեմ գտել, որ մի կտոր հաց դնեմ բերանս,- վարագոյրի յետեւից ուշացումով պարզաբանեց նա։                         

Արմէնն անցաւ սեղանի հակառակ կողմն ու նստեց մի կոպիտ  ինքնաշէն աթոռի, որ թիկնակ չունէր։ Հիւրասենեակը, որը, երեւի, միաժամանակ ե՛ւ սեղանատուն էր, ե՛ւ ննջարան, մի երկարաւուն սենեակ էր՝ սպիտակեցրած պատերով, մինչեւ յատակը հասնող արնակարմիր մի վարագոյրով կիսուած երկու մասի։ Դիմացը դրուած էր փայտէ մի համեստ մահճակալ, որին փռուած էր չհաւաքած անկողինը՝ մանր աստղածաղիկների նախշերով պատուած վերմակով։ Պատի տակ դրուած էր մի կոպիտ-բարձր թախտ՝ ծածկուած թաղիքանման խունացած կտորով, կողքին՝ ցածր մի սպասքապահարան, որի գլխին ժրաջանօրէն տկտկում էր մետաղեայ մի հին ժամացոյց. ուղիղ գիշերուայ ժամը տասներկուսն էր։ Թախտից վեր, մօտաւորապէս պատի մէջտեղում, կախուած էր մի շրջանակուած լուսանկար, որը պատկերում էր մի տարեց մարդու՝ խիտ մօրուքով, աչքերի անորոշ նայուածքով. գուցէ Սարայի հայրն էր, թէեւ նրան նման չէր…

Արմունկները յենելով սեղանին՝ Արմէնը յօրանջելով ցնցեց գլուխը, եւ յանկարծ այնպիսի խորունկ տխրութիւն իջաւ նրա վրայ, որ սիրտը ճմլուեց։ Անմիտ-անիրական թուաց ամեն ինչ. ինքը՝ որ իբր թէ տղամարդ է, Սարան՝ որ իբր թէ կին է, հիւղը՝ որ իբր թէ տուն է, լոյսը՝ որ իբր թէ լուսաւորութիւն է, սեղանը՝ որ իբր թէ կահ-կարասի է… Այդ ամենը կարծես պատրանք է, գիշերուայ խաբկանք, որ իրականում գոյութիւն չունի… Արմէնը ծուռ ժպտաց եւ մի շողք զգաց իր դէմքին։ Դիմացը որոշ շեղութեամբ դրուած էր մի անշրջանակ հայելի, որի մէջ արտացոլուած էր մանկական մի դէմք։ Արմէնը զարմացաւ, որ հայելին չէր նկատել եւ, գլուխը շրջելով, սեղանի ձախ անկիւնում յայտնաբերեց մի փոքրիկ լուսանկար, որից նայում էր մի տասը-տասներկու տարեկան տղայի տխուր, ինչպէս նրան թուաց, մահուան գունատութեամբ կնքուած դէմքը։ Հաւանաբար, դա Սարայի Միշա անունով հիւանդ որդին էր, որն ունէր հրեշտակային նրբաղօտ դիմագծեր եւ անսովոր մտասեւեռ հայեացք։ Արմէնը մի պահ իր մէջ կենդանի տեսաւ այդ տղային՝ հիւանդանոցային խաւար լռութեան մէջ միայնակ պառկած, եւ թուաց, թէ նա արդէն մեռած է, եւ ինքն այստեղ է գտնւում ահա այդ առիթով՝ մասնակցելու նրա հոգեհացին… 

- Կներես, ես մի քիչ ուշացրի,- լսուեց Սարայի զուարթ-չքմեղագին ձայնը։

Թեւատակին գինու սափոր եւ ձեռքին՝ ուտեստեղէն, նա դուրս եկաւ վարագոյրի ճեղքից եւ շորորալով եկաւ դէպի սեղանը։ Սարան հասցրել էր զգեստափոխուել. հագել էր տնական կարճափէշ լայն-թեթեւ մի շոր, որի տակից անորոշ-որոշ գծագրւում էին կանացի մարմնի բարեմասնութիւնները։ Գինու սափորը սեղանին դնելիս նա հակուեց առաջ, եւ Արմէնի աչքն ակամայ ընկաւ նրա հոլանի կրծքերին, որոնք շորի տակ բոլորովին մերկ էին եւ այնքա՛ն մերձ, որ Արմէնն առաւ նրանց փափուկ-թրթռուն հեւքն ու զգլխիչ բոյրը։ Եւ Արմէնը մի ակնթարթ յայտնուեց այն խորունկ-ներփակ լռութեան մէջ, որ պարուրում էր նրան, երբ իրենց գիւղի տակ բացուող ստուերներով լեցուն անդնդում շօշափում էր վիհին խոնարհուած տաք-փխրուն ժայռերի հալչող-բեկբեկուն գծերը։ Նա մի անհանգիստ շարժում արեց տեղում, որի իմաստը Սարան որսաց ու քթի տակ նուրբ-խորամանկ ժպտաց… Յանկարծ Արմէնի սիրտը սուր ծակեց դաւաճանութեան մի ստոյգ զգացում. թուաց, թէ ինքը դաւաճանում է ինչ-որ անյայտ, սակայն անչափ սիրելի ու հարազատ մէկին։ Կախելով գլուխը՝ նա մի անանուն խորշանք զգաց իր նկատմամբ։ Դէմքը ցաւագին կնճռեց ու է՛լ աւելի խոր կախեց գլուխը՝ ճակատով համարեա թէ հպուելով սեղանի եզրին։

 Եթէ քնելու ես, բարձրացիր տանիք, խոտերը պի՛նդ գրկիր ու քնիր,- դժգոհ ծաղրանքով ասաց Սարան՝ նստելով անկողնուն։-  Գուցէ լցնէի՞ր գինու բաժակները, երիտասա՛րդ…

Արմէնը սթափուեց եւ հանդիպելով Սարայի նենգ-քննախոյզ հայեացքին՝ շփոթուեց։ Բաժակները լցնելիս մի կաթիլ գինի թափուեց սեղանի ծածկոցին եւ արեան նման անմիջապէս ներծծուեց սպիտակ կտորի մէջ։ Արմէնն ակամայ յիշեց անտառային գիւղում իր հետ պատահածը…

- Կեր, գիտեմ, որ սոված ես,- անսպասելի քնքշանքով ասաց Սարան եւ, առանց սպասելու պատասխանի, սկսեց արագ ու վարժ ուտել։

Արմէնը վերցրեց մի կտոր հաց ու պանիր եւ սկսեց դանդաղ ծամել՝ հայեացքով ակամայ հետեւելով Սարայի շարժումներին, որոնց մէջ զգացւում էր ինչ-որ տենդագին աճապարանք։

Մինչ ընթրում էին, Արմէնը պատմեց անտառի մէջ կորած փոքրիկ գիւղի, գիւղապետի սպանուած որդու, ճամփեզրի պառաւի ու նրա գնդաձեւ կարկանդակների մասին։ Նա նրբօրէն շրջանցեց իր հետ պատահած դէպքը եւ ոչինչ չասաց այդ մասին։ Սարան գլուխը կախ լսում էր եւ ոչ մի անգամ չնայեց նրան։   

- Հըմ, հետաքրքիր է…- սրբելով բերանը՝ անտարբեր ասաց Սարան, եւ դէմքով ստուեր անցաւ։- Խմենք մեր ծանօթութեան կենացը,- վերցնելով բաժակը՝ նա իրանով ձգուեց դէպի Արմէնը, եւ այդ շարժումից փէշը յետ քաշուեց՝ մերկացնելով նրա լեցուն-հեշտագին ազդրերը։       

Գինին թանձր էր եւ տտիպ համ ունէր։ Պատուախնդրութիւնից Արմէնը խմեց մինչեւ վերջ ու երբ ցած դրեց բաժակը, յանկարծ այնպիսի յոգնաբեկ թմրութիւն իջաւ նրա վրայ, որ հայեացքը պղտորուեց։ Կարծես մշուշի միջով նա տեսաւ Սարային, որը գլուխը կախել եւ, ասես սպասման մէջ, հացի դանակի ծայրով տարուած խազեր էր քաշում սեղանի սփռոցին։ Արմէնը ժպտաց. այդ կինն իրեն է պատկանում, իր համար է նստած այդտեղ, իրե՛նն է…

 Արմէն, դու գրքեր շա՞տ ես կարդացել,- յանկարծ հարցրեց Սարան՝ արմունկներով յենուելով սեղանին։ Նրա ձայնը հնչեց անսպասելի տխուր ու մտահոգ։

- Ինչո՞ւ,- խուսափեց Արմէնը զարմացած, եւ նրա յոգնութիւնը միանգամից ցնդեց։

- Դէ, ինձ թւում է, Միշայի հիւանդութիւնը, ոնց ասեմ, մարմնական չէ, այլ հոգեկան. էսպէս մայրական բնազդով ես դա զգում եմ… Գիտես, Միշան փոքրուց շատ չխօսկան երեխայ էր։ Չէր սիրում ո՛չ խաղալ, ո՛չ նկարել, ո՛չ կարդալ։ Նրան ոչինչ չէր հետաքրքրում։ Միշտ նստում էր մեր դռան սանդուղքի երկրորդ աստիճանին- թէ ինչո՛ւ՝ երկրորդ, չգիտեմ- նստում էր երկրորդ աստիճանին ու նայում մի կէտի։ Թէ ո՞ւր էր նայում կամ ի՞նչ էր մտածում, ոչ ոք չգիտէր, նա ոչ ոքի չէր ասում։ Մտածում էի, թէ բնաւորութիւնն է էդպիսին, երեխայ է՝ ինքն էլ էդ տեսակ է ծնուել, ի՛նչ կարող ես անել։ Իմ նկատմամբ էլ անտարբեր, գրեթէ թշնամաբար էր տրամադրուած։ Չէր թողնում, որ գրկեմ, գուրգուրեմ իրեն, ինձ անվերջ յետ էր հրում, ոնց որ թէ ես իր մայրը չէի, խորթ-օտար ինչոր մէկն էի։ Միակը, ում Միշան սիրում էր, այ էդ տխմարն էր,- Սարան ատելութեամբ ցոյց տուեց պատին փակցուած մօրուքաւոր մարդու լուսանկարը։-  Էդ անառակ անասունի՛ն…

- Դա ո՞վ է,- զարմացաւ Արմէնը։

- Միշայի հայրը, իմ նախկին ամուսինը,- մռայլ-ընկճուած ասաց Սարան։

- Իսկ ես, ճիշտն ասած, մտածում էի…

- Իմ կեանքը կերա՜ւ, ինձ կործանե՜ց էդ ստոր արարածը,- լացակումեց Սարան։

- Հիմա ո՞ւր է ինքը։

- Բանտում։

- Ինչո՞ւ։  

- Էս հարեւան գիւղում նոր դպրոց էին կառուցում, ինքն էդ գիւղի հովիւն էր։ Նուէրներով էնքա՛ն քծնեց ու շողոքորթեց էդ գիւղի գիւղապետին, որ սա դրան օգնեց դառնալ նոր դպրոցի շինարարութեան ղեկավարը, պատկերացնո՞ւմ ես, առանց որեւէ կրթութեան… Միանգամից յղփացաւ։ Կարծում էր, թէ բոլոր մարդիկ ծնուել են միայն էն բանի համար, որ իրեն ծառայեն։ Ինձ էլ անընդհատ ծեծում էր ու ստորացնում, ոնց որ թէ ինձնից վրէժ էր լուծում. կարծես չէր կարողանում ինձ ներել, որ ես իր կինն էի, պատկանում էի իրեն… Մեր տանն անվերջ վէճ ու տուրուդմբոց էր։ Ամբողջ քաղաքն իմ յետեւից վազում էր, իսկ էս անասունն ինձ բանի տեղ չէր դնում, սիրած էր՝ որ փոխում էր ձեռքի թաշկինակի պէս։ Բանը հասաւ էնտեղ, որ սկսեց ջահէլ աղջիկներին նեղացնել։ Մի անգամ էլ դպրոցի պահակի աղջիկը մօր յանձնարարութեամբ գալիս է շինարարութիւն ու էդ սրիկայից հարցնում հօր տեղը։ Սա նայում է դէս-դէն, տեսնում է՝ մօտակայքում մարդ չկայ, ասում է. «Արի ես քեզ, անուշիկս, տանեմ քո հօր մօտ»։ Տանում մտցնում է դպրոցի նկուղն ու խեղճ աղջկան բռնաբարում… Մի խօսքով, դէպքը յայտնի դարձաւ, ապացուցուեց յանցանքը, էդ սողունը ցմահ բանտարկութիւն ստացաւ։ Դէ հիմա թող գնա՛յ ու փտի՛…

Սարայի ձայնը խզուեց շնչահեղձ զայրոյթից։ Դողացող ձեռքերով նա ինքնաբերաբար սկսեց վրայ բերել փէշն՝ ազդրերը ծածկելու համար, սակայն փէշն է՛լ աւելի յետ քաշուեց։ Արմէնին թուաց, թէ Սարան կիսուել է երկու մասի. նա, ով պատմում է, տարբեր է նրանից, ում պատկանում է այդ հոյակապ մարմինը…

- Իմ կեանքը քարուքանդ եղաւ, շարունակեց Սարան։- Բայց ամենից շատ տուժեց իմ հրեշտակը, իմ Միշան։ Վեցը նոր էր լրանալու, բայց ծննդեան օրն էդպէս էլ չկարողացանք նշել։ Օրերով լացուկոծ էր անում՝ հօրն էր ուզում։ Ստիպուած՝ ամեն ինչ, ոնց որ ճիշտն է, պատմեցի։ Էսպէս ուշիմ, մեծավարի լսում էր։ Երբ վերջացրի, ձայն չհանեց, յետոյ աչքերը յառեց մի կէտի ու մատը վեր տնկելով՝ ասաց. «Ոչինչ, ասէք, թող գայ. ես իրեն ներում եմ»։ Ես սարսռացի. էդ պահին Միշան էնքա՛ն նման էր իր հօրը՝ հայեացքը, ձայնը, ձեռքի շարժումը։ Մտայ վարագոյրի յետեւն ու թաքուն լաց եղայ։ Մէկ էլ վարագոյրը բացեց ու ճեղքից ասաց. «Ինչո՞ւ ես լաց լինում, ա՛յ կին, ես իմ հօրն եմ ուզում ընդամենը»։ Պապանձուեցի։ Յետ դարձաւ, հօր նման ձիգ նստեց թախտին ու էլ ոչ մի բառ չասաց։ Մէկ էլ խօսեց, երբ պիտի դպրոց ընդունուէր։ Ասաց. «Ինձ պէտք չի, չեմ ուզում», ու վերջ։ Ինչ արեցինք-չարեցինք՝ ոչ մի ծպտուն։ Դպրոցի տնօրէնն անձամբ եկաւ, որ համոզէր, բայց ոչ մի արդիւնք։ Տարայ բժշկի, ոտից գլուխ քննեցին, ասացին՝ առողջ է, ոչ մի արատ-թերութիւն չունի։ Ձեւակերպեցին մտաւոր յետամնացութիւն, ու էդպէս մնաց տանը…

Սարան դադար տուեց ու սեղմելով շրթունքները՝ հայեացքն աղերսագին յառեց որդու նկարին։ Ապա դէմքը ինչ-որ թաքուն մտքից շառագունեց։ Թեթեւ շարժումով նա յետ գցեց գլուխը, եւ սեւ խոպոպիկները դիզուեցին նուրբ աղուամազով պատուած լուսնաճերմակ ծոծրակին։  

- Դէ, հասկանում ես, որոշ վարանումով շարունակեց Սարան, ես էլ ջահէլ կին եմ, սիրուն, հօ չէ՞ի կարող անվերջ մենակ ապրել, մանաւանդ, որ ինձ բոլորովին ստորացուած ու լքուած էի զգում։ Գիշերները թաքուն լաց էի լինում, ցերեկները՝ գործ փնտրում, ոնց որ հիմա դու։ Իհարկէ, ինձ ուզողներ շատ կային, միայն թէ մէկերկու հանդիպումից պարզ էր դառնում, թէ դրանք իմ ի՛նչն են սիրում։ Բոլորին մերժում էի, մինչեւ էդպէս վեց ամիս յետոյ հանդիպեցի Կաբային։ Ինքը տեղացի չէ, հարաւցի է, դրա համար իրեն «Սեւ» են ասում։ Կիտակում շատ մեծ անուն ունի ու շատ ուժեղ տղամարդ է, ոնց որ երկնքից ընկած քարի կտոր։ Կայարանի տաղաւարների կէսն իրենն է։ Հէնց որ Կաբան ինձ տեսաւ թէ չէ՝ զգացի, որ սիրահարուեց, բայց ոչ թէ կեղծ, այլ իսկակա՛ն սիրով։ Ինձ գործ տուեց տաղաւարում, որ աշխատեմ, գլուխս պահեմ։ Դէ, ես, ճիշտն ասած, ոչ մի կրթութիւն չունեմ, գործ գտնելն էլ շատ դժուար է։ Կաբան ամուսնացած է ու երեխաներ ունի, բայց ես նրա ընտանիքին չեմ խանգարում. իմ դարդուցաւն ինձ լիուլի հէրիք է…- Սարան սեղմեց շրթունքներն ու շտկեց ճակատին թափուած մազերը։-  Ես Միշային, ինչքան հնարաւոր է, բացատրեցի խնդիրը։ Էսպէս անշարժ դէմքով լսեց ու ոչինչ չասաց։ Ես դառը լաց եղայ։ Ինձ թողեց, դուրս եկաւ ու նստեց երկրորդ աստիճանին, իր տեղում։ Յետոյ, երբ գնում էի աշխատանքի, անցայ կողքով. նոյն դիրքով հայեացքը յառած նստած էր։ Կոտրած սրտով քայլեցի դէպի ցանկապատի դռնակը, մէկ էլ թիկունքից լսեցի նրա ձայնը։ «Թող գայ,- ասաց,- հօրեղբայրը»։ Ապշեցի. Միշան, ուրեմն, իր մտքում որոշել էր, թէ Կաբան իր հօրեղբայրն է… Յետ դարձայ, որ գրկեմ Միշային, բայց, առանց ինձ նայելու, վեր կացաւ ու մտաւ տուն։ Ես երջանկութիւնից լաց եղայ։ Երեկոյեան վերադարձայ Կաբայի հետ միասին, որպէսզի նրան ծանօթացնեմ Միշային։ Տեսայ՝ Միշան հօր նկարը հանել, կախել է պատից, ինքն էլ հանդիսաւոր նստել է նկարի տակ, թախտին։ Մեզ տեսաւ թէ չէ՝ վեր կացաւ, առանց մի բառ ասելու, անցաւ Կաբայի կողքով, բացեց վարագոյրն ու անհետացաւ վարագոյրի յետեւում։ Քիչ անց գնացի, տեսայ՝ իր անկողնուն նստած՝ հայեացքը յառել է մի կէտի…

- Զարմանալի է,- չէզոք ձայնով ընդհատեց Արմէնը՝ աշխատելով թաքցնել այն որոշակի տհաճութիւնը, որ իրեն պատճառել էր Կաբայի յայտնութիւնը,- Միշան, ուրեմն, բացաձակապէս ոչնչով չի՞ զբաղւում։

- Գրում է,- ձայնը ցածրացնելով՝ խորհրդաւոր ասաց Սարան։

- Ի՞նչ է գրում,- անակնկալի եկաւ Արմէնը։

- Չգիտեմ…- վարանեց Սարան՝ աչքերը մի կողմ թեքելով։-  Աւելի ճիշտ, չի գրում, քանի որ գրել չգիտի, այլ նկարում է։ Ես քեզ հիմա ցոյց կտամ…

Սարան վեր կացաւ ու արագ-արագ գնաց դէպի վարագոյրը։ Արմէնն ակամայ խոր հոգոց հանեց…

- Ահա,- քիչ անց լսուեց Սարայի ձայնը։

Նրա ձեռքին թղթերի մի հաստ կապուկ կար, որը մի հին, անկազմ ու թերթաթափ գիրք էր յիշեցնում։  

Արմէնը թղթերի կապուկը դրեց սեղանին ու սկսեց թերթել։ Նրա գլխավերեւում կանգնած՝ Սարան նոյնպէս հակուել էր դէպի կապուկը եւ անհամբեր հայեացքով հետեւում Արմէնի շարժումներին. ասես նրանից էր սպասում իրեն տանջող հարցի պատասխանը։ Սարան ձախ  կուրծքն անկաշկանդ մտերմութեամբ հպել էր Արմէնի ուսին։ Թէեւ Արմէնի համար հաճելի էր Սարայի շնչահաս մերձութիւնը, սակայն նա ամբողջովին կլանուել էր այդ թղթակապուկով։ Մէկը միւսի յետեւից Արմէնը թերթում էր կապուկի թղթերը, եւ գնալով նրա զարմանքն աւելանում էր։ Անխտիր բոլոր թղթերին պատկերուած էր միեւնոյն բանը՝ նոյն չափով ու տեղադրութեամբ. ասես դրանք լինէին մէկը միւսի ճշգրիտ պատճէնը։ Պատկերը ներկայացնում էր ձեռքով զարմանալի վարժ ու հմուտ քաշուած մի անթերի կլոր շրջանագիծ, որ գտնւում էր ուղիղ թղթի կենտրոնում։ Շրջագծից դուրս շուրջանակի դասաւորուած էին ինչոր ծուռումուռ գծիկներ, որոնք առաջին հայեացքից ասես լինէին մի անծանօթ լեզուի նշագրեր, սակայն աւելի ուշադիր զննելով՝ Արմէնը յայտնաբերեց, որ դրանք պարզապէս անիմաստ քաշուած գծեր են, որոնք, սակայն, ապշեցուցիչ ճշգրտութեամբ կրկնւում էին ամեն մի թղթի պատկերում։ Շրջանագիծն ինքը դատարկ էր ու անբծօրէն մաքուր… 

Որոշ ժամանակ Արմէնը մնաց թղթակապուկին յառուած, ապա նայելով Սարային՝ զգացուեց նրա աղերսագին հայեացքից։  

- Ցաւօք, ոչինչ չեմ կարող ասել,- դանդաղ ասաց Արմէնը։-  Միշան ուղղակի սարսափելի մտասեւեռուած է…

Աչքն ընկաւ Միշայի՝ հայելում արտացոլուած տխուր դէմքին, եւ չափազանց օտարոտի մի զգացում ունեցաւ. այդ անվերջ կրկնուող պատկերը, գուցէ, խորհրդանշում է մահը։ Միշան նկարել է սեփական մահը…

- Ե՞րբ է վերջին անգամ նկարել,- տրորելով ճակատը՝ Արմէնը դարձաւ Սարային։  

- Կարծեմ, հիւանդանոց տանելու օրը,- շտկուելով՝ ասաց Սարան։-  Հա, էդ օրն էր…- շրջանցելով սեղանը՝ նա նորից նստեց անկողնուն ու յանկարծ շփոթուեց։

- Իսկ ինչո՞ւ տարաք հիւանդանոց։

Սարան գունատուեց, ապա թեք ընկնելով անկողնուն՝ գլուխը յենեց պատին։ Նրա ազդրերը գրեթէ լրիւ բացուել էին, այնպէս, որ  նոյնիսկ երեւում էր կարմիր ներքնաշորը։ Սարան հայեացքը յառեց Արմէնին եւ անշարժացաւ։ Զգացւում էր, որ նա գիտի, որ Արմէնը տեսնում է իր մարմնի արգելուած մասերը, սակայն դա կարծես նրա համար ոչ միայն ամօթալի չէր, այլեւ թաքուն հաճելի էր։

- Գինի կլցնե՞ս,- մի տեսակ յանդուգն-ազատ շեշտով ասաց Սարան, եւ դա հնչեց հրամանի պէս։  

Արմէնը լցրեց գինին եւ անխօս պարզեց նրան։ Սարան վերցրեց բաժակն՝ առանց դիրքը փոխելու։ Սկզբում նա գինին զգուշօրէն տարաւ շրթունքներին, ապա ջղային վճռականութեամբ միանգամից դատարկեց բաժակը։ Գինու մի խոշոր կաթիլ փախաւ շրթունքից ու կախուեց բերանի անկիւնից։ Սարան փորձեց լեզուով որսալ կաթիլը, սակայն վրիպեց. գինին մի պահ դողաց, ապա շեղակի ծորալով ծնօտին՝ կաթեց կրծքին։ Սարան զգայաբար լիզեց շրթունքները, եւ նրա հայեացքի մէջ յայտնուեց անդնդախոր յուսահատութիւն…

- Էդ գիշեր…- սկսեց պատմել Սարան՝ աչքերը յառած գինու դատարկ բաժակին, որը նա ձեռքի մէջ խաղացնում էր։-  Մի խօսքով, յիմարի պէս մոռացել էինք լոյսն անջատել։ Աչքս մի պահ ընկաւ վարագոյրին ու, ոնց որ երազի մէջ, տեսայ Միշային։ Կանգնել էր վարագոյրի տակ ու նայում էր մեզ… Ա՜խ, ես էդ հայեացքը կեանքում չեմ մոռանայ,- լացակումեց Սարան՝ ազատ ձեռքի մատնեմատի կարմիրերկար եղունգով զգուշօրէն սրբելով աչքերը։-  Քարացած կանգնել եւ ապշած նայում էր մեզ։ Առաջին անգամ էր, որ նրա աչքերը որեւէ զգացմունք էին արտայայտում։ Ինձ թուաց՝ Միշան էդ պահին, ոնց ասեմ, միանգամից վերափոխուեց, դարձաւ սովորական երեխայ, ոնց որ բոլոր մարդիկ, բայց չարաչար սխալուեցի…- Սարան կրկին սրբեց աչքերը։  Վեր ցատկեցի, գիշերանոցը գցեցի վրաս ու մօտեցայ Միշային։ Չշարժուեց։ Գգուեցի ուսը, խնդրեցի, որ գնայ նորից պառկի, նա ձեռքս հեռացրեց ու ասաց. «Ինձ տարէք հիւանդանոց»։ Փորձեցի ինչոր բան իմանալ, բայց էլի լուռ էր, ոչ մի ձայն չհանեց։ Սարսափն ինձ պատեց, թուաց, թէ Միշային կորցրի։ «Կաբա,- գոռացի,- վե՛ր կաց, Միշային տանենք հիւանդանոց»։ Սաւանով թեթեւ փաթաթուած՝ Կաբան մնացել էր անկողնում սպասողաբար նստած, ու ես էնպէ՛ս ատեցի էդ մարդուն, որ թուաց, թէ  նա՛ է ամեն ինչում մեղաւոր… Մի խօսքով, Միշային տարանք հիւանդանոց։ Գիշերային հերթապահը քննեց ու ասաց. «Երեխան առողջ է»։ Չհաւատացի։ Կաբային խնդրեցի՝ գնաց, Կիտակի ամենալաւ բժշկին գիշերուայ կէսին քնաթաթախ հանեց բերեց։ Սա եկաւ, քննեց ու ասաց նոյնը։ Յետոյ գնաց, խորհրդակցեց ինչոր մէկի հետ, յետ եկաւ, ասաց. «Թողէք էստեղ, հիմնաւոր կքննենք»։ Միշային, ինչպէս հարկն է, տեղաւորեցինք հիւանդանոցում, լաւագոյն պայմաններում, իսկ մենք Կաբայի հետ ստիպուած վերադարձանք, քանի որ ինձ արգելեցին մնալ հիւանդանոցում։ Հիմա վիճակն էլի նոյնն է, բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում Միշայից գլուխ հանել։ Կուզենայի, իհարկէ, Միշային նորից տուն բերել, բայց վախենում եմ. հիւանդանոցում աւելի ապահով է…

Սարան լռեց եւ հայեացքը խոնարհելով՝ կլորած շրթունքներով սկսեց բարակ-կամացուկ փչել գինու դատարկ բաժակի մէջ։

- Իսկ հիւանդանոցում չի՞ նկարում։             

- Չէ, էդ օրուանից դեռ ոչ մի անգամ չի նկարել։

- Չի էլ խօսե՞լ։

- Չէ, էսքան ժամանակ ծպտուն չի հանել, բացի երեկուանից,- ասես ներքին ցաւից Սարան կնճռեց դէմքը։-  Երեկ, երբ դուրս էի գալիս հիւանդասենեակից, կամացուկ շշնջաց. «Ես շուտով կմեռնեմ, եւ ոչ ոք չի իմանայ, բացի իմ հօրից»։ Ինձ թուաց, թէ դանակ խրեցին սիրտս, բայց յետ չդարձայ։ Չլսելու տուեցի։ Զգացի, որ էլ ուժ չունեմ դիմանալու էդ ամենին…

- Հըմ… 

- Մտածեցի, մի խելօք, հասկացող մարդ գտնեմ, որ ինձ օգնի։ Երբ կայարանում քեզ տեսայ, մտքովս անցաւ, թէ դու հէնց էն մարդն ես, ում փնտրում եմ,- նայելով Արմէնին՝ տխուր ժպտաց Սարան։

- Ե՞ս,- հաճելիօրէն զարմացաւ Արմէնը։-  Իսկ ինչի՞ց որոշեցիր, թէ ես եմ էդ մարդը։

- Երբ տեսայ քո գեղեցիկ, խելօք աչքերը, միանգամից հասկացայ,- քնքշանքով ասաց Սարան։-  Էլի գինի կլցնե՞ս։     

Արմէնը շոյուած ժպտաց։ Ընդգծուած պատրաստակամութեամբ լցրեց Սարայի բաժակը։

- Մտածեցի, պահը յարմար է․ Կաբան էստեղ չի, գնացել է հանգստանալու։ Ամեն տարի էս ժամանակ պարտադիր վերադառնում է իրենց կողմերը, որպէսզի հանգստանայ։ Էս երկու օրը նորից յետ է գալու…

Արմէնը շփոթուեց։ Չգիտէր, Սարան իրեն կանացի երկիմաստութեամբ ինչ-որ բա՞ն է հասկացնում, թէ՞ ասում է այն, ինչ նկատի ունի… Արմէնն ակամայ նորից սկսեց թերթել թղթակապուկը եւ յանկարծ ամբողջ մարմնով սարսռաց. Միշան մահանալու է, եւ նրա այդ խորհրդաւոր հիւանդութիւնը մահն է։ Միշան հիւանդ է մահուան հիւանդութեամբ, գուցէ նաեւ Միշան հէնց ինքը մահն է, որն ապրում է նրա մէջ, նրա կերպարանքով եւ այս աշխարհում է յայտնուել ինչ-որ դիպուածով, բոլորովին պատահաբար։ Հաւանաբար, Միշան այդ մասին ոչինչ չգիտի, դրա համար էլ անվերապահ սիրով այդպէս ամուր կապուած է միայն հօր հետ, թէեւ, իրականում, մարդկային կեանքը նրա համար ոչ մի իմաստ չունի…

Արմէնը նայեց Միշայի լուսանկարին, եւ թուաց, թէ Միշայի սեւեռուն հայեացքում տեսաւ իր մտքերի հաստատումը։ Այո, դա մահն է, մահուան հայեացքը, եւ ամեն ինչ կարծես տեղի է ունենում այդ հայեացքի մէջ, նաեւ այն, որ հիմա ինքն այդպէս յառուել է նրան…

Արմէնը կախեց գլուխը եւ մնաց լուռ։ Պարզօրէն զգաց, որ այդ հայեացքը մի աներեւոյթ ստուերի պէս մտաւ իր մէջ ու մնաց։ Մի ակնթարթ նա մղուեց այդ ամենի մասին յայտնելու Սարային, բայց խղճաց նրան ու ոչինչ չասաց։ Սարան այդ ընթացքում վրայ էր նստել եւ աչքերը փակ՝ օրօրւում էր անկողնուն, ասես հարբած։ Զգալով Արմէնի հայեացքը, նա բացեց աչքերը, խմեց մնացած գինին եւ բաժակը մի կերպ դրեց սեղանին։

- Սարա,- կարեկցաբար ասաց Արմէնը, քեզ վա՞տ ես զգում։

Սարան օտարոտի նայեց Արմէնին՝ ասես նրան չէր ճանաչում, նորից փակեց աչքերն ու սկսեց նստած տեղն օրօրուել։ Ապա ինքն իրեն ինչ-որ բան մրմնջաց եւ բոլորովին անսպասելի սկսեց երգել՝ ծոր տալով հնչիւններն ու մէկընդմէջ հառաչելով.

  - Ես նստած եմ գետի ափին ու մի՜տք եմ անում.

   Ես տուն չունե՜մ աշխարհում.

   Իմ տունը հիւսի՜սն է,

   Իմ տունը հարա՜ւն է,

   Իմ տունն արեւե՜լքն է,

   Իմ տունն արեւմո՜ւտքն է.

   Ամբո՜ղջ աշխարհն իմ տունն է,

   Ես տո՜ւն չունեմ,

   Ա՜խ, չունե՜մ…

- Լաւ ես երգում,- գովեց Արմէնը՝ զգացուելով երգի տխուր մեղեդուց։

Սարան յանկարծ բարձր քրքջաց, ապա զուարթ-չարաճճի նայեց Արմէնին։

- Սա իմ ամենասիրած երգն է,- աշխոյժ ասաց նա։-  Երբեմն քրոջս՝ Սաբիին, յատուկ կանչում եմ, որ ինձ համար երգի,- նա կրծքի վրայ շտկեց շորը եւ ձեռքերն օղակեց գօտկատեղին։-  Ինքն աննման է երգում, ո՛չ ինձ նման։ Էսպէս նստում ենք դէմդիմաց, միասին խմում, ինքը երգում է, ես՝ լսում։ Ի՞նչ ես կարծում, չգնա՞մ Սաբիին կանչեմ, ու երեքով էստեղ մի լա՜ւ ուրախանանք…- Սարան իր խոշոր-երազուն աչքերը սպասողաբար յառեց Արմէնին։     

- Չէ, Սարա, ուշ է, քո երգելն ինձ լիուլի կբաւարարի…- ժպտաց Արմէնը եւ նոյն պահին շառագունեց, որովհետեւ իր խօսքն անսպասելիօրէն երկիմաստ հնչեց։  

- Արմէ՛ն,- յանկարծ կանացիօրէն վճռական ասաց Սարան եւ ձգելով իր օձագալար իրանը՝ ձեռքը դրեց Արմէնի ձեռքին եւ աչքերը փակեց։- Արմէն…- շշնջաց նա հեւալով։  

Սարայի հպումից Արմէնի արիւնը թունդ ելաւ, եւ նա մի տեսակ շշմեց։ Չկարողացաւ ոչինչ պատասխանել։ Զգաց միայն, որ սիրտը զարկում է անիմանալի մի տագնապից…  

- Արմէն, դու իմ հարազատն ես…- աչքերը փակ, ասես գաղտնի շարունակեց Սարան եւ ձեռքը տանելով՝ սկսեց կոյրի նման խարխափանքով տնտղել Արմէնի դէմքը, գլուխը, վիզը։-  Ես ամբողջ կեանքում քե՜զ եմ երազել…

Արմէնը մի պահ լրիւ կորցրեց իրեն, ակամայ խուսափեց, սակայն Սարայի ձեռքը յամառօրէն հետապնդեց նրան՝ ասես կառչելու տեղ էր փնտրում։ Արմէնը շրջանցեց սեղանը եւ Սարային առաւ իր գիրկը՝ զգալով, թէ ինչպէս է իր թեւերի մէջ դողում նրա փխրուն մարմինը։ Սարան ամբողջ ուժով պինդ գրկեց Արմէնի մէջքը, եւ նրա աչքերում աղերսագին սարսափ կար։ Հաւանաբար, Սարան նոյնպէս ստոյգ գիտէր, որ Միշան մահանալու է… 

 Արմէ՜ն…- շշնջոցով ծոր տուեց Սարան,- մի՞թէ ես էդքան վատն եմ, ու դու ինձ չե՜ս սիրում… Երդւո՜ւմ եմ, դու ինձ հետ երջանիկ կլինե՜ս… Կփախչե՜նք էստեղից, երեխայ կունենա՜նք ու միասին երջանիկ կապրե՜նք՝ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ մի տեղ…- նա շաղուած հայեացքով նայեց Արմէնին, եւ դէմքին գծագրուեց մի երանագին-երջանիկ ժպիտ։

Արմէնը նրան նստեցրեց մահճակալին, եւ դեռ չէր հասցրել ինքն էլ նստել, երբ Սարան սկսեց մոլեգին համբոյրներ տեղալ Արմէնի դէմքին ու կրծքին։ Ապա միանգամից թողեց նրան եւ, ասես տենդի մէջ, սկսեց արագ-արագ արձակել շորի կոճակներն ու բոլորովին մերկ՝ փռուեց մահճակալին։ Արմէնը մի պահ անակնկալի եկաւ՝ այդքան մօտիկ տեսնելով այն, ինչ թւում էր հեռաւոր ու անմատչելի։ Նա առաւ կանացի մարմնի խենթացնող բոյրը եւ հակուեց Սարայի վրայ, սակայն զգաց, որ անկարող է փոխադարձել նրա սէրը. իր եւ Սարայի միջեւ աներեւոյթ ստուերի պէս կանգնած է մահը…    

Եւ յանկարծ այնպիսի՛ ցնցող խղճահարութիւն տիրեց Արմէնին, որ թուլացած՝ նա ակամայ նստեց անկողնուն, Սարայի ոտքերի մօտ. խղճալի է ինքը, խղճալի է Սարան, խղճալի է սէրը, կեանքը, մահը, ամեն ինչ…

Արմէնը դէմքն առաւ ձեռքերի մէջ ու ճմլեց։

- Դէ, շո՛ւտ…- անհամբեր շշնջաց Սարան՝ աչքերը փակ։

Արմէնը նայեց՝ Սարայի կաթնահունց կուրծքը քնքշագին ուռչում, ելնում, ասես աննկատելի հասնում էր աստղերին ու կրկին իջնում, ասես վար  գլորւում մինչեւ անդնդի յատակը, եւ այդպէս շարունակ՝ անվերջ, հաւերժօրէն…

- Արմէ՞ն,- Սարան խայթուածի պէս յանկարծ վրայ նստեց ու կծկուեց անկողնում,- դու չես ուզում ինձ սիրե՞լ… Դու մտածում ես, թէ ես վա՞տն եմ՝ որ հիւանդ որդուս հիւանդանոցում թողած՝ մի պատահական տղամարդու հետ էսպէս զբաղուած եմ քէֆ անելո՞վ…- բորբոքուելով՝ նա սուր-ծակող ատելութեամբ նայեց Արմէնին։- Դու ոչինչ չես հասկանում, ոչի՛նչ… Իսկ ես կարծում էի, թէ դու ուրի՜շ ես… Արմէն, ես մահից վախենո՜ւմ եմ…- Սարան դէմքը սարսափահար առաւ ափերի մէջ։-  Փրկի՜ր ինձ, Արմէն, ես մահից շա՜տ եմ վախենում…- նա կրկին նետուեց դէպի Արմէնը եւ պինդ գրկելով նրան՝ սկսեց խղճալի հեծկլտոցով արտասուել…

- Չէ, Սարա, ես էդպիսի բան չեմ մտածում,- չքմեղացաւ Արմէնը՝ զարմանալով, որ այդ ամենին կարելի է տալ այդպիսի պարզ ձեւակերպում։-  Ես՝ ուղղակի…- նա գրկեց Սարային՝ զգալով, թէ ինչպէս է Սարան վախեցած թռչնի պէս դողդողում իր գրկում։ Սարայի դողը փոխանցուեց Արմէնին, եւ մի մրրկանման տենչանք ալեկոծեց Արմէնի ներսը։ Կարծես լեռնացող մի յորձանք միանգամից խորտակեց բոլոր պարիսպներն ու պատնէշները եւ առաւ նրան իր ամեհի շրջապտոյտի մէջ։ Արմէնը սկսեց հեւիհեւ համբուրել Սարային ու խմել նրա թաց արցունքները։ Սարան մի խորունկ հառաչ արձակեց ու հալուեց Արմէնի շոգ գրկի մէջ։ Արմէնը չկար, Սարան չկար, կար միայն մի հեռաւոր բանի համատարած շնչառութիւնը, որը գնալով ահագնանում էր, մինչեւ անձայն պայթեց ու հետզհետէ մարեց մի անդորր երանութեան մէջ…  

 

 

Դ 


Ինչ-որ ժամանակ Արմէնի ականջին հասաւ խուլ չխկոցների մի միալար աղմուկ, որ գալիս էր դրսից։ Արմէնը սրուեց, սակայն աղմուկը կտրուկ մարեց, եւ կրկին լռութիւն տիրեց։ Երեւի, կովը վիզը քսեց բանջարանոցի ցանկապատին՝ չխկացնելով շղթան։ Արմէնը նայեց՝ Սարան խաղաղ քնած էր, դէմքին՝ մի նուրբ, հազիւ նշմարելի ժպիտ։ Արմէնն զգուշօրէն շուռ եկաւ մէջքի։ Խոր հոգոց հանելով՝ ձեռքերը դրեց գլխի տակ։ Ներսն ամբողջովին դատարկ է։ Չկայ ոչ մի յոյզ, զգացում, միտք ու հոգս, եւ դա ամենածանրն է։ Կեանքը ցնդող ակնթարթների մի անվերջանալի բազմութիւն է, որն իր յետեւից թողնում է միայն մի անանց դատարկութիւն, ինչպէս թաղման ծէսից վերադարձող սգոյ թափօր… Ահա թէ ինչի՛ց էր իրականում ամբողջ ժամանակ վախենում։ Դատարկութիւնից։ Յիշեց նախընթաց գիշերը՝ սիրոյ, վախի, կրքի ու մահուան այդ տենդագին իրարանցումը։ Ասես դա ինչ-որ վիթխարի-անտես էակի կերակուրն է, որով այդ էակը սնւում է եւ երբեք չի կշտանում։ Հէնց որ նա յագենայ, ամեն ինչ կդառնայ աւելորդ ու միանգամից կվերանայ։ Չէ, ինքը չի ուզում լինել ինչ-որ մէկի կերակուրը։ Հարկաւոր է հեռանալ…

Անաղմուկ վեր կացաւ։ Ուտելիքով ու խմիչքով բեռնուած սեղանը համբերատար լռում էր ուշ գիշերային լոյսի մէջ։ Պահարանի գլխին պարտաճանաչ ջանասիրութեամբ տկտկում էր հին ժամացոյցը։ Հայեացքը սահեց Միշայի դէմքի վրայով, որ անփոփոխ տխրութեամբ նայում էր լուսանկարից, սակայն այդ ամենը կարծես արդէն հեռու էր եւ չէր վերաբերում իրեն։ Սարան թեթեւակի շարժուեց անկողնում եւ ընդունեց այնպիսի դիրք, ասես ամաչում էր իր մերկութիւնից։ Արմէնը վերմակով ծածկեց նրան մինչեւ կուրծքը։ Սարան քնի մէջ ժպտաց, սակայն չար