ՍԵՒԱԿ ԱՐԱՄԱԶԴ, «ՉՓԱԿՈՒՈՂ ՇՐՋԱՆ»
ԱՆՀՆԱՐԻՆԻ ԱՐՈՒԵՍՏԸ
Հայ բանաստեղծութեան գոհարները ռուս նշանաւոր բանաստեղծների թարգմանութեամբ վաղուց արդէն դարձել են սեփականութիւնը ռուս մշակոյթի, որի գագաթները մշտապէս «համաշխարհային համազգացումի» ամպերում են գտնւում:
1916 թ.՝ Հայաստանի համար ամենաողբերգական ժամանակաշրջանում, հէնց Ցեղասպանութեան օրերին, Մոսկուայում լոյս է տեսնում «Հայ բանաստեղծութիւնը հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը ռուս բանաստեղծների թարգմանութեամբ» ժողովածուն Վ. Բրիւսովի խմբագրութեամբ ու ներածական խօսքով, որտեղ նա ռուս լուսաւորուեալ հանրութեանն է ներկայացնում հայ գրականութիւնը՝ որպէս «Հայաստանի թանկարժէք աւանդը մարդկութեան ընդհանուր գանձարանում», որպէս «հայ ոգու իսկական յաղթանակը համաշխարհային պատմութեան մէջ»:
Բանաստեղծութիւնը ոչ բոլորին մատչելի շքեղութիւն է: Նրա գանձերը երբեմն թաղուած են կամ ջրասոյզ, սակայն ինչ-որ հրաշալի ձեւով նրանք յանկարծ յայտնաբերւում են եւ վերադառնում: Յաճախ՝ շնորհիւ բանաստեղծ-թարգմանիչների: Ռուս թարգմանութեան լեզուն այն օդային ուղիներից է, որ տանում է դէպի համաշխարհային ընթերցողը:
Հիանալի է, որ այսօր Հայաստանում գործում են տաղանդաւոր թարգմանիչներ, որոնք հայ բանաստեղծութեան լեզուից թարգմանում են ռուս բանաստեղծութեան լեզուի: Տուեալ պարագային խօսքը վերաբերում է խոր, ուժեղ, բնազանցական բանաստեղծ Սեւակ Արամազդի գրքին:
Նա գերմանագէտ է, ապրում եւ աշխատում է Գերմանիայում, որտեղ նրա հայկա-կան ինքնութիւնը հոգեւոր փորձառութեան միջոցով բնականօրէն հաղորդակից է համաշխարհային մշակութային, իմաստասիրական, կրօնական հոսանքներին: Սա մեծ, դժուարին փորձութիւնն է ճակատագրի եւ թոյլերի ու սնափառների համար չէ:
Սեւակ Արամազդի բանաստեղծութիւնը սնւում է վիպական ազդակներով, շարքից շարք շարժւում թռիչքներով ու շրջաններով՝ ստեղծելով իր քնարական-իմաստասիրական առասպելները՝ մագնիսական փոթորիկների յարակայուն էութիւններով ու ուժային դաշտերով, որոնք ուղղակի թէ անուղղակի ներազդում են մարդկային հոգիներին ու ճակատագրերին: Այդ բանաստեղծութեան մէջ ամեն ինչ բազմաշերտ է, ինչպէս ջրերի իսկական խորութեան ու թանձրութեան մէջ եւ ոչ ինչպէս հարթ հայելում: Այդտեղ ամեն քայլափոխին հանդիպում են բազում հասկացութիւններ ու ըմբռնումներ, որ տրուած են մեծատառերով եւ այդպիսի քանակութեամբ անսովոր են ռուս ընթերցողի համար (մի բան, որ յաճախ է հանդիպում կրօնական բանաստեղծութեան մէջ) սակայն տեղ ունեն արտասահմանեան գրականութեան մէջ:
Արտասահմանեան փորձառութեան մէջ յանգաւոր բանաստեղծութիւնը թարգմանւում է անյանգ բանաստեղծութեամբ: Այդպիսին չէ ռուս բանաստեղծական թարգմանութեան բարձրակարգ դպրոցը: Սեւակ Արամազդի թարգմանիչները յաղթահարել են աներեւակայելի աշխատանք՝ թարգմանելով մեծ, ոչ մէկին չնմանուող, բոլորովին ոչ համերգային բանաստեղծի: Այդպիսի բանաստեղծութեան ընթերցումը պահանջում է մտաւոր աշխատանք:
Յայտնի է, որ բանաստեղծութեան թարգմանութիւնը բոլոր իմաստային շեշտա-դրումներով ու նրբերանգներով, սկզբունքօրէն անհնար է: Սակայն եթէ հումորի որոշ զգացումով յիշենք այն տարածուած ճշմարտութիւնը, թէ «քաղաքականութիւնը հնարաւորի արուեստն է», ապա պէտք է ազնուաբար խոստովանել, որ բանաստեղծութիւնն էլ անհնարինի արուեստն է:
Եւ Սեւակ Արամազդի գիրքն այդպիսի բանաստեղծութիւն է եւ այդպիսի արուեստ:
ՅՈՒՆՆԱ ՄՕՐԻՑ
© Յուննա Մօրից
Վէպ
Գերմաներէն
«Պօպ Ֆերլագ Լուդվիգսբուրգ»
Լուդվիգսբուրգ 2021
Թարգմանութիւնը՝ ԼԵՒՈՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ
Նկարիչ՝ ՎԱՆ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
ԱՒԵԼԻՆ
Վէպ
ռուսերէն
«Վրեմեա» հրատարակչութիւն
Մոսկուա, 2019թ.
Թարգմանութիւնը՝ ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻ
Նկարիչ՝ ՎԱՆ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
ԱՒԵԼԻՆ